• am
  • ru
  • en
Версия для печати
06.04.2006

Թուրքիայի միջուկային ծրագրերի շուրջ

EnglishРуский

   

Արտակ Շաքարյան

Միջուկային էներգիայի զարգացման մասին Թուրքիայում խոսակցություններ սկսվեցին 1953թ.` ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Էյզենհաուերի «Ատոմներ հանուն խաղաղության» հայտնի ելույթից հետո։ Սակայն Թուրքիայի փաստացի ներգրավումը միջուկային էներգիայի ոլորտ սկիզբ առավ 1955թ. մայիսին, երբ Անկարան Վաշինգտոնի հետ ստորագրեց երկկողմանի պայմանագիր` «միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման» ոլորտում համագործակցության վերաբերյալ։ 1959թ. սկսվեց Թուրքիայի առաջին միջուկային ռեակտորի կառուցումը, որը տեղադրվեց Չեքմեջեի միջուկային հետազոտության ուսումնական կենտրոնում և ուներ զուտ ուսումնական նպատակներ։

Այդ օրվանից ի վեր միջուկային կայանների կառուցման վերաբերյալ հատուկ կետը Պետական պլանավորման կազմակերպության կողմից ներառվել է ամեն հնգամյա պլանում։

1970թ. ԱՄՆ-ից ու Իսպանիայից Թուրքիա ժամանած խորհրդատվական խմբի կողմից առաջարկվեց կառուցել 400 մեգավատ հզորությամբ CANDU ռեակտորը (CANadian Deuterium Uranium reactor - Կանադական ռեակտոր, որը «հարմար է միջուկային զենքի տարածման համար». որպես կանոն, այս ռեակտորում, ուր օգտագործում են ծանր ջուրը որպես դանդաղեցուցիչ, ավելի շատ պլուտոնիում է արտադրվում)։ Ծրագրվում էր կայանը գործարկել արդեն 1977թ., սակայն 1971թ. մարտին տեղի ունեցած ռազմական հեղաշրջումը հետաձգեց ծրագրերը։ 1976թ. Ատոմային էներգիայի թուրքական խորհուրդը (ԱԷԹԽ) արտոնեց սկսել աշխատանքներն ատոմակայանի կառուցման համար ընտրված Աքքույու վայրում։ 1977թ. բանակցություններ սկսվեցին երկու շվեդական ընկերությունների հետ` 660 մեգավատ հզորությամբ եռացող ջրով աշխատող ռեակտորի կառուցման համար։ Սակայն այս անգամ էլ 1980թ. ռազմական հեղաշրջումը վերջակետ դրեց միջուկային էլեկտրակայան կառուցելու Թուրքիայի երկրորդ փորձին։

1983թ. ԱԷԹԽ-ն հայտարարեց մրցույթ ռեակտորներ վաճառող միջազգային ընկերությունների միջև։ Մրցույթի արդյունքում` 1985թ. Թուրքիան ու Կանադան ստորագրեցին Միջուկային համագործակցության պայմանագիր։ Սակայն 1986թ. հայտնի դարձավ, որ ծրագրի իրականացումը հետաձգված է ֆինանսական անհամաձայնությունների պատճառով։

Այս անհաջողությունից հետո Թուրքիան դիմեց Արգենտինային։ 1988թ. մայիսին երկու երկրներն ստորագրեցին 15 տարի ժամկետով միջուկային համագործակցության համաձայնագիր։ Թուրքիան հույս ուներ կրկնօրինակել Արգենտինայի՝ միջուկային վառելիքի ցիկլի անկախության ընթացքը։ Թուրքիան նաև հետաքրքրված էր 25 մեգավատ հզորությամբ արգենտինյան CAREM-25 թեթև ջրի ռեակտորով։ 1990թ. հոկտեմբերին համաձայնություն ձեռք բերվեց, որ կառուցվելու են CAREM-25 տիպի երկու ռեակտոր՝ յուրաքանչյուր երկրում մեկական։ ԱԷԹԽ նախկին տնօրեն Յալչըն Սանալանն ազնիվ գտնվեց` հայտնելով, որ CAREM-25-ը «...շատ փոքր է էլեկտրաէներգիայի արտադրության համար ու շատ մեծ` այն հետազոտական կամ ուսումնական նպատակներով օգտագործելու տեսակետից, սակայն շատ հարմար է պլուտոնիումի արտադրության համար»։ Այսպիսով, Թուրքիայում միջուկային զենքի տարածման վտանգ էր առաջանում։ ԱՄՆ ու այլ երկրների ճնշման հետևանքով 1991թ. Թուրքիան չեղյալ հայտարարեց նախագիծը։

Միջուկային էներգիայի ծրագիրը սկսելու Թուրքիայի հերթական փորձը տեղի ունեցավ 1992թ. հոկտեմբերին, երբ Թուրքիայի էլեկտրաէներգիայի խորհուրդն ուղարկեց նախնական առաջարկների հայտարարություն։ Աքքույուի համար մրցույթի հայտարարումը տեղի ունեցավ 1996թ. դեկտեմբերին։ Մրցույթին մասնակցեցին երեք կոնսորցիում` AECL, Westnighouse/Mitsubishi և Framatome/Siemens։

Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված որոշման նախագծի առումով պաշտոնական Անկարան հայտարարեց, որ քննարկման է ենթակա Framatome/Siemens ֆրանս-գերմանական կոնսորցիումի վաղաժամկետ դուրսբերումը մրցույթից։ Գերմանիայի ընդդիմությունը Թուրքիայի ԵՄ անդամակցության հարցում ևս բարդացնում էր այս կոնսորցիումի դիրքերը։ Ի պատասխան Թուրքիա–Եվրամիություն հարաբերությունների սառեցման` պաշտոնական Անկարան հնարավորություն տվեց ամերիկյան Westinghouse/Mitsubishi կոնսորցիումին ամրապնդել իր դիրքերը։

1997-1999թթ. Թուրքիայում ներքաղաքական իրավիճակը բավականին անկայուն էր: Մրցույթի վերաբերյալ վերջնական որոշումն անընդհատ ձգձգվում էր, իսկ 1999թ. օգոստոսին տեղի ունեցած Իզմիթի երկրաշարժը, որը 18000 մարդկանց մահվան պատճառ դարձավ, ավելի բորբոքեց ճգնաժամային իրավիճակը։

2000թ. հուլիսին տեղի ունեցած կառավարության նիստում որոշում ընդունվեց հետաձգել Աքքույուի նախագիծը։ Կառավարության հայտարարությունից պարզ դարձավ, որ հետաձգման որոշումը պայմանավորված չէր անվտանգության խնդիրներով, սակայն դրանում նաև հստակորեն ասված էր, որ հետաձգումը չի նշանակում ամենևին հրաժարում նախագծից։ Թուրքիայի միջուկային ծրագրերը հետաձգվեցին մինչև ավելի լավ ժամանակներ, սակայն դա շարունակվեց համարվել ռազմավարական ուղղություն, և հետազոտական աշխատանքները չդադարեցին։

* * *

2005-2006 թվականներին՝ Իրանի միջուկային ծրագրերի ու դրանց հետ կապված միջազգային լարվածության պայմաններում, Թուրքիան կրկին գզրոցից հանեց իր միջուկային ծրագրերի թղթապանակն ու անցավ գործի։

2005թ. վերջին ԱՄՆ–Իրան սրված հարաբերությունները բերեցին նրան, որ Վաշինգտոնում լրջորեն սկսեցին պատրաստվել Իրանի վրա հավանական հարձակման նախագծմանը։ Կրկին զգացվեց Անկարայի աջակցության կարիքը։ 2005թ. դեկտեմբերին Վաշինգտոն–Անկարա «երթևեկությունը» բացվեց ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի ղեկավար Ռոբերթ Մյուլերի այցով։ Ապա Անկարա այց կատարեց Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Փորթեր Գոսը, որը հանդիպում ունեցավ նախ թուրքական ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարներից Էմրե Թաների, ապա Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ։ Գոսից հետո Անկարա այց կատարեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յաափ դե Հուփ Շեֆերը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ք.Ռայսը։

Պատասխան այց կատարվեց գրեթե զուգահեռ՝ դեկտեմբերի կեսին, Թուրքիայի ցամաքային ուժերի հրամանատար Յաշար Բյույուքանըթի կողմից, որն, ի դեպ, այս տարի դառնալու է Թուրքիայի Գլխավոր սպայակույտի ղեկավարը։ Վերջինս հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Գլխավոր սպայակույտի ղեկավար, գեներալ Փիթըր Փեյսի, ցամաքային զորքերի հրամանատար Փիթըր Շումեյքըրի ու ԱՄՆ պաշտպանության փոխնախարար, Անկարայում ԱՄՆ նախկին դեսպան Էրիք Էդելմանի հետ։ 2006թ. հունվարին Վաշինգտոն այց կատարեց Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Յիղիթ Ալփոգանը, որը հանդիպումներ ունեցավ պետքարտուղար Ք.Ռայսի, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար Էդելմանի հետ։

Այս համատեքստում բավականին ուշագրավ է Թուրքիայի Էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Հիլմի Գյուլերի այցն ԱՄՆ, որը տեղի ունեցավ 2006թ. փետրվարին։ Նա հանդիպումներ ունեցավ ԱՄՆ Էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմանի, ԱՄՆ պետդեպարտամենտի տնտեսական ու էներգետիկ գծով պաշտոնյաների հետ։ Բացի այդ, նա հատուկ այց կատարեց Վիրջինիա նահանգում գտնվող North Anna միջուկային կայան։ Այցի ավարտին Գյուլերի տված մամլո ասուլիսից հետաքրքիր որոշ տեղեկություններ ենք քաղում նրա առաքելության վերաբերյալ։ Ըստ Գյուլերի` Թուրքիան նույնպես ծրագրում է ավելի բազմատեսակ դարձնել էներգետիկ աղբյուրները, նվազեցնել կախվածությունը նավթից և ուղղել հայացքը ներքին աղբյուրներին (ինչպես դա բնորոշեց ԱՄՆ նախագահ Բուշ-կրտսերը 2006թ. հունվարի 31-ի իր ելույթում)։ Համաձայն Գյուլերի` Թուրքիան ծրագրում է մինչև 2020թ. մոտ 54000 մեգավատ ներդրումային ծրագրի 10%-ը ծածկել միջուկային էներգիայի հաշվին։ Վաշինգտոնում Թուրքիային առաջարկվել է կառուցել տեխնոլոգիական վերջին նորարարություններով սարքավորված միջուկային կայաններ։ Մասնավորապես, ԱՄՆ էներգետիկայի փոխնախարար Քլեյ Սելը հայտարարել է, թե «Թուրքիան այն դասական երկրներից է, որի հետ համագործակցությունը հարմար ենք գտնում»։ Համաձայն Սելի` ԱՄՆ-ը նախատեսում է նաև բավարարել միջուկային կայաններ կառուցել ցանկացող երկրների վառելիքի կարիքը։

Արդեն 2006թ. մարտին Գյուլերը ոչ միայն հայտարարեց, որ նախագծվում է կառուցել 3 միջուկային կայան, այլև նշեց դրանց վայրերը` Սինոփ, Մերսին-Աքքույու և Մուղլա (երեքն էլ` Թուրքիայի արևմտյան շրջաններում): Թուրքիայի արտաքին գործերի նախարար Գյուլը մարտին հանդիպում ունեցավ ԱԷՄԳ նախագահ Մոհամեդ Էլ Բարադեյի հետ, որի ընթացքում խնդրեց աջակցություն Թուրքիայի միջուկային ծրագրերի հարցում և նշեց, որ պաշտոնական հայտարարությունը լինելու է հունիս ամսին:

* * *

Այսպիսով, Թուրքիայի միջուկային ծրագրերն սկիզբ առան ԱՄՆ նախագահ Էյզենհաուերի «Ատոմներ հանուն խաղաղության» ելույթով և այժմ նոր ուժ են ստանում ԱՄՆ նախագահ Բուշ-կրտսերի ելույթից, որն իր երկրի՝ նավթից կախվածությունը թուլացնելու համար կոչ արեց հայացքն ուղղել էներգիայի այլընտրանքային աղբյուրների՝ մասնավորապես միջուկային էներգիայի վրա։

Ինչպիսի՞ն կլինի Մերձավոր Արևելքում առաջնորդի դերի հավակնող Թուրքիայի դիրքորոշումը, եթե տարածաշրջանում ընդդեմ Իսրայելի միահեծան միջուկային իշխանության փաստացի հանդես գա Իրանը: Արդյո՞ք Անկարան, որը պաշտոնապես դեմ է արտահայտվում միջուկային զենքի տարածմանը, կկարողանա հետ կանգնել այդ գայթակղությունից։ Անկարան արդեն կես դար զբաղվում է իր միջուկային պոտենցիալի զարգացման խնդիրներով, ունի գիտատեխնիկական բավական մեծ ներուժ։ Անհաջող փորձերն ամեն անգամ ավելի են մոտեցրել Թուրքիային իր նպատակին։ Միջուկային էներգիան Անկարայի համար միշտ եղել է առաջնայնությունների շարքում, և ծրագրերի արտաքուստ կասեցումը չի ենթադրել հետնաբեմյան աշխատանքների դադարեցում։ Թուրքիան պարզապես սպասում է միջազգային հարմար իրավիճակի, որպեսզի ի լուր աշխարհի հայտարարի իր միջուկային նկրտումների մասին։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր