• am
  • ru
  • en
Версия для печати
13.06.2006

Թուրք մեսխեթցիները՝ տարածաշրջանային գործոն

Руский

   

Արտակ Շաքարյան

Մեսխեթցիները կամ թուրք մեսխեթցիները թյուրքալեզու մահմեդականներ են, որոնք ավանդաբար բնակվել են Խորհրդային Վրաստանի հարավային շրջանում, որը որոշ աղբյուրներում կոչվում է Մեսխեթ (Սամցխե), ինչից էլ եկել է նրանց անվանումը։ 1944թ. մի շարք «անբարեհույս» ժողովուրդների, այդ թվում` մեսխեթցի թուրքերի բռնագաղթի արդյունքում 90000 մեսխեթցիներ տեղափոխվեցին Ուզբեկստան, Ղազախստան և Կիրգիզիա:

Մեսխեթցիների ճնշող մեծամասնությունն իրեն բնութագրում է որպես թուրք, թեև կա մի մաս, որն իրեն համարում է մահմեդական վրացի։ Խոսում են թուրքերենի արևելյան խոսվածքով։ Հավատացյալները պատկանում են սուննի ուղղությանը։

1578թ. տվյալ տարածքն ընկնում է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ 1829թ. Ադրիանապոլսի պայմանագրի համաձայն՝ այն մտնում է Ռուսական կայսրության կազմի մեջ։ Այդ ժամանակ մահմեդական մեսխեթցիները կազմում էին շրջանի փոքրամասնությունը, սակայն XIX դարի ու XX դարի առաջին 30 տարիների ընթացքում նրանց տեսակարար կշիռն աստիճանաբար աճում է մեկ երրորդից մինչև երկու հինգերորդ։

1853-1856թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ մեսխեթցի թուրքերն աջակցություն էին ցուցաբերում օսմանյան բանակին։ Պատերազմից հետո մեսխեթցիների մի որոշակի մաս գաղթեց Էրզրում։

1928-37թթ. մեսխեթցի թուրքերը ենթարկվեցին ճնշումների։ Մեծ Հայրենական պատերազմի ժամանակ բանակ կանչվեց ավելի քան 40 հազար մարդ, որոնցից 26 հազարը զոհվեց։

Պատերազմական ժամանակ սահմանամերձ բնակչությունը, որը թշնամական տրամադրություններ ունեցող հարևանի հետ ընդհանուր արմատներ ունի, միշտ կատարում է հինգերորդ շարասյան դեր, ուստի Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 1944թ. նոյեմբերի 15-17-ին, Ստալինի հրամանով մեսխեթցի թուրքերը բռնագաղթվեցին Խորհրդային Վրաստանի հարավային ու հարավարևմտյան շրջաններից Միջին Ասիա ու Ղազախստան։ Ընդհանուր առմամբ բռնագաղթի է ենթարկվել 115 հազ. 500 հոգի, որոնցից մոտ 17 հազարը մահացել են ճանապարհին։ Բռնագաղթված թուրք մեսխեթցիները տեղաբաշխվեցին Ուզբեկստանի, Ղազախստանի ու Կիրգիզիայի տարբեր շրջաններում` որպես «հատուկ վերաբնակներ»։ 1956թ., երբ թուրք մեսխեթցիներից հանվեցին հատուկ վերաբնակության սահմանափակումները, նրանց մի մասն սկսեց վերադառնալ Կովկասի տարբեր շրջաններ։ 1950-ական թթ. մեսխեթցի թուրքերի շրջանում զարգանում էր մի շարժում, որը կոչ էր անում վերադառնալ Վրաստան։ 1989թ. Ֆերգանայում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո ավելի քան 16 հազար մեսխեթցի տարհանվեց Ռուսաստանի միջին գոտի։ Մեկուկես տարվա ընթացքում ավելի քան 90 հազար հոգի տեղափոխվեց Ադրբեջան, Հյուսիսային Կովկաս, Ղազախստան, Ուկրաինա։

* * *

Համաձայն պարտավորությունների, որ իր վրա վերցրեց Վրաստանը` 1999թ. դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ, մեսխեթցի թուրքերը պետք է հայրենադարձվեն մինչև 2016թ.: Այդ ուղղությամբ աշխատանքների համար Վրաստանում ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է զբաղվեր անցյալ դարի 40-ական թթ. բռնագաղթված մեսխեթցիների հայրենադարձման հարցերով։ Սակայն Թբիլիսիի կողմից հստակ քայլեր դեռ չեն ուրվագծվում:

Վրաստանում այսօր բնակվում է ընդամենը 700 մեսխեթցի։ Թուրք մեսխեթցիների համայնքներ կան Ռուսաստանում (շուրջ 70 հազ. հոգի), Ադրբեջանում (շուրջ 95 հազ.), Ուկրաինայում (շուրջ 9 հազ.), Ղազախստանում (շուրջ 150 հազ.), Ուզբեկստանում (շուրջ 30 հազ.), Կիրգիզիայում (շուրջ 50 հազ.), ԱՄՆ-ում (շուրջ 2 հազ.), Թուրքիայում (շուրջ 35 հազ.)։

Առավել կարևոր գործոն է Թուրքիայում բնակվող մեսխեթցիների համայնքը, որը բաժանվում է երկու մասի. 1) նրանք, ովքեր գաղթել են Թուրքիա 19-րդ դարավերջից մինչև ստալինյան բռնաճնշումների սկիզբը, և նրանց սերունդները, 2) ԽՍՀՄ փլուզումից հետո Թուրքիա գաղթածները։ Առաջին խումբն արդեն ուծացված է, իսկ երկրորդը, որ կազմում է մեծամասնությունը, դեռ առանձնանում է իր հատուկ ինքնության գիտակցմամբ։ 1992թ. Թուրքիայում ընդունվեց հատուկ օրենք, որը հեշտացնում էր մեսխեթցիների ներգաղթը երկիր։ Հետաքրքիր է, որ Թուրքիա ներգաղթած մեսխեթցիների մեծ մասը կտրականապես դեմ է Վրաստանում վերաբնակվելուն ու համարում է, որ Թուրքիա գալով` արդեն վերագտել է բուն հայրենիքը։

Մեսխեթցիների մեծամասնությունը բնակվում է Թուրքիայի արևմուտքում գտնվող Բուրսա քաղաքում (շուրջ 20 հազ. հոգի), մնացածը հիմնականում տեղաբաշխված են Հայաստանի ու Վրաստանի սահմանին մերձակա տարածքներում` Աղրը, Էրզրում, Իգդիր, Արդահան։

Թուրք մեսխեթցիներն ունեն մի շարք կազմակերպություններ, որոնք կոչված են պաշտպանել իրենց իրավունքներն ու շահերը, սակայն ակնհայտորեն ֆինանսավորվում են առանձին պետությունների կողմից, որոնք և ուղղորդում են դրանք` համապատասխան իրենց շահերի։

Ամենից հայտնին ու հզորն է «Վաթան» (թուրքերենից թարգմանաբար «Հայրենիք») կազմակերպությունը, որը հիմնվել է դեռ 1990թ.։ «Վաթանի» հիմնական նպատակներն են հասնել 1940-ականների բռնագաղթի անարդարացի լինելու ճանաչմանն ու թուրք մեսխեթցիների վերաբնակեցմանը բնակության նախկին տարածքներում, մասնավորապես` Ախալցխայում։ Կազմակերպությունը գտնվում է Անկարայի վերահսկողության ներքո և վարում է հիմնականում Թուրքիայի շահերին համապատասխան քաղաքականություն։

Ընդդեմ «Վաթանի» Վրաստանի կառավարությունն ստեղծել էր մեկ այլ կազմակերպություն` «Խսնա» (վրացերենից թարգմանաբար «Փրկություն»), որի նպատակների մեջ նույնպես մտնում էր մեսխեթցիների վերաբնակեցումը Վրաստանում, սակայն նրանք չէին սահմանափակվում միայն Սամցխե-Ջավախեթի շրջանով, այլ կոչ էին անում վերադառնալ ընդհանրապես Վրաստան։ Բացի այդ, ի տարբերություն «Վաթանի», որը մեսխեթցիներին համարում է թուրքեր ու պահանջում է Վրաստան վերադառնալու պարագայում տրամադրել վերջիններիս ազգային փոքրամասնությունների հատուկ իրավունքներ, «Խսնան» մեսխեթցիներին համարում էր մահմեդականացած վրացիներ ու չէր ճանաչում նրանց որպես ազգային փոքրամասնություն։ «Խսնայի» փակումից հետո նրա ժառանգորդը դարձավ Վրացի վերաբնակների միությունը, որը գաղափարապես չի տարբերվում իր նախորդից։

* * *

Մեսխեթցի թուրքերի գործոնը կարևոր է տարածաշրջանում աշխարհաքաղաքական ուժերի շահերի տեսանկյունից։ Վրաստանի հարավ-արևմուտքում նրանց վերաբնակեցման խնդիրն ամենից շատ հետաքրքրում է Թուրքիային։ Նախ և առաջ, Վրաստանի սահմանին առկա այդ ժողովրդագրական տարրը Անկարային կտա մի խաղաթուղթ, որը կարելի կլինի խաղարկել հարմար պարագայում՝ նկատի ունենալով այն, որ թուրք մեսխեթցիներն առաջիկա ժամանակաշրջանում լոյալ կլինեն ավելի շատ Թուրքիային, քան Վրաստանին։ Չի կարելի աչքաթող անել նաև այն փաստը, որ ապագա վերաբնակիչներից շատերը Վրաստան են գնալու հենց Թուրքիայից։

Սույն շրջանը կարևոր է Թուրքիայի համար առաջին հերթին այն պատճառով, որ ռուսական ռազմակայանների փոխարեն, որոշ տարբերակներում, ծրագրվում է այնտեղ տեղակայել թուրքականները։ Բացի այդ, այս տարածքով են անցնում Բաքու–Թբիլիսի–Ջեյհան նավթատարը, Բաքու–Թբիլիսի–Էրզրում գազատարը, ինչպես նաև ծրագրվող Կարս–Թբիլիսի–Բաքու երկաթուղին։

Անկարան հատուկ ուշադրություն է ցուցաբերում տվյալ շրջանում հայերի ստվար թվաքանակին։ Թերևս, միայն այստեղ է, որ քիչ թե շատ համընկնում են Վրաստանի ու Թուրքիայի շահերը. երկու կողմն էլ շահագրգռված է Սամցխե-Ջավախեթում հայերի ազդեցության նվազեցմամբ։ Իրադարձությունների զարգացման սցենարներից մեկի համաձայն՝ շրջանում հայ-թուրքական բախումների սադրանքից հետո արագորեն տեղակայվում են թուրքական ռազմակայաններ՝ «Թուրքիայի ռազմավարական դաշնակից Վրաստանում կարգուկանոնի պահպանման ապահովման համար»։

Սակայն Վրաստանը չի շտապում վերաբնակեցնել թուրք մեսխեթցիներին տվյալ շրջանում։ Թբիլիսիի մոտեցումը տարբերվում է նրանով, որ նախ` մեսխեթցիները ներկայացվում են որպես մահմեդականացած վրացիներ, ինչով փորձ է արվում վերցնել նրանց Վրաստանի վերահսկողության տակ՝ կանխավ շրջանցելով ազգային փոքրամասնության խնդիրը, որն ապագայում մեծ գլխացավանք է առաջացնելու։ Բացի այդ, պաշտոնական Թբիլիսին Թուրքիային սահմանակից տարածքներ վերադառնալու բացառիկ իրավունքներ չի տալիս՝ զգուշանալով հարևանի հավանական վնասակար ազդեցությունից։ Դրա փոխարեն, Վրաստանը փորձում է բնակեցնել մեսխեթցիներին երկրի ողջ տարածքով մեկ՝ թույլ չտալով նրանց կենտրոնացումը մեկ վայրում։

Այս առումով, թերևս, համընկնում են Երևանի ու Թբիլիսիի շահերը, սակայն պարզ չէ, թե որքան ժամանակ Վրաստանը կկարողանա դիմադրել Արևմուտքի ու, մասնավորապես, Թուրքիայի ճնշումներին ու ձգձգել խնդրի հանգուցալուծումը։ Հարցը մեծապես կարևորվում է ՀՀ ազգային անվտանգության տեսանկյունից, քանզի, բացի նրանից, որ վտանգվում է ջավախահայության ապագան, Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից շրջապատվում է թուրքական տարրով։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր