• am
  • ru
  • en
Версия для печати
27.09.2010

ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Руский

   

Արտաշես Տեր-Հարությունյան

Անցած երկու-երեք ամիսներին երեւան եկան նոր ցուցիչներ, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած հակասությունները public policy-ի մակարդակից աստիճանաբար թեւակոխում են ավելի խորքային ոլորտ:

Դիտարկում

Մայիսի վերջին Թուրքիայում նշանակվեց Ազգային հետախուզական կառույցի (MIT) նոր տնօրեն` Հաքան Ֆիդանը1: Վերջինիս նշանակումը բացասական արձագանք առաջացրեց Թել Ավիվում, եւ պատճառները, իսրայելական կողմի կարծիքով, բավարար էին:

Թել Ավիվի համոզմամբ, թուրքական կողմից հենց Ֆիդանն էր մայիսին Թեհրանում Թուրքիայի, Բրազիլիայի ու Իրանի միջեւ կնքված հայտնի համաձայնության հեղինակը, որը պետք է կանխեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը2, եւ ըստ որի` իրանական կողմը ցածր հարստացված ուրանը պետք է ուղարկեր արտերկիր, իսկ այնտեղից ստանար բարձր հարստացված ուրան` բժշկական նպատակներով օգտագործելու համար: Իսրայելական կողմը հիշեց նաեւ, որ մինչեւ MIT-ի նոր տնօրեն դառնալը, Ֆիդանն, աշխատելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունում, աչքի էր ընկել իրանամետ դիրքորոշումներով:

Իսրայելական կողմի անհանգստությունները` կապված MIT-ի տնօրենի պաշտոնին Ֆիդանի նշանակման հետ, ամռան ընթացքում, ըստ էության, ոչ միայն չփարատվեցին, այլեւ նոր պատճառներ գտան: Հուլիսի 25-ին Երուսաղեմի մոտ գտնվող կիբուցներից մեկում Իսրայելի պաշտպանության նախարար եւ այդ երկրի Աշխատավորական կուսակցության նախագահ Էհուդ Բարաքը, հանդիպելով իր կուսակցության ակտիվի հետ, հայտարարեց, թե MIT-ի տնօրենի պաշտոնին «Իրանի բարեկամի» նշանակումը կարող է առաջիկա ամիսներին Թեհրանի համար մատչելի դարձնել հետախուզական այն գաղտնիքները, որոնք ժամանակին Թել Ավիվը փոխանցել է թուրքական կողմին: Ուշագրավ է, որ Անկարայի բողոքից հետո Բարաքը վերահաստատեց իր խոսքերը` մեկ անգամ եւս ընդգծելով Թել Ավիվի մտահոգությունները` կապված Հաքան Ֆիդանի նշանակման հետ:

Հատկանշական է, որ Իսրայելի պաշտպանության նախարարի այդ հայտարարությունից մոտ երկու շաբաթ անց` օգոստոսի 11-ին, իտալական Corriere Della Sera-ն գրեց, թե Հաքան Ֆիդանի ու Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետ Հոսեյն Թայեբի միջեւ կայացած հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան զենք կմատակարարի Սիրիա ու Լիբանան, իսկ իրանական կողմը հոգ կտանի, որ այդ զենքը հայտնվի «Հիզբալլահ» շարժման ձեռքում: Թուրքիայի արտգործնախարարությունը հիմնազուրկ որակեց այդ հրապարակումը:

Ամռան ընթացքում թուրք-իսրայելական հարաբերություններին վերաբերող հաջորդ ուշագրավ զարգացումը Իսրայելի ու Հունաստանի միջեւ թափ հավաքող համագործակցությունն է:

Այստեղ հարկ է նշել, որ հարաբերություններն Աթենքի ու Թել Ավիվի միջեւ սովորաբար աչքի են ընկել ընդգծված սառնությամբ` կապված ժամանակին թուրք-իսրայելական ջերմ հարաբերությունների հետ, որին ի պատասխան` Հունաստանը զարգացրել է հարաբերություններն արաբական երկրների հետ3: Իր դերն է խաղացել նաեւ Հունաստանի կախվածությունն արաբական էներգակիրներից:

Այս ամռան ընթացքում, սակայն, իսրայելա-հունական հարաբերությունները կտրուկ սկսեցին ակտիվանալ: Դեռեւս հունիսի սկզբին իսրայելական աղբյուրները գրեցին, թե Mavi Marmara-ի դեպքից հետո Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուն ուղիներ է որոնում իսրայելցի իր գործընկերոջ հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Նշվում էր, որ Հունաստանը ցանկանում է Իսրայելի հետ ռազմա-քաղաքական հարաբերությունների զարգացման միջոցով որոշակիորեն նվազեցնել Թուրքիայի ազդեցությունն Էգեյան ծովում եւ Միջերկրականի արեւելյան մասում եւ, բացի այդ` ստանալ հրեական միջազգային ֆինանսական կառույցների աջակցությունը` ծանր տնտեսական վիճակից դուրս գալու համար: Փոխարենը, իսրայելական կողմի պատկերացմամբ` Անկարան պետք է մտահոգվի իր ավանդական հակառակորդի ու տեխնոլոգիական լուրջ հնարավորություններ ունեցող Իսրայելի միջեւ ռազմաքաղաքական համագործակցության խորացմամբ4:

Հայտնի չէ, թե ի վերջո ինչ պայմանավորվեցին Աթենքն ու Թել Ավիվը, սակայն այս հուլիսի 23-ին` 18 տարվա մեջ առաջին անգամ, տեղի ունեցավ Հունաստանի վարչապետի այցը Իսրայել, իսկ դրանից կարճ ժամանակ անց` օգոստոսի 16-ին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնեց Աթենք:

Եվ վերջապես, ամռան ընթացքում թուրք-իսրայելական հարաբերությունները բնորոշող երրորդ ուշագրավ հանգամանքը, որի վրա արժե ուշադրություն դարձնել, ամերիկա-թուրքական ռազմական համագործակցությանն առնչվող զարգացումներն էին, որոնք ուղղակիորեն առնչվում էին թուրք-իսրայելական հարաբերությունների հետ:

Օգոստոսի 15-ին հեղինակավոր The Financial Times-ը գրեց, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ է նախազգուշացրել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որ եթե չփոխվեն Անկարայի մոտեցումներն Իսրայելի ու Իրանի հարցում, ապա Թուրքիան չի կարող նոր զինատեսակներ գնել Միացյալ Նահանգներից: Իսկ ավելի ուշ` օգոստոսի վերջին, հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է մասնակցել այս հոկտեմբերին Թուրքիայում կայանալիք «Anatoilian Eagle» («Անատոլյան արծիվ») անվամբ զորավարժություններին: Պատճառն այն է, որ թուրքական կողմը չի հրավիրել Իսրայելին` ամեն տարի անցկացվող օդուժի այդ զորավարժություններին մասնակցելու համար:

Գնահատական

Ի համեմատ նախորդ տարվա, երբ թուրք-իսրայելական հարաբերությունները գտնվում էին բավական լարված վիճակում, այս տարի երկու երկրների հակասությունները ստացել են ավելի խոր բնույթ: Իսրայելի հրապարակային մտահոգությունները` կապված Թուրքիայի հետախուզության նոր պետի հետ եւ նման արագությամբ քայլերը` մերձենալու Հունաստանին, վերաբերում են այն ոլորտներին, որոնք միշտ էլ էական են եղել թուրք-իսրայելական հարաբերությունների համար: Հետեւաբար` այսօրինակ զարգացումները նշված ոլորտներում առաջին հերթին պետք է վկայեն թուրք-իսրայելական խորացող հակասությունների մասին:

1Ի դեպ, Ֆիդանը, որը համարվում է Կենտրոնական Ասիայի ու Մերձավոր Արեւելքի •ծով մասնա•ետ, իր դոկտորական թեզը նվիրել է ամերիկյան, բրիտանական ու թուրքական հետախուզությունների համեմատական վերլուծությանը: Թեզի հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ MIT-ը, մասնատվելով երկու մասի` ներքին ու արտաքին հետախուզություններով զբաղվող կառույցների, պետք է ընդլայնի իր •ործունեությունն արտերկրում: Ֆիդանի (նա MIT-ի փոխտնօրեն եղած ժամանակ եղել է նաեւ Թուրքիայի վարչապետ Էրդողանի խորհրդականն արտաքին քաղաքականության •ծով եւ համարվում է նրա վստահելի մարդկանցից մեկը) նշանակումն անվտան•ութան ոլորտի արեւմտյան որոշ փորձա•ետներ •նահատեցին որպես իր արտաքին հետախուզական հնարավորություններն ընդլայնելու Անկարայի անթաքույց ձ•տում:

2Այդ համաձայնությունն իր դերը չունեցավ: Հայտնի է, որ հունիսին ՄԱԿ-ի Անվտան•ության խորհուրդը նոր պատժամիջոցներ կիրառեց Թեհրանի նկատմամբ, թեեւ Անկարան դեմ քվեարկեց նոր պատժամիջոցներին:

3Օրինակ, 20-րդ դարի երկրորդ կեսին Պաղեստինի ազատա•րության կազմակերպության բազմաթիվ ակտիվիստներ շատ հաճախ ապաստան էին •տնում հենց Հունաստանում:

4Իսրայելական աղբյուրները հիշեցնում էին, որ, օրինակ, ռազմա-քաղաքական ոլորտում Հունաստանն ու Իսրայելն արդեն ունեցել են համա•ործակցության մեկ ուշա•րավ փորձ: 2008թ. ամռանը Աթենքը թույլատրել էր իսրայելական օդուժի F-15 ու F-16 մոտ 100 ինքնաթիռների զորավարժություններ անցկացնել Հունաստանի օդային տարածքում: Այդ զորավարժությունների կարեւորությունն այն էր, որ Իսրայելից Հունաստան հեռավորությունը` մոտ 1900կմ, •րեթե համընկնում է Իսրայելից Իրան հեռավորության հետ, եւ բացի այդ` հայտնի է, որ 2000-ից հունական զինուժի տրամադրության տակ էին հակաօդային պաշտպանության ռուսական C-300 համալիրները, որոնց մատակարարումն Իրանին այն ժամանակ հնարավոր էր համարվում, եւ որոնք այդ զորավարժությունների արդյունքում ավելի «հասկանալի» դարձան իսրայելական օդուժին:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր