• am
  • ru
  • en
Версия для печати
15.03.2017

ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

   

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Ներկայում, առավել քան երբևէ, սփյուռք ունեցող երկրներն ավելի մեծ ուշադրություն են դարձնում արտերկրում բնակվող իրենց հայրենակիցների խնդիրներին՝ պետություն-սփյուռք հարաբերությունների ձևավորմանը, հայրենիքում ֆինանսական ներդրումների հնարավորություններին, կազմակերպչական հարցերին և այլն։ Բացի վերը թվարկված ուղղություններից, արդիական է նաև գիտական սփյուռքի հետ փոխգործակցության հարցը։ Ինչպես իրավացիորեն նկատում են խնդրով զբաղվող մասնագետները, «պարտադիր չէ, որ ուժեղ սփյուռքը բազմաքանակ լինի։ Ուժեղ է այն սփյուռքը, որտեղ ավելի շատ են հաջողության հասած մասնագետները, որոնք կարող են օգուտ բերել հայրենիքին։ Որքան «հին» է սփյուռքը, այնքան ավելի արդյունավետ կարող է լինել համագործակցությունը։ Սակայն համագործակցության արդյունավետությունն ավելի շուտ կախված է հայրենիքի գործընկերներից, քան սփյուռքի ներկայացուցիչներից»1։ Ուստի գիտական սփյուռքի հետ կայուն և արդյունավետ փոխգործակցության կամուրջներ հիմնելը սփյուռք ունեցող մի շարք պետությունների համար դարձել է հրամայական: Հայրենական գիտակրթական համակարգի բարեփոխման, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նրանց մասնագիտական կարողությունների ներդրման ու համագործակցության խթանման նպատակով մշակված տեսլականներն ամրագրված են պետական ռազմավարական փաստաթղթերում: Ստեղծվել են սփյուռքում բնակվող գիտնականների վերաբերյալ տեղեկատվական շտեմարաններ, գնահատվել է նրանց ներուժը։ Հաշվի առնելով այս հարցի հետ կապված սփյուռքի տեսակետներն ու մտահոգությունները՝ ուսումնասիրվել են գիտական սփյուռք-պետություն համագործակցության հնարավոր եղանակներն ու մեխանիզմները, այդ հարաբերությունների ստեղծման ճանապարհին ի հայտ եկող խոչընդոտների հաղթահարմանն ուղղված ռազմավարական քայլերի ողջ համալիրը, փոխադարձ ակնկալիքները, միջազգային փորձը, հայրենադարձության և այլ հարցեր [1, p. 8; 2, pp. 1-16; 3, pp. 157-173; 4, с. 1-215]: Ըստ էության, այսպիսի քաղաքականության շնորհիվ դրվում են սփյուռքի հետ կապերի և համագործակցության նոր ձևաչափի հիմքերը, որի պահպանման համար անհրաժեշտ է երկկողմանի ջանքերի գործադրում։

Գիտական սփյուռք-պետություն փոխգործակցության գլխավոր դերակատարները

Միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ գիտական սփյուռք-պետություն փոխգործակցության ոլորտում առկա է սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ինտեգրման երկու միջոց. 1) գիտնականների և բարձր որակավորում ունեցող մասնագետների հայրենադարձման նախագծերի ռեալիզացում, 2) գիտական սփյուռքի հեռավար համախմբում տեղեկատվական ցանցերի միջոցով և գիտական համագործակցության այլ ձևերով [5, с. 364]։ Վերոնշյալ ձևերի և միջոցների կիրառումը կախված է մի քանի դերակատարներից, որոնք էլ ձևավորում են համագործակցության քաղաքականությունը։

Առաջին դեպքում կարևոր դերակատարում ունեն սփյուռքի գիտական ներուժի համախմբման, գիտահետազոտական աշխատանքների համակարգման, ֆինանսական աջակցության նպատակով ստեղծված սփյուռքյան գիտական կառույցները (Scientific Diaspora Organizations)։ Դրանք հասարակական հիմունքներով ստեղծված նեղ մասնագիտական և տարբեր գիտաճյուղերի ներկայացուցիչներին մեկ հարկի տակ համախմբող միություններ ու ցանցային կառույցներ են, որոնք գործում են երկու մակարդակում՝ տեղական (օրինակ՝ ԱՄՆ-ում բնակվողների համար) և գլոբալ՝ անկախ բնակության վայրից ընդգրկում են ողջ սփյուռքի գիտական ռեսուրսները։ Չնայած մասնագիտական տարբեր կազմերի և միմյանցից տարբերվող ռազմավարական նպատակների առկայությանը՝ կարելի է մատնանշել այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ կառուցվում է սփյուռքյան գիտական ցանցերի քաղաքականությունը.

- սփյուռքյան մտավոր ռեսուրսների համախմբում և ներգրավում ցանցային (network) աշխատանքներում,

- գիտական սփյուռքի վերաբերյալ տեղեկատվական բազաների ստեղծում,

- գիտական միջոցառումների խթանում տարածաշրջանային մակարդակով,

- դրամաշնորհների որոնում և դրամահավաքային միջոցառումների անցկացում,

- նմանատիպ գործունեություն ծավալող կազմակերպությունների հետ համագործակցություն,

- հայրենիքի գործընկերների հետ կապերի վերականգնում և ընդլայնում,

- մասնագիտական կարողությունների ներդրում հայրենական գիտակրթական և այլ ոլորտների զարգացման գործում,

- ֆինանսական և այլ կարգի աջակցություն արտերկրում կրթություն ստացող հայրենակիցներին։

Այսպիսի կառույցների գործունեության առաջին փուլի նպատակն է եղել համախմբել գիտական համայնքի ներկայացուցիչներին մի կառույցում, որը հնարավորություն կընձեռեր ծանոթանալ տարբեր պատճառներով հայրենիքից դուրս գտնվող, գիտությամբ զբաղվող հայրենակիցների խնդիրներին և գիտական ձեռքբերումներին։ Ժամանակի ընթացքում զարգանալով և ձևավորվելով որպես ինստիտուցիոնալ կառույցներ՝ դրանք ընդլայնեցին իրենց գործունեության դաշտը։ Հիշատակման արժանի են այն կառույցները, որոնք իրականացրել են համապետական նշանակության նախագծեր, օրինակ՝ Brain Gain Network-ի թիրախային խմբերը նախագծում են ինտեգրալ սխեմաներ, ֆիլիպինյան պետական քաղաքականության շրջանակներում սեփական գիտելիքներով և փորձով մասնակցում են հայրենի երկրի տեխնոլոգիաների և այլընտրանքային էներգետիկայի ոլորտների կայացմանը։ Կամ «Գլոբալ կորեական ցանցը» (Global Korean Network), որն իրականացնում է ցանցի անդամների հետաքրքրությունների տիրույթում գտնվող նեղ մասնագիտական հիմնախնդիրներին նվիրված համաժողովներ և այլն։

Թեև նման կառույցների առկայությամբ պայմանավորված՝ ավելի դյուրին էր դառնում գիտական սփյուռք-պետություն փոխգործակցությունը, բայց և այնպես, ի հայտ էին գալիս համագործակցությանը խոչընդոտող ներքին և արտաքին պատճառներ, երբ բացակայում էին սփյուռքի գիտնականների մասնակցությամբ ռազմավարական նշանակության ոլորտների զարգացմանն ուղղված նախագծերը, պետական մակարդակով անտեսվում էր կամ, առնվազն, մեծ նշանակություն չէր տրվում գիտական սփյուռքի ներուժի օգտագործմանը, կամ գիտական սփյուռքն աչքի չէր ընկնում մոբիլությամբ, առաջին և երկրորդ հանդիպումներից հետո կորչում էր հետագա համագործակցության նկատմամբ հետաքրքրությունը և այլն։

Օրինակ, այնպիսի տրանսնացիոնալ սփյուռքյան գիտական ցանցեր, ինչպիսին էին South African Network of Skills Abroad-ը (SANSA) և Colombian Researchers Abroad-ը (Red Caldas), որոնք մի քանի ուղղություններով արդյունավետ համագործակցություն էին իրականացնում, ֆինանսական և այլ կարգի խնդիրների պատճառով անգործության մատնվեցին և փակվեցին [6, pp. 187-198]։ Ըստ էության, նման միտումները բացահայտեցին սփյուռքյան գիտական ցանցերի փխրունությունը։

Երկրորդ դեպքում որպես դերակատարներ հանդես են գալիս պետական հաստատությունները՝ սփյուռքի գործերով նախարարություններն ու գործակալությունները, կրթության, գիտության, տնտեսության ոլորտների զարգացման գործի պատասխանատու մարմինները։ Որպես համագործակցության խթանման, հարաբերությունների զարգացման և խորացման մեկնակետ՝ գիտական սփյուռքի հետ տարվելիք աշխատանքները կանոնակարգելու նպատակով տարբեր երկրներում ընդունվել են պետական որոշումներ և հայեցակարգեր։ Անկախ նրանից, թե որոշումներում ամրագրված գաղափարներն ինչ մեխանիզմներով են կյանքի կոչվում, ինչ խոչընդոտների են բախվում, ինչ արդյունքներ են արձանագրվում, իսկ դրանք տարբեր երկրների սփյուռքյան առանձնահատկություններով պայմանավորված՝ նույնը չեն, ակնհայտ է, որ գիտական սփյուռքի հետ փոխգործակցությունը տարբեր երկրներում բարձրացվել է պետական քաղաքականության մակարդակի։

Դրա մասին է վկայում և օրինակելի նախաձեռնություն է Արգենտինայի նախկին նախագահ Նեստոր Կիշների հովանավորությամբ Գիտության, տեխնոլոգիայի և արտադրական նորարարությունների նախարարության կողմից 2003թ. ստեղծված և սփյուռքի գիտական կադրերի համար նախատեսված RAICES («Արմատ») ծրագիրը, որի շրջանակներում 2016թ. հուլիսի 20-ի դրությամբ այդ երկիր է հայրենադարձվել սոցիալական գիտությունների, կենսաբանության, տեխնոլոգիաների և առողջապահության ոլորտներում աշխատող շուրջ 1295 գիտնական2։

Այս տեսանկյունից բացառություն չէ նաև Թուրքիան, որը վերջին տասնամյակում դեմքով շրջվել է դեպի սփյուռքը և արտաքին քաղաքականության ռազմավարության համաձայն՝ իրականացնում է գիտական սփյուռքին համախմբելու տարատեսակ միջոցառումներ։ Թուրքիայում տարեցտարի ավելանում են գիտնականների թիվը և ներդրումները գիտության մեջ։ Միայն 2007-2010թթ. ԵՄ յոթերորդ շրջանակային ծրագրով Թուրքիան գիտության զարգացման, տեխնոլոգիաների և ինովացիոն գործունեությունը խթանելու նպատակով ստացել է 1,5 մլրդ եվրո։ Մարի Կյուրիի հետազոտական գրանտային ծրագրից օգտվող երկրների շարքում, որն աջակցում է «ուղեղների հետադարձ հոսքին», Թուրքիան հայտնվել է երկրորդ տեղում։ Դեռևս 2007-2009թթ. այն գտնվում էր 5 տեղում։ Նույն ծրագրերի շրջանակներում գիտության թեկնածուի կոչման արժանանալուց հետո Թուրքիա է վերադարձել համակարգչային ինժեներիայի, աերոնավտիկայի, էներգետիկայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, քիմիայի և կենսաբանության ոլորտների 120 մասնագետ ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից։ Բացի այդ, 50 թուրք հետազոտող հնարավորություն է ստացել աշխատելու Եվրոպական միացյալ հետազոտական կենտրոնում։ ԵՄ յոթերորդ շրջանակային ծրագիրը մեկնարկել է 2007թ. և գործել մինչև 2013թ., բյուջեն 50 մլրդ եվրո էր։ Այս ծրագիրը հիմնականում ֆինանսավորվում էր գիտական հետազոտություններ և տեխնոլոգիական մշակումներ կատարելու համար3։ Չնայած նման զարգացումներին, համաձայն Թուրքիայի Գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի նախկին նախագահ Յուջել Ալթունբաշաքի, «Թուրքիայի նման երկիրը տարբեր ոլորտների համար ունի 250-300 հազար հետազոտողի պահանջարկ» [7, s. 52]։

Պահանջարկը մասամբ լրացնելու նպատակով վերջին հինգ տարիներին Թուրքիայի Հանրապետության Գիտության, արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարության և Գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) կողմից կազմակերպվել է «Արտասահմանում բնակվող թուրք գիտնականները» խորագրով երեք համաժողով, որտեղ գնահատվել են սփյուռքի գիտական հանրույթի հետ համագործակցության, ներուժի և հայրենադարձման հնարավորությունները։ Այս համաժողովներին մասնակցել է հումանիտար և բնական գիտությունները ներկայացնող 46 երկրների 1300 թուրք գիտնական։ Միաժամանակ, թուրք հետազոտողներին հետ վերադարձնելու նպատակով ռազմարդյունաբերության, ավտոմոբիլաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող թուրքական հաստատությունների ներկայացուցիչները վերջին տարիներին հանդիպումներ են ունեցել ԱՄՆ-ում ապրող թուրք գիտնականների հետ։ Աշխատանքների արդյունքում Գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի միջազգային կապերի վարչության աջակցությամբ 2013թ. դրությամբ Թուրքիա է վերադարձել 250 մասնագետ, որոնք աշխատանքի են տեղավորվել գիտատեխնիկական և արդյունաբերական տարբեր ձեռնարկություններում4։

Բավական ուշագրավ նախաձեռնությամբ են հանդես եկել չինացիները՝ իրականացնելով գիտական սփյուռքի նկատմամբ ստեղծագործական քաղաքականություն։ Երկրի զարգացման գործում սփյուռքի ինտելեկտուալ ներուժի օգտագործման, հնարավորությունների հայեցակարգային հիմքերը դրվել են Դեն Սյաոպինի կողմից 1992թ. [8, с. 20]։

Արտերկրում կրթություն ստացած կամ երկար ժամանակով արտասահմանում աշխատող բարձրորակ գիտական կադրերին Չինաստան հայրենադարձելու նպատակով ՉԺՀ-ում գործի են դրվել մեծածավալ պետական ծրագրեր։ «Վերադարձե՛ք և ծառայե՛ք հայրենիքին» կարգախոսից կառավարությունն անցում կատարեց նոր կարգախոսի՝ «Ծառայե՛ք հայրենիքին»։ Հայրենադարձմանն ուղղված նախաձեռնությունները հաջորդում են մեկը մյուսին՝ «100 տաղանդ», «1000 տաղանդ», «Անդրծովյան տաղանդները հայրենիքի ծառայության մեջ» և այլն [9, с. 144]։ «100 տաղանդ» պետական ծրագիրն, օրինակ, ոչ միայն ապահովում է գիտնականներին բնակարանով, աշխատանքով և բարձր աշխատավարձով (3 տարվա համար ստանում են շուրջ 250.000 եվրո գումար), այլև մասամբ ֆինանսավորում է արտասահմանում կրթություն ստացած հայրենադարձված գիտնականների երեխաներին։ Արդյունքում՝ այսօր ՉԺՀ Գիտությունների ակադեմիայի նախագահության անդամների ուղիղ կեսը և առաջատար ինստիտուտների ղեկավարների մեկ երրորդը կազմում են հայրենադարձվածները [5, с. 365]։ Իսկ ահա գիտատեխնիկական ոլորտի սփյուռքյան առաջատար մասնագետները Պեկինի քաղաքային վարչության հիմնադրած ուսանողական վենչուրային պարկերում հնարավորություն են ստանում ստեղծելու գիտատար սթարթափեր [10, с. 26]։ Ֆինանսավորման խնդիրը լուծելու նպատակով 2004թ. ստեղծվեց «Բնական գիտությունների ազգային ֆոնդ» կազմակերպությունը, որի ֆինանսական կարողությունները հասնում էին $451 մլն-ի (2004թ.)։ Կազմակերպությունն աջակցեց չինական ծագում ունեցող ամերիկաբնակ գիտնականներին՝ ներգրավվելու երկրի հետազոտական ծրագրերում։ Հատկանշական է, որ ՉԺՀ-ն չսահմանափակվեց միայն մասնագետների հայրենադարձման պետական ծրագրերով, այլև խրախուսեց համագործակցության տարբեր եղանակների կիրառումը։

Կարելի է նշել նաև չիլիական օրինակը, երբ սփյուռքի գիտական ներուժն օգտագործվեց ավտորիտար պետությունում՝ Պինոչետի իշխանության տարիներին։ Չիլիի տնտեսական զարգացման գործում նա ընտրեց կոշտ և ծայրահեղ մեթոդներ։ Նա հրավիրեց և իր շուրջը համախմբեց չիլիացի այն երիտասարդներին (պատմության մեջ նրանք հայտնի են «Չիկագոյի տղաներ» անվամբ), որոնք տնտեսագիտություն ուսումնասիրելու էին մեկնել ԱՄՆ՝ Չիկագոյի համալսարան և չէին վերադարձել հայրենիք։ 1974թ. սկսած՝ պինոչետյան ռեժիմում նրանք հասան ղեկավար դիրքերի՝ գլխավորելով տնտեսական պլանավորման բաժանմունքների մեծ մասը5։ Եվ իզուր չէ, որ չիլիական տնտեսական հրաշքը կապվում է «Չիկագոյի տղաների» հետ։ Վերջին տարիներին գիտական սփյուռքի հետ կապված խնդիրները հայտնվել են նաև հետխորհրդային մի շարք երկրների (ՌԴ, Բելառուս, Մոլդովա, Ղազախստան) պետական կառույցների և գիտական շրջանակների ուշադրության կիզակետում։ Սակայն, հաշվի առնելով հոդվածի ծավալների սահմանափակությունը, եզրափակվենք միայն վերը բերված օրինակներով։

Հայաստանյան և սփյուռքյան իրողություններ. որոշ դիտարկումներ

Ինչպես սփյուռք ունեցող այլ պետությունների պարագայում, մեզ մոտ ևս ՀՀ պետական կառավարման մարմիններն այս ուղղությամբ գործադրել են համապատասխան ջանքեր, որոնցից արժե հիշատակել 2009թ. ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը», որի իրականացման մեջ ներգրավված են ինչպես ՀՀ կառավարական գերատեսչությունները (Սփյուռքի նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, ԿԳՆ ԳՊԿ), այնպես էլ Գիտությունների ազգային ակադեմիան։ Ծրագիրը նախատեսում էր իրականացնել մի շարք միջոցառումներ.

- Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների հայ գիտնականների գիտական գործունեության մասին էլեկտրոնային տեղեկատվական բազայի տվյալների տրամադրում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին ու գիտական կազմակերպություններին,

- հայ գիտնականների համագործակցության միջավայրի ձևավորում՝ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում իրականացվող միջազգային ծրագրերին մասնակցության հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ,

- Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հայագիտական հետազոտական աշխատանքներում օտարերկրյա պետություններում գործող հայագիտական կենտրոնների ներգրավում, համատեղ հետազոտությունների իրականացում,

- Հայաստանի Հանրապետությունում գիտական ծրագրերի անկախ փորձագիտական համակարգում, միջազգային գիտակրթական ծրագրերում, գիտական գործունեության արդյունքների առևտրայնացման, գիտության ոլորտի մենեջերների պատրաստման ու գիտական կազմակերպություններում ժամանակակից մենեջմենթի ներդրման գործում օտարերկրյա պետությունների հայ գիտնականների ներգրավում6:

Հարկ է նշել, որ այսպիսի նախագծերի իրականացման համար չափազանց մեծ կարևորություն է տրվում նեղ թեմատիկ գիտաժողովների անցկացմանը։ Մասնավորապես, 2010թ. տարբեր երկրներից հրավիրված ռուսական ծագում ունեցող գիտնականների և ռազմավարական հետազոտություններ իրականացնող ինստիտուտների վերլուծաբանների անմիջական մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի ուեցավ «Գիտական սփյուռքը և Ռուսաստանի գիտության ապագան» խորագրով գիտագործնական կոնֆերանս7։ Կարծում ենք, այս կարգի գիտաժողովներ անցկացնելը Հայաստանում շատ նպատակահարմար է, քանի որ, որքան էլ փորձենք սփյուռքն ինտեգրել տարբեր ոլորտներին, անհրաժեշտ է նախապես պատրաստ լինել լսելու այդ հանրույթի կարծիքներն ու տեսակետներն այս հարցի վերաբերյալ։ Մոլդովան, Ռուսաստանը, Բելառուսը և մի քանի այլ երկրներ հենց այս տրամաբանությամբ են շարժվում, քանի որ հետխորհրդային երկրներում պետական մակարդակով գիտական սփյուռքի վերաբերյալ ընդունված որոշումներում ամրագրված գաղափարները գործնական հարթության մեջ չեն դրվել՝ մի կողմից հաշվի չառնելով սփյուռքի կարծիքները, մյուս կողմից՝ երկրի սոցիալ-տնտեսական, քաղաքական, գիտական համակարգում առկա հիմնախնդիրները։

Ինչևէ, այս պահի դրությամբ կարող ենք արձանագրել, որ գիտական սփյուռք-պետություն համագործակցության շրջանակներում տարբեր մասնագիտությունների գծով (բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ, քաղաքագետներ, հայագետներ և այլն) կազմակերպվել են մի քանի համահայկական համաժողովներ, որոնք գլխավորապես իրականացվել են ՀՀ Սփյուռքի նախարարության ջանքերով՝ այլ կառույցների հետ համատեղ։ Հարկ է նշել, որ այս ուղղությամբ տարբեր ծրագրերի և միջոցառումների շրջանակներում համագործակցում են նաև ՀՀ ԿԳՆ-ն, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ-ն, էկոնոմիկայի և առողջապահության նախարարությունները, ակադեմիական-բուհական հաստատությունները։ ՀՀ Սփյուռքի նախարարության պատվերով նաև իրականացվել են աշխատանքներ սփյուռքի գիտական ներուժի (անհատական և ինստիտուցիոնալ մակարդակներում) գնահատման, համագործակցության հնարավորությունների և եղանակների վերլուծության ուղղությամբ [11, 12]։

Սփյուռքի գիտական հանրության համախմբման, համագործակցության մեխանիզմների մշակման և լուծումներ փնտրելու համար կարևոր է դիտարկել նաև սփյուռքյան իրողությունները։ Ժամանակակից հայկական գիտական սփյուռքին (ասպիրանտներ, գիտության թեկնածուներ, դոկտորներ, ուսանողներ և այլն) դժվար է քանակական հստակ գնահատականներ տալ, քանի որ այն անընդհատ փոփոխության է ենթարկվում թե՛ որակապես, թե՛ մասշտաբներով, հետևաբար պետք է իրականացնել մշտադիտարկում։ 2013թ. դրությամբ, օրինակ, մեր հավաքած տվյալների դիտարկումը ցույց է տալիս, որ աշխարհի բազմաթիվ երկրներում գիտավերլուծական աշխատանքով զբաղվում է ավելի քան 500 հայ մասնագետ, որոնք ներկայացնում են հումանիտար ոլորտի գրեթե բոլոր ճյուղերը։ Ըստ էության, այս թիվը չի հավակնում ամբողջական լինել։ Նրանց մեծ մասը գործում է երկու առանցքային երկրում՝ Ռուսաստանում և ԱՄՆ-ում, մնացածը՝ այլ երկրներում։ Ինչ վերաբերում է մասնագիտություններին, ապա գիտավերլուծական աշխատանքով զբաղվող սփյուռքահայերի ամենամեծ խումբը կազմում են պատմաբանները, որոնց մեծ մասն ակադեմիական համակարգում գործող հայագիտական կենտրոնների աշխատակիցներ են (տե՛ս Գրաֆիկ 1)։ Գերակշիռ մեծամասնությունը գիտության դոկտորներ են, թեկնածուներ, ասպիրանտներ։ Կան գիտական հաստատությունների, կառույցների վարչական և այլ օղակների ղեկավարներ։

Գրաֆիկ 1

Բնագիտության ոլորտում Սփյուռքի գիտական հանրույթը ներկայացված է տարբեր մասնագիտություններով՝ ֆիզմաթ գիտություններ, քիմիա, ճարտարագիտություն, երկրաբանություն, բժշկություն և այլն։ Սույն ոլորտի ներկայացուցիչներն իրականացնում են և՛ տեսական, և՛ գործնական գործունեություն։ Կան մասնագետներ, որոնք աշխատում են գիտատեխնիկական լաբորատորիաներում և գիտահետազոտական ինստիտուտներում (ռոբոտաշինություն, քիմիական և բժշկական տեխնոլոգիաներ, նանոտեխնոլոգիաներ, էլեկտրատեխնիկայի, ռազմարդյունաբերության և այլ ոլորտներ)։

Ինչ վերաբերում է ինստիտուցիոնալ մակարդակին՝ արտերկրում գործում են հումանիտար, գիտատեխնիկական ոլորտում աշխատող հայկական գիտական հանրույթները համախմբող, գիտահետազոտական գործունեություն իրականացնող, հայաստանյան գիտական կազմակերպություններին և անհատ գիտնականներին աջակցող կազմակերպություններ։ Որպես հայկական սփյուռքի գիտական ցանցային կառույց աչքի է ընկնում Ամերիկահայ Ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը (Armenian Engineers and Scientists of America-AESA), որը հիմնադրվել է 1983թ. Գլենդելում (Կալիֆորնիա)։ Հիմնականում կենտրոնացած է աշխարհասփյուռ հայ ճարտարագետների, գիտնականների, ձեռնարկատերերի և ճարտարապետների մասնագիտական, տեխնիկական և գիտական խնդիրների վրա։ AESA-ն ԱՄՆ-ում ունի մի քանի մասնաճյուղեր Նյու Յորքում, Նյու Ջերսիում և Միչիգանում։ AESA-ն կազմակերպել է Համաշխարհային հայկական գիտական երկու կոնգրես։ Առաջին համաշխարհային կոնգրեսը կազմակերպվել էր Ֆրանսիայի «Արարատ» գիտությունների ակադեմիայի հետ, որը տեղի է ունեցել 1993թ., ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր վարչությունում՝ Փարիզում։ AESA-ն կազմակերպել է նաև մի քանի սիմպոզիումներ, որոնց թվում՝ «Հայաստանի տնտեսական ռեստրուկտուրիզացիան» (1991թ., Լոս Անջելես)։ Այն ներգրավել էր ավելի քան 200 մասնագետի ԱՄՆ-ից, Հայաստանից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից և Ավստրալիայից։ Նրանց թվում էր 16 հոգանոց պատվիրակությունը Հայաստանից, որի կազմում էին ակադեմիայի անդամներ և Հայաստանի նորաստեղծ կառավարության պաշտոնյաներ։ Բացի այդ, կազմակերպությունը հովանավորել է տեխնիկական նախագծեր Հայաստանում և հայկական համայնքներում, կազմակերպել բազմաթիվ սեմինարներ և դասախոսություններ Հայաստանի էներգիայի, էկոլոգիայի, տրանսպորտի, տեղեկատվության մշակման խնդիրների վերաբերյալ8, Հայաստանի հետ համատեղ իրականացրել է CRD (Cosmic Ray Division) և Care for Sevan ծրագրերը [13, էջ 28]։ ԱՄՆ-ում գործող կառույցներից կարելի է հիշատակել «Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը» և «Հայաստանի համար վերլուծությունների և պլանավորման ARPA ինստիտուտը»։ ARPA-ն ԱՄՆ-ում բնակվող հայազգի ճանաչված գիտնականներով համալրված եզակի կառույցներից է, որը Հայաստանի անկախության առաջին տարիներից ի վեր համագործակցել է ՀՀ տարբեր նախարարությունների հետ, կատարել վերլուծություններ, հետազոտություններ, տրամադրել խորհրդատվություններ բազմաթիվ ոլորտների համար, ինչն այսօր էլ շարունակվում է9։ Իսկ ահա Հայ օգնության հիմնադրամի (ՀՕՖ) շրջանակներում 2000թ. ստեղծված Հայկական ազգային գիտակրթական հիմնադրամը (ՀԱԿԳՀ, Armenian National Science and Education Fund-ANSEF)՝ սկսած 2001թ., տարեկան շուրջ 25-ական դրամաշնորհ է տրամադրել Հայաստանում աշխատող գիտական խմբերին (2014-ին` 31, 2015-ին՝ 30, 2016-ին՝ 32)։ Մինչ օրս ՀԱԳԿՀ-ն տրամադրել է 419 դրամաշնորհ, որոնցից օգտվել է շուրջ 700 հայ գիտնական, այդ թվում` բազմաթիվ երիտասարդ գիտաշխատողներ։ Դրամաշնորհներն օգտագործվում են աշխատավարձերի, սարքավորմների ձեռքբերման, գործուղումների և գիտական գործունեությունն ապահովող այլ ծախսերի համար10։

Եվրոպայում հայկական գիտական հանրույթները համախմբող կառույցներից աչքի է ընկնում Փարիզում 1986թ. հիմնադրված «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիան, որը համախմբում է հայ գիտնականների Հայաստանից, Եվրոպայից, Միջին Արևելքից, Ամերիկայից: Ակադեմիայի նպատակն է Հայրենիք-Սփյուռք կապերի սերտացումը, Հայաստանի գիտական և մշակութային հաստատություններին օժանդակելը11։ Մեկ այլ կառույց՝ Բոխումում 2001թ. հիմնադրված Հայ ակադեմիականների միություն-1860-ը, ձգտում է միավորել գաղութահայ կյանքից կտրված նախկին հայաստանաբնակներին, նպաստել Գերմանիայի և Հայաստանի գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանը [14, էջ 37]:

Ինչպես տեսնում ենք, ինքնակազմակերպման առումով ԱՄՆ և ԵՄ երկրների հայկական գիտական հանրույթները բավական ջանքեր են գործադրել ինստիտուցիոնալ կառույցների ստեղծման ուղղությամբ, ինչը չենք կարող ասել ՌԴ պարագայում։

Ինչպե՞ս կարող է գիտական սփյուռքն օգտակար լինել Հայաստանին, և ի՞նչ են մտածում այս ուղղությամբ մեր հայրենակիցները։ Ամերիկաբնակ հայ գիտնականների կարծիքով, «Հայաստանը պետք է զարկ տա ինտերնետի միջոցով կադրերի ներգրավման ջանքերին, քանի որ սփյուռքի ամենալուսավոր ուղեղներից ոմանք գուցե հարմար չգտնեն Հայաստան տեղափոխվել, սակայն ուրախ կլինեն իրենց լուման ներդնել հայրենիքի զարգացման մեջ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով, օրինակ` առցանց դասընթացներ վարելով կամ հետազոտական աշխատանքներին մասնակցելով ու խորհրդատվություն տրամադրելով» [15, էջ 183]։ ԱՄՆ առողջապահության ազգային ինստիտուտի ազգային գրադարանի ենթակառույցում որպես կենսաինֆորմատիկայի գծով դրամաշնորհ տրամադրող գլխավոր գիտաշխատող Արթուր Պետրոսյանը նշում է. «Հայաստանում ավանդական հզոր գիտահետազոտական համայնքի աջակցության հարցում Սփյուռքի ու նրա կենսական կապերի կարևորությունը հնարավոր չէ գերագնահատել: Այդքանով հանդերձ, հայ գիտնականների և հետազոտողների համար առայսօր գոյություն չունի որևէ կենտրոնացված շտեմարան գիտական հրատարակումների և փորձագիտական տվյալների բազայի համար»։ Նա առաջ է քաշել Գիտության հայկական պորտալի գաղափարը և կատարել նախագծի իրականացմանն ուղղված աշխատանքներ: Նպատակն է, որ աշխարհի հայ գիտնականների համար ձևավորվի առանձին կայք, որտեղ գրանցվելով՝ հայազգի գիտնականները կարողանան ներկայացնել իրենց գիտական կարողությունները, հրապարակել գիտական հոդվածներ և այլն: 2007թ. հաջողվեց ձևավորել Armenian Science Portal կայքը, որը գործել է միայն երկու շաբաթ և փակվել է տեխնիկական պատճառներով [13, էջ 12-15]: Ինչպես տեսնում ենք, անհատական և ինստիտուցիոնալ մակարդակով առկա են Հայաստանի հետ համագործակցության առանձին դեպքեր և ինքնակազմակերպման փորձեր, սակայն գիտական սփյուռք-պետություն փոխգործակցության դաշտում գոյություն ունեն հիմնախնդիրներ, որոնք մասամբ բնորոշ են այլ սփյուռքերին ևս։ Քանի որ «ուղեղների հետադարձ հոսքը» կամ զանգվածային հայրենադարձությունը կարող է աշխատել միայն այն ժամանակ, երբ երկիրը, տնտեսապես զարգանալով, ֆինանսական ներդրումներ է կատարում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում12, ապա այս պահի դրությամբ հայկական սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ինտեգրման միջոցներից կարող են աշխատել հեռավար համախմբումն ու գիտական համագործակցության այլ ձևերը։ Հաշվի առնելով մեր իրողությունները, նաև միջազգային փորձը՝ մասնակիորեն կարելի է խմբավորել համագործակցության հնարավոր ձևերը և դրանց խանգարող կամ խոչընդտոտող հիմնական հանգամանքները։

Համագործակցության ձևերը

- անհատական հետազոտությունների պատվիրում (ՀՀ-ում, արտերկրում),

- կոլեկտիվ հետազոտությունների պատվիրում, որում ընդգրկված կլինեն Սփյուռքի մեկից ավելի գիտնականներ,

- տարբեր ձևաչափերով հանդիպում-քննարկումների կազմակերպում ընդհանուր և կոնկրետ խնդիրների շուրջ (ՀՀ-ում, արտերկրում),

- առցանց դասախոսությունների, գիտաժողովների կազմակերպում ժամանակակից հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ,

- հետազոտական նախագծերի կատարում (այդ թվում՝ միջազգային) Սփյուռքի և Հայաստանի գիտնականների ներգրավմամբ,

- համատեղ գիտական լաբորատորիաների/կենտրոնների հիմնում,

- հոդվածների, դասագրքերի և գիտական հետազոտությունների գրախոսում,

- ասպիրանտների պատրաստում,

- ներգրավում գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհուրդների կազմում (մեխանիզմների հստակեցման դեպքում),

- գիտահետազոտական նախագծերի փորձագիտական գնահատում,

- սփյուռքի գիտնականների կողմից ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունների գնահատում Հայաստանում, տվյալ տեխնոլոգիաների ոլորտներում մասնագետների վերապատրաստում,

- կրթական ծրագրերով (կարճաժամկետ/երկարաժամկետ) դասավանդում։

Համագործակցության խթանման նպատակով արժե իրականացնել հետևյալ քայլերը.

- ստեղծել սփյուռքի և հայաստանյան գիտնականներին միավորող համացանցային ռեսուրս` «Աշխարհի հայ գիտնականներ» կայքը, որի «Ով ով է» բաժնում կարտացոլվեն հայ գիտնականների/մասնագետների տվյալները, գիտական հետաքրքրությունների ոլորտները, գիտության ոլորտում ունեցած ձեռքբերումները և այլն։ Կայքը կարող է ունենալ լայն ձևաչափով քննարկումների դաշտ,

- ընդլայնել սփյուռքում գործող հայ գիտնականներին միավորող գիտական ցանցերի աշխարհագրական ծիրը։ Այդ դերում կարող են հանդես գալ Ամերիկահայ Ճարտարագետների և գիտնականների ընկերակցությունը կամ «Արարատ» գիտությունների միջազգային ակադեմիան՝ բացելով մասնաճյուղեր այլ երկրներում։ Այս կառույցներում գիտնականներից և մասնագիտական տարբեր խմբերի ներգրավումից բացի՝ նախընտրելի է, որ ներկայացված լինեն տվյալ երկրներում բնակվող հայ գործարարները։ Սփյուռքահայ ինտելեկտուալներին և գործարարներին միավորող այս կառույցներն էապես կարող են մեծացնել իրենց դերակատարումը՝ վերածվելով յուրօրինակ հենակետերի գիտական սփյուռք-պետություն հարաբերություններում,

- թեև ՀՀ սոցիալ-տնտեսական պայմանները բավարար չեն հայրենադարձման լայնածավալ ծրագրերի իրականացման համար, բայց կարելի է մշակել փոքր ծավալների հայրենադարձման ծրագրեր՝ ոլորտների հստակեցումից հետո, որտեղ կան կադրային խնդիրներ։ Բնական է, որ պետք է հաշվի առնվեն կազմակերպչական և իրավական մի շարք հարցեր (վարձատրման, բնակարանով ապահովման, ենթակառուցվածքների բավարա վիճակի, ժամանակակից սարքավորումների առկայության և այլ պայմաններ),

- քանակական և որակական ցուցանիշների վերհանման, համագործակցության հնարավորությունների և խոչընդոտների գնահատման ուղղությամբ իրականացնել միջդիսցիպլինար բնույթի հետազոտություններ,

- կազմակերպել հայկական գիտական սփյուռքի խնդիրներին նվիրված գիտաժողովներ։

Մինչդեռ այլ սփյուռքերի փորձն ուսումնասիրելով հանգում ենք այն եզրակացությանը, որ պետություն-գիտական սփյուռք համագործակցությանը խոչընդոտում են մի շարք գործոններ, որոնք մասամբ բնորոշ են մեր իրողություններին։ Դրանք են.

- ֆինանսական միջոցների անբավարարությունը, ցածր վարձատրությունը,

- ենթակառուցվածքների անբավարարությունը, ժամանակակից սարքավորումների բացակայությունը,

- սփյուռքի գիտնականների մասնակցությամբ հետազոտական երկարաժամկետ նախագծերի բացակայությունը,

- գիտական արդյունքների չպահանջարկվածությունն արդյունաբերության մեջ,

- արդյունաբերության թույլ զարգացածությունը,

- գիտություն/արտադրություն/բիզնես հարաբերությունների ցածր մակարդակը,

- պետական հարկային քաղաքականությունը,

- կոռուպցիան և այլն։

Այսպիսով, կարող ենք նշել, որ գիտական սփյուռք-պետություն փոխգործակցության որոշ դեպքերում առկա են ամուր և կայուն հարաբերություններ, այլ դեպքերում գործադրվում են ջանքեր զարգացման և ամրապնդման ուղղությամբ, իսկ որոշ երկրներ հարաբերությունների ձևավորման ճանապարհին են։ Սակայն, այս ամենով հանդերձ, միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե չկան կայուն ֆինանսավորմամբ երկարաժամկետ աշխատանքային/հետազոտական նախագծեր, սփյուռքի գիտական հանրույթի հետ երկխոսությանը և համագործակցությանը միտված կենտրոնացված կառույցներ, տեխնոպարկեր կամ, առնվազն, դեկլարատիվ բնույթ չկրող, համախմբման և հայրենադարձման նպատակով ստեղծված առանցքային ծրագրեր, ապա գործընթացի հաջողության հնարավորությունները նվազագույն են։

1 Дежина И., Русскоязычная научная диаспора: опыт, мотивация и перспективы сотрудничества с Россией, http://iep.ru/files/persona/dezhina/rusdiaspora_Kugel2015.pdf.

2 http://www.raices.mincyt.gov.ar/

3 Türkiye, Avrupa projelerinde fark attı, http://www.dunyabulteni.net/haberler/159725/turkiye-avrupa-projelerinde-fark-atti

4 248 bilim adamı Türkiye'ye geri döndü, http://www.dunyabulteni.net/haberler/258692/248-bilim-adami-turkiyeye-geri-dondu.

5 Кангас С., Чикагские мальчики и чилийское экономическое чудо, http://scepsis.net/library/id_557.html.

6 https://www.e-gov.am/u_files/file/decrees/kar/2009/04/09_0459.pdf.

7 Գիտաժողովի զեկույցները տե՛ս Научная диаспора и будущее российской науки (конференция 2010), http://www.lektorium.tv/course/?id=22763.

8 Armenian Engineers and Scientists of America 32nd Anniversary Celebration, http://asbarez.com/140454/armenian-engineers-and-scientists-of-america-32nd-anniversary-celebration/

9 1992թ. ի վեր կառույցը կրթական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային համակարգերին, արտաքին քաղաքականությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, առևտրի և արդյունաբերության ոլորտներին առնչվող հետազոտություններ և առաջարկություններ է ներկայացրել ՀՀ կառավարությանը, http://www.arpainstitute.org/About.html։

10 5000-ական դոլար տրվեց Հայաստանում աշխատող 32 գիտական խմբերին, «168 ժամ», 27.01.2016, http://168.am/2016/01/27/587677.html

11 http://www.ararat-academy.org/association.html

12 Այդպիսին էր Թայվանը 1990-ականների սկզբին, երբ երկրի զարգացմանը զուգահեռ, հազարավոր մասնագետներ, հետ վերադառնալով, աշխատանքի տեղավորվեցին համակարգչային տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում, մասնակցեցին բնագիտությանն առնչվող հետազոտական նախագծերում։ Նույնն էր Հարավային Կորեայի, Հոնկոնգի, Սինգապուրի պարագաներում։ Մանրամասն տե՛ս [16, с. 273-285]։

Հուլիս, 2016թ.

Աղբյուրներ և գրականություն

1. Simavorian A., La diáspora, como potencial para el país: la experiencia internacional, «Sardarabad», Miércoles 12 de marzo de 2014.

2. Marmolejo-Leyva R., Perez-Angon M. A., Russell J. M., Mobility and International Collaboration: Case of the Mexican Scientific Diaspora, Academic Editor: Vincent Larivière, Université de Montréal, Canada, PLOS ONE | DOI:10.1371/journal, June 5, 2015.

3. Tejada, G., Varzari, V., Porcescu, S., Scientific diasporas, transnationalism and home-country development: Evidence from a study of skilled Moldovans abroad. Journal of South East European and Black Sea Studies 13 (2), 2013.

4. Имамутдинов И.Н., Костина Г.Б., Медовников Д.С., Механик А.Г., Оганесян Т.К., Розмирович С.Д., Рубан О.Л., Савеленок Е.А., Точенов А.С, Исследование российской научно-технологической диаспоры в развитых странах: условия и возможности возвращения научных кадров и использование потенциала, Москва, Инновационное бюро «Эксперт», 2009.

5. Артюхин М.И., Мееровская О.А., Научная диаспора как ресурс развития белорусской науки, Социологический альманах, Выпуск № 3, 2012.

6. Chaparro F., Jaramillo H., Quintero V., Promise and Frustration of Diaspora Networks: Lessons from the Network of Colombian Researchers Abroad», Diaspora Networks and the International Migration of Skills։ How Countries Can Draw on Their Talent Abroad, World Bank Institute Development Studies, 2006.

7. Uygun A., ‘Yurt Dışındaki Türk Bilim İnsanları Kurultayı’ ilk kez İstanbul’da yapıldı, «Telepati», E-dergisi, Ağustos, sayı 203, 2012.

8. Ларин А.Г., Китай и зарубежные китайцы, Москва, 2008.

9. Душина С.А., Ащеулова Н.А., Ломовицкая В.М., Модели взаимодействия стран-доноров с научной диаспорой: от возвращения к сотрудничеству, Наука та наукознавство, № 3, 2012.

10. Дежина И., Развитие сотрудничества с русскоязычной научной диаспорой: опыт, проблемы, перспективы, доклад, № 23, Москва, 2015.

11. Հարությունյան Գ., Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը, կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ, Երևան, 2013։

12. Սիմավորյան Ա., Հովյան Վ., Ղանալանյան Տ., Արտերկրի հայագիտական կենտրոնները. ներուժի գնահատում, Երևան, 2014։

13. Նահապետյան Հ., Վերանյան Կ., Սիմավորյան Ա., Ղանալանյան Տ., Հայ համայնքն ԱՄՆ-ում, Երևան, 2010:

14. Ղանալանյան Տ., Հումանիտար ոլորտի գիտավերլուծական հանրությունը սփյուռքահայ համայնքներում. պատկերի ուրվագիծ, «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11, 2013:

15. Սարաջյան Ս., Հարությունյան Մ., Լի Քվան Յուի դասերը Հայաստանի համար, «21-րդ ԴԱՐ», թիվ 4 (50),2013։

16. Егерев С., Диалоги с диаспорой, Отечественные записки, N 7(8), 2002.


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր