• am
  • ru
  • en
Версия для печати
08.04.2010

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ԲՈՂՈՔԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

EnglishРуский

   

Լիբանանի հայ բողոքականներն այդ երկրի հայ համայնքի դավանանքային երեք շերտերց մեկն են՝ առաքելական և կաթոլիկ հայերի հետ միասին։ Դեռևս 19-րդ դարում Լիբանանում հաստատված հայ բողոքականների համայնքը ստվարացել է 1915թ. Հայոց ցեղասպանության հետևանքով, երբ Օսմանյան կայսրության այլ բնակավայրերից բազմաթիվ հայերի հետ միասին այս երկիր գաղթեցին նաև բողոքական հայերը։ Հայ բողոքականները ներկայումս կազմում են Լիբանանի հայ համայնքի մոտ 5%-ը՝ 4-5 հազ. մարդ։ Նրանք կենտրոնացած են հիմնականում Բեյրութում և նրա թաղամասերում՝ Բուրջ Համուդում, Էշրեֆիեում, ինչպես նաև Այնճար քաղաքում։ Բեյրութն ինչ-որ առումով կարելի է համարել Մերձավոր Արևելքի հայ բողոքականության կենտրոնը, քանի որ այստեղ է գտնվում Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը։

Քանի որ բողոքական հայերը մեծ թիվ են կազմում ընդհանուր լիբանանաբնակ բողոքականների շրջանում, Լիբանանի խորհրդարանում բողոքական համայնքի համար նախատեսված միակ պատգամավորական տեղը կամ մանդատը ժամանակ առ ժամանակ զբաղեցնում է ազգությամբ հայ պատգա-մավոր։ Այդ կերպ Լիբանանի խորհրդարանում հայերին հատկացվող պատգամավորական մանդատների քանակը հասնում է 7-ի, քանի որ հայ առաքելականներն ու կաթոլիկները նույնպես հանդիսանում են առանձին համայնքներ, որոնց նույնպես հատկացվում են պատգամավորական տեղեր՝ համապատասխանաբար 5 և 1 (ընդհանուր՝ 6) մանդատ համամասնությամբ։

Լիբանանահայ բողոքական համայնքի ընդհանուր վիճակը ներկայացնելու համար կարելի է առանձնացնել հետևյալ հատկանիշները.

  1. Բողոքական Հայությունը Լիբանանում բավական կազմակերպված, կենսունակ և ակտիվ է։ Այդ կենսունակության արտահայտությունն առաջին հերթին նրա կազմակերպչական կառույցների ակտիվ գործունեությունն է։
  2. Լիբանանահայ բողոքականությունը կտրված չէ առաքելական և կաթոլիկ Հայությունից, այլ նրանց հետ միասին կազմում է օրգանական ամբողջություն։ Դրա վկայություններն են.
  • բողոքական կառույցների՝ ընդհանուր համայնքային, ինչպես նաև համազգային նշանակություն ունեցող գործունեությունը,
  • միջդավանական համագործակցությունն ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ հայերի հետ բազմաթիվ համազգային ծրագրերի ու խնդիրների լուծման շուրջ։

Հայ բողոքականների կազմակերպչական կառույցները Լիբանանում

Ինչպես բողոքական Հայությանն ընդհանրապես, լիբանանահայ բողոքականությանը նույնպես բնորոշ է, բացի կրոնական կառույցներից, նաև կրթական, բարեգործական և այլ կառույցների առատությունը։ Լիբանանահայ բողոքական կառույցները, ըստ գործունեության ուղղվածության, բաժանվում են 4 հիմնական խմբերի.

  • հոգևոր-եկեղեցական,
  • սոցիալական,
  • կրթական,
  • տեղեկատվական:

Հոգևոր-եկեղեցական կառույցներ։ Լիբանանահայ համայնքում բողոքական եկեղեցիները հիմնադրվել են 1920-ականներից՝ տեղի հայ բողոքական համայնքի ստվարացմանը զուգընթաց։ Առաջին բողոքական եկեղեցին՝ Բեյրութի Առաջին Հայ Ավետարանական եկեղեցին, հիմնադրվել է 1922թ.։ Ներկայումս Հայ Ավետարանական եկեղեցիների թիվը Լիբանանում հասնում է 6-ի1։ Լիբանանահայ բողոքականության առաջնորդն է վերապատվելի Փոլ Հայտոսթյանը, որը Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական կոմիտեի նախագահն է։

Սոցիալական կառույցներ։ Սոցիալական հաստատություններ լիբանանահայ բողոքականների կողմից հիմնվել են կարիքի թելադրանքով՝ Հայոց ցեղասպանությունից փրկված և Լիբանանում ապաստանած Հայությանն օժանդակելու նպատակով։ Դրանք ներկայումս ծավալում են բարեգործական, առողջապահական, կրթադաստիարակչական և այլ գործունեություն։ Լիբանանահայ բողոքականության նշանավոր սոցիալական կառույցներից են Հայ ավետարանական սոցիալական ծառայության կենտրոնը, Հայ ազգային առողջարանը, Լիբանանի և Սիրիայի Հայ Ավետարանական եկեղեցիների քրիստոնեական Սանից միությունը և այլն։

Կրթական հաստատություններ: Լիբանանի բողոքական հայերի կրթական հաստատությունների թվում ամենանշանավորը Բեյրութի Հայկազյան համալսարանն է, որը միակ բուհն է ողջ Սփյուռքում։ Հայկազյան համալսարանը հիմնվել է 1955թ.՝ որպես վարժարան, որն աստիճանաբար զարգանալով` 1966թ. վերածվել է բուհի։ Հայկազյան համալսարանի չորս ֆակուլտետներում, բացի կրոնագիտությունից, ուսուցանվում են արվեստի և գիտության բազմաթիվ բնագավառներ2։ Համալսարանի նախագահը լիբանանահայ բողոքականության հոգևոր առաջնորդ, Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության կենտրոնական կոմիտեի նախագահ, վերապատվելի Փոլ Հայտոսթյանն է։

Լիբանանի հայ բողոքական դպրոցները, որոնց թիվը հասնում է 7-ի, ունեն մեծ հեղինակություն ոչ միայն բողոքական հայերի, այլև ողջ լիբանանահայության շրջանում։ Դրանք գտնվում են ինչպես Բեյրութում, այնպես էլ Լի-բանանի այլ հայաշատ բնակավայրերում3։

Տեղեկատվական կառույցներ։ Լիբանանահայ բողոքականության տեղեկատվական կառույցները տպագիր հրատարակություններն են։ Դրանք են` Բեյրութում լույս տեսնող «Պատանեկան արձագանք», «Ջանասեր» ամսագրերը և «Լույս» եռամսյա հանդեսը։ Տպագիր հրատարակությունների թվում կարևորությամբ առանձնանում է Հայկազյան համալսարանի կողմից 1970-ից հրատարակվող Հայկազյան հայագիտական հանդես տարեգիրքը։

Բողոքական կառույցների համազգային նշանակություն ունեցող գործողությունները

Լիբանանի հայ բողոքական կառույցների գործունեությունը հաճախ չի սահմանափակվում բողոքական համայնքի շրջանակներում, այլ ընդգրկում է ողջ լիբանանահայ համայնքը։ Հենց այդ համազգային նշանակություն ունեցող գործողություններն էլ վկայում են Լիբանանի բողոքական Հայության՝ ընդհա-նուր հայ համայնքի օրգանական մասը լինելու մասին։ Համազգային նշանակություն ունեցող գործողություններն ընդգրկում են հետևյալ ոլորտները.

  • կրթական,
  • սոցիալական,
  • տեղեկատվական:
Կրթական ոլորտում բողոքական կառույցների գործունեության համազգային բնույթը երևում է երկու հանգամանքով.
  1. Սովորողների դավանանքային կազմը։ Լիբանանի հայ բողոքական կրթական կառույցներում ուսանում են ոչ միայն հայ բողոքականները, այլ նաև առաքելականներն ու կաթոլիկները։ Այս տեսակետից առանձնանում է առաջին հերթին Հայկազյան համալսարանը, որի գործունեությունը չի սահմանափակվում անգամ ողջ լիբանանահայ համայնքի շրջանակներում։ Համալսարանն ամեն տարի ուսանողներ է ընդունում աշխարհի 20 երկրներից՝ անկախ դավանանքային պատկանելությունից4։
    Ինչ վերաբերում է դպրոցներին, լիբանանահայերի համար դպրոցների ընտրության հարցում տարբերություն չկա։ Այդ է պատճառը, որ Լիբանանի հայկական դպրոցներում, այդ թվում նաև՝ բողոքական, «... սովորում են ինչպես լուսավորչական, այնպես էլ կաթոլիկ և ավետարանական ուղղության հետևողների զավակներ»5։
  2. Կրթական ծրագրերը։ Հայ բողոքական կրթական հաստատությունները, բացի կրոնական գիտելիքներից, իրենց սաներին ուսուցանում են նաև գիտելիքներ ընդհանուր հայագիտությունից։ Հայկազյան համալսարանի հայագիտության ամբիոնում ուսումնասիրվում և ուսուցանվում են հայ գրականություն, պատմություն, քաղաքականություն ու մշակույթ։ Հետևաբար, համալսարանի շրջանավարտները դառնում են ոչ միայն նեղ բողոքական համայնքի, այլև ողջ լիբանանահայ համայնքի մասշտաբով գործիչներ։

Վերոհիշյալ երկու հանգամանքները, փոխկապակցված լինելով, ապահովում են Լիբանանի հայ բողոքական կրթական հաստատությունների գործունեության համազգային բնույթը։ Մասնավորապես, հայագիտական կրթական ծրագրերով է պայմանավորված այն, որ Լիբանանի հայ բողոքական կրթական հաստատություններում ուսանելու են գալիս հայեր՝ անկախ իրենց դավանանքային պատկանելությունից։ Այսպիսով, Լիբանանի հայ բողոքական կրթական հաստատությունները բողոքական են միայն այնքանով, որքանով պատկանում են Հայ Ավետարանական եկեղեցուն։

Սոցիալական ոլորտի հայ բողոքական հաստատությունները ժամանակին ստեղծվել են ծանր վիճակում հայտնված լիբանանահայության կարիքները հոգալու համար։ Ուստի, ակնհայտ է, որ դրանց գործունեությունն ի սկզբանե չէր կարող սահմանափակվել միայն բողոքականության շրջանում, այլ պետք է ընդգրկեր ողջ լիբանանահայությունը՝ անկախ դավանանքային պատկանելությունից։ Այսպիսով, այդ սոցիալական կառույցները, ստեղծված լինելով լիբանանահայ բողոքականության՝ Հայ Ավետարանական եկեղեցու կողմից և պատկանելով վերջինիս, ծառայում են ամբողջ լիբանանահայ համայնքին։

Տեղեկատվական ոլորտում բողոքական հայերի կողմից հրատարակվող պարբերականներում տեղ են գտնում ոչ միայն բողոքական համայնքին, այլև ամբողջ լիբանանահայությանը, ինչպես նաև համազգային խնդիրներին առնչվող հրապարակումներ։ Համազգային նշանակությամբ աչքի է ընկնում առաջին հերթին Հայկազյան հայագիտական հանդեսի գործառնությունը, որում շոշափվում են Հայագիտության տարբեր հիմնահարցեր։

Միջդավանական համագործակցությունը

Չնայած դավանանքային տարբերակվածությանը, լիբանանահայության երեք դավանանքային շերտերում էլ առկա է ընդհանուր էթնիկ պատկանելության զգացում, որը խարսխված է բարձր ազգային ինքնագիտակցության վրա։ Այդ հանգամանքն էլ հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական համայնքներին միավորում է մեկ ընդհանուր օրգանական ամբողջության՝ Լիբանանի հայ համայնքի մեջ։ Դրա արտահայտությունն ու խորհրդանիշն է Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների համագործակցությունը զանազան համազգային ծրագրերի իրականացման ոլորտում։

Հայ Ավետարանական եկեղեցու համագործակցությունը մյուս դավանանքային խմբերի հետ նույնպես ընդգրկում է հասարակական կյանքի տարբեր ոլորտներ.

  • սոցիալական,
  • գիտակրթական,
  • քաղաքական:

Սոցիալական ոլորտն առաջնային տեղ ունի Լիբանանի հայության միջդավանական համագործակցության բնագավառում։ Նման համագործակցության վառ օրինակ է 1923թ. Հայ Առաքելական և Ավետարանական եկեղեցիների կողմից Մաամլթեյնում հայ ազգային բուժարանի հիմնումը, որը հետագայում՝ 1937թ. տեղափոխվեց Ազունիե։ Ազգային հիվանդանոցի հիմնադրումը պայմանավորված էր Հայոց ցեղասպանության արդյունքում Լիբանան գաղթած Հայության շրջանում տարածված հիվանդությունները (թոքախտ) բուժելու անհրաժեշտությամբ։ Բուժարանի հիմնադրման գործում մեծ ավանդ ունեցած հայ գործիչների թվում առանձնակի շեշտվում են Մեծի Տանն Կիլիկիո Սահակ Խապայան Վեհափառի և Վեր. Ենովք Հատիտյանի անունները։ Ներկայումս ազգային հիվանդանոցը Հայ Առաքելական և Ավետարանական եկեղեցիների համատեղ սեփականությունն է և, լինելով Լիբանանի առաջատար բուժհաստատություններից մեկը, շարունակում է իր ազգանպաստ առաքելությունը։ Հիվանդանոցը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից, որն ունի ութ անդամ՝ չորս առաքելական և չորս ավետարանական։ Համաձայն կանոնադրության՝ հոգաբարձուների խորհրդի ատենապետի պաշտոնը մշտապես զբաղեցնում է Հայ Առաքելական եկեղեցու, իսկ փոխատենապետինը՝ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ, ատենադպիրը միշտ առաքելական է, իսկ գանձապահը՝ ավետարանական6։ Փաստորեն, սա այն դեպքն է, երբ միջդավանական համագործակցությունը կրում է ինստիտուցիոնալ բնույթ։

Գիտակրթական ոլորտում միջդավանական համագործակցությունը դրսևորվում է.

  • բողոքական կրթական հաստատություններում առաքելականների և կաթոլիկների ակտիվ գործունեությամբ,
  • մեկ համայնքի կողմից կազմակերպված միջոցառումներին մյուսների ակտիվ մասնակցությամբ։

Բողոքական կրթական հաստատություններում առաքելական և կաթոլիկ հայերի ակտիվ գործունեության տեսանկյունից կրկին ուշագրավ է Հայկազյան համալսարանի փորձը։ Չնայած համալսարանը պատկանում է Հայ Ավետարանական եկեղեցուն, և նրա նախագահն էլ Լիբանանի հայ բողոքականների հոգևոր առաջնորդն է, այնուամենայնիվ, կրթօջախի վարչական աշխատողների և դասախոսական կազմում մեծ թիվ են կազմում նաև Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչները։ Ինքը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը, Հայկազյան համալսարանում կանոնավոր կերպով հանդես է գալիս դասախոսություններով՝ նվիրված հայագիտական, աստվածաբանական և էկումենիզմի թեմաներին։ Համալսարանում դասավանդող Հայ Կաթոլիկ եկեղեցու նշանավոր դեմքերից է Ա.Կռանյանը, որը Հայկազյան հայագիտական հանդեսի գլխավոր խմբագիրն է7։

Մեկ համայնքի կողմից կազմակերպվող միջոցառումներին մյուսների ակտիվ մասնակցության ուշագրավ օրինակ է Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երևանի Մատենադարանի համատեղ գիտաժողովը՝ «Կիլիկյան Հայաստանի մշակույթը» խորագրով, որին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին Լիբանանի Հայ Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիները8։ Սա ևս մեկ փաստ է, որը վկայում է կաթոլիկ և բողոքական հայերի՝ ընդհանուր հայկական քաղաքակրթական դաշտի մասը լինելու մասին։

Ուշագրավ է նաև 2005թ. Հայկազյան համալսարանի 50-ամյակին նվիրված տոնակատարությանը Հայ Առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների մասնակցությունը՝ ի դեմս Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպս. Խաչերյանի և Հայ կաթողիկե պատրիարքության ընդհանուր փոխանորդ Վարդան եպս. Աշգարյանի9։

Քաղաքական ոլորտում միջդավանական համագործակցությունը դրսևորվում է համազգային խնդիրների և մարտահրավերների դիմագրավման ուղղությամբ համատեղ դիրքորոշումների, ինչպես նաև քայլերի ձեռնարկման մեջ։ Լիբանանահայ համայնքը, անկախ իր ներքին շերտավորվածությունից՝ կուսակցական կամ դավանանքային սկզբունքներով, միասնական է այնպիսի համազգային նշանակություն ունեցող խնդիրներում, ինչպիսիք են Հայոց ցեղասպանության ճանաչումը, Հայ դատը, Արցախյան հակամարտու-թյունը, թուրքական նկրտումներին դիմակայելը և այլն։

Այդ միասնականության խորհրդանիշն է Բիկֆայայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հուշարձանը, որի վրայի գրությունը մատնանշում է, որ այն կանգնեցվել է ողջ լիբանանահայ համայնքի կողմից10։ Սրանից հետևում է, որ ողջ լիբանանահայությունը՝ անկախ կուսակցական կամ դավանանքային պատկանելությունից, միասնական է Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում։

Քաղաքական հարցերում Լիբանանի երեք հայկական կրոնական համայնքների միասնականության ակնառու դրսևորում էր 2006թ. օգոստոսին Հայ Առաքելական, Կաթոլիկ և Ավետարանական եկեղեցիների համատեղ հայտարարությունը՝ ընդդեմ Լիբանանում թուրքական խաղաղապահ ուժերի տեղակայման11։

Այսպիսով, Լիբանանի հայ բողոքականների կազմակերպչական կա-ռույցների համազգային նշանակություն ունեցող գործունեությունը, ինչպես նաև միջդավանական ակտիվ համագործակցությունը ցույց են տալիս, որ «... Լիբանանում այլևս սուր չէ ո´չ նախկին «դաշնակ-հնչակ-ռամկավար» և ո´չ էլ «առաքելական-կաթոլիկ-ավետարանական» պայքարը»12։ Հետևաբար, լիբանանահայ բողոքականները, կազմելով բավական ակտիվ և կենսունակ համայնք, միաժամանակ սերտորեն ինտեգրված են Լիբանանում բնակվող մնացյալ Հայության հետ և միասին կազմում են մեկ միասնական օրգանական ամբողջություն՝ լիբանանահայ համայնքը։

1Տե´ս AMAA Directory 2009: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, p. 13. http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf

2Տե´ս http://www.haigazian.edu.lb/Academics/Pages/UndergraduatePrograms.aspx

3Տե´ս AMAA Directory 2009: Armenian Evangelical Churches, Institutions, Organizations, Pastors and Christian Workers Worldwide, pp. 13-14. http://www.amaa.org/Directory%20for%20website.pdf

4Այն հանգամանքը, որ Հայկազյան համալսարանի ուսանողության շուրջ կեսը այլազգիներ են, վկայում է համալսարանի միջազգային նշանակության, ինչպես նաև միջազգային մակարդակով բարձր հեղինակության մասին։

5Լիբանան. Սփյուռքի սիրտը և շտեմարանը, http://wap.report.am/?lang=AM&id=1286

6Հայ ազգային բուժարան, Ազունիէ, Լիբանան, http://www.keghart.com/Moskofian_Azunie

7Ливанские эскизы, http://aniv.ru/view.php?numer=16&st=2

8Նույն տեղում։

9Հայկազյան համալսարանի ոսկյա հոբելյանը, Ազգ, 06.07.2005թ.։

10Armenians in Lebanon, http://www.horizonworld.com/vb/showthread.php?t=63

11Տե´ս Армяне Ливана против включения турецких сил в состав миротворческого контингента, http://www.regnum.ru/news/690305.html

12Լիբանան. Սփյուռքի սիրտը և շտեմարանը, http://wap.report.am/?lang=AM&id=1286


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր