ՎՐԱՍՏԱՆԻ ՀԱՅ ԿԱԹՈԼԻԿՆԵՐԻ ՈՐՈՇ ԽՆԴԻՐՆԵՐ

Վերջին շրջանում Վրաստանում տեղի են ունենում բացասական զարգացումներ՝ կապված մեր հայրենակիցների ազգային և հոգևոր-եկեղեցական խնդիրների հետ։ Հատկապես ուշագրավ են Վրաստանի հայ կաթոլիկների շրջանում տեղի ունեցող գործընթացները։ Ցավոք Վրաստանի իշխանությունները և Վրաց Ուղղափառ եկեղեցին հայության նկատմամբ որդեգրած քաղաքականությունում չեն փոխում ձեռագիրը, միայն թե այս անգամ իշխանությունները վարում են ավելի «փափուկ» քաղաքականություն։ Վրաստանում, ինչպես ասում են, այն, ինչ ուղղափառ չէ, պետք «ուղղափառացվի», այլապես հակադրվում է Վրաստանի ազգային շահերին և անվտանգությանը։ Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, երբ վրացական քաղաքական և կրոնական շրջանակները ազգային փոքրամասնությունների հանդեպ օգտագործում են կրոնական գործոնը։
Հայտնի է, որ Կաթոլիկ և Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու գործունեությունը Վրաստանում սահմանափակ է, որի պատճառով առաջանում են տարաբնույթ, մինչ այժմ չլուծված խնդիրներ, որոնք չեն բխում երկուսի շահերից էլ։ Պետական մակարդակով հայտարարությունները թույլ են տալիս ասել, որ Վրաստանի իշխանությունները գտնվում են Վրաց Ուղղափառ եկեղեցու ազդեցության ներքո և, հետևաբար, կատարում են նրա պատվերը։ Ս.թ. նոյեմբերին Վրաստանում տեղի ունեցած համաժողովներից մեկում, որը կրում էր «Թբիլիսիի հայ համայնք. խնդիրներ և հեռանկարներ» անվանումը, ելույթ էր ունեցել այդ երկրի վերինտեգրման հարցերով փոխնախարար Ելենա Թևդորաձեն։ Վերջինս իր ելույթում նշել էր, որ Վրաստանը կարգավիճակ չի շնորհելու Հայ Առաքելական եկեղեցուն։ Վրաստանի փոխվարչապետ, եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Գեորգի Բարամիձեն Պրահայում բաց տեքստով հայտարարել է. «Կա՞ արդյոք մի դեպք, երբ հայկական եկեղեցին խնդիր է ունեցել իր իրավունքներն իրականացնելու գործում։ Կա՞ որևէ խնդիր. երբեք խնդիր չի եղել»։ Նրա պարզաբանմամբ` եկեղեցու գրանցումը կստեղծի ահռելի իրավական խնդիրներ, որի կարիքը չունեն. «Ինչի՞ համար, եթե որևէ խնդիր կա, մենք պատրաստ ենք լուծել այն, եթե խնդիր չկա, ինչո՞ւ ստեղծել։ Մենք դա չենք կարող հասկանալ»։
Այս հայտարարություններին հաջորդեց Վատիկանի քննադատությունը։ Մասնավորապես, Վրաստանում Վատիկանի դեսպան Կլաուդիո Գուջերոտտին նշել էր, որ աշխարհի և ոչ մի երկրում նման պրակտիկայի չի հանդիպել, երբ պետությունն ավանդական եկեղեցուն առաջարկում է գրանցվել որպես ակումբ կամ հասարակական կազմակերպություն։ Գուջերոտին նախկինում էլ արտահայտել էր այն կարծիքը, որ Վրաստանում ավանդական եկեղեցիների գրանցման հարցում իշխանությունները շեշտը դրել են նաև էթնիկ գործոնի վրա, ընդգծել, որ բուն խնդիրը վրացիները տեսնում են հայերի մեջ։ Արևմտյան Վրաստանի կաթոլիկների եպիսկոպոսական առաջնորդական տեղապահ պադրե Բրագանտինին հայտնել է, որ այն օրվանից, երբ իշխանության եկավ «վարդերի կառավարությունը», իրենք մեկ անգամ Թբիլիսիում հանդիպել են նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ, բայց նա պարզորոշ ասել է, որ առանց այդ էլ իրենց մեղադրում են հակաուղղափառ կողմնորոշման մեջ։ Պատկերացրեք, թե ինչ կսկսվի, եթե մենք օժանդակենք ձեզ: Կարճ ասած՝ «ձեր խնդիրները լուծեք ինքներդ»1։
Վատիկանի անհանգստությունն այս հարցում պատահական չէ, քանի որ կաթոլիկ եկեղեցին ի սկզբանե զուրկ է եղել արտոնություններից և հավասար պայմաններում է գտնվում մնացած քրիստոնեական ուղղությունների հետ։ Եթե հասկանալի պատճառներով վրացական կողմը չի գրանցում Հայ Առաքելական եկեղեցին, ապա հարցեր են առաջանում կաթոլիկ եկեղեցու համար։
Հայտնի է, որ Վրաստանում կաթոլիկ եկեղեցու հետևորդների մեծագույն մասը կազմում են հայերը, որոնք ավանդաբար ապրում են տարբեր շրջաններում՝ Սամցխե-Ջավախքում, Բաթումում, Թբիլիսիում և այլուր։ Այսինքն, կաթոլիկ եկեղեցին գրանցելով՝ նրանք լայն հնարավորություններ կտան նաև Հայ Կաթողիկե եկեղեցուն, քանի որ վերջինս ղեկավարվում է Հռոմեական Կաթոլիկ եկեղեցու կողմից։ Հաշվի առնելով, որ հայերից բացի այդ երկրում բնակվում են նաև այլ էթնիկ խմբերի կաթոլիկներ՝ ասորիներ, լեհեր, գերմանացիներ, վրացիներ (ընդ որում՝ մեծ մասը վրացախոս հայ կաթոլիկներ են), հասկանալի է դառնում, որ այն մի կողմից ուղղված է հայերի, մյուս կողմից՝ այսպես կոչված վրացի կաթոլիկների դեմ. ի դեպ, էթնիկ վրացի կաթոլիկների դեպքում այն ավելի ագրեսիվ բնույթ է կրում՝ վերածվելով կրոնական անհանդուրժողականության։ Անկասկած, չգրանցելով Հռոմի կաթոլիկ եկեղեցին՝ Վրաց Ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները գործնական քայլերի են դիմում, վրացի և վրացախոս հայ կաթոլիկների շրջանում իսպառ վերացնելով մի դեպքում՝ էթնիկ ինքնագիտակցությունը (վրացախոս հայ կաթոլիկների մոտ), մյուսում՝ վրացի կաթոլիկ հասկացությունն ընդհանրապես։
Հարավային Կովկասի լատինածես կաթոլիկների առաքելական կառավարիչ, եպիսկոպոս Ջուզեպե Պազոտին այս առիթով նշել է, որ կաթոլիկ փոքրամասնությունը չի ընդունվում ուղղափառ մեծամասնության կողմից։ Կաթոլիկները ենթարկվում են խտրականության ինչպես դպրոցում, այնպես էլ աշխատանքի ընդունման ժամանակ։ Ավելին, կաթոլիկներից շատերը մկրտվում են որպես ուղղափառներ, որպեսզի նրանց երեխաները չզրկվեն «ապագայից»։ Այս միտումները հատկապես արտահայտիչ են գյուղական միջավայրում։
Ս.թ. նոյեմբերին տեղեկատվություն է տարածվել, որ Ախալցխայի Սուրբ խաչ եկեղեցին հանձնվում է Լատինական եկեղեցուն։ Նշվում է նաև, որ այս առիթով նամակ է հղվել եպիսկոպոս Պազոտոյին։ Ստացվում է, որ Ախալցխայի հայ կաթոլիկներին անցած երբեմնի հայ առաքելականների եկեղեցին տարօրինակ կերպով անցնում է Լատինական եկեղեցու տրամադրության տակ։ Իսկ Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչներին մնում է միայն ասել. «Կը խնդրուի իրենցմէ (խոսքն ուղղվում է Լատինական եկեղեցու ներկայացուցիչներին - Ա.Ս.) բացարձակ յարգանք հայկական արժեքներու նկատմամբ, ինչ կը վերաբերի խաչքարերուն եւ այնտեղ գտնուող բոլոր սուրբ նշաններուն,- ասում է Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը,- սա մեզ համար ամենէն կարեւորն է»։ Մինչդեռ արդեն դեկտեմբերին վերանորոգման ընթացքում խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մտահոգված լինելով այս փաստով Վիրահայոց թեմի միջոցով դիմել է Վրաստանում Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու առաջնորդությանը` եկեղեցու նախնական վիճակն անխաթար պահպանելու խնդրանքով2։ Ինչ զարգացումներ կլինեն այս ուղղությամբ դեռ հայտնի չէ, սակայն Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու պատկան մարմինների նման վերաբերմունքը արժանի է խիստ գնահատականի։
Միևնույն ժամանակ ավելորդ չէ նշել, որ Ախալցխայում ներկայումս, բացի հայերից ու մի քանի ընտանիքից բաղկացած վրացիներից, կաթոլիկություն դավանող այլազգիներ չկան։ Այսպիսով, փորձ է կատարվում Հայությունից օտարել իրեն պատկանող եկեղեցին. վատագույն դեպքում այնտեղ կարող են ծիսական արարողակարգն անցկացնել այլ լեզուներով, ինչը, բնականաբար, չի կարող ընդունվել հայերի կողմից։ Իսկ պատմությունը ցույց է տվել, որ օտարածես արարողակարգերը բացասական հետևանքներ են ունեցել Հայության համար։ Հետևաբար, անհասականալի է, թե ում պետք է ծառայի եկեղեցին։ Ժամանակի ընթացքում վրացական կողմը, ամենայն հավանականությամբ, վրացականացնելու է նաև այս եկեղեցին, և Լատինական եկեղեցուն փոխանցելը ժամանակավորապես կրքերը հանգստացնելու համար է կատարվում։
Այս անկայուն իրավիճակի հետևանքով լուրջ և գործնական քայլերի են դիմել Վրաստանի բոլոր հայ կաթոլիկ համայնքները։ Ըստ ֆրանսիական աղբյուրների, ս.թ. նոյեմբերին Մարսել քաղաքի արվարձաններից մեկում հավաքվելու էին Վրաստանի հայ կաթոլիկ համայնքների ներկայացուցիչները։ Հավաքի գլխավոր նպատակն է՝ քննարկել Վրաստանի տարածքում գտնվող հայ կաթոլիկ եկեղեցիների հարցը, Վրաստանի հայության խնդիրները ներկա փուլում, այդ թվում՝ հայ կաթոլիկների հայկական ինքնության պահպանման հարցը՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին նրանց սկսել են գրանցել որպես վրացիներ։ Նույն լրատվությունից հայտնի է դարձել, որ Վրաց Ուղղափառ եկեղեցու միսիոներները բացահայտ խոսում են հայ կաթոլիկների վրացական ծագման մասին և հայտարարում, որ եկել է ժամանակը նրանց վերադարձնելու իրենց արմատներին։ Այս համատեքստում ներկայումս նման հետապնդումներն առավել հաճախակի են դարձել Քութայիս, Բաթում քաղաքներում և Կախեթի, Գուրիայի շարջաններում բնակվող հայերի շրջանում3։ Ասել է թե՝ Վրաստանում շարունակվում է էթնիկ ինքնությունից զրկելու և դավանափոխելու այն նույն քաղաքականությունը, որը գործում էր 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին։
Հատկանշական է, որ Սամցխե-Ջավախքի մասին չի խոսվում, և սա ունի իր պատճառները, քանի որ այս տարածքում հայերն ավելի համախումբ են բնակվում, և ազգային բարձր ինքնագիտակցություն ունեցող հայ կաթոլիկների մեջ միսիոներները դժվար թե կարողանան հաջողությունների հասնել։ Հետևաբար, նրանք ընտրել են այնպիսի շրջաններ և քաղաքներ, ուր կարելի է ազատ գործել և հասնել շոշափելի արդյունքների։ Սակայն ցավով պետք է նշել, որ «ուղղափառացման» գործընթացից զուրկ չեն մնում նաև հայ առաքելականները, մասնավորապես՝ Նինոծմինդայի Փոկա գյուղում ակտիվ աշխատանքներ են տանում ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները, որոնք հայկական գյուղում, ըստ իրենց, արդեն հաջողել են դավանափոխել մի քանի հայ ընտանիքների։
Այս ամենի կողքին մի նոր խնդիր է ի հայտ եկել. Ախալցխայի Սուխլիս գյուղից հետ է կանչվել Մխիթարյան հայր տեր Գրիգոր վարդապետ Միքայելյանը, որին, ի դեպ, ըստ տեղեկությունների, պետք է փոխարինի ազգությամբ լեհ առաջնորդ։ Զուգահեռաբար Մոսկվայից Հռոմ է վերադառնում մեկ այլ կաթոլիկ հոգևորական՝ Գևորգ Նորատունկյանը։ Հայր Գրիգորի հեռանալու կապակցությամբ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե թեմի առաջնորդ Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը նշում է. «Եկեղեցականների մեջ որոշ դժվարություններ ծագեցին, և հայր Գրիգորը ստիպված էր հեռանալ գյուղից։ Անշուշտ, գյուղացիների փափագն է, որ մենք ուղարկենք հայ քահանա։ Մենք չունենք բավականաչափ քահանաներ և դժվարանում ենք իրենց մնայուն, մշտական հովիվ ուղարկել»։ Օհանյանը ժխտում է լեհ հոգևորական ուղարկելու մասին խոսակցությունները՝ նշելով, որ իրենք ձգտում են հայ համայնքներում միայն հայ առաջնորդ ուղարկել։ Այդ դեպքում հոգևորականի խոսքերն անհասկանալի են. ի՞նչ խնդիրներ կարող են ծագել այն պարագայում, երբ ամենահրատապ խնդիրը հոգևորականների պակասն է։ Ինչ վերաբերում է լեհ հոգևորական նշանակելուն, ապա պետք է փաստենք, որ նրանց և ոչ միայն լեհ, այլև օտարազգի հոգևորականների ներկայությունն անընդունելի է հայերի համար։ Վերջիններիս բնորոշմամբ՝ նրանք վարում են ոչ հայանպաստ քաղաքականություն։
Չի բացառվում, որ նման շրջադարձային իրադարձությունները կապված են վերջերս շրջանառվող լուրերի հետ, որոնք վերաբերում են Հայ Կաթողիկե եկեղեցուն, թեև դա խիստ անհավանական է թվում։ Այսպես, հայկական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել էր տեղեկատվություն, որտեղ նշվում էր, որ ավետարանչականները լրջորեն անհանգստացած են Հայաստանում իրենց հետ դավանաբանական որևէ ընդհանրություն չունեցող «տիեզերական եկեղեցու»՝ կաթոլիկության դիրքերով։ Իբրև թե Մայր աթոռն ու իշխանությունը՝ հայ կաթոլիկ բարձրաստիճան հոգևորականների ներգրավմամբ, սկսել են խորհրդակցություններ, թե ինչպես հայ կաթոլիկներին գործնականում անկախացնեն Վատիկանից։ Քննարկվում է հիմնականում երկու տարբերակ. 1. հայ կաթոլիկները Հայաստանում իրենք են ընտրում իրենց պատրիարքին, որը հաշվետու չէ Հռոմին, 2. Հայ Առաքելական եկեղեցու շրջանակում ստեղծվում է կաթոլիկ պատրիարքարան, որն ունի դավանաբանական ինքնավարություն4: Վերապահումով մոտենալով լրատվության իսկությանը, չբացառելով նաև հակառակը՝ ենթադրելի է, որ այս ամենը պետք է որ դրական չգնահատվեր Վատիկանի կողմից, ինչն էլ կարող էր դրդել «սեղմելու» Հայ Կաթողիկե եկեղեցու ազատատենչ ձգտումները և այդ պատճառով հետ կանչելու հայ քահանաներին՝ գործնական քայլերը խոչընդոտելու համար։
1Թամունա Ուչիձե, Արևմտյան Վրաստանի կաթոլիկների եպիսկոպոսական առաջնորդական տեղապահ պադրե Բրագանտինին՝ կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման մասին, http://hetq.am/am/society/georgia-catolic/։
2Ախալցխայի Երեւման Ս. խաչ եկեղեցու խաչքարերը հանվել են եւ փոխադրվել գավառագիտական թանգարան, http://news.am/arm/news/40613.html։
3Арис Антонян, Во Франции соберутся армяне-католики из Грузии, http://novostink.ru/mir/14768-vo-francii-soberutsya-armyane-katoliki-iz-gruzii.html:
4Հայ կաթոլիկներն անկախանո՞ւմ են, «Իրավունք», 2010, սեպտեմբեր 17-20:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[27.07.2017]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]