• am
  • ru
  • en
Версия для печати
22.10.2012

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ

EnglishРуский

   

Ներուժի գնահատման փորձ


Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ներկայումս հայ ավետարանական համայնքներ կան Մերձավոր Արևելքի 6 երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Իրաքում, Թուրքիայում, Իրանում և Եգիպտոսում1։ Բացի նրանից, որ հայ ավետարանական համայնքներն անբաժանելի մասն են կազմում ընդհանուր հայ համայնքների և նրանց հետազոտությունը կարևոր նշանակություն ունի Սփյուռքի հայ գաղթօջախների ուսումնասիրությունն ամբողջացնելու համար, Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների ուսումնասիրությունը կարևորվում է նաև հետևյալ գործնական նկատառումներով.

  • Մերձավոր Արևելքը փոթորկահույզ տարածաշրջան է։ Նորագույն պատմության ընթացքում ներքին և արտաքին պատերազմները գրեթե միշտ ուղեկցել են այս տարածաշրջանի երկրներին՝ արաբա-իսրայելական հակամարտություն, լիբանանյան քաղաքացիական պատերազմ (1975-90թթ.), իրաք-իրանական պատերազմ (1980-88թթ.), Ծոցի պատերազմ (1991թ.), 2003թ. իրաքյան պատերազմ, «արաբական գարուն» (2011թ.) և այլն։ Այս իրադարձություններն իրենց ազդեցությունն են թողնում տեղի հայ համայնքների վրա, որոնց մի մասն են կազմում հայ ավետարանականները։
  • Մերձավոր Արևելքն աշխարհագրորեն խիստ մոտ է Հայաստանին, իսկ վերը թվարկված երկրներից երկուսը՝ Թուրքիան և Իրանը, անմիջականորեն սահմանակից են վերջինիս։ Հետևաբար, այդ տարածաշրջանում կատարվող իրադարձություններն իրենց ուղղակի և անուղղակի ազդեցությունն են թողնում ոչ միայն տեղի հայ համայնքների, այլև Հայաստանի վրա։ Իսկ հայ ավետարանական համայնքները որոշակի գործոն են ոչ միայն առանձին երկրների, այլև տարածաշրջանային քաղաքականության մեջ, որի ճիշտ և նպատակային օգտագործումը կարող է բավական արդյունավետ լինել։

Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների ներուժն արդյունավետ և նպատակային օգտագործելու համար նախ անհրաժեշտ է գնահատել այն, ինչն իրականացվել է հետևյալ մեթոդաբանությամբ։ Առանձնացվել է երկու չափորոշիչ՝ մարդկային և կազմակերպչական, որոնք էլ իրենց հերթին բաժանվել են ենթաչափորոշիչների։ Դրանց հիման վրա Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքները, ըստ ներուժի, դասակարգվել են երեք խմբի՝ մեծ, միջին և փոքր ներուժ ունեցող համայնքներ2։ Յուրաքանչյուր ենթաչափորոշիչի պարագայում կիրառվել է դրան համապատասխան չափանիշ։

Մարդկային չափորոշիչ

Մարդկայի չափորոշիչի շրջանակներում առանձնացվում են հետևյալ երկու ենթաչափորոշիչները.

1. Քանակը։ Սույն ենթաչափանիշով համայնքների դիտարկման դեպքում որպես մեծ ներուժ ունեցող համայնքներ առանձնացվել են նրանք, որոնց թվաքանակը գերազանցում է 2000-ը։ Միջին ներուժ ունեցող համայնքներ են համարվել նրանք, որոնց թվաքանակը գտնվում է 1000-2000-ի սահմաններում։ Եվ վերջապես, այն համայնքները, որոնց թվաքանակը ցածր է 1000-ից, համարվել են փոքր ներուժ ունեցող։

Ըստ այդմ՝ Լիբանանի, Սիրիայի և Թուրքիայի հայ ավետարանական համայնքները մեծ ներուժ ունեցող են համարվում։ Լիբանանում և Սիրիայում հայ ավետարանականների թվաքանակը կազմում է 4-5 հազարական մարդ։

Մարդկային թվաքանակի առումով հետաքրքիր է Թուրքիան, որտեղ հայ ավետարանականների թվաքանակի հետ կապված՝ տեղի են ունենում հակոտնյա գործընթացներ։ Մի կողմից՝ կրոնական և ազգային անհանդուրժողականության մթնոլորտը հանգեցնում է նրանց թվաքանակի նվազմանը։ Ներկայումս ըստ որոշ տվյալների՝ հայ ավետարանականների թվաքանակը Թուրքիայում կազմում է մոտ 500 մարդ3։ Մյուս կողմից, սակայն, վերջին շրջանում Թուրքիայում կրկին լայն թափ է ստացել քրիստոնեական միսիոներությունը, որի արդյունքում տեղի է ունենում այդ երկրի քրիստոնեացման գործընթաց։ Գերմանական և այլ միսիոներական կառույցների գործունեության հետևանքով Թուրքիայում տարածում է ստանում նաև բողոքականությունը, որի ալիքն ընդգրկում է նաև նախկինում իսլամացված հայերի սերունդներին։ Օրինակ, ըստ Թուրքիայի բողոքական կազմակերպությունների տվյալների՝ Ադանայի բողոքականների մեջ մեծ թիվ են կազմում հայկական ծագում ունեցողները4։ Իսկ իսլամացված հայերի սերունդների մեջ կրոնադարձությունը (վերաքրիստոնեացումը՝ բողոքականացումը) զուգորդվում է նաև ազգային ինքնագիտակցության վերազարթոնքով։ Այսպիսով, թեև մի կողմից Թուրքիայում ազգային և կրոնական հալածանքների հետևանքով հայ ավետարանականների թվաքանակը փոքրանում է, սակայն, մյուս կողմից, լայն թափ ստացած միսիոներական գործունեությունը հանգեցնում է հայ ավետարանականների թվաքանակի ավելացմանը։ Թե որքան է ներկայումս բողոքականություն ընդունած նախկինում իսլամացված հայերի սերունդների թվաքանակը, դժվար է ասել, քանի որ նրանք խայտաբղետ մարդկային հանրույթ են ներկայացնում։ Նրանց թվաքանակի հստակ որոշման հետ կապված դժվարություններն էլ առկախում են Թուրքիայում հայ ավետարանականների թվաքանակի հստակեցման հարցը։ Այնուամենայնիվ, նկատի ունենալով նախկինում իսլամացված մեծ թվով հայերի սերունդների բողոքականացումը՝ կարելի է ենթադրել, որ Թուրքիայում հայ ավետարանականների ընդհանուր թվաքանակն անցնում է 2 հազարից։

Իրանի հայ ավետարանական համայնքը, որի անդամների թիվը, մեր գնահատմամբ, կազմում է 1-2 հազ. մարդ, սույն ենթաչափորոշիչով դասակարգվում է որպես միջին ներուժ ունեցող։ Իսկ Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքները, որոնցից յուրաքանչյուրի թվաքանակը ցածր է 1000-ից, համարվում են փոքր ներուժ ունեցող։

2. Սփռվածությունը։ Համաձայն սույն ենթաչափորոշիչի՝ մեծ ներուժ ունեցող համայնքների շարքին են դասվում նրանք, որոնք բնակվում են տվյալ երկրի երկուսից ավելի շրջաններում։ Երկու շրջաններում սփռված համայնքները դիտվում են որպես միջին, իսկ մեկ շրջանում կենտրոնացվածները՝ փոքր ներուժ ունեցող համայնքներ։

Դիտարկումները ցույց են տալիս, որ, ըստ սփռվածության, մեծ ներուժ ունեցող համայնքներ են Լիբանանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի հայ ավետարանական համայնքները։ Վերջիններս սփռված են այդ երկրների հայաշատ բնակավայրերում։ Լիբանանում հայ ավետարանականները բնակվում են մայրաքաղաք Բեյրութում, Բուրջ Համուդում, Էշրեֆիեում, Այնճարում և այլուր։ Սիրիայում նրանք թեև կենտրոնացած են հիմնականում Հալեպում, սակայն հայ ավետարանական համայնքներ կան նաև Քեսապում, մայրաքաղաք Դամասկոսում, Հոմսում։

Սույն ենթաչափորոշիչով կրկին յուրահատուկ է Թուրքիան։ 500 հայ ավետարանականները կենտրոնացած են Ստամբուլում։ Իսկ միսիոներական գործունեության հետևանքով բողոքականություն ընդունած, նախկինում իսլամացված հայերի սերունդները սփռված բնակվում են հիմնականում Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի տարբեր շրջաններում։ Այդպիսի խմբեր կան, օրինակ, Մալաթիայում (Արևմտյան Հայաստան), Ադանայում (Կիլիկիա) և այլն։

Իրանում հայ ավետարանականները սփռված են մայրաքաղաք Թեհրանում, Նոր Ջուղայում, Թավրիզում, Արալում, Համադանում5։ Այնուամենայնիվ, նրանց գերակշիռ մեծամասնությունը կենտրոնացած է Թեհրանում6։

Իսկ Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքները կարելի է անգամ անվանել համապատասխանաբար՝ Ալեքսանդրիայի և Բաղդադի հայ ավետարանական համայնքներ, քանի որ, բացի այդ բնակավայրերից, հայ ավետարանականների այլ բնակավայրեր այդ երկրներում չկան։ Ասվածը թույլ է տալիս այդ համայնքները համարել փոքր ներուժ ունեցող։

Կազմակերպչական չափորոշիչ

Առանձնացվում են հետևյալ չորս ենթաչափորոշիչները.

1. Քանակը։ Սույն ենթաչափորոշիչով գնահատելիս, որպես մեծ ներուժ ունեցող համայնքներ են գնահատվում 10-ից ավելի կազմակերպչական կառույցներ ունեցողները։ Որպես միջին ներուժ ունեցող համայնքներ գնահատվում են նրանք, որոնց կազմակերպչական կառույցների թվաքանակը տատանվում է 5-10-ի սահմաններում։ Եվ վերջապես փոքր ներուժ ունեցող համայնքներ են դիտվում նրանք, որոնց կազմակերպչական կառույցների թիվը փոքր է 5-ից։

Սույն ենթաչափորոշիչի տեսանկյունից Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքները, ունենալով համապատասխանաբար 24 և 287 կազմակերպչական կառույցներ, դիտվում են որպես ուժեղ համայնքներ։

Նրանց իր 7 կազմակերպչական կառույցներով8 հաջորդում է Իրանի հայ ավետարանական համայնքը՝ գնահատվելով որպես միջին ներուժ ունեցող։

Թուրքիայում տիրող ազգային և կրոնական անհանդուրժողականության և հալածանքների մթնոլորտը բացասական հետևանքներ է ունեցել ոչ միայն հայ ավետարանականների թվաքանակի, այլև նրանց կազմակերպչական կառույցների վրա։ Արդյունքում՝ երբեմնի բազմաթիվ եկեղեցիների, ինչպես նաև հարուստ կալվածքների (դպրոցներ, որբանոցներ և այլն) փոխարեն ներկայումս Թուրքիայում գործում են ընդամենը երկու հայ ավետարանական կառույցներ՝ Ստամբուլի Գեդիքփաշա և Բեյօղլու թաղամասերի Հայ Ավետարանական եկեղեցիները9։

Ինչ վերաբերում է Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքներին, ապա Ալեքսանդրիայում գործում է մեկ (Ալեքսանդրիայի Հայ Ավետարանական եկեղեցին), իսկ Բաղդադում՝ երկու (Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին և Բաղդադի հայ ավետարանական ռադիոժամը) կազմակերպչական կառույց։ Այսպիսով, Թուրքիայի, Եգիպտոսի և Իրաքի հայ ավետարանական համայնքները, ըստ կազմակերպչական չափորոշիչի քանակական ենթաչափորոշիչի, գնահատվում են որպես փոքր ներուժ ունեցող համայնքներ։

2. Բազմազանությունը։ Այս ենթաչափորոշիչով դիտարկելիս մեծ ներուժ ունեցող համայնքներ են համարվում նրանք, որոնց կազմակերպչական կառույցների տեսակային բազմազանությունը գերազանցում է 2-ը, այսինքն՝ որոնք ունեն 2 տեսակից ավելի կազմակերպչական կառույցներ։ Երկու տեսակ կազմակերպչական կառույցներ ունեցող համայնքները համարվում են միջին, իսկ ընդամենը 1 տեսակի կազմակերպչական կառույց ունեցողները՝ փոքր ներուժ ունեցող համայնքներ։

Ըստ այդմ՝ Լիբանանի, Սիրիայի և Իրանի հայ ավետարանական համայնքները, ունենալով 4-5 տեսակի՝ ղեկավար, եկեղեցական, կրթական, սոցիալական, տեղեկատվական կառույցներ10, համարվում են մեծ ներուժ ունեցող։ Հատկանշական է, որ Իրանի հայ ավետարանական համայնքը, թեև կազմակերպչական կառույցների թվաքանակի առումով էապես զիջում է Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքներին, սակայն տեսակային բազմազանությամբ հավասարվում է նրանց։

Իրաքի հայ ավետարանական համայնքը, ունենալով երկու տեսակի կազմակերպչական կառույց՝ եկեղեցական (Բաղդադի Հայ Ավետարանական եկեղեցին) և տեղեկատվական (Բաղդադի հայ ավետարանական հոգևոր ռադիոժամը), սույն ենթաչափորոշիչով համարվում է միջին ներուժ ունեցող։

Իսկ Թուրքիայի և Եգիպտոսի հայ ավետարանական համայնքները, որոնցում գործում են միայն մեկ տեսակի (եկեղեցական) կառույցներ, գնահատվում են որպես փոքր ներուժ ունեցող համայնքներ։

3. Սփռվածությունը։ Այս ենթաչափորոշիչով հարցը դիտարկելիս որպես մեծ ներուժ ունեցող համայնքներ են գնահատվում նրանք, որոնց կազմակերպչական կառույցները սփռված են տվյալ երկրի երկուսից ավելի բնակավայրերում։ Երկու բնակավայրերում սփռված կազմակերպչական կառույցներ ունեցող համայնքները համարվում են միջին, իսկ մեկ բնակավայրում կենտրոնացված կազմակերպչական կառույց(ներ) ունեցողները՝ փոքր ներուժ ունեցող համայնքներ։

Սույն ենթաչափորոշիչով մեծ ներուժ ունեն Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքները, որտեղ կառույցների աշխարհագրական սփռվածությունը հիմնականում համընկնում է համայնքների աշխարհագրական սփռվածությանը։ Լիբանանում հայ ավետարանական կազմակերպչական կառույցները սփռված են Բեյրութում, Բուրջ Համուդում, Էշրեֆիեում, Այնճարում և այլուր, իսկ Սիրիայում՝ Հալեպում, Քեսապում, մայրաքաղաք Դամասկոսում, Հոմսում11։ Մյուս երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Եգիպտոսի հայ ավետարանական համայնքներում կազմակերպչական կառույցները կենտրոնացած են մեկ բնակավայրում՝ համապատասխանաբար՝ Ստամբուլում, Թեհրանում, Բաղդադում և Ալեքսանդրիայում։

4. Գործունեության նշանակալիությունը։ Սույն ենթաչափորոշիչով մեծ ներուժ ունեցող համայնքներ են համարվում նրանք, որոնք ունեն այնպիսի կազմակերպչական կառույցներ, որոնց գործունեությունը չի սահմանափակվում զուտ տեղական՝ համայնքային նշանակությամբ, այլ ունի տարածաշրջանային և անգամ համազգային նշանակություն։ Այն համայնքները, որոնց կազմակերպչական կառույցների գործունեությունը սահմանափակվում է զուտ տվյալ համայնքի շրջանակներում, դիտվել են որպես փոքր ներուժ ունեցող համայնքներ։ Այս ենթաչափորոշիչով դասակարգման պարագայում միջին տարբերակ (միջին ներուժ ունեցող համայնք) չկա։

Սույն ենթաչափորոշիչով դասակարգելու պարագայում տեսնում ենք, որ միայն Լիբանանի հայ ավետարանական համայնքն է համապատասխանում մեծ ներուժ ունեցող համայնքի չափանիշներին։ Բեյրութում է գտնվում Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության գրասենյակը։ Ելնելով այս հանգամանքից՝ կարելի է ասել, որ Լիբանանի մայրաքաղաքը Մերձավոր Արևելքի հայ ավետարանականության կենտրոնն է։

Բեյրութում է գործում նաև Սփյուռքի միակ բուհը՝ Հայկազյան համալսարանը։ Չնայած այն ավետարանական կառույց է, սակայն այնտեղ անկախ իրենց դավանանքային պատկանելությունից ուսանելու են գալիս հայ երիտասարդներ ոչ միայն Լիբանանից, այլև աշխարհի գրեթե 20 երկրներից։ Ավելին, համալսարանը, բացի համազգային նշանակությունից, ունի միջազգային կրթական հաստատության կարգավիճակ, քանի որ այնտեղ ուսանելու են գալիս նաև այլազգի երիտասարդներ, որոնք կազմում են բուհի ուսանողության մոտ կեսը։ Իսկ համալսարանի կողմից հրատարակվող Հայկազյան հայագիտական հանդեսը բարձր հեղինակություն վայելող հայագիտական պարբերականներից է։

Տարածաշրջանային նշանակություն ունեցող կառույցներ են նաև Բեյրութում գտնվող Սիրիայի և Լիբանանի Հայ Ավետարանական եկեղեցիների քրիստոնեական ջանից միությունը և Մերձավոր Արևելքի աստվածաբանական ճեմարանը։

Մյուս երկրների՝ Սիրիայի, Թուրքիայի, Իրանի, Իրաքի և Եգիպտոսի հայ ավետարանական համայնքների կազմակերպչական կառույցների գործունեությունն ունի միայն տեղական՝ համայնքային նշանակություն։

Ամփոփում

Հանրագումարի բերելով առանձին ենթաչափորոշիչներով Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների վերլուծությունը՝ կարող ենք դրանք ըստ ներուժի վարկանիշավորել։ Առանձնացված 6 ենթաչափորոշիչների հիման վրա համայնքները դասակարգվեցին մեծ, միջին և փոքր ներուժ ունեցողների։ Ըստ այդմ՝ յուրաքանչյուր ենթաչափորոշիչով որպես մեծ ներուժ ունեցող համայնք գնահատվածներին կարելի է տալ 3, միջին ներուժ ունեցողներին՝ 2 և փոքր ներուժ ունեցողներին՝ 1 միավոր։ Այս տրամաբանությամբ առանձին երկրների հայ ավետարանական համայնքների ներուժի հանրագումարային միավորը կգտնվի 6-18-ի սահմաններում, որում 18 միավորը ցույց է տալիս համայնքների առավելագույն ներուժը (բոլոր 6 ենթաչափանիշներով մեծ ներուժ ունեցող համայնքներ՝ 6x3 տրամաբանությամբ), իսկ 6 միավորը՝ համայնքների նվազագույն ներուժը (բոլոր 6 ենթաչափորոշիչներով փոքր ներուժ ունեցող համայնքներ՝ 6x1 տրամաբանությամբ)։

Ըստ այդմ՝ 6-18 միավորանոց սանդղակում 6-9 միավորի միջակայքում գտնվող համայնքները համարվում են փոքր, 10-15 միավորի միջակայքում գտնվողները՝ միջին և 16-18 միավորի միջակայքում գտնվողները՝ մեծ ներուժ ունեցող համայնքներ։

Ինչպես ցույց է տալիս վարկանիշավորումը, մեծ ներուժ ունեցող համայնքներն են Լիբանանի և Սիրիայի հայ ավետարանական համայնքները՝ համապատասխանաբար 18 և 16 միավորներով։ Իրանի և Թուրքիայի հայ ավետարանական համայնքները համապատասխանաբար 12 և 10 միավորներով համարվում են միջին, իսկ Իրաքի և Եգիպտոսի հայ ավետարանական համայնքները համապատասխանաբար 8 և 6 միավորներով՝ փոքր ներուժ ունեցող համայնքներ (Աղյուսակ 1

Աղյուսակ 1. Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների դասակարգումը և վարկանիշավորումը՝ ըստ ներուժի


1 Թեև Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունն ընդգրկում է նաև Հունաստանի և Ավստրալիայի հայ ավետարանական համայնքները (տե՛ս http://www.uaecne.org/index.php?option=com_content&view=section&layout=blog&id=3&Itemid=6), սակայն սույն հետազոտության մեջ առաջնորդվել ենք զուտ աշխարհագրական սկզբունքով՝ դիտարկման ծիրում ներառելով միայն մերձավորարևելյան տարածաշրջանում գտնվող երկրների հայ ավետարանական համայնքները։

2 Հարկ է նշել, որ մեծ, միջին և փոքր ներուժ հասկացություններն այստեղ հարաբերական են և կիրառական միայն Մերձավոր Արևելքի հայ ավետարանական համայնքների դիտարկման դեպքում։

3 Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2003, էջ 185; Tessa Hofmann, Armenians in Turkey Today: A Critical Assessment of the Situation of the Armenian Minority in the Turkish Republic, Bruxelles, 2002, p. 9.

4 Акопян А., О чем молчит Адана, Ноев Ковчег, № 01, Январь, 2010.

5 Մանուկյան Մ., Իրանահայ գաղթօջախի առօրյան, Երևան, 2000, էջ 40։

6 Առավել մանրամասն տե՛ս Հովյան Վ., Իրանի հայ բողոքական համայնքը, Գլոբուս Ազգային անվտանգություն, 2010, թիվ 5, էջ 33։

7 Տե՛ս AMAA Directory 2012: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide http://www.amaa.org/Directory for website.pdf

8 Նույն տեղում։

9 Նույն տեղում։

10 Նույն տեղում։

11 Նույն տեղում։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր