
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Սամվել Մանուկյան
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ
Զեկուցում՝ կարդացված երիտասարդ քաղաքագետների և միջազգայնագետների համար, Եվրասիական փորձագիտական ակումբի «Գլոբալ մարտահրավերները և Եվրասիական ինտեգրացիան» թեմայով կլոր սեղանի ժամանակ, 2015թ. փետրվարի 27-ին, «Նորավանք» ԳԿՀ-ում, Երևան։
Հոդվածի վերնագրի դրույթները հիմնավորվում են՝ ելնելով մակրոսոցիոլոգիական տեսությունից՝ աշխարհամակարգային վերլուծությունից1, աշխարհաքաղաքական տրամաբանությունից, հայտնի պատմական դեպքերից և աշխարհամակարգի դինամիկայի արդի միտումներից։ Ակնհայտ է, որ խնդրի ողջ բարդությունն անհնար է տեղավորել փոքրիկ հոդվածում։ Սակայն, եթե անհնար լիներ հակիրճ ներկայացնել հայեցակարգի բուն էությունը, ապա դա, կնշանակեր, որ հայեցակարգն ինքն ադեկվատ չէ իրականությանը։
Աշխարհամակարգային վերլուծությունը պնդում է, որ արդեն XIX դարավերջից հասարակական գիտությունների (որոնք, ըստ այդ տեսության դրույթների, անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջություն) վերլուծության միավորն արդեն ողջ աշխարհն է, որն իրենից ներկայացնում է միասնական կապիտալիստական աշխարհամակարգ։ Միևնույն ժամանակ, կապիտալիստական աշխարհամակարգը հանդիսանում է աշխարհտնտեսություն, այսինքն՝ այնպիսի համակարգ, որտեղ բարիքները բաշխվում են շուկայի միջոցով, ի տարբերություն աշխարհամակարգի մյուս տեսակի՝ աշխարհկայսրության, որտեղ բարիքները վերաբաշխվում են կենտրոնացված՝ իշխանական հարաբերությունների հիման վրա։
Ցանկացած աշխարհամակարգի հիմքը աշխատանքի բաժանումն է։
Կապիտալիստական աշխարհամակարգի նպատակը կապիտալի անսահմանափակ կուտակումն է։ Այստեղ հաջողության հասնում են նրանք, ովքեր ձգտում են իրենց շահույթը մաքսիմիզացնել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ հեռանկարում։
Աշխարհամակարգն ունի միջուկ (կամ Կենտրոն)՝ տնտեսապես և տեխնոլոգիապես զարգացած երկրները: Այսօր դրանք են ԱՄՆ-ը, Արևմտյան Եվրոպան, Ճապոնիան, կիսածայրամաս, որի երկրներն են առաջին հերթին՝ БРИКС երկրները (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն), ծայրամաս, որի կազմում են այն երկրները, որոնք ընդունված է անվանել երրորդ աշխարհ (բացի այն երկրներից, որոնք արդեն վերածվել են կիսածայրամասային երկրների)։
Աշխարհամակարգի գործունեությունը կազմակերպված է այնպես, որ առավել զարգացած երկրները (հիմնականում միջուկի երկրները) օգտագործելով իրենց տնտեսական և տեխնոլոգիական գերազանցությունը, սահմանում են անհավասար տնտեսական փոխանակման հարաբերություններ՝ դրանով իսկ ստանալով աշխարհամակարգում ստեղծված բարիքների անհամամասնորեն ավելի մեծ մասը, քան պակաս զարգացած երկրները։
Երկրների միջև անհավասար փոխանակման հարաբերությունները վերջին հաշվով պահպանվում են միջուկի երկրների ռազմական գերազանցությամբ։ Անհավասար փոխանակման հետևանքով կապիտալն ընդհանուր առմամբ կուտակվում է միջուկի երկրներում, իսկ առաջացած տնտեսական, սոցիալական և էկոլոգիական խնդիրները՝ ծայրամասի երկրներում։
Կապիտալիստական աշխարհամակարգը ստեղծում է ազգային պետությունների համակարգ՝ հիմնված ուժերի հավասարակշռության վրա: Այդ հավասարակշռության նպատակն ու բնույթն այնպիսին են, որ մի առանձին երկիր միայնակ ունակ չէ իր պայմաններն անվերապահորեն թելադրել մնացած բոլոր պետություններին միասին վերցրած։ Աշխարհտնտեսության տրամաբանությունը թելադրում է, որպեսզի յուրաքանչյուր պետություն իր տարածքում լինի բավարար ուժեղ՝ արդյունավետ պաշտպանելու համար կապիտալի նկատմամբ կապիտալիստի սեփականության իրավունքը և շահույթի ստացումը: Սակայն, մյուս կողմից, պետությունը չպետք է լինի այնքան ուժեղ, որպեսզի ունակ լինի բարիքների բաշխման շուկայական սկզբունքը փոխարինել կենտրոնացված կամ այլ՝ ոչ շուկայական սկզբունքով, այսինքն՝ վերածվել աշխարհկայսրության։
Աշխարհամակարգն ունի հեգեմոն՝ միջուկի տնտեսապես, տեխնոլոգիապես և ռազմական առումով առավել հզոր պետությունը։ Հեգեմոն պետությունը, իր գերիշխող դիրքի շնորհիվ, ունի կապիտալի կուտակման և զարգացման լավագույն հնարավորությունները։ Մյուս կողմից, իր հեգեմոնի կարգավիճակի պատճառով այն ստիպված է կրել աշխարհամակարգի կառավարման և կարգը պահպանելու ծախսերը, ինչը ներառում է նաև հսկայական ռազմական ծախսեր։ Հեգեմոնի երկակի կարգավիճակի այդ հիմնական հակասությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար նվազեցնում է հեգեմոն երկրում կապիտալի արդյունավետությունը: Հեգեմոնը աստիճանաբար սկսում է կորցնել իր առավելությունները, ինչի հետևանքով աշխարհամակարգի այլ՝ սովորաբար միջուկի պետությունները փորձում են գրավել հեգեմոնի տեղը՝ ստանալու համար այդ կարգավիճակից բխող առավելությունները։ Ի վերջո, այդպես էլ ստացվում է։
Տեսությունը պնդում է, որ արդի աշխարհամակարգը կազմավորվել է XVI դարում։ Այդտեղ հերթով հեգեմոն կարգավիճակ են ունեցել՝ XVII դարում Նիդեռլանդների Միացյալ Նահանգները, XIXդ. կեսին՝ Մեծ Բրիտանիան, XXդ. կեսին՝ ԱՄՆ-ը։ «Այդ պետությունները մենք անվանում ենք հեգեմոն, այն պատճառով, որ սկսած որոշակի պահից՝ նրանք ունակ էին դառնում միջպետական ողջ համակարգի համար սահմանել խաղի կանոնները, գերիշխում էին աշխարհտնտեսությունում, առաջինն էին արտադրության մեջ, առևտրում և ֆինանսներում, հասնում էին իրենց ձեռնտու քաղաքական որոշումներին ռազմական ուժի նվազագույն կիրառմամբ, թեև ռազմական առումով նրանք բոլորն էլ ուժեղ էին, սահմանում էին այն մշակութային բառապաշարը, որից օգտվում էր ողջ աշխարհը»2։
Հեգեմոնի փոփոխությունը տեղի է ունենում «երեսնամյա պատերազմների» արդյունքում։ Առաջին այդպիսի պատերազմը, որի արդյունքում աշխարհամակարգում գերակայեցին Հոլանդիայի շահերը, տեղի է ունեցել 1618-1648թթ.։ Երկրորդը, որում գերակայեցին Մեծ Բրիտանիայի շահերը, 1792-1815թթ.։ Իսկ երրորդը, որում գերակայեցին ԱՄՆ շահերը, 1914-1945թթ.3։
Աշխարհամակարգի մեկ այլ հակասություն է կիսածայրամասի երկրների ձգտումը՝ իրենց հզորությամբ, տնտեսական և տեխնոլոգիական զարգացմամբ հասնել միջուկի երկրներին, իսկ վերջինները խոչընդոտում են դրան։ Դրա պատմական օրինակներն են Ռուսական կայսրության ջանքերը XIX դարավերջին, ԽՍՀՄ-ինը՝ XX դարում և Ռուսաստանի Դաշնության ջանքերը XXI դարասկզբից։ Ընդ որում՝ աշխարհտնտեսական տրամաբանության շրջանակներում միջուկի երկրները ջանում են մասնատել կիսածայրամասի կամ ծայրամասի ցանկացած երկիր, որն ունի բավականաչափ մեծ տարածք, բնական, մարդկային, տեխնոլոգիական, ֆինանսական ու ռազմական ռեսուրսներ, որոնց շնորհիվ մոտ կամ հեռու ապագայում այն կարող է հավակնել միջուկ երկրների հետ հավասարության:
Աշխարհամակարգային տեսությունը պնդում է, որ սկսած 1960-ականների վերջից և առայսօր տեղի է ունենում արդի աշխարհամակարգային հեգեմոնի՝ ԱՄՆ թուլացման գործընթաց, ինչը խարխլում է աշխարհամակարգի կառուցվածքը, մեծացնում է աշխարհամակարգային անորոշությունը և բարձրացնում է աշխարհամակարգում մեծ ու փոքր (չի բացառվում՝ նաև համաշխարհային) պատերազմների հավանականությունը։
Անվտանգությունը
Աշխարհամակարգային վերլուծության շրջանակներում դիտարկենք Հայաստանի դրությունն աշխարհամակարգի երկու անցումային շրջաններում՝ 1914-1920թթ., երբ ավարտվում էր Մեծ Բրիտանիայի հեգեմոնիան, և այսօր, երբ ավարտվում է ԱՄՆ հեգեմոնիան։ Վերջին շրջանը Հայաստանի համար սկսվել է ԽՍՀՄ փլուզմամբ։
Առաջին համաշխարհային պատերազմն աշխարհամակարգում հեգեմոնի հերթական փոփոխման արտահայտությունն էր։ Պատերազմով առաջին հերթին շահագրգռված էր հեգեմոնիան կորցնող Բրիտանական կայսրությունը։ Ոչ մի հեգեմոն ինքնակամ չի զիջում իր դիրքը: Շահագրգռված էին նաև միջուկի երկու հզոր երկրները՝ Գերմանիան և ԱՄՆ-ը, որոնց հավակնությունները հեգեմոնի կարգավիճակին առավել իրատեսական էին: Այս գործընթացի կոնկրետ բովանդակությունն այն էր, որ կենտրոնի երկրները ձգտում էին պահպանել իրենց գաղութները կամ իրենց օգտին վերաբաշխել դրանք: Մյուս կողմից, քանի որ կապիտալի անվերջ կուտակումը պահանջում է ռեսուրսների և, մասնավորապես, տարածքների անվերջ ընդլայնում, հետևաբար, Առաջին համաշխարհային պատերազմի մյուս կարևորագույն նպատակն էր մասնատել այդ ժամանակ գոյություն ունեցող աշխարհկայսրությունները, այդ թվում Ռուսական և Օսմանյան կայսրությունները, վերածել դրանք փոքր, անկախ և թույլ ծայրամասային պետությունների համակարգի (ուժերի բալանսի բովանդակությանը համահունչ), քանի որ այդ կայսրություններն իրենց տարածքներում խոչընդոտում էին միջուկի երկրների կապիտալների ազատ էքսպանսիային։ Ռուսական կայսրը և սուլթանը բավական մեծ հսկողություն ունեին իրենց կայսրություններում կապիտալի գործունեության նկատմամբ։ Մյուս կողմից, եթե հսկայական տարածքներ, բնակչություն և բնական ռեսուրսներ ունեցող կայսրություններում կապիտալիզմը զարգանար «ինքնաբերաբար», առանց միջուկի երկրների վերահսկողության, ապա դրանք արագ կվերածվեին լիարժեք և հզոր կապիտալիստական պետությունների և կհամալրեին կենտրոնի երկրների ցանկը, այսինքն՝ կաճեր հեգեմոնի կարգավիճակի հավակնորդների քանակը: Տեղը չէր բավականացնի բոլորին։ Ուժեղ պետությունների թվի ավելացմանը զուգահեռ՝ նվազում է կապիտալի անսահմանափակ կուտակման հնարավորությունը։
XX դարասկզբի հեղափոխությունները Ռուսական և Օսմանյան կայսրություններում, այդ թվում Ռուսաստանում փետրվարյան հեղափոխությունը, Ռուսաստանի ազգային ծայրամասերի անջատումը, դրանցում քաղաքականապես անկախ, տնտեսապես և ռազմական առումով թույլ և ազգային-տարածքային հակամարտություններով ծվատվող հանրապետությունների կազմավորումն աշխարհամակարգի կենտրոնի երկրների (Բրիտանիայի, Գերմանիայի4, Ֆրանսիայի և ԱՄՆ) վերահսկողությամբ, աշխարհամակարգային տրամաբանության արտացոլումն են հեգեմոնի փոփոխման փուլում։
Հեգեմոնի փոփոխումն ուղեկցվում է աշխարհամակարգում բիֆուրկացիայով։ Դժվար էր 1918-1919թթ. ենթադրել, որ Ռուսաստանը և Թուրքիան կդիմանան։ Բայց դա տեղի ունեցավ։ Չնայած Ռուսաստանի և Թուրքիայի միջև դարավոր մրցակցությանը և բազմաթիվ պատերազմներին, 1919-1921թթ. Ռուսաստանի և Թուրքիայի մերձեցումը նրանց գոյատևման տեսակետից դարձավ անհրաժեշտություն։
Նրանց մերձեցման կարևոր գործոն էր նաև սոցիալիստական հեղափոխության պարտությունը Գերմանիայում, որից հետո Խորհրդային Ռուսաստանի հեղափոխական գաղափարախոսությունն արդյունաբերական Եվրոպայի հետ սոցիալիստական միությունից վերակողմնորոշվեց Արևելքի ճնշված ժողովուրդների ազատագրման ուղղությամբ։ Այս համատեքստում Անդրկովկասի բոլոր նոր փոքր երկրները, որ ստեղծվել էին Բրիտանական կայսրության կամ ԱՄՆ հովանավորությամբ և նրանց դաշնակիցներն էին, անխուսափելիորեն վերածվում էին թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի թշնամիների։ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ֆրանսիան ներխուժել էին Ռուսաստան և Թուրքիա:
Այս կառուցվածքային շրջանակում էին զարգանում 1919-1920թթ. իրադարձությունները։ Խորհրդային Ռուսաստանը և քեմալական Թուրքիան պայքարում էին իրենց ընդհանուր թշնամիների դեմ, և այդ թշնամիների փոքրիկ անդրկովկասյան դաշնակիցները նույնպես նրանց թշնամիներն էին:
Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան իրենց ռազմական հաղթանակներով դուրս մղեցին Բրիտանիային Անդրկովկասից, ինչը նախապայման դարձավ տարածաշրջանում Թուրքիայի ու Ռուսաստանի միջև ազդեցության նոր բաժանման համար, որն սկսվեց 1920 թվականից։ Այս պայմաններում Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվեր դաշնակիցների հարցում։ Մանավանդ որ Հայաստանի հովանավոր երկիրը՝ Բրիտանիան, ինչպես նաև ԱՄՆ-ը և Ֆրանսիան, համառորեն խորհուրդ էին տալիս հայկական դիվանագիտությանը՝ հույս չդնել իրենց ռազմական օգնության վրա, այլ կողմնորոշվել Թուրքիայի կամ Ռուսաստանի միջև5։
Հարկ է նշել, որ Անտանտի երկրների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի հրաժարումը՝ 1920թ. հոկտեմբեր-նոյեմբերին օգնել Հայաստանին թուրքական ինտերվենցիայի դեմ, իրավիճակային որոշում չէր։ Այն հասունանում էր դեռ 1919թ. ամռանից, երբ բրիտանական խորհրդարանում բանավեճ էր ծավալվել Ռուսաստանի հանդեպ բրիտանական քաղաքականության վերաբերյալ: Բրիտանական խոշոր կապիտալի խորհրդարանական ներկայացուցիչները փաստարկում էին, որ Բրիտանական կայսրությունը, պատերազմի վրա հսկայական միջոցներ ծախսելով, դեռևս ոչ մի շիլինգի շահույթ չի ստացել, մինչդեռ ԱՄՆ-ը արդեն կոնցեսիոն պայմանագրեր էր կնքում Խորհրդային Ռուսաստանի հետ6։
Այս համատեքստում, աշխարհամակարգային վերլուծության հայեցակարգային շրջանակներում միանգամայն տրամաբանական և սպասելի էր, որ, Ռուսաստանում խորհրդային իշխանության ամրապնդմանը զուգահեռ նվազելու և իսպառ դադարելու էր ինչպես բրիտանական ռազմական աջակցությունը Դենիկինին, այնպես էլ Հայաստանը բախտի քմահաճույքին թողնելը, որն, ի դեպ, բացահայտորեն չէր հայտարարվում ընդհուպ մինչև 1920թ. հոկտեմբերը։ Բրիտանիայի համար ավելի շահավետ էր սկսել կիսածայրամասային, անգամ սոցիալիստական երկրի տնտեսական շահագործումը, քան շարունակել ֆինանսավորել նրա փլուզումը, այն դեպքում, երբ դրանից ավելի շուտ կօգտվեին նրա մրցակից-դաշնակիցները։
Հավանաբար, Անդրկովկասի 1921-1991թթ. քարտեզը այլ տեսք կունենար, եթե Հայաստանը դաշնակցի հարցում ճիշտ կողմնորոշվեր ոչ թե 1920թ. վերջին7, այլ սկզբում: Հնարավոր է՝ կորուստներն ավելի քիչ կլինեին։
Հարկ է դիտարկել նաև Խորհրդային Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադարձությունների զարգացման տրամաբանությունը 1920թ. վերջինների խորհրդայնացումից հետո։ Երբ Անդրկովկասում Ռուսաստանի և Թուրքիայի ազդեցության ոլորտները սկզբունքորեն արդեն սահմանազատվել էին, հրատապ դարձավ Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտությունների լուծման հարցը։ Այս հարցում, այնուամենայնիվ, առկա էր թուրքական լուրջ ազդեցությունը։ Ռուսական դիվանագիտությունը հիանալի գիտակցում էր թուրքական ապագա վտանգը, եթե Թուրքիան և Ադրբեջանը սահմանակից դառնան, ինչն էլ դարձավ այն գործոններից մեկը, որի հետևանքով Զանգեզուրը մնաց Խորհրդային Հայաստանի կազմում։
1921թ. Անդրկովկասի քաղաքական քարտեզը բնորոշող մեկ այլ կարևոր գործոն էր այն, որ XX դարասկզբին համաշխարհային տնտեսությունն արդեն մտել էր «ներքին այրման շարժիչի» կամ՝ նավթի դարաշրջան։ Պետության զարգացումը և հզորությունը, այդ թվում և ռազմական, սկսեց պայմանավորվել ինքնաթիռների, տանկերի, ավտոմոբիլների առկայությամբ, քանակով և որակով8։ XX դարասկզբին նավթի համաշխարհային արդյունահանման կեսից ավելին տեղակայված էր Ադրբեջանում: Իսկ 1918թ. Ադրբեջանում էր նախկին Ռուսական կայսրության տարածքում նավթի արդյունահանման 82.6%։ Ուստի, Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի վեճի մեջ Բաքվի սպառնալիքը՝ նավթ չմատակարարել Ռուսաստանին, ծանրակշիռ փաստարկ էր9, չէ՞ որ պատերազմը Խորհրդային Ռուսաստանի դեմ դեռ շարունակվում էր (որն, ի դեպ, տարբեր ձևերով շարունակվում է մինչև օրս)։ Այդ փաստարկն ուժեղացվում էր նաև Ադրբեջանի կոմունիստական իշխանության սպառնալիքով, որ Ղարաբաղը Հայաստանի կազմում թողնելու դեպքում իրենք հրաժարական կտան, այսինքն՝ Ադրբեջանում նորից կհայտնվի իշխանություն, որը Թուրքիայի հետ դաշնակցելով՝ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանի համար:
Անդրադառնանք աշխարհամակարգում հեգեմոնի թուլացման արդի դարաշրջանին։
Ըստ աշխարհամակարգային վերլուծության դրույթների, 1970-ականներից սկսվեցին ԱՄՆ հեգեմոնիայի թուլացումը և աշխարհամակարգային նոր ճգնաժամը, որը շարունակվում է մինչև այսօր: Հեգեմոն երկրում՝ ԱՄՆ-ում, կապիտալի շահութաբերության անհրաժեշտ մակարդակը պահպանելու համար հարկավոր էր աշխարհամակարգը վերակառուցել այնպես, որպեսզի ԽՍՀՄ և Սոցիալիստական համագործակցության երկրները կիսածայրամասային կարգավիճակից իջնեին ծայրամասային կարգավիճակ, այսինքն՝ վերածվեին նախևառաջ հեգեմոնի հումքային կցորդի և արտադրանքի իրացման այնպիսի շուկայի, որը գործում է հեգեմոնի թելադրած պայմաններով, այլ ոչ թե այդ երկրների ազգային շահին համահունչ:
ԽՍՀՄ բարձրագույն կուսակցական ղեկավարության անհամապատասխանությունն առաջացած խնդիրներին հանգեցրեց թե՛ Սոցիալիստական համագործակցության, թե՛ ԽՍՀՄ փլուզմանը, իսկ 1990-ականների վերջին արդեն քչերն էին կասկածում, որ տեղի է ունենալու նաև Ռուսաստանի Դաշնության կազմալուծումը։ Սակայն սկսած 2000 թվականից՝ Ռուսաստանում կազմավորվեց բարձրագույն քաղաքական իշխանություն, որը միանգամայն համարժեք էր ընկալում իր առջև դրված խնդիրը, և Ռուսաստանը հերթական անգամ սկսեց մոբիլիզացնել ուժերն աշխարհում իր կարգավիճակը վերականգնելու համար։
Ռուսաստանի հզորության վերականգնմանը զուգահեռ՝ ուժեղանում է նաև աշխարհամակարգի միջուկի՝ ԱՄՆ և ԵՄ համակարգային ճնշումը։ Ինչպես և XX դարասկզբին, Թուրքիան նույնպես գիտակցում է, որ իրական է նաև իր մասնատման սպառնալիքը. արդեն տասնամյակից ավելի է, ինչ տարբեր հրապարակումներում շրջանառվում են մասնատված Թուրքիայի ռազմավարական քարտեզները, որոնք տարածում են ԱՄՆ ռազմական ուժերի կամ հատուկ ծառայությունների բարձրաստիճան պաշտոնաթող ներկայացուցիչները:
XXI դարասկզբին մեր տարածաշրջանում կրկնվում է XX դարասկզբի աշխարհաքաղաքական կառուցվածքը10: Միջուկի երկրների քաղաքականությունը նորից առաջացրեց Թուրքիայի և Ռուսաստանի մերձեցման ռազմավարական անհրաժեշտությունը, ինչն, իհարկե, չի վերացնում խորքային հակասություններն այդ երկրների միջև։ ԱՄՆ և ԵՄ ճնշումների հետևանքով ՌԴ-ից դեպի ԵՄ գազի «Հարավային հոսքի» կերպարանափոխումը «Թուրքական հոսքի» այդ աշխարհամակարգային տրամաբանությունից բխող աշխարհտնտեսական արտահայտությունն է: Գազի «Թուրքական հոսքը» երկար ժամանակով է շաղկապել Ռուսաստանի և Թուրքիայի ռազմավարական շահերն ընդդեմ ԱՄՆ և ԵՄ ճնշումների։ Նշենք նաև, որ ներկայում դիտարկվում է նաև Թուրքիայի՝ Մաքսային միությանն անդամակցելու հարցը։
Սակայն այս անգամ Հայաստանը ճիշտ ժամանակին կատարեց ճիշտ աշխարհաքաղաքական ընտրություն՝ անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը։ Այլապես անդառնալի կորուստների հավանականությունը չափից ավելի բարձր, եթե ոչ անխուսափելի կլիներ։ Հայաստանը, որպես ԵՏՄ լիիրավ անդամ, ծանրակշիռ փաստարկներ ունի իր՝ թշնամաբար տրամադրված երկու հարևանների ռազմավարության ճշգրտման համար, որոնք ԵՏՄ անդամներ չեն, և չի բացառվում, որ կարող են ցանկություն հայտնել կամ ստիպված լինել դառնալ ԵՏՄ անդամ։
Այնուամենայնիվ, այսօրվա կոնֆիգուրացիայի բովանդակությունը կարևոր տարբերություններ ունի XX դարասկզբի կոնֆիգուրացիայից, որոնք ամրապնդում են Հայաստանի դիրքերը։ Այսօր Ռուսաստանի համար կարևոր է ոչ թե ինքնին ադրբեջանական նավթը11, այլ դրա տեղափոխման երթուղիների վերահսկողությունը։
Այս համատեքստում Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքները կարևոր աշխարհառազմավարական նշանակություն ունեն։ Մյուս կողմից, ինչպես Թուրքիայի և Ադրբեջանի սահմանազատման գոտու առակայությունը (համանման է 1921թ. իրավիճակին), այնպես էլ դրա ընդլայնումը՝ ԼՂՀ-ի դեմ Ադրբեջանի անհաջող ագրեսիայի արդյունքում, Ռուսական մեծ տարածքի պաշտպանության կարևոր բաղադրիչներ են Ռուսաստան – Թուրքիա հարաբերությունների ապագա հավանական բարդություններից խուսափելու համար, եթե ներկայում դինամիկ զարգացող Թուրքիայում գերակշռեն պանօսմանյան և պանթյուրքական նկրտումները։
Այս համատեքստում, եթե հիշենք, որ արդի աշխարհամակարգային ճգնաժամի երկարատև փուլում աշխարհամակարգի միջուկի կարևորագույն նպատակը Ռուսաստանի մասնատումն է, ապա հարկավոր է հստակ գիտակցել, որ այդ նպատակին հասնելու գործընթացում աշխարհամակարգի միջուկի համար հզոր հակառուսական, պանթյուրքական գործոնը շատ ավելի կարևոր է, քան Հայաստանի և հայ ժողովրդի մշակութային-պատմական հավակնությունները՝ տիրելու իր Հայրենիքին։
Զարգացումը
Հայտնի է, որ Հայաստանի Երկրորդ Հանրապետությունը՝ Հայկական ԽՍՀ-ն, ԽՍՀՄ կազմում հասել էր գիտատեխնոլոգիական և արդյունաբերական ապշեցուցիչ հաջողությունների, ինչի արդյունքում տեղի է ունեցել նաև սոցիալական և մշակութային աննախադեպ զարգացում։ Այդ բուռն և համակարգային զարգացումը պայմանավորված էր չորս հիմնական գործոններով՝ մեկը՝ ընդհանուր համակարգային, երկուսը՝ յուրահատուկ համակարգային և մեկը՝ յուրահատուկ ազգային։
Ընդհանուր համակարգային գործոնը գիտական և արդյունաբերական զարգացմանն ուղղված ԽՍՀՄ գիտակցված գերագույն մոբիլիզացիոն ջանքն էր՝ պաշտպանվելու համար ռազմական ագրեսիայից և տնտեսական ստրկացումից: Մյուս կողմից, ԽՍՀՄ-ը նպատակ ուներ վերածվելու աշխարհի հզորագույն պետությանը, որն ունի իր համամարդկային բարոյական առաքելությունը: Այդ ընդհանուր համակարգային գործոնը ձևավորվեց կումունիստական գաղափարախոսության հիման վրա և բարեհաջող գործարկվեց աշխարհամակարգային (տվյալ դեպքում՝ կապիտալիստական) տրամաբանությունը գերազանց ճանաչող ԽՍՀՄ քաղաքական ղեկավարության կողմից:
Երկու յուրահատուկ համակարգային գործոնները նույնպես գաղափարախոսական էին և բխում էին սոցիալիզմի գաղափարախոսության բուն էությունից. եթե սոցիալիզմի նպատակը աշխատանքի շահագործման վերացումն ու դրա հիման վրա համընդհանուր հավասարության հասարակության կայացումն են, ապա դրանից անմիջականորեն և տրամաբանորեն հետևում է.
ա) ծայրամասերի (ծայրամասային տարածքների) և
բ) հետամնաց ազգերի անհավասար զարգացման վերացման անհրաժեշտությունը՝ դրանց առաջանցիկ զարգացման ճանապարհով։
Չորրորդ՝ յուրահատուկ ազգային գործոնը հայ ժողովրդի ավանդական ձգտումն էր դեպի գիտելիքը և ազգային հզոր ավանդույթները, որը հարյուրամյակներով պետություն չունեցող ազգի գոյատևման գրավականներից մեկն էր։
Թե ինչ զարգացում կունենար անկախ Հայաստանը բրիտանական հովանու ներքո՝ կարելի է պատկերացնել, ելնելով երկու օրինակից։ Արդեն քառորդ դար է, որ Հայաստանը ընդգրկվել է աշխարհամակարգում որպես «լիիրավ» անդամ։ Հայաստանն իրականացրել է միջազգային կազմակերպությունների և աշխարհամակարգի միջուկի երկրների կողմից առաջարկված (պարտադրված) առանց բացառության բոլոր բարեփոխումները, որոնք, ինչպես հայտարարում էին լիբերալ բարեփոխիչները, պետք է ապահովեին Հայաստանի բարգավաճումը: Ընդ որում, իրենց իսկ՝ միջազգային կազմակերպությունների գնահատականներով, տնտեսական բարեփոխումների հարցում Հայաստանը եղել է օրինակելի երկիր: Սակայն զարգացման փոխարեն, ինչպես և կանխատեսում է աշխարհամակարգային վերլուծությունը, Հայաստանն աշխարհամակարգում ընդգրկվեց որպես ծայրամասային երկիր։ Հայաստանը միջուկի երկրներ է արտահանում հումք (պղնձի և մոլիբդենի խտանյութ), իսկ կիսածայրամասային երկրներ՝ գինու-օղու արտադրանք և աշխատուժ։
Արդյո՞ք սա պատահականություն է կամ բացասական հանգամանքների եզակի համադրում։ Հիշենք աշխարհամակարգային տրամաբանությունն արտացոլող մի խիստ հատկանշական, իսկ որոշ դեպքերում՝ նույնիսկ թվացյալ կուրիոզ պատմական փաստ։ Երբ ԱՄՆ-ը Բրիտանական կայսրության գաղութն էր, Թագավորական հրամանով նրանց արգելված էր անգամ ձիու պայտերի համար մեխ արտադրել։ Մեխը պետք է ներկրվեր մետրոպոլիայից, իսկ ԱՄՆ-ը պետք է արտադրեր բամբակ և հացահատիկ։ Բազմաթիվ այլ օրինակներ և մանրամասներ կարելի է ստանալ համաշխարհային տնտեսության պատմության վերաբերյալ մեծաքանակ հրապարակումներից։
Հարց է առաջաանում՝ իսկ արդյո՞ք այսօր Եվրասիական տնտեսական միությունում գոյություն ունեն Խորհրդային Հայաստանի զարգացմանը նպաստած թվարկված չորս գործոնները։
Ակնհայտ է, որ երկու յուրահատուկ համակարգային գործոններն այլևս գոյություն չունեն. այլևս գոյություն չունի այն գաղափարախոսությունը, որը նպատակ է դնում առաջանցիկ կերպով զարգացնել ծայրամասային տարածքները, երկրները և ազգերը: Դրա փոխարեն գործում է աշխարհամակարգային տրամաբանություն։
Սակայն այսօր ԵՏՄ-ում և հատկապես Ռուսաստանում առկա է առաջին և կարևորագույն ընդհանուր համակարգային գործոնը։ Ռուսաստանը պատրաստվում է հերթական մոբիլիզացիոն գերագույն ճիգին՝ գիտատեխնոլոգիական և արդյունաբերական հզոր թռիչքաձև զարգացման համար։ Եվ քանի որ այսօր դա հավասարարժեք է Ռուսաստանի ինքնապահպանմանը, հետևաբար հաջողության հավանականությունը շատ բարձր է։
Շարունակում է իր գոյությունը նաև երկրորդ գործոնը՝ զարգացմանն ուղղված հայ ժողովրդի ավանդական ձգտումը։
Այս երկու գործոնների փոխգործակցությունն է լուրջ շանսեր ձևավորում, որ Հայաստանը, երկարաժամկետ խելամիտ քաղաքականության, այդ քաղաքականությունն իրագործելու նպատակասլաց կամքի առկայության և լիբերալ տնտեսական կեղծ կարծրատիպերից հրաժարվելու պարագայում, կկարողանա գտնել իր բարձրտեխնոլոգիական նիշան նոր ձևավորվող տնտեսական տարածքում։
Աշխարհաքաղաքական այլ ընտրության դեպքում Հայաստանի համար այդպիսի շանս գոյություն չունի։
1 Տեսությունը ներկայացվում է ըստ. Валлерстайн И., Миросистемный анализ: Введение / Пер. Н.Тьюкиной, М., «Издательский дом «Территория будущего», 2006 (Серия «Университетская библиотека Александра Погорельского»).
2 Նույն տեղում, էջ 146։
3 Աշխարհամակարգային տեսությունը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները դիտում է որպես մեկ «երեսնամյա» պատերազմ, որը տևել է 1914-1945թթ.: Պատմական կուրիոզ կարելի է համարել այն, որ, ըստ Ու.Չերչիլի, երբ 1919թ. ֆրանսիացի մարշալ Ֆոշը տեղեկացավ Վերսալյան հաշտության պայմանագրին, ասաց. «Սա ոչ թե հաշտություն է, այլ 20-ամյա հրադադար»:
4 1917-1918թթ.՝ նախքան Գերմանիայի պարտությունը:
5 Ռիչարդ Հովհաննիսյան, Հայաստանի Հանրապետության միջազգային հարաբերությունները 1918-1920թթ., Երևան, 2007։
6 С. Карр Э., История Советской России, кн. 1, том 1 и 2, Большевистская революция. 1917-1923. Пер. с англ. /Предисловие Ненарокова А.П., М., Прогресс, 1990.
7 Ավելի ճիշտ՝ 1920թ. վերջին Հայաստանից այլևս ոչինչ կախված չէր, և, հետևաբար, Հայաստանը կողմնորոշման հնարավորություն չուներ:
8 «1918թ. նոյեմբերի 21-ին հաշտության պատվին անգլիական կառավարության տված ճաշկերույթի ժամանակ լորդ Քերզոնը, ամփոփելով Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները, մասնավորապես, ասաց հետևյալը. «...Հիրավի, ապագան կասի, որ դաշնակիցներին հաղթանակ բերեցին նավթի հոսքերը»։ Մեջբերումն ըստ՝ Султанов Ч., Нефть. http://sultanov.azeriland.com/oil/part_01.html
9 «Հայաստանի Կոմկուսի առաջին համագումարում (1922թ. հունվարի 26-29) Ալ.Մյասնիկյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչու Լեռնային Ղարաբաղը չմիացվեց Հայաստանին, ասել է. «Եթե բնութագրենք Կավբյուրոյի վերջին նիստը, ապա ասես թե այնտեղ նստած էին Ահարոնյանը, Թոփչիբաշևը և Չխենկելին։ Ադրբեջանն ասում էր, որ եթե Հայաստանը պահանջի Ղարաբաղը, ապա կերոսին չենք տա»։ Մեջբերումն ըստ՝ Լ.Խուրշուդյան, Վ.Միքայելյան, Հ.Սիմոնյան, Լեռնային Ղարաբաղը 1918–1923թթ. (ЦПАИМЛ, ф. 1, оп. 1, д. 232, л. 22—23), http://armenianhouse.org/caucasian-albania/050-060.html
10 Նշենք, որ «պատերնների տարածա-ժամանակային կրկնությունը» բարդ համակարգի բնութագրիչն է, ինչպիսին է նաև արդի աշխարհամակարգը։
11Նավթի արդյունահանումն Ադրբեջանում 2014թ. կազմել է Ռուսաստանի նավթարդյունահանման մոտավորապես 9%-ը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[12.11.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[29.10.2018]
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [01.10.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.08.2018]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[11.07.2018]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.05.2018]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ[26.04.2018]