• am
  • ru
  • en
Версия для печати
25.04.2018

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Руский

   

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար

Միջազգային հարաբերությունների ոլորտում սփյուռքը որպես ժողովրդական դիվանագիտության մասնիկ ձեռք է բերել կարևոր նշանակություն՝ վերածվելով յուրօրինակ սուբյեկտի: Աշխարհաքաղաքական, տնտեսական ներկա բարդ իրադրությունը տարբեր պետությունների հարկադրում է սփյուռքի հետ հարաբերություններում վարել առավել ակտիվ քաղաքականություն։ Թուրքիան ևս անմասն չի մնացել այս քաղաքականությունից։ «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց հետո երկրում տեղի ունեցած տնտեսական, քաղաքական և գաղափարական փոփոխությունների հետնապատկերում կարևորվեց նաև թուրքական սփյուռքի դերը՝ որպես հանրային դիվանագիտությանն աջակցող «փափուկ ուժ»։ Մի կողմից՝ իրագործվեց սփյուռքի հետ կայուն հարաբերություններ հաստատելու և այն զարգացնելու քաղաքականություն, մյուս կողմից՝ այդ կապերի ուժեղացմամբ դրվեցին այնտեղ առկա քաղաքական, տնտեսական, գիտական ներուժը կապիտալիզացիայի ենթարկելու գործընթացի հիմքերը։

Պետություն-սփյուռք գործակցային ձևաչափում որպես առանձին ուղղություն արտաքին քաղաքականության օրակարգ ներառվեց նաև այլ երկրների սփյուռքերի հետ համագործակցության հարցը։ Այն առաջին հերթին պետք է իրականացվեր թյուրքախոս ժողովուրդների սփյուռքերի և հետո՝ այնպիսի սփյուռքերի հետ, որոնք ռազմավարական հետաքրքրություն էին ներկայացնում Թուրքիայի համար։ Սկզբում համագործակցությունը սահմանափակվում էր թուրք-ադրբեջանական տանդեմով, ընդ որում՝ նախնական փուլում շեշտն առավելապես դրված էր սփյուռքի կազմակերպչական (կառուցվածքային) աշխատանքների վրա, քանի որ երկու երկրների համայնքային հաստատությունները ռազմավարության բացակայության պայմաններում վարում էին թույլ գործունեություն, ավելին՝ դրանց ճնշող մեծամասնությունը մարգինալացված էր, չուներ ֆինանսական մեծ կարողություններ և քաղաքական լուրջ ուժ չէր ներկայացնում1։

Նկատի ունենալով առկա խնդիրների բազմազանությունը՝ մշակվեցին դրանց լուծմանն ուղղված քայլեր, երկու երկրների սփյուռքերի գործունեությունը կանոնակարգող ընդհանուր ռազմավարություն, որոնք ի հայտ եկած ճգնաժամերին, տարբեր մարտահրավերներին համարժեք արձագանքելու և դրանց դիմակայելու նպատակով ենթարկվեցին որոշակի փոփոխությունների։ Քաղաքական օրակարգ մտցվեցին արդեն գլոբալ առաջադրանքների իրացմանն ուղղված նախագծեր, առաջ քաշվեցին համագործակցության նոր մոդելներ և ուղղություններ, որոնք էլ, ըստ էության, երկու երկրների սփյուռքակերտման քաղաքականության մաս կազմեցին։ Մասնավորապես, այս հարթությունում ընթացող զարգացումները դուրս եկան երկկողմ ձևաչափից։ Երկու երկրների քաղաքական և գիտավերլուծական շրջանակների քննարկումների արդյունքում որոշվեց ընդլայնել միջազգային գործընկերների ընդգրկումը՝ ի դեմս թյուրքախոս երկրների սփյուռքերի։ Նկատենք, որ փոխգործակցության մեխանիզմների որոնումներում ներգրավված են պետական և ոչ պետական կառավարման մարմինները, որոնք ձևավորում են ինչպես միասնական օրակարգ (ոլորտային համագործակցություն), այնպես էլ ուղենշում են ոլորտին առնչվող գործողությունների «ճանապարհային քարտեզները»։

Այս քաղաքականությունը մասամբ իրականացվում է 2009թ. նախիջևանյան պայմանագրով ստեղծված թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպության՝ «Թյուրքական խորհրդի» գործունեության շրջանակներում, որի անդամներն են Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Խորհուրդը հիմնադրման օրվանից թյուրքախոս պետությունների միջև որպես համագործակցության հիմք վերցրել էր քաղաքական, տնտեսական (այդ թվում՝ մաքսային), գիտամշակութային և զբոսաշրջության ոլորտները, 2013 թվականից ակտիվ քայլեր ձեռնարկեց նաև անդամ պետությունների սփյուռքերի միջև կապերի ստեղծման և ամրապնդման ուղղությամբ։ Մասնավորապես, նույն թվականին «Թյուրքական խորհրդի» անդամ երկրների սփյուռքի գործերով պատասխանատու գերատեսչական կառույցների ղեկավարների անդրանիկ նիստում (Բաքու) հիմնադրվեց «Սփյուռքի գործերի պատասխանատուների կոնտակտային խումբ», որի գործառույթներն ու անդամ երկրների սփյուռքերի հետ կապված գործնական քայլերն ամրագրվեցին «Թյուրքախոս երկրների սփյուռքերի համատեղ գործունեության ռազմավարություն» փաստաթղթում2։

Նպատակ ունենալով ակտիվացնել անդամ երկրների սփյուռքերի մասնակցությունը բնակության երկրների քաղաքական, տնտեսական կյանքին՝ խորհուրդն իր աշխատանքները կենտրոնացրեց այնպիսի օրակարգային խնդիրների վրա, ինչպիսիք են տնտեսական ներուժի համախմբումը և գործարարների միջև կապերի ամրապնդումը, իրենց երկրների կամ թյուրքական աշխարհի իմիջի ձևավորմանն ուղղված գործողությունները՝ զանազան միջոցառումների և տեղեկատվական քաղաքականության միջոցով, աշխատանքներ գիտամշակութային և սոցիալ-իրավական խնդիրների տիրույթում։

Խորհուրդը ձգտում է ստեղծել նաև ազդեցիկ լոբբի, և պատահական չէ, որ նրա անդամ պետությունների՝ սփյուռքի հարցերով կառույցները և պատասխանատու պետական մարմինները ռազմավարական նպատակների իրագործման ճանապարհին առաջ քաշեցին հնարավոր տարբերակներ, որոնցից մեկն էլ այնպիսի կազմակերպության ստեղծումն էր, որը ոչ միայն մեկ հովանոցի տակ կհամախմբի թյուրքախոս պետությունների սփյուռքյան համայնքները, այլև կհամակարգի նրանց աշխատանքները։ Սույն նկատառումով չորս երկրների սփյուռքերի կազմակերպությունների և պատվիրակների մասնակցությամբ որոշվեց ստեղծել տարածաշրջանային սփյուռքի կենտրոններ։ Առայժմ խորհրդին հաջողվել է նման կենտրոն բացել միայն Կիևում (հիմն. 2014թ.), որի կենտրոնական գրասենյակը տեղակայված է Ուկրաինայի ադրբեջանցիների միության շենքում։ Կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է նմանատիպ կառույցներ հիմնել նաև ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Գերմանիայում3։ Ինչ վերաբերում է Ուզբեկստանին և Թուրքմենստանին, ապա այդ երկրները դեռևս ձեռնպահ են մնում նման ձևաչափով աշխատանքներին մասնակցելուց։ Սակայն հաստատության ղեկավարությունը չի բացառում, որ նրանք ապագայում կարող են ընդգրկվել խորհրդի կազմում4։

Վերոհիշյալ քաղաքականության դրսևորումները մի փոքր այլ շեշտադրումով տեղ են գտել նաև թուրքական կառավարությանը կից գործող՝ 2010թ. ստեղծված Արտասահմանում բնակվող թուրքերի և բարեկամ հասարակությունների վարչության գործունեությունում, որը, թուրքական համայնքների խնդիրները լուծելուց և համակարգելուց զատ, նաև նպատակ ուներ հակազդել հայկական լոբբիին։ Փաստացի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը սփյուռքյան քաղաքականությունում սկսեց կիրառել «բարեկամ հասարակություններ» տերմինը, որը տեղ էր գտել դեռևս Մեսութ Յըլմազի կառավարության ծրագրում (1996թ.)5։

Վարչության պաշտոնական կայքի «Եղբայրական հասարակություններ» բաժնում նշված է, որ այն տնտեսական, մշակութային, գիտական կապերի ամրապնդման նպատակով պետք է զարգացնի հարաբերությունները էթնիկ և բարեկամ (այստեղ օգտագործված են նաև կրոնակից, լեզվակից, ազգակից անվանումները) հասարակությունների հետ6։ Համաձայն վարչության նախկին ղեկավար Ք.Յուրթնաչի՝ «բարեկամ հասարակությունների» թվաքանակը գերազանցում է 200 միլիոնը7։ Ոչ վերջինիս զեկույցում, ոչ էլ կայքում չի հստակեցվում, թե անդրազգային որ հանրություններն են, որոնք ընկալվում են որպես «բարեկամ հասարակություններ»։ Մասնագետների գնահատականով՝ այս երկիմաստ ձևակերպումները Թուրքիայի գիտակցված ընտրությունն են, որն ունի մի քանի պատճառներ. ա) Թուրքիայի պետական գործիչներն ընդունում են, որ անդրսահմանային բնակչության ներգրավումը (որը չի հանդիսանում Թուրքիայի քաղաքացի կամ Թուրքիայի միգրանտ) միջպետական լարվածություն առաջացնելու մեծ պոտենցիալ ունի։ Հետևաբար, նման անորոշությունը պայմանավորված է Թուրքիայի և ընդունող պետությունների միջև լարվածությունից խուսափելու ձգտմամբ, բ) նման մոտեցումը Թուրքիային քաղաքական ճկունության և մանևրելու հնարավորություններ է ընձեռում8։

Աչքի անցկացնելով իրականացվող նախագծերի աշխարհագրական սահմաններն ու էթնիկական շրջանակները՝ ակնհայտ է դառնում, որ վարչության աշխատանքները, մի կողմից, կապված են թյուրքախոս պետությունների և նրանց սփյուռքերի, այդ թվում նաև այնպիսի թյուրքական ժողովուրդների հետ, որոնք պետականազուրկ են (մեսխեթի թուրքեր, թուրքոմաններ, ույղուրներ և այլն), մյուս կողմից՝ Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Մերձավոր Արևելքի և աֆրիկյան տարածաշրջանների մի քանի երկրների ազգաբնակչության հետ։ 2016թ. թուրքական կառավարության ծրագրում, որտեղ Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ սփյուռքի հետ կապված քաղաքականությանը հատկացվել էր 4 էջ, ձևակերպված են այդ քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները, թիրախային ուղղությունները, նպատակները, աշխատանքների իրագործման բնագավառները։ Ծրագրի կետերը վերաբերում են ինչպես բուն թուրքական սփյուռքին, այնպես էլ «բարեկամ հասարակություններին»։ Օրինակ՝ «Քաղաքացիական հասարակության ակադեմիա», «Լիդերության ակադեմիա», «Մեդիա-ակադեմիա» և զանազան նախագծերով խնդիր է դրված զարգացնել հարաբերությունները «բարեկամ հասարակությունների» հետ։ Այս գործում կարևոր տեղ է հատկացվում վերոգրյալ տարածաշրջանների մեջ մտնող, թուրքական կողմի համար հետաքրքրություն ներկայացնող երկրների պետական ուղեղային կենտրոններին, որոնք Թուրքիայի նմանատիպ հաստատությունների հետ համատեղ մշակում են կապերի ամրապնդման ու զարգացման ծրագրեր, որոնք իրականացվում են «Ուղեղային կենտրոնների համագործակցություն» հարթակի շրջանակներում։

Կարևոր է փաստել, որ այս քաղաքականությունից անմասն չեն գիտակրթական և տեղեկատվական ոլորտները։ Օրինակ, կրթաթոշակներ են տրամադրվում վերոհիշյալ տարածաշրջանների ուսանողներին՝ Թուրքիայում բարձրագույն կրթություն ստանալու համար։ Մասնավորապես, «Տեղում կրթաթոշակ» նախագծը ներդրվելու է մեսխեթի թուրքերի, Սիրիայի և Իրաքի թուրքոմանների շրջանում։ Ինչ վերաբերում է լրագրողական և ընդհանրապես մեդիա-ոլորտում համագործակցությանը, ապա սույն թվականի փետրվար ամսին Արտասահմանում բնակվող թուրքերի և բարեկամ հասարակությունների վարչությունը՝ «Սփյուռքի հետ համագործակցության ծրագրի» շրջանակներում, «Անադոլու» լրատվական գործակալության և Թուրքական համագործակցության ու համակարգման գործակալության հետ համատեղ դիվանագիտական լրագրության ասպարեզում անցկացրել են նախապատրաստական դասընթացներ Ադրբեջանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Մոնղոլիայից Վրաստանից, Ուկրաինայից և այլ երկրներից մասնակցություն ունեցող լրագրողների շրջանում9։ Կարող ենք նշել, որ Արտասահմանում բնակվող թուրքերի և բարեկամ հասարակությունների վարչությունն իրագործում է աշխատանքներ երեք հիմնական տիրույթներում. ա) Թուրքիա-թուրքական սփյուռք հարաբերությունների զարգացում, բ) թյուրքախոս պետությունների սփյուռքերի և ժողովուրդների համախմբում և կապերի ամրապնդում (այդ թվում՝ ժողովրդագրական ատլասի կազմում, համընդհանուր կոնսոլիդացման համար թեզերի և կարգախոսների մշակում և այլն), գ) համագործակցություն այլ երկրներ սփյուռքերի հետ (սոմալիական, հունգարական, բոսնիական և այլն):

Թյուրքախոս երկրների սփյուռքերի՝ միմյանց ինտեգրելու և տարբեր մակարդակներում նրանց միջև համագործակցության հնարավորությունները գնահատելու նպատակով աշխատանքներ են կատարվում նաև ռազմավարական մշակումների գծով մասնագիտացված թուրքական հետազոտական հաստատություններում։ Վերջին տարիներին հատկապես Թուրք-ասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որն ինտելեկտուալ և նյութական աջակցություն է ստանում Թուրքիայի պետական գերատեսչական կառույցների, մեդիա-հոլդինգների և բիզնես շրջանակների կողմից, 2010 թվականից ի վեր անց է կացնում համաշխարհային թյուրքերի խնդիրներին նվիրված ֆորումներ։ Այստեղ պետական պաշտոնյաներն ու փորձագետները, խորհրդակցելով սփյուռքի ներկայացուցիչների հետ որոշ հարցերի վերաբերյալ, մասնակիորեն ճշգրտել և հստակեցրել են խնդրի մասշտաբներն ու դրանց բնույթը։ Ընդհանուր առմամբ, թյուրքախոս պետությունների սփյուռքերի միջև համագործակցության ուղղությամբ գաղափարներ գեներացնող այս կենտրոնն առաջ է քաշել այսպես կոչված «թյուրքական սփյուռքի» ռազմավարական համատեղ կառավարման տեսլականը։ Համաձայն վերջինիս՝ «թյուրքական սփյուռքը» կենսական նշանակություն ունի Թուրքիայի և թյուրքական աշխարհի համար, հետևաբար, կառուցվածքային տեսանկյունից կարիք կա այն վերաձևավորելու, որպեսզի նրա անդամներն ավելի արդյունավետ ինտեգրվեն այն երկրների սոցիումում, որտեղ բնակվում են։ Այդպիսով կարող են ներդրում ունենալ իրենց առնչվող տարածաշրջանային և գլոբալ հարցերի լուծման գործում։ Մինչև այս վերաձևավորումները չիրականացվեն, հնարավոր չէ խոսել ոչ միայն սփյուռք(եր)ի անդամների՝ մի շարք գործընթացներում ակտիվ մասնակցության, այլև ռազմավարական համատեղ կառավարման մասին10։

Միևնույն ժամանակ, հետազոտական կենտրոնը, կարևորելով թյուրքական աշխարհին վերաբերող խնդիրների լուսաբանումը, անհրաժեշտ է համարում բարձրացնել դրանց արդյունավետության մակարդակը՝ տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների կիրառելիության տեսանկյունից, մասնավորապես պետական մակարդակով նպաստել թվային դիվանագիտության (Digital diplomacy) խթանմանը, որը ենթադրում է այս գործընթացներում ընդգրկված համապատասխան գերատեսչությունների ակտիվ ներգրավումը սոցիալական ցանցերում (facebook, twitter, youtube և այլն)՝ պաշտոնական էջերի բացմամբ և դրանց գործունեության ակտիվացմամբ։

Ամփոփելով սփյուռքյան քաղաքականության որոշ առանձնահատկությունների դիտարկումը և մի շարք ուղղություններով իրագործված աշխատանքները՝ կարելի է ասել, որ Թուրքիայի արտաքին քաղաքականությունում այն համեմատաբար նոր է, դրանում ներգրավված կառույցների փոխհարաբերությունները կրում են հորիզոնական բնույթ։ Փաստացի, թյուրքախոս պետությունների սփյուռքերի հետ համագործակցության նպատակով և դրան ուղղված գիտամշակութային, տնտեսական, տեղեկատվական և այլ նախագծերի իրագործմամբ կողմերը ձգտում են հասնել հարաբերությունների ռազմավարական խորության։

1 H.Cabbarlı, Dünya Azerbaycan ve Türk Diaspora Teşkilatı Başkanlarının I. Formuna Eleştirel Yaklaşım (15.03. 2007), http://atsam.org.az/dunya-azerbaycan-ve-turk-diaspora-teskilati-baskanlarinin-i-formuna-elestirel-ya...

2 Մանրամասն տե՛ս Türk Keneşi Türk Dilli Diaspora Ortak Faaliyet Stratejisi – 2013, http://www.turkkon.org/Assets/dokuman/DIASPORA_ORTAK_FAALIYET_STRATEJISI_KA-RAR_TR_20170608_111813.p...

3 Türk Konseyi, Kiev’de Bölgesel Diaspora Merkezi açtı, http://ukrturk.net/turk-konseyi-kievde-bolgesel-diaspora-merkezi-acti/

4 Единая тюркская диаспора превратится в серьезную силу - генсек Совета сотрудничества тюркоязычных государств, https://www.trend.az/azerbaijan/society/2163477.html

5 II. Yılmaz Hükümeti Programı, https://www.tbmm.gov.tr/hukumetler/HP53.htm

6 Kardeş Topluluklar Vizyonu, https://www.ytb.gov.tr/kardes-topluluklar/genel-bilgi

7 K.Yurtnaç, Turkey’s New Horizon: Turks Abroad and Related Communities, Center for Strategic Research of the Ministry of Foreign Affairs of the Republic of Turkey, SAM Papers, Oct. 2012, no. 3, p. 9, http://sam.gov.tr/wp-content/uploads/2012/10/SAM_paper_ing_03.pdf

8 Я.Волкова, Турция как родственное государство: формирование связей с родственным населением в постбиполярный период, Наукові записки Міжнародного гуманітарного університету: [збірник], Одеса: Фенікс, 2016, вип. 25, с. 129.

9 Турецкая диаспора намерена сотрудничать с диаспорами братских стран, https://azertag.az/ru/xeber/Tureckaya_diaspora_namerena_sotrudnichat_s_diasporami_bratskih_stran-113...

10 http://tasam.org/Files/Etkinlik/File/VizyonBelgesi/DTF5_Vizyon_TR_pdf_0ba46c0f-5d28-4d14-b18b-83aaf0...



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր