• am
  • ru
  • en
Версия для печати
10.12.2007

ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐԸ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

   

Վահրամ Հովյան

Վերջերս հայ հասարակական-քաղաքական շրջանակներում մեծ աղմուկ է բարձրացել՝ կապված Թբիլիսիի Հավլաբար թաղամասի վերակառուցման՝ վրացական իշխանությունների նախաձեռնության հետ։ Խնդիրն այն է, որ Վրաստանի իշխանությունները մտադիր են Հավլաբարը վերածել էլիտար թաղամասի, որը միաժամանակ պետք է հանդիսանա Թբիլիսիի առաջատար գործարար կենտրոններից մեկը։

Հավլաբարը Թբիլիսիի բարձրադիր թաղամասերից է, ուր կենտրոնացված է թիֆլիսահայ 150 հազարանոց համայնքի մեծագույն մասը։ Այն պատմական հայկական թաղամաս է, հիմնադրվել է հայերի կողմից և մշտապես բնակեցված է եղել հայերով։ Մինչև օրս էլ Հավլաբարում գտնվող տների վրա պահպանվում են հայկական գրությունները։ Պահպանվում են նաև այնպիսի նշանավոր հայ մեծահարուստների կողմից կառուցված առանձնատները, ինչպիսիք էին Մանթաշյանցը և Արամյանցը։ Հավլաբարն այնքան հագեցած է եղել հայկական շնչով ու կոլորիտով, որ անվանվել է «փոքրիկ Հայաստան բլրի վրա»։

Եվ բնական է, որ Հավլաբարը պետք է թիրախ դառնար վրացական ազգայնականների հակահայկական քաղաքականության համար։ Այս միտումը մեր ժամանակներում իր գործնական դրսևորումն արդեն գտել է ի դեմս այն փաստի, որ վրացական իշխանությունները Հավլաբարի Խոջիվանք եկեղեցուն հարակից հայկական գերեզմանատան տարածքում երեք տարի առաջ ավարտեցին Սուրբ Երրորդություն վրացական ուղղափառ տաճարի շինարարությունը, որն, ի դեպ, ամենամեծ քրիստոնեական եկեղեցին է ողջ Կովկասում։

Այժմ վրացական իշխանությունները ձեռնամուխ են եղել նույն հայկական գերեզմանատան տարածքում նշյալ ուղղափառ եկեղեցուն կից վրացական հոգևոր ճեմարանի կառուցմանը, որի համար հսկայական փոս է փորվել։ Հայկական գերեզմանները տուժել են դրանից։ Այս փաստերը լուրջ կասկածի տեղիք են տալիս, որ վրացական իշխանությունները, հոգևոր հաստատություններ հիմնելու պատրվակով, հետևողականորեն իրականացնում են Թբիլիսիում հայկական մշակութային ժառանգության, հետևաբար նաև հայկական հետքի վերացման քաղաքականություն։

Թիֆլիսահայ հասարակական շրջանակներից տեղեկանում ենք, որ «փոքրիկ Հայաստանի» վերակառուցման ծրագիրը Վրաստանի իշխանությունների և անձամբ նախագահ Մ.Սահակաշվիլու սեղանին է եղել վերջինիս նախագահության հենց սկզբից։ Այդ ծրագրով նախատեսվում է քանդել Հավլաբար թաղամասի հին ու վաղուց չվերանորոգված տներն ու շենքերը և դրանց փոխարեն կառուցել ժամանակակից էլիտար շենքեր։ Իսկ թաղամասի բնակչությանը նախատեսվում է հատկացնել 1մ2-ի դիմաց 1.500 լարի կամ $906 փոխհատուցում և բնակեցնել այլ վայրերում, ամենայն հավանականությամբ՝ Թբիլիսիի ծայրամասային շրջաններում։

Թվում է, թե վրացական իշխանությունների ծրագիրն օրինաչափ երևույթ է։ Բոլոր երկրների կառավարություններն էլ ձգտում են բարեկարգել իրենց քաղաքները՝ հին շինությունները քանդելու և դրանք նորակառույց շինություններով փոխարինելու միջոցով։ Այս տեսակետից ոչ մի արտառոց երևույթ չկա, որ Վրաստանի իշխանությունները ցանկանում են Թբիլիսիի մյուս թաղամասերի (Վակե, Սաբուրտալո, Սոլոլակ) նման բարեկարգել նաև Հավլաբարը։

Գործնականում, սակայն, Հավլաբարի վերակառուցումը վրացական իշխանությունների սցենարով հանգեցնելու է Վրաստանի մայրաքաղաքում «փոքրիկ Հայաստանի» վերացմանը։ Ամենախիստ ցանկության դեպքում անգամ դժվար է ենթադրել, թե վրացական իշխանությունները չեն գիտակցում այս հանգամանքը։

Հարց է առաջանում. մի՞թե հնարավոր չէր կազմել Հավլաբարի վերակառուցման այնպիսի ծրագիր, որը թաղամասի բարեկարգման հետ մեկտեղ կենթադրեր նաև նրա հայկականության պահպանում։ Թաղամասի հայկականության պահպանում ասելով հիմնականում նկատի ունենք Հավլաբարի կոմպակտ հայ բնակչության և հայկական մշակութային ժառանգության պահպանում։ Հնարավոր չէ՞ արդյոք թաղամասի վերակառուցումն իրականացնել այնպես, որ մի կողմից՝ տեղի հայ բնակչությունը մնա իր ավանդական բնակավայրում, մյուս կողմից՝ պահպանվի նրա կողմից դարերի ընթացքում ստեղծված մշակութային հարուստ ժառանգությունը (եկեղեցիներ, գերեզմաններ, հուշարձաններ, ճարտարապետական հնատիպ կոթողներ և այլն)։ Կարծում ենք՝ ցանկության դեպքում հնարավոր է։ Իսկ եթե անգամ միմյանց հետ անհամատեղելի են Հավլաբարի՝ էլիտար թաղամասի ու առաջատար գործարար կենտրոնի վերածումը՝ մի կողմից, և նրա հայկականության պահպանումը՝ մյուս կողմից, ապա, կարծում ենք, այստեղ առաջնայնությունը պետք է տրվի ազգային փոքրամասնության իրավունքների և նրա մշակութային ժառանգության պահպանմանը։ Իսկ էլիտար թաղամասեր ու խոշոր գործարար կենտրոններ կառուցելու համար, վստահ ենք, Թբիլիսին ունի բազմաթիվ այլ հարմար վայրեր։

Հավլաբարի վերակառուցման արդյունքում «փոքրիկ Հայաստանի» վերացման հետևանքների մասին շատ է նշվել հայկական մամուլում։ Շեշտադրվում է հատկապես այն հանգամանքը, որ Հավլաբարի վերացումը կհանգեցնի Վրաստանի մայրաքաղաքում հսկայական հայկական մշակութային ժառանգության վերացմանը։ Վերակառուցումից հետո հայկական հետքը կվերանա Հավլաբարից, և տասնամյակներ անց այլևս ոչ ոք չի հիշի, որ այն երբևէ հայկական թաղամաս է եղել։ Հետևաբար, Հավլաբարի վերակառուցման ծրագիրը հանդիսանում է Վրաստանի իշխանությունների ազգայնական քաղաքականության ամենաակնառու դրսևորումներից մեկը, որը նպատակաուղղված է երկրում ազգային հողի վրա խարսխված մշակութային բազմազանության կրճատմանը կամ, գուցե, իսպառ վերացմանը և մոնոլիտ վրացական ազգային մշակույթի հաստատմանը։

Ընթերցողի ուշադրությունը հրավիրենք առաջին հայացքից աննկատ, բայց իրականում խիստ վտանգավոր մեկ այլ հետևանքի վրա, որ կունենա Հավլաբարի՝ վրացական իշխանությունների սցենարով վերակառուցումը։ Խոսքն ընդհանրապես թիֆլիսահայ համայնքի թուլացման մասին է, որը կարող է և դառնալ նրա ամբողջական քայքայման հերթական փուլը։

Հավլաբարը, ըստ էության, թիֆլիսահայ համայնքի առանցքն է։ Պատահական չէ, որ թիֆլիսահայ համայնքը երբեմն նույնացվում է Հավլաբար թաղամասի հետ։ Մեր խորին համոզմամբ՝ թիֆլիսահայ համայնքի ուժը առաջին հերթին նրա կոմպակտ բնակեցված լինելու հանգամանքի մեջ է։ Մեկ թաղամասում համատեղ բնակվելու փաստը թույլ է տալիս ավելի արդյունավետ համախմբել համայնքի ներուժը, ստեղծում է ամենօրյա փոխադարձ շփման դաշտ, ապահովում է հայկական հոգևոր-մշակութային և, ինչո՞ւ չէ, նաև առօրյա-կենցաղային մթնոլորտ։ Այս ամենն էլ հանդիսանում են համայնքի կենսունակության գրավականը։ Եվ առհասարակ, արտերկրի հայ համայնքներում հայապահպանության խնդիրն արդյունավետ լուծելու համար որպես ռազմավարական նպատակ կարելի է դնել համայնքի անդամների համախմբումը առանձին բնակավայրերում՝ թաղամաս, շրջան, ավան և այլն։

Մինչդեռ Հավլաբարի վերակառուցման վրացական իշխանությունների սցենարը կարծես ուղղված լինի հենց թիֆլիսահայ համայնքի կոմպակտ բնակեցվածության դեմ, քանի որ այդ ծրագրի իրականացման արդյունքում «փոքրիկ Հայաստանի» հայությունն անխուսափելիորեն դուրս կբերվի իր ավանդական բնակավայրից և, ցրվելով տարբեր ուղղություններով, կփոշիանա։ Եթե անգամ վրացական իշխանությունները կանխամտածված չեն դիմում Թբիլիսիի հայ համայնքի կոմպակտության վերացմանը, ապա նրանց սցենարի իրականացումը գործնականում անխուսափելիորեն կհանգեցնի հենց այդ արդյունքին։

Թիֆլիսահայ համայնքը, կորցնելով կոմպակտությունը, էականորեն կթուլանա։ Այն կզրկվի իր ռեսուրսներն արդյունավետ համախմբելու հնարավորությունից։ Այդ մասնատվածությունն էապես կնվազեցնի թիֆլիսահայության դիմադրողականությունը օբյեկտիվ ու սուբյեկտիվ տարբեր մարտահրավերներին։ Բացի այդ, համայնքի անդամները կկորցնեն ամենօրյա փոխադարձ շփման հնարավորությունը։ Նրանց համար կանհետանա գերիշխող հայկական հոգևոր-մշակութային ու կենցաղային միջավայրը։ Ավելին, հայտնվելով օտար հոգևոր-մշակութային ու կենցաղային միջավայրում՝ թիֆլիսահայ համայնքի անդամներն անխուսափելիորեն կենթարկվեն դրա քաղաքակրթական ազդեցությանը՝ այդպիսով կանգնելով ազգային ինքնության կորստի լուրջ սպառնալիքի առաջ։ Մի խոսքով, Հավլաբարը էլիտար թաղամասի վերածելու վրացական իշխանությունների ծրագրի իրականացումը հեռանկարում կարող է հանգեցնել ընդհանրապես թիֆլիսահայ համայնքի քայքայմանը և ուծացման արագացմանը։ Արդյունքում՝ հայկական սփյուռքը կարող է կորցնել իր ավանդական և ամենակենսունակ համայնքներից մեկը։

Մամուլում շրջանառության մեջ է դրվել նաև այն տեսակետը, թե Հավլաբարի վերակառուցման ծրագիրն ուղղված չէ տեղի հայության դեմ։ Այս տեսակետի համաձայն՝ թաղամասի նոր շենքերի կառուցումից հետո հայ բնակիչները բնակարաններ կստանան հենց այդ շենքերում և ստիպված չեն լինի լքել թաղամասը։ Իսկ մինչ նոր շենքերի շինարարության ավարտը Հավլաբարի բնակիչները դրամական փոխհատուցում կստանան վրացական կառավարությունից՝ ժամանակավոր բնակության համար բնակարաններ վարձելու նպատակով։ Սակայն այս տեղեկության արժանահավատությունը, մեղմ ասած, խիստ կասկածելի է, հատկապես այն պարագայում, որ դրա աղբյուրն ամենևին էլ վրացական պաշտոնական շրջանակները չեն։ Այդ տեղեկությունը հայտնի է դարձել Թբիլիսիի «Ազգամիջյան հանդուրժողականություն» հասարակական կազմակերպության ղեկավարությունից։ Իրականում ամենևին էլ բացառված չէ, որ Հավլաբարի բնակիչները, չնչին փոխհատուցում ստանալով, կզրկվեն իրենց հայրական տներից։ Այդ դեպքում հնարավոր է նաև, որ նրանց մի զգալի մասն ընդհանրապես կլքի Թբիլիսին։

Ո՞րն է այս մարտահրավերի դեմ պայքարելու միջոցը։ Նախ՝ փորձենք անդրադառնալ այն հնարավոր քննադատությանը, որ Թբիլիսիի յուրաքանչյուր թաղամասի, այդ թվում և Հավլաբարի, վերակառուցման խնդիրը Վրաստանի ներքին գործն է, և դրսից ուղղակի անհնար է պայքարել դրա դեմ, քանի որ անթույլատրելի է միջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին։ Հավլաբարի վերակառուցման հարցն անմիջականորեն առնչվում է մարդու իրավունքների և Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հիմնախնդրին։ Իսկ մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հիմնահարցերը չեն կարող լինել սոսկ որևէ պետության ներքին գործը։

Ուստի, ՀՀ իշխանությունները հայ-վրացական միջպետական հարաբերություններում կարող են օրակարգային դարձնել նաև Թբիլիսիի մեր հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցը։ Թիֆլիսահայության իրավունքների պաշտպանության գործում ակտիվ դեր կարող են կատարել նաև Հայաստանի ՀԿ-ները, ինչպես նաև Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները, որոնք, որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտներ, հնարավոր միջոցներով պետք է աջակցեն «փոքրիկ Հայաստանի» պահպանմանը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր