• am
  • ru
  • en
Версия для печати
11.07.2018

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Руский

   


Սամվել Մանուկյան
, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ

Զեկուցում «Հայաստան—Ռուսաստան ռազմավարական դաշինք.
 իրողություններ և արդի մարտահրավերներ» «ուղեղային գրոհի» ժամանակ
7 հուլիսի 2018 թ., ք.Երևան, Հայաստան,
«Մետրոպոլ» հյուրանոցի համաժողովների դահլիճ

Հայաստանի հասարակությունում Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումների հարցն իր ադեկվատ նշանակությունն է ստանում երկու պայմանով։ Նախ, եթե հայերի ինքնանույնականացման պահպանումը սահմանվի որպես բարձրագույն արժեք։ Եվ, երկրորդը, երբ առաջանում է ինքնանույնականացման պահպանման ադեկվատ ուղիների մշակման խնդիրը։

Այդ խնդրի լուծման առավել արդյունավետ տեսական հիմքը աշխարհ-համակարգային վերլուծությունն է։ Աշխարհամակարգային վերլուծությունը, որի հիմնադիրներն են Ֆերնան Բրոդելը, Իմանուիլ Վալլերստայնը և այլ ականավոր սոցիոլոգներ և տնտեսագետներ, դեռևս 40 տարի առաջ կանխատեսել է արդի իրողությունները։ Տեսությունը պնդում է, որ աշխարհամակարգի հեգեմոնի փոփոխությունը միշտ ուղեկցվում է աշխարհակարգի և գլոբալ տնտեսական համակարգի կազմալուծմամբ, ինչպես նաև պատերազմների քանակի և ինտենսիվության աճով, որոնք վերաճում են համաշխարհային պատերազմի։ Համաձայն այդ տեսության, աշխարհամակարգում հեգեմոնի վերջին փոփոխությունը սկսվել է դեռևս 1990-ականներին, երբ, թվում էր, թե եկել է ԱՄՆ անժխտելի հեգեմոնիայի ժամանակաշրջանը։ Հետևաբար, պատերազմների քանակի և ինտենսիվության աճը արդի ժամանակաշրջանին ներհատուկ բնութագիր է։

Աշխարհամակարգային տեսությունը հեգեմոնի փոփոխության մեխանիզմը նկարագրում է ոչ գծային դինամիկ համակարգերի տեսության շրջանակում, որը հասարակագիտական շրջանակներում առավել հայտնի է «քաոսի տեսություն» անվամբ։ Տեսության ակունքներում են ռուսաստանյան ծագումով բելգիացի գիտնական, Նոբելյան մրցանակակիր Իլյա Պրիգոժինի աշխատանքները։ Տեսությունը խորհրդային գիտնականներին հայտնի է դեռ 1986 թ.-ից, երբ լույս տեսավ նրա և գիտության փիլիսոփայության հայտնի ներկայացուցիչ Իզաբելլա Ստենգերսի «Порядок из хаоса. Новый диалог человека и природы» մենագրությունը։ Տեսության նոր, ոչ տրիվիալ և արդյունավետ գաղափարները արագորեն փոխառվեցին և զար­գացվեցին սոցիալական գիտություններում։ Իսկ այնպիսի հասկացությունները, ինչպիսիք են ոչ գծային դինամիկ պրոցեսներ, դիսիպատիվ պրոցեսներ, բիֆուրկացիա, ատրակտորներ, սոցիալական գիտություններում ստացան իրենց յուրահատուկ բովանդակությունը և արդեն ավելի քան երկու տասնամյակ է լայնորեն կիրառվում են։

Մյուս կողմից, քաոսի տեսությունը որպես ընդհանուր, իսկ սոցիալական կոնստրուկցիոնիզմը՝ որպես հատուկ տեսություն, կիրառվում են արդի հիբրիդային պատերազմներում անհատի, հասարակության և ազգային գիտակցության փոխակերպման նպատակով, քանի որ հակառակորդի գիտակցության համապատասխան փոխակերպումը նշանակալիորեն նվազեցնում է պատերազմի նպատակներին հասնելու ծախսերը։

Ազգային գիտակցության միջուկն է՝ «Աշխարհի կերպարը», որն ունի մի քանի, այդ թվում նաև՝ պաշտպանողական ֆունկցիա։ Ազգի «Աշխարհի կերպարի» բովանդակության փոխակերպումը իրականությանը ոչ ադեկվատ բովանդակությամբ նվազեցնում է ազգի դիմադրողականությունը, ինչի հետևանքով ազգը կարող է աղետի ենթարկվել։ Տվյալ ազգի «Աշխարհի կերպարում» առանձնահատուկ դեր ունի «Հովանավորի» կերպարը, որը, ազգի՝ իր իսկ մասին պատկերացման հետ, կազմավորում է աշխարհում «Բարու աղբյուրը»։

Մի քանի հարյուրամյակ, երբ Հայաստանը գտնվում էր իսլամական կայսրությունների կազմում, «հովանավորի կերպարի» բովանդակությունն էր՝ «Բարձրյալը»։ Սակայն, XVIII դարից, երբ հայկական վերնախավերը, ազատվելու համար իսլամական տիրապետությունից, սկսեցին փնտրել հզոր քրիստոնյա հովանավոր՝ իրավիճակը սկսեց փոխվել։ Ընտրությունը սահմանափակ էր, հովանավոր կարող էր դառնալ կամ` որևէ Եվրոպական պետություն, կամ` Ռուսաստանը։ Ստացվեց այնպես, որ իսլամական լծից հայերին և Հայաստանի մի մասը ազատագրեց Ռուսաստանը։ Այդ փաստը և Արևմտյան Հայաստանի հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում, նպաստեցին, որպեսզի հայերի «Աշխարհի կերպարում» Ռուսաստանը աստիճանաբար ձևավորի «Հովանավորի» կերպարի բովանդակությունը։ Հետագայում, երբ ազգի համար կրիտիկական ժամանակներում հայկական վերնախավերը հաշվի չեն առել այդ հանգամանքը, ապա ազգը տարել են աղետի, ինչն էլ ավելի է ամրապնդել է հայերի շրջանում Ռուսաստանի, որպես «Հովանավորի» ընկալումը։ Այս կոնտեքստում հարկ է ընդգծել, որ արդի հայկական պետությունները Պատմական Հայաստանի այն հատվածում են, որը գտնվել է ռուսական հովանու ներքո։

Այժմ արդի ժամանակի մասին։ Գլոբալ մրցակցության կոնտեքստում ԱՄՆ-ը ձգտում է Հարավային Կովկասից արտամղել Ռուսաստանին և, այդ տեսակետից, հասել է անժխտելի հաջողությունների։ Ռուսաստանի վերջին հենակետը Հայաստանն է, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի ռազմական բազաները։ Հաշվի առնելով վերը նշվածը, ստացվում է, որ ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասի նվաճման վերջին խոչընդոտն այն, որ հայերի աշխարհի կերպարում Ռուսաստանը «Հովանավորի» կարգավիճակում է։ Այդ պատճառով է, որ այդ բովանդակության խարխլումը և փոխակերպումը դարձել է այն հանգուցային խնդիրը, որի լուծմանն են ուղղված ԱՄՆ փափուկ ուժի բոլոր միջոցները։

Սոցիոլոգիական ձևակերպմամբ հայերի աշխարհի կերպարում Ռուսաստանի փաստացի դերը և դրա դինամիկան գնահատվում է հասարակական գիտակցությունում Ռուսաստանի, այլ երկրների և քաղաքակրթական տարածքների նկատմամբ դիրքորոշումների չափման միջոցով։ Դիրքորոշումները չափվում են տարբեր ասպեկտներով և մեթոդիկաներով։ Սակայն հարկ է հիշել, որ, հոգեբանական պատերազմի շրջանակներում, պարբերաբար հայտնվում են միտումնավոր շեղումներ պարունակող տվյալներ, որոնք ինտենսիվորեն տարածվում են զանգվածային կոմունիկացիայի միջոցներով։ Այդ պատճառով, նախքան դրանց հիման վրա հետևություններ կատարելը, կարևոր է սոցիոլոգիական տվյալների սկզբնաղբյուրների նույնականացման և տվյալների ստացման մեթոդիկաների պրոֆեսիոնալ գնահատականը։

Այժմ՝ Ռուսաստանի նկատմամբ հայերի դիրքորոշումների վիճակի, դինամիկայի և կառուցվածքի մասին։ 2011-2017 թթ. ընթացքում համահայկական «Կյանքի որակը Հայաստանում» սոցիոլոգիական հետազոտություններում հարց է տրվել. «Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք հետևյալ դրույթի հետ. գերադասելի է, որ Հայաստանը իր հարաբերությունները զարգացնի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպայի հետ:» 2011 թ.-ին դրույթի հետ համաձայն էր հարցվածների 74.3%-ը, իսկ 2017 թ. հունվարին՝ 69.3%-ը։ Վեց տարվա ընթացքում պրոռուսական դիրքորոշումը նվազել է 5.0%-ով։

Հայտնի է, որ պրոեվրոպական դիրքորոշման մակարդակը համեմատաբար ավելի բարձր է երիտասարդների շրջանում և Երևանում։ Մասնավորապես, Երևանում՝ գյուղերի համեմատ՝ 17%-ով, 18-29 տարեկանների շրջանում՝ 60 և ավելի տարեկանների համեմատ՝ 14%-ով։ Սակայն, նվազ հայտնի է, այն, որ վերջին հինգ տարիների ընթացքում պրոեվրոպական դիրքորոշումների մակարդակն աճել է համարյա բոլոր սոցիալ-ժողովրդագրական խմբերում։ Ինչը նշանակում է, որ նվազումը կրել է համակարգային բնույթ։ Ամենանշանակալի աճը տեղի է ունեցել մարզային քաղաքներում, որտեղ առավել ինտենսիվ են գործում միջազգային կազմակերպությունների աջակցություն ստացող հասարակական կազմակերպությունները, և 60-ից բարձր տարիքի անձանց շրջանում՝ ովքեր առավել ինտենսիվ են հեռուստացույց դիտում։

Պրոեվրոպական դիրքորոշումներ ունեցող հասարակական շերտը բնութագրվում է համեմատաբար ավելի բարձր սոցիալական ակտիվությամբ և կազմակերպվածությամբ։ Ընդ որում, եթե հասարակական կազմակերպությունների անդամների շրջա­նում պրոեվրոպական դիրքորոշումները 5%-ով են ավելի բարձր, քան հասարակական կազմակերպություններին չանդամակց անձանց շրջանում, ապա քաղաքացիական շարժումների մասնակիցների շրջանում՝ պրոեվրոպական դիրքորոշումն ավելի բարձր է 20%-ով, այսինքն՝ չորս անգամ ավելի։ Ավելացնենք, որ 2017 թ.-ին հասարակական կազմակերպությունների անդամ էր Հայաստանի չափահաս բնակչության 3.5%-ը, իսկ մասնակցել էր որևէ քաղաքացիական շարժման՝ 10.5%-ը կամ՝ շուրջ 220,000 մարդ։

Այժմ մի քանի նկատառում քաղաքացիական լոյալության, քաղաքացիական շարժումների, կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումների, պրոռուսական դիրքորոշումների և Հայաստանում թավշյա հեղափոխության միջև կապերի մասին։

Հայաստանում սկսած 1992 թ.-ից, բացի 1998-1999 թվականները, իշխանությունների նկատմամբ հասարակու­թյան լոյալությունը եղել է շատ ցածր։ 2017 թ. հունվարին Հայաստանում իշխանությունների նկատմամբ ոչ լոյալ բնակչության թվաքանակը, այսինքն նրանց, ովքեր համարում են, որ Հայաստանն ընթանում է սխալ ուղղությամբ, կազմել է Հայաստանի չափահաս բնակչության 69%-ը։ Լոյալ էր, այսինքն համարում էր, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ուղղությամբ՝ ընդամենը 18%-ը։ Իսկ 13%-ը դժվարացել էր պատասխանել։ Սակայն, այդ 69% ոչ լոյալ բնակչությունից ընդամենը 16%-ն էր համարում, որ Հայաստանը պետք է առաջին հերթին իր հարաբերությունները զարգացնի Եվրոպայի հետ, իսկ 48%ը, այսինքն՝ 3 անգամ ավելին, համարում էր, որ Հայաստանն առաջին հերթին հարաբերությունները պետք է զարգացնի Ռուսաստանի հետ։

Դիտենք հասարակության առավել ակտիվ՝ 18-45 տարեկանների շերտը։ 2017 թ.-ին Հայաստանում 18-45 տարեկանների փաստացի քանակը՝ հեղինակային գնահատմամբ, կազմել է շուրջ 827,000 մարդ, որոնցից շուրջ 540,000-ն ունեցել է պրոռուսական, իսկ շուրջ 220,000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշում։ Ընդ որում, իշխանություններին ոչ լոյալ 18-45 տարեկան բնակչության կազմում, քաղաքացիական անհնազանդության փորձ ունե­ցողները կազմել են շուրջ 161,000, որոնցից 80,000-ը պրոռուսական, իսկ 67,000-ը՝ պրոեվրոպական դիրքորոշմամբ։ Տարիքային ավելի փոքր միջակայքերում այդ հարաբերակցությունն ուներ նույնպիսի բնույթ։ 18-24 տարեկանների շրջանում պրոռուսական դիրքորոշում ուներ 22,000, իսկ պրոեվրոպական՝ 18,000 մարդ; 25-29 տարեկանների շրջանում՝ պրոռուսական՝ 24,000, պրոեվրոպական՝ 23,000 մարդ; 30-45 տարեկանների շրջանում՝ պրոռուսական 33,000, պրոեվրոպական՝ 26,000 մարդ։

Բացի դրանից, քաղաքացիական անհնազանդության տարբեր ձևերն ընդունելի համարող 18-45 տարեկան անձանց շրջանում, պրոռուսական դիրքորոշմամբ անձինք կրկնակի շատ էին։ Օրինակ, 18-45 տա­րեկան ոչ լոյալ պրոռուսական կողմնորոշմամբ անձանց շրջանում ուժային կառույցներին դիմադրելը ընդունելի էին համարում շուրջ 430,000 մարդ, իսկ նույն, սակայն պրոեվրոպական դիրքորոշմամբ շերտում՝ շուրջ 205,000։

Նկարագրված կառուցվածքը ցույց է տալիս, որ 2018 թ. ապրիլի թավշյա հեղափոխության ընթացքում, Հայաստանի պրոռուսական և պրոեվրոպական կողմնորոշման հարցի ակտուալացումը ոչ միայն ներքին կոնֆլիկտ կառաջացներ մասնակիցների շրջանում, այլև կարող էր գաղափարապես մասնատել շարժումը երկու անհավասար հատվածի և, համապատասխան պայմանների դեպքում, առաջացնել անկանխատեսելի կոնֆլիկտային սցենարներ։

Իսկ կոռուպցիայի խնդրի ակտուալացումն ուներ հասարակական դժգոհությանը կոնկրետ բովանդակություն տալու, այն կոնսոլիդացնելու ն էներգետիզացնելու հզոր պոտենցիալ, սակայն չուներ շարժմանը ներքին կոնֆլիկտ հաղորդելու պոտենցիալ։ Այսպես, 18-45 տարեկան ոչ լոյալ բնակչության 48%-ը կամ շուրջ 565,000 մարդ, անհանդուրժող էր կոռուպցիայի նկատմամբ՝ նրանք համարում էին, որ. «Կաշառակերությունը չարիք է և այն պետք է վերացնել»։ Նույն շերտում շուրջ 100,000 մարդ կոռուպցիային վերաբերվում էր որպես գործիք՝ նպատակներին հասնելու համար, երբ չկան այլ մեթոդներ, իսկ շուրջ 157,000 մարդ համարում էր, որ մեր հասարակությունում կոռուպցիան նորմա է։ այնուամենայնիվ, դժվար է պատկերացնել, որ այս երկու խմբում կարող էր առաջանալ շարժում՝ «Հանուն կոռուպցիայի պաշտպանության»։

Այսպիսով, ակնհայտ է, որ կոռուպցիայի նկատմամբ դիրքորոշումները և աշխարհաքաղաքական կողմնորոշումները հակադիր կերպով էին ստրուկտուրավորում հասարակական դժգոհությունը։

Ընդհանրացնենք ներկայացվածը՝ հետագա համապատասխան վերլուծություններում և կանխատեսումներում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ էթնիկ կոնս­տանտների բովանդակությունը փոխվում է շատ դանդաղ, շատ ավելի դանդաղ, քան քաղաքական պրոցեսների պարբերություններ են։ Հետևաբար, Հայաստանի հասարակությունում պրոռուսական կողմնորոշումը դեռևս շատ երկար ժամանակ հասարակական և քաղաքական պրոցեսների վրա կունենա բացահայտ և լատենտ հզոր ազդեցություն։ Անզգուշությունն այս հարցում հղի է հզոր ցնցումներով։

http://soyuzinfo.am/hy/2018/07/5559/



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր