
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 82.1% ՌՈՒՍԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ ԵՆ ԵՎՐՈՊԱԿԱՆԻՑ

Արդեն մի քանի տարի է, ինչ քաղաքական գործիչներն ու նրանց շրջապատը սովորություն են դարձրել սոցիոլոգիան և սոցիոլոգներին քննադատելը, երբ հետազոտությունների արդյունքներն իրենց դուր չեն գալիս: Սակայն, եթե արդյունքները դուր չեն գալիս, ապա դա չի նշանակում, որ դրանք սխալ են:
Սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքների վերաբերյալ հերթական մեղադրանքներ են հրապարակվել հուլիսի 24-ին, lragir.am կայքում: Հեղինակն է Իգոր Մուրադյանը («15 տոկոսին ստիպված կլինեն գնդակահարել», lragir.am, Չորեքշաբթի, 24 Հուլիսի 2013, 13:02,http://www.lragir.am/index/arm/0/comments/view/85952 ) Առիթը` հուլիսի 20-ին Հայաստանի Քաղաքագետների Միության ինտերնետ-կոնֆերանսում Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտի ռեկտոր, ՌԴ Գիտությունների Ակադեմիայի ակադեմիկոս` Ա. Վ. Տորկունովի ելույթն էր:
Քննադատին բորբոքել է այն, որ Ա. Տորկունովն, իբր հայտարարել է, որ «Հայաստանի բնակչության 85 տոկոսը պրոռուսական կողմնորոշում ունի» (մեջբերումը Մուրադյանի տեքստից է): Իրականում Ա. Տորկունովը հետազոտական տվյալներ չի հայտարարել: Դրանք բաժանվել են կոնֆերանսի մասնակիցներին՝ կոնֆերանսի կազմակերպիչների կողմից (հետազոտության արդյունքները տես՝ http://gov.am/u_files/file/presentations/IPSC_QLI-2011_Report_Final_%252020_03_2012.pdf, էջ 79):
Ինչևէ, Մուրադյանը սոցիոլոգիական տվյալների վերաբերյալ հարցեր է բարձրացնում. «85 տոկոսը լավ թիվ է, հետաքրքիր է՝ ինչպես է դրվել հարցը. բնակչությանը հարցրե՞լ են, թե ինչ կողմնորոշում է նախընտրում, սակայն այդ դեպքում լավ կլիներ բացատրել, թե ինչ է պրոռուսական կողմնորոշումը:»
Ի. Մուրադյանը ներկա է եղել մայիսի 27-ին Հայստանի քաղաքագետների միության «Հայաստանի և Ռուսաստանի առջև ծառացած ժամանակակից աշխարհաքաղաքական մարտահրավերները» կոնֆերանսին, որին մասնակցել է ռուսաստանյան հայտնի քաղաքագետ Ս. Կուրղինյանը: Կոնֆերանսում ներկայացվել էին և´ նույն այդ հետազոտության տեքստը, և´ սոցիոլոգիական հետազոտությունում տրված հարցը, որը հետևյալն էր. «Համաձա՞յն եք արդյոք հետևյալ դրույթին. գերադասելի է, որ Հայաստանը միավորվի ավելի շուտ Ռուսաստանի, քան Եվրոպայի հետ»: Այսինքն` ո՞ր ինտեգրացիոն ուղղությունը կգերադասեր Հայաստանի հասարակությունը, եթե հարցը դրվի որպես. «ընտրել երկու հնարավորություններից միայն մեկը»:
Ի դեպ` Ռուսաստանի հետ միավորվելուն հակված են եղել Հայաստանի 18 կամ ավելի տարիքի բնակչության ոչ թե 85, այլ 82.1 տոկոսը:
Հայաստանի բնակչության արտաքին կողմնորոշումների համանման արդյունքներ են ստացվել բազմաթիվ այլ հետազոտություններում: Օրինակ, ըստ «Հայաստանի Եվրոպական Բարեկամներ» կազմակերպության կողմից 2010թ. իրականացված հետազոտության. «Ո՞ր երկրներին/Միջազգային կազմակերպություններին եք առավելապես վստահում» հարցին Հայաստանի բնակչության 85%-ը պատասխանել է` Ռուսաստանի Դաշնությանը (http://www.eufoa.org/uploads/Armenia Final Report.pdf, սլայդ 45):
Հայաստանի հասարակությունում պրո ռուսական կողմնորոշումը կայուն է: Օրինակ, դեռ 2004թ. «Հետազոտական Ռեսուրսների Կովկասյան Կենտրոնների» (ՀՌԿԿ) կողմից Երևանում, Թբիլիսիում և Բաքվում անցկացված հետազոտության ընթացքում (տվյալների շտեմարանը հասանելի է (http://crrc.am/research-and-surveys/caucasusarometer/datasets?lang=en կայքում կամ ՀՌԿԿ գրասենյակում), այն հարցին, թե. «Ո՞ր երկրների հետ Հայաստանը պետք է համագործակցի (ա) տնտեսական ոլորտում, (բ) քաղաքական ոլորտում», ստացվել են հետևյալ արդյունքները: Որպես Հայաստանի առավել կարևոր տնտեսական գործընկեր նշվել են. Ռուսաստանի Դաշնություն` 85.0%, Եվրոպական Միությունը` 4.9%, ԱՄՆ-ը` 3.4%, Իրանը` 1.3%, Թուրքիան` 0.7%, այլ երկների նշումները` 4.7%: Որպես Հայաստանի առավել կարևոր քաղաքական գործընկեր նշվել են. Ռուսաստանի Դաշնությունը` 86.8%, Եվրոպական Միությունը` 5.2%, ԱՄՆ-ը` 2.9%, Իրանը` 0.9%, Թուրքիան` 0.5%, այլ երկների նշումներ` 3.7%:
ՀՌԿԿ-ն ամերիկյան «Եվրասիա» հիմնադրամի ծրագիր է, որը ֆինանսավորվում է Նյու Յորքի Կարնեգի հիմնադրամի կողմից: Նշենք, որ հայտնի չէ եվրոպական կամ ամերիկյան կազմակերպությունների կամ նրանց ֆինանսավորմամբ կատարված որևէ սոցիոլոգիական հետազոտություն, որում ստացված լինեն հակառակ արդյունքներ:
Իր հրապարակման մեջ Ի. Մուրդյանը եզրակացություն է կատարում այդ 85% մարդկանց մասին. «Երեւում է, դա նշանակում է, որ հայերն արդեն պետք է պաշտոնապես ճանաչվեն երկրորդ կամ երրորդ սորտի մարդիկ նույն այդ կողմնորոշման շրջանակներում»: Ս. Կուրղինյանի հետ հանդիպման ընթացքում Մուրադյանն շատ ավելի կոպիտ էր արտահայտվել այդ 85%-ի մասին (https://www.youtube.com/watch?v=52MhFERcG3Y):
Ըստ Ի. Մուրադյանի. «Հայաստանի բնակչությունը քվեարկել է ինչպես ասես եւ ում համար ասես, առավել հաճախ՝ ցանկացած սրիկայի օգտին, որին կառաջարկեն, ընդ որում՝ քվեարկել են անկեղծ եւ էնտուզիազմով, կարող են այդ կողմնորոշման օգտին էլ քվեարկել:»
Նախ հիշենք, որ ժամանակին Հայաստանի ժողովուրդը քվեարկել է նաև Ի. Մուրադյանի օգտին: Սակայն, պատկերացում կազմելու համար, թե ինչու՞ և ինչպե՞ս է ընտրում ժողովուրդը, նախ պետք է տեղյակ լինել է, թե ի՞նչ է մտածում ժողովուրդը նրանց մասին, ում ընտրում է: Հայաստանի հասարակության կարծիքը Հայաստանի վերնախավերի նկատմամբ նկարագրում են սոցիոլոգիական հետազոտությունների հետևյալ արդյունքները: «Կուսակցությունները սպասարկում են ոչ թե ժողովրդի, այլ իրենց ղեկավարների շահերը» դրույթի հետ համաձայն է եղել Հայաստանի չափահաս բնակչության 89.5%-ը, «Մեծահարուստները բարերարություն են անում ժողովրդին ընտրություններում հաղթելու համար»` համաձայն է 88.9%-ը, «Հայաստանի ամենահարուստ մարդիկ խոչընդոտում են Հայաստանի զարգացմանը և ժողովրդի բարեկեցության աճին»` համաձայն է 82.4%-ը, «Պետական պաշտոնյաները նախ մտածում են ժողովրդի մասին, հետո նոր` իրենց շահերի մասին` համաձայն է 14.6%-ը (http://gov.am/u_files/file/presentations/IPSC_QLI-2011_Report_Final_%252020_03_2012.pdf էջ 82): Բերված արդյունքների մեկնաբանության առանձնակի կարիք չկա:
Չնայած դրան բնակչության մոտ 65%-ը մասնակցում է ընտրություններին: Ինչու՞: Նախ` ժողովրդի մեկ երրորդը չի մասնակցում ընտրությունների` որովհետև չկան կուսկացություններ և քաղաքական գործիչներ, ովքեր արտահայտում են իրենց շահերը: Մնացածներն ընտրում են առկա քաղաքական ուժերից և գործիչներից: Մի մասը, չի վստահում կուսակցություններին, սակայն կարևորում է կայունությունը և համարում է, որ իշխանության փոփոխությունը ավելի շուտ վիճակը կվատթարացնի և գնում է ընտրությունների` քվեարկելու կայունության օգտին: Մի ուրիշ հատվածը, գիտակցելով, որ քաղաքականությունը նույնպես շուկա է, համարում է, որ այդ շուկայում առևտուրը միայն կուսակցությունների մենաշնորհը չէ, գիտի նաև, որ չարժե վստահել կուսակցություններին և քաղաքական գործիչներին, ինչի հետևանքով քաղաքական խոստումները գերադասում է ստանալ կանխավ և կանխիկ: Մեկ այլ փոքր հատված անկեղծորեն ընտրում է իշխանություններին, երկրորդ փոքր հատվածն, այնուամենայնիվ, իր հույսերը կապում է ընդդիմադիր այս կամ այն կուսակցության հետ:
Ի. Մուրադյանն իր հստակ պատկերացումն ունի պրո-ռուսական կողմնորոշում չունեցողների վերաբերյալ. «Սակայն, մնում է 15 տոկոսի հարցը, որոնք երեւում է պրոռուսական կողմնորոշում չունեն: Նրանք այն մարդիկ են, ովքեր պաշտպանել են մեր հայրենիքը, փորձել են դիմադրել ռուսական բանակին Ղարաբաղում, պատժիչ արշավների ժամանակ: Երեւում է, այդ 15 տոկոսին ստիպված կլինեն գնդակահարել, այլ ելք չկա:»
Երբ որևէ հարցի վերաբերյալ մարդկանց կարծիքները բաժանվում են երկու հատվածի, ապա առողջ բանականությունը հուշում է, որ այդ հատվածներում կան տարբեր տարիքի, սեռի և այլ բնութագրերով միմյանցից տարբերվող անձինք: Դիտենք, թե ովքե՞ր են այդ 15 % (ավելի ճիշտ` 17.9%):
Ակնհայտ է, որ այսօր` ժամանակին ռուսական բանակին դիմադրած մարդիկ, մեծամասամբ 35-ից բարձր տարիքով տղամարդիկ են: Այն 17.9% մարդկանց շրջանում, ովքեր կգերադասեին, որպեսզի Հայաստանը միավորվի Եվրոպական Միության հետ, 35-ից բարձր տարիքի տղամարդիկ կազմում են 3.3% (տես` Աղյուսակ 1): Մնացածը կամ` ավելի երիտասարդ են, կամ` կանայք են: Եթե ենթադրենք, որ ռուսական բանակին դիմադրել են նաև կանայք` տղամարդկանց համեմատ, օրինակ, 1:10 հարաբերությամբ, ապա այդ մարդկանց ընդհանուր քանակը կհասնի առավելագույնը 3.7%-ի: Ընդ որում, հիմքեր չկան պնդելու, որ այդ 3.7%-ը մասնակցել են ռուսական բանակի հետ ընդհարումներին, նրանք կարող էին մասնակցած լինել, իսկ գուցե և չեն մասնակցել: Սակայն, մնացած 14.2%-ը հաստատ չեն մասնակցել:

Մյուս կողմից, պրո-եվրոպական կողմնորոշում ունեցողների շարքում, պրո ռուսական կողմնորոշում ունեցողների համատ, ավելի մեծ տոկոս են կազմում բարեկեցիկ, բարձրագույն կրթությամբ երիտասարդները (տես` Աղյուսակ 2), այսինքն նրանք, ովքեր ավելի մեծ շանսեր ունեն իրենց տեղը գտնել Եվրոպայում: Այս մարդկանց շրջանում, Հայաստանի ամբողջ բնակչության համեմատ, ավելի գերակա են արդի Եվրոպայի բարձրագույն արժեքները` մարդու կյանքը, անհատի իրավունքները և այլն: Այդ երիտասարդներն իրոք անհրաժեշտ են Եվրոպային և´ որպես երիտասարդ ուղեղներ, և´ նպաստելու համար Եվրոպայի ժողովրդագրական խնդիրների լուծմանը: Նրանց համար Եվրոպան բաց է արդեն այսօր` նույնիսկ առանց Ասոցացման պայմանագրի: Այդ պատճառով Մուրադյանը կարող է չհուզվել` այդ 15%-ին ոչ ոք չի գնդակահարի:

Ի. Մուրդայանի խոսքերի համատեքստում, անշուշտ, անհրաժեշտ է անդրադառնալ ազատամարտիկների և ռուսական (խորհրդային) բանակի առճակատման հարցին: Նրանք, ովքեր տեղյակ են և խորհել են 1988-1994թթ. իրադարձությունների մասին, հիշում են, որ 1988թ. մայիսին ՀՀՇ-ն խլեց Ղարաբաղյան շարջման առաջնորդի դերը: ՀՀՇ առաջնորդների խումբն իմաստափոխեց հայկական ազգային-ազատագրական շարժումը, շարժման հիմնական նպատակ հայտարարեց ԽՍՀՄ կազմալուծումը, իսկ ռուսատյացությունը դարձրեց դրա կարևորագույն բաղադրիչներից մեկը: Հետո, 1991-1997թթ. ընթացքում, արդեն պետությունը գլխավորող այդ խումբը, փորձ կատարեց ձերբազատվել Ղարաբաղյան խնդրից, որն իբր խանգարում էր Հայաստանի զարգացմանը, ինչի արդյունքում կորցրեց իշխանությունը:
Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներն ու առաջնորդները հարցի լուծումը դիտում էին ԽՍՀՄ շրջանակներում` խուսափելով ԽՍՀՄ պատժիչ մեքենան ազգային-ազատագրական շարժման նպատակների դեմ ուղղորդումից, իսկ ՀՀՇ-ն գլխավորող խմբի համար, ինչպես ցույց տվեց ժամանակը, հիմնական նպատակ էր ԽՍՀՄ կործանումը, այլ ոչ թե Ղարաբաղի վերամիավորումը Հայաստանին կամ անկախությունն Ադրբեջանից: Խումբը, որպես դաշնակից հայտարարեց մերձբալթյան անջատողական շարժումները և սկսեց «կարմիր լաթ» թափահարել ԽՍՀՄ ղեկավարության առջև: Նույն այդ ժամանակ Ադրբեջանը` կոմունիստ Մութալիբովի ղեկավարությամբ, ներկայանում էր որպես ԽՍՀՄ պահպանման կողմնակից:
Այսպիսով, ՀՀՇ-ն առաջնորդող խմբի պորովոկացիոն-ավանտյուրիստական քաղաքականության արդյունքում էր, որ տեղի ունեցավ հայ ազատամարտիկների առճակատումը ռուսական բանակի հետ: Հայ ազատամարտիկները` կատարելով իրենց կամովի ստանձնած պարտականությունը, կկռվեին ցանկացածի դեմ, ով զենքով կմտներ հայկական հող` դա է ազատամարտիկի էությունը: Ընդ որում, ազատամարտիկների շարքերում էին և´ տարբեր արտաքին քաղաքական կողմնորոշումներ ունեցող, և´ ընդհանրապես այդպիսի կողմնորոշում չունեցող, և´ ամենատարբեր կուսակցությունների ու շարժումների անդամ, և´ որևէ կուսակցության կամ շարժման չանդամակցող ու չհարող մարդիկ: Նրանք բոլորն են հերոսներ:
Այս համատեքստում նրանք, ովքեր իրենց համարում են ռազմավարական մտածելակերպ ունեցող քաղաքական գործիչներ, քաղաքագետներ կամ մտավորականներ պետք է ընկալեն, որ ազգի ռազմիկ տարրին «կարմիրների» ու «սպիտակների» բաժանումը ակնհայտ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը: Ուրեմն, պետք է խստապահանջ լինել հրապարակային խոսքում և խուսափել անխոհեմ արտահայտություններից: Այսօր պետք է դասեր քաղել 1989-1992թթ իրադարձություններից, խուսափելու համար հնարավոր նոր պրովոկացիաներից և ավանտյուրաներից:
Հրապարակման մեջ Ի. Մուրադյանը փորձել է «խորամանկ» հարց ձևակերպել.«Սակայն, սկզբի համար լավ կլիներ արտաքին քաղաքական կողմնորոշման հարցով անցկացնել պլեբիսցիտ Թաթարստանում, Բաշկորտոստանում, Դաղստանում եւ Չեչնիայում:»
Գոյություն ունեն հասարակության արտաքին կողմնորոշման վեր հանման ստանդարտ հարցեր, որոնցից մեկը, Ռուսաստանի համար կարող է ձևակերպվել հետևյալ կերպ. «Ո՞ր երկրների հետ է գերադասելի, որպեսզի Ռուսաստանն առաջնահերթ զարգացնի իր հարաբերությունները»: Արդյունքում կստացվի երկրների ավելի մեծ և հավասարակշռված ցանկ, քան Հայաստանում, որում կլինեն ԱՊՀ երկրները, ԱՄՆ-ը, ԵՄ-ը, Չինաստանը, Ճապոնիան, Բրազիլիան, Թուրքիան, Իրանը և այլն: Իսկ եթե Ի. Մուրադյանը մտադիր էր գնահատել ՌԴ այդ սուբյեկտներում անջատողականության պոտենցիալը, ապա նրա հարցն ակնհայտորեն անհամապատասխան է: Այստեղ ոչ թե հրապարակախոսական պաթոս է անհրաժեշտ, այլ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական գիտելիքներ:
Իր հրապարակման վերջում Մուրադյանը «օրինական» հարց է բարձրացնում. «Ի դեպ, լավ կլիներ պարզել նրանց անունները, ովքեր իբր հարցում են արել եւ ստացել այդ 85 տոկոսը:»
Հետազոտությունն իրականացրել է Սամվել Մանուկյանը: Ս. Կուրղինյանի հետ հանդիպման ընթացքում Ի. Մուրադյանը տեղեկացել է այդ մասին և երկխոսություն է ունեցել Ս. Մանուկյանի հետ:
Ի դեպ` Ի. Մուրադյանը և Ս. Մանուկյանը սերտ համագործակցել են 1994-1998թթ. ընթացքում: Նրանք ունեն երկու համատեղ հրապարակում. Мурадян И.М., Манукян С.А., Иран и евразийская идея. Ось Москва-Тегеран. - Ер.: «Фонд Высоких Технологий», 1997 – 102 ст. և Мурадян И.М., Манукян С.А., Третий путь евразийских наций и ирано-шиитская революция. – Ер.: «Фонд Высоких технологий», 1997. - 246 ст.: Այս հրապարակումներում հիմնական հեղինակը` Ի. Մուրադյանը քննարկում է և դրական է գնահատում Ռուսաստան – Իրան առանցքի գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական նշանակությունը որպես Արևմուտի վտանգավոր և այլասերող ազդեցության հակակշիռ: Նա դրական է գնահատում այդ առանցքի նշանակությունը Հայաստանի համար և զարգացնում է այդ աշխարհաքաղաքական կառուցվածքում Հայաստանի դերի բարձրացման խնդիրները:
Իր հրապարակման վերջում Մուրադյանը անձնական վիրավորանքներ է հղում իմ հասցեին և հարց է տալիս. «Սոցիոլոգներ», որքա՞ն եք վերցնում ամեն տոկոսի համար:» Այդ առիթով նշենք, որ ամեն ինչի հիմքում ստվերային գործարք փնտրելը հատկանշական է մանր վաճառականների դասին, իսկ անձնական վիրավորանքների կիրառումը փաստարկների բացակայության հետևանք է:
Սամվել Մանուկյան, սոց. գ. թ., Հայաստանի Քաղաքագետների ՄիությանՎարչության անդամդեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՏԱՐԲԵՐ ՉԷ. Սամվել Մանուկյան[29.07.2021]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԵՐՈՒՄ՝ PANARMENIAN.NET ԵՎ DAY.AZ ԿԱՅՔԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ[26.12.2018]
- XX ԴԱՐԻ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇՐՋԱՆՈՒՄ[29.11.2018]
- ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԱՐՄԵՆՊՐԵՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ[19.11.2018]
- ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԸՆԿԱԼՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ[12.11.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ[29.10.2018]
- ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԿԱԿԱՆ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ [01.10.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ ՀԱՂՈՐԴՎՈՂ ՍԵՐԻԱԼՆԵՐԻ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ[10.08.2018]
- ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳԼՈԲԱԼ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՎ ԼՈԿԱԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[11.07.2018]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՓՈԽՏՆՕՐԵՆ ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԵՏՀԱՇՎԱՐԿ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[18.05.2018]
- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ-ԼՈՒՍԱՎՈՐՉԱԿԱՆ-ԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔՆԵՐՈՒՄ[26.04.2018]