Թեև 2007թ. ապրիլի 9-10-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած Գազ արտահանող երկրների ֆորումի (ԳԱԵՖ, Gas Exporting Countries Forum) ներկայացուցիչների հավաքը սահմանափակվեց գազի գնի ձևավորման հարցերին առնչվող հատուկ խորհրդի ստեղծմամբ և զերծ մնաց գազային կարտելի կազմավորումից, սակայն նման օրակարգով համաժողովի անցկացումը պետք է որ վկայի առնվազն երեք կետերի մասին.
Տեղեկանք. ԳԱԵՖ - Գազ արտահանող երկրների ֆորումը հիմնվել է 2001թ. Թեհրանում, ուր և կայացել է ԳԱԵՖ անդամ պետությունների էներգետիկայի նախարարների առաջին հանդիպումը։
Անցած վեց տարիների ընթացքում ԳԱԵՖ-ը, փաստորեն, չի կայացել որպես կազմակերպություն։ Այն չունի կանոնադրություն, մշտական գործող կենտրոնական քարտուղարությունն (GECF Liaison Office) ունի ոչ թե համակարգողի, այլ անդամ պետությունների միջև պարզունակ կապն ապահովողի գործառույթ, իսկ կառույցի առջև դրված նպատակներն ավելի շատ կրում են ձևական բնույթ. օրինակ՝ նպաստել բնական գազ արդյունահանող և ներմուծող երկրների, ինչպես նաև պետական կառույցների և էներգետիկ ընկերությունների փոխգործակցությանը, գազային ոլորտում անցկացնել հետազոտություններ և անդամ երկրների միջև իրականացնել տվյալների փոխանակում։
Ներկայումս ԳԱԵՖ-ն ունի 16 անդամ՝ Ալժիր, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բոլիվիա, Բրունեյ, Եգիպտոս, Ինդոնեզիա, Իրան, Լիբիա, Հասարակածային Գվինեա, Մալայզիա, Նիգերիա, Ռուսաստան, Վենեսուելա, Տրինիդադ և Տոբագո, Կատար և վերջապես՝ Օման1։ Նորվեգիան ունի դիտորդի կարգավիճակ։
Կազմակերպության ղեկավար մարմինը, ըստ էության, անդամ պետությունների էներգետիկայի նախարարների ամենամյա հավաքներն են, որոնք տեղի են ունեցել Ալժիրում2՝ 2002թ. (երկրորդ հավաքը), Կատարի մայրաքաղաք Դոհայում՝ 2003թ., Կահիրեում՝ 2004թ., Տրինիդադ և Տոբագո կղզեպետության մայրաքաղաք Պորտ օֆ Սփեյնում՝ 2005թ.։ 2006թ. ԱՄՆ ճնշման ներքո չկայացավ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում նախատեսված հերթական հանդիպումը։ Ս.թ. կրկին Կատարի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպումը, փաստորեն, վեցերորդն էր։
British Petroleum ընկերության կողմից 2006թ. հրապարակված BP Statistical Review of World Energy զեկույցի3 համաձայն՝ 2005թ. վերջի դրությամբ ԳԱԵՖ անդամ երկրների բնական գազի պաշարները կազմել են ողջ աշխարհի բնական գազի պաշարների մոտ 75%-ը (120.98 տրիլիոն մ3), իսկ նույն՝ 2005թ. ԳԱԵՖ անդամ երկրներն արդյունահանել են ողջ աշխարհում արդյունահանվող բնական գազի ավելի քան 45%-ը (1 249.8 մլրդ մ3)։
Չնայած ընդունված է համարել, որ գազային OPEC-ի ստեղծման գաղափարն առաջինը ներկայացրել է Իրանը՝ դեռևս 2001թ. Թեհրանում կայացած ԳԱԵՖ հիմնադիր նիստի ժամանակ, և հետագա տարիներին տեղեկատվական դաշտում նման գաղափարի արծարծումը հիմնականում իրանական ղեկավարների հայտարարությունների արդյունք էր, սակայն ներկայումս խնդրի առնչությամբ ընթացող զարգացումներում նախևառաջ պետք է առանձնացնել Ռուսաստանը՝ երկու պատճառով.
Ինչպես հայտնի է, Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ էներգետիկ լծակի կիրառումը վերջին տարիներին ոչ միայն գտավ իր ուրույն տեղը, այլև դարձավ հետխորհրդային արեայում ռուսական շահերի պաշտպանության հիմնական մեխանիզմներից մեկը։
Չնայած իր անմիջական հարևանների նկատմամբ գազային քաղաքականության վարման համար Ռուսաստանն ունի կապույտ վառելիքի անհրաժեշտ ծավալի պաշարներ, սակայն 2006-ից սկսեցին նոր տարրեր նկատվել Մոսկվայի գազային քաղաքականության մեջ։ Այդ առումով, անցած ամիսների ընթացքում Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ պետք է առանձնացնել երկու իրադարձություն՝ Վ.Պուտինի այցերն Ալժիր (մարտի 10-11, 2006թ.) և Կատար (փետրվարի 12, 2007թ.).
Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքի վրա, որ երկու երկրներն էլ գազ արդյունահանող առաջատար պետություններից են, և Դոհայում կայացած ԳԱԵՖ վերջին համաժողովի ֆոնին պարզ է դառնում, որ թե՛ Ալժիրում, թե՛ Կատարում ռուսական պատվիրակության կողմից քննարկվող հիմնական հարցերի թվում է եղել գազային ոլորտում համագործակցությունը։ Եթե ռուս-իրանական քաղաքական հարաբերությունները բավարար են գազային ոլորտում երկու երկրների միջև համաձայնության ձեռքբերման համար, ապա Ալժիրի4 ու Կատարի5 հետ ռազմավարական բնույթի պայմանավորվածությունների կայացումը թույլ կտա Ռուսաստանին սեփական արտաքին քաղաքականության մեջ նոր որակ հաղորդել էներգետիկ գործոնին՝ դուրս գալով հետխորհրդային արեայից։
Չնայած Դոհայում կայացած ԳԱԵՖ համաժողովի արդյունքում ընդամենը ստեղծվեց գազի գների ձևավորմամբ զբաղվող հատուկ խորհուրդ, սակայն նշված հանգամանքը հիմք է տալիս առանձնացնելու հետևյալ կետերը.
Հաշվի առնելով գազի միջազգային կարտել ստեղծելու Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական նախաձեռնությունների ծավալունությունը և օգտագործվող ռեսուրսների չափը՝ հիմնական հարցը, որը մեջտեղ է գալիս, թիրախի հարցն է։
Ներկայումս Ռուսաստանը որպես թիվ 1 սպառնալիք առանձնացնում է Արևմուտքից եկող մարտահրավերները՝ ՆԱՏՕ ընդլայնումը դեպի Արևելք և ամերիկյան ու եվրոպական ազդեցության խորացումը հետխորհրդային տարածքում։ Հետևաբար, միջազգային հարթությունում էներգետիկ լծակի կիրառման հավանական ուղղություններից առաջին հերթին պետք է առանձնացնել արևմտյանները։ Սակայն եթե ԱՄՆ ներմուծվող բնական գազի (2005թ. 122.08 մլրդ մ3) միայն 14.5%-ն է գալիս ԳԱԵՖ անդամ երկրներից (այն էլ այնպիսի երկրներից, որոնք քաղաքական առումով Վաշինգտոնի նկատմամբ ունեն դաշնակցային կամ լոյալ մոտեցումներ)6, ապա լիովին այլ է Եվրամիության վիճակը, ուր ԳԱԵՖ անդամ երկրներից ներմուծվում է դրսից ներկրվող բնական գազի ողջ ծավալի ավելի քան 40%-ը, և այդ տոկոսը գնալով աճում է։
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ գազի ոլորտում միջազգային որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման արդյունքը Ռուսաստանին, թերևս, նախևառաջ ուղղի Եվրամիության դեմ՝ ռազմավարական ճնշում բանեցնելով նրա ուղղությամբ, նաև այդ միջոցով ԱՄՆ-ից որոշակի զիջումներ կորզելու համար։
1 Դոհայի հավաքին չէին մասնակցել Բրունեյը և Հասարակածային Գվինեան։
2 Ալժիր պետության մայրաքաղաք Ալժիր քաղաքում։
3 Նշված զեկույցը հրապարակվում է ամեն տարի։ Վերջինը հրապարակվել է 2006թ.։
4 Ալժիրը զբաղեցնում է երրորդ տեղը Եվրոպային բնական գազ մատակարարելու առումով՝ Ռուսաստանից (Եվրոպա ներկրվող ողջ բնական գազի մոտ 24%-ն ունի ռուսական ծագում) և Նորվեգիայից (13%) հետո. ներկրվող բնական գազի ողջ ծավալի 10%-ը։
5 Բնական գազի պաշարներով Կատարն աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը (ողջ աշխարհի բնական գազի պաշարների ավելի քան 14.3%-ը)՝ Ռուսաստանից (26.6%-ը) ու Իրանից (14.9%) հետո։
6 Մնացած 85.5%-ն ունի կանադական ծագում։