• am
  • ru
  • en
Версия для печати
11.05.2006

Թուրքիայի ժողովրդավարացման ապագան

EnglishРуский

   

Արտակ Շաքարյան

Առաջին աշխարհամարտում պարտվելուց ու մեծ ջանքերի շնորհիվ Թուրքիայի Հանրապետություն ստեղծելուց հետո թուրքական վերնախավը, Մ.Քեմալի առաջնորդությամբ, իր հայացքը դարձրեց դեպի Արևմուտք` այն համարելով լավագույն ուղին երկրի զարգացման համար: Արևմտականացման տակ Անկարան նկատի ուներ աշխարհիկությունն ընդդեմ իսլամիզմի և ամենևին նպատակ չուներ հիմնովին փոխառել արևմտյան ժողովրդավարությունը։

Այնուամենայնիվ, Արևմուտքի հետ տևական համագործակցումը ստիպեց Անկարային գնալ ինչ-ինչ քայլերի` նմանակելով ժողովրդավարություն։ Մասնավորապես, 1950-ական թթ. մտցվեց բազմակուսակցական համակարգ, սակայն երկրում բոլոր գործընթացները գտնվում էին Աթաթյուրքի պատգամների պահապան զինվորականության համակ ուշադրության ներքո։ Ամեն մի շեղում արժանանում էր բարձրաստիճան զինվորականության «մեկնաբանությանը», որը հասարակությունում գրեթե օրենքի ուժ էր ստանում։ Եվ ամեն անգամ, երբ զինվորականությունն զգում էր, որ քաղաքական իրավիճակը դառնում է անկառավարելի, Թուրքիայում տեղի էր ունենում ռազմական հեղաշրջում, որը կյանքը վերադարձնում էր ի շրջանս յուր` դեպի Աթաթյուրքի կողմից ուրվագծված շրջանակներ։

Այսօր էլ զինվորական վերնախավն ունի իր, այսպես կոչված, «կարմիր սահմանները», որոնք հանդիսանում են հնարավոր զիջումների շրջանակներ։ Այդ զգայուն կետերից են Կիպրոսի, քրդական ու հայկական հարցերը, իսլամիստական շարժումները և այլն, որոնց ստատուս-քվոյի խախտման հավանական վտանգը շատ սուր է ընդունվում Գլխավոր սպայակույտի ղեկավարության կողմից։

Թուրքիայի քաղաքական կյանքում շատ մեծ կարևորություն է տրվում Ազգային անվտանգության խորհրդին ու նրա ամենամսյա նիստերի որոշումներին, որոնք ուղղորդում են պետության գրեթե բոլոր օղակների աշխատանքները։ Մինչև վերջերս այս խորհրդի կազմում մեծամասնություն էին կազմում զինվորականները, ինչն ապահովում էր նրանց գործուն մասնակցությունը երկրի կառավարմանը։ Սակայն անսալով Եվրամիության պահանջներին` Անկարան գնաց խորհրդի կազմում փոփոխությունների, կրճատելով զինվորականների քանակն ու ավելացնելով քաղաքացիական պաշտոնյաների թիվը։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Անկարայի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացը մեծ խնդիրներ է առաջացնում Թուրքիայի համար։ Եվրոպացիներն այլևս ավելի ուշադիր են Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին և ուշիուշով հետևում են իրենց կողմից Անկարային առաջադրված «կոպենհագենյան քաղաքական չափանիշների» կենսագործմանը։

2002թ. իշխանության եկած Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ), ունենալով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն, հապճեպորեն ընդունեց ԵՄ պահանջած օրենքներն ու իրավական նորմերը։ Անկարան կրկին փորձ կատարեց խաբել Արևմուտքին` թղթի վրա ընդունելով նրա պահանջները, սակայն իրականում պահպանելով գործերի հին ընթացքը։ Սակայն քանի դեռ Թուրքիան ցանկություն ունի դառնալ ԵՄ լիիրավ անդամ և դա հռչակում է իր քաղաքականության հիմնական վեկտոր, նա ստիպված է լինելու գնալ զիջումների` թեկուզև դանդաղ քայլերով, հաստատելով ժողովրդավարական նորմեր երկրում։

Կարելի է ասել, որ ներկա կառավարությանը ժողովրդավարական որոշ նորմերի ընդունումը ձեռնտու է։ Արդի Թուրքիայի պատմությունում միշտ պայքար է գնացել աշխարհիկ զինվորականության ու իսլամիստների միջև։ Թուրքիա բերելով խոսքի ու դավանանքի ազատություն` իսլամիստները կարծես ազատվում են զինվորականության վերահսկողությունից ու ստանում գործունեության ավելի լայն դաշտ, ինչը և մտահոգության տեղիք է տալիս Գլխավոր սպայակույտին։

Այսպես, 2006թ. հունվար ամսին ամերիկյան հայտնի «Foreign Affairs» ամսագրում հրատարակվեց մի հոդված երեք հեղինակների ստորագրությամբ, որոնցից երկուսը նախկինում եղել են զինվորական, իսկ մեկը Թուրքիայի զինված ուժերի գնդապետ է։ Հոդվածում հայտնվում է այն միտքը, որ թեև զինվորականությունը միշտ եղել է Թուրքիայի արևմտականացման կողմնակից, սակայն գործերի ներկա ընթացքը կարող է բերել այնպիսի մի իրավիճակի, որ «կարմիր սահմանների» անցման դեպքում բանակը կարող է և հրաժարվել ժողովրդավարության սատարման իր ստանձնած դերից։

* * *

Իրոք, Անկարայի համար իրավիճակը բարդ է։ Իրական ժողովրդավարությունը Թուրքիայում մեծ խնդիրներ կարող է երևան հանել։ Թուրքիայում միասնությունը խարսխված է բիրտ ուժի ու զինվորական պետությունից վախի վրա։ Եվ այն օրը, երբ գա խոսքի ու դավանանքի իրական ազատությունը, գործեն ժողովրդավարական նորմերը, պաշտպանվեն մարդու իրավունքները, իսկ քաղաքական դաշտում գործեն քիչ թե շատ արդար օրենքները, ապա Թուրքիան որպես միասնական երկիր կգոյատևի, թերևս, միայն մի քանի տարի։

Այստեղ առաջին հերթին պետք է հաշվի առնել մոտ մեկ հարյուրամյակ անկախություն պահանջող քրդերին, որոնք Թուրքիայում կազմելով ստվար զանգված (համաձայն որոշ հաշվարկների` բնակչության 15-20%-ը)` լիովին հեռացված են եղել երկրի կառավարման օղակներից։ Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ ի հեճուկս թուրքական պետության տարհանման քաղաքականության` քրդական տարրը դեռ բավական հավաք կերպով բնակվում է երկրի հարավ-արևելքում, որտեղ կազմում է բնակչության ճնշող մեծամասնությունը։ Այդուհանդերձ, քրդական կուսակցությունները ներկայացված չեն երկրի խորհրդարանում։ Պատճառը երկրի ընտրական համակարգի հատուկ մշակված ձևն է, համաձայն որի` կուսակցության ստացած ձայները բաղդատվում են ողջ երկրով մեկ արդյունքների հետ, ինչպես նաև բարձր ընտրաշեմը` 10%: Այսպիսով, ստացվում է, որ տվյալ տարածքում 90% ձայն հավաքած քրդական կուսակցությունը չի կարողանում պատգամավորական նույնիսկ մեկ աթոռ ստանալ խորհրդարանում։

Երկրում վերջին ժողովրդավարական զարգացումներից հետո քրդերն իրենց քաղաքական ներուժն օգտագործեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Այսօր հարավ-արևելքում կա 56 քուրդ քաղաքապետ, ինչն, անշուշտ, նշանակում է կազմակերպվածության բարձր մակարդակ։

Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ քրդերը սովորեցին խաղալ ժողովրդավարության օրենքներով։ Թերևս, արևմտյան խորհրդականների ազդեցությամբ քրդական շարժումն անցում է կատարել նոր, ավելի արդյունավետ մակարդակի` ահաբեկչական գործողություններն աստիճանաբար փոխարինելով քաղաքական պայքարով, մեծապես օգտագործելով ԵՄ հետ բանակցային գործընթացի ընձեռած հնարավորությունները։

Սրա վառ օրինակն են վերջին զարգացումները։ Նախ, տարեսկզբին տեղի ունեցավ քրդերի հարցերին նվիրված կոնֆերանս։ Սա շատ հետաքրքիր երևույթ է Թուրքիայում, որտեղ դեռ ընդամենը մի քանի տարի առաջ քրդերին անվանում էին «լեռնային թուրքեր», իսկ «ես քուրդ եմ» նախադասության համար դատում էին որպես հայրենիքի դավաճանի։ ԵՄ ճնշումների ներքո Անկարան թույլատրեց քրդերեն լեզվով հեռուստաեթերներ, իսկ տեղի քաղաքապետերն արդեն այն աստիճանի ինքնավստահություն են ցուցաբերում, որ ուղիղ եթերում քրդերենով հարցազրույցներ են տալիս ու հարցականի տակ դնում Քրդական բանվորական կուսակցության ահաբեկչական կազմակերպություն լինելու վերաբերյալ տեսակետը։

Սակայն ամենակարևոր իրադարձությունը քրդական ըմբոստությունն էր, որն սկիզբ առավ 2006թ. մարտի վերջին։ Սա իրապես նշանավորում է քրդական շարժման նոր որակ, քանի որ քրդական կողմից հրազեն չի օգտագործվել։ Ավելին, այն սկսվել է որպես քաղաքացիական անհնազանդության զանգվածային ակցիա։ Ի՞նչ կարող է անել «ԵՄ-ի հետ ժողովրդավարություն խաղացող» Անկարան խաղաղ բնակչության ցույցերի դեմ։ Քրդերն ավելի հեռու գնացին. նրանք դիմեցին խորհրդանշական պատկերների, որոնք շատ կարևոր են հեռուստատեսությամբ կառավարվող մեր ժամանակաշրջանում։ Ոստիկանների ու կանոնավոր բանակի դեմ դուրս եկան ոչ թե զինյալներ, այլ երեխաներ` քարերով, շշերով։

Այնուամենայնիվ, Անկարան ձեռքերը ծալած նստած չէ։ Պետությունը մշակել է հետաքրքիր մի ռազմավարություն. քանի որ նա չի կարող լուծել քրդական խնդիրը «ժողովրդավարական» խաղի մակարդակում, ապա անհրաժեշտ է քրդական քաղաքական պայքարն իջեցնել ռազմական բախման մակարդակի, որտեղ Անկարան ունի մեծ փորձ և, իհարկե, կանոնավոր բանակ, իսկ ահաբեկչական գործողությունների առկայության պարագայում` նաև միջազգային հանրության բարոյական աջակցություն։ Ահա այս շրջանակում պետք է դիտարկել պաշտոնական լրահոսի մեծ մասը կազմող հաղորդագրությունները «քուրդ ահաբեկիչների հերթական պայթեցումների, ոստիկանների հետ ռազմական բախումների, նահատակված զինվորների և ոստիկանների» մասին։ Ամենայն հավանականությամբ, սրանց մեծ մասը պետական ուժերի սադրիչ քայլեր են, որոնց նպատակն է խաղի մեջ ներքաշել ՔԲԿ-ին, ինչպես նաև շիկացնել մթնոլորտը հասարակությունում` ստեղծելով ռազմական լայնածավալ հակաահաբեկչական գործողությունների պահանջ։

* * *

Պետության, մասնավորապես` զինվորականության մտահոգության առիթ է նաև իսլամիզմի ահագնացող աճը երկրում։ Եվրամիությունն իր օրենքներով ազատում է «իսլամական ջինին շշից», որը երկար տարիներ փակված էր զինվորականության կողմից։ Իսլամիստական շրջանակներն իրենց առավել ազատ զգացին ԱԶԿ իշխանության գալուց հետո։ Այսօր իսլամիստների զսպաշապիկի դեր է խաղում հիմնականում հանրապետության նախագահ Ա.Ն. Սեզերը, որն ի պաշտոնե իրավունք ունի վետո դնել խորհրդարանի ընդունած յուրաքանչյուր որոշման վրա` առանց որևէ հստակ պատճառաբանության։ Սակայն այս իրավիճակը երկար տևել չի կարող, քանի որ նախագահի լիազորությունները դադարում են 2007թ., իսկ Թուրքիայում նախագահն ընտրվում է խորհրդարանի կողմից, որտեղ այժմ մեծամասնություն են կազմում իսլամիստ ԱԶԿ-ականները, որոնք, ամենայն հավանականությամբ, 7 տարի ժամկետով նախագահ կընտրեն այժմյան վարչապետ Ռ.Թ. Էրդողանին։ Այդուհետ խորհրդարանի ընդունած որոշումները չեն կասեցվի, և իսլամիստների գործողություններն ավելի կագրեսիվանան։

Հասարակության շրջանում հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ գնալով ավելի է խորանում Թուրքիայի ներքին պառակտումը, որի արևմտյան մասը ձգտում է դեպի Եվրոպա, իսկ հիմնականում արևելյան վիլայեթները` դեպի իսլամական արևելք։ Հասարակության այս զանգվածների հակադրությունը խիստ սկզբունքային է, և այն չի կարելի շարունակապես անտեսել։ Միաժամանակ, հետագա ժողովրդավարացումը կարող է բերել նրան, որ ավելի մեծաթիվ իսլամիստներն իրենց լիակատար իշխանության տակ կվերցնեն երկրի կառավարման ղեկն ու Թուրքիան կուղղորդեն համաձայն իրենց համոզմունքների։

Այս դեպքում իրավիճակի զարգացման սցենար կարելի է համարել Թուրքիայի վարչական նոր բաժանումը և վերափոխումը համադաշնության` Անկարա մայրաքաղաքով, իր երեք իրավահավասար սուբյեկտներով` արևմտյան Թուրքիա (կենտրոնը` Ստամբուլ), իսլամիստական Թուրքիա (կենտրոնը` Քոնիա), քրդական ինքնավարություն (կենտրոնը` Դիարբեքիր)։

Ակնհայտ է, որ Գլխավոր սպայակույտը երբեք կամովին թույլ չի տա իրերի այնպիսի զարգացում, որը կարող է բերել այս իրավիճակին։ Դեպքերի անկառավարելիության մակարդակի բարձրացման, ինչպես նաև ԵՄ շարունակական ճնշումների պարագայում զինվորականությունը, ամենայն հավանականությամբ, կիրականացնի մի նոր թավշյա հեղաշրջում` հետ գցելով Թուրքիային հետագա ժողովրդավարացման ուղուց, սակայն փրկելով տարիներով փայփայած խճանկարի ներկա տեսքը։

Միաժամանակ, Անկարան իր քայլերում դեռ շարունակում է հաշվի նստել Վաշինգտոնի հետ, և Թուրքիայում տեղի ունեցող ներկայիս գործընթացները հիմնականում համահունչ են Բուշի վարչակարգի որդեգրած Մեծ Մերձավոր Արևելք նախագծին, որի էությունն է ժողովրդավարացնել տարածաշրջանն` աջակցելով չափավոր իսլամիզմի զարգացմանը: Ու թեև Գլխավոր սպայակույտն այսօր չի կարող իրականացնել հեղաշրջում առանց ԱՄՆ-ի հետ խնդիրներ ունենալու, սակայն պետք է հաշվի առնել, որ վերոնշյալ նախագծի հավանական ձախողումը լայն հնարավորություններ կբացի զինվորականության առջև:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր