• am
  • ru
  • en
Версия для печати
20.06.2005

Թուրք-իրանական հարաբերություններ

   

Արտակ Շաքարյան

Թուրքիա–Իրան հարաբերությունները 1980–1990-ական թթ.

Իրանական հեղափոխությունից ու Խոմեյնիի իշխանության գալուց հետո թուրք-իրանական հարաբերությունները, որոնք մինչ այդ բավական լարված էին, որակապես փոխվեցին։

Ընդհանրապես, երկու երկրների հարաբերությունների վրա ազդող գործոններից առաջինը գաղափարական է։ Իրանը մինչև այժմ չի հրաժարվել Թուրքիա արտահանել իր «իսլամական հեղափոխությունն» ու ստեղծել այնտեղ «խոմեյնիական» տիպի վարչակարգ։ Պաշտոնական ու ոչ պաշտոնական խողովակներով Թուրքիա են ուղարկվում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ` ազգաբնակչության գաղափարական մշակման համար։ Լայն քարոզչական գործունեություն Է ծավալվել նաև սահմանամերձ գոտիներում` ռադիոեթերի միջոցով։ Իրանական ղեկավարությունը լավագույնս օգտագործում է Թուրքիայի հարավարևելյան շրջանների տնտեսական հետամնացության ու բնակչության կրոնազգացության գործոնները։

Իրանի ծավալած քարոզչությունը հանգեցրեց Թուրքիայում մահմեդական տրամադրությունների ուժգնացմանը և դեռ Աթաթուրքի կողմից արգելված կրոնական միաբանությունների վերածնմանը։ Իրանական քարոզիչներն ակտիվ գործում են նաև գերմանաբնակ թուրքերի շրջանում։

1991թ. ԽՍՀՄ փլուզման արդյունքում աշխարհաքաղաքական նոր իրավիճակ ստեղծվեց, որի հետևանքներից մեկն էլ մի շարք մահմեդական նորանկախ հանրապետությունների ստեղծումն էր։ Ազգային ու կրոնական տեսակետից նրանց առավել մոտ գտնվող Թուրքիայի ու Իրանի հայացքներն ուղղվեցին վերջիններիս, այդ թվում նաև իրանալեզու Տաջիկստանին։ 1990-ականների առաջին կեսին Միջին Ասիայում ու Անդրկովկասում ծավալված պայքարն ավելին էր, քան պայքար տարածաշրջանային ազդեցության համար. դա պետական ու տնտեսական մոդելների, աշխարհիկ ու հոգևոր ուղիների պայքար էր։

Թեհրանը հիմնական շեշտը դնում էր ու շարունակում է դնել «իսլամական հեղափոխության» ոգու վրա։ Նա սկսեց գումարներ հատկացնել այդ տարածաշրջանում մզկիթների վերակառուցման համար։ Թուրքիայի` Միջին Ասիա ու Անդրկովկաս մուտք գործելու հիմնական վտանգն, ըստ Իրանի, այն է, որ «Անկարայի ձեռքերով գործում է ԱՄՆ-ը»։ Եթե ԱՄՆ-ը, հաստատվելով Պարսից ծոցում, Իրաքում ու Աֆղանստանում, կարողանա ազդել նաև իր հյուսիսային հարևանների քաղաքականության վրա, ապա Իրանը կհայտնվի շրջափակման մեջ։

Սակայն հիմնականում սուննի ազգաբնակչություն ունեցող նախկին խորհրդային հանրապետություններում շիական իսլամի գրավչությունը հարցականի տակ է դրվում։ Զարգացման թուրքական տարբերակում կան երեք գործոն, որոնք ավելի կենսունակ են, քան իրանական առաջնայնությունները։ Դրանք են` պետության աշխարհիկ մոդելը, ազատ շուկայական տնտեսությունն ու համընդհանուր թյուրքական արմատները։ Նախկին խորհրդային այս տարածքների համար պայքարի առաջին փուլում Թուրքիան կարծես թե հաղթանակ տարավ։

Սակայն թուրքերի նախկին ոգևորվածությունն անցել է։ Ակնհայտ է, որ առանց ԱՄՆ-ի ու ընդհանրապես Արևմուտքի զգալի օգնության, Թուրքիային չի հաջողվի յուրացնել այդչափ ընդարձակ տարածքներ, որոնք նաև հայտնի աստիճանով տնտեսապես հետամնաց են։

Թուրք-իրանական հարաբերություններում մյուս կարևոր խնդիրը թուրք-իսրայելական հարաբերություններն են։ Իրանը կտրուկ կերպով արձագանքեց 1990-ականների կեսերից սկսված թուրք-իսրայելական մերձեցման գործընթացին։ Իսլամական կոնֆերանս կազմակերպության 8-րդ գագաթաժողովին, որը տեղի ունեցավ 1997թ. դեկտեմբերին Թեհրանում, Իրանի ջանքերով ընդունվեց հռչակագիր, որտեղ Թուրքիան մեղադրվեց «սիոնիստական վարչակարգի հետ համագործակցելու» մեջ, «ինչը վտանգ է ներկայացնում ողջ մահմեդական աշխարհի համար»։

Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին խիստ բացասական բնութագրեց 1997թ. նոյեմբերին Միջերկրական ծովում անցկացված թուրք-իսրայելա-ամերիկյան ռազմածովային զինավարժությունները` հայտնելով, որ «այդ զինավարժություններն ուղիղ սպառնալիք են ներկայացնում Իրանի և ողջ մահմեդական աշխարհի անկախության համար»։

1996-1997թթ. թուրք-իրանական հարաբերություններում նկատվեց վերելք, որը կապվում էր իսլամամետ «Բարօրություն» կուսակցության նախագահ Ն.Էրբաքանի` Թուրքիայի վարչապետ լինելու հետ։ Այսպես, վերջինս նույնիսկ հայտարարել էր, թե ցանկանում է համագործակցել Իրանի հետ ոչ միայն տնտեսական, այլև ռազմական ոլորտում։ Սակայն այդ մտքից նա շուտով հրաժարվեց, երբ թուրքական զինվորականությունը տանկերի շարասյուն մտցրեց Անկարա։

1999թ. մայիս–հունիս ամիսներին թուրք-իրանական հարաբերություններում նոր լարվածություն նկատվեց։ Անկարան սուր կերպով արձագանքեց Իրանում թուրք պատգամավոր Մ.Քավաքչըի օգտին անցկացված հանրահավաքներին` դա որակելով որպես «իրանական գաղափարախոսության պարտադրում աշխարհիկ թուրք հասարակությանը»։ Հիշեցնենք, որ վերոհիշյալ ճգնաժամը կապված էր «Բարօրություն» կուսակցության ժառանգորդ «Առաքինություն» կուսակցության անդամ Մ.Քավաքչըի` գլխաշորով Թուրքիայի Ազգային մեծ ժողով մուտք գործելու հետ։ Այդ կապակցությամբ Իրանի դեսպանը կանչվել էր Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրան հայտնել էին, թե «Թեհրանը միջամտում է Թուրքիայի ներքին գործերին»։

1999թ. ամռանը թուրք-իրանական հարաբերությունները վատթարացան Քրդստանի բանվորական կուսակցության հանդեպ իրանական վարչակարգի բռնած դիրքի կապակցությամբ։ Անկարայի պնդմամբ` իրանական կողմը ֆինանսավորել ու աջակցել է այդ կազմակերպությանը ողջ 1990-ական թվականների ընթացքում։ Դեռ 1999թ. սկզբներին թուրքական մամուլը գրում էր, թե Իրանում կա ՔԲԿ զինյալների ռազմական հիվանդանոց, իսկ սահմանամերձ շրջաններում` նաև մի շարք ճամբարներ։ Թեև սա մերժվում էր Իրանի կողմից, 1999թ. հունիսին Թուրքիայի ռազմաօդային ուժերն իրանական տարածքներ ռմբակոծեցին, իսկ սահմանամերձ գործողության անցկացման արդյունքում իրանցիների կողմից ձերբակալվեցին երկու թուրք զինծառայող։ Անկարայի այսօրինակ վճռականությունը բացատրվում է Վաշինգտոնի աջակցությամբ և որակվում որպես ուժի ցուցադրում։

Թեև 1999թ. ամռանը Թուրքիայի վարչապետ Բյուլենթ Էջևիթը հայտարարեց, թե «Սիրիայի` ՔԲԿ-ին օգնել հրաժարվելուց հետո այդ գործառույթն իր վրա է վերցրել Իրանը», սակայն Անկարան, այնուամենայնիվ, չհամարձակվեց սպառնալ Թեհրանին պատերազմով, ինչպես դա արեց Դամասկոսի նկատմամբ։

Փոխարենը, 1999թ. օգոստոսի 10-12-ին Անկարայում տեղի ունեցավ անվտանգության հարցերով թուրք-իրանական գերագույն հանձնաժողովի վեցերորդ նիստը, որն ուղղված էր լարված մթնոլորտի լիցքաթափմանը։ Թեև թուրքական կողմը հույս ուներ բանակցությունները կենտրոնացնել ՔԲԿ հարցի վրա, սակայն Իրանն էլ մեղադրում էր Թուրքիային հակաիրանական «Մոջահեդինե հալք» կազմակերպությանը սատարելու մեջ։ Բանակցությունների արդյունքում պարզապես որոշվեց երկու երկրների ուժային կառույցների առավել սերտ համագործակցություն։

Հարաբերությունները 2003թ. իրաքյան պատերազմի ժամանակահատվածում

Այս շրջանում, Թուրքիայում հակաամերիկյան ու հակահրեական տրամադրությունների աճին զուգահեռ` նկատվեց ջերմացում թուրք-իրանական երկկողմ հարաբերություններում։

Իրանը դեմ էր թուրքական զորքերն Իրաք ուղարկելուն և ողջունեց Թուրքիայի տարածքն օգտագործելու ԱՄՆ հայցի մերժումը թուրքական խորհրդարանի կողմից։

Թուրքիայի ներկայիս արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլը 2003թ. երկու անգամ այցելեց Իրան. առաջին անգամ` դեռ վարչապետի պաշտոնում, երկրորդ անգամ` որպես արդեն արտաքին գործերի նախարար` մասնակցելու Իսլամական կոնֆերանս կազմակերպության 30-րդ գագաթաժողովին։ Առաջին այցի ժամանակ նա հանդիպեց Իրանի նախագահ Խաթամիի հետ` քննարկելով իրավիճակն Իրաքում։

Իրաքյան պատերազմի ընթացքում Անկարա այցելեց Իրանի արտաքին գործերի նախարար Քամալ Խարազին, որը կիսեց թուրքերի մտահոգությունները` Իրաքի նավթով հարուստ Քերքուք քաղաքի հանդեպ քրդերի հնարավոր վերահսկողության կապակցությամբ։

Թուրքիայի վարչապետ Էրդողանի` 2004թ. հուլիսի 28-29-ին տեղի ունեցած այցի արդյունքում, երբ նա հանդիպումներ ունեցավ Իրանի նախագահ Մոհամադ Խաթամիի, Իրանի առաջին փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Արեֆի, նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի, խորհրդարանի խոսնակ Ղոլամ Ալի Հադադ-Ադելի, ինչպես նաև նավթի, պաշտպանության ու արտաքին գործերի նախարարների հետ, պայմանագիր ստորագրվեց, որտեղ ՔԲԿ-ն ճանաչվեց որպես ահաբեկչական կազմակերպություն: Թուրքիայի ու Իրանի միջև անվտանգության հետ կապ ունեցող երեք բնագավառներում հանձնաժողովներ հիմնվեցին, ավելին, վերլուծաբաններն սկսեցին խոսել Անկարա–Դամասկոս–Թեհրան դաշինքի ստեղծման նախանշանների մասին։ Երեք երկրների մոտ էլ տարածաշրջանի վերաբերյալ հիմնական մտահոգության առիթ էին քրդական գործոնը Հյուսիսային Իրաքում, Իրաքի տարածքային ամբողջականության ապահովումն ու քրդական պետության ստեղծման արգելակումը և, մասնավորապես, այդ խնդրում Իսրայելի կատարած դերը։

Այս իրավիճակն, այնուամենայնիվ, երկար չտևեց։ Արդեն 2005թ. սկզբին թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորումը նոր շեշտադրումներ մտցրեց Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության մեջ։

Իրանի միջուկային ճգնաժամի ընթացքում Թուրքիան նախաձեռնություն չցուցաբերեց ու հանդես չեկավ որպես ակտիվ դերակատար։ Իրանի հետ լուրջ բանակցությունների մեջ մտավ Եվրոպան, ինչը կարող էր անել Թուրքիան։ Այս բացթողումը շտապեց լրացնել ԱՄՆ-ը. սույն թվականի հունվարի 31-ին ԱՄՆ պաշտպանության նախարարի խորհրդական Դուգլաս Ֆեյթը Անկարայում հանդիպումների ժամանակ նախանշեց Թուրքիայի նոր դերերից մեկը` «դառնալ տարածաշրջանում միջուկային զենքերի վերահսկողության նախաձեռնության առաջնորդ»` ակներևորեն ակնարկելով Իրանը։ Թեև դրանից երեք օր առաջ` հունվարի 28-ին, Դավոսի համաժողովում Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, թե իր երկիրը երբեք չի կասկածել, որ Իրանի միջուկային ծրագիրը հետապնդում է խաղաղասիրական նպատակներ, Թուրքիան չդանդաղեց ընդունել ԱՄՆ-ի կողմից առաջարկված այդ դերակատարումը, և արդեն մի քանի ամիս անց` մայիսի սկզբին, Իսրայելի նախագահ Մոշե Կացավի հետ հանդիպման ժամանակ Էրդողանը հայտնեց, որ կիսում է Իրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Իսրայելի մտահոգությունները և որ «Իրանի միջուկային ծրագիրը սպառնում է ողջ աշխարհին, և Իսրայելը Թեհրանի միջուկային սպառնալիքներին դեմ-հանդիման կանգնած միակ երկիրը չէ»։

Հետևություններ

Էրդողանի կառավարությունը սկզբից ևեթ վերջնական ընտրություն կատարեց հօգուտ մերձավորարևելյան ակտիվ քաղաքականության, համաձայն որի Թուրքիան, հանդիսանալով եվրասիական պետություն, պետք է վերածնի առաջնորդի իր դերը Մերձավոր Արևելքում` ցույց տալով Եվրամիությանն ու ԱՄՆ-ին իր նշանակությունն ու անփոխարինելիությունը տարածաշրջանում։ Նախկին ժամանակաշրջանի թուրք-իսրայելական համագործակցությունը, որը ձեռնտու էր մարտավարական առումով, արգելակում էր վերոհիշյալ ռազմավարական խնդրի լուծումը թե՛ արաբական, թե՛ մահմեդական աշխարհում։

Թուրք-իսրայելական ռազմատնտեսական գործընկերությունը ձևավորվել է 1990-ական թվականների կեսերին, երբ Թուրքիան լուրջ խնդիրներ ուներ գործնականում բոլոր հարևանների հետ։ Այդ տարիներին Թուրքիայում ձևավորվել էր «Բերմուդյան եռանկյունու» գաղափարախոսությունը. Թուրքիան գտնվում է թշնամական եռանկյունում` Բալկաններ, Կովկաս, Մերձավոր Արևելք։ Այս խնդրում Թուրքիային օգտակար էր Իսրայելի հետ համագործակցությունը, սակայն նույն դաշինքը կապում էր Թուրքիայի ձեռքերն ու թույլ չէր տալիս քայլեր անել` հաշտվելու Սիրիայի ու Իրանի հետ, որոնք, անկասկած, տարածաշրջանի ամենահանգուցային երկրներից են։

Սա հակասում էր Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արտաքին քաղաքական հրամայականներից մեկին. «ստեղծել Թուրքիայի շուրջ բարիդրացիականության գոտի»։

Իրաքյան պատերազմը լավ առիթ ծառայեց առժամանակ սառեցնելու հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իսրայելի հետ` թույլ տալով վերականգնել լավ հարաբերությունները մահմեդական աշխարհի հետ։ Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղարության պաշտոնի հանձնումը ազգությամբ թուրք Էքմելեդին Իհսանօղլուին նշանավորեց Թուրքիա–մնացյալ մահմեդական աշխարհ հակամարտության մեղմումն ու Մերձավոր Արևելքում Անկարայի դիրքերի առավել ամրապնդումը: Սա համահունչ էր նաև ԱՄՆ ծրագրերին, որը Թուրքիան համարում է ժողովրդավարական կառավարմամբ մոդել-երկիր մահմեդական մյուս երկրների համար, իսկ մոդել դառնալու համար չի կարելի լինել «ընտանիքի վտարյալ», ինչպիսին էր Թուրքիան Իսրայելի հետ սերտ համագործակցության ժամանակաշրջանում։

Դեպի մահմեդական աշխարհ գնալու հենց այս փուլում էլ առավել զարգացման հասան Անկարա–Թեհրան հարաբերությունները։ Սա բերեց Մերձավոր Արևելքում Թուրքիայի դիրքերի համեմատաբար կայունացման ու ամրապնդման։

ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը նոր որակ հաղորդեց տարածաշրջանում Թուրքիայի դերին։ Թուրքիային այսուհետ վերագրվում է ոչ թե «հակախորհրդային ժանդարմի», այլ Մերձավոր Արևելքում միջուկային զենքերի վերահսկողության առաջնորդի դեր։ Սա թույլ կտա Անկարային ներգրավվել Թեհրանի հետ համապատասխան բանակցություններում, ինչը խելացի ու անկախ քաղաքականություն վարելու դեպքում կավելացնի նրա կշիռը ողջ տարածաշրջանում։


«Հանրապետական», թիվ 6, 2005թ.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր