• am
  • ru
  • en
Версия для печати
06.11.2017

ՖԻՔՍՎԱԾ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԿԱՊԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՐԱԳՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՓԱՍՏԵՐ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2017

Սկիզբը՝ Գլոբուս, թիվ 7 (86), 2017

Արա Մարջանյան
«Նորավանք» ԳԿՀ առաջատար վերլուծաբան, տ.գ.թ., ա.գ.ա., ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա, տրանսպորտ)

Սույն հոդվածը մեր նախորդ հրապարակման [1] շարունակությունն է՝ նվիրված Հայաստանում կապի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների (ԻԿՏ, ICT) ոլորտի ցուցանիշների ներկայացմանն ու վելուծությանը, համահունչ «Հայաստան - Ադրբեջան. կրիտիկական ենթակառուցվածքներ» «Նորավանք» ԳԿՀ թեմայի մոտեցումներին: Նախորդ հրապարակումը նվիրված էր ֆիքսված լայնաշերտ1 կապի (ՖԼԿ) բաժանորդների (ՖԼԿԲ) ցուցանիշի քննարկմանը: Ստորև դիտարկվում են Հայաստանում և տարածաշրջանում ՖԼԿ արագագործությանն առնչվող երկու կարևորագույն ցուցանիշներ. ֆիքսված լայնաշերտ կապի հզորությունը (capacity) և դրա արագությունը (speed)2։

Ֆիքսված լայնաշերտ կապի հզորությունը

Սկսենք սահմանումներից և եզրաբանությունից, քանի որ հայկական պաշտոնական աղբյուրներում3 կիրառվող արտահայտությունները և եզրերը (տերմինները) խճողված են, հաճախ՝ անհամարժեք [1]: Խոսելով տվյալ երկրում ՖԼԿ-ի մասին՝ անհրաժեշտ է տարբերակել դրա հզորությունը (Broadband capacity) ՖԼԿ բուն արագությունից (speed): Որոշակի շփոթ կարող է առաջացնել այն հանգամանքը, որ այս երկու պարամետրերն էլ ունեն միևնույն չափողականությունը՝ բիտ4 մեկ վայրկյանում (բ/վ): Սակայն գործընթացների էությունը ճիշտ ընկալելու առումով կարևոր է մշտապես մտապահել դրանց տարբերությունը:

Տվյալ երկրի ՖԼԿ համակարգը արտաքինից դիտարկելիս, օրինակ՝ միջազգային կապուղիների (մալուխային, արբանյակային, ռադիո) առնչությամբ5, կամ երկրի ՖԼԿ ենթակառուցվածքն ամբողջական առումով քննելիս, կիրառում են թողունակություն կամ հզորություն (capacity) եզրը: Սույն հոդվածում օգտագործվում է «հզորություն» տարբերակը: Սա արվում է՝ նախևառաջ ընդգծելու համար ՖԼԿ գենետիկ կապն էլեկտրակապի և ընդհանրապես` էլեկտրաէներգետիկայի հետ: Բացի այդ, այսպիսի թարգմանությունն ավելի համարժեք է թե՛ լեզվական, թե՛ տեխնիկական առումներով և թույլ է տալիս խուսափել ՀՀ պաշտոնական և մասնագիտական աղբյուրներում ներկայում օգտագործվող անհամարժեք արտահայտություններից (տե՛ս ստորև):

Տարբերում են երկրի ՖԼԿ նախագծային (Design), տեղակայված (Equipped), վաճառված (Sold) և օգտագործվող (Utilized) հզորությունները: Հաջորդականությունը բերում ենք ըստ իրական կյանքում դրանց արժեքների նվազման: ՖԼԿ տեղակայված հզորությունն անգլերեն մասնագիտական ժարգոնով հաճախ անվանում են Lit capacity, այսինքն՝ «լուսավորված հզորություն»6։ Առաջնահերթ կարևորություն ունի ՖԼԿ տեղակայված տեսակարար հզորություն (ՖԼԿ ՏՏՀ) ցուցանիշը՝ բերված երկրի բնակչության մեկ շնչի հաշով (բ/վ/մարդ): Այն ֆիքսվում է ԻԿՏ ոլորտի գլոբալ գրադարաններում [2] և օգտագործվում երկրների ու տարածաշրջանների ՖԼԿ համեմատական վերլուծությունների ժամանակ:

ՖԼԿ բուն արագության մասին խոսվում է հիմնականում երկրի ներսում դիտարկումների ժամանակ, ՖԼԿ կոնկրետ տեխնոլոգիական ցանցերի կամ մատուցվող ծառայությունների պարագայում: Վերջին դեպքում տարբերակում են ՖԼԿ «գովազդվող արագություն» (գ.ա., advertised speed) կամ «բաժանորդագրման արագություն» (բ.ա., subscribed speed) հասկացությունները ՖԼԿ իրական արագությունից:


Աղյուսակ 1-ում (առաջին 3 տող) ամբողջացնում ենք պաշտոնական աղբյուրներում Հայաստանի ՖԼԿ հզորությանն առնչվող և 2017թ. օգոստոսի դրությամբ հասանելի բոլոր տվյալները [3, 4], ցուցանիշների վերտառությունը՝ ըստ համապատասխան աղբյուրների: Փակագծերում բերում ենք դրանց հայերեն համարժեք արտահայտությունները: 4-րդ տողում բերում ենք ՀՀ բնակչության մասին պաշտոնական տվյալները, որոնք օգտագործվում են ՏԿՏՏՆ-ի կողմից, հղում կատարելով ՀՀ ԱՎԾ-ին [5]: 5-րդ տողում հաշվարկում ենք ՖԼԿ ՏՏՀ-ն՝ կբ/վ/մարդ չափողականությամբ, քանի որ, ինչպես և ՖԼԿԲ պարագայում [1], այս տեսակարար ցուցանիշը չի բերվում ՀՀ պաշտոնական որևէ աղբյուրում: Վերջապես, աղյուսակի 6-րդ տողում հաշվարկում ենք ՖԼԿ տեղակայված հզորության օգտագործման գործակիցը (Capacity factor, %): Ոլորտի զարգացման արդյունավետությունը բնութագրող այս կարևորագույն ցուցանիշը ՖԼԿ տեղակայված և օգտագործված հզորությունների հարաբերակցությունն է (%) և քաջ ծանոթ էլեկտրաէներգետիկայի ոլորտի յուրաքանչուր մասնագետի7։

Ինչպես տեսնում ենք, ՏԿՏՏՆ հաշվետվություններում «ՖԼԿ տեղակայված հզորություն» հասկացության փոխարեն օգտագործվում է «Լիտ/հագեցվածությամբ միջազգային ինտերնետ կապի թողունակություն» անհասկանալի արտահայտությունը, որն անգլերեն «Lit capacity»-ի ուղղակի տրանսլիտերացիան է (հնչյունակրկնությունը)8։ Նույն այս ցուցանիշը ՀԾԿՀ գործունեության մասին տարեկան հաշվետվություններում անվանվում է «Միջազգային IP տարանցման ծառայությունների հոսքերի թողունակություն»: Ընդ որում, 2015թ. համար դրա արժեքը (161 524 Մբ/վ) տարբերվում է ՏԿՏՏՆ նույն տարվա արժեքից (158 201 Մբ/վ), առանց որևէ բացատրության: 2016-ի համար ՀԾԿՀ-ն այս ցուցանիշի գծով բերում է 331 000 Մբ/վ արժեքը, թեև 2017թ. օգոստոսի դրությամբ ՏԿՏՏՆ հաշվետվություններում և կայքէջում բացակայում էր 2016թ. համար այս ցուցանիշի որևէ գնահատական: Բոլոր այս խնդիրների և անհարթությունների հետ մեկտեղ, բերված տվյալները վկայում են ՖԼԿ հզորության առումով Հայաստանում վերջին տարիներին արձանագրված ոգևորիչ առաջխաղացման մասին:

Իսկապես, 2015-ին Հայաստանում ՖԼԿ օգտագործված հզորությունը (մոտ 118.2 Գբ/վ) նախորդ տարվա համեմատ (մոտ 61.5 Գբ/վ) գրեթե կրկնապատկվել է: Պատկերը նույնն է նաև ՖԼԿ տեղակայված հզորության առումով՝ մոտ 158.2 Գբ/վ 2015-ին, 2014-ի մոտ 87.9 Գբ/վ-ի դիմաց: ՖԼԿ տեղակայված հզորության օգտագործման գործակցի առումով անցած տարիների առաջխաղացումը նույնպես տպավորիչ է, այն 2013թ. 60%-ից աճել է մինչև մոտ 75%՝ 2015-ին9։ Առաջխաղացումը նույնիսկ ավելի տպավորիչ է 2016-ի համար, եթե որպես իրողություն ընդունենք այդ տարվա համար ՀԾԿՀ-ի կողմից բերվող 331.0 Գբ/վ ցուցանիշը: Սա նշանակում է, որ այդ տարի ՖԼԿ ՏՏՀ-ն Հայաստանի համար կազմել է 110.41 կբ/վ/մարդ, և 2013-ի համեմատ այն աճել է ավելի քան 4 անգամ:


Պատկերն ավելի ակնառու դարձնելու համար Հայաստանի ցուցանիշները դիտարկենք ավելի լայն համատեքստում: Աղյուսակ 2-ում ամբողջացնում ենք 2015-ի վերջի դրությամբ աշխարհի 6 աշխարհագրական տարածաշրջանների (ձախից) և գլոբալ տարածաշրջանների համար (աջից) ՖԼԿ ՏՏՀ միջին արժեքներն ըստ ՀՄՄ 2016թ. տարեկան ամփոփագրի [7]: Ինչպես տեսնում ենք, 2015-ի իր ցուցանիշով (53.47 կբ/վ/մարդ) Հայաստանն էականորեն առաջ էր անցել աշխարհի 6 աշխարհագրական տարածաշրջաններից 5-ի միջին ցուցանիշներից: Մասնավորապես, գերազանցությունը ԱՊՀ միջին ցուցանիշի նկատմամբ կազմել էր ավելի քան երկու անգամ, արաբական երկրների հանդեպ՝ ավելի քան 3.5 անգամ, ԱԽՕՏ-ի հանդեպ՝ ավելի քան 4 անգամ: Հայաստանն այս ցուցանիշով զիջում էր միայն Եվրոպային՝ 131 կբ/վ/մարդ: Բացի այդ, 2015-ին Հայաստանի ՖԼԿ ՏՏՀ ցուցանիշն ավելի քան 4 անգամ գերազանցում էր Զարգացող երկրներին (13 կբ/վ/մարդ) և զիջում զարգացած երկրներին 43%-ով:

Իսկ արդեն 2016-ին ՏՏՀ իր ցուցանիշով (110.43 կբ/վ/մարդ) Հայաստանն ընդհուպ մոտեցել է Եվրոպայի 2015-ի ցուցանիշին (131 կբ/վ/մարդ) և նույնիսկ մոտ 18%-ով գերազանցել Զարգացած երկրների 2015թ. ՏՏՀ միջին ցուցանիշը (93 կբ/վ/մարդ): Ցավոք, ՀՄՄ 2017թ. տարեկան ամփոփագրում [8] 2016թ. ՖԼԿ ՏՏՀ գլոբալ միջին ցուցանիշներն արդեն բերվում են փոփոխված չափողականությամբ10։ Ուստի, դրանք այլևս համադրելի չեն ՀՄՄ նախկին տարեկան ամփոփագրերում բերվող ցուցանիշների հետ: Բացի այդ, ինչպես նշել էինք վերը, ՀՄՄ առցանց գրադարանում երկրների ՏՏՀ-ի մասին տվյալները հասանելի են միայն հատուկ լիազորությամբ բաժանորդների համար: Ուստի, այստեղ չենք կարող կառուցել տարածաշրջանի երկրների ՖԼԿ ՏՏՀ կորերը, ինչպես որ դա անում էինք, օրինակ, ՖԼԿԲ/100 հոգի ցուցանիշի համար մեր նախորդ հրապարակումում (տե՛ս [1], Գծապատկեր 1): ՖԼԿ ՏՏՀ պարագայում ստիպված ենք օգտվել այլ հավաստի աղբյուրներից: Նշենք, որ ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն այդպիսին չեն, և ահա թե ինչու:

Անցած 7 տարիների ընթացքում ԻԿՏ ոլորտի առնչությամբ Ադրբեջանի Ազգային վիճակագրության ծառայությունը չի բերել և չի բերում ոչ մի տվյալ՝ ուղիղ, ֆիզիկական չափողականությամբ: Բերվում են ԻԿՏ ոլորտի 19 ցուցանիշների միայն տարեկան փոփոխությունները՝ %-ով11։ Իսկ թե ինչից են այդ տոկոսներն ի վերջո՝ մնում է անհայտ12։ Եվ անգամ այս պարագայում այս 19 ցուցանիշների շարքում չկա ՖԼԿ տեղակայված հզորությանն առնչվող և ոչ մի ցուցանիշ: Բացի այդ, 2017թ. օգոստոսի դրությամբ Ադրբեջանի կապի և ինֆորմացիոն (բարձր) տեխնոլոգիաների նախարարության պաշտոնական հաշվետվությունները հասանելի են միայն առ 2014թ.: Եվ դրանցում չի բերվում ՖԼԿ տեղակայված հզորությանն առնչվող ոչ մի ուղիղ տվյալ: Բացառություն է կազմում 2013թ. և 2014թ. հաշվետվություններում առանց որևէ մեկնաբանության և բացատրության բերվող երկու գրաֆիկ, որոնք բերում ենք Նկար 1-ում: Դրանք պատկերում են «Scope of Internet channels per 100 inhabitants» (2013թ., [9]) «Scope of Internet channels per 100 Internet users» (2014թ., [10]) վերտառությամբ և կբ/վ (kbps) չափողականությամբ ցուցանիշների կորերը13։ Հատկանշականն այստեղ այն է, որ թեև այս ցուցանիշներն ունեն միևնույն թվային արժեքները, դրանց չափողականությունն իրականում տարբեր է՝ մի դեպքում կբ/վ/մարդ [9], մյուս դեպքում՝ կբ/վ/ի.օ [10]:


Բայց եթե, օրինակ, իրավացի է այս ցուցանիշի 4187 կբ/վ/100 ի.օ. չափողականությամբ գնահատականը՝ բերված [10]-ում 2012թ. համար, ապա դա համարժեք է այդ տարի 269 Գբ/վ ՖԼԿ տեղակայված հզորությանը, քանի որ Ադրբեջանի բնակչությունը 2012-ին՝ ըստ պաշտոնական գնահատականի, կազմել էր 9.235 մլն մարդ, իսկ համաձայն ՀՄՄ-ի, այդ տարի Ադրբեջանում ի.օ. մասնաբաժինը կազմել էր բնակչության 70%-ը (այսինքն՝ մոտ 6.44 մլն ի.օ.): Հետևաբար, ՖԼԿ ՏՏՀ ցուցանիշն Ադրբեջանում 2012-ին կազմել էր 29.15 կբ/վ/մարդ: Իսկ եթե իրավացի է [9]-ում այդ նույն տարվա համար այս ցուցանիշի 4187 կբ/վ/100 մարդ չափողականությամբ գնահատականը, ապա դա նշանակում է արդեն 387 Գբ/վ ՖԼԿ տեղակայված հզորություն և 41.87 կբ/վ/մարդ ՖԼԿ ՏՏՀ 2012-ին: Այսինքն՝ մոտ 44%-ով ավելի, քան նախորդ դեպքում:

Ըստ ՀՄՄ տվյալների, 2014-ին Ադրբեջանում ի.օ. մասնաբաժինը կազմել է 75% (կամ 7.1 մլն ի.օ.), և հիմք ընդունելով [10]-ում բերվող 6036.1 կբ/վ/100 ի.օ. ցուցանիշը՝ կստացվի, որ 2014-ին Ադրբեջանում ՖԼԿ տեղակայված հզորությունը կազմել է մոտ 429 Գբ/վ: Զավեշտալին այն է, որ այդ նույն՝ 2014թ. հաշվետվության ներածականում Ադրբեջանի կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարը պնդում է, որ «the capacity of International Internet channels [in Azerbaijan] reached up to 330 Gbps in 2014» ([10], p. 5): Սա ուռճացումների մասին ակամա խոստովանություն է: Ահա այսպես, առանց այլևայլության, վերտառության աննշան փոփոխությամբ ուռճացվում են ՖԼԿ ՏՏՀ ցուցանիշի արժեքները ԻԿՏ ոլորտի ադրբեջանական պաշտոնական հրապարակումներում14։

Չխորանալով ԻԿՏ ոլորտում ադրբեջանական պաշտոնական զեղծարարությունների մեջ15՝ նկատենք միայն, որ համաձայն հավաստի աղբյուրների, Ադրբեջանի ՖԼԿ տեղակայված հզորությունը 2012-ի վերջին կազմել էր 205.0 Գբ/վ ([11], Table 2, p. 11): Թեև այն մոտ 2.7 անգամ ավելին էր Հայաստանի այդ տարվա ցուցանիշից (76.0 Գբ/վ, տե՛ս Աղյուսակ 1, տող 3), սակայն ՖԼԿ ՏՏՀ արժեքով Ադրբեջանի ցուցանիշը (22.4 կբ/վ/մարդ, տես՛ [11], Table 2, p. 11) զիջում էր Հայաստանին (25.13 կբ/վ/մարդ, տե՛ս Աղյուսակ 1, տող 5) դեռ այդ ժամանակ16։ Մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ Համաշխարհային բանկի 2014-15թթ. հաշվետվություններում [12] և ադրբեջանական մամուլում [13] քանիցս արտահայտված այն կարծիքը, թե «գործընթացների ներկայիս միտումների պահպանման դեպքում Ադրբեջանն իր ՖԼԿ ցուցանիշներով 2017-ին կհասնի զարգացած երկներին», խափանված է: Գոնե միայն այն պատճառով, որ այսօր, ինչպես և երեկ, բացակայում է Ադրբեջանում ՖԼԿ հզորությանն առնչվող որևէ հավաստի գնահատական:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, ինչպես նշել էինք վերը, ցավոք, չենք կարող անմիջականորեն համադրել ՀՀ 2016-ի ցուցանիշը ՀՄՄ այս տարվա տարեկան ամփոփագրի ցուցանիշների հետ [8]: Եվ դա՝ միայն այն բանի հետևանքով, որ կարծես հետևելով ադրբեջանական պաշտոնական աղբյուրների օրինակին՝ ՀՄՄ 2017թ. տարեկան ամփոփագրում ՖԼԿ ՏՏՀ գլոբալ միջին ցուցանիշները բերվում են կբ/վ/ի.օ., այլ ոչ թե կբ/վ/մարդ չափողականությամբ: Չվարանելով այս նորամուծությունից՝ Հայաստանի 2016թ. ՖԼԿ ՏՏՀ ցուցանիշը նույնպես բերենք այս չափողականությամբ: Դրա համար մեզ անհրաժեշտ է Հայաստանում ի.օ. մասնաբաժնի գնահատականը: Համաձայն ՀՄՄ գրադարանի, 2016-ին այն կազմել է 62%17։ Այսինքն՝ հաշվի առնելով ՀՀ բնակչության 2016թ. պաշտոնական թիվը (տե՛ս Աղյուսակ 1, տող 4), այն կկազմի 1.859 մլն ի.օ.: Հաշվի առնելով 2016-ին Հայաստանում ՖԼԿ տեղակայված հզորության ցուցանիշը (331 Գբ/վ, Աղյուսակ 1, տող 3) մեկ ի.օ. հաշվով, Հայաստանում այն կկազմի 178 կբ/վ/ի.օ.:


Այժմ արդեն կարող ենք համադրել Հայաստանի այս ցուցանիշը ՀՄՄ 2017թ. ամփոփագրում [8] բերվող աշխարհի տարածաշրջանների միջին ցուցանիշների հետ, տե՛ս Աղյուսակ 3: Ինչպես տեսնում ենք, 2016-ին Հայաստանը ՖԼԿ ՏՏՀ իր 178 կբ/վ/ի.օ. ցուցանիշով հասել է Եվրոպայի միջին ցուցանիշին և շարունակում է էականորեն առաջ անցել աշխարհի մնացած 5 աշխարհագրական տարածաշրջաններից: Բացի այդ, 2016-ին այս ցուցանիշով Հայաստանն առաջ է անցել զարգացած երկրներից՝ գերազանցելով դրանց միջին ցուցանիշը (140 կբ/վ/ի.օ.) մոտ 27%-ով:

Ֆիքսված լայնաշերտ կապի արագությունը

Հայաստանում ՖԼԿ արագության մասին տվյալները բերվում են միայն ՏԿՏՏՆ 2013-15թթ. գործունեության մասին հաշվետվության թիվ 1 Հավելվածում [3]: Դրանք ներկայացվում են ՀՄՄ-ի կողմից մշակված ձևաչափով, այսինքն՝ ՖԼԿ բաժանորդների թվով, դասակարգված ըստ ՖԼԿ բաժանորդագրման արագության (բ.ա.) 3 տիրույթների՝ 256 կբ/վ-ից մինչև 2.0 Մբ/վ, 2.0 Մբ/վ-ից մինչև 10.0 Մբ/վ, բ.ա. և 10.0 Մբ/վ և ավելի բ.ա. ՖԼԿ բաժանորդների թիվ ([3], ՀՄՄ կոդ՝ 4213, տողեր 21-23): Աղյուսակ 4-ի առաջին 4 տողերում ամբողջացնում ենք այդ տվյալները 2013-15թթ. համար: ՀՀ ՀԾԿՀ կայքում և հաշվետվություններում այդ մասին տվյալները բացակայում են: Չեն բերվում նաև ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշները ըստ ՖԼԿ բ.ա. նշված 3 տիրույթների, ինչպես նաև դրանց տոկոսային բաղադրությունը: Լրացնելու համար այս բացը՝ Աղյուսակ 4-ում հաշվարկում ենք այս ցուցանիշները18։


Ինչպես հետևում է Աղյուսակ 4-ից, 2013-15թթ. ընթացքում Հայաստանում զգալի աճել է ՖԼԿ բաժանորդների19 թիվը ՖԼԿ առավել արագագործ՝ 10 ՄԲ/վ և ավելի բ.ա. տիրույթում: 2013-ին դրանք կազմել էին մոտ 26.3 հազ., իսկ 2015-ին՝ արդեն 95.9 հազ. (աճ 3.6 անգամ): Աճել է նաև ՖԼԿ այս տիրույթի մասնաբաժինը. 2013-ին այն կազմել էր 11.2%, իսկ 2015-ին՝ 33.5%: Տեսակարար ցուցանիշով այս տիրույթի բաժանորդների թիվը 2013-ի 0.87 բաժանորդ/100 հոգի ցուցանիշից աճել է մինչև 3.17 բաժանորդ/100 հոգու՝ 2015-ին: Հակառակը, ՖԼԿ առավել դանդաղ տիրույթում՝ 256 կբ/վ-ից մինչև 2.0 Մբ/վ բ.ա., բաժանորդների թիվը նվազել է 2013-ի 95.4 հազ.-ից մինչև ընդամենը 3.3 հազ.՝ 2015-ին: Համապատասխանաբար նվազել է և այս տիրույթի մասնաբաժինը՝ 2013-ի մոտ 41%-ից մինչև 1.2%՝ 2015-ին: Այսպիսով, անցած 3 տարիների ընթացքում (հոդվածի պատրաստման պահին 2016թ. տվյալները բացակայում էին) Հայաստանում ընթանում էր ՖԼԿ ոլորտի թե՛ քանակական (ՖԼԿԲ թվի աճ), թե՛ որակական (առավել արագ տիրույթի ՖԼԿԲ աճ) զարգացում:

Ընդհանուր պատկերը հասկանալու համար Գծապատկեր 1-ում բերում ենք մեր տարածաշրջանի 6 երկրների համար 2015թ. ՖԼԿԲ ցուցանիշներն ըստ բ.ա. երեք տիրույթների [15]: Դասակարգումը՝ ըստ առավելագույն՝ 10 ՄԲ/վ և ավելի բ.ա. տիրույթում բաժանորդների թվի: Համեմատության համար բերում ենք նաև այս առումով աշխարհի առաջատար՝ Հվ.Կորեայի ցուցանիշը: Գծապատկերի պատուհանում բերում ենք Հայաստանի 2013-15թթ. ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշները (ՖԼԿԲ/100 հոգի)՝ ըստ բ.ա. երեք տիրույթների:


Դեռ 2013-ից Հվ. Կորեայի ՖԼԿԲ 100%-ը բաժանորդագրված էր 10 Մբ/վ և ավելի բ.ա. ֆիքսված լայնաշերտ կապի, իսկ ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշը կազմում էր 40.3 ՖԼԿԲ՝ բնակչության 100 հոգուն: 2015-ին տեսակարար ՖԼԿԲ ցուցանիշով Հվ. Կորեային գեազանցում էին միայն Շվեյցարիան՝ 45, Դանիան՝ 42.5, Նիդեռլանդները՝ 41.5 և Ֆրանսիան՝ 40.5 ՖԼԿԲ/100 հոգի: Սակայն բոլոր այս երկրները զիջում էին Հվ. Կորեային 10 Մբ/վ և ավելի բ.ա. տիրույթում բաժանորդների մասնաբաժնով: Այսպես, 2015-ին Ֆրանսիայում բ.ա. այս տիրույթին էր պատկանում ՖԼԿԲ 95%-ը, Շվեյցարիայում՝ 73.5%-ը և այլն:

2015-ին մեր տարածաշրջանում առաջատարը ՌԴ-ն էր, 10 Մբ/վ և ավելի բ.ա. տիրույթում 12.26 ՖԼԿԲ/100 հոգի ցուցանիշով (65%), որին հաջորդում էր Թուրքիան՝ 8.66 ՖԼԿԲ/100 հոգի (69%) և Վրաստանը՝ 6.38 ՖԼԿԲ/100 հոգի (45%): Հայաստանում 10 Մբ/վ և ավելի բ.ա. ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշը 2015թ. կազմում էր 3.17 ՖԼԿԲ/100 հոգի (33.5%) և այն շոշափելի գերազանցում էր Ադրբեջանի ցուցանիշին՝ 1.57 ՖԼԿԲ/100 հոգի (8%): Տեսակարար ՖԼԿԲ ընդհանուր թվով Ադրբեջանի (19.93 ՖԼԿԲ/100 հոգի) գերազանցությունը Հայաստանի (9.48 ՖԼԿԲ/100 հոգի) նկատմամբ առավելապես պայմանավորված էր ամենադանդաղ՝ 256 կբ/վ-ից մինչև 2.0 Մբ/վ բ.ա. տիրութի բաժանորդների թվով: 2015-ին Հայաստանում այս թիվն արդեն նվազել էր մինչև 0.11 ՖԼԿԲ/100 հոգի (1.2%), մինչդեռ Ադրբեջանում բ.ա. այս տիրույթի բաժանորդների խումբը դեռ շարունակում էր մնալ ամենամեծը՝ 10.69 ՖԼԿԲ/100 հոգի (54%): Տարածաշրջանում 2015-ին վերջին տեղում Իրանն էր, 0.12 ՖԼԿԲ/100 հոգի ցուցանիշով (1%): Այստեղ նույնպես ընդհանուր ՖԼԿԲ արժեքում (10.99 ՖԼԿԲ/100 հոգի) ամենամեծը ամենադանդաղ բ.ա. տիրույթների բաժանորդների թիվն էր՝ 9.36 ՖԼԿԲ/100 հոգի (85%):

Այսպիսով.

- Անցած 4 տարիների ընթացքում ՖԼԿ հզորության առումով Հայաստանում արձանագրված է էական առաջխաղացում. 2016-ին 2014-ի համեմատ ՖԼԿ տեղակայված հզորությունը գրեթե քառապատկվել է: Աճել է ՖԼԿ տեղակայված հզորության օգտագործման գործակիցը. 2013-ի 60%-ից այն հասել է 75%-ի՝ 2015-ին:

- 2016-ին ՖԼԿ տեղակայված տեսակարար հզորության (ՏՏՀ) ցուցանիշով Հայաստանը հավասարվել է Եվրոպայի միջին ցուցանիշին՝ շարունակելով էականորեն առաջ անցնել աշխարհի մնացած 5 աշխարհագրական տարածաշրջանների միջին ցուցանիշներից: Նույն տարում Հայաստանն առաջ է անցել զարգացած երկրների ՖԼԿ ՏՏՀ միջին ցուցանիշից (140 կբ/վ/ի.օ.)՝ գերազանցելով այն 27%-ով (178 կբ/վ/ի.օ.):

- 2013-15թթ. ժամանակահատվածում մոտ 3 անգամ աճել է ՖԼԿ 10Մբ/վ բ.ա. արագությամբ տիրույթում ՖԼԿԲ թիվը՝ 2015-ին հասնելով 3.17 ՖԼԿԲ/100 հոգի ցուցանիշի, ինչը կազմում էր 2015թ. ՖԼԿԲ ընդհանուր բաժանորդների 33.5%-ը: Այս ցուցանիշով Հայաստանը գերազանցում էր Ադրբեջանին (1.57 ՖԼԿԲ/100 հոգի, 8%) մոտ 2 անգամ, սակայն զիջում Վրաստանին (6.38 ՖԼԿԲ/100 հոգի, 45%)՝ նույնպես մոտ 2 անգամ:

1 Fixed broadband.

2 ՖԼԿ արագագործության մյուս ասպեկտին՝ ուշացմանը (latency, задержка) կանդրադառնանք շարքի հաջորդ բաժիններում, տարածաշրջանում տվյալների կենտրոնների (data centers) զարգացումը քննելիս:

3 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն (ՏԿՏՏՆ), ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ):

4 Կիլոբիտ (կբ) կամ Մեգաբիտ (Մբ), Գիգաբիտ (Գբ), Տերաբիտ (Տբ) և այլն: Այստեղ նկատի են ունենում ինֆորմացիայի արդեն օպտիմալ խտացված հոսքը (optimally compressed flow):

5 Այս կարևոր հարցին հատուկ կանդրադառնանք հաջորդ հրապարակումներում:

6 Ինչը համարժեք է էներգետիկների «լարման տակ գտնվող հզորությանը»:

7 Սա է պատճառներից մեկը, որ capacity եզրը թարգմանում ենք որպես հզորություն, այլ ոչ թե (թող)ունակություն: Ավելի խորքային պատճառը կայանում է նրանում, որ կապուղու թողունակության (capacity) Շենոնի դասական ձևակերպումում (1948թ.), սահմանի նշանի տակ հարաբերությունը բերվում է միջին հզորության:

8 Մեզանում տեխնիկական ոլորտների հայերեն եզրաբանության ծանր վիճակի մասին տե՛ս [6]:

9 Համեմատության համար նշենք, որ, օրինակ, ՀՀ ամենաբարդ և ամենակարևոր օբյեկտի՝ Հայկական ատոմակայանի տեղակայված հզորության օգտագործման գործակիցը 2013-15թթ. կազմել է միջինը 67%:

10 Դրանք հարաբերակցվում են ոչ թե տվյալ երկրի կամ տարածաշրջանի բնակչության թվին (կբ/վ/մարդ), այլ ինտերնետ օգտատերերի (ի.օ.) թվին (կբ/վ/ի.օ.) և այսպիսով՝ արհեստականորեն մեծացվում (ի.օ. թիվը ավելի փոքր է բնակչության թվից, սահմանում՝ հավասար):

11 https://www.azstat.org. Core indicators on ICT systems and use in households.

12 Խորհրդային վիճակագության «հնարքներին» ծանոթ մասնագետները կհասկանան այս երևույթի ծագումնաբանությունը:

13 Ինչպես տեսնում ենք, ԻԿՏ ոլորտի և ՖԼԿ-ին առնչվող տերմինաբանության խնդիրը լուրջ է նաև Ադրբեջանում:

14 Այս իրադրությունը ճշգրտորեն կրկնում է Ադրբեջանում ժողովրդագրական վիճակագրության և պաշտոնական այլ ցուցանիշների զանգվածային խեղաթյուրումների մեխանիզմը, ինչին անդրադարձել էինք մեր ավելի վաղ հրապարակումներում՝ զետեղված «Նորավանք» հիմնադրամի կայքում:

15 Այստեղ մի կողմ ենք թողնում այն հանգամանքը, որ սկսած 2013-ից՝ ոչ մի պաշտոնական ադրբեջանական կայք հասանելի չէ հայկական գրանցում ունեցող IP հասցեի համար: Այս արտառոց իրավիճակի քննությունը դուրս է մեր հոդվածի շրջանակներից, թեև հույս ունենք, որ ի վերջո դրան կանդրադառնան համացանցում տեղեկատվության ազատության կողմնակիցները և այդ ազատությունը գնահատող կառույցները: Հատկապես՝ բրիտանական ծագում ունեցող և Ադրբեջանի պաշտոնական վիճակագրական տվյալներին ապշեցուցիչ բարձր գնահատական տվող կազմակերպությունները [14]:

16 Համաձայն [11]-ի, 2012-ի վերջին Ռուսաստանի Դաշնության ՖԼԿ ՏՏՀ-ն կազմել էր 17.4 կբ/վ/մարդ, Ղազախստանինը՝ 16.5 կբ/վ/մարդ, Ղրղզստանինը՝ 0.893 կբ/վ/մարդ, Տաջիկստանինը՝ 0.313 կբ/վ/մարդ, Ուզբեկստանինը՝ 0.259 կբ/վ/մարդ և Թուրքմենստանինը՝ 0.12 կբ/վ/մարդ:

17 http://www.itu.int/en/ITU-D/Statistics/Pages/stat/default.aspx

18 Ադրբեջանական պաշտոնական աղբյուրների հրապարակումներում [9, 10] և կայքէջերում (https://www.azstat.org, http://www.mincom.gov.az) ՖԼԿ բ.ա. մասին տվյալները երբևիցե չեն բերվել: Կրկին հրավիրում ենք ՀՄՄ և [14] փորձագետների ուշադրությունն այս հանգամանքի վրա:

19 Համադրելով Աղյուսակ 4-ի առաջին 4 տողերում բերվող ցուցանիշները մեր առաջին հոդվածում քննարկվող ՖԼԿԲ ցուցանիշների հետ ([1], Աղյուսակ 1, տող 1), կարելի է եզրակացնել, որ խոսքը ֆիզիկական անձ բաժանորդների մասին է: Հիշեցնենք, որ համաձայն ՀԾԿՀ-ի՝ ՖԼԿԲ բաժանորդների ընդհանուր թիվը Հայաստանում կազմել է 256.1 հազ.՝ 2013-ին, 283.9 հազ.՝ 2014-ին և 297.2 հազ.՝ 2015-ին [3]:

Շարունակելի

Աղբյուրներ և գրականություն

1. Մարջանյան, Ա.Հ., Ֆիքսված լայնաշերտ կապը Հայաստանում և տարածաշրջանում. Փաստեր, «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7 (86), 2017։

2. International Telecommunication Union. Measuring the Information Society, http://www.itu.int . International Telecommunication Union. ICT Facts and Figures Annual Reports, https://www.itu.int/en/ITU-D/Statistics/Documents/facts/. International Telecommunication Union. The State of Broadband, http://www.broadbandcommission.org. The World Bank Group. World Development Indicators. Table 5.12 The information society, http://wdi.worldbank.org/table.

3. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի օգոստոսի 30-ի թիվ 667-Ն հրաման, «Հավելված N 1», http://mtcit.am/edfiles/files/THT/3008201615.2.pdf ։

4. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. գործունեության հաշվետվություն: Հաստատված է 2017թ. արիլի 19-ի No 138L որոշմամբ, http://psrc.am/images/docs/reports/Report_2016.pdf։

5. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի օգոստոսի 30-ի թիվ 667-Ն հրաման, «Հավելված N 2»:

6. Մարջանյան, Ա.Հ., Բառերի Տիեզերք I. Հաճախակիության բառարանները և Google N-grams գործիքը, «21-րդ ԴԱՐ», No 4 (74), 2017։

7. International Telecommunication Union. ICT Facts and Figures 2016. Geneva, June 2016.

8. International Telecommunication Union. ICT Facts and Figures 2017. Geneva, Julay, 2017.

9. Ministry of Communications and Information Technologies. Annual Report - 2013. Baku, Azerbaijan, 2013.

10. Ministry of Communications and High Technologies. Annual Report - 2014. Baku, Azerbaijan, 2014.

11. Ruddy, Michael, Ozdemir, Esra, An In‐Depth Study on the Broadband Infrastructure in North and Central Asia. Terabit Consulting. UN ESCAP. January, 2014.

12. Republic of Azerbaijan. A Sector Assessment: Accelerating Growth of High-Speed Internet Services in Azerbaijan. WB GTIDR, Report No: AUS9195, Dec. 18, 2014.; Azerbaijan's broadband at a crossroads. 01/28/2015, http://blogs.worldbank.org/ic4d/azerbaijans-broadbandcrossroads .

13. Orujova, Nigar, Azerbaijan starts broadband internet project. AzerNews, 4 June 2015, https://www.azernews.az/business/83030.html; Аббасов, Али, Базовый элемент модернизации. Российская газета, №6044 (68), 29.03.2013; Азербайджан активно поддерживает мировые тенденции по развитию широкополосного интернета, инноваций и технопарков. Business Time, №12, Декабрь, 2013.

14. Global Open Data Index, http://2015.index.okfn.org/.

15. International Telecommunication Union. Measuring the Information Society Report - 2016. Geneva, 2016.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր