• am
  • ru
  • en
Версия для печати
07.08.2018

ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 6, 2018

Արա Մարջանյան
«Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն գիտության գծով, ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ, տ.գ.թ., ա.գ.ա.

ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքի իրողությունները ձևավորող բազմաթիվ գործոններից առանձնացրել ենք հետևյալը:

«Ռուսաստանի ռազմական դաշնակիցները քիչ են». այսպես են սկսվում Վալդայան ակումբի 2017թ. թիվ 66 «Գրառումները» [1]1։ «Պարտավորեցնող պայմանագրեր, երբ մեկ կողմի վրա հարձակումը հավասարվում է հարձակման բոլորի վրա, Ռուսաստանն ունի միայն Աբխազիայի և Հր.Օսիայի հետ»,- ասվում է այստեղ: Եվ շարունակվում է. «Այլ պայմանագրերը, անգամ այն երկրների հետ, որոնք համարվում են Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցները, չունեն անվտանգության փոխադարձ երաշխիքների այսպիսի ավտոմատ մեխանիզմներ: Մասնավորապես, ՀԱՊԿ շրջանակում այս առումով պարտավորությունները զգալիորեն ավելի մեղմ են, քան ՆԱՏՕ-ի դեպքում: Եվ սա պարզորոշ երևում է համապատասխան դրույթների համեմատությունից»: Ու «Գրառումները» բերում են հետևյալ ցիտատները (կրկնում ենք ըստ [1]-ի).

Հյուսիսատլանտյան դաշինք, Հոդված 5. «Կողմերը համաձայնում են, որ զինված հարձակումը Կողմերից մեկի կամ մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հս.Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում ընդդեմ բոլորի...»։

ՀԱՊԿ պայմանագիր, Հոդված 2. «Անդամ պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը սպառնալիքի գոյացման դեպքում անդամ պետություններն անհապաղ գործարկում են համատեղ խորհրդատվության մեխանիզմները՝ նպատակ ունենալով համադրել իրենց դիրքորոշումները օգնություն տրամադրելու համար, մշակում և ընդունում են միջոցներ վտանգը վերացնելու ուղղությամբ» ։

Ելնելով այսպիսի, ինչպես կտեսնենք՝ ընտրովի, հետևաբար և խեղաթյուրված համեմատությունից՝ եզրակացվում է, որ 1. դաշնակիցների հետ հարաբերություններում ՀԱՊԿ այս «պրագմատիկ» մոտեցումը համահունչ է պայմանագրի տառին և ոգուն (ինչը, ինչպես կտեսնենք, սխալ է փաստացի); 2. այն համապատասխանում է Ռուսաստանի ազգային շահերին (ինչը, կարծում ենք, սխալ է կոնցեպտուալ առումով): Ակումբի կարծիքով, դաշինքների համակարգն առաջին հերթին պետք է ապահովի Ռուսաստանի ներկայությունը որպես ազդեցիկ ուժ իր համար կարևոր տարածաշրջաններում: Բայց, միևնույն ժամանակ, Ռուսաստանը պետք է խուսափի սեփական դաշնակիցների մանիպուլյացիաներին ենթարկվելուց: Օրինակ, պարզաբանում են «Գրառումները», «Հայաստանի հետ հարաբերությունները ՌԴ-ի համար կարևոր են Անդրկովկասում իր ներկայությունը պահպանելու և ամրապնդելու առումով: ՌԴ-ն Հայաստանին տրամադրում է և կշարունակի տրամադրել ռազմական օգնություն և կսատարի տնտեսական զարգացմանը: Բայց Ռուսաստանը կխուսափի այնպիսի իրավիճակներից, երբ իր հակառակ կոալիցիայում կհայտնվի Ադրբեջանը՝ մեկ կամ մի քանի հարևան պետությունների հետ միասին»:

Պետք չէ միջուկային ֆիզիկոս լինել` հասկանալու համար, որ ողջ խնդիրն այստեղ այն է, թե ինչ են հասկանում «Գրառումների» հեղինակները «դաշնակիցների մանիպուլյացիաներ» ասելով: Եվ ի՞նչ կլինի, եթե, օրինակ, Ադրբեջանը «մեկ կամ մի քանի հարևան պետությունների հետ հայտնվի ՌԴ հակընդդեմ կոալիցիայում»: Ու սա՝ ոչ թե քմահաճույքի կամ մանիպուլյացիաների արդյունքում, այլ աշխարհաքաղաքականության դաժան օրենքների տրամաբանությամբ:

Ինչևէ, այսպիսին են իրողությունները: Եվ ոչ միայն Վալդայան ակումբի «Գրառումների» էջերում, այլև ՌԴ իշխանական վերնախավի շատ ավելի լայն շրջանակների ընկալումներում:

ՎՏԱՆԳՆԵՐ

Հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքին սպառնացող վտանգների լայն բազմության մեջ գլխավոր վտանգը, կարծում ենք, հիմնարար փաստաթղթերի ահա այսպիսի ընտրական ընթերցումն է և այն հետևությունները, որոնց անհրաժեշտաբար հանգում են դրանց այսպիսի «պրագմատիկ» ընթերցմամբ: Պարզաբանենք սա հետևյալ համեմատական աղյուսակով.


«Պրագմատիկների» այսպիսի մոտեցումը, կարծում ենք, արատավոր է: Նախ՝ նրա համար, որ այն հիմնվում է հիմնարար փաստաթղթերի ընտրովի ընթերցման վրա: Այսպես, ՆԱՏՕ դաշինքի 5-րդ հոդվածի ամբողջական տեսքը հետևյալն է.

Հյուսիսատլանտյան դաշնագիր, Հոդված 5. «Կողմերը համաձայնում են, որ զինված հարձակումը Կողմերից մեկի կամ մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հյուսիսային Ամերիկայում կդիտարկվի որպես հարձակում ընդդեմ բոլորի, հետևաբար, նրանք համաձայնում են, որ եթե նման զինված հարձակում կատարվի, ապա նրանցից յուրաքանչյուրը, ըստ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի, որով ճանաչվում է անհատական կամ հավաքական ինքնապաշտպանության իրավունքը, կօժանդակի այն կողմին կամ կողմերին, որոնց վրա հարձակում է կատարվել` անմիջապես անհատական կամ մյուս կողմերի հետ համախմբված գործողություն ձեռնարկելով, ներառյալ զինված ուժի կիրառումը: Նման գործողության նպատակն է Հյուսիսատլանտյան տարածաշրջանում անվտանգության վերականգնումն ու պահպանումը»2:

Դե, իսկ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը, որը «Գրառումների» հեղինակները, չգիտես ինչու, «մոռացել» են ցիտել, աներկբա ասում է, որ.

ՀԱՊԿ պայմանագիր, Հոդված 4. «…Եթե պայմանագրի մեկ մասնակից ենթարկվում է ագրեսիայի, ապա դա դիտարկվում է որպես ագրեսիա բոլոր մասնակից պետությունների հանդեպ: Ագրեսիայի ենթարկված պետության խնդրանքի դեպքում մնացյալ բոլոր պետությունները նրան տրամադրում են անհրաժեշտ օգնություն, ներառյալ ռազմական օգնություն, ինչպես նաև կսատարեն իրենց տրամադրության տակ եղած միջոցներով, ըստ ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի շրջանակներում նախատեսված կոլեկտիվ անվտանգության իրավունքի»3:

Այսինքն՝ ճիշտ այն, ինչ ասվում է ՆԱՏՕ պայմանագրի 5-րդ հոդվածում՝ ընդհուպ մինչև հղում ՄԱԿ կանոնադրության 51-րդ հոդվածի վրա:

Վերջապես, [1]-ի հեղինակները մոռացել են ցիտել նաև «ՀԱՊԿ Կոլեկտիվ անվտանգության հայեցակարգ» կոչվող փաստաթուղթը, որում հստակ սահմանված են դաշինքի հայեցակարգային հիմունքները. 1. անվտանգության միասնականության դրույթը, այսինքն՝ ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա բոլորի հանդեպ; 2. մասնակիցների անվտանգության ապահովման գործում մասնակից պետությունների հավասար պատասխանատվությունը4:

Բայց այս «պրագմատիկ մոտեցումը» արատավոր է նաև այն պատճառով, որ արհեստածին կերպով ջանում է միավորել Վ.Ցիմբուրսկու «կղզի-Ռուսաստան» [3] հայեցակարգի որոշ տարրեր Դ.Ռամսֆելդի ցինիկ «առաքելությունն է ձևավորում դաշինքը, այլ ոչ թե հակառակը» 2001թ. բանաձևին [4]5: Հասկանալի է, մենք չէ, որ պետք է որոշենք, թե ինչպես պետք է Ռուսաստանը կառուցի իր դաշնակցային հարաբերությունները: Բայց պարտավոր ենք մատնանշել հետևյալը. ցինիզմը և պրագմատիզմը աշխարհաքաղաքականությունում առկա են դարեր ի վեր: Եվ այստեղ կան արդեն դրա հմուտ վարպետներ: Իսկ ինչպես ասում է հայկական ասույթը՝ «չարժե սատանի մայլում քյանդրբազություն անել»։ Ոչ մի լավ բանի սա չի հանգեցնի:

Կրկնենք: Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմաքաղաքական դաշինքին սպառնացող գլխավոր վտանգը մենք համարում ենք ոչ թե բելառուսա-չինական «Պոլոնեզները», իսրայելական «Լորաները», ռուսական ТОС-երը, թուրքական «Գասիրգաները» կամ «SOM»-երը ադրբեջանական բանակում: Ոչ թե Նախիջևանում արբանյակների ղեկավարման պահեստային կենտրոնը կամ թուրք ռազմական հրահանգիչներին: Ոչ էլ անգամ Կասպիցի սահմանազատման գործում Ռուսաստանի վերջերս արձանագրած նահանջը կամ Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման դանդաղումը: Այլ դաշնակիցների հետ հարաբերությունների հարցում այսպիսի «պրագմատիկ», իսկ իրականում՝ արատավոր մոտեցումը:

ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Հեռու ենք այն մտքից, որ ի վիճակի ենք հայեցակարգային առումով ազդել դաշնակցային հարաբերությունների ձևավորման վրա Մոսկվայում կամ, առավել ևս՝ Աստանայում ու Մինսկում: Կցանկանայինք միայն ընդգծել դաշնակցային հարաբերությունների այն տարրերը, որոնք, մեր կարծիքով, պահպանում են իրենց ողջ օգտակարությունն ու արդյունավետությունը թե՛ «պրագմատիկների» ad hoc մոտեցման, թե՛ «գաղափարախոսների» ավելի խորացված ընկալումների պարագայում: Հակիրճ դրանք կարելի է վերնագրել հետևյալ կերպ. «Ապահովել դաշնակից տերությունների տեխնոլոգիական և ենթակառուցվածքային կապակցվածությունը քաղաքական առնվազն 2 – 3 էլեկտորալ ցիկլերի հեռանկարում»:

Այս առումով արդեն իրականացված են մի շարք կարևոր քայլեր: Նկատի ունենք ՀՀ և ՌԴ միացյալ ռազմական խմբավորման ձևավորումը, ՀՕՊ, հուսով ենք՝ նաև ՀՀՊ համատեղ հրամանատարության ստեղծումը, Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի գտնվելու ժամկետի երկարաձգումը մինչև 2044թ.: Սակայն այս ամենը, արդի աշխարհի հիբրիդային սպառնալիքների պայմաններում, մեր կարծիքով՝ բավարար չէ:

Բանն այն է, որ այս, կրկնենք՝ կարևոր քայլերն ապահովում են միայն ենթակառուցվածքային կապակցվածություն, և միայն բուն ռազմական ոլորտում: Սակայն քիչ բան են տալիս, օրինակ՝ էներգատրանսպորտային կապակցվածության առումով կամ տեխնոլոգիական ու տնտեսական ամբողջական ոլորտներում: Առավել ևս՝ մեր երկրների հանրությունների և իշխանական վերնախավերի կողմից տարածաշրջանում և ողջ աշխարհում ներկայում ընթացող բուռն գործընթացների փոխլրացնող և փոխամրապնդող ընկալումների ձևավորման գործում: Այս տեսանկյունից, կարծում ենք, առաջնահերթ են հետևյալ խնդիրները.

1. 2026 թվականից սկսած և 50-70 տարի ժամանակային հորիզոնում ապահովել Հայաստանում ատոմային էներգետիկայի ողջ սեգմենտի առկայությունն ու զարգացումը;

2. Վերակենդանացնել և զարգացնել երկարաժամկետ և բարձրտեխնոլոգիական համագործակցությունն արբանյակային ունակությունների, լազերային տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում;

3. Վճռականորեն իրագործել Հայաստանն ապաշրջափակող «Հյուսիս-Հարավ» էներգատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը:

4. Իսկ ամենակարևորը, մեր կարծիքով, Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը բուն քաղաքական, եթե կուզեք՝ աշխարհաքաղաքական բովանդակությամբ հագեցնելու խնդիրն է:

Չէ՞ որ Հայաստանը, ինչպես և Ռուսաստանը, ավարտված աշխարհաքաղաքական ծրագրեր չեն: Ինչպե՞ս մենք դրանք կավարտենք, և մե՞նք է, որ պիտի դրանք ավարտենք. ահա հարցեր, որոնք պահանջում են խորացված և հիմնավոր պատասխաններ: Խոսել մեր երկրների ռազմաքաղաքական դաշինքի հեռանկարների մասին արժե առաջին հերթին հենց այս պատասխանների համատեղ որոնման ծիրում:

Գրականություն

1. Силаев Н., Сушенцов А., Союзники России и геополитический фронтир в Евразии. Валдайские записки, № 66, апрель, 2017.

2. Арутюнян Г.А., Марджанян А.А., Духовно-технологические ресурсы и вопросы союзничества в гибридных реалиях, «21-й ВЕК», 4 (45), 2017.

3. Цымбурский В.Л., Остров Россия. Циклы похищения Европы6.

4. Secretary of Defense Donald H. Rumsfeld Interview with Bob Schieffer on CBS "Face the Nation". Sept. 23, 20017.

1 Այս հարցի առնչությամբ տե՛ս [2]:

2 https://www.nato.int/cps/ru/natohq/official_texts_17120.htm?selectedLocale=hy

3 http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=126

4 http://www.odkb-csto.org/documents/detail.php?ELEMENT_ID=130

5 Լուսահոգի Վադիմ Լեոնիդովիչը, թերևս, զարմացած կլիներ այսպիսի հարևանությունից։

6 http://old.russ.ru/antolog/inoe/cymbur.htm#f1

7 http://www.tep-online.info/laku/usa/whitehou/dod/23092001_1.htm



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր