
ԱՐԺԵՔԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՐՊԵՍ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՆ ԱՃԸ ԽԹԱՆՈՂ ԳՈՐԾՈՆ
Սամվել Մանուկյան
Սոց. գ. թ., «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի խորհրդատու
Հայաստանում ժողովրդագրական վիճակն արդեն ավելի քան 20 տարի վատթարանում է, ներկայում խիստ անբարենպաստ է և, հիմքեր կան ենթադրելու, որ այն շարունակելու է վատթարանալ: Դրա մասին են վկայում ինչպես ՀՀ Ազգային վիճակագրական վարչության տվյալները, այնպես էլ սոցիոլոգիական հետազոտությունները:
Ըստ ՀՀ ԱՎԾ տվյալների, 1992թ. Հայաստանի մշտական բնակչությունը հասել է իր առավելագույնին՝ 3.633 միլիոն մարդ, իսկ 2016թ. այն դարձել էր 2.998 միլիոն։
1990թ. Հայաստանում կանանց պտղաբերության գործակիցը հավասար էր 2.62-ի, իսկ սկսած 1993-ից՝ արդեն 22 տարի, այն ավելի ցածր է, քան 2.15-ը՝ այն շեմային արժեքը, որը երկարատև ժամանակահատվածում ապահովում է բնակչության պարզ վերարտադրությունը։ 2015թ. այն դարձել է 1.64 [1]:
Սկսած 2010 թվականից՝ Հայաստանից մեկնածների թվաքանակը գերազանցում է մուտք գործողների թվաքանակը միջին հաշվով 42,000 մարդով, իսկ 2016թ. կազմել է 48,170 մարդ [1]։ Ներկայում դեռևս հիմքեր չկան ենթադրելու, որ տեսանելի ապագայում այդ միտումները կդառնան բարենպաստ։
«21-րդ ԴԱՐ» ամսագիրը պարբերաբար անդրադարձ է կատարել Հայաստանում ժողովրդագրական վիճակը պայմանավորող կարևորագույն բաղադրիչներից՝ արտագաղթի վիճակի միտումների և դրանք պայմանավորող գործոնների մաթեմատիկական գնահատմանը և սոցիոլոգիական մեկնաբանությանը [2, 3]:
Ներկայացվող հոդվածում դիտարկված է Հայաստանում ժողովրդագրական վիճակը պայմանավորող երկրորդ կարևորագույն բաղադրիչի՝ բնակչության բնական աճի խնդիրը:
Փորձ է կատարվել հիմնավորելու, որ արդի Հայաստանում այն պայմանավորող հիմնարար գործոններն արժեքա-մշակութային են: Առանց զարգացնելու ավանդական արժեքային համակարգի գերակայությունն ազատական արժեքային համակարգի նկատմամբ՝ բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումն անբավարար կլինի ապահովելու Հայաստանում բնական աճի նույնիսկ պարզ վերարտադրությունը։
Հայաստանում բնական աճի խթանման պետական մոտեցումը. Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը [4] և Հայաստանի ռազմական դոկտրինը ծնելիության ցածր մակարդակը սահմանել են որպես Հայաստանի ազգային անվտան-գության ներքին սպառնալիք [5]։ Այդ դրույթին համապատասխան, սկսած 2009-ից, Հայաստանում մշակվել և իրականացվել են ժողովրդագրական վիճակի բարելավման ռազմավարություններ։ Ներկայում իրականացվում է դրա հերթական տարբերակը՝ «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018թթ. ազգային ծրագիրը» [6]:
Այդ ծրագրում Հայաստանում բնակչության բնական աճի խթանման մոտեցումը հիմնված է այն հիմնադրույթին, որ ծնելիության անկման պատճառները հիմնականում սոցիալ-տնտեսական են։ Ծրագրում, մասնավորապես, գրված է. «10. Բնակչության աճի հիմնական ցուցանիշների փոփոխությունները պայմանավորված են ժողովրդագրական գործընթացների վրա ազդող գործոններով, որոնց շարքում հիմնական դերակատարում ունեն` 1) ընտանիքի կայուն եկամուտը, կենսապայմանները և բարեկեցությունը, 2) ընտանիքի բնակարանային պայմանները, 3) ընտանիքի սոցիալական պաշտպանվածության աստիճանը, 4) միգրացիայի մակարդակը, 5) մայրության և երեխայի իրավունքների պաշտպանվածության մակարդակը, 6) բնակչության առողջության, մասնավորապես վերարտադրողական առողջության մակարդակը, 7) կրթական ծառայությունների մատչելիությունը, 8) չկառա-վարվող ներքին միգրացիան, ուրբանիզացման մակարդակը և այլն» [6]։
Իրոք, երբ մարդկանց հարցնում են, թե ինչու նրանք չեն ունենում այնքան երեխա, որքան ցանկանում են, ապա, որպես կանոն նրանք նշում են այն պատճառները, որոնք թվարկված են Ազգային ծրագրում: Օրինակ, 2014թ. իրականացված «Կյանքի որակը Հայաստանում» հետազոտության արդյունքներով, 18-45 տարեկան ամուսնացած անձինք այդ հարցին պատասխանել են՝ անբավարար է ֆինանսական վիճակը (56.5%), անբավարար են բնակարանային պայմանները (25.3%), առողջական վիճակը (13.3%), անորոշությունը ապագայի նկատմամբ (10.3%): Ընդ որում, 18-29 տարեկան ամուսնացածների մոտ կեսը՝ 48.1%-ը, պատասխանել է. «Ոչինչ չի խանգարում՝ դեռ կունենամ»: 30-45 տարեկան ամուսնացածների շրջանում այդ պատասխանը նշել է հարցվածների 16.8%-ը (Աղյուսակ 1).

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[12.11.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[29.10.2018]
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [01.10.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.08.2018]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[11.07.2018]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.05.2018]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ[26.04.2018]