• am
  • ru
  • en
Версия для печати
24.09.2018

ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Руский

   

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Տեխնիկական զարգացման ներկա պայմաններում, տարաբնույթ ճգնաժամերի, բնական և տեխնածին աղետների կանխարգելման, ռիսկերի նվազեցմանն ուղղված քաղաքականության մշակման գործում էական նշանակություն են ձեռք բերում կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության և բարելավման աշխատանքները։ Նման աշխատանքներում, սովորաբար, տարբեր երկրներում ներգրավված են հանրային նշանակության կարևորագույն օբյեկտների գործունեությունը համակարգող պետական, որոշ դեպքերում՝ մասնավոր սուբյեկտները։ Կրիտիկական ոլորտների և դրանց ենթակառուցվածքների պաշտպանության, անվտանգության մակարդակի բարձրացման, թարմացման ու արդիականացման, ֆինանսական ներդրումների ավելացման հետ կապված հիմնահարցերը համեմատաբար վերջերս են հայտնվել Թուրքիայի պետական քաղաքականության ուշադրության կենտրոնում։

Կրիտիկական ենթակառուցվածքների և դրանց պաշտպանության հարցերը հիմնականում գնահատվել են «ազգային տեղեկատվական անվտանգության» համատեքստում։ 1990-ականներից մինչև 2006թ. տեղեկատվական ավտանգության համակարգված աշխատանքները տարվում էին և ոլորտի անվտանգության վերաբերյալ օրինագիծն էլ մշակվում էր Ազգային պաշտպանության նախարարության կողմից, որի շրջանակներում նախատեսվում էր տեխնիկական, տեխնոլոգիական և դրանցից ածանցված տասնյակ միջոցառումների իրագործում, սակայն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով տվյալ օրենսդրական նախագիծը հավանության չի արժանացել։

2012թ. Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի (TÜBİTAK) ներգրավմամբ, Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության հովանավորությամբ՝ Զարգացման նախարարության ներդրումային ծրագրերին նվիրված «Կրիտիկական ենթակառուցվածքների տեղեկատվական անվտանգության կառավարման նախագծով» ակտուալ դարձավ կիբեռանվտանգության հարցը՝ ենթակառուցվածքների պաշտպանության տեսանկյունից։ Նույն թվականին ստեղծվեց Կիբեռանվտանգության խորհուրդը, որն առաջին իսկ համաժողովին ընդունեց Ազգային կիբեռանվտանգության ռազմավարությունը և 2013-2014թթ. գործողությունների պլանը, որի համաձայն՝ առաջին փուլի համար սահմանվեցին կիբեռանվտանգության հետ անմիջականորեն փոխկապակցված և միմյանց վրա փոխազդող հիմնական խոցելի ոլորտներ, որոնք են. 1. տրանսպորտային, 2. էներգետիկ, 3. էլեկտրոնային կապ, 4. ֆինանսաբանկային, 5. ջրային ռեսուրսների կառավարում, 6. հանրային ծառայությունների (կրիտիկական)1։

Սահմանելով և հաշվի առնելով վերը հիշատակված ոլորտները՝ Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության կողմից հրապարակվեց «Ազգային կիբեռանվտանգության ռազմավարություն և 2016-2019թթ.գործողությունների պլան» նոր նախագիծը, որտեղ գնահատվել են հիմնական սպառնալիքներն ու համակարգի հետ կապված ռիսկերը (ներքին և անդրսահմանային կիբեռհարձակումներ և այլն), նաև մասնակիորեն դրանց անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված այնպիսի ռազմավարական նպատակներ, ինչպիսիք են կրիտիկական ենթակառուցվածքների ինվենտարիզացիան և պաշտպանությունը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ուժեղացումը, կիբեռանվտանգության էկոհամակարգի զարգացումը, կադրերի (վերա)պատրաստումը, կիբեռանվտանգության ինտեգրումն ազգային անվտանգությանը, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նորացումը և հարակից այլ հարցեր2։ Վերոհիշյալ ոլորտների հետ կապված առաջադրանքների և բուն աշխատանքների իրագործման գլխավոր պատասխանատուներն են մի շարք գերատեսչական մարմիններ (դրանց թվում են գրեթե բոլոր ուժային կառույցները) և ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովող առանձին ստորաբաժանումներ։

Միևնույն ժամանակ, բազմաթիվ գիտահետազոտական և ակադեմիական հաստատություններ իրենց գիտաստեղծագործական, վերլուծական աշխատանքներով և գործնական առաջարկություններով մասամբ աջակցում են կրիտիկական, խոցելի համարվող ենթակառուցվածքների սահմանման, ռիսկերի նվազեցման և այլ հարցերին3։ Այս համատեքստում առանձնահատուկ է Թուրքիայի գիտատեխնիկական հետազոտությունների խորհրդի դերը գիտատեխնոլոգիական քաղաքականության ռազմավարական մշակման և պլանավորման գործում։ Խորհրդին կից գործող Կիբեռանվտանգության ինստիտուտի կրթական ծրագրի կիբեռանվտանգության կրթական պորտալի միջոցով իրականացվում է համակարգչային տեխնոլոգիաների, տեղեկատվական հոսքերի կոնտենտ վերլուծությունների, նաև կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ոլորտների համար մասնագիտական կազմի պատրաստում4։ Նշենք, որ Թուրքիայի Քադիր Հաս համալսարանում 2018 թվականից գործում է կիբեռանվտանգության և կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության կիրառական և հետազոտական նշանակության գիտաուսումնական կենտրոն5։

Կրիտիկական ոլորտների ռիսկերը

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության շրջանակներում գործող տեխնոլոգիական աղետների ռիսկերի նվազեցման աշխատանքային խմբի կողմից 2014թ. հրապարակվեց Թուրքիայի «2014-2023թթ. կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանության ճանապարհային քարտեզ» զեկույցը6։ Համաձայն դրա, Թուրքիայի կրիտիկական ոլորտներ են համարվում.

• Էներգետիկան

• Կիբեռանվտանգությունը, կապի տեխնոլոգիաները

• Տրանսպորտային (ծովային և ցամաքային) կոմունիկացիաները

• Մշակույթը և տուրիզմը

• Ջրային ռեսուրսների կառավարումը/ջրամբարների պաշտպանությունը

• Բանկային և ֆինանսական համակարգը

• Առողջապահությունը

• Գյուղատնտեսությունը և սննդամթերքի անվտանգությունը

• Բարձր տեխնոլոգիաները

• Հանրային պաշտպանության ոլորտը։

Այս ոլորտների արդյունավետության վրա ազդող սպառնալիքների (աղետների) աղբյուր են համարվում.

1. Բնական` երկրաբանական, օդերևութաբանական, բիոլոգիական երևույթները

2. Մարդկային գործոնով պայմանավորված վտանգներ` տեղեկատվական պատերազմ, կիբեռհանցագործություններ, միջազգային և տեղական մասշտաբների ահաբեկչական գործողություններ, տրանսպորտային խոշոր պատահարներ, պատերազմներ, տեխնոլոգիական վտանգներ և այլն։

Դրանց առկայությամբ պայմանավորված՝ առաջանում են միկրո- և մակրոմակարդակների աղետներ՝ ազդելով ենթակառուցվածքների վրա ու խաթարելով դրանց կենսագործունեությունը, ընդ որում՝ նման իրավիճակներում միմյանց հետ փոխկապակցված ենթակառուցվածքներից մեկի խափանումը կարող է ազդել մյուսների վրա։ Նման աղետներից են.

1. Բնական` երկրաշարժեր, սողանքներ, ջրհեղեղներ, ձյունահյուսեր

2. Տեխնածին` խոշոր արդյունաբերական համալիրների, ռադիոակտիվ և միջուկային խնդիրներով պայմանավորված, ծովային և ցամաքային (երկաթուղային) տրանսպորտային հանգույցների, վտանգավոր նյութերի տրանսպորտային փոխադրման հետ կապված աղետներ, էկոլոգիական (կլիմայական փոփոխություններ) աղետներ և այլն7։

Ակնհայտ է, որ նման աղետները կարող են հանգեցնել ենթակառուցվածքների քայքայման, ազդել կոորդինացիոն և օպերատիվ գործողությունների վրա և նույնիսկ կարճաժամկետ կամ երկարաժամկետ կտրվածքով հանգեցնել համակարգային փլուզման։ Հաշվի առնելով այդպիսի հնարավոր զարգացումներից եկող ռիսկերը՝ կրիտիկական ենթակառուցվածքների սահմանման և անվտանգության հարցերը դրված են Թուրքիայի այն պետական կառույցների վրա, որոնք պատասխանատու են իրենց ոլորտների համար։

Ստորև թվարկված հաստատություններն, ըստ էության, իրենց իրավասությունների շրջանակներում պետք է նպաստեն նաև ենթակառուցվածքների կատարելագործմանն ինչպես ոլորտներում նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ, մասնագիտական կադրերի «աճեցմամբ», այնպես էլ ենթահամակարգերի զարգացմամբ և պաշտպանունակության բարձրացմամբ։

Համաձայն Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության զեկույցի, այդ շրջանակների մեջ են մտնում հետևյալ կառույցները.

1. Էներգետիկ ոլորտ` Թուրքիայի միջուկային էներգետիկայի կազմակերպություն, Էներգետիկայի նախարարություն, Էներգետիկ շուկայի կարգավորման կազմակերպություն

2. Տրանսպորտային ոլորտ` Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարություն

3. Կապի ոլորտ` Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հաստատություն, Տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարություն

4. Ջրային ռեսուրսների կառավարում՝ Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարություն

5. Ֆինանսաբանկային ոլորտ՝ Գանձապետարանի և ֆինանսների նախարարություն, Թուրքիայի կապիտալի շուկաների խորհուրդ, Բանկային գործերի կարգավորման և վերահսկողության գործակալություն

6. Հանրային պաշտպանության ոլորտ՝ Ներքին գործերի նախարարություն

7. Առևտրաարդյունաբերական ոլորտ՝ Արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարություն, Առևտրի նախարարություն, Թուրքիայի պալատների և բորսաների միություն

8. Առողջապահության ոլորտ՝ Առողջապահության նախարարություն

9. Մշակույթ և տուրիզմ՝ Մշակույթի և զբոսաշրջության նախարարություն

10. Գյուղատնտեսության ոլորտ՝ Գյուղատնտեսության և անտառտնտեսության նախարարություն։

Ամփոփելով՝ նշենք, որ կրիտիկական ոլորտների հիմնախնդիրները Թուրքիայի պետանվտանգության մասն են կազմում, հետևաբար՝ գտնվում են երկրի բարձրագույն իշխանությունների ուշադրության կենտրոնում, համապատասխան կառույցների կողմից սահմանվում և գնահատվում են խոցելի ենթակառուցվածքները, դրանց մեջ մտնող օբյեկտների քանակը, դրանց փոխազդեցությունները և անվտանգային սպառնալիքները։ Հարկ է նաև արձանագրել, որ կրիտիկական ենթակառուցվածքների պաշտպանությանն ուղղված ռազմավարական քայլերի իրագործման ճանապարհին կիրառվում է միջազգային փորձը՝ հաշվի առնելով Թուրքիայի յուրահատկությունները։

1 Հարկ է նշել, որ Կիբեռանվտանգության խորհրդի անդամները ներկայացնում են գրեթե բոլոր պետական հաստատությունները, տե՛ս http://www.resmigazete.gov.tr/eskiler/ 2012/10/20121020-18-1.pdf։

2 2016-2019 Ulusal siber güvenlik stratejisi, http://www.udhb.gov.tr/doc/siberg/2016-2019 guvenlik.pdf.

3 Տե՛ս, օրինակ, Միջազգային ռազմավարական հետազոտությունների կազմակերպության իրականացրած Թուրքիայի էներգետիկ ոլորտի կրիտիկական ենթակառուցվածքների անվտանգության հարցերին նվիրված հետազոտական զեկույցը, Hasan Selim Özertem, Arzu Celalifer Ekinci, Betül Buke Karaҫin, Kritik Enerji Altyapı Güvenliği Projesi Sonuҫ Raporu, https://www.jstor.org/stable/resrep14227

4 Siber güvenlik eğitim kategorileri, https://egitim.sge.gov.tr/.

5 http://www.khas.edu.tr/news/1754.

6 2014-2023 Kritik Altyapıların Korunması Yol Haritası Belgesi, https://www.afad.gov.tr/upload/Node/3910/xfiles/kritikaltyapi-son.pdf

7 Թուրքիայի կառավարությանն առընթեր Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության շրջանակներում առանձին-առանձին գնահատված են թվարկված աղետների առաջացման հետևանքով ի հայտ եկող ռիսկերը, հնարավոր զարգացումներն ու դրանց հետ առնչություն ունեցող ենթակառուցվածքների բարելավման հիմնահարցերը, տե՛ս https://www.afad.gov.tr/tr/3498/Kurumsal-Raporlar
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր