
ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ. ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Դժվար է գերագնահատել մտավոր ներուժի ազդեցությունը գործնական քաղաքականության վրա։ Աշխարհի առաջատար երկրներում պետական քաղաքականություն իրականացնող մարմինները, կուսակցությունները և այլ քաղաքական ակտորները, իրենց գործնական քաղաքականությունն իրականացնելիս, հիմնվում են ակադեմիական կառույցների, ինչպես նաև վերլուծական կամ «ուղեղային» կենտրոնների իրականացրած մշակումների ու վերլուծությունների վրա։ Այլ կերպ ասած՝ գիտական և փորձագիտական հանրության մտավոր արտադրանքը հաճախ պայմանավորում է իշխանությունների ընդունած որոշումների բնույթն ու բովանդակությունը։
Հայության մտավոր ռեսուրսների զգալի մասը գտնվում է ՀՀ և ԼՂՀ սահմաններից դուրս։ Բնակվելով աշխարհի տարբեր, այդ թվում նաև առաջատար երկրներում՝ հայազգի մտավորականության ներկայացուցիչներն ընդգրկված են այդ երկրների գիտական և վերլուծական կառույցների գործունեության մեջ։ Նրանք կարևոր դերակատարում ունեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպական և ԱՊՀ երկրների հետազոտական և ակադեմիական կառույցներում, ինչպես նաև գործնական քաղաքականության վրա անմիջական ազդեցություն ունեցող վերլուծական կառույցներում՝ «ուղեղային կենտրոններում»։ Նրանցից շատերը զգալի հաջողությունների են հասել. օրինակ, կարելի է նշել ԱՄՆ Քարնեգիի հիմնադրամի նախագահ Վարդան Գրեգորյանին, Բարուխի քոլեջի դեկան Երվանդ Աբրահամյանին, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր Տարոն Աջեմօղլիին, ՌԴ ԳԱ Համաշխարհային պատմության ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Չուբարյանին և այլոց։
Արտերկրի հայության մտավոր ներուժը (թե՛ ակադեմիական և թե՛ փորձագիտական ոլորտներում) արդյունավետ օգտագործվելու պարագայում կարող է զգալի օգուտներ բերել թե՛ Հայաստանին, թե՛ Սփյուռքին։ Լինելով աշխարհի առաջատար տերությունների գիտական և փորձագիտական հանրությունների մի մասը՝
- նրանք ավելի լավ են տեղեկացված իրենց երկրներում տիրող քաղաքական իրավիճակին, ներքին և արտաքին քաղաքական գործընթացներին և դրանց միտումներին, իշխանությունների և ընդդիմության տրամադրություններին և այլն, ինչը եթե ոչ անմիջականորեն, ապա միջնորդավորված կերպով անդրադառնում է մեր տարածաշրջանում տիրող քաղաքական իրավիճակի, այդ թվում նաև Հայաստանի տարածաշրջանային դրության վրա,
- նրանցից շատերը համաշխարհային գործընթացներից, աշխարհի այս կամ այն տարածաշրջանում կամ երկրում տեղի ունեցող կամ սպասվելիք իրադարձություններից տեղեկացված լինելու շատ ավելի լայն հնարավորություններ և հասանելիություն ունեն, քան հայաստանյան գիտական կամ փորձագիտական շրջանակները, իսկ գլոբալացման ներկա պայմաններում աշխարհի տարբեր կետերում տեղի ունեցող իրադարձությունները, համաշխարհային գործընթացները՝ առավել ևս, չեն կարող չազդել նաև ՀՀ քաղաքական, տնտեսական դրության վրա,
- սփյուռքահայ գիտնականներն ու փորձագետներն իրենց երկրների գիտական և փորձագիտական մշակույթի ու փորձի (ամերիկյան, ռուսական, եվրոպական և այլն) կրողներն են, ինչի փոխառումը կամ ներմուծումը Հայաստան կարող է զգալիորեն հարստացնել տեղի գիտական և փորձագիտական մշակույթն ու փորձը՝ էապես մեծացնելով հայաստանյան նոր ձևավորվող փորձագիտական դպրոցի մտավոր կարողությունները։
Սփյուռքի մտավոր ներուժի արդյունավետ օգտագործումն ի նպաստ ազգային շահերի ենթադրում է այդ ներուժի հետ որոշակի աշխատանքի ծավալում՝ հիմնված մանրամասն հետազոտությունների և վերլուծությունների վրա։ Այստեղ կարևոր են երկու առանցքային քայլեր.
1. Ներուժի հաշվառում, որի նպատակն է հստակ պատկերացում կազմել Սփյուռքում առկա հայկական ակադեմիական և փորձագիտական հանրության, նրա մտավոր կարողությունների մասին։
2. Արդյունավետ օգտագործման մեխանիզմների մշակում, որի նպատակը Սփյուռքի հայկական գիտական և փորձագիտական հանրության ներուժն առավելագույնս ազգային շահերին ծառայեցնելն է։ Խնդիրը ենթադրում է տարբեր երկրներում, կառույցներում և մասնագիտական ոլորտներում ընդգրկված անհատ հայ գիտնականներին և փորձագետներին մեկ միասնական «հարկի» տակ համախմբելու, նրանց միջև, ինչպես նաև Հայաստանի գիտական և փորձագիտական հանրության հետ տարբեր ձևաչափերով կապերի և համագործակցության հաստատման ու ամրապնդման ինստիտուցիոնալ և ոչ ինստիտուցիոնալ մեխանիզմների մշակում։
Պետք է նշել, որ հայ իրականության մեջ կատարվել են որոշակի հետազոտություններ արտերկրի հայկական մտավոր ներուժի հաշվառման ուղղությամբ։ Ուշագրավ է, օրինակ, «Նորավանք» գիտակրթական հիմնադրամում իրականացված «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում» հետազոտությունը (2010թ.)։ Սակայն համապարփակ ուսումնասիրություն այս ուղղությամբ առայսօր դեռևս իրականացված չէ։
Եթե գիտական շրջանակներում ընդգրկված հայերի բացահայտման և «գույքագրման» ուղղությամբ, թեկուզ ոչ համապարփակ, որոշակի հետազոտություններ այս կամ այն չափով արվել են, ապա փորձագիտական շրջանակներում ընդգրկված հայկական մտավոր ներուժի բացահայտման գործը դեռևս, կարելի է ասել, լիովին բաց է։ Բաց է նաև այդ ներուժն առավել արդյունավետությամբ Հայաստանի և Հայության շահերին ծառայեցնելու մեխանիզմների վերհանման գործը։
Ներուժի հաշվառման խնդիրներ
Խնդրի լուծումը ենթադրում է հետևյալ ենթախնդիրների լուծում.
- Սփյուռքի ակադեմիական և փորձագիտական ռեսուրսների բացահայտում։ Այս ոլորտում իրականացվող առաջադրանքն է հայտնաբերել հումանիտար գիտությունների ասպարեզում արտերկրի ակադեմիական և վերլուծական կառույցներում ընդգրկված հայ մասնագետներին՝ քաղաքագետներ, սոցիոլոգներ, տնտեսագետներ, իրավաբաններ, պատմաբաներ և այլն։
- Հումանիտար ոլորտում Սփյուռքի ակադեմիական և վերլուծական ներուժի գնահատում։ Սա ենթադրում է հայ մասնագետների տվյալների բազայի ստեղծում, նրանց դասակարգում՝ ըստ գիտական աստիճանների, մասնագիտական ձեռքբերումների, երկրների, մասնագիտությունների, ակադեմիական և վերլուծական կառույցների և այլն։
Կազմակերպական հարցեր
Հայաստանի Հանրապետությունն իր ձևավորումից (1918թ.) ի վեր վարել է հայրենիքի հովանու ներքո Հայության մտավոր ներուժի համախմբման և ազգային շահերին ծառայեցնելու քաղաքականություն։ Այդ նպատակով են թե՛ առաջին և թե՛ երկրորդ հանրապետություններում կազմակերպվել արտերկրում բնակվող հայկական մտավոր, քաղաքական, զինվորական և այլ շրջանակների ներկայացուցիչների «հայրենադարձության» ծրագրեր։ Օրինակ, 1920-ական թթ. Ալ. Մյասնիկյանի կողմից իրականացված արտերկրի հայկական մտավորական ռեսուրսների մի մասի վերադարձը նորաստեղծ Խորհրդային Հայաստան և նրանց մեծ ավանդը վերջինիս զարգացման գործում այդ քաղաքականության ամենավառ դրսևորումներից են։
Մեր օրերում համաշխարհային նոր իրողությունները ենթադրում են Հայության ներուժի համախմբման ավանդական ձևերին ու եղանակներին ավելացնել նորերը։ Տեղեկատվական և հեռահաղորդակցական միջոցների զարգացմամբ պայմանավորված՝ ցանցային կառույցների հետզհետե աճող դերը հանրային կյանքում հարկադրում է Հայաստանի երրորդ Հանրապետության պատկան մարմիններին գործնական կյանքում կիրառել Սփյուռքի ներուժի համախմբման և արդյունավետ օգտագործման համապատասխան մեխանիզմներ։ Թեև սույն խնդիրը լրջագույն հետազոտություններ և մանրամասն վերլուծություններ է պահանջում, սակայն ներկա պահին կարելի է այդ առնչությամբ կատարել որոշակի նախնական դիտարկումներ։
Ներկայում արտերկրի հայության մտավոր ներուժը Հայության խնդիրների լուծմանը ծառայեցնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել արդի պայմաններին բնորոշ մի շարք իրողություններ։ Այդպիսիք են.
- Արտերկրում ինտելեկտուալ ոլորտում բարձր դիրքի հասած հայազգի մտավորականները կտրված են համայնքային կյանքից՝ գրեթե ամբողջությամբ և անմիջականորեն ինտեգրված լինելով տվյալ երկրի հասարակությանը։ Նրանց մտավոր գործունեության արդյունքները կարծես թե լիովին ի սպաս են դրվում այդ երկրների պետական-քաղաքական կառույցներին՝ ծառայեցվելով վերջիններիս ազգային շահերին։
- Մեր օրերում նրանց զանգվածային հայրենադարձությունը՝ վերադարձը և բնակությունը Հայաստանում, իրատեսական չէ՝ հաշվի առնելով, մի կողմից, նրանց խոր ինտեգրվածությունն իրենց երկրների կյանքում, մյուս կողմից՝ ՀՀ ոչ այնքան բարենպաստ պայմանները։
Սույն իրողությունները հաշվի առնելով՝ նպատակահարմար է շեշտը դնել արտերկրի հայ գիտնականների և փորձագետ-վերլուծաբանների հետ հեռավար աշխատանքի վրա, ինչը կարող է ստանալ դրսևորման հետևյալ ձևերը.
- Անհատական հետազոտությունների պատվիրում։ Հայաստանի և Հայության համար հետաքրքրություն ներկայացնող թեմաներով կարելի է բարձրորակ հետազոտություններ պատվիրել Սփյուռքի ներկայացուցիչ հայ փորձագետներին։
- Կոլեկտիվ հետազոտությունների պատվիրում։ Նման թեմաներով կարելի է պատվիրել նաև կոլեկտիվ հետազոտություններ, որում ընդգրկված կլինեն Սփյուռքի մեկից ավելի փորձագետներ և գիտնականներ։ Այս կերպ, ըստ էության, կձևավորվեն Սփյուռքի հայ փորձագետների աշխատանքային խմբեր։
- Տարբեր ձևաչափերով հանդիպում-քննարկումների կազմակերպում։ Կոնկրետ խնդիրների շուրջ (Ղարաբաղյան հիմնահարց, հայ-թուրքական հարաբերություններ, Հայաստանի զարգացման ռազմավարություն և այլն) կարելի է Հայաստանի և Սփյուռքի գիտնականների ու փորձագետների մասնակցությամբ կազմակերպել պարբերական գիտաժողովներ, սեմինարներ, կլոր սեղաններ և այլ ձևաչափերով հանդիպում-քննարկումներ։ Նպատակահարմար է լայնորեն կիրառել ժամանակակից հեռահաղորդակցության միջոցների հնարավորությունները (օրինակ՝ առցանց դասախոսությունների, գիտաժողովների և այլնի կազմակերպում)։
Հարկ է նշել, որ 2012թ. նոյեմբերին ՀՀ Սփյուռքի նախարարության, ԵՊՀ-ի և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից կազմակերպված Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը1, թերևս, այս ուղղությամբ առաջին քայլն էր։ Համաժողովի թեման ընդհանրական էր՝ «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները», ինչն առաջին նմանատիպ համաժողովի համար բնական է։ Հետագա նման համաժողովների կազմակերպման ժամանակ, սակայն, թեմատիկայի ընտրության հարցում նպատակահարմար է կենտրոնանալ ավելի կոնկրետ խնդիրների վրա։
Արտերկրի հայ գիտնականների և փորձագիտական հանրության հետ հեռավար աշխատանքի դյուրացումը և արդյունավետության բարձրացումն անխուսափելիորեն ենթադրում են նաև ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում, որոնց ամբողջությունը պետք է ունենա ցանցային նկարագիր։ Ըստ այդմ՝ նպատակահարմար է տարբեր երկրներում (ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա և այլն) հասարակական կազմակերպությունների կարգավիճակով ստեղծել հայ փորձագետների միություններ։ Ակնհայտ է, որ նման կառույցների հետ աշխատանքն ավելի մեծ արդյունավետություն կարող է գրանցել, քան առանձին անհատ փորձագետներինը։ Ցանցային կառուցվածքը ենթադրում է, որ առանձին երկրների հայ փորձագետներին միավորող կառույցներն իրենց հերթին միավորվեն տարածաշրջանային, իսկ վերջիններս էլ՝ համահայկական միության մեջ։ Այս պարագայում, բացի այն, որ Սփյուռքի մտավոր ներուժի կազմակերպումը կստանա ցանցային կառույցի տեսք, ևս մեկով կավելանա նաև համազգային կառույցների թիվը։ Իսկ համազգային կառույցների հետ աշխատանքը շատ ավելի արդյունավետ է դարձնում Հայաստան-Սփյուռք գործակցությունը։
2012թ. Հայաստանում ստեղծված Հայկական հետազոտական ցանցը (Armenian Research Network Institute) կարելի է դիտել որպես այս ուղղությամբ կատարված առաջին քայլ։
1 Տե՛ս, օրինակ, http://tert.am/am/news/2012/11/19/21-dari-martahraver-hamajoghov/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[27.07.2017]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]