
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս
Անկախության ձեռքբերումից հետո Բաքուն երբեք հաշվի չի նստել միջազգային իրավունքի հետ։ Եվ եթե որևէ արտասահմանյան քաղաքական գործիչ, դիվանագետ, իրավաբան, լրագրող մատնանշում է նրա սխալները, անմիջապես վերածվում է «թիվ 1 թշնամու» Ալիևների կառավարող ընտանիքի համար։
Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի Հանրապետությունը սպառազինությունների և զինամթերքի ոչ միայն խոշոր գնորդ, այլ նաև վաճառող է հանդիսանում՝ չհետևելով, սակայն, միջազգային օրենքներին։ Բայց բուլղարական մամուլում վերջերս հրապարակված հոդվածն ապացուցեց, որ ադրբեջանական դեսպանություններն աշխարհում և կոնկրետ Սոֆիայում իրենց դիվանագիտական իրավասությունն օգտագործում են ահաբեկիչներին զինելու համար։ Հոդվածը թարգմանվել է շատ լեզուներով և արժանացել միջազգային արձագանքման։ Այն հիստերիկա է առաջացրել ափշերոնյան հանրապետության բարձրագույն քաղաքական և դիվանագիտական շրջանակներում։ Իշխող կլանը հասկանում է, որ անվիճելի ապացույցներին և իրավասու միջազգային մարմիններից մեկի որոշմանը կարող են հաջորդել ձերբակալությունների միջազգային օրդերները նախագահական ընտանիքի և նրա մերձավոր շրջապատի համար։ Բուլղարացի հետաքննող լրագրող Դիլյանա Գայթանջիևան հոդվածը հրապարակել է «Տրուդ» թերթում (www.trud.bg) և հանրության դատին է ներկայացրել ցնցող փաստեր ադրբեջանական Silk Way Airlines ավիաընկերության և ՌՕՈւ-ի՝ հանցավոր գործունեությանը մասնակցության մասին (առնվազն վերջին երեք տարիների ընթացքում)՝ օգտվելով դիվանագիտական «ծածկույթից»։ Խոսքը, կոնկրետ Բաքվի, բուլղարական հարավային սևծովյան Բուրգաս նավահանգստի և Սաուդյան Արաբիայի Էր Ռիադ ու Ջեդա քաղաքների միջև թռիչքների մասին է1։ Ի վերջո, զենքն ու զինամթերքը հայտնվել են «Ալ Քաիդայի» մասնաճյուղ «Ան Նուսրա ճակատի» (Ռուսաստանում արգելված) գրոհայինների կամ աֆղան թալիբների ձեռքում2։ Բուլղարիայից բացի զենք են արտահանել նաև հարևան Սերբիան, Ռումինիան ու Չեխիան։
Հայտնի է, որ Արևելյան Եվրոպայում այսպես կոչված «սոցիալիզմի շինարարության» ժամանակ հենց Չեխոսլովակիան, Հարավսլավիան, Ռումինիան և Բուլղարիան էին առաջ անցել իրենց «զինակից եղբայրներից» ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում։ Նրանց արտադրանքը մատակարարվում էր սեփական և Վարշավայի պայմանագրի երկրների բանակներին, գումարած մի երկու բանակ երրորդ աշխարհից, որոնք պայքարում էին ազգային ազատագրության համար և դիմակայում էին ՆԱՏՕ երկրների, Իսրայելի, ՀԱՀ ինտերվենցիաներին։ Համաշխարհային սոցիալիստական համակարգի փլուզումից հետո Վաշինգտոնի և Բրյուսելի խամաճիկները փորձեցին թուլացնել արևելաեվրոպական երկրների ռազմարդյունաբերական համալիրը։ Գործարանների մի մասը փակվեց, աշխատող անձնակազմը դարձավ գործազուրկ։ Ռազմական շատ ինժեներներ և ռազմագիտության մասնագետներ, աշխատանքը կորցնելով, տեղափոխվեցին այսպես կոչված «խուլիգան պետություններ», որոնք զենք արտադրող կադրերի պակաս ունեին՝ ԿԺԴՀ, Իրան, Իրաք, Լիբիա, Սիրիա, Վենեսուելա։ Նրանցից ոմանք ցայսօր աշխատում են այնտեղ։
Այժմ, պարզվում է, որ Արևելյան Եվրոպայի ռազմական գործարանները նույնպես դեմ չեն վաստակել ի հաշիվ խորհրդային արտոնագրով ստեղծված ժանգոտված արտադրանքի, անգամ եթե գնորդները ԻԼԻՊ արմատական իսլամիստներն են, «Ալ Քաիդան» «Ան Նուսրա ճակատը», թալիբները և այլն։
Լրագրողուհին նշում է, որ, օրինակ, վաճառվում է հակատանկային РПГ-7 նռնականետը։ Խոսքը խորհրդային նմուշի զենքի և զինամթերքի մասին է, որոնք ՆԱՏՕ ստանդարտներից դուրս են։ Սոֆիան, Բուխարեստը, Պրահան արդեն մտել են կազմակերպություն, Բելգրադը նույնպես ձգտում է այնտեղ՝ նախագահ Ալեքսանդր Վուչիչի և վարչապետ Աննա Բրնաբիչի իշխանության գալուց հետո։ Նրանք փողով ազատվում են ավելորդ զենքից (և իրենց էլ չեն մոռանում)։ Սևծովյան Բուրգաս նավահանգիստը, ինչպես և Բաքուն, փոխաբեռնման կետ էր հանդիսանում։
Լրագրողուհին ճշտում է, որ անանուն աղբյուրից ստացել է փաստաթղթեր։ Համաշխարհային փորձագետների կարծիքով, դրանց իսկությունը կասկածներ չի հարուցում։ Առայժմ այնքան էլ հասկանալի չէ, թե ում համար է աշխատում այդ անանուն աղբյուրը։ Եթե Դիլյանա Գայթանջիևայի ազատումը նրա հետաքննությունը դադարեցնելու պատճառ դառնա, մենք հազիվ թե իմանանք այդ մասին։ Նախ՝ Ադրբեջանի համբավն այս առումով նոր չէ և քաջ հայտնի է։ Երկրորդ՝ միանգամայն բնական են Բուլղարիայի, Ռումինիայի, Սերբիայի, Չեխիայի՝ «մեկ գնդակով երկու նապաստակ խփելու» փորձերը։ Մի կողմից՝ պահեստներն ու արտադրահզորություններն ազատում են ՆԱՏՕ պահանջներին համապատասխան վերակառուցվելու համար, մյուս կողմից՝ իրացնում են հին արտադրանքը, վճարում աշխատողների ուշացած աշխատավարձերը և, այդպիսով, թուլացնում սոցիալական լարվածությունն աշխատավորների ամենաորակյալ հատվածի շրջանում։ Այն, որ Դիլյանա Գայթանջիևան ճիշտ նշանակետին է խփել, անմիջապես պարզ դարձավ Սոֆիայում Ադրբեջանի դեսպանատան արձագանքից. դեսպան Նարգիզ Ակիֆ Գուրբանովան նամակ հղեց բուլղարական լրատվամիջոցներին, որում կոչ էր անում իշխանություններին հետաքննություն անցկացնել տեղեկատվության արտահոսքի հետ կապված։ Նա ընդունել է, որ դեսպանությունը ենթարկվել է կիբեռհարձակման և բուլղարական ինտերնետ-մատակարարին կոչ է արել հետևել այցելուների անվտանգությանը։ Այսպիսով, նա ընդունել է բացահայտումների ճշմարտացիությունը3։
Արդյունքում՝ Դիլյանա Գայթանջիևան ազատվեց աշխատանքից։ Թերթի սեփականատեր և գլխավոր խմբագիր Պետյո Բլիսկովը (անցումային շրջանի հայտնի և հարուստ բուլղարացի լրագրող, եղել է մի շարք թերթերի գլխավոր խմբագիր), հավանաբար, ստիպված էր դիմել իր համար դժվար այդ քայլին, որը վտանգում է սեփական և թերթի հեղինակությունը։ Հարց. ո՞վ է ստիպել նրան։ Նա շատ ազդեցիկ և ուժեղ մարդ է Սոֆիայում։
Փաստը, որ Պետյո Բլիսկովն արագ հարստացավ անցումային շրջանի սկզբում (մինչ առաջատար այլ լրագրողներ բառիս բուն իմաստով սովի էին մատնված), միանշանակ ցույց է տալիս, որ նա սերտ կապերի մեջ է բուլղարական հատուկ ծառայությունների հետ։ Այն ժամանակ նրանցից էր կախված տնաբույս միլիոնատերերի կայացումը։ Եվ թեև հիմա նա ու իր նմանները հիմնականում ինքնուրույն են դարձել, չի կարելի ասել, թե լիովին ազատագրվել են հետախուզության և հակահետախուզության գործընկերների ազդեցությունից։
Տողերիս հեղինակին ժամանակին Պետյո Բլիսկովի հետ ծանոթացրել է բուլղարական հակահետախուզության երկրորդ մարդ Ալեքսեյ Պետրովը։ Նրանք այն ժամանակ մտերիմ հարաբերությունների մեջ էին։ Դիլյանա Գայթանջիևայի խոսքերով (25.08.2017թ. «Շանթ» հեռուստատեսությանը տված հարցազրույցում)՝ նրան կանչել են հենց հակահետախուզություն և հարցաքննությունից հետո ստիպել (հավանաբար սպառնալով հետևանքներով) մինչև օրվա վերջ «Տրուդ»-ից ազատվելու դիմում ներկայացնել։ Նա արել է դա, որովհետև համոզված է եղել՝ պահանջը համաձայնեցված էր Պետյո Բլիսկովի հետ։
Տպավորում է այն, որ Դիլյանա Գայթանջիևայի ազատումն աշխատանքից տեղի է ունեցել նրա հրապարակումից մոտ 2 ամիս անց։ Այսինքն՝ խմբագրությունում և հակահետախուզությունում երկար են տատանվել, թե ինչպես վարվեն։ Եվ ի վերջո ազատել են նրան Սիրիա կատարելիք հերթական գործուղումից առաջ, որտեղ նա պատրաստվում էր հերթական մերկացնող փաստերը գտնել Արևելյան Եվրոպայի ռազմարդյունաբերական համալիրի ղեկավարների վերաբերյալ, որոնք մերձավոր և միջինարևելյան շուկայում սպառում են պահեստներում դեռևս պահպանված խորհրդային նմուշի հին զենքերը։ Ի դեպ, Գայթանջիևան ասում է, որ աշխատանքից ազատումը չի նշանակում, թե ինքը կդադարեցնի հետաքննությունը, նա, միևնույն է, կմեկնի Սիրիա՝ նոր կոմպրոմատ որոնելու հետխորհրդային և հետսոցիալիստական նոմենկլատուրայի հանցավոր գործունեության մասին, որը ճիշտ ժամանակին հասցրեց «դեմոկրատական հագուստով» հանդերձավորվել։ Հարցն այն է, թե կկարողանա արդյոք դուրս գալ Բուլղարիայից։
Ո՞վ ստիպեց Պետյո Բլիսկովին ազատել Դ.Գայթանջիևային հարցի ամենատրամաբանական պատասխանը տալիս է երևանցի սոցիոլոգ Արմինե Ադիբեկյանը։ Նա կարծում է, որ ադրբեջանական դեսպանությունը Սոֆիայում ճնշում է գործադրել Բուլղարիայի Հանրապետության արտգործնախարարության վրա։ Վերջինը դիմել է բուլղարական հակահետախուզությանը և պահանջել միջամտել «Տրուդ» թերթի խմբագրության աշխատանքին և ազատել տալ լրագրողուհուն։ Արմինե Ադիբեկյանի կարծիքով՝ այդ միջամտությունը լիովին համապատասխանում է Բաքվում կառավարող դիկտատուրայի ահաբեկչական բնույթին։ Բացի այդ, Ադրբեջանի դեսպանն այլ ընտրություն չուներ. Դ.Գայթանջիևայի հոդվածը նրան խիստ անշահավետ դրության մեջ էր դրել. հոդվածը ցույց է տվել, որ թե՛ դեսպանը, թե՛ Ալիևների ընտանիքը խառն են միջազգային օրենքներով հանցավոր համարվող գործունեությանը։
Հայ սոցիոլոգը կարծում է, որ ոչ ԱՄՆ-ում, ոչ Մեծ Բրիտանիայում, ոչ ԵՄ-ում քաղաքական գործիչները և դիվանագետները չեն կարող լրագրողների ազատել տալ աշխատանքից։ Ընդհակառակը, վտանգում են հայտնվել անախորժ իրավիճակի մեջ, որովհետև նման վարքագիծը կհամարվի նշված փաստերի հաստատում։ Բայց, նրա կարծիքով, Բուլղարիան ինչպես եղել, այնպես էլ մնացել է «խորհրդային 16-րդ հանրապետությունը», և այնտեղ նման բաներ պատահում են։ Նա վախենում է Դիլյանա Գայթանջիևայի համար՝ նրան իսկական հերոս և պրոֆեսիոնալ համարելով։
Իրականում բուլղար լրագրողուհին զբաղվել է ոչ թե «կանացի», այլ իսկական «տղամարդկային» թեմայով։ Հեղինակը լիովին համաձայն է Արմինե Ադիբեկյանի հետ, քանի որ սեփական դառը փորձն ունի՝ այդ դեսպանատան հետ կապված. դեսպան Նարգիզ Ակիֆ Գուրբանովան քանիցս սպառնացել և միաժամանակ կաշառք է խոստացել բուլղարական առաջատար լրատվամիջոցներին, որպեսզի դադարեն համագործակցել ինձ հետ, պահանջել է ինձ հեռացնել Բուլղարիայի ժուռնալիստների միությունից, հանել բոլոր հրապարակումները հայկական և արցախյան պարբերականներից և արգելել «Արևելքի սև այգին» վավերագրական ֆիլմի ցուցադրումը։
Նարգիզ Ակիֆ Գուրբանովան սպառնում է փակել տալ Բուլղարիայի համար «Հարավային գազային միջանցքը», եթե նշյալ լրագրողները շարունակեն իրենց պրոֆեսիոնալ գործունեությունը։ Նա, թերևս, չի հասկանում, որ նման պահվածքով կստիպի բուլղարական կառավարությանը՝ ամենաակտիվ ձևով աշխատել «Հարավային հոսք» նախագծի վերականգնման ուղղությամբ և երկիրը վերադարձնել ռուսական աշխարհաքաղաքական ազդեցության գոտի։ Այնքան էլ հասկանալի չէ՝ հասկանո՞ւմ են արդյոք Բաքվում, որ Սոֆիայի հետ հարաբերությունները խզելու սպառնալիքները շահավետ են միայն Մոսկվայի ու բուլղարա-ռուսական բարեկամության համար։ Կարծեմ թե՝ ոչ։
Երեք պետություն կա, որոնց չի բավարարում «Հարավային գազային միջանցքը»՝ Ռուսաստանի Դաշնություն, Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն։ Առաջինին՝ որովհետև ռուսաստանյան գազային մատակարարումները մրցակից կունենան, և այդ ժամանակ, հավանաբար, ստիպված կլինեն իջեցնել գինը։ Երկրորդին և երրորդին՝ որովհետև այդպիսով Ադրբեջանի Հանրապետությունը կկարողանա կանխել վերահաս տնտեսական ճգնաժամը և նորից գնել արդիական և որակյալ սպառազինություն՝ հայկական երկու բանակների դեմ պատերազմ վարելու համար։
Այնպես որ, Բաքվում պետք է լավ մտածեն «Հարավային գազային միջանցքը» փակել տալուց առաջ։ Դրանից կտուժի առաջին հերթին Ադրբեջանը։ Բայց Ադրբեջանում դրա մասին չեն մտածում, հավանաբար՝ որովհետև Ափշերոնում հիմա դրա ժամանակը չունեն. եթե Ինտերպոլը, Եվրոպոլը, ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Միջազգային դատարանը հաստատեն Դիլյանա Գայթանջիևայի հոդվածում գրվածը, Ադրբեջանի Հանրապետությունը կդառնա մարգինալ պետություն, նրա էլիտան կկործանվի, երկիրը կհայտնվի միջազգային մեկուսացման մեջ։ Ընդ որում՝ թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի ու Բրյուսելի կողմից։ «ԻԼԻՊ-ի դեմ մեծ կոալիցիան» կշրջվի Բաքվի դեմ։
Դ.Գայթանջիևան երկյուղում է, որ այս և նրա մյուս հրապարակումները կհանվեն «Տրուդ»-ի կայքից (www.trud.bg)։ Բայց այն արդեն պահպանվել և թարգմանվել է։ Այնպես որ, ինֆորմացիան կմնա։ Եվ հակառակ բուլղարական հակահետախուզության և ԱԳՆ այսօրվա ղեկավարների ջանքերի՝ այդ ինֆորմացիան Բաքվում կառավարողների հանցավոր գործունեության մասին արդեն հայտնի է աշխարհին։ Եվ վաղ թե ուշ շահագրգիռ միջազգային իրավական կառույցները կհետաքրքրվեն դրանով։ Մանավանդ որ հոդվածում գրվածը լոկ «սառցաբեկորի գագաթն» է։ Գուցե սա էլ ստիպել է Պետյո Բլիսկովին դիմելու փոխզիջումային քայլերի և հաշտեցման հայտարարությունների, ինչը երևում է սկանդալային www.afera.bg (Վառնա) կայքին տված հարցազրույցում4։ Այդ հարցազրույցն առաջ է բերել հարուստ լրագրողի հանդեպ թե՛ ծիծաղ, թեծ վրեժի զգացողություն վառնացիների շրջանում։ Հարցազրույցում նա պնդում է, որ լրագրողուհուն չի ազատել հետաքննություն անցկացնելու պատճառով, ընդհակառակը, պաշտպանում է նրան և կանգնած է նրա թիկունքին։ Մանավանդ որ նա ինքն է լրագրողուհուն Սիրիա ուղարկել։ Լրագրողուհին պետք է դիմեր իրեն ոստիկանության կամ հատուկ ծառայությունների հետ խնդիր ունենալու դեպքում, որովհետև, որպես գլխավոր խմբագիր, նա պետք է պաշտպաներ նրան ցանկացած պարագայում5։ Պետյո Բլիսկովն իբր չէր էլ իմանում, որ բուլղարական հակահետախուզությունը ստուգում էր հետաքննությունը։ Եվ շատ էր զարմացել, թե ինչու Գայթանջիևան իրեն չի տեղեկացրել, այլ անմիջապես այդ մասին գրել է իր ֆեյսբուքում6։ Ըստ Բլիսկովի՝ լրագրողուհին ազատման դիմում է ներկայացրել դեռևս հուլիսի սկզբին։ Եվ դա կապված չէր հետաքննության հետ, այլ հիմնված էր պրոֆեսիոնալ պատճառների վրա։ Նա ընդգծել է, որ ցայժմ ոչ մեկին չի ազատել և ոչ մեկին չի պատրաստվում ազատել հատուկ ծառայությունների ճնշման ներքո7։ Նա ակնարկել է, թե «Տրուդ» թերթում աշխատանքի երեք տարիների ընթացքում դա միակ հետաքննությունն էր, որն իրականացրել է լրագրողուհին։ Բայց քչերն են հավատում նրա արդարացումներին։
Գայթանջիևան շուտով նոր աշխատանք կգտնի, բուլղարական կամ արտասահմանյան ԶԼՄ-ում։ Տողերիս հեղինակը՝ նույնպես, եթե որոշ լրատվամիջոցներ սպառնալիքի ներքո դադարեն համագործակցել նրա հետ։ Ի դեպ, նման սպառնալիքներ և նախազգուշացումներ արդեն եղել են, թե, իբր, «եթե անմիջապես չդադարես զբաղվել այս թեմայով, ոչ միայն այլևս չես գրի, այլև քեզ Բուլղարիա էլ չեն թողնի»։ Բայց դեսպան Նարգիզ Ակիֆ Գուրբանովան շատ վատ դիվանագիտական համբավ ունի։ Եվ երբ նրա մանդատը Սոֆիայում ավարտվի, հազիվ թե այլ երկրի հավատարմագիր ստանա։ Թուրքիայից ու Հյուսիսային Կիպրոսից բացի։ Նրա գլխավոր գործն այն է, թե ինչպես կգնահատեն իր դժվարին աշխատանքը Բաքվի տերերը։ Ուստի, մինչև իր՝ Սոֆիայում գտնվելու ժամկետի ավարտը դեռևս պետք է շատ ջանքեր գործադրի։
1 http://www.lragir.am/index/rus/0/right/view/57696
2 Նույն տեղում։
3 Նույն տեղում։
4 http://www.afera.bg/вестник-труд-не-е-уволнил-диляна-га.htlm
5 Նույն տեղում։
6 Նույն տեղում։
7 Նույն տեղում։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ» ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԸ[08.12.2017]
- ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ[10.07.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ[24.01.2017]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ[08.12.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ[04.11.2015]
- ՍՈՖԻԱՅԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ[01.10.2015]
- ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ[02.09.2015]
- ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[11.06.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ[03.04.2015]
- ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ[27.03.2015]