
ՍՈՑԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊՐՈԲԼԵՄԱՏԻԿԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Սամել Մանուկյան
Սոց. գ.թ., «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ
Զեկուցում՝ կարդացված «ԵԱՏՄ երեք տարին. ձեռքբերումներ և հեռանկարներ» գիտաժողովում, Եվրասիական փորձագիտական ակումբի ամենամյա նիստի շրջանակներում (23 դեկտեմբերի 2017թ., Երևան, «Մետրոպոլ» հյուրանոցի կոնֆերանս-դահլիճում)
Զարգացման եվրասիական բանկի կողմից 2012-17թթ. իրականացվող՝ «Ինտեգրացիոն բարոմետր» անունը կրող հետազոտությունների տվյալները թույլ են տալիս յուրաքանչյուր տարվա համար ներկայացնել Եվրասիական տնտեսական միության հանդեպ հասարակության դիրքորոշումները միության անդամ երկրներում, ինչպես նաև ԱՊՀ մյուս երկրներում, մասնավորապես՝ Մոլդովայում, Վրաստանում, Ուկրաինայում, Թուրքմենստանում, Տաջիկստանում և Ադրբեջանում։ Այդ հետազոտությունների տվյալներով կազմավորված ժամանակային շարքերը, մի շարք այլ աղբյուրներից ստացված տվյալների հետ միասին, թույլ են տալիս վերհանել ինչպես այդ կողմնորոշումների փոփոխությունների միտումները, այնպես էլ հիմնավորված պատկերացումներ կազմել այդ փոփոխությունները պայմանավորող գործոնների մասին։
Օրինակ, 2013թ., երբ Հայաստանը մտավ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Մաքսային միություն, այդ միությանն անդամակցելու դիրքորոշումները, 2012թ. համեմատ, աճեցին՝ 61-ից հասնելով 67%-ի։ Սակայն 2014-16թթ. ընթացքում դրանք անշեղորեն նվազել են՝ կազմելով 64, 56 և 46%։ Նվազումը երեք տարում կազմել է 21%։ Սա բավական մեծ նվազում է։ Թեև այս տարի՝ 2017-ին, դրական դիրքորոշումներն աճել են մինչև 50%, սակայն 2013թ. ցուցանիշի առավելագույն արժեքի համեմատ դրանք ցածր են 17%-ով։
Ի՞նչ կարելի է ասել այս միտումների հիման վրա։ Ի՞նչ գործոններ են ազդում այդ կողմնորոշումների վրա և ի՞նչ է հետևում դրանից։
Եթե համեմատելու լինենք Եվրասիական տնտեսական միության հանդեպ Հայաստանում առկա դրական կողմնորոշումները Ռուսաստանից Հայաստան կատարվող մասնավոր դրամական փոխանցումների մակարդակի հետ, ապա ակնհայտ է դառնում, որ մասնավոր փոխանցումները այդ կողմնորոշումները պայմանավորող շատ հզոր, անմիջական և արագ ազդեցություն ունեցող գործոն են։ Նման գործոնները կոչվում են էլաստիկ։ Ամեն տարի դրամական փոխանցումների աճը կամ նվազումը նախորդ տարվա համեմատ հանգեցրել է ԵԱՏՄ-ի հանդեպ դրական կողմնորոշումների աճին կամ նվազմանը այդ նույն տարում։
Այսպես, 2012թ. Ռուսաստանից Հայաստան ուղարկված դրամական փոխանցումները կազմել են $1,64 մլրդ, իսկ 2013-ին՝ 1,73 մլրդ։ Այդ ցուցանիշի աճը $100 մլն-ով կամ 5%-ով հանգեցրել է դրական կողմնորոշումների 6% աճի։ 2014-ին ԱՄՆ-ը և ԵՄ-ը անօրինական և աստիճանաբար սաստկացող տնտեսական պատժամիջոցներ կիրառեցին Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանի տնտեսության վատթարացումը հանգեցրեց թե՛ բնակչության, թե՛ բիզնեսի եկամուտների կրճատմանը։ Կրճատվեցին նաև շինարարության ծավալները։ Իսկ Հայաստանից Ռուսաստան մեկնած աշխատանքային միգրանտները, որոնք կազմում են տարեկան մոտ 180 հազ. մարդ և ներկայացնում են Հայաստանի ընտանիքների 21%-ը, հիմնականում զբաղված են շինարարության, իսկ զգալիորեն փոքր հատվածը՝ ծառայությունների, այդ թվում և առևտրի ոլորտում։
2014թ. Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումները կրճատվեցին մինչև $1,55 մլրդ-ի (այսինքն՝ նախորդ տարվա համեմատ 10%-ով), 2015-ին՝ մինչև 1,01 մլրդ-ի (այսինքն՝ նախորդ տարվա համեմատ ևս 35%-ով), իսկ 2016թ.՝ մինչև 0,9 մլրդ-ի (այսինքն՝ ևս 11%-ով նախորդ տարվա համեմատ)։
2017թ. Ռուսաստանի տնտեսությունը հարմարվեց տնտեսական պատժամիջոցներին, աշխուժացավ և սկսեց զարգանալ։ Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների աճը 2017թ. հունվար-դեկտեմբերին, 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ, կազմեց 16%։ Արդյունքը սպասել չտվեց։ Ինչպես արդեն նշեցինք, ԵԱՏՄ-ի հանդեպ դրական կողմնորոշումների մակարդակը աճեց 4%-ով։
Մաթեմատիկական մոդելի հիման վրա իրականացված հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների աճը $100 մլն-ով միջին հաշվով բարձրացնում է դրական վերաբերմունքը ԵԱՏՄ-ի հանդեպ մոտավորապես 0.5%-ով։
Մյուս կողմից՝ մոդելը հուշում է, որ եթե անգամ Ռուսաստանից Հայաստան կատարվող դրամական փոխանցումները հասնեն զրոյի, ապա բնակչության մոտ 40%-ը դրականորեն կվերաբերվի ԵԱՏՄ-ին։ Երկրորդ՝ դրամական փոխանցումները չեն կարող անվերջ աճել, քանի որ ստորին տնտեսական նիշաներում, որտեղ աշխատում են աշխատանքային միգրանտները, եկամուտները ցածր են։ Մյուս կողմից՝ չի կարող ողջ աշխատավոր Հայաստանն ամռանը վաստակելու մեկնել Ռուսաստան։ Յուրաքանչյուր տնտեսական իրավիճակ ունի իր հնարավորությունների բանական սահմանը։
Սակայն ակնհայտ է, որ ԵԱՏՄ-ի հանդեպ վերաբերմունքը չի պայմանավորվում լոկ մեկ գործոնով։ Հետևաբար, կան հասարակության լայն շերտեր, որոնց համար աշխատանքային միգրանտների դրամական փոխանցումների ոչ աճը, ոչ էլ նվազումը չեն ազդում ԵԱՏՄ-ի հանդեպ նրանց դրական կամ բացասական վերաբերմունքի վրա։ Ուստի, հարցեր են առաջանում. նախ՝ ովքե՞ր են նրանք՝ այդ մարդիկ, ինչի՞ց է կախված նրանց վերաբերմունքը ԵԱՏՄ-ի հանդեպ և ինչպիսի՞ն է այդ վերաբերմունքի դինամիկան։
Այսինքն, եթե մոդելն ավելի լայն մեկնաբանենք, ապա այն կմատնանշի մի քանի կարևոր սոցիոլոգիական խնդիր։
Նախ՝ մոդելը նկարագրում է ԵԱՏՄ-ի հանդեպ վերաբերմունքի կախվածությունը բնակչության այս կամ այն հատվածների տնտեսական օգուտներից, որոնց համար կարևոր են Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումները։ Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնց ներկայացուցիչները Ռուսաստանում աշխատում են ստորին տնտեսական օղակներում։ Մյուս կողմից՝ կարելի էր ենթադրել, որ գյուղատնտեսական ապրանքների ռուսաստանյան շուկայի բացումը հայ արտադրողների համար էապես ազդում է բնակչության լայն շերտերի կողմնորոշումների վրա։ Սակայն բացատրությունն ունի բավական ծանրակշիռ առարկություն։ Գյուղատնտեսական արտադրանքի անմիջական արտահանմամբ զբաղվում է գործարարների բավական նեղ շրջանակ։ Իսկ ազատական տնտեսական հարաբերությունների կառուցվածքն այնպիսին է, որ անմիջական արտադրողը, որպես կանոն, ստանում է տնտեսական արդյունքի ամենափոքր բաժինը։ Այս փաստարկը հավաստվում է նաև նրանով, որ աղքատության մակարդակը Հայաստանում վերջին տարիներին մնում է գրեթե անփոփոխ, թեև առկա է ՀՆԱ աճ և, միաժամանակ, կրճատվում է Հայաստանի բնակչությունը։
Իսկ ի՞նչ կարելի է ասել տնտեսական գործոնի մասին հասարակության այն շերտերի համար, որոնք հավակնում են ներգրավվել տնտեսական բարձր նիշաներում, այդ թվում՝ բարձրտեխնոլոգիական արտադրություններում, հետազոտական, նախագծային և կոնստրուկտորական կազմակերպություններում։ Կամ՝ այն շերտերի մասին, որոնց համար Ռուսաստանը մշակութային-քաղաքակրթական արժեք է, կամ կարևորագույն ռազմական դաշնակից։ Ի՞նչ կարելի է ասել Հայաստանի տեղեկատվական դաշտի բովանդակության կառուցվածքի ազդեցության, ինչպես նաև այն գործոնների մասին, որոնց ազդեցությունը իներցիոն է, մասնավորապես՝ կրթական համակարգում առարկաների բովանդակության կառուցվածքի կամ երիտասարդության վրա ՀԿ-ների և արևմտյան միջազգային կազմակերպությունների գործունեության ազդեցության մասին։
Հանրահայտ է, որ բոլոր այդ գործոններն ազդեցություն ունեն։ Սակայն, անհայտ են դրանց ազդեցության համեմատական և բացարձակ աստիճանն ու փոխկապակցությունները։ Վերջինը գիտական եզրաբանությամբ անվանում են սիներգետիկ ազդեցություն։ Սա շատ կարևոր գիտելիք է ռազմավարական պլանավորման և շատ ավելի կարևոր՝ ռեսուրսների բաշխման օպտիմալացման համար, որոնք հատկացվում են ռազմավարությունների իրագործման նպատակով, մանավանդ մեր պարագայում, երբ դրանք աղետալիորեն անբավարար են։
Ցավոք, մենք չունենք անհրաժեշտ առաջնային սոցիոլոգիական տվյալներ թվարկված և այլ գործոնների (որոնք պայմանավորում են Հայաստանի հասարակության վերաբերմունքը ԵԱՏՄ-ի հանդեպ) ազդեցության աստիճանի ճշգրիտ գնահատման, ինչպես նաև համակարգային օպտիմիզացիոն մոդելների կառուցման համար։
Ուստի.
- Թվարկված խնդիրները լուծելու համար Եվրասիական ինտեգրման առաջմղման գործում չափազանց կարևոր է սոցիոլոգիայի դերը։
Այս առնչությամբ, վերը թվարկված խնդիրների շարքում կա մի շատ կարևոր խնդիր, որն անհապաղ լուծման կարիք ունի.
- Այսօր առանձնակի հրատապ է ԵԱՏՄ-ում բարձրտեխնոլոգիական արտադրությունների, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ինտեգրման խնդիրը, այդ թվում և Հայաստանի ու Ռուսաստանի միջև։
Այս աշխատանքների հրատապությունը պայմանավորվում է երկու գործոնով։
Առաջինը մեզ հայտնի է կոնկրետ սոցիոլոգիական հետազոտության արդյունքներից։ Դա հայ հասարակությունում առկա այն պատկերացումն է, թե Ռուսաստանը, որպես գործընկեր արդյունաբերության զարգացման համար, ավելի նախընտրելի է, քան ԵՄ-ը, իսկ գիտության զարգացման համար ԵՄ-ն նախընտրելի է Ռուսաստանից։ Եթե այս պատկերացումներն արտածենք իրականության վրա, ապա Եվրասիական ինտեգրման համար ստացվում է աննպաստ պատկեր։ Հայտնի է, որ այսօր արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները և գիտությունն անխզելիորեն կապված են, այսինքն՝ արդեն գոյություն չունեն կյանքի կոչվելու արժանի արտադրություններ՝ առանց արդիական նոր բարձր տեխնոլոգիաների։ Ուստի, Ռուսաստանի գերազանցությունը՝ որպես արտադրական ինտեգրման գործընկերոջ, աստիճանաբար մարելու է։
Երկրորդ գործոնը ածանցյալ է սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների վրա հիմնված նոր տնտեսակարգում առաջնության հասնելու համար մեծ տնտեսական տարածքների գլոբալ մրցակցությունից։ Այդ մրցակցության շրջանակներում ԵՄ-ը՝ որպես ինքնուրույն սուբյեկտ, ինչպես 90-ականների սկզբին, հետխորհրդային տարածքում, այդ թվում և Հայաստանում, վերստին մեգանախագիծ է գործարկել, ինովացիոն տեխնոլոգիական պոտենցիալի վերհանման նպատակով։ Նախագծի տեխնոլոգիան հետևյալն է՝ համակցել հետխորհրդային երկրներում հայտնաբերված ինովացիոն գաղափարները և start-up-երը եվրոպական ընկերությունների և գիտական կենտրոնների հետ համատեղ նախագծերում՝ եվրոպական ընկերությունների գերակայության պարտադիր պայմանով։ Եռամյա նախագծի արժեքն է 80 մլրդ եվրո։
Այսպիսով, Եվրասիական ինտեգրման ծայրամասային երկրների հանդեպ եվրոպական ռազմավարությունը՝ գիտության, տեխնոլոգիաների և արտադրությունների համակցումը, ամրապնդում է նրա տեխնոլոգիական գերազանցությունը, այդ թվում նաև ի հաշիվ իր ռազմավարություններում ռուսաստանյան առավելությունների ներառման։
Ուստի, ժամանակն է անհապաղ տնտեսական համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի, գինու-օղու արտադրության և գազանավթամթերքի մատակարարումներից փոխադրել բարձրտեխնոլոգիական արտադրությունների, տեխնոլոգիաների և գիտական որոնումների ոլորտ։
http://soyuzinfo.am/2017/12/sotsiologicheskaya-problematika-i-zadachi-evrazijskoj-integratsii/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[12.11.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[29.10.2018]
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [01.10.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.08.2018]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[11.07.2018]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.05.2018]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ[26.04.2018]