ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ
Թուրքիան հայ բողոքականության համար առանձնահատուկ է նրանով, որ բողոքականության ծագումը հայոց մեջ տեղի է ունեցել հենց այստեղ։ 1846թ. Կ.Պոլսում ձևավորվեց հայ բողոքականների առաջին համայնքը։ Այստեղից բողոքականությունն աստիճանաբար տարածվեց դեպի Օսմանյան կայսրության մյուս հայաշատ շրջաններ, այդ թվում նաև՝ Արևմտյան Հայաստան, հետագայում, Հայոց ցեղասպանության հետևանքով, դեպի Սփյուռքի հայ համայնքներ։
Ներկայումս, չնայած առկա դժվարություններին և մարտահրավերներին, Թուրքիայի հայ բողոքականները որպես էթնո-դավանանքային միավոր ցուցաբերում են բավարար կենսունակություն և ակտիվություն, ինչը թույլ է տալիս խոսելու Թուրքիայի հայ բողոքականների՝ որպես առանձին համայնքի, մասին։
Ժամանակակից Թուրքիայի հայ բողոքական համայնքի դիտարկումները կենտրոնանում են հիմնականում հետևյալ հիմնախնդիրների վրա.
- Հայ բողոքական համայնքի թվաքանակը և կազմակերպական կառույցները
- Հայ բողոքականությունը թուրքական միջավայրում
- Թուրքիայի հայ բողոքական համայնքի գործունեության ուղղությունները։
Հայ բողոքական համայնքի թվաքանակը և կազմակերպական կառույցները
Թուրքիայում հայ բողոքականների թվաքանակի մասին խոսելիս անհրաժեշտ է կանգ առնել այն պայմանավորող երկու գործոնների՝ ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումների ու հալածանքների և Թուրքիայում լայնորեն ծավալվող միսիոներական շարժման վրա։
Ազգային և կրոնական փոքրամասնությունների նկատմամբ բռնաճնշումները։ Առաջին աշխարհամարտի ընթացքում իրագործված Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև դրան հաջորդած քրիստոնյաների շարունակական հալածանքները Թուրքիայում խիստ բացասական ազդեցություն ունեցան նաև հայ բողոքական համայնքի վրա՝ հանգեցնելով վերջինիս թվաքանակի խիստ նվազմանը։ Եթե մինչև Առաջին աշխարհամարտը բողոքական հայերի թիվը Թուրքիայում անցնում էր 60 հազարից, ապա Ցեղասպանությունից հետո նրանց թիվը կազմում էր 14 հազար։ Հայ բողոքականների մի մասը զոհվեց Ցեղասպանության հետևանքով, մի զգալի մասն էլ բովանդակ Հայության հետ միասին տարագրվեց, որով էլ «սկսվեց հայ ավետարանականության սփյուռքի շրջանը»1։ Ցեղասպանությունից հետո արդեն հանրապետական Թուրքիայում հայ բողոքական համայնքի թվաքանակը շարունակեց նվազել քրիստոնյաների նկատմամբ շարունակվող անհանդուրժողականության և հալածանքների հետևանքով։
Միսիոներական շարժումը։ Թուրքիայում իրականացվող ակտիվ միսիոներական գործունեության հետևանքով բռնի իսլամացված բազմաթիվ հայերի սերունդներ կրկին ընդունում են քրիստոնեություն (այդ թվում նաև՝ բողոքականություն), ինչը նշանավորվում է նաև դեպի ազգային արմատները վերադարձի միտումով։ Օրինակ՝ Թուրքիայի բողոքական կազմակերպությունների տվյալներով` Ադանայի բողոքականներից շատերն ունեն հայկական ծագում2։ Բռնի իսլամացվածների վերաքրիստոնեացման այս գործընթացը նպաստում է հայ բողոքականների թվաքանակի ավելացմանը։
Այս երկու հակոտնյա գործոնների ազդեցությունը խիստ դժվարացնում է Թուրքիայի հայ բողոքականների ներկայիս թվաքանակը ստույգ որոշելու հարցը։ Համաձայն որոշ տվյալների՝ Թուրքիայում հայ բողոքականների թվաքանակը ներկայումս կազմում է մոտ 500 մարդ3։ Սակայն այս տվյալները չեն ընդգրկում միսիոներական գործունեության արդյունքում կրկին քրիստոնեություն ընդունած իսլամացված հայերին։ Իսկ վերջիններիս թվաքանակի մասին տվյալները բացակայում են։ Հետևաբար, Թուրքիայի հայ բողոքական համայնքի ճշգրիտ թվաքանակի որոշման հարցը դեռևս մնում է առկախ։
Թուրքիայում փոքրամասնությունների նկատմամբ իրականացված հալածանքները հանգեցրին նաև հայ բողոքականների կազմակերպական կառույցների կրճատմանը։ Ի տարբերություն այլ երկրների հայ բողոքական համայնքների, որոնց բնորոշ է տարատեսակ (հոգևոր-եկեղեցական, կրթամշակութային, սոցիալական, տեղեկատվական) կառույցների առատությունը, Թուրքիայի հայ բողոքական համայնքի կազմակերպական կառույցները ներկայումս կազմում են խիստ սահմանափակ թվով եկեղեցական ու կրթական հաստատությունները։ Երբեմնի բազմաթիվ ավետարանական եկեղեցիների փոխարեն, որոնք սփռված էին Թուրքիայի հայաշատ վայրերում, կա ընդամենը երկու Հայ Ավետարանական եկեղեցի՝ Կ.Պոլսի Գեդիքփաշա և Բեյօղլու թաղամասերի Հայ Ավետարանական եկեղեցիները4։ Եթե Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին հայ բողոքական համայնքն Օսմանյան կայսրությունում ուներ բազմաթիվ դպրոցներ5, ապա այժմ կա միայն Կ.Պոլսի Գեդիքփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցուն կից դպրոցը։ Այլ կարգի հաստատությունները՝ բարեգործական, տեղեկատվական և այլն, բացակայում են։
Նախկինում գործող Հայ Ավետարանական եկեղեցիներն ավերված ու լքված են։ Թուրքական կառավարությունը թույլ չի տալիս վերանորոգել և վերագործարկել դրանք, իսկ իր կողմից վերանորոգվածները ծառայում են միայն որպես թանգարանային նմուշ՝ զբոսաշրջության զարգացման համար։ Ինչ վերաբերում է Հայ Ավետարանական եկեղեցու երբեմնի հարուստ կալվածքներին (դպրոցներ, ճամբարներ, որբանոցներ և այլն), ապա դրանք բռնագրավված են պետության կողմից։ Դրանք վերադարձնելու ջանքերն առայժմ արդյունք չեն տվել։ Խնդիրն այն է, որ Թուրքիայում կրոնական համայնքներին արգելված է սեփականություն ունենալ6։ Բռնագրավված գույքի մի մասն էլ թուրքական կառավարությունը վաճառել է մասնավոր անձանց, ինչն ավելի է դժվարացնում դրանց վերադարձման գործը։
Ինչևէ, այժմ գործող Ստամբուլի Հայ Ավետարանական եկեղեցիները մտնում են Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության մեջ (կենտրոնը՝ Բեյրութ)։ Գեդիքփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցում պատարագները մատուցվում են չորս լեզվով՝ հայերեն, թուրքերեն, պարսկերեն և ռուսերեն, քանի որ այցելուների էթնիկ կազմը չի սահմանափակվում միայն հայերով7։
Հայ բողոքական համայնքը թուրքական միջավայրում
Մի կողմից` Թուրքիայի Հայության, մյուս կողմից՝ բողոքականության մաս կազմելով՝ հայ բողոքականները Թուրքիայում փոքրամասնություն են երկակի՝ ազգային և կրոնական կտրվածքով։ Երկակի կարգավիճակն ունի ինչպես բացասական, այնպես էլ դրական կողմեր։
Բացասական կողմն այն է, որ դա հանգեցնում է երկակի ճնշումների ու հալածանքների՝ կրոնական և ազգային հողի վրա։
Կրոնական ճնշումները։ Հայ բողոքականները Թուրքիայում ենթարկվում են քրիստոնյաների նկատմամբ իրականացվող հալածանքներին և հետապնդումներին։ Մասնավորապես, վերջին շրջանում միսիոներական շարժման հետևանքով Թուրքիայում լայն թափ է առնում քրիստոնեացման գործընթացը, որի արդյունքում Թուրքիայի շատ քաղաքացիներ, այդ թվում նաև թուրքեր, ընդունում են քրիստոնեություն (ինչպես կաթոլիկություն, այնպես էլ բողոքականություն)։ Սա հարուցում է թուրքական իշխանությունների և ազգայնամոլ տարրերի անհանգստությունն ու հակազդեցությունը, որը դրսևորվում է հիմնականում քրիստոնյաների դեմ հարձակումների և սպանությունների ձևով8։ Այդ հակազդեցության թիրախ են դառնում նաև հայ բողոքականները։ Այդպիսի հակազդեցության օրինակ է 2007թ. ապրիլի 18-ին Մալաթիայի «Զիրվե» հրատարակչատանը թուրք ազգայնամոլների կողմից երեք բողոքականների դաժան սպանությունը, որոնցից երկուսը, ըստ որոշ ենթադրությունների, քրիստոնեության վերադարձած իսլամացված հայերի սերունդներ էին9։
Ազգային ճնշումները։ Հայ բողոքականների դրությունն ավելի է ծանրացնում նրանց հայ լինելու հանգամանքը, քանի որ բողոքական հայերի նկատմամբ Թուրքիայում իրականացվել և իրականացվում է ոչ միայն կրոնական, այլև ազգային հալածանքների քաղաքականություն։ Դեռևս կոտորածների ու Ցեղասպանության տարիներին թուրքերն ուշադրություն չէին դարձնում հայերի դավանանքային տարբերությունների վրա, հավասարապես կոտորում էին բոլորին։ Հետցեղասպանական շրջանում ազգային հողի վրա հալածանքի հատկանշական օրինակ է 1982թ. մարտին հայ բողոքական գործիչ Հրանտ Գուզելյանի դատապարտումը 16-ամսյա բանտարկության «հակաթուրքական քարոզչության» և «թուրք երեխաներին հայացնելու» մեղադրանքներով10։
Ազգային հողի վրա հալածանքների սաստկացմանը նպաստում են թուրքական որոշ շրջանակների այն տեսակետները, ըստ որոնց՝ բողոքական հայերը գործիք են արտաքին ուժերի ձեռքում՝ ընդդեմ Թուրքիայի։ Մասնավորապես, այդպիսի տեսակետներից մեկը Հայկական հարցի ծագումը բացատրում է 19-րդ դարում բողոքականության ներթափանցմամբ Օսմանյան կայսրություն։ Համաձայն այդ մոտեցման՝ ամերիկյան միսիոներությունը, բողոքականացնելով և հավաքագրելով հայերին, ձգտում էր ստեղծել հայկական բողոքական կայսրություն11: Այսպիսի տեսակետները մեծ խթան են հակահայկական տրամադրությունների բորբոքման համար։
Դրական կողմն այն է, որ, լինելով Թուրքիայի բողոքականների մի շերտը, հայ բողոքականները որոշակիորեն վայելում են արտասահմանյան բողոքական կազմակերպությունների հովանավորությունը։ Դեռևս 19-րդ դարում հայերի՝ բողոքականություն ընդունելու դրդապատճառ էր եվրոպացիների կողմից մուսուլմանների հալածանքներից պաշտպանված լինելու ցանկությունը12։ Կոտորածների ժամանակ հայ բողոքականներին որոշակի օգնություն էին ցույց տալիս գերմանական, սկանդինավյան և անգլիական կառույցները13։
Ներկայումս էլ հայ բողոքականների գործունեությունը Թուրքիայում տեղավորվում է այդ երկրի բողոքականության գործունեության շրջանակներում, որոնք վայելում են արտասահմանյան բողոքական կազմակերպությունների հովանավորությունը։ Դա թույլ է տալիս հայ բողոքականներին ավելի ակտիվ գործունեություն ծավալել ինչպես հոգևոր, այնպես էլ ազգային հիմնախնդիրների ոլորտներում։ Հոգևոր գործունեության ասպարեզում հայ բողոքական հոգևորականները, մասնավորապես, ավելի հաճախ են լինում Արևմտյան Հայաստանի բնակավայրերում՝ այնտեղ իրականացնելով հոգևոր-քարոզչական աշխատանք։ Ինչ վերաբերում է ազգային խնդիրներին, ապա բողոքական հայերը, ի տարբերություն առաքելականների, որոնք հիմնականում լոյալ վերաբերմունք են դրսևորում պետության նկատմամբ, ավելի նախանձախնդիր և հետևողական են Թուրքիայում Հայոց ցեղասպանության, փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության և այլ հիմնախնդիրների բարձրացման հարցերում։ Այս ամենի հիմքում, ամենայն հավանականությամբ, ընկած է արտասահմանյան բողոքական կառույցների կողմից որոշակի պաշտպանվածության զգացումը, ինչը բացակայում է, օրինակ, առաքելական հայերի պարագայում։
Հայ բողոքական համայնքի գործունեության ուղղությունները
Չնայած հայ բողոքականները կրոնական առումով Թուրքիայի բողոքականության մի մասն են, նրանց գործունեությունը հիմնականում ուղղված է ազգային հիմնախնդիրների լուծմանը։ Այս ասպարեզում կա գործունեության երկու հիմնական ուղղություն.
- Հայոց ցեղասպանության և Հայ դատի հիմնախնդիրների արծարծում։ Բողոքական հայերը Թուրքիայի Հայության այն շերտն են, որն աչքի է ընկնում ազգային հիմնախնդիրների հարցերում առավել ակտիվությամբ։ Հայոց ցեղասպանության, Հայ դատի հիմնախնդիրների հանդուգն և ջերմ պաշտպանների համբավ ունեցող գործիչներն, իրենց անձնական անվտանգությունը դնելով սպառնալիքի տակ և ենթարկվելով հալածանքների ու բռնաճնշումների, այնուամենայնիվ, համառորեն պայքարել են ազգային խնդիրների լուծման համար14։
- Հայապահպանություն և հայադարձություն։ Հայ բողոքականների հոգևոր-եկեղեցական գործունեությունն իմաստավորվում է ազգային-քաղաքակրթական տեսանկյունից։ Այն հետապնդում է հավատի միջոցով մի կողմից՝ Թուրքիայի Հայության ուծացման կանխման՝ հայապահպանության, մյուս կողմից՝ ուծացած (բռնի իսլամացված) Հայության՝ ազգային արմատներին վերադարձի՝ հայադարձության նպատակ։ Այս առումով հատկանշական է Կ.Պոլսի Գեդիքփաշա թաղամասի Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ, վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուի դիտարկումը. «... հայութեան այդ հսկայ զանգուածը, որ այսօր իսլամացած է եւ որպէս հետեւանք՝ թրքացած, միայն հաւատքի զօրութեամբ կարելի է վերադարձնել իր արմատներուն, իր ազգութեան։ Միայն քրիստոնէական հաւատքն է, որ կրնայ զանոնք փրկել եւ անոնց մէջ արթնցնել ազգային պատկանելիութեան գիտակցութիւնը»15։ Պատահական չէ, որ հայ բողոքականները Թուրքիայում լայն գործունություն են ծավալում ուծացման տարբեր մակարդակներում գտնվող Հայության շրջանում՝ նախկինում հայկական, ներկայումս՝ թրքախոս, քրդախոս, արաբախոս (բռնի իսլամացման հետևանքով) բնակավայրերում։ Այս առնչությամբ վերապատվելի Աղաբալօղլուն վկայում է. «... մենք գաւառներուն մէջ աշխատանք կը տանինք, հաւատքի և կրօնին զօրութեամբ մեր արմատներուն, մեր պատմութեան հետ առնչակից դարձնել բոլոր այն հայերը, որոնք այսօր, կամքէ անկախ պատճառներով, հեռացած են մեզմէ»16։ Այսպիսով, կարելի է անգամ ասել, որ հոգևոր-եկեղեցական գործունեությունը Թուրքիայի հայ բողոքականության համար միջոց է ազգային-քաղաքակրթական, այն է՝ Թուրքիայում հայկական քաղաքակրթության պահպանման և վերականգնման խնդրի լուծման համատեքստում։
1Տաթևիկ Խաչիկյան, Բողոքական հայերը Թուրքիայում, http://www.religions.am/index.php?option=com_content&view=article&id=1980:Բողոքական-հայերը-Թուրքիայում&catid=1:2009-02-27-03-45-54&Itemid=11
2Арман Акопян, О чем молчит Адана, http://www.yerevan-city.com/2010/01/03/o-chem-molchit-adana.html
3Հայ սփյուռք հանրագիտարան, Երևան, Հայկական հանրագիտարան, 2003թ., էջ 185; Tessa Hofmann, Armenians in Turkey Today: A Critical Assessment of the Situation of the Armenian Minority in the Turkish Republic, Bruxelles, 2002, p. 9 http://www.armenian.ch/gsa/Docs/faae02.pdf
4AMAA Directory 2010: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 17 http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf
5Rev. Barkev Darakjian, Evangelism in the Early Armenian Evangelical Church http://www.cacc-sf.org/c-eeaBND.html
6Օթմար Օհրինգ, Գյուզիդե Ջեյհան, Թուրքիայում կրոնական ազատությունների մասին հետազոտություն, http://www.religions.am/index.php?option=com_content&view=article&id=1288:Թուրքիայում-կրոնական-ազատությունների-մասին-հետազոտություն&catid=187:analitika&Itemid=856
7Մայրի´կ, մենք հա՞յ ենք, հարցազրոյց Պոլսի Կետիկփաշա թաղամասի Հայ աւետարանական եկեղեցու հովիւ, վերապատուելի Գրիգոր Աղաբալօղլուի հետ http://www.aztagdaily.com/DisplayNews.php?ID=28480
8Մանրամասն տե´ս Օթմար Օհրինգ, Գյուզիդե Ջեյհան, նշվ. աշխ.; Տաթևիկ Խաչիկյան, Միսիոներությունը Թուրքիայում, http://www.religions.am/index.php?option=com_content&view=article&id=961%3A2009-12-03-07-08-17&catid=1%3A2009-02-27-03-45-54〈=hy
9Տե՛ս Ռուբեն Մելքոնյան, Կրոնական հալածանքների նոր ալիք Թուրքիայում (Մալաթիայի սպանդի շուրջ), Հանրապետական, 2007թ., թիվ 5, էջ 12-13։
10Tessa Hofmann, նշվ. աշխ., էջ 19։
11Ali Riza Bayzan, Protestant Missionary Operations on Turkey, http://www.stradigma.com/english/april2003/articles_11.html
12Րաֆֆի, Ի՞նչ վերանորոգություններ պետք են տաճկական Հայաստանին, http://www.eanc.net/EANC/library/Fiction%5COriginal%5CRaffi%5CEssays_9.htm?page=19&interface_language=am
13Արման Հակոբյան, Բողոքականները Թուրքիայում, http://www.yerkir.am/newspaper/index.php?section=8&id=1287
14Տե՛ս, օրինակ, Three Armenian Evangelicals from Turkey Defending the Armenian Genocide! http://www.chanitz.org/2009/04/three-armenian-evangelicals-from-turkey.html
15Կը հաւատամ, որ հայութեան այդ հսկայ զանգուածը, որ այսօր իսլամացած է եւ որպէս հետեւանք՝ թրքացած, միայն հաւատքի զօրութեամբ կարելի է վերադարձնել իր արմատներուն, իր ազգութեան, http://www.chanitz.org/2009/06/blog-post_19.html
16Նույն տեղում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]