
ՖԻՔՍՎԱԾ ԼԱՅՆԱՇԵՐՏ ԿԱՊԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ. ՓԱՍՏԵՐ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 7, 2017
Արա Մարջանյան
«Նորավանք» ԳԿՀ առաջատար վերլուծաբան, տ.գ.թ., ա.գ.ա., ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ (էներգետիկա, տրանսպորտ)
Ինֆորմացիայի և կապի տեխնոլոգիաների (ԻԿՏ, ICT)1 ոլորտը ներկայիս ամենաբուռն զարգացող ոլորտներից է աշխարհում: Այն մեծապես պայմանավորում է հասարակության «ինֆորմացիոն (տեղեկատվական) հասունությունը», նպաստում երկրի տեխնոլոգիական, մասնավորապես՝ ցանցային պատրաստվածությանը2, փոխում հասարակության թե՛ տնտեսական ու տեխնոլոգիական վիճակը (технологический уклад), թե՛ դրա կառուցվածքն ու զարգացման դինամիկան: Հաշվի առնելով Հայաստանում ԻԿՏ ոլորտի նկատմամբ իշխանությունների և բիզնեսի հետաքրքրվածությունը, դրա մեծ վարկը հասարակությունում՝ զարմանք է առաջացնում այն հանգամանքը, որ այսօր մեզանում բացակայում են ոլորտի զարգացմանը նվիրված ոչ միայն վերլուծական ուսումնասիրությունները, այլև նույնիսկ առկա վիճակը համարժեք նկարագրող վիճակագրական և փաստագրական բնույթի հրապարակումները3, ոլորտի հիմնախնդիրներին նվիրված հայալեզու պարբերականները: Չկա անգամ մշակված և համարժեք եզրաբանություն։ Սույն հոդվածաշարը փորձ է՝ մասնակիորեն լրացնել այս բացը, հիմնականում փաստագրական առումով, և համահունչ է «Հայաստան-Ադրբեջան. կրիտիկական ենթակառուցվածքների ուսումնասիրություն» «Նորավանք» ԳԿՀ թեմայի մոտեցումներին [2-4]:
Այս առաջին հոդվածում դիտարկվում են ԻԿՏ ոլորտի հետևյալ 2 ցուցանիշները. ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների4 թիվը (ՖԼԿԲ, fixed broadband subscriptions) և այդ թվի հարաբերությունը երկրի բնակչության 100 հոգուն (fixed broadband subscriptions per 100 inhabitants): Հնարավորության դեպքում ներկայացվում են դրանց հավաստի ժամանակային շարքերը: Համեմատական վերլուծությունն իրականացվում է տեսակարար ցուցանիշներով և տարածաշրջանի 6 երկրների համար՝ Հայաստան (ՀՀ), Ադրբեջան (ԱՀ), Վրաստան (ՎՀ), Իրան, Թուրքիա, Ռուսաստան (ՌԴ): Անհրաժեշտության դեպքում դիտարկվում են նաև այլ երկրներ: 2017թ. օգոստոսի դրությամբ հասանելի տվյալները վերցված են ՀՀ և ԱՀ բաց պաշտոնական աղբյուրներից և Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ, ITU), ՄԱԿ ԶԾ և Համաշխարհային բանկի (WB) պաշտոնական հրապարակումներից, ինչպես նաև այս կառույցների տվյալների համացանցային գրադարաններից (բոլոր հարցումները՝ 2017թ. օգոստոս):
* * *
Տվյալ երկրում ԻԿՏ զարգացածության աստիճանը բնութագրող կարևորագույն բաղադրիչ է լայնաշերտ կապը (ԼԿ)՝ ընդհանրապես, և ֆիքսված լայնաշերտ կապը (ՖԼԿ)՝ մասնավորապես: Արձագանքելով ՄԱԿ գլխավոր քարտուղարի «Հազարամյակի զարգացման մարտահրավերներ» (Millennium Development Goals) ծրագրի շրջանակներում հնչեցված հորդորին՝ 2010թ. մայիսին հիմնվեց ՀՄՄ և UNESCO հովհանու ներքո գործող ՄԱԿ Թվային զարգացման լայնաշերտ կապի հանձնաժողովը (The Broadband Commission for Digital Development, ԼԿՀ)5, որն էլ ձեռնամուխ եղավ ԼԿ ոլորտում 4 հիմնական գլոբալ թիրախների ձևակերպմանը և դրանց հասնելու ծրագրերի ու ռազմավարությունների խթանմանը6։
Այս առումով ՖԼԿԲ թիվը և այդ թվի հարաբերությունը բնակչության 100 հոգուն ունեն կարևորագույն նշանակություն և բերվում են երկրների ինֆորմացիոն հասունությունը, ԻԿՏ ոլորտի զարգացվածությունը, տեխնոլոգիական պատրաստվածությունը գնահատաղ գլոբալ տեղեկատուներում [5-6] և բազմաթիվ մասնագիտական ուսումնասիրություններում։
Աղյուսակ 1-ում ամբողջացնում ենք այս երկու ցուցանիշով վերջին 4 տարիների համար հայկական պաշտոնական աղբյուրներում հասանելի բոլոր տվյալները: Ցուցանիշների վերտառությունը բերում ենք ըստ համապատասխան աղբյուրների: Դրանք հիմնականում հանդիսանում են տվյալ երկրի կապի և հեռահաղորդակցության նախարարությունները, ազգային վիճակագրական ծառայությունները և այլ լիազորված կազմակերպություններ: Հայաստանում այդպիսին է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (ՏԿՏՏՆ)7: Նման վերտառությամբ այն վերափոխվել էր 2016թ. սեպտեմբերին (2000-ից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն): Ադրբեջանում կապի նախարարությունը վերափոխվել էր կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության 2004թ. փետրվարի 24-ին: Իսկ 2017թ. փետրվարի 13-ին, միանալով տրանսպորտի նախարարության հետ, այն վերափոխվել է Ադրբեջանի տրանսպոտրի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարության8։
Անդրադառնանք աղյուսակ 1-ում բերվող ցուցանիշներին: Ինչպես տեսնում ենք, դրանք կարող են տարակուսանք առաջացնել և կարոտ են բացատրության: Նախ՝ դրանք դժվարհասանելի են, քանի որ չեն բերվում անմիջականորեն, այլ ընկղմված են ՏԿՏՏՆ 2013-15թթ. հաշվետվութան հավելվածների մեջ: Ընդ որում՝ ՀՀ ՏԿՏՏՆ վերջին հաշվետվությունում (հասանելի 2017թ. օգոստոսին) 2016թ. ցուցանիշները բացակայում են: Ընդհանրապես, ՀՀ ՏԿՏՏՆ պաշտոնական կայքը ԻԿՏ մասով տակավին հարուստ չէ ու չի պարունակում որևէ վիճակագրական, առավել ևս՝ վերլուծական բնույթի նյութ: Մասնավորապես, կայքում բացակայում է հայաստանյան կազմակերպությունների շրջանակում ՖԼԿԲ թվի նվազումը պարզաբանող որևէ փաստարկ: Ինչպես տեսնում ենք աղյուսակից, 2013-ին այն կազմում էր ավելի քան 13 հազ., մինչդեռ 2015-ին նվազում է մինչև 10.8 հազ: 2015-ին Հայաստանում ՖԼԿԲ ընդհանուր թիվը կազմել էր մոտ 297.2 հազ., որից 286.32 հազ.՝ ֆիզիկական անձանց համար [7, տող 13-14, ՀՄՄ կոդ՝ 4213tfbb և 4213tfbօ]: Իսկ 2013-ին՝ 256.2 և 243 հազ. համապատասխանաբար (տե՛ս Աղյուսակ 1): Համաձայն ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2016թ. օգոստոսի 30-ի թիվ 667-Ն հրամանի, Հայաստանում ԻԿՏ ոլորտի վիճակագրության ներկայացումը վերապահված է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին (ՀԾԿՀ) [8, տող 24-28, ԿՏՀ կոդ 2.17-2.21]:
Սակայն,ՀԾԿՀ պաշտոնական հաշվետվություններում ՖԼԿԲ ցուցանիշն ընդհանրապես չի դիտարկվում: Փոխարենը բերվում է «Լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների թիվ» վերտառությամբ մի ցուցանիշ, որի արժեքը 2016-ին կազմել է 1.911 մլն [9]: Հաշվետվությունը չի հիմնավորում ոչ 2016թ. այս արժեքը, ոչ դրա էական աճը 2015թ. ցուցանիշի (1.52 մլն) համեմատ և ոչ էլ այն փաստը, որ 2015թ. այս 1.52 մլն ցուցանիշը 5 անգամ ավելին է, քան ՏԿՏՏՆ 2015թ. ՖԼԿԲ թիվը՝ մոտ 297.2 հազ. (այս տարբերության մասին ավելի հանգամանալի տե՛ս ստորև): Բացի այդ, ոչ մի պաշտոնական աղբյուր չի բերում ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշները, որոնք պիտանի լինեին համեմատական վերլուծության համար:
Ուստի, հիմնվելով ՀՄՄ համացանցային գրադարանի տվյալների վրա՝ Գծապատկեր 1-ում կառուցում ենք մեր տարածաշրջանի 6 երկրների ՖԼԿԲ/100 հոգի կորերը 2008-16թթ. ժամանակահատվածի համար: Հայաստանի համար այս ցուցանիշը 2016թ. կազմել է 10.13 ՖԼԿԲ/100 հոգի (303 հազ. ՖԼԿԲ): Սա ՀՄՄ գնահատականն է (ինչպես տեսանք վերը, 2016թ. ՖԼԿԲ հուսալի գնահատականը Հայաստանում բացակայում էր)։ Եվ Հայաստանի այս ցուցանիշը նվազագույնն է մեր տարածաշրջանում: Իրոք, 2016-ին, Վրաստանին (15.81/100 հոգի, 677.6 հազ. ՖԼԿԲ) Հայաստանը զիջում էր ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշով մոտ 36%-ով, իսկ բացարձակ թվով՝ ավելի քան 2 անգամ: Ադրբեջանին (18.58/100 հոգի, 1.804 մլն ՖԼԿԲ) Հայաստանը զիջում էր մոտ 47% տեսակարար, և ավելի քան 6 անգամ՝ բացարձակ թվով:
Իրադրությունը նույնն էր նաև անցած 3 տարիներին: 2013-ից առաջ Հայաստանը տարածաշրջանում գերազանցում էր միայն Իրանին (տե՛ս Գծապատկեր 1): Եթե 2009-ին Ադրբեջանի համեմատ Հայաստանի ՖԼԿԲ ցուցանիշն ավելի մեծ էր, ապա հաջորդ տարի Ադրբեջանի ցուցանիշը սրընթաց աճում է՝ հասնելով 5.23 ՖԼԿԲ/100 հոգի, Հայաստանինը՝ 3.16: Հետագա տարիներին այս գերազանցումը միայն աճում է. 2012-ին Ադրբեջան՝ 14.7, Հայաստան՝ 7.1: 2014-ին Ադրբեջան՝ 19.9, Հայաստան՝ 9.1։ Այն աննշան նվազում է միայն 2016-ին՝ պայմանավորված առավելապես Ադրբեջանում այդ տարի ՖԼԿԲ թվի նվազումով (տե՛ս Գծապատկեր 1):
Գծապատկեր 2-ում ներկայացնում ենք 2016թ. դրությունն ավելի լայն համատեքստում՝ բերելով ՖԼԿԲ/100 հոգի ցուցանիշի արժեքները ԽՍՀՄ նախկին բոլոր հանրապետությունների և մի շարք այլ երկրների (ԱՄՆ, Իսրայել, Թուրքիա, Իրան) համար: Ներկայացնում ենք նաև աշխարհի 197 երկրների համար հաշվարկված 2016թ. միջին ցուցանիշը (14.02 ՖԼԿԲ/100 հոգի): Ընդ որում՝ 2016-ին 78 երկիր գերազանցում էր այս միջին ցուցանիշը, իսկ 119 երկրի համար գրանցված է միջին ցուցանիշից ավելի փոքր արդյունք:
Ինչպես տեսնում ենք, դիտարկվող երկրների մեջ առաջատարը Բելառուսն է, որը 2016թ. իր ցուցանիշով (33.3 ՖԼԿԲ/100 հոգի) աշխարհի 197 երկրների շարքում զբաղեցնում էր 24-րդ տեղը՝ գերազանցելով միջին համաշխարհային ցուցանիշն ավելի քան երկու անգամ: ԱՄՆ-ը՝ իր 32.37 ՖԼԿԲ/100 հոգի ցուցանիշով, զբաղեցնում էր 29-րդ տեղը, Իսրայելը՝ 44-րդ, Ադրբեջանը՝ 67-րդ, Մոլդովան՝ 74-րդ տեղը: Մինչդեռ Հայաստանը 2016թ. իր ցուցանիշով զբաղեցնում էր 92-րդ տեղը՝ զիջելով միջին համաշխարհային ցուցանիշին մոտ 30%-ով ու ԽՍՀՄ նախկին հանրապետություններից գերազանցելով միայն Ուզբեկստանին (աննշան), Ղրղզստանին, Թուրքմենստանին և Տաջիկստանին:
ԻԿՏ ոլորտում նոր տեխնոլոգիաների ներթափանցման, դրանց զարգացման դինամիկայի և օրինաչափությունների նկարագրման տեսանկյունից օգտակար է համեմատել ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշների կորերն այն երկրների համար, որոնք որդեգրել են տեխնոլոգիական զարգացման տարբեր մոդելներ: Այդ նպատակով Գծապատկեր 3-ում բերում ենք ԱՄՆ, Իսրայելի, Էստոնիայի Բելառուսի, ՌԴ-ի, Հայաստանի, Ադրբեջանի և Ուզբեկստանի կորերը 2000-16թթ. ժամանակահատվածի համար: Ինչպես տեսնում ենք, բոլոր այս կորերին բնորոշ է շրջված S-ձև տեսքը, շրջման մեկ կետով (inflection point): Այդ կետը նախանշում է բուռն զարգացման փուլի շրջումը զարգացման ավելի դանդաղ տեմպով փուլի: Ինչը շուկայի հագեցման, ֆիքսված լայնաշերտ կապի (ՖԼԿ) տեխնոլոգիաների տվյալ սերնդի սահմանային ցուցանիշներին հասնելու և այլ, այդ թվում՝ տնտեսական ու քաղաքական, գործոնների հետևանք է: Ընդ որում՝ որոշ երկրների համար շրջման կետից հետո ՖԼԿԲ կորը ոչ թե հասնում է «պլատո»-ի ռեժիմ՝ դառնալով հաստատուն, այլ շարունակում է դանդաղ գծային աճը (տե՛ս ԱՄՆ, Էստոնիայի և Իսրայելի ՖԼԿԲ կորերը Գծապատկեր 3-ում):
Այստեղ, սակայն, կցանկանայինք ընդգծել գծապատկերում բերվող կորերին բնորոշ երկու այլ կարևոր դինամիկ օրինաչափություն: Առաջինը տարբեր երկրների ՖԼԿԲ կորերի՝ միմյանց նկատմամբ ժամանակային շեղումն է՝ արտահայտված դրանց «ուշացումով» (ժամանակային լագով), ինչն արտացոլում է «թվային խզման» (digital divide) երևույթը9։ Երկրորդը ՖԼԿԲ/100 հոգի կորերի սկզբնական աճի փուլի կտրուկության աստիճանն է (крутизна, slope), և բուռն աճի այդ փուլի տևողությունը:
Իրոք, ՖԼԿ տեխնոլոգիաների ներթափանցումը Էստոնիայում կամ Իսրայելում սկսվել էր 2000-01թթ., իսկ ԱՄՆ-ում՝ դեռ 1998-ին: Շրջման կետին այս երկրների կորերը հասնում են 2004-05թթ., իսկ ավելի քան 60% միջին տարեկան աճի տեմպով զարգացման փուլի տևողությունն այդ երկրներում կազմում էր մոտ 5 տարի: ՌԴ-ի և Բելառուսի համար ՖԼԿ տեխնոլոգիաների ներթափանցումը սկսվում է Էստոնիայից և Իսրայելից մոտ 6-7 տարի ուշացումով: Եվ եթե ՌԴ պարագայում կորը հասնում է շրջման կետին ընդամենը 2 տարում, աճի համեմատաբար մեղմ տեմպի պարագայում, ապա Բելառուսի դեպքում աճի փուլը տևում է 7 տարի՝ շրջման կետին հասնելով դրա 4-րդ տարում՝ 2010-ին: Արդյունքում՝ Բելառուսը դրսևորում է ՖԼԿԲ տեսակարար ցուցանիշի տպավորիչ արդյունք, բացառիկ ողջ աշխարհի համար: 2016-ին այն գերազանցում էր նույնիսկ ԱՄՆ-ին և Էստոնիային: Հայաստանում և Ադրբեջանում զարգացումը սկսվում է ՌԴ և Բելառուսից 3-4 տարի ուշացումով՝ 2008-ին։ Եվ եթե Ադրբեջանի պարագայում բուռն զարգացման փուլը տևում է 5 տարի՝ շրջման կետին հասնելով 4-րդ տարում, ապա Հայաստանի պարագայում այն ավելի կարճ էր, աճի ավելի ցածր տեմպով: Ուզբեկստանում զարգացումը սկսվում է էլ ավելի ուշ՝ 2013-ին, Հայաստանից և Ադրբեջանից 4 տարի ուշացումով: Սակայն աճի տեմպն Ուզբեկստանում այնպիսին էր, որ 2016թ. ՖԼԿԲ/100 հոգի ցուցանիշով գրեթե հավասարվում է Հայաստանին: Ներկայացված վիճակն ինքնին մտահոգիչ է և ավելի մտահոգիչ է դառնում, քանի որ այն գրեթե անհնարին է տեսնել մեր վիճակագրությունից կամ նշմարել պաշտոնական հրապարակումներում:
Իրոք, ինչպես նշել էինք վերը, պաշտոնական հրապարակումներում և կայքում ՖԼԿԲ բացարձակ թվերը դժվարահաս են: Իսկ ՖԼԿԲ/100 հոգի տեսակարար ցուցանիշները ընդհանրապես չեն բերվում ոչ ՏԿՏՏ, ոչ էլ ՀԾԿՀ կայքէջերում10։ Փոխարենը, ՀԾԿՀ 2016թ. գործունեության մասին տարեկան հաշվետվությունում այս առնչությամբ հանդիպում ենք միայն հետևյալ անհասկանալի պնդմանը. «Ավելացել են լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալները, որոնց բաժանորդների քանակը (ներառյալ շարժական 3G) 2016թ. կազմել է 1 911 089, ինչը նշանակում է, որ նախորդ տարվա համեմատ գրանցվել է բաժանորդների քանակի աճ 26%-ով» [9, էջ 31]: Այս պնդումն ապակողմնորոշող է, ոչ համարժեք և կարող է բերել և բերում է (տե՛ս [1, 10, 11]) թյուրիմացությունների:
Բանն այն է, որ ոչ ՀՄՄ-ն, ոչ էլ մասնագիտական որևէ կառույց չի ճանաչում այնպիսի ցուցանիշ, ինչպիսին է «լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման ծավալը, որոնց բաժանորդների քանակը ներառի շարժական 3G կապը»: Հակառակը, դրանք ճանաչում են մոբիլ կապին առնչվող տարատեսակ ցուցանիշներ (դրանց մասին՝ հաջորդ հոդվածներում), ինչպես նաև դրանցից միանգամայն զատ, հստակ սահմանված ու մեծապես կարևորվող ֆիքսված լայնաշերտ կապի բաժանորդների թիվը՝ ՖԼԿԲ: Ըստ միջազգայնորեն ընդունված մեթոդաբանության [12, 13]11, այն պետք է ներառի համացանցին TCP/IP արագագործ պրոտոկոլներով ֆիքսված բաժանորդային միացումները միայն 256 կԲիտ/վ ու ավելի արագությամբ (downstream speed), ներառյալ WiMAX ոչմալուխային տեխնոլոգիայով միացումները: Եվ այն չպետք է ներառի մոբիլ բջջային սարքավորումներից համացանցին միացումների թիվը:
Ներմուծելով «լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդ» (ԼԻԲ) արհեստածին ցուցանիշը, ներառելով դրանում նաև 3G մոբիլ կապով ինտերնետ հասանելիությամբ բաժանորդների թիվը՝ գործառության մեջ է դրվում ոչ միայն տեխնիկա-տեխնոլոգիական իմաստից զուրկ մի ցուցանիշ, այլև խախտվում է ընդունված մեթոդաբանությունը, խեղաթյուրվում Հայաստանում ԻԿՏ ներթափանցման իրական պատկերը: ՀԾԿՀ [9] հաշվետվության վերոնշյալ պնդումն իրականում պետք է ունենար հետևյալ տեսքը. «2016-ին ՖԼԿԲ թիվը Հայաստանում կազմել է մոտ 303 հազ.12 բաժանորդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի համեմատ (286.32 հազ.) աճել է 5.5%-ով՝ 2-րդ նվազագույն աճը անցած 6 տարիների ընթացքում»: Իսկապես, 2015-ին աճը նախորդ տարվա համեմատ կազմել էր 4.7%: Մինչդեռ, 2014-ին այն 2013թ. համեմատ կազմել էր 10.9%, 2013-ին՝ 12.8%, 2012-ին՝ 24.3%, իսկ 2011-ին՝ 41.7%.
Գծապատկեր 4-ում բերում ենք Հայաստանում ՖԼԿԲ թվի իրական կորը 2008-16թթ. համար՝ կառուցված ըստ ՀՄՄ առցանց գրադարանի տվյալների: Որպես դրանց աղբյուր ՀՄՄ-ն նշում է ՀՀ ՏԿՏՏ նախարարությունը, բացառությամբ 2011 և 2016թթ., որոնց համար բերվում են ՀՄՄ սեփական գնահատականները: Գծապատկերում բերում ենք նաև ՀԾԿՀ-ի կողմից ներմուծված ԼԻԲ ցուցանիշի կորը [9, 10]: Համեմատության համար նույն գրաֆիկում բերում ենք Ադրբեջանի ՖԼԿԲ կորը՝ համաձայն ՀՄՄ բազայի տվյալների: Որպես դրանց աղբյուր ՀՄՄ-ն նշում է ԱՀ տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը (MTC&HT)13։
Այսպիսով.
- Հայաստանում ՖԼԿ ներթափանցման ուշացումն առաջատար երկրներից կազմել է 10-12 տարի: Այս ժամանակահատվածն ավելին է, քան ՖԼԿ տեխնոլոգիական մեկ սերնդափոխության տևողությունը:
- Կառուցվածքային առումով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը նախարարական մակարդակով Հայաստանում հիմնվել է 2016-ին՝ Ադրբեջանից 12 տարի ուշացումով:
- Ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում նախարարական մակարդակաով տակավին կազմավորված չէ։
- Հայաստանում ՖԼԿԲ/100 հոգի տեսակարար ցուցանիշի սկզբնական աճի փուլին բնորոշ էին ընդհանուր ընկճվածությունը, դրա կտրուկության պակասը և շրջման փուլի վաղ հասունացումը: Արդյունքում՝ նշված ցուցանիշներով Հայաստանը տարածաշրջանում զբաղեցնում է վերջին տեղը:
- Անցած 7 տարիների ընթացքում այս ցուցանիշով Հայաստանը զիջում էր Ադրբեջանին միջինը տարեկան 50%-ով, իսկ բացարձակ թվերով՝ միջինը տարեկան 6.3 անգամ:
1 Հայաստանում այն ներկայումս կոչվում է «Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների» ոլորտ։ Ոլորտում մասնագիտական եզրաբանության մտահոգիչ վիճակի մասին տե՛ս ստորև և շարքի հաջորդ բաժիններում։
2 Երկրների ցանցային պատրաստվածության ինդեքսների (Networked readiness index) կանդրադառնանք շարքի հաջորդ բաժիններում։
3 Եթե չհաշվենք ԱՄՆ-ում տպագրվող «Մասիս» շաբաթաթերթում 2016թ. մարտին հրապարակված հակիրճ ակնարկը [1]:
4 Ֆիզիկական և իրավաբանական:
5 http://www.broadbandcommission.org
6 Հոդվածի հաջորդ բաժիններում կանդրադառնանք դրանցից երկուսին՝ ՖԼԿ մատչելիությանը և ինտերնետի օգտատերերի տեսակարար թվին:
7 http://mtcit.am/main.php?lang=1&page_id=643#։ 2016թ. սեպտեմբերից նախարար է նշանակվել 2008-2016թթ. «GNC-ալֆա» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մարտիրոսյանը։
8 Նախարար է նշանակվել Կապի և բարձր տեխնոլոգիաների նախկին նախարարը (Ռամին Գուլուզադե), http://www.mincom.gov.az
9 Դրան կանդրադառնանք շարքի հաջորդ հոդվածներում:
10 http://psrc.am./sectors/electronic-communications
11 Ընդունված ու հաստատված նաև Հայաստանում [7, տող 13-14, Սահմանումներ]:
12 ՀՄՄ գնահատական:
13 Բացառված չէ, որ MTC&HT-ի կողմից ՀՄՄ զեկուցված տվյալներն ուռճացված են (տե՛ս շարքի հաջորդ հոդվածում): Ադրբեջանից ստացված ԻԿՏ ոլորտի վիճակագրական տվյալների արժանահավատության ցածր գնահատականների մասին տե՛ս [14]:
Շարունակելի
Աղբյուրներ և գրականություն
1. Gharabegian Areg, Internet in Armenia and Neighboring Countries. Masis, March 31, 2016, https://massispost.com/2016/03/internet-in-armenia-and-neighboring-countries/
2. Մարջանյան Ա.Հ., Նյութական և ոչ նյութական կրիտիկական ենթակառուցվածքներ. Ադրբեջանի կրիտիկական ենթակառուցվածքները, «Նորավանք» ԳԿՀ սեմինար, 23.12.2016, http://www.noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=15305
3. Մարտիրոսյան Ս., Հայաստանի տեղեկատվական անվտանգության հիմնախնդիրներ. խոցելի ենթակառուցվածքներ, «Նորավանք» ԳԿՀ սեմինար, 10.03.2017, http://www.noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=15551
4. Գրինյաև Ս., Կրիտիկական ենթակառուցվածքներ. տեսություն և արդիականություն, «Նորավանք» ԳԿՀ սեմինար, 26.06.2017, http://www.noravank.am/arm/seminar/detail.php?ELEMENT_ID=15847
5. UN International Telecommunication Union. Measuring the Information Society, http://www.itu.int. Broadband Commission for Sustainable Development. State of Broadband reports, http://www.broadbandcommission.org/resources/Pages/default.aspx
6. The World Bank Group. World Development Indicators. 5.12 The information society, http://wdi.worldbank.org/table
7. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի օգոստոսի 30-ի թիվ 667-Ն հրաման, «Հավելված N 1», http://mtcit.am/edfiles/files/THT/3008201615.2.pdf
8. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2016թ. օգոստոսի 30-ի թիվ 667-Ն հրաման, http://mtcit.am/edfiles/files/THT/667N.compressed.pdf
9. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. գործունեության հաշվետվություն: Հաստատված է 2017թ. ապրիլի 19-ի No 138L որոշմամբ, http://psrc.am/images/docs/reports/Report_2016.pdf
10. Մարտիրոսյան Ս., Համացանցի և բջջային կապի ներթափանցումը Հայաստանում 2016թ., «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 6 (85), 2017, http://www.noravank.am/upload/pdf/Globus_6_2017.pdf
11. Թունյան Բ., Ինչ է կատարվում Հայաստանի ՏՏ ոլորտում, 168 ժամ, մայիս 28, 2017, https://168.am/2017/05/28/800211.html
12. ITU. Measuring the Information Society Reports.
13. The World Bank Group. World Development Indicators.
14. The World Bank Group. World Development Indicators. 5. States and Markets, Table 5.14. Statistical capacity, http://wdi.worldbank.org/table/5.14
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ՀԱՅԱՍՏԱՆՆ ԻՐ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀԱՅՏՆԻ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԱԷԿ-Ի ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ». ՓՈՐՁԱԳԵՏ[17.12.2018]
- ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ[05.11.2018]
- ՇՓՄԱՆ ԳԻԾ–ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ (05.10.18)[09.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔԸ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[07.08.2018]
- ԳԼՈԲԱԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐ, ՍԵՐՆԴԱՅԻՆ ԱԼԻՔՆԵՐ ԵՎ ՊԱՏՄԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ[19.07.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇԻՆՔՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ. ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎՏԱՆԳՆԵՐ, ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ[09.07.2018]
- ԻՍՐԱՅԵԼԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՕԳՏԱԳՈՐԾԻ ԻՐԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ (տեսանյութ)[16.05.2018]
- ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ[08.05.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՍՄԻԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԵՏԱԽՈՒԶԱ-ՀԵՌԱԶՆՆՄԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ[09.04.2018]
- ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ «ԲԱՆԱԼԻՆ» ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ Է. Ա.ՄԱՐՋԱՆՅԱՆ[26.02.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԵԳՄԵՆՏԸ[19.02.2018]