
ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿՇԻՌ ՄԱՍԸ ԽՍՀՄ ՓԼՈՒԶՈՒՄԸ ԳՆԱՀԱՏՈՒՄ Է ԲԱՑԱՍԱԿԱՆ
Սոց.գ.թ., «Այ Փի Էս Սի» Քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինստիտուտ
2013թ. հունիս-օգոստոսին Գելափի հետազոտական կազմակերպությունը հետխորհրդային 15 հանրապետություններում իրականացրել է զանգվածային սոցիոլոգիական հարցումներ: Յուրաքանչյուր երկրում հարցումներն անցկացվել են 15 տարեկանից բարձր տարիքի առնվազն 1000 անձանց շրջանում: Դրանցից 11-ում, բացի Ուզբեկստանից, Լատվիայից, Լիտվայից և Էստոնիայից, հարց է տրվել. «Ընդհանուր առմամբ, ԽՍՀՄ փլուզումից Ձեր երկիրը շահե՞լ է, թե՞ տուժել»: Պարզվել է, որ յոթ հանրապետություններում` Հայաստան, Ղրղզստան, Ուկրաինա, Ռուսաստան, Տաջիկստան, Մոլդովա և Բելառուս, բնակչության մեծամասնությունը համարում է, որ ԽՍՀՄ փլուզումից իրենց երկիրը տուժել է, երեքում` Թուրքմենստան, Ղազախստան և Ադրբեջան, մեծամասնությունը համարում է, որ շահել է, իսկ Վրաստանում կարծիքները մոտավորապես կիսվել են (Աղյուսակ 1).
Ընդ որում, հետազոտությունն իրականացնողները հայտնաբերել են, որ համեմատաբար ավելի շատ են նշել, որ ԽՍՀՄ փլուզումից իրենց երկիրը շահել է, հետևյալ բնութագրերով անձինք.
- համեմատաբար ավելի երիտասարդները (Աղյուսակ 2),
- համեմատաբար ավելի բարձր կրթամակարդակ ունեցողները,
- համեմատաբար ավելի բարեկեցիկները,
- նրանք, ովքեր ավելի լավ ապագա են տեսնում իրենց կամ իրենց երեխաների համար և
- համարում են, որ կարող են հաջողության հասնել իրենց ջանասեր աշխատանքի շնորհիվ:
Փորձենք մեկնաբանել Գելափի հետազոտության արդյունքները: Առաջին հարցը, որը ծագում է, այն է, թե ինչու է հանրապետությունների մի մասի բնակչությունը ԽՍՀՄ փլուզումը գնահատում բացասական, իսկ մյուս մասը` դրական:
Աղյուսակի տվյալների ուշադիր դիտարկումը ցույց է տալիս, որ ԽՍՀՄ փլուզումն առավել բացասական են գնահատել այն երկրների հասարակությունները (Հայաստան, Ղրղզստան, Ուկրաինա), որոնք նախ` աղքատ են բնական ռեսուրսներով և աշխարհամակարգի կենտրոնի` Արևմուտքի համար այդ տեսակետից մեծ տնտեսական հետաքրքրություն չեն ներկայացնում, երկրորդն այն երկրներն են, որտեղ ԽՍՀՄ փլուզումից մինչև այսօր` 22 տարի, ընթանում է Արևմուտքի և Ռուսաստանի ինտենսիվ մրցակցությունն աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական գերիշխանության հաստատման համար, որն արտահայտվում է ներքաղաքական շարունակական անկայունությամբ, հեղաշրջումներով և դրանց փորձերով: Ներքաղաքական, իսկ Հայաստանի դեպքում՝ նաև արտաքին ռազմական բարձր ռիսկերի հետևանքով դրանց տնտեսությունների զարգացումը, մասնավորապես՝ հզոր արդյունաբերության վերականգնման հավանականությունը շատ փոքր է: Բնակչությունն աղքատ է, անհավասարությունը՝ մեծ: Արևմուտքի տեղեկատվական-մշակութային ինտերվենցիայի հետևանքով դասակարգային լարվածությունը պարբերաբար փոխակերպվում է տարբեր տիպի սոցիալական լարվածությունների, որոնք պարբերաբար վերածվում են մեծ և փոքր կոնֆլիկտների: Բնակչությունը հակված է արտագաղթի։
Նույնը վերաբերում է նաև Տաջիկստանին, այն բացառությամբ, որ այստեղ արդեն մեկ տասնամյակ է, ինչ դադարել է ներքին պատերազմը, որի հետևանքով ԽՍՀՄ փլուզման բացասական գնահատականը մի փոքր ավելի ցածր է, քան առաջին երեք նշված հանրապետություններում:
ԽՍՀՄ փլուզումը խիստ բացասական գնահատողների շարքում է նաև Ռուսաստանը: Այստեղ այդ գնահատականը կազմավորող գործոնների կոնֆիգուրացիան այլ է: Նախ` Ռուսաստանի հասարակությունը կորցրել է իր կարևորության` համամարդկային առաքելություն կրող ժողովրդի ինքնագիտակցումը: Ռուսաստանում մեկ տասնամյակ ներքին ինտենսիվ և արյունահեղ պատերազմ է մղվել Հյուսիսային Կովկասում` Չեչենական Հանրապետություն, Ինգուշական Հանրապետություն, Հյուսիսային Օսիա, Դաղստան: Այդ պատերազմը դեռևս շարունակվում է ահաբեկչական պատերազմի տեսքով: Ռուսաստանի հասարակությունը հետխորհրդային բոլոր մյուս հանրապետություններում Արևմուտքից հրահրվող ռուսատյացությունը նույնպես համարում է ԽՍՀՄ փլուզման հետևանք: Եթե հաշվի չառնենք Մոսկվան, մի քանի մեգապոլիսները և հանքահումքային բազայի վրա կառուցված մի քանի փոքր մոնոքաղաքների բնակչությունը, ապա Ռուսաստանի բնակչությունը նույնպես շատ աղքատ է, այն դեպքում, երբ Ռուսաստանը բնական ռեսուրսներով աշխարհի ամենահարուստ երկիրն է: Այստեղ օլիգարխների ուղղակի բացասական ազդեցությունը շատ ավելի է զգացվում: Հասարակության վրա հատկապես խիստ բացասական ազդեցություն է գործում օլիգարխների բացահայտ ցինիկ և ցուցադրական վարքագիծը:
ԽՍՀՄ փլուզումն ամենադրական է գնահատել Թուրքմենստանի հասարակությունը: Բացատրությունն ակնհայտ է: Հանրապետությունը զերծ է եղել ներքին կոնֆլիկտներից: Ավտորիտար կառավարման ոճը, որը որդեգրել էր Թուրքմենբաշին, բոլորովին էլ անընդունելի չէր այդ երկրի հասարակության համար, չնայած այդտեղ էլ հայտնվել էին ժողովրդավարության մի քանի տասնյակ առաջամարտիկներ: Գազով հարուստ պետությունն արժանացել է Արևմուտքի խիստ «նրբանկատ» վերաբերմունքին: Թուրքմենստանը Միջին Ասիայից Եվրոպա գազի և նավթի արտահանման հանգուցային երկիրն է, և՛ գազ է արդյունաբերում, և՛ հատկապես տրանզիտային երկիր է, ուստի, Արևմուտքն առանձնապես չէր հետաքրքրվում այդ երկրի կառավարման ռեժիմի բնույթով: Թուրքմենստանի կայունությունը և բարյացակամությունը կարևոր էր Արևմուտքի համար: Թուրքմենբաշին` արևելյան իմաստուն տիպի կառավարչի ոճով, երկրի բնական հսկայական պաշարներից ստացվող հսկայական եկամուտներով ոչ միայն լայնածավալ և շքեղ շինարարություն իրականացրեց Թուրքմենստանում, այլև ժողովրդի համար ապահովեց սոցիալական բարենպաստ պայմաններ` ոչ պակաս, քան ԽՍՀՄ-ում: Հատկապես կարևոր է նշել, որ Թուրքմենստանում պահպանվել է ԽՍՀՄ-ից ժառանգություն մնացած հասարակության համար մատչելի առողջապահական համակարգը:
Նույնպիսի մետագործոններ առկա են նաև ԽՍՀՄ փլուզումը համեմատաբար դրական համարող մյուս երկու հանրապետություններում` Ղազախստանում և Ադրբեջանում: Այդ երկրների նավթագազային պաշարները կարևոր են Արևմուտքի համար, ինչի հետևանքով այդտեղ նույնպես միջամտությունները երկրների ներքին կյանքին խիստ ինտենսիվ չեն եղել: Իհարկե, եղել են «մտահոգություններ» ժողովրդավարության թեմաներով, սակայն, ընդամենը որպես հարակից երրորդական թեմաներ՝ գլոբալ նավթագազային նախագծերից բավական հեռու:
Հարկ է նշել, որ Ադրբեջանում ԽՍՀՄ փլուզումը որպես առավելապես դրական երևույթ գնահատելն անուղղակիորեն մատնանշում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղյան հարցի խիստ սուր արծարծումն առանձնապես կարևոր նշանակություն չունի Ադրբեջանի հասարակության համար: Բավական է այն, որ նրանց «հանգիստ են թողել»: Բաքվում նավթային նախագծերի շուրջ կազմավորված բազմաթիվ մեծ ու փոքր կազմակերպություններում աշխատում են մեծ թվով քաղաքաբնակներ՝ բավական բարձր աշխատավարձերով: Գյուղում հողերը բարեբեր են: Ավելորդ աշխատուժը Ռուսաստանում զբաղված է առևտրով:
Վրաստանում ԽՍՀՄ փլուզումը բացասական գնահատողների քանակը կարող էր շատ ավելի մեծ լինել, եթե երկիրը չհանդիսանար Արևմուտքի նավթագազային միջանցքի հանգուցային պլատֆորմը: Միջին Ասիայի նավթագազային ռեսուրսների արտահանման, ինչպես նաև Ռուսաստանի մասնատման հեռահար ռազմավարության տեսակետից Անդրկովկասը հանգուցային տարածաշրջան է, իսկ Անդրկովկասում հանգուցային է Վրաստանը: Ահա թե ինչու Վրաստանում են գտնվել և այժմ էլ գտնվում են բազմաթիվ միջազգային կառույցների ներկայացուցչություններ, արևմտյան ֆոնդերով սնվող բազմաթիվ տեսական հասարակական կազմակերպություններ: Վրաստանի կառավարման համակարգը հսկայական և ինտենսիվ ֆինանսական օժանդակություն է ստանում Եվրոպայից և ԱՄՆ-ից: Անդրկովկասում ՆԱՏՕ-ին անդամակցելու մեծ հավանականությամբ երկրի համար ֆինանսական միջոցներ չեն խնայվում: Ավելի շուտ կարելի էր զարմանալ, թե ինչու, այնուամենայնիվ, Վրաստանում այնքան մեծաթիվ չեն ԽՍՀՄ փլուզումը դրական համարողները, այնպես, ինչպես, օրինակ, Թուրքմենստանում:
ԽՍՀՄ փլուզումն առավելապես բացասական են գնահատում նաև Բելառուսի և Մոլդովայի հասարակությունները:
Մոլդովայում բացասական գնահատականների համեմատաբար ցածր մակարդակը, օրինակ՝ Հայաստանի կամ Ղրղզստանի համեմատ, կարելի է բացատրել այստեղ առկա յուրահատուկ գործոնով` Մոլդովայի բնակչությունը կարողանում է ազատ մուտք գործել Եվրոպական միություն` Ռումինիա: Չնայած այստեղ նույնպես ԽՍՀՄ փլուզման բացասական ազդեցությունները բազմաթիվ են:
Բելառուսում ԽՍՀՄ փլուզման բացասական գնահատականները համեմատաբար ավելի ցածր են Հայաստանից և Ղրղզստանից մեկ այլ յուրահատուկ գործոնի հետևանքով. այստեղ նշանակալիորեն պահպանվել են ԽՍՀՄ-ում հասարակության ձեռք բերած սոցիալական նվաճումները, մյուս կողմից՝ այս երկրում նախագահը զուսպ է պահում տեղական օլիգարխներին և հաջողությամբ պաշտպանում է երկրի արժանապատվությունը երկկողմանի ոտնձգություններից:
Անդրադառնանք երկրորդ հարցին: Ինչո՞ւ են ԽՍՀՄ փլուզումը համեմատաբար ավելի դրական գնահատում բարեկեցիկ, բարձր կրթությամբ, երիտասարդ, ջանասեր աշխատանքով հաջողությունների հասնելը հավանական համարող և իրենց ապագան լուսավոր տեսնող անձինք: Ակնհայտ է, որ նույն նշված պատճառներով: Էլ ո՞վ պետք է դրական համարեր ԽՍՀՄ փլուզումը, եթե ոչ նրանք: Այլ հարց է, թե որքան են այդ մարդիկ: Դատելով Հայաստանից Բելառուս երկրների շարքում ԽՍՀՄ փլուզումը բացասական համարողների ընդհանուր քանակից՝ նրանք այնքան էլ շատ չեն: Մասնավորապես, նույնիսկ ամենաերիտասարդ հարցվածների խմբում ԽՍՀՄ փլուզումը բացասական գնահատած անձանց քանակը (33%, Աղյուսակ 2) մի փոքր ավելի մեծ է, քան դրական գնահատածներինը (30%):
Այնուամենայնիվ, Աղյուսակ 2-ում առկա են երկու ուշագրավ առանձնահատկություններ: Առաջին` ամենաերիտասարդ հարցվածների խմբում (18-30 տարեկաններ) կտրուկ աճել է այն անձանց քանակը, ովքեր դժվարացել են պատասխանել այն հարցին, թե արդյոք ԽՍՀՄ փլուզումից իրենց երկիրը շահել է, թե տուժել: Եթե 45-64 և 65-ից ավելի տարեկանների խմբերում այդպիսիք կազմում են 5%, ապա 18-30 տարեկանների խմբում՝ 20%: Այստեղ ակնհայտ է, որ արտահայտվել է այն, որ սառը պատերազմում պարտված տարածքի հասարակություններին պարտադրվել է հաղթողների տեղեկատվական-մշակութային հարացույցը, որի հետևանքով պարտվածների հասարակություններում խարխլվել է պատմական հիշողությունը՝ երիտասարդները պատկերացում չունեն ո´չ իրենց հայրենիքի մոտ անցյալի, ո´չ էլ ընդամենը 30-40 տարի առաջ իրենց երկրների սոցիալական, տնտեսական, մշակութային, գիտական և տեխնիկական հաջողությունների մասին, որի հետևանքով չեն կողմնորոշվում՝ արդյո՞ք ԽՍՀՄ փլուզումից իրենց երկրները շահել են, թե տուժել:
Մյուս ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ աղյուսակի տվյալները պատկերացում են տալիս հետխորհրդային հասարակություններում մշակութային-տեղեկատվական հարացույցների փոփոխության տեմպի մասին: Գծապատկեր 1-ում առավել ակնառու ներկայացված է, թե ինչ տեմպով է նվազում ԽՍՀՄ փլուզման մասին բացասական դիրքորոշումների տեմպը տարբեր սերունդներում (= ժամանակի ընթացքում):
Պարզվում է, որ ավելի բարձր տարիքային խմբից ավելի ցածր տարիքային խմբի անցումը, ըստ էության գծային կապով, ուղեկցվում է բացասական դիրքորոշումների 14.5% նվազմամբ: Ընդ որում, այդ կապը շատ ադեկվատ է (R2=0.996): Ընդ որում, գծապատկերի երկրորդ գրաֆիկը (կարմիր գիծը), ցույց է տալիս, թե ինչպես է այդ նվազումն ուղեկցվում պատմական հիշողության կազմալուծմամբ:
1Neli Esipova and Julie Ray Former Soviet Countries See More Harm From Breakup.
Աղբյուրը՝ http://www.gallup.com
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[12.11.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[29.10.2018]
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [01.10.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.08.2018]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[11.07.2018]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.05.2018]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ[26.04.2018]