• am
  • ru
  • en
Версия для печати
26.07.2010

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԱԿԱՆ ՀՈՍԱՆՔՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

EnglishРуский

   

Արեստակես Սիմավորյան

Ա.Սիմավորյան՝ «Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ավագ փորձագետ։

Թուրքական ազդեցիկ կուսակցական «ճամբարներում» տարբեր տեսլականներ կան Թուրքիայի ապագայի վերաբերյալ, ինչի արդյունքում բազմաբևեռ, հակոտնյա գաղափարախոսությունների (նեոօսմանիզմ, նեոպանթյուրքիզմ, նեոքեմալականություն, թուրքական եվրասիականություն) շուրջ քննարկումները շարունակվում և արձագանք են գտնում Թուրքիայի հասարակական կյանքում։ Այս նոր գաղափարախոսությունները կարևոր են նաև ներքաղաքական մրցակցությունում կուսակցությունների հաջողության համար։

Նեոօսմանիզմ

Վերջին տարիներին, երբ Թուրքիայի իսլամական կողմնորոշում ունեցող քաղաքական էլիտան արտաքին քաղաքականության նոր ռազմավարությունում նախապատվությունը տվեց նեոօսմանիզմին (Neo-Osmanlicilik), այդ գաղափարախոսությունն աստիճանաբար դարձավ ներքին և արտաքին քաղաքականության առանցք։

Պետական նպատակաուղղված քարոզչությունն այսօր նեոօսմանիստական տրամադրություններ է ձևավորել հասարակության տարբեր շերտերում։ Հասարակությունը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում պատմաֆանտաստիկ գեղարվեստական «Օսմանյան հանրապետություն» ֆիլմի հանդեպ, որը պատմում է օսմանյան սուլթանի իշխանության ներքո գտնվող Թուրքիայի մասին: Երիտասարդների շրջանում ընդունված է ենիչերիների պատկերներով և «Կայսրությունը պատասխան հարված կհասցնի» մակագրությամբ վերնաշապիկներ կրելը: Անցյալը քաղքենիական պատկերացումներում ներկայանում է որպես Pax Ottoman-ի «ոսկե դար», երբ Միջերկրական ծովում իշխում էին խաղաղությունը, հանգստությունը, բարգավաճումն ու կրոնական հանդուրժողականությունը: «Եվ այդպիսի տրամադրությունները նպաստում են, որպեսզի Եվրոպան չընդունի Թուրքիային եվրոպական հասարակության մեջ»1:

«Մեծ քաղաքականությունը» գործադրելու համար ԱԶԿ-ն օգտագործում է պետական բազմաթիվ կառույցներ, որոնք հասարակությանն «ուսուցանում» են օսմանական ոգով։

Նեոօսմանիզմի կենսագործման համար կարևոր է նաև իսլամական, մասնավորապես՝ արաբական երկրներում համապատասխան տրամադրությունների ձևավորումը, որի ուղղությամբ նույնպես տարվում է նպատակաուղղված քաղաքականություն։ Գաղափարախոսությունն «արտահանվում» է ինչպես թուրքական «սփյուռք», այնպես էլ արաբական երկրներ։ Նշանակալի իրադարձություն էր 2010թ. հունվարին թուրքական բուհում «նեոօսմանյան» նախաձեռնություն իրականացնելու ԱԶԿ և բարձրագույն կրթության խորհրդի միջև ձեռք բերված համաձայնությունը, որով անվճար հիմունքներով Թուրքիայի համալսարաններ են ընդունվելու արաբական երկրների, մասնավորապես՝ սիրիացի ուսանողներ։

Մեր օրերում նեոօսմանականության աշխարհաքաղաքական հայեցակարգի գլխավոր ճարտարապետն է համարվում Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։ Այս գաղափարախոսության գլխավոր նպատակներն արտացոլված են նրա «Խորքային ռազմավարություն» աշխատությունում։ Սակայն գաղափարախոսության ակունքները գնում են մինչև Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալը, որի կարծիքով՝ երկրի բնակիչներին և բալկանյան մուսուլմաններին համախմբողն իսլամն է, որոնց մեկ ընդհանուր պետության գաղափարի շուրջ կարող է միավորել նորովի մշակված գաղափարախոսությունը2։ Օզալը չի նշել, թե որ գաղափարախոսությունն է ի վիճակի լուծել նման խնդիրներ, սակայն ակնարկվում էր օսմանականության գիրկը վերադառնալու Թուրքիայի ձգտումը։

2009թ. նոյեմբերի վերջին ելույթ ունենալով Արդարություն և զարգացում կուսակցության անդամների առջև՝ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հայտարարեց, որ իր երկիրն իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականություն: «Կա ժառանգություն, որը թողել է Օսմանյան կայսրությունը: Մեզ անվանում են «նեոօսմաններ»։ Այո, մենք «նեոօսմաններ» ենք։ Հարկադրված ենք զբաղվել հարևան երկրներով և գնում ենք նույնիսկ Աֆրիկա: Մեծ տերությունները շփոթված հետևում են դրան»3,- ասել էր նա։

Այնուհետև Դավութօղլուն հստակեցրեց, որ Թուրքիան չի սահմանափակվելու մեկ գաղափարի իրականացմամբ, այլ իրար պետք է հաջորդեն Թուրքիայի ծավալապաշտական մյուս գաղափարախոսությունները. «Օսմանյան կայսրությունը մեր պատմության մի մասն է, իսլամը՝ մեր մշակույթի տարրերից մեկը։ Արևմտաեվրոպական ուղղվածությունը մեր պատմական փորձն է, թյուրքիզմը՝ գլխավոր շարժումը»4 , - նշել է նա։

Այսինքն՝ առանձնացվում է երեք հիմնական բնութագրիչ. Օսմանյան կայսրություն - օսմանիզմ, որը փոխկապակցված է իսլամի հետ, թյուրքիզմ - ազգային ինքնագիտակցության պահպանման հիմնական գաղափարախոսություն, սույն գաղափարախոսության միջնորդությամբ՝ թյուրքախոս ժողովուրդներին օսմանիզմի դաշտ բերելու պարզագույն ճանապարհ։

Ինչպես տեսնում ենք, ԵՄ անդամ դառնալու Թուրքիայի ձգտումը պատմական փորձ է։ Սակայն դա չի ենթադրում արտաքին քաղաքականության արևմտյան ուղղությունից հրաժարում, այլ արևելյան ուղղությունը դիտում է որպես դրա այլընտրանք։ Դավութօղլուն կարծում է, որ ԱՄՆ-ից և Եվրոպայից կախվածությունը խախտել է Թուրքիայի արտաքին քաղաքականության հավասարակշռությունը, վնասել նրա ազգային և տարածաշրջանային շահերին, այդ իսկ պատճառով պետք է տեր կանգնել «օսմանյան» ժառանգությանը։

Ըստ վերլուծաբանների՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում նեոօսմանիզմը հիմնվելու է մի քանի սկզբունքային դրույթների վրա.

  1. Թուրքիան այլևս հանդես չի գալիս ԱՄՆ և ՆԱՏՕ «կրտսեր գործընկերոջ» դերում, քանի որ այս երկիրը համարվում է Կենտրոնական Եվրասիայի և տարածաշրջանի անվտանգության գլխավոր բաղադրիչներից մեկը։ Այստեղից էլ բխում են Կովկասում «ԵԱՀԿ» ստեղծելու և Մերձավոր Արևելքում միջնորդական նախաձեռնություն ցուցաբերելու գաղափարները։
  2. Չպետք է կարծել, թե «նեոօսմանիզմը» սպառնալիք է Արևմուտքին և Ռուսաստանին։
  3. «Նեոօսմանիզմն» ագրեսիվ կողմեր չունի5։

Մեկ այլ տեսակետի համաձայն՝ նեոօսմանիզմն ունի երեք ընդգծված գործոն.

  1. Երկրի ներսում և մուսուլմանական աշխարհի հետ (Մերձավոր Արևելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա) գալ ընդհանուր համաձայնության։ Այդ տարածաշրջանների երկրների դեմ հանդես չգալ իմպերիալիստական դիրքերից։ Օսմանյան կայսրության մաս կազմող նախկին երկրներին օսմանիզմի դաշտ բերել «փափուկ» և հավասարակշիռ քաղաքականությամբ։
  2. Թուրքիան պետք է վարի դիվանագիտական և տնտեսական առավել ակտիվ քաղաքականություն՝ տարածաշրջանի առանցքային երկիր դառնալու համար։
  3. Նեոօսմանիզմի քաղաքականությունը Թուրքիային հնարավորություն է տալու Արևմուտքից «պոկել» այն, ինչը մուսուլմանական է՝ Բոսնիա, Ալբանիա, Կոսովո, անգամ հիմնականում քրիստոնյա Մակեդոնիա և Բուլղարիա (հաշվի առնելով այս երկրներում մուսուլման բնակչության առկայությունը)6։

Մի շարք վերլուծությունների համաձայն՝ Անկարայի ղեկավարությունը «նեոօսմանիզմի» քաղաքականության իրականացման համար որպես միջոց օգտագործելու է, այսպես կոչված, ինտեգրացիոն միջանցքները, ինչը սկիզբ է առնելու Թուրքիայից։ Այն հիմնված պետք է լինի թուրքական «soft power»-ի վրա, որն ունի երկու հիմնական տարր՝ տնտեսական հզորություն և դեմոկրատիայի փորձ։

Հայտնի նման միջանցքները երեքն են.

  1. Թուրքիա-Սիրիա-Լիբանան-Հորդանան-Եգիպտոս, հետագայում ներառելով Իսրայելն ու պաղեստինյան տարածքները (առաջին միջանցք)։
  2. Իրաք և Պարսից ծոցի երկրներ (երկրորդ միջանցք)։
  3. Իրան և Պակիստան (երրորդ միջանցք)7։

Ուշադրության արժանի է հատկապես երրորդ միջանցքը, որտեղ միահյուսված են պանթյուրքիզմի և եվրասիականության դրույթները։ Մի կողմից՝ Թուրքիան ձգտելու է իր ազդեցության ոլորտ ներքաշել Իրանն ու Պակիստանը, ինչպես նաև Աֆղանստանը, մյուս կողմից՝ հետխորհրդային թյուրքական աշխարհը՝ Կենտրոնական Ասիան և Ադրբեջանը։

Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի տնօրեն Սինան Օղանի կարծիքով՝ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է հավակնել Մերձավոր և Միջին Արևելքն արդիականացնողի դերին և ունակ է այդ տարածաշրջանը «հաշտեցնել» Արևմուտքի հետ։ Ակնհայտ է, որ Թուրքիան նպատակ ունի ոչ միայն վերականգնել Օսմանյան կայսրության նախկին սահմանները, այլև ձեռք բերել տարածաշրջանի էներգետիկ պաշարներն ու ենթակառուցվածքները, տրանսպորտային հանգույցները, բանկային և հեռահաղորդակցության ցանցերը, ինչը երկիրը կվերածի աշխարհաքաղաքական գերտերության8։

Աշխարհաքաղաքական գերտերություն դառնալու նկրտումներն ակնհայտորեն երևում են Ա.Դավութօղլուի 2010թ. հունվարի 8-ի ելույթում՝ Թուրքիայի դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ։ Նա, մասնավորապես, ասել է, որ Թուրքիայի գերխնդիրը ոչ թե տարածաշրջանային, այլ համաշխարհային տերության դերակատարում ունենալն է, ինչը թույլ են տալիս նրա ուրույն աշխարհագրական դիրքը, պատմությունն ու դիվանագիտական փորձը9։

Թուրքիայի արտաքին քաղաքականության որդեգրած սույն մոդելը նոր է գործողության մեջ դրվում։ Հետևաբար, ելնելով երեք տարածաշրջանների (Մերձավոր Արևելք, Բալկաններ, Հյուսիսային Աֆրիկա) հանդեպ ունեցած հավակնություններից, քաղաքական, տնտեսական և այլ գործոնների առանձնահատկություններից՝ դժվար է կանխատեսել՝ գերակայությունը կտրվի ռազմական ուժի՞ն, թե՞ դիվանագիտությանը։ Պարզ է, որ «բաց» դիվանագիտությունը չի կարող օգնել Թուրքիային, քանի որ արաբական աշխարհը չի հրաժարվի ձեռք բերած ինքնուրույնությունից, հետևաբար Թուրքիան պետք է իրականացնի «լուռ» դիվանագիտություն՝ օգտագործելով բոլոր տեսակի լծակները։ Թերևս, միանալու քաղաքական կամք կարող են դրսևորել Սիրիան և Պաղեստինը՝ հաշվի առնելով իսրայելական գործոնը։ Իսրայելի նկատմամբ պասիվ դիրքորոշումը և նավթային հարուստ ռեսուրսներ ունեցող մյուս արաբական երկրների հանդեպ Թուրքիայի վարած քաղաքականությունը կարող են բախման հանգեցնել անգլո-ամերիկյան ուժերի հետ։ Այնպես որ, Թուրքիան այս հարցում բազմաթիվ խնդիրներ ունի։

Կան վկայություններ նաև այն մասին, որ չափավոր իսլամիստների Արդարություն և զարգացում կուսակցությունն ամերիկյան մշակում է, և դրա հեղինակը հանրահայտ նեոկոն Փոլ Վուլֆովիցն է10։ Պատահական չէ, որ Թուրքիայի այս նոր քաղաքականության հետևում կանգնած են նաև ամերիկյան նեոպահպանողականները (նեոկոններ)։

Թուրքական առաջատար վերլուծական կենտրոնների փորձագետների գնահատականներով՝ այս գաղափարախոսությունն ԱՄՆ-ի կողմից թուրքական վերնախավին պարտադրված քաղաքականություն է։ Համարվում է, որ այն ԱՄՆ և «ուղեղային կենտրոնների» մշակած, ռազմավարական հեռահար նպատակներ հետապնդող ծրագիր է. միջնորդ պետության, այս պարագայում՝ Թուրքիայի միջոցով տարածաշրջանում, մասնավորապես՝ արաբական աշխարհի վրա իշխելու քաղաքականություն։ Այս առումով «նեոօսմանիզմն» ընդհանուր աղերսներ ունի ԱՄՆ-ի կողմից մշակված հայտնի «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի հետ։

Դավութօղլուն չի թաքցնում, որ գաղափարախոսության ակունքները և ընդհանրապես «նեոօսմանիզմ» եզրը ծնունդ են առել ԱՄՆ-ից, և որ Թուրքիայի ապագայի մասին իր տեսլականի հիմքում մասամբ ընկած են Ջորջ Ֆրիդմանի աշխատության որոշ դրույթներ11։

Գաղափարախոսության խրախուսումն ԱՄՆ-ի կողմից հետապնդում է մեկ այլ նպատակ ևս՝ չեզոքացնել Թուրքիայի ազգայնական և քեմալական ուժերի նկրտումները, քանի որ ԱՄՆ-ը չի ցանկանում այդ երկիրն ազգային ուժեղ պետություն տեսնել12։ Բացի այդ, ԱՄՆ-ին ձեռնտու է իսլամական աշխարհի «առաջնորդի» դերում տեսնել իր դաշնակից Թուրքիային՝ Իրանի փոխարեն։

Նեոօսմանիզմի իսլամական հենասյունը

Նեոօսմանականության գաղափարախոսությունից չի կարող առանձնանալ իսլամը։ Իսլամական գործոնը (İslamcılık) հանդես է գալու որպես համախմբող ուժ, քանի որ գաղափարախոսության հիմնական թիրախ դիտվում է իսլամական աշխարհը, առաջին հերթին՝ Մերձավոր Արևելքի արաբական ու Հյուսիսային Աֆրիկայի մի քանի իսլամական երկրներ։ Այս ամենն ուղղված է նաև Իսրայելի քաղաքականության դեմ։ Ինչպես ցույց են տալիս թուրք-իսրայելական հարաբերությունների վերջին զարգացումները, արվում են գաղափարախոսության իրականացման առաջին քայլերը՝ իսլամական աշխարհին սիրաշահելու նպատակով։

Հետագայում այն կընդգրկի բալկանյան երկրները՝ Ալբանիան, Բոսնիան, Մակեդոնիան, Բուլղարիան, որից հետո, ըստ նեոօսմանականների, Ստամբուլը ողջ իսլամական աշխարհի համար պետք է դառնա նեոխալիֆայության (Neo-Halifelik) կենտրոն։

Գաղափարախոսության ծիրում են գործում հիմնականում իշխող ԱԶԿ-ն, իսլամական կողմնորոշում ունեցող Ալլահի բանակ, Ալլահի զինվորներ, Իսլամական հեղափոխության մարտիկներ խմբակցությունները։

Քեմալական կողմնորոշում ունեցող զինվորականությունն, ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության հետ միասին, անընդունելի է համարում այս նախաձեռնությունը։ Նրանց կարծիքով՝ ներկայիս վարչակազմը որդեգրել է հավակնոտ, անիրատեսական նախագիծ, որը հեռացնելու է Թուրքիային Աթաթուրքի հանրապետական սկզբունքներից։ Միևնույն ժամանակ, քեմալականներին մտահոգող ևս մեկ գործոն է «քրդական հարցը», քանի որ նեոօսմանիզմի կիրառման դեպքում քրդերը բոլոր մուսուլմանների նման կունենան լայն մշակութային ինքնուրույնություն։

Փաստորեն, նեոօսմանիզմը բազմամշակույթ հանրության գաղափարական հիմնավորում է։ Դրանով այն հակադրվում է քեմալականությանը, որը ձգտում է թուրքական պետության միատարրության։

Նեոպանթյուրքիզմ

Հաջորդ գաղափարախոսությունը, որը վերածնունդ է ապրում, պանթյուրքիզմն է, նորովի մեկնությամբ՝ նեոպանթյուրքիզմը։ Պանթյուրքիզմը հզոր գործիք էր ԱՄՆ-ի համար ընդդեմ Խորհրդային Միության։ Սակայն վերջինիս փլուզումից հետո, երբ Թուրքիայի՝ թյուրքախոս ազգերին համախմբելու փորձերն ավելի ռեալ հարթության մեջ դրվեցին, դա ԱՄՆ-ին անհանգստանալու տեղիք տվեց։ Թեև ամերիկյան քաղաքական շրջանակները դեռ օգտագործում են պանթյուրքական (ույղուրական) գործոնը՝ այն ուղղելով գլխավորապես Չինաստանի դեմ, որն այսօր կարող է մրցակցել ԱՄՆ-ի հետ։

Պանթյուրքիստների գլխավոր նպատակը թյուրքախոս ժողովուրդներին մեկ ընդհանուր պետության մեջ ընդգրկելն է՝ հաշվի չառնելով նրանց աշխարհագրական տարածման սահմանները, մշակութային տարբերությունները։

Այս գաղափարախոսության իրականացման ճանապարհին առաջնային է համարվում թյուրքական էթնոսի համախմբումը՝ Չինաստանից մինչև Ադրիատիկ ծով։ Կարևորվում է նաև տնտեսական գործոնը, որն այդ համախմբմանը տալիս է ավելի ընդգծված բնույթ, քանի որ Միջին Ասիայի նավթային պաշարները՝ «թուրանական նավթը», Թուրքիայի էներգետիկ խնդիրների լուծման ճանապարհն են։

Նեոօսմանների և նեոպանթյուրքիստների միջև բավական մեծ տարաձայնություններ կան, քանի որ վերջիններիս համար հիմնական նշանակետը էթնիկական գործոնն է, որը համախմբում է թյուրքախոս ժողովուրդներին, այլ ոչ թե կրոնականը (սեմական արաբներ, բալկանյան մուսուլմաններ)։ Անգամ այս տարաձայնության պարագայում նեոօսմանները պանթյուրքիզմը դիտում են որպես այլընտրանքային ճանապարհ, օսմանիզմին հետևող, այն լրացնող գործոն, որոնց վերջնանպատակն է դառնալու թուրքական եվրասիականությունը։

Այնպես որ, թյուրքիզմը որպես գաղափարախոսություն երբևէ հետընթաց չի ապրել և կարող է օգտագործվել տարածաշրջանային անկանխատեսելի փոփոխության դեպքում։ Ցայտուն օրինակ է Իրաքյան վերջին պատերազմը, երբ ազգայնական ուժերը, այդ թվում և ուլտրազգայնական գեներալները, քարոզչական և ռազմական օգնություն ցուցաբերեցին իրաքյան թուրքմեններին։

Պանթյուրքիստական գաղափարախոսության կրողներն են ԱՇԿ-ն (Ազգայնական շարժում կուսակցություն), զինվորականության ուլտրազգայնական թևը, կիսառազմականացված «Գորշ գայլեր» ազգայնական-ծայրահեղական խմբավորումը։

Թուրքական եվրասիականություն

Եվրասիականության գաղափարախոսությունը և դրա նկատմամբ պետական մակարդակով հետաքրքրությունը համեմատաբար նոր երևույթ են։ Այն ընդհանուր առմամբ տարբերվում է ռուսական եվրասիականությունից, որի հայեցակարգերի մշակման գործում մեծ դերակատարում ունեն Ն.Ս. Տրուբեցկին, Պ.Ն. Սավիցկին, Գ.Վ. Ֆլորովսկին։ Վերջիններս համարում էին, որ Ռուսաստանն իր պատմամշակութային յուրահատկությամբ կարող է լինել Եվրասիայի կորիզը՝ շեշտը դնելով ասիա-թյուրքական աշխարհի միության վրա, ինչն, իր հերթին, պետք է հանդես գա ընդդեմ Արևմուտքի։ Մեր օրերում այս գաղափարախոսությունը զարգացրեց Ա.Դուգինը։ Սակայն թուրքական եվրասիականությունը ներկայումս այլ միտումներ ունի։

Թուրքական ծագումով ամերիկացի հետազոտող Սեներ Աքթյուրքը, ուսումնասիրելով թուրքական եվրասիականության երևույթը, համարում է, որ այն նպատակ ունի հաշտեցնել նախկին կայսրությունները՝ Թուրքիան և Ռուսաստանը։ Ըստ հեղինակի, թուրքական եվրասիականությունը պանթյուրքիզմի, նեոօսմանիզմի հետ միասին դարձել է ժամանակակից թուրքական ինտելեկտուալ լանդշաֆտի ինքնագիտակցության բաղադրամասերից մեկը։ Հեղինակի բնորոշմամբ՝ թուրքական եվրասիականության կառուցվածքային առանձնահատկության մեջ գլխավորը Ռուսաստանի և Թուրքիայի պայքարն է ընդդեմ Արևմուտքի։ Այդ պայքարի արդյունքում պետք է ստեղծվի Եվրասիական միավորում սլավոնական և թյուրքական ժողովուրդներից։ Ստացվում է, որ թուրքական եվրասիականությունն արևմտյան գերիշխանությանը հակակշռող նախագիծ է13։

Փորձագիտական հանրությունում թուրքական եվրասիականության շուրջ բազմակարծությունը ոչ միայն չի բացահայտում այս գաղափարախոսության բուն էությունը, այլև խճճում է տեսակետներն ու բարդացնում կանխատեսումները։ Այդուհանդերձ, թուրքական եվրասիականությունն ունի մի քանի ուղղություն, որոնց շուրջ մոտեցումները թուրքական տարբեր կուսակցություններում տարբեր կերպ են արտահայտվում։ Այս ամենի հետևանքով քաղաքական ուժերի միջև առաջանում են տարաձայնություններ՝ խոչընդոտելով այդ մոտեցումների շուրջ ընդհանուր տրամաբանության առաջացմանը։

ԱԶԿ իշխող կուսակցություն.- Եվրասիականության որոշ դրույթներ արժանանում են նեոօսմանների հավանությանը, մոտեցումները, սակայն, խիստ տարբերվում են մյուսներից։ Այս մոտեցման «առաջամարտիկը» կրկին Ա.Դավութօղլուն է, որն Արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի (Dış Ekonomik İlişkiler Kurulu (DEİK) անցկացրած Թուրք–Եվրասիա գործարար համագործակցության հավաքույթին (2010թ. փետրվարի 5) ) բացահայտեց իր տեսլականը Եվրասիա շարժվելու ճանապարհին։ Դավութօղլուն առաջարկում է ստեղծել Եվրասիական միություն, որն ունակ կլինի հիմնել տնտեսական հզոր դաշտ։ Ըստ նրա՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին պետք է դառնա Միջին և Արևելյան Ասիաները կապող օղակը։ Իսլամաբադից մինչև Ստամբուլ ձգվող երկաթուղին՝ արևելք-արևմուտք հատող խաչմերուկը, հաղորդակցման լայն հնարավորություններ է տալու տարածաշրջանի տնտեսական համագործակցությանը14։

Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Եվրասիական միության «ստեղծումը» մարտահրավեր է՝ ուղղված Եվրամիությանը։ Իրականում ինչ զարգացումներ կլինեն այս ուղղությամբ՝ դեռևս հայտնի չէ, քանի որ ասիական երկրների կողմից Եվրասիական միություն ստեղծելու հստակ արձագանքներ չկան։ Դավութօղլուի հայտարարությունը կարող է նաև մեկ այլ ենթատեքստ ունենալ. նման առաջարկով հանդես գալը կարելի է դիտել նաև Եվրամիությանն այլընտրանքային կառույցի ձևավորման փորձ՝ Թուրքիայի եվրաինտեգրման հավանական ձախողման ֆոնին։

Ազգայնական ուժեր.- Ուլտրազգայնական և աջ կենտրոնամետ քաղաքական, զինվորական ուժերը գտնում են, որ եվրասիականության հիմնական նպատակը պետք է լինի Անդրկովկասի և Միջին Ասիայի թյուրքական պետությունների հետ սերտ հարաբերությունների հաստատումը։ Սա էլ, իր հերթին, հիմք կդառնա հետագայում դեպի այդ տարածաշրջաններ Թուրքիայի քաղաքական և քաղաքակրթական առաջխաղացման համար։ Կարճ ասած՝ ազգայնական ուժերի շրջանակում թուրքական եվրասիականության ելակետային դրույթները հիմնվում են թյուրքիզմի գաղափարի վրա և որևէ նոր բան չեն առաջարկում։ Անշուշտ, խոսքը ոչ թե եվրասիական (տնտեսական և այլն), այլ թյուրքական միության մասին է։

Լիբերալ ուժեր.- Ազատական կողմնորոշում ունեցող քաղաքական ուժերի15 կարծիքով՝ գաղափարախոսության առանցքը Թուրքիան Եվրոպայի և Ասիայի միջև կամրջի վերածելն է, որը կհանգեցնի ընդհանուր տնտեսական դաշտի ստեղծմանը։

Քեմալական ուժեր.- Քեմալականները բավական հետաքրքիր ձևակերպումներ ունեն, ինչի արդյունքում այս գաղափարախոսության մեջ առաջացել է նոր ենթաուղղություն՝ քեմալական եվրասիականություն։ Քեմալական եվրասիականությունը կտրուկ շրջադարձ է կատարում արևմտյան արժեքներից, ինչն արդեն իսկ շեղում է Քեմալ Աթաթուրքի դրույթներից, և հայացքն ուղղում է դեպի արևելք։

Այս ուղղության ներկայացուցիչները կարևոր են համարում ստեղծել «Մեծ Եվրասիական տարածություն», որի կազմում կարող են մտնել Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը16, իսկ դա հեռանկարում կարող է նպաստել նոր ռազմական միության ստեղծմանը, որն, անշուշտ, ուղղված կլինի ԱՄՆ-ի դեմ։ Այս ուղղությունն անհրաժեշտ հավանության չի արժանանում նվիրյալ քեմալականների կողմից և աստիճանաբար պառակտում է վերջիններիս շարքերը։

Վերջին մի քանի ամիսներին թուրքական իշխանությունների հրահանգով բանակի բարձրաստիճան զինվորականների ձերբակալությունները մասամբ նպատակային քաղաքականություն էին՝ հականեոօսմանականների և ուլտրազգայնականների դեմ, մյուս կողմից՝ նաև ներկայիս հիմնական ընդդիմադիր ուժին՝ ԺՀԿ-ին թուլացնելու նախաձեռնություն, որոնց սատարում են վերջինները։

Եվրասիականության գաղափարը, փաստորեն, ներքաշել է Թուրքիայի տարբեր գաղափարախոսություններ ունեցող կուսակցությունների՝ ինչպես «չափավոր իսլամիստների», այնպես էլ ձախ ընդդիմադիրների՝ մարքսիստ-սոցիալիստների (Türkiye İşçi Partisi - Թուրքիայի բանվորական կուսակցությունը սերտ հարաբերություններ ունի Եվրասիական շարժման ռուս ակտիվիստների հետ17 և բավական մեծ աջակցություն է ստանում ԱՄՆ-ից), անգամ ազգային և դավանական փոքրամասնությունների (ալևիներ)։

Միևնույն ժամանակ, այս գործընթացներով հետաքրքրված են նաև Թուրքիայի բարձրաստիճան զինվորականությունը, որոշ ինտելեկտուալ շրջանակներ («ուղեղային կենտրոնների» առավել ընդգծված ներկայացուցիչներ՝ Ալի Շահին18, Սուլեյման Շենսոյ19)։ Ընդ որում, գլխավոր երեք գաղափարախոսություններն անհրաժեշտ մակարդակով քարոզվում են հասարակությունում, որի համար առավել արդյունավետ քարոզչական լծակ են ծառայում Թուրքիայի «ուղեղային կենտրոնները», պետական համալսարանները:

Պատահական չէ, որ ս.թ. մարտի 2-3-ը Անկարայի համալսարանում անցկացվեց եվրասիական սիմպոզիում, որին մասնակցեցին Թուրքիայի հայտնի գիտնականներ, հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ, զինվորական և պետական ծառայողներ։ Օրակարգում հետևյալ հարցերն էին. եվրասիականությունը որպես Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականության ուղղություն, Եվրասիայի ռազմավարական նշանակությունը, տարածաշրջանին առնչվող անվտանգության խնդիրները, տնտեսական զարգացման և համաշխարհային ճգնաժամից դուրս գալու ելքերը, այդ թվում՝ եվրասիական քաղաքակրթության պատմության և այլ հարցերի շուրջ, որոնք առ այսօր դուրս են մնացել թուրք մտավորականների տեսադաշտից։

1Laure Marchand, La Turquie saisie par l'«ottomania», LE FIGARO, 07.01.2010.

2Neo Osmanlı Geri mi Dönüyor?, http://www.farklitarih.com/2009/06/neo-osmanl-m-donuyor.html.

3Erhan Seven, Sarkozy gittiği her yerde bizi görecek, Yeni Şafak, 24.11.2009.

4Nur Batur, 'Yeni Osmanlılar sözü iyi niyetli değil', Sabah gazetesi, 04.12.2009:

5Валерий Петров, Новая внешняя политика Турции, http://www.islamnews.ru/news-21431.html.

6Ömer Taşpınar, Neo-Ottomanism and Kemalist foreign policy, http://www.todayszaman.com/tz-web/columnists-153882-neo-ottomanism-and-kemalist-foreign-policy.html.

7Илья Герман, Турция идет на восток, Эксперт, #26, с.66, 2009. http://www.expert.ru/printissues/expert/2009/26/turciya_idet_na_vostok/#print.

8Նույն տեղում։

9Свистунова И.А., Внешняя политика Турецкой Республики в 2010 году, http://www.iimes.ru/rus/stat/2010/24-01-10.htm.

10Գագիկ Տեր-Հարությունյան, ՀՀ – Թուրքիա հարաբերությունների համատեքստը, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=433

11Nur Batur, 'Yeni Osmanlılar sözü iyi niyetli değil', Sabah gazetesi, 04.12.2009.

12Soner Yalçın, Türk Silahlı Kuvvetleri neden New York aydınlarının hedefinde, Hürriyet gazetesi, 19.10. 2008.

13Sener Akturk, “Counter-Hegemonic Visions and Reconciliation through the Past: The Case of Turkish Eurasianism”, Ab Imperio, 2004/4, pp. 207-238.

14İbrahim Karagül, Davutoğlu, Avrasya Birliği, 'kaos kuşağı', Yeni Şafak, 05.02. 2010.

15Նման մոտեցումներ ունեն Դեմոկրատական կուսակցության (Demokrat Partisi) ներկայացուցիչները և ազատական կողմնորոշում ունեցող քաղաքական այլ ուժեր։

16Эмель Акчали, Мехмет Перинчек, «Кемалистское евразийство: новый политический дискурс в Турции», http://www.warandpeace.ru/ru/analysis/view/42088/.

17Թուրքիայի բանվորական կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը, որը ձերբակալվեց «Էրգենեքոնի» գործով, Եվրասիական շարժման անդամ է և ամուր կապեր ունի այս շարժման հիմնարար ներկայացուցիչ Ա.Դուգինի հետ։

18Ալի Շահինը 2004թ. հիմնադրված Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (Güney Stratejik Araştırmalar Merkezi) նախագահն է։ Կենտրոնն ուսումնասիրում է այդ տարածաշրջանի երկրներին առնչվող բոլոր ոլորտները։

19Սուլեյման Շենսոյը ղեկավարում է մեծ հեղինակություն ունեցող Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը (Türk Asya Stratejik Araştırmalar Merkezi)։ 2010թ. փետրվարին այս կենտրոնում անց է կացվել Ասիական երկրների համագործակցության և անվտանգության թեմայով կոնֆերանս, որտեղ քննարկվել է 21-րդ դարում Ասիայի տնտեսական և քաղաքական դերի հարցը։ Թուրքիայում ասիական երկրների դեսպանների մասնակցությամբ (Ռուսաստան, Չինաստան, Աֆղանստան, Ճապոնիա և Միջին Ասիայի երկրներ) իրականացված երրորդ կոնֆերանսն է, որտեղ քննարկվել է Եվրասիայի աշխարհաքաղաքականության հնարավորությունների հարցը՝ հեռանկարում ունենալով Թուրքիայի հետ համագործակցությունը։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր