• am
  • ru
  • en
Версия для печати
19.11.2018

ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ

   

17 նոյեմբերի 2018թ.

Ես կխոսեմ ներկայիս նախընտրական գործընթացին վերաբերող երեք դրույթի, իսկ հետո՝ երկու գործընթացի մասին, որոնք հույժ կարևոր են լինելու Ազգային ժողովի կազմավորումից հետո։

Առաջին դրույթ. արդեն 25 տարի է, ինչ Հայաստանում կուսակցությունների միջև հիմնական ջրբաժանը աշխարհաքաղաքական է՝ ո՞ր աշխարհաքաղաքական բևեռին են հակված կուսակցությունները՝ արևմտյա՞ն, թե՞ ռուսական։ Հասարակական դիրքորոշումներում Ռուսաստան – Արևմուտք կողմնորոշումների հարաբերակցությունն է՝ 70։30:

Այդ տեսակետից «թավշյա հեղափոխության» ռազմավարությունը իմաստուն էր. կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսը ոտքի կանգնեցրեց և համախմբեց հասարակության երիտասարդ և ակտիվ հատվածին, իսկ ամենասկզբից և պարբերաբար հնչող բացատրությունը, որ հեղափոխությունը նպատակ չունի փոխելու Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, հետ պահեց շարժումը պառակտումից և քաղաքացիական ընդհարումներից։

Դրա մասին են վկայում սոցիոլոգիական գնահատականները՝ բուն զանգվածային շարժման մասնակիցների շարքում ռուսամետ և եվրոպամետ դիրքորոշումներ ունեցողների հարաբերակցությունն էր՝ 2։1 հօգուտ ռուսամետի, իսկ ոստիկանության հետ բախումների փորձ ունեցողների շրջանում՝ 6:5:

Երկրորդ դրույթ. Հայաստանի նկատմամբ Եվրոպայի նպատակաուղղված մշակութային քաղաքականության հետևանքով առաջացել և խորանում է երկրորդ ջրբաժանը՝ «ազգային պահպանողականություն և լիբերտինիզմ» (չշփոթել «լիբերալիզմի» հետ, լիբերտինիզմը փիլիսոփայական ուղղություն է, որը ժխտում է ցանկացած հասարակական նորմ և արժեհամակարգ)։ Այստեղ հարաբերակցությունը 98։2 է՝ հօգուտ ազգային պահպանողականության։ Սակայն, եթե հաշվի առնենք, որ եվրոպական մշակութային քաղաքականության հիմնական թիրախն անչափահասներն են, ապա մոտ ապագայում իրավիճակը կարող է արագորեն և էապես փոխվել։ Սա կարող է վերածվել ընտրապայքարի տարրի։

Երրորդ դրույթ. Հայաստանի քաղաքական գաղափարախոսությունների դաշտում փաստորեն բացակայում է իսկական գաղափարական ջրբաժանը՝ տնտեսակարգի վերաբերյալ հարցը կամ՝ արտադրության միջոցների նկատմամբ սեփականության հարցը։ Սա է իրականությունը՝ անկախ այն բանից, թե Հայաստանում ինչպես են իրենք իրենց նույնականացնում կուսակցությունները։

Հայաստանում «մաքուր սոցիալիստական» ընտրազանգվածը կազմում է 72%, «մաքուր լիբերալ» հատվածը՝ 8%, մնացած 20%-ը միջանկյալ դիրք է գրավում։ Ընդ որում՝ Հայաստանի արդյունաբերությունում պետական մասնաբաժնի ավելացման կողմնակիցների և մասնավոր սեկտորի կողմնակիցների հարաբերակցությունն է 92:8՝ հօգուտ պետական սեփականության կողմնակիցների։

Աշխատանքի միջոցների նկատմամբ սեփականության ձևերի մասին կուսակցական դիրքորոշումների բացակայությունը կամ, ավելի ճիշտ՝ լուռ համաձայնությունն այն հիմնական պատճառն է, որի հետևանքով Հայաստանում կուսակցական համակարգը և դրա բոլոր «գաղափարախոսությունները» չեն համապատասխանում լայն հասարակության սպասելիքներին։ Այս պայմաններում կուսակցական ամբողջ համակարգի կարևորագույն բնութագիրն է դառնում պոպուլիզմը՝ բոլոր կուսակցությունները գիտեն, թե որոնք են մակերեսում գտնվող հասարակական խնդիրները՝ գործազրկություն, ցածր աշխատավարձ, ցածր թոշակ, առողջապահության ֆինանսական անմատչելիություն, և շահագործում են այդ դրույթները։

Սակայն ոչ մի կուսակցություն չունի հստակ և հասկանալի պատասխան, թե ինչպես է լուծելու այդ խնդիրները։ Բոլոր պատասխանները կարող ենք ընդհանրացնել հայտնի «12 աթոռ» վեպի կարգախոսով՝ «Խեղդվողների փրկության գործը հենց իրենց՝ խեղդվողների գործն է»։ Քաղաքական գաղափարախոսությունների տերմիններով դա հնչում է այսպես՝ «Մենք կստեղծենք պայմաններ փոքր բիզնեսի զարգացման համար։ Ժողովո՛ւրդ, գնացեք և ինքներդ Ձեզ համար աշխատատեղեր ստեղծեք»։ Կարգախոսն ունի չբարձրաձայնվող շարունակություն. «…կամ, եթե չեք կարող, ապա ընդմիշտ գնացեք»։ Ինչը և տեղի է ունենում։

Այժմ՝ Հայաստանում քաղաքական գործընթացների ապագա զարգացումների և դրանց հետ կապված ռիսկերի մասին։ Առաջինը ռուսական ռազմակայանի և ՀԱՊԿ-ի շուրջ զարգացումներն են, երկրորդը՝ տնտեսական զարգացման տեմպերը։

Ռուսական ռազմակայանը թուրքական վտանգից Հայաստանի պաշտպանվածության երաշխիքի սիմվոլն է։ Հայ – ռուսական ռազմական պայմանագրերը դրա մարմնավորումն են, ՀԱՊԿ-ը` դրա արդի լայն համատեքստը, իսկ ԵԱՏՄ-ն` տնտեսական ընդլայնումը։ Ռազմակայանի տեղեկատվական տորպեդահարումը շղթայական կերպով կկազմալուծի այդ համակարգերը։

Իսկ ի՞նչ տեղի կունենա։ Չեմ անդրադառնա թուրքական ռազմական ագրեսիայի իրականացման հավանականությանը։ Դրա մասին թող խոսեն գեներալները (սակայն ոչ վաշտի հրամանատարները): Կխոսեմ այդ գործընթացի հետ շաղկապված հետևանքների մասին։

Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանում անընդհատ աճել է հասարակության կողմից նոր պատերազմի սկսվելու վտանգի զգացողությունը։ Այն շատ բարձր է։ Մաթեմատիկական վերլուծությունը ցույց է տալիս, որ որքան բարձր է այդ վտանգի զգացողությունը, այնքան բարձր է Հայաստանից ընդմիշտ հեռանալու դիրքորոշումը։ Այդ ազդեցությունը շատ հզոր է։ Մյուս կողմից, Հայաստանի հասարակության 82%-ը համարում է, որ պատերազմի դեպքում Հայաստանն ավելի պաշտպանված կլինի, եթե դաշնակցի Ռուսաստանի հետ, այլ ոչ թե Եվրոպայի և ԱՄՆ-ի։

Այսինքն՝ նրանք, ովքեր զբաղված են ռուսական ռազմակայանի դեմ տեղեկատվական հարձակումներով, պետք է հստակ գիտակցեն, որ իրականացնում են թուրքական վաղեմի երազանքը՝ հայաթափել Հայաստանը։

Եթե ռուսական ռազմակայանի և ՀԱՊԿ-ի դեմ արշավանքները հաջողվեն, ապա չեն բացառվում հակազդեցությունները, որոնք կխաթարեն Հայաստանի տնտեսական անվտանգությունը։ Չպետք է մոռանալ, որ Հայաստանի յուրաքանչյուր 5-րդ ընտանիքի՝ ավելի քան 500,000 մարդու ապրուստի հիմնական միջոցն են Ռուսաստանում աշխատանքային միգրանտի դրամական փոխանցումները։ Այդ փողերը՝ ավելի քան $1.5 մլրդ, նաև հայկական դրամի կայունության կարևորագույն բազան և Հայաստանի ՀՆԱ 13%-ն են կազմում։ Հայաստանի բնակչության 36%-ը կազմող գյուղացիության և մշակող արդյունաբերության զգալի հատվածի արտաքին շուկան Ռուսաստանն է, Հայկական ատոմակայանի աշխատանքի շարունականության և նոր ատոմակայանի կառուցման երաշխիքը Ռուսաստանն է։ Այս հետևանքները վերաբերում են հետընտրական երկրորդ գործընթացին, որի մասին ցանկանում եմ խոսել։

Տնտեսական վիճակի մասին. վերջին 20 տարիների տնտեսական և սոցիոլոգիական ցուցանիշների հիման վրա կատարված հաշվարկները ցույց են տվել, որ Հայաստանի հասարակության լայն շրջանակները զգում են իրենց տնտեսական վիճակի բարելավումը, եթե ՀՆԱ տարեկան հավելաճը 10%-ի կարգի է։ Մինչև 5-6% կարգի հավելաճը մարդիկ, ըստ էության, չեն զգում։ Նրանք միայն մի քանի տարի անց՝ հետահայաց են ընկալում, որ իրենց տնտեսական վիճակն իրոք բարելավվել է։

Մյուս կողմից՝ պրակտիկ քաղաքագիտությունից հայտնի է, որ հետհեղափոխական շրջանում տնտեսական աճ չի գրանցվում, ընդհակառակը՝ օրինաչափություն է տնտեսական անկումը։ Բարելավումները, եթե տեղի են ունենում, ապա տարիներ անց։ Հետևաբար, կա նշանակալի հավանականություն, որ տեղի է ունենալու հեղափոխական զանգվածի ֆրուստրացիա։ Հետևաբար, նոր իշխանությանը փող է անհրաժեշտ լինելու։ Հայաստանի վարչապետն աջակցության ակնկալիքով դիմել է Եվրոպական միությանը և ԱՄՆ-ին: Ստացված պատասխանների ընդհանրացումը հետևյալն է. «Եթե կոռուպցիան և ժողովրդավարության պակասն էին տնտեսական զարգացման խոչընդոտը, ապա, ըստ Ձեզ՝ առաջինը հաղթահարված է, երկրորդը՝ հաստատված։ Գնացե՛ք և զարգացե՛ք։ Փո՛ղ չի լինելու»։

Այնուամենայնիվ, չի բացառվում, որ փող կլինի, սակայն՝ Հայաստանի, հայ ժողովրդի և Հայաստանի իշխանությունների համար շատ ծանր և անընդունելի պայմաններով։ Հայաստանում ԱՄՆ դեսպանի հրաժեշտի ուղերձը կարելի է մեկնաբանել նաև այս համատեքստում։

Այսպիսով՝ հանգում ենք Հայաստանի պետական ինքնիշխանության հարցին։ Չխորանալով տնտեսակարգի վերաբերյալ խնդիրներում, որոնց կանդրադառնանք հետագայում, նշենք, որ, վերջին հաշվով, պետությունն իր ֆունկցիաներն իրականացնում է պետական բյուջեի միջոցով, որն այսօր խիստ անբավարար է Հայաստանի տնտեսական զարգացումը խթանելու և սոցիալական խնդիրները բավարար չափով լուծելու համար։

Այս համատեքստում, հաշվի առնելով տնտեսակարգի վերաբերյալ հասարակության վերը նշված դիրքորոշումները, հիշենք, որ Հայաստանի նոր Սահմանադրության 1995թ. խմբագրությամբ 8-րդ հոդվածի 3-րդ կետում գրված էր. «Պետությունը երաշխավորում է սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացումը և հավասար իրավական պաշտպանությունը, տնտեսական գործունեության ազատությունը, ազատ տնտեսական մրցակցությունը»: Մեր Սահմանադրության ավելի քան 20-ամյա՝ է՛լ ավելի ժողովրդավարացման ընթացքում այս կետն անհետացել է։

Այն պետք է վերականգնել և դրա հիման վրա զարգացնել արտադրության միջոցների նկատմամբ սեփականության այլ ձևերը՝ պետական, համայնքային, բաժնետիրական, որոնք համապատասխանում են Հայաստանի հասարակության լայն շրջանակների ցանկություններին։ Այդ գործընթացի սկիզբը կկատարի անցումային շրջանում նոր իշխանության նկատմամբ ժողովրդի վստահության պահպանման և բարձրացման ֆունկցիան։

Իսկ եթե կոռուպցիան իրոք հաղթահարված է, ապա պետական բյուջեի համար պետական ձեռնարկությունների արդյունավետությունը նշանակալիորեն ավելի բարձր կլինի, քան համանման մասնավորինը։ Պետք է սկսել զանգվածային սպառման մթերքի, դեղորայքի և բենզինի ներկրման, ինչպես նաև գյուղմթերքի արտահանման պետական կորպորացիաների ստեղծումից։

Առանց դրա մեր պետությունը և իշխանությունները միշտ կախված կլինեն նրանցից, ովքեր փող ունեն՝ օլիգարխներից, գերտերություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր