
«ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ» ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԸ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 9, 2017
Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս
Բուլղարիայի կոմունիստական կուսակցության (ԲԿԿ) ժառանգորդները համալրեցին Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության (ԲՍԿ) շարքերը և փոքր-ինչ գաղափարախոսական փոփոխության ենթարկվելով՝ հարմարվեցին նոր իրականությանը։ Նրանք արևմտամետ կողմնորոշումը համադրում են հետխորհրդային հարուստ հանրապետությունների (այդ թվում՝ Ադրբեջանի Հանրապետության) հետ տնտեսական առնչությունների հետ։
Հայտնի է, որ բուլղարական շատ քաղաքական գործիչներ, դիվանագետներ, գիտնականներ, լրագրողներ հարստացել են ադրբեջանական ժողովրդի հաշվին։ Առայժմ բացահայտվել է միայն Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկում Բուլղարիայի Հանրապետության ներկայացուցիչ (Լոնդոնում) Կալին Միտրևի անունը։ Սակայն նա սառցաբեկորի ընդամենը վերին շերտն է։ Սպասվում է, որ առաջիկայում «ջրի երես դուրս կգան» նաև Բուլղարիայի միջազգային հեղինակությունը վարկաբեկող շատ այլ անձանց անունները։
Բաքվի ռեժիմը ֆինանսատնտեսական կախվածության մեջ է դրել բուլղարացի ձախերի էլիտային՝ նպատակ ունենալով այն ենթարկեցնել իր աշխարհաքաղաքական նպատակներին։ Եվ պետք է ասել՝ հաջողել է։
Բաքվի հանցավոր ռեժիմը միլիարդներ է ծախսում իր խափանված իմիջը պահպանելու համար։ Ճիշտ է՝ միջոցները պակասել են, բայց Կալին Միտրևի համար դրանք գտնվեցին. բրիտանական «Գարդիան», ֆրանսիական «Մոնդ» և տասնյակ այլ եվրոպական պարբերականների (դրանց մեջ է նաև բուլղարական «Բիվոլ» կայքը) տվյալներով՝ նրա բանկային հաշիվներին բազմիցս խոշոր գումարներ են փոխանցվել Բաքվից։ Փոխանցումների ընդհանուր գումարը գերազանցում է 425 հազ. եվրոն։ Ամենամեծ փոխանցումը՝ 225 հազ. եվրո, կատարվել է այն բանից 3 օր հետո, երբ նրա տիկինը՝ Իրինա Բոկովան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գլխավոր շենքում (նա այդ կազմակերպության գլխավոր քարտուղարն է) Ադրբեջանի նախագահի տիկնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ միասին բացել է «Ադրբեջան. հանդուրժողականության երկիր» ցուցահանդեսը։ Այս անհեթեթ բառակապակցությունն ապրիլմեկյան կատակի պես է հնչում կողմնակի դիտորդի համար, բայց Բաքվի և Սումգաիթի հայերը լավ գիտեն դրա ողբերգական իմաստը, ինչը, ցավոք, չի հասկանում ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ե՛վ Կալին Միտրևը, և՛ նրա ընտանիքի որոշ անդամներ, և՛ նրա մերձավոր շրջապատը կվճարեն PR-ի համար, որը տարիներ շարունակ վարվում է հօգուտ Բաքվի տոտալիտար ռեժիմի։ Մանավանդ նրանք, ովքեր ներկայացնում են համաշխարհային միջազգային կազմակերպությունները կամ իրենց հեղինակությամբ և կարգավիճակով լեգիտիմացնում են Բաքվի ռեժիմի ակտիվ միջոցառումները։ Այս առիթով ՀՀ նախկին վարչապետ, այժմ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը 2012թ. ապրիլի 23-ին հայտարարել էր. «Բաքուն այդ հարթակը կօգտագործի ոչ թե երկխոսության, այլ ագիտացիայի համար՝ փորձելով վարկաբեկել Հայաստանը։ Պետք է կասեցնել Ադրբեջանի նման քայլերը։ Նախիջևանում Ադրբեջանի իշխանությունները ոչնչացրին բազմաթիվ խաչքարեր, ինչը հանցագործություն է քաղաքակրթության դեմ»1։ Հավանաբար, նույն կերպ է մտածում նաև նրա հարազատ եղբայրը՝ Սոֆիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը։ Այնպես որ, դիվանագիտական սկանդալից խուսափել չի հաջողվի։ Մանավանդ որ «այդ հարթակը» ասելով նկատի է առնվում «Քաղաքակրթությունների երկխոսություն. քաղաքական կուսակցությունների փորձը» համաժողովը (Բաքու, 23 ապրիլի 2012թ.)։
Կալին Միտրևը և նրա շրջապատը կհայտնվեն նաև ԶԼՄ հրապարակումների կիզակետում։ Արդեն հրապարակումներ կան նրա և իր տիկնոջ՝ Իրինա Բոկովայի անունների հետ կապված2։ Հանրապետության գլխավոր դատախազ Սոտիր Ցացարովը կարգադրել է ստուգել նրանց վերաբերյալ նշված փաստերը։ Չի բացառվում, սակայն, որ նրանք «մաքուր դուրս գան» այս պատմությունից (Բուլղարիայում նման բաներ պատահում են)։
Անցած տարի Ռուսաստանի բարեկամ բուլղարացի ձախերը անկեղծորեն սատարում էին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի ընտրարշավը, որը քիչ էր մնում դառնար ՄԱԿ գլխավոր քարտուղարը3։ Իհարկե, այդ ժամանակ էլ էին տագնապալի ազդանշաններ ստացվում այն մասին, որ այս տիկինը շռայլ ժեստեր է անում Ադրբեջանի ուղղությամբ, օրինակ՝ աջակցում է հայտնի երգիչ, Ադրբեջանի մշակույթի նախկին նախարար, Մոսկվայում այդ երկրի դեսպան Փոլադ Բյուլ-Բյուլ Օղլիի թեկնածությունը ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավարի պաշտոնում։ Այս մարդն է, որը, որպես մշակույթի նախարար, կրում է Արցախի և Նախիջևանի խաչքարերի ոչնչացման պատասխանատվությունը, նա է, որ արցախահայերի ցեղասպանության կոչ է անում։ Եվ եթե Իրինա Բոկովան զբաղեցներ Պան Գի Մունի աթոռը, Բյուլ-Բյուլ Օղլին կդառնար ՅՈւՆԵՍԿՕ-ի ղեկավար։ Այն ժամանակ մենք բոլորս կարծում էինք, թե այս կինը մոլորության մեջ է։ Գուցե ամուսինն էր մոլորեցրել՝ նրանից թաքցնելով իր իրական եկամուտների չափը. նա արդեն խոստովանել է լրատվամիջոցներին, որ 425 հազ. եվրո է ստացել հիդրոտեխնիկական ոլորտում խորհրդատվության համար... Թեև հազիվ թե Կալին Միտրևը երբևէ հանգստացած լինի ջրամբարների մոտ. չէ՞ որ հարուստները հանգստանում են թանկարժեք հանգստավայրերում4։
Բուլղարացիների մեջ ևս տարածված է հետևյալ արտահայտությունը. «Ես էլ եմ մարդ»։ Այն իմաստով, որ ամուսինը կնոջը չի տեղեկացրել իր իրական եկամուտների մասին և այն, ինչ թաքցնում է, իրացնում է նրանից թաքուն... Սա արդեն Միտրև ընտանիքի անձնական գործն է։ Բայց չապացուցված աղբյուրից եկամուտներ ունենալը խստորեն պատժվում է ԵՄ-ում։ Իսկ 425 հազ. եվրոն, մեղմ ասած, փոքր գումար չէ։ Իսկ ինչի՞ համար են այդ գումարը տվել նրան։
Իրինա Բոկովան ավելի քան շատ բան է արել Բաքվի ռեժիմը գովազդելու համար։ Եվ ամենայն հավանականությամբ նրան ըստ արժանվույն են գնահատել «Քաղաքակրթությունների երկխոսություն. քաղաքական կուսակցությունների փորձը» համաժողովում, որին մասնակցում էին հետկոմունիստական բուլղարական ձախ կուսակցության հայտնի դեմքեր։ Եթե հետաքննությունն ապացուցի, որ նրանց այցելությունն Ադրբեջան թելադրված չի եղել «ադրբեջանական եղբայրական ժողովրդի հետ» բարեկամության և համագործակցության հաստատման ցանկությամբ, այլ կապված է եղել թանկարժեք նվերներ ստանալու և բանկային հաշիվները համալրելու հետ, կստացվի, որ հետկոմունիստական ձախ կուսակցությունները և քաղաքական գործիչները բարոյական իրավունք չունեն մասնակցել առհասարակ բուլղարական քաղաքական կյանքին. ցանկացած պահի Սոֆիայում Ադրբեջանի եռանդուն դեսպան Նարգիզ Ակիֆ Գուրբանովան կարող է սպառնալ նրանց կոմպրոմատով։
Շատ հավանական է, որ նա այդ նույն վարկաբեկիչ նյութերն ունենա նաև նախկին եվրապատգամավոր Եվգենի Կիրիլովի՝ հակահայկական բանաձևերի հեղինակի մասին։ Հայաստանի նախկին փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը 7 տարի առաջ նրա մասին ասել էր. «Եվգենի Կիրիլովը երբեք չի եկել մեզ մոտ, ոչինչ չգիտի մեր երկրի մասին և իրավունք չունի որոշումներ ընդունել և գրել այդ հարցի շուրջ։ Այս դեպքը խիստ տհաճ հետևանքներ ունի։ Մեր հանրային կարծիքը զարմացած է և մտահոգված այն փաստից, որ եղբայրական Բուլղարիայի եվրապատգամավորը կարող է նման բան գրել։ Չեմ կարող կանխատեսել, թե այս տխուր փաստը որքանով կանդրադառնա երկկողմանի հարաբերությունների վրա, բայց աննկատ մնալ չի կարող»5։
Բաքվի հետ կապված բուլղարացի քաղաքական գործիչները հիմնականում արդեն ավարտել են իրենց քաղաքական, գիտական, լրագրողական կարիերան։ Բայց նրանք, ովքեր դեռ աշխատում են (Իրինա Բոկովա և Կալին Միտրև ամուսնական զույգը), պետք է հրաժարական տան։ Այլապես կշարունակվի երկու ուժեղ հետկոմունիստական կուսակցությունների՝ Բուլղարիայի սոցիալիստական կուսակցության և «Այլընտրանք բուլղարական վերածննդի համար» կուսակցության վարկաբեկումը։ ԵՄ-ում սկսվում է Ադրբեջանի «խավիարային դիվանագիտության» հետաքննությունը։ Հատկանշական է, որ սկանդալը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ի (1944թ. սեպտեմբերի 9-ի սոցիալիստական հեղափոխության 73-ամյակի) նախօրյակին։ Հնարավոր է, որ սա հոբելյանի վերջին զանգվածային տոնակատարությունը լինի։ Որովհետև, եթե ապացուցվի, որ բոլոր կասկածյալներն օգտվել են Ալիևների առատաձեռնությունից, որպեսզի գովազդեն նրա հանցավոր ռեժիմը, ապա քչերը կլինեն, որ եկող տարի կնշեն պատմական այդ օրը։
Ինչևէ, ավանդական ձախ կուսակցությունը հարկ է սպառված համարել։ Հերթը տրոցկիստներինն է, ալտեր-գլոբալիստներինը, լիբերտարիանականներինը։ Եվ անգամ 21-րդ դարի սոցիալիստներինը։ Եվրապատգամավորները պահանջում են հետաքննել «Ադրբեջանական լվացքատան» գործը։ Նրանք արդեն քվեարկել են դրա օգտին՝ 578 կողմ, 19 դեմ, 68 ձեռնպահ6։ Սա նշանակում է, որ Եվրախորհրդարանում կան բավական թվով մարդիկ, ովքեր սատարում են Ափշերոնյան ընտանիքին։ Արդեն հայտնի է, որ հունգարացի քաղաքական գործիչների շրջանում $7 մլն է բաժանել Ադրբեջանի փոխվարչապետի որդին՝ Օրհան Եյուբովը7, իսկ այդ երկրի նախագահի աները՝ առաջին տիկնոջ հայր Արիֆ Փաշաևը, 5 մլն է բաժանել նրանց չեխ գործընկերներին8։ Տպավորում է այն փաստը, որ «խավիարային դիվանագիտության» օբյեկտների թվում որոշ գերմանացի, իտալացի և Արևմտյան Եվրոպայի այլ երկրների քաղաքական գործիչներից զատ՝ մեծ թիվ են կազմում Վարշավյան պայմանագրի նախկին երկրների ներկայացուցիչները։ Այս առնչությամբ սոցիոլոգ Լիլիթ Ադիբեկյանը հատուկ հարցազրույց է տվել տողերիս հեղինակին։ Նա նշել է, իր կարծիքով, պատճառը, թե ինչու են բուլղարացի քաղաքական գործիչները դառնում Ալիևների-Փաշաևների կլանի հեշտ խայծը. «Բուլղարիան եղել և մնում է 16-րդ խորհրդային հանրապետությունը, ինչպիսին մենք այն գիտենք»9։
Հավելենք, որ դեսպան Նարգիզ Ակիֆ Գուրբանովան հեշտությամբ «գնում» է բուլղարացի լրագրողներին, հատկապես պոպուլյար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներին։ Օրինակ, բուլղարական հանրահայտ Нюз.бг տեղեկատվա-վերլուծական կայքի նոր գլխավոր խմբագիր (2016թ. նոյեմբերից) Ելենա Կոցևան թույլ չի տալիս Ալիևի ռեժիմն անվանել «հանցավոր», իսկ Ալիևին՝ «սատրապ»՝ որևէ պարզաբանում չընդունելով, որ «սատրապ» բառը իրանական է և ծագել է արդի Ադրբեջանի տարածքում։ Նկատի ունենալով, որ Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան և «Ուեբ մեդիա-գրուպ» հոլդինգի (որի մասն է Нюз.бг-ը) միջև հեռավորությունը 200 մետր է, ինչպես նաև դեսպան Գուրբանովայի՝ թանկարժեք ճաշկերույթներ կազմակերպելու և գլխավոր խմբագիրներին ոչ պակաս թանկարժեք նվերներ մատուցելու սովորությունը, դժվար չէ կռահել, թե ինչու գրեթե մեկ տարի այս կայքը իրենց անուններով չի նշում փաստերը, պետությունն ու անձանց։ Իսկ եթե ինչ-որ բան հրապարակվում էլ է, ապա աղավաղված ձևով, առանց վերլուծության և վարկաբեկիչ փաստերի։
Արժե նշել նաև, որ Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հոկտեմբերին արդեն այցելել է Բաքու, իսկ Երևան այցելությունը հետաձգել է մինչև գալիք տարվա սկիզբ։ Նախագահի այս մոտեցումը հաստատում է բուլղարացի շատ լրագրողների և քաղաքական գործիչների տեսակետը, թե «հենց Բաքուն է Սոֆիայի ռազմավարական գործընկերը»։ Հավանաբար, գործում է հին հռոմեական «փողը հոտ չունի» ասացվածքը։ Սակայն բացահայտված «ադրբեջանական լվացքատունը» և «խավիարային դիվանագիտությունն» անպայման վաղ թե ուշ կհանգեցնեն գործին ներգրավված եվրոպական գործիչների ձերբակալություններին։ Այդ ժամանակ, բուլղարական «Բիվոլ» կայքի (որը մասնակցում է հետաքննությանը) գլխավոր խմբագիր Ասեն Յորդանովի կարծիքով, Իրինա Բոկովան և Կալին Միտրևը ստիպված կլինեն բացատրել, թե որտեղից են գտել այն միջոցները, որոնցով երկու առանձնատուն են գնել Նյու Յորքում, մեկը՝ Լոնդոնում և ևս մեկը՝ Փարիզում։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Իրինա Բոկովայի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում գտնվելու ընթացքում մասշտաբային գովազդման է ենթարկվել Բաքվի ռեժիմը։
Ասեն Յորդանովը Բոկովային մեղադրում է այն հարցում, որ սա ողջ աշխարհում ՅՈւՆԵՍԿՕ-ի դիվանագիտական ներկայացուցիչ է նշանակել տվել Ալիևային։ Նա կարծում է, որ Եվրոպայում Ալիևների դրական իմիջը ստեղծվել է ոչ առանց «գնված» բուլղարացի ձախ քաղաքական գործիչների և լրագրողների աջակցության։ Նրա այս կարծիքը հավաստվում է փաստաթղթերով և Բաքվից Սոֆիա (և ոչ միայն այնտեղ) կատարված բանկային փոխանցումներով։
Ա.Յորդանովի անկաշառ գործունեությանը լիովին հակադրվում է մեկ այլ լրագրողի՝ Լյուբոմիր Միխայլովի («Ստանդարտ» պարբերական) գործունեությունը, որը 2017թ. փետրվարի 20-ին Արցախում կայացած հանրաքվեի ժամանակ հրապարակել էր դեսպան Գուրբանովայի կոչը՝ ուղղված բուլղարացի քաղաքական գործիչներին. նա հորդորում էր նրանց չգնալ Արցախ որպես դիտորդ։ Միխայլովը հետո հրաժարվում էր հրապարակել այնուամենայնիվ Արցախ մեկնածների (այդ թվում և տողերիս հեղինակի) տպավորություններն ու վերլուծությունները։ Իսկ իմ հարցին, թե ինչու էր մեկնել «Քաղաքակրթությունների երկխոսություն» (Բաքու) համաժողովին, պատասխանել էր, որ ցանկացել է մեկ անգամ ևս զգալ ադրբեջանական ժողովրդի հյուրընկալությունն ու հանդուրժողականությունը... Իսկ հետո էլ հարց էր ուղղել հայերին, թե ինչու չեն կատարում միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ ԱԽ, ԵԱՀԿ, Եվրախորհրդարան և այլն) բոլոր բանաձևերն ու ինչու չեն պատրաստվում հեռանալ Արցախից...
1 http://www.regnum.ru/news/polit/1524075.html http://www.news.bg/crime/tsatsarov-rasporedi-kalin-mitrev-da-se-proveri.html
2 «Вахан», 13.09.2017, Пловдив, с. 2.
3 http://www.rabkor.ru/columns/interview/2016/03/24/who-will-be-the-next-un-secretary-general/
4 http://www.offnews.bg/sviat/saprugat-na-bokova-za-azerbajdzanskata-bezmislena-spekulatcia-664537.html
5 http://www.news.bg/interviews/arman-kirakosyan-turtsiya-ima-shans-da-si-pomogne-ako-priznae-armenskiya-genotsid.html
6 «Вахан», 20.09.2017, Пловдив, с. 3.
7 «Вахан», 13.09.2017, Пловдив, с. 1.
8 «Вахан», 27.09.2017, Пловдив, с. 3.
9 «Вахан», 13.09.2017, Пловдив, с. 10.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[03.10.2017]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[10.07.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ[24.01.2017]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ[08.12.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ[04.11.2015]
- ՍՈՖԻԱՅԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ[01.10.2015]
- ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ[02.09.2015]
- ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[11.06.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ[03.04.2015]
- ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ[27.03.2015]