• am
  • ru
  • en
Версия для печати
22.12.2005

Ասիական խաղացողները էներգակիրների շուկայում. հայացք ապագային

Руский

   

Արտակ Շաքարյան

Շատ մասնագետներ ու վերլուծական կենտրոններ կանխատեսում են, որ տնտեսական առաջնորդությունն ապագայում կենտրոնանալու է Ասիայում։ Օրինակ, ըստ «Գոլդմէն Սաչս» խմբի համաշխարհային տնտեսության վերլուծության բաժնի ղեկավար Ջիմ Օ’ Նիլի` մեր դարի կեսերին Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի ու Չինաստանի համախառն ներքին արդյունքի հանրագումարը գերազանցելու է «մեծ յոթնյակի» նույն ցուցանիշի հանրագումարը։ Ըստ նույն խմբի մասնագետների` Հնդկաստանն առաջ կանցնի Ճապոնիայից 2035թ., իսկ Չինաստանը ԱՄՆ-ից` 2040թ.։

Այսօր արդեն ասիական տարածաշրջանը սպառում է նավթի համաշխարհային արտահանման 40%-ը։ Էներգետիկ կարիքների աճը, մասնավորապես՝ բուռն զարգացում ապրող տերությունների կողմից, ապագայում ավելի ու ավելի մեծ ազդեցություն է թողնելու աշխարհաքաղաքական հարաբերությունների վրա։ Համաձայն ԱՄՆ Ազգային հետախուզական խորհրդի (ԱՀԽ) 2005թ. սկզբներին գաղտնազերծված զեկույցի` աշխարհում էներգիայի ընդհանուր սպառումն առաջիկա 20 տարվա ընթացքում ամենայն հավանականությամբ աճելու է 50%-ով։ Համեմատության համար նշենք, որ 1980-2000թթ. այդ աճը կազմել է 34%։ Համաձայն նույն զեկույցի` նավթն ու բնական գազը մոտ ապագայում պահպանելու են էներգետիկ հաշվեկշռում իրենց ծանրակշիռ դիրքը, նորացվող էներգակիրները (արևի, քամու էներգիա և այլն) կազմելու են էներգիայի միայն փոքր մասը, իսկ միջուկային էներգիայի համամասնությունը կրճատվելու է։

Չինաստանն ու Հնդկաստանը երկրներ են, որոնք չունեն բավականաչափ էներգետիկ պաշարներ։ Նրանք ձգտելու են իրենց համար ապահովել անընդհատ արտաքին մատակարարումներ։ Չինաստանը դեռ 2003թ. նավթի սպառման ծավալի ցուցանիշով գրավեց աշխարհում երկրորդ տեղը։ 2004թ. նավթի պահանջարկն այդ երկրում աճեց 17%-ով կամ 5,8-5,9 մլն բարել/օրը, իսկ ներմուծումը` 35%-ով կամ 2,4-2,5 մլն բարել/օրը։ Հնդկաստանում նավթի սպառման ծավալները դեռ այդքան շատ չեն` մոտ 2 մլն բարել/օրը, սակայն էներգակիրների ներմուծումը կազմում է 70% (Չինաստանինը՝ 40%)։ ԱՀԽ զեկույցում նաև նշվում է, որ Չինաստանն ստիպված է լինելու մինչև 2020թ. ավելացնել էներգիայի իր սպառումը 150%-ով, իսկ Հնդկաստանը` գրեթե կրկնապատկել։

Հնդկաստանը տնտեսական ցուցանիշների մեծ մասով (համախառն ներքին արտադրանք, արտասահմանյան ներդրումների ծավալ, մեկ շնչին ընկնող եկամուտ և այլն) հետ է մնում Չինաստանից։ Սակայն Հնդկաստանին օգնում են մի քանի գործոններ, որոնց թվում՝ աշխատունակ բնակչության քանակը, որն անընդհատ աճելու է, մինչդեռ Չինաստանում «մեկ ընտանիք` մեկ զավակ» քաղաքականության արդյունքում այդ ցուցանիշը փոքրանալու է, և երկիրը կարող է շատ արագ ծերանալ։ Բացի այդ, Հնդկաստանը բավական առաջ է գնացել սեփական գիտության ու տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Մասնագետները բերում են այսպիսի մի փաստ. թեև չինացիների մոտ գրեթե 20 անգամ ավելի շատ բջջային հեռախոս կա, սակայն Հնդկաստանն արտահանում է 10 անգամ շատ ծրագրային արտադրանք, քան Չինաստանը։

Պեկինն ու Դելին ավելացնում են իրենց տնտեսական կշիռն ու հնարավորությունները և կարողանում են էներգապաշարների շուկայում արդեն բացահայտ կերպով մրցակցել ԱՄՆ-ի հետ, և նույնիսկ նեղել վերջինիս (Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում)։ Այս պատճառով Վաշինգտոնն արդեն ավելի հաճախ է ստիպված լինելու նավթի համար պայքարի շրջանակներում գնալ քաղաքական ճնշումների` չբացառելով նաև ռազմական ուժը։

Սակայն Չինաստանն ու Հնդկաստանն այլևս այնքան թշնամաբար չեն տրամադրված իրար հանդեպ, որքան դա կցանկանար ԱՄՆ-ը։ Իհարկե, վաղ թե ուշ նրանց միջև կարող է բավական լուրջ բախում ծագել, սակայն այս երկու հսկաները դեռ աճում են ու ձգտում միավորել ջանքերը։ Շատ բանի մասին է խոսում, օրինակ, այն փաստը, որ անցյալ տարի Պեկին այց կատարեց Հնդկաստանի Գլխավոր շտաբի ղեկավարը, ինչով հիմք դրվեց երկու երկրների համագործակցությանը ռազմական ոլորտում։

Խոսք կա նաև նրա մասին, թե Հնդկաստանը, Չինաստանը, Իրանն ու Ռուսաստանը կնքել են եվրասիական էներգապաշարների մեծ մասի հանդեպ վերահսկողության վերաբերյալ «լուռ» համաձայնագիր։ Դրա օգտին են վկայում բազմաթիվ էներգետիկ համաձայնագրերը այս երկրների միջև։ Միայն անցյալ տարվա ընթացքում Հնդկաստանը ստորագրել է Ռուսաստանի ու Իրանի հետ առևտրային պայմանագրեր 40 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, որոնք նախատեսում են նավթի ու բնական գազի երկարաժամկետ մատակարարումներ, իսկ Չինաստանն ու Իրանը ստորագրել են բնական գազի մատակարարման պայմանագիր։ Թեհրանի բարձրաստիճան պաշտոնյաներն ուղղակիորեն հայտարարում են, թե ցանկանում են, որ Չինաստանը գրավի Ճապոնիայի տեղը որպես իրանական ածխաջրածինների ամենամեծ գնորդ։ ՌԴ էներգետիկայի նախարար Խրիստենկոն ս.թ. նոյեմբերի 25-ին Նյու Դելիում բացված էներգետիկ ֆորումի ժամանակ հայտարարեց, թե «մինչև 2020թ. Ռուսաստանը նպատակ ունի ավելացնել ասիական երկրներ նավթի արտահանումը 3%-ից մինչև 30% (կամ տարեկան 100 մլն տոննա), գազինը` 4%-ից մինչև 20% (կամ տարեկան 65 մլրդ խորանարդ մետր)»։

Միաժամանակ, էներգետիկ այս դաշինքին են միանում Հարավային Ամերիկայի երկրները։ Բրազիլիան 2004թ. սկզբին պայմանագիր էր կնքել Հնդկաստանի հետ, որով «Հարավը կապվում է Հարավի հետ»։ Ամերիկյան հարավը պետք է ասիական հարավին մատակարարի վառելիք, մասնավորապես՝ նավթ։ Իսկ 2004թ. նոյեմբերին Չինաստանի ղեկավար Հու Ցզինթաոն այցեր կատարեց Բրազիլիա, Արգենտինա ու Վենեսուելա` նպատակ ունենալով ապահովել իր երկրի մասնակցությունն այնտեղի գազային ու նավթային նախագծերում։ Միայն Բրազիլիայի հետ ստորագրվել են 11 պայմանագիր` 10 մլրդ ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով։

Դեռևս 1999թ. Հնդկաստանի կառավարությունը առաջ քաշեց նոր էներգետիկ քաղաքականություն` «Ածխաջրածնային նպատակներ 2025» փաստաթղթի տեսքով։ Էներգետիկ այս նոր քաղաքականության մեջ հստակորեն գիտակցվում է, որ հնդկական տնտեսությունն աստիճանաբար ավելի ու ավելի է հիմնվելու բնական գազի ու նավթի ներմուծումների վրա և զգայուն է լինելու միջազգային էներգետիկ իրավիճակի հանդեպ։ 1991-1992թթ. Հնդկաստանը ներմուծում էր նավթի ու բնական գազի 50%-ը։ Այսօր այդ թիվը հասել է 70%-ի, իսկ ապագայում` 80-90%-ի։ Ուստի, Հնդկաստանն այնպիսի արտաքին հարաբերությունների կարիք ունի, որոնք կապահովեն կայուն գնով էներգակիրների կանոնավոր հոսք։

Եթե դիտարկենք ներմուծման ներունակ աղբյուրներն ու Հնդկաստանի հարաբերությունները արտահանող երկրների հետ, ապա տարբեր խնդիրներ ու հեռանկարներ են բացվում։ Հնդկաստանն ու Իրանը չեն կարողացել զբաղվել բնական գազի առևտրով, որովհետև խողովակաշարի խնդիրը լուծված չէ։ Հնդկաստանը նաև ձգտում է խողովակաշար անցկացնել Կենտրոնական Ասիայից և Աֆրիկայից։ Այս նոր ուղիների ամրապնդման համար հնդիկները մեծացնում են ներդրումներն օտարերկրյա ածխաջրածնային ակտիվների մեջ։ 2005թ. սկզբի դրությամբ Հնդկաստանն արդեն ներդրել էր առավել քան 3 մլրդ ԱՄՆ դոլար Ռուսաստանի, Սուդանի, Վիետնամի, Բիրմայի ու Լիբիայի նավթային նախագծերում։

Հնդկաստան–Իրան էներգետիկ հարաբերություններում պոտենցիալ, սակայն դեռ չիրագործված նախագիծ է բնական գազի խողովակաշարի անցկացումը Պակիստանի տարածքով։ Սպասվում է, որ Իրանը, Պակիստանն ու Հնդկաստանն սկսելու են եռակողմ բանակցություններ բազմամիլիարդանոց այս գազամուղի նախագիծը քննարկելու համար։ Հնդկաստանին շատ ձեռնտու է այս նախագիծը, քանի որ այսպես իրանական գազը շատ էժան է ձեռք բերվում. համաձայն իրանական աղբյուրների` խողովակաշարով Հնդկաստանն իր էներգետիկ ծախսերում տարեկան տնտեսում է 300 մլն ԱՄՆ դոլար։ Պակիստանին նախագիծը նույնպես ձեռնտու է, քանի որ դրանով նա ստանում է բնական գազ (արդեն 2010թ. Իսլամաբադը բնական գազի սուր պակաս է զգալու), ինչպես նաև տրանզիտ-վճարում` տարեկան 500-600 մլն ԱՄՆ դոլարի չափով։ Նախագծի ծախսերը հոգալու են երեք մասնակից երկրները. Իրանը՝ 48%-ը, Պակիստանը` 32%, Հնդկաստանը` 20% (ընդհանուր՝ մոտ 3,5-4,5 մլրդ ԱՄՆ դոլար)։

Կան այլ ուղիներ, որոնցով իրանական գազը կարող է առաքվել Հնդկաստան։ Ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունն առաջարկել է կառուցել գազամուղ Իրանի Հարավային Պարս գազի դաշտից դեպի Հնդկաստան` Արաբական ծովի հատակով, հատելով Պակիստանի ջրային տարածքը։ «Գազպրոմն» առաջարկել էր նման նախագիծ դեռ 1997թ., որը մերժվել էր թանկարժեք լինելու պատճառով։ Այս անգամ «Գազպրոմն» ասում է, որ Ռուսաստանից Թուրքիա (Սև ծովի հատակով) «Երկնագույն հոսք» գազամուղի շինարարության մեջ ձեռք բերված փորձը թույլ կտա իջեցնել Իրան–Պակիստան–Հնդկաստան գազամուղի գինը մինչև 3,2 մլրդ ԱՄՆ դոլար։

Հաշվի առնելով Չինաստանում էներգակիրների հանդեպ աճող պահանջարկը` ապագայում նախատեսվում է նույնիսկ գազամուղը հասցնել մինչև այդ երկրի Յուննան նահանգ։ Որպես նախագծի շարունակություն հնարավորություն կա ներառել նաև Թուրքմենստանը` այսպիսով միացնելով գազամուղին նաև Կենտրոնական Ասիան։

Սա կստեղծի համեմատաբար էժան բնական գազի ցանց, որը կմիավորի Թուրքմենստանը, Իրանը, Պակիստանը, Հնդկաստանն ու Չինաստանը, ինչն ամենևին չի համընկնում աշխարհում միակ գերուժի հավակնություններ ունեցող ԱՄՆ նպատակների հետ, որն այս խաղում ունի իր հաշվարկները։

Իրան–ԱՄՆ լարված հարաբերությունները լրջորեն խոչընդոտում են այս նախագծի իրականացմանը։ Իրանի միջուկային ծրագրերի և այլ խնդիրների հետ կապված՝ ԱՄՆ-ը ձգտում է արգելակել Հնդկաստանին մասնակցել այս նախագծին։ Միացյալ Նահանգները սպառնացել է Հնդկաստանի նկատմամբ կիրառել պատժամիջոցներ, եթե վերջինս շարունակի աշխատանքները Իրան–Հնդկաստան գազամուղի վրա։ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությանն ուղղված նամակում ԱՄՆ կառավարությունը նախազգուշացրել է, որ կարող է Հնդկաստանին ենթարկել 1996թ. Իրանի ու Լիբիայի սանկցիաների ակտին, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին կիրառել տնտեսական, առևտրային ու ֆինանսական սահմանափակումներ վերոհիշյալ երկու երկրների գազի ու նավթի բնագավառներում ներդրումներ կատարող երկրների կամ ընկերությունների վրա։ Այսպիսով, եթե նույնիսկ Իրանը, Պակիստանն ու Հնդկաստանը հասնեն որևէ համաձայնության, ԱՄՆ-ը կարող է փչացնել ողջ գործը` շարունակելով ճնշումներն Իրանի վրա, որն ունի աշխարհում հարստությամբ երկրորդ բնական գազի պաշարները Ռուսաստանից հետո։

2005թ. մարտի 15-ին Նյու Դելի այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը նշել է, որ Իրան–Հնդկաստան խողովակաշարը գտնվում է Բուշի վարչակարգի ուշադրության շրջանակում։ Հնդկաստանի վարչապետ Մանմոհան Սինգհի հետ հանդիպման ժամանակ Ռայսը հայտարարեց, որ «միայն տնտեսական պատճառները չեն արդարացնում առաջարկված Իրան–Հնդկաստան գազամուղը, և եթե անհրաժեշտ է` ԱՄՆ-ը կառաջարկի այլընտրանքներ Հնդկաստանում էներգակիրների աճող կարիքը բավարարելու համար»։ Ռայսն առաջարկություն արեց համագործակցել միջուկային էներգիայի արտադրության ոլորտում։

Այնուհանդերձ, գազամուղի շուրջ հնդկա-պակիստանյան հանդիպումները շարունակվում են։ 2005թ. հունիսին Հնդկաստանի նավթային գործերի նախարար Մանի Շանքար Աիյերի` Պակիստան այցի ժամանակ նախագահ Փերվեզ Մուշարաֆը շեշտեց, թե «Իսլամաբադը երաշխավորում է իր երկրով անցնող խողովակաշարի անվտանգությունը և ցանկություն ունի դրա կառուցումն սկսել հաջորդ տարի»։ Փաստորեն, երեք երկրներն աշխատում են արագացնել բանակցային գործընթացը, որպեսզի կարողանան սկսել աշխատանքները 2006թ. ապրիլից։

Այսպիսով, կարող ենք փաստել, որ էներգակիրների համար պայքարում Հնդկաստանն ու Չինաստանն աստիճանաբար դառնում են խիստ կարևոր դերակատարներ։ Այս երկրների աճող տնտեսությունները դառնում են ավելի ու ավելի մրցունակ և համաշխարհային շուկայում սկսում են նեղել ԱՄՆ-ին։ Էներգիայի համաշխարհային շուկայում այս երկու հսկաների հրապարակ գալը չի կարող իր ազդեցությունը չունենալ ընդհանուր աշխարհակարգի վրա, ինչը տեղի է ունենում «բազմաբևեռ աշխարհն ընդդեմ միաբևեռ աշխարհի» սցենարի զարգացման հետ զուգահեռ։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր