
«ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ
Գայանե Խաչատրյան
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նախօրեին Բաքու կատարած այցի շրջանակներում Ռուսաստանը հայտարարել է Ադրբեջանի հետ համագործակցության նոր ուղղության՝ միջուկային ոլորտում համագործակցության խորացման մասին: Խոսքը վերաբերում է ատոմակայանի կառուցմանը, որի շուրջ Բաքուն և Մոսկվան բանակցություններ են վարում:
Հայաստանում էներգետիկ հարցերով Միացյալ Ազգերի Կազմակերպության ազգային փորձագետ, «Նորավանք» հիմնադրամի առաջատար փորձագետ Արա Մարջանյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը ԱԷԿ կառուցելու ցանկություն ունի դեռ 2003 թվականից, և դրա համար տարբեր ճանապարհների է դիմել, օրինակ՝ ժամանակին կար «1, 2, 3» ծրագիրն ԱՄՆ-ի հետ, այժմ ՌԴ-ի հետ է ձեռնարկում որոշակի քայլեր, այնպես որ՝ ցանկությունը եղել է ու կա:
«Մեծամորի ԱԷԿ-ի հետ կապված Ադրբեջանի քարոզչությունը զուտ քարոզչություն է, որը տեղավորվում է Հայաստանը մեկուսացնելու, ապազարգացնելու, դեգրադացնելու և հյուծելու քաղաքականության բաղադրիչում: Իհարկե, Ադրբեջանում ԱԷԿ կառուցելը Ռուսաստանի և «Ռոսատոմի» գործն է: Մենք մեր մտահոգությունը պետք է հայտնենք այդ առնչությամբ և բարձրացնենք Հայաստանում նոր ատոմակայանի բլոկի հեռանկարի և կառուցման մեկնարկի խնդիրը»,- ասաց Ա.Մարջանյանը:
Ըստ նրա՝ կարևոր է հասկանալ, որ Հայաստանը պետք է ունենա նոր ռեզերվային մայրաքաղաք Կովսականում, որն Արցախի հարավային հատվածն է, և պետք է լրջորեն մտածել Արաքսի ձախակողմյան հատվածի տնտեսական և մարդկային զարգացման մասին: Ա.Մարջանյանի կարծիքով՝ դա պետք է լինի ՀՀ խնդիրը առաջիկա 20 տարիների կտրվածքով, և այդ ամբողջ տարածքը պետք է դարձնել ծաղկուն, զարգացած, արդյունաբերական և մարդկային պոտենցիալով լի տարածք, իսկ սահմանների ուժեղացումն էլ կլինի դրա բաղկացուցիչ մաս»:
Նոր ԱԷԿ-ի կառուցման հարցում, Ա.Մարջանյանի խոսքով, Հայաստանն է պասիվացել. «Խնդիրն այն է, որ Հայաստանը ստորագրել է ԵՄ-ի հետ ընդլայնված գործակցության համաձայնագիրը, որի 42-րդ հոդվածը պահանջում է ԱԷԿ-ի փակում և ներմուծում է նոր հսկող մարմին՝ «Եվրոատոմ», որը 2026 թ.-ին արդյունավետորեն կարգելափակի ռուսական տեխնոլոգիաների կիրառումը ՀՀ-ում: Եթե շարունակենք այն, ինչ կատարվում է, նոր ԱԷԿ չենք ունենա»:
Ա.Մարջանյանը նշեց, որ Հայաստանում իրականացվեց բազմակողմ և բազմափուլ ծրագիր, որը տևեց մոտ 5 տարի, և արդյունքում հանրային կարծիք ձևավորվեց, որ վերականգնվող էներգետիկ տարբեր տեխնոլոգիաներն ունակ են տեղակայել ատոմային էներգետիկա. «Դա բացարձակ անհեթեթություն է, բայց իրականացվեց այդ ծրագիրը, և այդպիսի կարծիք այժմ գոյություն ունի: Երկրորդ՝ կիրառության մեջ մտցվեց, այսպես կոչված, մոդուլային նոր բլոկների գաղափարը, որ հնարավոր է փոքր՝ 40-100 մգվտ բլոկներ կառուցել, և այդ տեխնոլոգիաները կարելի է ստանալ Կանադայից, Չինաստանից կամ ԱՄՆ-ից: Դա իր հերթին՝ բացարձակ անհեթեթ լուծում է ՀՀ-ի համար՝ թե՛ տեխնիկապես, թե՛ տեխնոլոգիապես, թե՛ տնտեսական առումով, բայց դա էլ շրջանառության մեջ դրվեց»:
Ա.Մարջանյանի խոսքով՝ այժմ նոր ԱԷԿ-ի կառուցումից Հայաստանը ոչ թե փաստացի հրաժարվել է, այլ այդ ուղղությամբ գործ չի անում:
«Դա առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի գաղափարն էր, որն արձագանք գտավ մեր ոչ այնքան գրագետ և ոչ այնքան պրոֆեսիոնալ շրջանակներում: Այդ ճնշումը 2007թ.-ից մշտապես կա Հայաստանի վրա և ունի իր մեջ իրականության տարր՝ իրոք, ՀԱԷԿ-ի անվտանգությունը պետք է բարձրացվի, անընդհատ հսկողության տակ պահվի, մոդեռնիզացվի, ինչը, կարծես, արվում է, բայց վաղ թե ուշ պետք է սկսել նոր բլոկի կառուցման հարցը, իսկ այստեղ որոշակի դանդաղում կա, և մեր բոլոր նախորդ առնվազն 3-4 կառավարություններն այդ ուղղությամբ վճռական քայլեր չեն արել: Ամեն դեպքում ԵՄ-ի համաձայնագրի ձաևակերպումներն այնպիսին են, որ Հայաստանը որոշակի լյուֆթ ունի և որոշակիորեն կարող է պահպանել հնարավորությունն ատոմակայանի նոր բլոկի կառուցման համար, ուղղակի հետևողականորեն պետք է աշխատանք տարվի»,- ասաց Ա.Մարջանյանը:
https://168.am/2018/12/16/1057690.html
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]