
ՄՈԼՈՐԱԿԻ ՄԱՀՄԵԴԱԿԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ
Արտաշես Տեր-Հարությունյան2011թ. հունվարին ամերիկյան Pew Research Center-ը հրապարակեց «Աշխարհի մահմեդական բնակչության ապագան» հետազոտությունը: Հետազոտության ժամանակահատվածն ընդգրկում է 1990–2030թթ. եւ վերաբերում է աշխարհի բոլոր պետություններին ու տարածքներին: Ըստ գլխավոր հետեւության` այդ 40 տարվա ընթացքում աշխարհի մահմեդականների թիվը կկրկնապատկվի` 1.1 մլրդ-ից (1990թ.) հասնելով 2.2 մլրդ-ի (2030թ.):
Չնայած զեկույցը տալիս է միայն գնահատականներ ու կանխատեսումներ` մոլորակի մահմեդական բնակչության դեմոգրաֆիկ պատկերի ու հետագա շարժի վերաբերյալ, սակայն, փաստորեն, նաեւ մատնացույց է անում այն մտահոգությունները, որ կան արեւմտյան աշխարհում` մոլորակի մահմեդական բնակչության թվաքանակի աճի կապակցությամբ:
Արեւմուտքի ուշադրության կենտրոնում
Գաղափարախոսական տեսանկյունից` ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ի եւ ընդհանրապես Արեւմուտքի համար թիվ մեկ վտանգ է ներկայացվում ոչ թե չինական կոմունիզմը, այլ իսլամիզմը. արեւմտյան տեղեկատվական դաշտում «իսլամական ֆունդամենտալիզմ», «իսլամական ահաբեկչություն» ձեւակերպումներն` իրենց բացասական իմաստով, այսօր գերիշխող դիրք են զբաղեցնում:
Նախորդ երկու տասնամյակներում ԱՄՆ, նրա դաշնակիցների ու գործընկեր-պետությունների վարած ռազմական քիչ թե շատ լուրջ կամպանիաների գերակշիռ մասը վերաբերում է հենց իսլամական աշխարհին` իրաքյան երկու պատերազմները, ռազմական արշավը Սոմալիում, պատերազմն Աֆղանստանում: Այդ ընթացքում Արեւմուտքը «հարձակման ենթարկվեց» հենց իսլամական աշխարհի կողմից (2001թ. սեպտեմբերի 11-ի դեպքերը ԱՄՆ-ում, 2004թ. մարտի 11-ին Մադրիդում տեղի ունեցած պայթյունը, 2005թ. հուլիսի 7-ին եւ 21-ին Լոնդոնի մետրոյում տեղի ունեցած պայթյունները եւ այլն): Եվ վերջապես` այսօր էլ ռազմական տեսանկյունից Արեւմուտքին սպառնալիք ներկայացնող ամենաակտիվ երկրներից է համարվում իսլամական աշխարհում առանձնակի կշիռ ունեցող Իրանը:
Սառը պատերազմի ավարտից հետո, եթե մի կողմ թողնենք հետխորհրդային տարածքում ժողովրդավարության ամրապնդմանը միտված ԱՄՆ ու Եվրոպայի ջանքերը, ապա դարձյալ` հենց մահմեդական աշխարհին ենք տեսնում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների կողմից նախաձեռնված ժողովրդավարացման հերթական ալիքի թիրախում:
- 1998թ. մայիսին ԱՄՆ ճնշման արդյունքում հրաժարական տվեց աշխարհի ամենամեծաթիվ մահմեդական բնակչությունն ունեցող երկրի` Ինդոնեզիայի նախագահ Սուհարտոն, որը երկիրը ղեկավարում էր 1967թ.-ից: Իշխանափոխությունից հետո` 2004թ., Ինդոնեզիայում անցկացվեցին նախագահական առաջին ուղղակի ընտրությունները:
- 2002թ. նոյեմբերին, Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում, իշխանության եկավ չափավոր իսլամական Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Ըստ որոշ գնահատականների, այն իրագործվեց ամերիկյան սցենարով` արմատական իսլամի դեմն առնելու համար:
- 2003թ. մարտին սկսված իրաքյան երկրորդ պատերազմի հետեւանքով իշխանությունից զրկվեց 1979թ.-ից Իրաքը կառավարող Սադամ Հուսեյնը:
- 2008թ. օգոստոսին դարձյալ ԱՄՆ ճնշմամբ իշխանությունը ստիպված թողեց Պակիստանը 1999թ.-ից ղեկավարող գեներալ Փերվեզ Մուշարաֆը:
- 2009թ. հունիսին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո այդ երկրում տեղի ունեցան լայնամասշտաբ հուզումներ, որոնց օժանդակման մեջ իրանական իշխանությունները մեղադրեցին ԱՄՆ ու նրա դաշնակիցների հատուկ ծառայություններին:
- 2011թ. հունվարին Հարավային Սուդանում կայացած հանրաքվեի արդյունքում` մահմեդական հյուսիսից (ուր 1989թ.-ից իշխում է Օմար Հասան Ահմադ ալ-Բաշիրը) ԱՄՆ ուղղակի աջակցությամբ անջատվեց քրիստոնեական հարավը, որն իր ֆորմալ անկախությունը կհռչակի արդեն այս հուլիսին:
- 2011թ. հունվարին Թունիսում ժողովրդական հուզումների արդյունքում իշխանությունը թողեց ու երկրից փախավ 1987թ.-ից իշխող Զինե Էլ Աբիդինե Բեն Ալին:
- 2011թ. հունվար–փետրվարի ժողովրդական հուզումների արդյունքում հրաժարական տվեց Եգիպտոսը 1981թ.-ից ղեկավարած Հոսնի Մուբարաքը: Թե՛ Թունիսի, թե՛ Եգիպտոսի դեպքերում ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները չեն էլ թաքցնում, որ նպաստել են հուզումներին:
Զեկույցի որոշ հետեւություններ եւ տվյալներ
Հիմնական հարցը, որին փորձել են պատասխանել հետազոտության հեղինակները, հետեւյալն է, թե ինչքան արագ է աճում աշխարհի մահմեդական բնակչությունն ու հետեւաբար` դեմոգրաֆիկ ինչ հարաբերակցության Արեւմուտքը կբախվի 2030թ., այդ թվում` «տանը»:
Ըստ զեկույցի, եթե 1990թ. մահմեդականները կազմում էին 1.1 մլրդ կամ ողջ աշխարհի բնակչության 19.9%-ը, ապա 2010թ. նրանց թիվը հասել է 1.6 մլրդ-ի կամ ողջ մոլորակի բնակչության 23.4%-ը, իսկ 20 տարի հետո այդ թիվը կկազմի 2.2 մլրդ կամ ողջ երկրագնդի բնակչության 26.4%-ը: Այսինքն` 2030թ. մոլորակի չորս բնակչից առնվազն մեկը մահմեդական է լինելու:
Զեկույցի համաձայն, եթե 2010 թվականին 72 երկիր ուներ մեկ միլիոն եւ ավելի մահմեդական բնակչություն, ապա 2030 թվականին այդպիսի երկրների թիվը կհասնի 79-ի: Միեւնույն ժամանակ, եթե 2010 թվականին աշխարհում կար մահմեդական բնակչության մեծամասնությամբ 49 պետություն, ապա 2030-ին նման երկրների թիվը կավելանա մեկով (Նիգերիա)` դառնալով 50:
Ըստ հետազոտության, 2010–2030թթ. ընթացքում մոտավորապես կպահպանվի սուննի/շիա մահմեդականների հարաբերակցությունը: Հետազոտությունը մահմեդական բնակչության աճի հիմնական երկու պատճառ է նշում. ծնելիությունը եւ մահմեդականների շրջանում կյանքի տեւողության երկարումը:
Աղյուսակ 1-ում բերված է մի շարք երկրներում մահմեդական բնակչության չափաբաժինը` ըստ վերոնշյալ զեկույցի:
Արեւմուտքն արձագանքում է
Անցած տարվա օգոստոսին Գերմանիայում լույս տեսավ Bundesbank-ի տնօրենների խորհրդի անդամ, Բեռլինի սենատի նախկին անդամ Տիլո Սարացինի հայտնի գիրքը` «Գերմանիայի ինքնասպանությունը»: Այդ գրքում Սարացինը ներկայացնում է այն վտանգը, որն առաջանում է գերմանացիների մոտ ծնելիության անկման ու մահմեդական երկրներից Գերմանիա հոսող ներգաղթյալների թվի անընդհատ մեծացման հետեւանքով: Ըստ Սարացինի, իսլամ դավանող ներգաղթյալներն անգամ երկրորդ ու երրորդ սերնդի ընթացքում չեն ցանկանում եւ չեն կարող ինտեգրվել գերմանական հասարակության մեջ` այդպիսով հիմք դնելով Գերմանիայում «իսլամական վտանգի» առաջացման համար:
Տիլո Սարացինի գրքի լույս տեսնելուց շուրջ մեկ ու կես ամիս անց` 2010թ. հոկտեմբերի 16-ին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով հարազատ` Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության երիտասարդական թեւի առջեւ, հայտարարեց, թե տասնամյակներ երկրում տարվող բազմամշակութայնության քաղաքականությունը տապալվել է, եւ որ ներգաղթյալների հոսքը զսպում է գերմանական տնտեսության առաջընթացը:
Խոսելով բազմամշակութայնության տապալման մասին` Մերկելը, սակայն, չէր նշել, թե ինչ է առաջարկվում որպես այլընտրանք: Այդ բացը, թերեւս, լրացրեց Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Փետրվարի 6-ին, ելույթ ունենալով Մյունխենում ընթացող անվտանգության հարցերով միջազգային համաժողովի ժամանակ, նա հայտարարեց. «Բազմամշակութայնության քաղաքականությունը չարդարացրեց իրեն, եկել է մկաններով լիբերալիզմի ժամանակը»:

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱ. ՎԵՐԻՆՏԵԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ[19.11.2012]
- ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ[14.09.2012]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[14.06.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[02.04.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ[23.02.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ[06.02.2012]
- ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՃՈՒՄ Է[01.12.2011]
- ԱՄՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ[10.11.2011]
- ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ[29.09.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ[21.07.2011]
- ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[20.06.2011]