
ԹՈՒՐՔԻԱ–ԻՍՐԱՅԵԼ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՈՒՐՋ

Սույն թվականի նոյեմբերի 23-ին Ստամբուլում կայացած թուրք-իսրայելական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը` երկկողմ հարաբերություններում վերջին մեկ ու կես տարվա ընթացքում ի հայտ եկած լարվածության լիցքաթափման առումով, թերեւս, էական ոչինչ չտվեց:
Թուրքիա–Իսրայել հարաբերություններում առաջացած տարաձայնություններն ուղղակի կապ ունեն Անկարայի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության հետ, այն է` գերիշխող դիրք գրավել մերձավորարեւելյան մահմեդական միջավայրում: Ուստի, քիչ հավանական է, որ առաջիկայում թուրք-իսրայելական հարաբերությունները վերստին դառնան բարեկամական:
Իրավիճակային դիտարկում
Այս տարվա հունվարին Դավոսի համաշխարհային տնտեսական գագաթաժողովում Թուրքիայի վարչապետի ու Իսրայելի նախագահի միջեւ տեղի ունեցած սկանդալային հայտնի միջադեպին1 հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ երկկողմ հակասությունները միայն խորացել են:
Ս.թ. հոկտեմբերի 9-ին պաշտոնական Անկարան անսպասելիորեն հայտնեց, թե չեղյալ է հայտարարում ՆԱՏՕ գծով իր դաշնակիցների ու Իսրայելի հետ ամեն տարի անցկացվող «Անատոլյան արծիվ» զորավարժությունները, որոնք պետք է կայանային հոկտեմբերի 12–24-ը: Ուշագրավ է, որ օրեր անց թուրքական մամուլը բերեց երկու պատճառաբանություն: Նախ ներկայացվեցին վարչապետ Էրդողանի խոսքերը, թե թուրք ժողովուրդը չի կարող թույլ տալ, որ պաղեստինցիների տները ռմբահարող իսրայելական օդուժը Թուրքիայում զորավարժություններ անցկացնի: Իսկ այնուհետեւ ասվեց, թե զորավարժությունները չեղյալ հայտարարելու պատճառն այն է, որ Իսրայելն ուշացնում է Թուրքիայի պատվիրած անօդաչու Heron ինքնաթիռների մատակարարումը:
Հատկանշական է, որ տեղի ունեցածից ընդամենը օրեր անց` հոկտեմբերի 13-ին, Հալեպում Սիրիայի ու Թուրքիայի արտգործնախարարներ Վալիդ Մուալեմը եւ Ահմեդ Դավութօղլուն հայտարարեցին երկկողմ Ռազմավարական խորհրդի ստեղծման մասին, որը պետք է գումարվի տարին առնվազն մեկ անգամ եւ քննարկի ռազմաքաղաքական ու տնտեսական հարցեր: Նույն օրը Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ Ալի Հաբիբին հայտնեց այս տարվա ընթացքում սիրիա-թուրքական թվով երկրորդ զորավարժությունների մեկնարկի մասին:
Արդեն նոյեմբերին Heron ինքնաթիռների պատմությունը շարունակություն ստացավ: Նոյեմբերի 21-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյոնուլը հայտարարեց, թե Իսրայելն ունի 50 օր, որպեսզի ավարտին հասցնի Heron-ների մատակարարումը, այլապես Թուրքիան կհրաժարվի պայմանագրից: Պետք է ենթադրել, որ Թել Ավիվի որոշումը` այդչափ հետաձգել ինքնաթիռների մատակարարումը, պարզ ճնշում է Անկարայի նկատմամբ:
Վերջին շրջանում թուրք-իսրայելական հակասություններն ընդգծող նշանակալից իրադարձություն էր հոկտեմբերի 28-ին Թեհրանում Իրանի ու Թուրքիայի միջեւ ձեռք բերված գազային պայմանավորվածությունը, որով Անկարան պետք է $3.5մլրդ ներդնի իրանական «Հարավային Փարս» գազահանքում, եւ իրավունք է ստանում ոչ միայն ներմուծել իրանական կապույտ վառելիքը, այլեւ արտահանել այն երրորդ երկրներ: Ուշագրավ է, որ իր թեհրանյան այցելությունից առաջ Էրդողանը չեղյալ հայտարարեց հոկտեմբերի 23-ին նախատեսված այցը Վաշինգտոն: Արեւմտյան ու, մասնավորապես, իսրայելական աղբյուրները գրում են, թե գազային պայմանագիրն ունի նաեւ գաղտնի դրույթներ, ինչն այն գերշահեկան է դարձնում թուրքական կողմի համար: Այդ առումով նշենք, որ գազային պայմանագրի կնքմանը նախորդած ու հաջորդած ժամանակահատվածում Թուրքիայի վարչապետն ու արտգործնախարարը, Իրանի միջուկային խնդրի հետ կապված` հանդես եկան հրապարակային հայտարարություններով` հօգուտ Թեհրանի: Թուրքիան անգամ առաջարկեց ԱԷՄԳ-ին` իրանական ուրանը պահել իր տարածքում, ինչպես նաեւ փորձում է միջնորդի դեր ստանձնել ԱՄՆ-Իրան բանակցություններում2:
Վերը ներկայացվածի շարքին է դասվում նաեւ հոկտեմբերին Թուրքիայի հանրային հեռուստաալիքով (TRT) «Էյրիլիկ» («Բաժանում») հեռուստասերիալի ցուցադրումը, որը պատկերում էր իսրայելական բանակի «դաժանությունները» պաղեստինցի խաղաղ բնակիչների նկատմամբ: Խոսքն, իհարկե, տեղեկատվական ակցիայի մասին է, բայց հիմնական դիտարկումն, անշուշտ, այն է, որ Թուրքիայի ղեկավարությունը որոշում էր կայացրել հակաիսրայելական տեղեկատվական կամպանիա սկսել երկրում, ինչն իր հերթին կարող է որոշակի առումով վկայել թուրք-իսրայելական հակասությունների լրջության մասին:
Եվ վերջապես, ս.թ. նոյեմբերի 3-ին Իսրայելի ռազմական հետախուզության պետ Ամոս Յադլինը Քնեսետի արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնաժողովում կայացած լսումների ժամանակ հայտարարեց, թե պաղեստինյան «Համաս» խմբավորումը հաջող կերպով փորձարկել է իրանական արտադրության «երկիր-ծով» տեսակի, 60կմ հեռահարություն ունեցող հրթիռ3: Յադլինի խոսքերով, Թեհրանն այդ եւ այլ զինատեսակներ «Համասին» եւ լիբանանյան «Հիզբալլահին» մատակարարել է Սիրիայի եւ առաջին անգամ` Թուրքիայի միջոցով:
Իհարկե, հնարավոր է, որ բրիգադի գեներալ Յադլինի ներկայացրածը (հատկապես Թուրքիայի մասով) ապատեղեկատվություն լինի, սակայն թուրք-իսրայելական վերջերս շարունակաբար լարվող հարաբերությունների ֆոնին դա այդքան էլ կարեւոր չէ: Ավելի կարեւոր է բուն հայտարարության փաստը, քանի որ այն նշանակում է իրավիճակի փոփոխություն: Այս առումով, հարկ է առանձնացնել հետեւյալ հանգամանքները`
- Անկարայի հասցեին Թել Ավիվի հնչեցրած մեղադրանքը վերաբերում է Իսրայելի համար խիստ զգայուն ոլորտին, եւ սովորաբար այդ կարգի մեղադրանքներ հրեական պետությունը ներկայացնում է հակառակորդ երկրներին,
- պակաս կարեւոր չէ, թե ով է հնչեցնում մեղադրանքը. հայտնի է, թե Իսրայելի որոշումների կայացման մեխանիզմում ինչ դերակատարում ունեն հետախուզական երեք կառույցների` ներքին անվտանգության (Shabak կամ Shin Bet), արտաքին հետախուզության (Mossad) եւ ռազմական հետախուզության (Aman) ղեկավարները,
- եւ վերջապես, տարվա սկզբից, երբ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները տարաբնույթ մեղադրանքներ էին ներկայացնում Իսրայելի հասցեին, առաջին անգամ է, որ Թել Ավիվը որոշեց պատասխանել բավական ծանրակշիռ կերպով:
Հետեւություններ
Ներկայացվածն, իհարկե, չի նշանակում, թե թուրք-իսրայելական հարաբերություններն անդառնալիորն վատացել են: Անգամ նոր ձեւավորվող պայմաններում երկու երկրները միմյանց կարիքն ունեն, ինչը միայն ուժեղացնում է նրանց դիրքերը Մերձավոր Արեւելքում: Սակայն կարեւոր է գիտակցել, որ թուրք-իսրայելական հարաբերությունները մտել են ձեւափոխման փուլ, եւ քիչ հավանական է, որ նրանք լինեն այնպիսին, ինչպիսին էին վերջին հիսուն տարում:
Սա իր հերթին նշանակում է, որ այն չի կարող չանդրադառնալ նաեւ ողջ Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական փոխդասավորվածության վրա, քանզի ժամանակին նրանց դաշինքը մերձավորարեւելյան ճարտարապետության առանցքային գծերից մեկն էր:
Եվ վերջապես, ներկայացվածն առնչվում է նաեւ Հայաստանին: Թուրքիայի նկատմամբ Իսրայելի ունեցած ճնշամիջոցներից մեկը ԱՄՆ-ում առկա հրեական լոբբինգն է, եւ, օրինակ, Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում այստեղ կարող է մեզ համար նոր հնարավորություն բացվել:
1Այս միջադեպից առաջ Էրդողանը հանդես էր եկել ոչ պակաս սկանդալային մի հայտարարությամբ. ս.թ. հունվարի 16-ին Նյու Յորքում հանդիպելով ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Գի Մունի հետ, Թուրքիայի վարչապետը պահանջել էր Իսրայելին զրկել ՄԱԿ անդամությունից` Ղազայում տեղ գտած պատերազմական գործողությունների պատճառով:
2Հատկանշական է, որ վերջին շրջանում արեւմտյան վերլուծաբանական հանրությունը ավելի շատ է գրում արագորեն ձեւավորվող թուրք-իրանական պայմանավորվածությունների փաթեթի մասին: Այդ իմաստով առանձնանում է հրապարակված տեղեկությունն այն մասին, թե հոկտեմբերի 28-ին Թեհրանում կայացած Էրդողան–Ահմադինեժադ հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների հետախուզությունների համագործակցության վերաբերյալ, որը վերջնական տեսքի է բերվել նոյեմբերի 9-ին Ստամբուլում` Իսլամական կոնֆերանս կազմակերպության տնտեսական գագաթաժողովի շրջանակներում տեղի ունեցած Ահմադինեժադ–Գյուլ հանդիպման ընթացքում:
3Իսրայելի ռազմական հետախուզության պետի ներկայացրած հաշվարկի համաձայն, «Համասի» զինանոցում հայտնված այդ հրթիռը կարող է հասնել Թել Ավիվ: Մինչդեռ, իսրայելա-պաղեստինյան վերջին պատերազմի ժամանակ «Համասի» հրթիռների առավելագույն հեռահարությունը 40կմ էր:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԵՎՐՈՊԱ. ՎԵՐԻՆՏԵԳՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՎՈՒՄ[19.11.2012]
- ՍԻՐԻԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԵՎ ԻՐԱՆԸ[14.09.2012]
- ԻՍԼԱՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ[14.06.2012]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՆԿՐՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ[02.04.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԻՐԻԱՅԻ ՇՈՒՐՋ[23.02.2012]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ[06.02.2012]
- ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱՆԻ ՇՈՒՐՋ ԱՃՈՒՄ Է[01.12.2011]
- ԱՄՆ ՀԱԿԱՀՐԹԻՌԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ[10.11.2011]
- ԹՈՒՐՔ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱԿԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ[29.09.2011]
- «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՈՒՆԸ» ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ[21.07.2011]
- ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿԸ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ ԻՍՐԱՅԵԼԸ[20.06.2011]