
ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Գեորգի Կոլարով
Քաղաքական գիտությունների թեկնածու, Ժողովուրդների բարեկամության Ռուսաստանի ինստիտուտի դոկտորանտ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի (Երևան) և Տնտեսագիտական համալսարանի (Վառնա) դասախոս։
Մակեդոնիայի Հանրապետության խորհրդարանական ընտրությունների (2016թ. դեկտեմբերի 11) արդյունքները ցույց տվեցին, որ Մակեդոնական ներքին հեղափոխական կազմակերպություն-Մակեդոնական ազգային միաբանության դեմոկրատական կուսակցություն (ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ) դաշինքն ունեցել է ձայների 38%-ը, Մակեդոնիայի Սոցիալ-դեմոկրատական միությունը (ՄՍԴՄ)՝ 37%-ից պակաս։ Նրանց հաջորդում են խորհրդարան անցած ալբանական չորս կուսակցություններ։ Նոր խորհրդարանում ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ն ունի 51 պատգամավոր, ՄՍԴՄ-ն՝ 49, Ինտեգրման դեմոկրատական միությունը (ԻԴՄ)՝ 10, ալբանական նոր ԲԵՍԱ կուսակցությունը՝ 5, Ալբանացիների դաշինքը (ԱԴ)՝ 3, Ալբանացիների դեմոկրատական կուսակցությունը (ԱԴԿ)՝ 2։
2016թ. դեկտեմբերի 25-ին ՄՍԴՄ-ի օգտին Տեարցե գյուղաքաղաքում (որտեղ ընտրությունների ընթացքին հետևել է հոդվածագիրը) քվեարկել է 245 քաղաքացի, ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ի օգտին՝ 149, մեկական ձայն ստացել են ԻԴՄ-ն, ԱԴ-ն և ԱԴԿ-ն։ Սա նշանակում է, որ ալբանացի բնակչությունը քվեարկել է սոցիալ-դեմոկրատների օգտին՝ հեշտացնելու համար պահպանողական նացիոնալ-հայրենասերների հաղթանակը, որոնց կապում են Բուլղարիայի հետ1։ Ի դեպ, այնտեղ 2 քաղաքացի իրենց ձայնը տվել է բուլղարամետ ՄՆՀԿ-ի օգտին։
Ե՛վ ՄՆՀԿ-ականները, և՛ սոցիալ-դեմոկրատները (նախկին տիտոյականներ) իրենց հաղթող են հռչակել։ Սա ՄՍԴՄ-ի հետընտրական էժան հնարքն է։
Տեարցեում քվեարկությունից հետո սոցիալ-դեմոկրատների առաջնորդի՝ Զորան Զաևի կողմնակից Պետրե Շիլեգովը հայտարարեց, որ «ՄՍԴՄ-ն է կազմելու կառավարությունը»2։ Եվ ընտրություններից անմիջապես հետո սկսվեցին բանակցությունները խորհրդարանում չորս ալբանական կուսակցությունների հետ։
Կենտրոնական Եվրոպայի երեք երկրների արտգործնախարարները, որոնք պատասխանատու էին խորհրդարանական ընտրությունների օրինական անցկացման համար, շնորհավորեցին իրենց գործընկեր Նիկոլայ Պոպովսկուն (ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ) ընտրություններում հաղթանակ տանելու առիթով և հաջողություններ մաղթեցին մակեդոնական պետության ամբողջականության պահպանմանն ու հետագա եվրաինտեգրմանն ուղղված գործունեությունում։
Ավստրիացի Սեբաստիան Կուրցը, հունգարացի Պետեր Սիյարտոն և սլովենացի Կառլ Երյավեցը համոզմունք հայտնեցին, որ ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ն պետք է կազմի Սկոպիեի նոր կառավարությունը։ Սա տրամաբանական է՝ նկատի ունենալով ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ի և այն երկրների կառավարող կուսակցությունների գաղափարական պլատֆորմների մերձությունը, որոնք պահպանողականության, չափավոր նացիոնալիզմի կողմնակից են։ Սա է ցանկանում բուլղարական ծագում ունեցող մակեդոնական քաղաքացիների մեծ մասը։ Որովհետև ՄՆՀԿ-ն հաղթել է նախևառաջ այն շրջաններում, որոնցում բուլղարերենի մակեդոնական բարբառը մայրենի է տեղի գրեթե բոլոր բնակիչների համար։ Իսկ ՄՍԴՄ-ն հաղթել է այնտեղ, որտեղ խառը կամ զուտ ալբանական (կամ թուրքական, գնչուական, կամ պոմակ, այսինքն՝ բուլղար մուսուլմաններ) բնակչությունն է գերակշռել։
Անկախ դիտորդների կարծիքով՝ ՄՍԴՄ-ն գնել է ալբանացիների ձայները (70-80 հազար)։ Սրանով է պայմանավորված Զորան Զաևի համոզվածությունը՝ իշխանությունից հեռացնելու ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ն։
Արդյո՞ք կիրականանան կենտրոնաեվրոպական նախարարների ցանկությունները երկրի ամբողջականության և եվրաինտեգրման առումով։ Քանի որ, ի հեճուկս արդեն տասներորդ ընտրական հաղթանակի, նախկին վարչապետ Նիկոլա Գրուևսկու կուսակցությունը հազիվ թե պահպանի այն բոլոր տարածքները, որոնք մտնում են Մակեդոնիայի Հանրապետության մեջ։ Հակառակ այն բանի, որ երկրի ալբանական բնակչությունն արագ նվազում է Արևմուտք արտագաղթելու պատճառով, էթնիկ բուլղարները վաղուց հեռացել են երկրի հյուսիս-արևմուտքից և վերադառնալու մտադրություն չունեն։ Ընդհանուր առմամբ, ալբանացիները հարևան բոլոր պետություններում բարձր ծնելիությամբ են աչքի ընկնում և Մակեդոնիայի հաջորդ փլուզման ժամանակ վերաբնակեցման «ցունամի» կառաջացնեն։
Ալբանական քվոտան խորհրդարանական ընտրություններում պարտություն կրեց, և դա ընդունեցին նաև ԻԴՄ և ԱԴԿ առաջնորդները (Ալի Ահմեթին և Մենդուհ Թաչին)։ Երկրորդն ընդունեց պարտությունը և հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ խորհրդարանի մյուս ալբանական կուսակցությունները կօգտվեն ԱԴԿ աջակցությունից։ Իսկ առաջինն ասաց, որ իր կուսակցության հաղթանակը (երրորդ տեղ) իրեն չի ուրախացնում, որովհետև ալբանացի պատգամավորների թիվն այս խորհրդարանում քիչ է։ Ալբանացիներն, ըստ էության, կազմում են երկրի բնակչության 25%-ը, որքան էլ որ նրանք ցանկանան մեծամասնություն լինել։ Ալբանական չորս կուսակցությունների նախագահները համատեղ խորհրդակցություններ են անցկացրել ՄՆՀԿ-ՄԱՄԴԿ-ի և ՄՍԴՄ-ի հետ կոալիցիա ստեղծելու շուրջ՝ ներկայացնելով իրենց պահանջները. պետական կարգավիճակ տալ ալբաներենին, այն օգտագործել գործավարության մեջ, ուսուցանել բոլոր դպրոցներում։
Մյուս պահանջները սոցիալ-տնտեսական են (բյուջեի հավասար բաշխում և այլն)։ Շատ վերլուծաբանների կարծիքով՝ այս պահանջները կարագացնեն մակեդոնական պետականության փլուզումը։ Մանավանդ որ դրանք ընդունվել են Տիրանայում, որտեղ չորս խորհրդարանական ալբանական կուսակցությունների առաջնորդները հանդիպել են Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ։ Նա էլ հենց պարտադրել է նրանց միավորվել։
Մակեդոնիայի Հանրապետությունը ԵՄ թեկնածու միակ պետությունն է, որը դեմ է քվեարկել հակառուսական պատժամիջոցներին և վիզային ռեժիմ չի մտցրել Ռուսաստանի Դաշնության հետ։ Եվ չի անի դա, քանի որ տուրիզմի զարգացման հեռանկարները հրապուրում են ոչ հարուստ ուղղափառ ռուսական ընտանիքներին, որոնց համար մեծ նշանակություն ունի այն, որ 1917թ. հետո բոլշևիկների կողմից վտարված շատ ռուս վանականներ ապաստան են գտել Մակեդոնիայի Հանրապետության ներկայիս տարածքում գտնվող վանքերում։ Նրանց վանական կենտրոնը Լեշոկն է։
Ե՛վ այստեղ, և՛ այլ վանքերում նրանք ապրել և աշխատել են պատերազմից հետո։ Ռուսաստանի դեսպան Օլեգ Շչերբակը կարծում է, որ «Մակեդոնիան «մեր բնակության ծիրն» է, բնական միջավայր տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության աճի և բազմապատկման համար»3։ «Մակեդոնացիների համար գաղտնիք չէ, որ ԵՄ մտնելը ստանդարտ պայմաններով կհանգեցնի տեղի գյուղատնտեսության վերացմանը, քանի որ այն չի դիմանա այնպիսի հսկաների հետ մրցակցությանը, ինչպիսին են Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան։ Դա արդեն տեղի է ունեցել հարևան Բուլղարիայում, որտեղ շուկան լցված է թուրքական և ԵՄ ապրանքներով»4,- ասել է նա։ Նրա գործընկերը՝ Մոսկվայում Մակեդոնիայի Հանրապետության դեսպան Գոցե Կարայանովը, նշում է. «Մեզ ուրախացնում է, որ մշտապես աճում է ապրանքաշրջանառությունը, բացվում են նոր ուղղություններ առևտրի մեջ։ Անցած տարի Մակեդոնիան հնարավորություն ստացավ Ռուսաստան արտահանել կաթ և կաթնամթերք։ Համագործակցության երկու տարում մեծ առաջընթաց է տեղի ունեցել. եթե մինչ այդ արտահանումը Ռուսաստան կազմում էր 8-10 մլն եվրո, ապա այժմ մենք կարող ենք խոսել 50-60 մլն-ի մասին, իսկ առաջիկայում նախատեսում ենք այն հասցնել մինչև 100 մլն եվրոյի, ինչը մեր փոքր երկրի համար էական թիվ է»5։ Մնում է ավելացնել, որ Մոսկվայի սերբական ռեստորաններում առաջարկում են մակեդոնական Կավադարցի քաղաքում արտադրված գինի։ Այն Մոսկվա են հասցնում բուլղարական բեռնատարները։
Ռուսական «Սինթեզ գրուփ» շինարարական կոնցեռնը նորոգել է 2009թ. կառուցված մի էլեկտրակայան Վոդնո լեռան վրա, որը Օ.Շչերբակն անվանում է Սկոպիեի այցեքարտ6։ Պետք է նշել, որ «Սինթեզ գրուփը» Սկոպիեի մոտ կառուցել է նաև հզոր գազատուրբինային կայան, որը լիովին բավարարում է Մակեդոնիայի մայրաքաղաքի էլեկտրաէներգիայի և ջեռուցման պահանջարկը։ Այն աստիճանաբար անցում է կատարում ռուսական գազին։ Նիկոլա Գրուևսկու վարչապետության օրոք ռուսական ընկերություններն այստեղ աշխատում են ամբողջ թափով։ Պատահական չէ, որ նա սկզբում ցանկություն էր հայտնել իր երկրում տեսնել «Թուրքական հոսքը», թեև հետագայում հրաժարվեց այդ մտքից Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո։
2017թ. փետրվարի 7-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը ցնցեց Բալկանյան թերակղզու բոլոր երկրների քաղաքական կյանքը. ամերիկացի կոնգրեսական Դեյնա Ռորաբեքերը ալբանական «Վիզիոն+» հեռուստաալիքին տված հարցազրույցում առաջին հայացքից սկանդալային հայտարարություններ արեց, որոնք, սակայն, նախ, ճշմարտացի փաստարկներ և կանխատեսումներ են պարունակում, երկրորդ՝ արտացոլում են Վաշինգտոնի նոր՝ հանրապետական վարչակազմի իրական տեսակետը։ Նա ասել էր, թե «Մակեդոնիան պետություն չէ։ Ցավում եմ, բայց դա պետություն չէ։ Մարդիկ այնտեղ այնպես մասնատված են, որ երբեք միասին ընթանալ չեն կարող։ Այնպես որ, կոսովցիները և ալբանացիները պետք է դառնան Կոսովոյի մասը, մնացածը պետք է դառնան Բուլղարիայի մասը, այն երկրի, որի հետ մարդիկ իրենց կապված են համարում»7։
Նա նաև այն կարծիքին է, որ գաղափարը, թե «Մակեդոնիան կպահպանվի, որովհետև 30 տարի առաջ ինչ-որ մեկն այնպես է որոշել, թե դա կլինի այն կոնֆիգուրացիան, որը պետք է գոյանա Հարավսլավիայի փլուզումից հետո, բանական բացատրություն չունի, թե ինչու պետք է այդպես լինի»8։
Դեյնա Ռորեբեքերն ասել է, որ աշխարհի այս հատվածը՝ Բալկանները, մտնում է վերլուծությունների և կանխատեսումների իր իրավասությունների մեջ և հավաստիացրել է, որ առաջիկա ամիսներին նախաձեռնելու է Բալկաններում սահմանների վերաձևման քննարկումներ, որոնք պետք է խաղաղություն բերեն «վառոդի տակառի» վրա նստած երկրներին ողջ Եվրոպայի համար»9։
Նա նաև ալբանացի լրագրողներին հայտնել է, որ «ՆԱՏՕ-ն սպառել է իրեն, ժամանակն է ձևավորել նոր դաշինքներ։ Այսօր Ռուսաստանը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում ավելին է անում, քան մեր դաշնակիցները Եվրոպայում՝ օգնելու համար ԱՄՆ-ին ոչնչացնել արմատական իսլամիզմը։ Թուրքիան ՆԱՏՕ-ում տեղ չունի։ Եթե Թուրքիայի նախագահ Էրդողանը կարծում է, թե կարող է մշտապես քննադատել Արևմուտքին՝ ոչնչով չօգնելով իսլամական ահաբեկիչների դեմ պայքարում, այդ ժամանակ Թուրքիան հանգիստ կարող է դուրս գալ ՆԱՏՕ-ից»10։
Դեյնա Ռորեբեքերն իսկական խուճապ առաջացրեց Սկոպիեում, առաջ բերեց Սոֆիայի բուռն և Տիրանայի ու Պրիշտինայի զուսպ արձագանքը։ Մակեդոնական գլխավոր քաղաքական ուժերը՝ ՄՆՀԿ-ն և ՄՍԴՄ-ն, հանդիպումներ ունեցան օտարերկրյա այն դեսպանների հետ, որոնք ներկայացնում են ԱՄՆ-ին հակակշիռ պետությունները մակեդոնական տարածքում արտաքին ուժերի դիմակայությունում։ Նիկոլա Գրուևսկին խոսել է Թուրքիայի դեսպան Էրքալ Քարայի հետ, իսկ Զորան Զաևը հանդիպել է Օլեգ Շչերբակի հետ։ Ամերիկացի կոնգրեսականի կանխատեսումները կարող են իրականանալ արդեն առաջիկայում։ Ռուսաստանի դերը մակեդոնական ճգնաժամի լուծման գործում կարող է առանցքային լինել11։
Սոֆիայում բոլոր լրատվամիջոցները հրապարակել են ամերիկացի կոնգրեսականի հարցազրույցին նվիրված վերլուծություններ։ Ընդհանուր կարծիք է հայտնել մակեդոնական հարցի հայտնի գիտակ, սփյուռքի նախկին նախարար, Ազգային պատմական թանգարանի տնօրեն, պրոֆեսոր, պատմագիտության դոկտոր Բոժիդար Դիմիտրովը։ Նա հույս է հայտնել, որ Մակեդոնիայի Հանրապետությունը կպահպանի իր սահմանները ներկայիս տարածքում, բայց կթեքվի դեպի իր բուլղարական «բնույթը»՝ վերածվելով երկրորդ բուլղարական պետության։ Միևնույն ժամանակ, նա հասկանալ է տվել, որ ըմբռնումով է վերաբերվում ամերիկյան կոնգրեսականի կանխատեսմանը, որը չի կարող ողջունել արհեստածին այդ կազմավորումը, որը ստեղծվել է «20-րդ դարի 30-ականների Կոմինտերնի բալկանյան քարտուղարության կողմից»12։
Տիրանայում և Պրիշտինայում տեղական լրատվամիջոցների արձագանքը լուրջ էր։ Իսկ քաղաքական գործիչները և դիվանագետները ձևացնում են, թե ոչինչ չի պատահել. բոլորին էլ պարզ է, որ վաղ թե ուշ Մակեդոնիայի Հանրապետության հյուսիսարևմտյան մասը հայտնվելու է իրենց ձեռքում։ Ուստի, նախընտրում են չաղմկել։
Պետք է նկատի ունենալ, որ Դեյնա Ռորեբեքերը հավակնում էր պետքարտուղարի պաշտոնին։ Ռեքս Թիլերսոնի ընտրությունը բացատրվում է նրանով, որ Դոնալդ Թրամփի համար շատ ավելի կարևոր են հարաբերությունները Ռուսաստանի հետ, քան թե Բալկաններում հերթական արյունահեղությունը կանխելը։ Սակայն դա չի նշանակում, թե չի լսում կալիֆորնիացի կոնգրեսականի կարծիքը և հաշվի չի առնում նրա տեսակետները։ Ըստ երևույթին, Սպիտակ տունն առաջիկայում կկողմնորոշվի բալկանյան քաղաքականության հարցում։ Առայժմ ակնհայտ է մի բան. Մակեդոնիայի բուլղարական և ալբանական համայնքներն ամեն օր ապացուցում են, որ չեն կարող ապրել ընդհանուր պետությունում։ Երկրի բաժանումն անխուսափելի է13։
Քանի որ ընտրություններում հաղթանակած ՄՆՀԿ-ՄԱՀԴԿ-ն չկարողացավ կառավարություն կազմել, դրան ձեռնամուխ եղավ ՄՍԴՄ-ն։ Դրա առաջնորդ Զորան Զաևն ունի ԻԴՄ աջակցությունը և կարողացավ մանդատ պահանջել։ Նախագահը՝ ՄՆՀԿ-ՄԱՀԴԿ-ական Գեորգի Իվանովը, մերժում է նրան՝ փաստարկելով, որ դա թույլ չի տալիս Սահմանադրությունը։ «...Ես չեմ կարող մանդատ տալ նրան, ով սպառնում է Մակեդոնիայի ինքնիշխանությանը... Ալբաներենը կդառնա պաշտոնական և կսկսվի միասնական պետության փլուզումը... 2016թ. դեկտեմբերի 11-ի ընտրություններից հետո օտար պետությունը և նրա վարչապետն ուղղակիորեն միջամտում են երկրի ներքին գործերին։ Արտասահմանում կազմվել է այսպես կոչված «ալբանական պլատֆորմ»։ Դա նշանակում է Մակեդոնիան պատանդ դարձնել օտար պետության ձեռքում։ Ես հույս ունեմ, որ մակեդոնական քաղաքական կուսակցությունները միասին կքննարկեն նման վարքագիծը»14։
Զ.Զաևը հրապարակավ մեղադրեց Գ.Իվանովին պետական հեղաշրջում իրականացնելու մեջ։ ԵՄ առաջատար երկրների դեսպանները պահանջեցին նախագահից վերանայել իր որոշումը։ Նա, սակայն, ունի Սոֆիայի ՄՆՀԿ առաջնորդ, նոր փոխվարչապետ և Բուլղարիայի Հանրապետության պաշտպանության նախարար Կրասիմիր Կարակաչանովի աջակցությունը15։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հայրենակիցները Մակեդոնիայի Հանրապետությունում, որոնցից շատերը Բուլղարիայի քաղաքացիներ են, ապրեն խաղաղ և վստահ իրենց երեխաների ապագայի համար։ Թույլ չենք տա, որ որևէ մեկը նրանց ենթարկի ագրեսիայի և վտանգի ու միշտ պատրաստ ենք պաշտպանել նրանց»,- ասել է նա16։
Նրան իր պաշտպանությունն է հայտնել քաղաքագետ Դիմիտր Գանևը. «Բուլղարական իշխանությունները պետք է հստակ դիրքորոշում հայտնեն հարևան Մակեդոնիայի ճգնաժամի հետ կապված... Շատ ծանր ճգնաժամ, երբ կարող է հարցականի տակ դրվել այդ պետության ամբողջականությունը»17։
Այս դժվարին իրադրությունում Սկոպիե այցելեց Ֆեդերիկա Մոգերինին (Բելգրադից հետո)։ Նա հանդիպել է ՄՆՀԿ-ՄԱՀԴԿ ղեկավարների հետ, որոնք դժգոհություն են հայտնել Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի ճնշման տակ ընդունված պլատֆորմից, «որը բացասական հետևանքների կհանգեցնի հարևան պետության ներքին գործերին կոշտ միջամտության պատճառով»18։
Ֆ.Մոգերինիի հետ զրույցի ժամանակ ՄՆՀԿ ղեկավարները հաստատել են իրենց դիրքորոշումը. «կայունության և քաղաքական ճգնաժամը հաղթահարելու լավագույն միջոցը արագ ընտրություններն են»19։
Հասկանալով, որ այս ամենը կարող է սրել հակաալբանական տրամադրություններ, հաջորդ օրը ԻԴՄ ղեկավարությունը խորհրդակցություն է հրավիրել և որոշել, որ լինելու է նոր կառավարության մաս՝ մեծամասնություն կազմելով։ Ուստի պահանջում են, որպեսզի նախագահ Գ.Իվանովը մանդատ տա Զ.Զաևին20։
2017թ. ապրիլի 3-ին Սկոպիե ժամանեց նաև Դոնալդ Տուսկը։ Նա հանդիպում ունեցավ նախագահ Գ.Իվանովի հետ՝ փորձելով փոխզիջումային տարբերակ գտնել։ Դրանից հետո նա մեկնեց Սոֆիա՝ ստանալու համար Բուլղարիայի նախագահի և կառավարության աջակցությունը։
Բուլղարացի հայտնի դիվանագետ, հետախույզ Վելիզար Ենչևը հետաքրքիր եզրակացություն է արել. «1944թ. սեպտեմբերից հետո մարշալ Տիտոյի դրածո մակեդոնական ղեկավարները երկու զուգահեռ քաղաքական գիծ են անցկացնում Վարդարյան Մակեդոնիայում՝ նշանավոր բուլղարացիների ֆիզիկական բնաջնջում և մակեդոնական ազգի ու լեզվի վարչական պարտադրում։ Դա արվում էր Պետական անվտանգութթյան վարչության և Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գաղափարախոսական հանձնաժողովի ցուցումով. այստեղ վճռական խոսքը պատկանում է բացառապես սերբ ազգային կադրերին։
Նոր ազգը սեփական քաղաքակրթական ռեսուրս չունի, ուստի կառուցվում է ուրիշի պատմական նվաճումների վրա։ Իսկ նոր լեզուն (բուլղարերենի հարավարևմտյան բարբառը) ենթարկվում է սերբացման... Աշխարհագրական պատկանելությունը (մակեդոնացի) արհեստականորեն հակադրվում է սլավոնների բուլղարական ազգային պատկանելությանը Վարդարյան Մակեդոնիայում»21։
Ապրիլի 1-ին Բոժիդար Դիմիտրովը կատակել էր, թե առաջարկություն է ստացել գլխավորել մակեդոնական կառավարությունը և համաձայնել է՝ պայմանով, որ ընդունվի մակեդոնական պետության բուլղարական բնույթը։ Այն իմաստով, որ Մակեդոնիայի Հանրապետությունը պաշտոնապես դառնա բուլղարական երկրորդ պետությունը։ Կատակը շատ հաջող ստացվեց, Սոֆիայում և Սկոպիեում բավական ծիծաղեցին, բայց դա վերջին ուրախ օրն էր երկար ժամանակի համար։
Հետո արդեն կատակելու ժամանակը չէր. ապրիլի 27-ին բուլղարական ծագման մակեդոնացիները գրոհեցին խորհրդարանը և ծեծեցին սոցիալ-դեմոկրատների առաջնորդներին այն բանի համար, որ նրանք պատրաստակամություն էին հայտնել կառավարություն կազմել ալբանական չորս կուսակցությունների հետ։ Պահանջվում էր ներքին գործերի նախարար Ագիմ Նուխիուի հրաժարականը։ Բախումների կոնկրետ առիթ էր հանդիսացել խորհրդարանի նախագահի ընտրությունը (էթնիկ ալբանացի Թալաթ Ջաֆերի)։ Նրա ընտրությունը խորհրդարանի նախագահի պաշտոնում կատարվել էր կանոնադրության խախտմամբ։
Այս ամենին գումարվում էր նաև այն, որ պահանջվում էր ալբաներենը բարձրացնել պաշտոնական լեզվի մակարդակի, փոխել ազգային խորհրդանշանները՝ դրոշ, օրհներգ և այլն, բացի այդ, պահանջվում էր, որպեսզի ալբանական կուսակցությունները մասնակցեն Հունաստանի հետ հանրապետության անվան վերաբերյալ վարվող միջպետական բանակցություններին։ Հույները «Մակեդոնիա» անունը համարում են իրենց պատմական ժառանգությունը և արգելափակում են Մակեդոնիայի մուտքը եվրոպական և համաշխարհային կազմակերպություններ։
Այդ օրերի իրադարձությունները ցույց տվեցին, որ մակեդոնական բուլղարները լիովին չեն կորցրել ինքնապահպանման բնազդը և 2001թ. գարնան պատերազմը նրանց շատ բան է սովորեցրել։ Եվ հիմա նրանք պատրաստ են պաշտպանել իրենց պետության մնացորդները երկրի հյուսիս-արևմուտքում նոր հողեր կորցնելու վտանգի առջև։ Այնտեղ արդեն, առնվազն, երեք պատմական բուլղարական քաղաքներում՝ Տետովոյում, Դեբրում, Գոստիվարում, միայն ալբանացիներ են ապրում։ Էթնիկ բուլղարները 20-րդ դ. մեկնել են ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա։ Հարցականի տակ է նաև երկու այլ քաղաքների՝ բուլղարական պատմության մեջ հատուկ տեղ ունեցող Ստրուգայի և Կիչևոյի պետական պատկանելության հարցը։
ՄՆՀԿ ղեկավարները և շարքային ընդվզողները զայրացած են այն փաստից, որ ալբանական չորս կուսակցությունների առաջնորդները խորհրդարանական ընտրություններից առաջ եղել են Տիրանայում, որտեղ Էդի Ռաման թելադրել է նրանց «Տիրանայի պլատֆորմը», որը միավորում է նրանց Սկոպիեի մյուս քաղաքական ուժերի դեմ։ Դա չեն նկատում, սակայն, ԵՄ, ԱՄՆ, Կանադայի դեսպաններն ու տեղի և օտարերկրյա լրատվամիջոցները, որոնք ֆինանսավորվում են ՋորջՍորոսի «Բաց հասարակություն» հիմնադրամի կողմից։ ԵՄ երկրներից միայն Հունգարիան և Հունաստանն են պաշտպանել Գրուևսկուն Սորոսի և նրա հիմնադրամի դեմ պայքարում։ Տիրանայի և Պրիշտինայի տարածքային և աշխարհաքաղաքական նկրտումների հանդեպ համակրանքի մեծացումը Արևմտյան Եվրոպայում մտահոգիչ է։ Դրան զուգահեռ, մեծանում են ալբանական մաֆիայի հնարավորությունները Գերմանիայում, Շվեյցարիայում և այլուր։ Արևմտյան հատուկ ծառայությունների տվյալներով՝ ալբանացիներն ունեն զենքի և թմրանյութերի թրաֆիկ, վարձու մարդասպաններ և այլն։ Գաղտնիք չէ նաև, որ Սիցիլիայի մաֆիայում նույնպես էթնիկ ալբանացիներ կան։
Ի տարբերություն չորս ալբանական կուսակցությունների միասնականության, ՄՆՀԿ և ՄՍԴՄ առաջնորդները միմյանց մեղադրում են հնարավոր բոլոր մեղքերի մեջ։ Գրուևսկուն անվանում են Մոսկվայի գործակալ, միայն այն բանի համար, որ համաձայնել է կառուցել «Թուրքական հոսքը» մակեդոնական տարածքում և թույլ է տվել ներդրումներ անել «Ինեժվեստ Գրուփ» հոլդինգին։ Իսկ Զորան Զաևին մեղադրում են Արևմուտքին ծառայելու մեջ. նա, ինչպես և նախկին նախագահ Բորիս Տրայկովսկին, Ստրումիցա քաղաքից է՝ Բուլղարիայի հետ սահմանին։ Ժամանակին տեղի բուլղարները զանգվածաբար բողոքականություն ընդունեցին, որպեսզի դիմակայեն հելլենացման փորձերին։ Ե՛վ նրանք, և՛ նրանց սերունդները իրենց հայացքն ուղղել են անգլոսաքսոնական երկրներին։ Թե՛ Զ.Զաևը, թե՛ այժմ հանգուցյալ Բ.Տրայկովսկին դաստիարակվել են Վաշինգտոնին և Բրյուսելին հավատարիմ ծառայելու ոգով։
Մակեդոնական բուլղարների համակրանքը Ռուսաստանի հանդեպ խիստ անհանգստացնում է ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայություններին։ Եվ նրանք հակամիջոցներ են ձեռնարկում. լոնդոնյան «Սանդի Թայմս» թերթում (2017թ. մայիսի 2 և 7) Բոյան Պանչևսկի ստորագրությամբ հոդվածներ են լույս տեսել՝ նվիրված Մակեդոնիայում Կրեմլի գործունեությանը։ Աչքի է զարնում վերնագիրը. «Ենթարկվիր Ռուսաստանին կամ տառապիր»։ Հոդվածը գրված է այն ոգով, թե, իբր, Ռուսաստանն ագրեսիայով և ուժով ջանում է հաստատվել ամբողջ Բալկաններում, այդ թվում և փոքրիկ Մակեդոնիայում, և ամեն բան անում է ջուրը պղտորելու համար, որպեսզի «պղտոր ջրում ձուկ որսա»։ Ռուսաստանի ԱԳՆ և Սկոպիեում ՌԴ դեսպանության արձագանքը միանշանակ էր. Մակեդոնիայում լարվածության միակ մեղավորը Արևմուտքն է, որտեղից էլ մշտապես մեղքը հիվանդ գլխից առողջի վրա են բարդում։ Դժվար չէ գտնել այնպիսի հեղինակների, ինչպիսին Բոյան Պանչևսկին է, որոնք պատրաստ են դիմակայել բուլղարա-ռուսական բարեկամությանն ու եղբայրությանը։ Մակեդոնիայում դա շատ ավելի հեշտ է. մակեդոնական բուլղարներն իրենց ազատությունը չեն ստացել 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմի արդյունքում և նրանց համար Սան Ստեֆանոյի 1987թ. մարտի 3-ի պայմանագիրը հազիվ թե շատ բան նշանակի։ Մակեդոնական բուլղարները թուրքերից ազատագրվել են միայն 1912թ. և անմիջապես ընկել սերբական ու հունական ստրկության տակ (ոչ առանց Նիկոլայ Երկրորդի մասնակցության)։ Ուստի, հեշտ է վիրավորվել, երբ խեղաթյուրում են նրանց պատմությունն ու ներկան։
Արդեն քառորդ դար նրանց միակ ելքը մնում է բուլղարական քաղաքացիություն ստանալը. մոտ 1.250.000 էթնիկ բուլղարներից Մակեդոնիայում 250.000-ը կամ արդեն ձեռք է բերել բուլղարական անձնագրեր, կամ պատրաստվում է անել դա։ Այսինքն՝ այնտեղ չկա ընտանիք՝ առանց Մայր Հայրենիքի քաղաքացու։
1 http://www.dnevnik.mk/default.asp 25.12.2016. 23:12
2 http://www.utrinski.mk/default.asp 25.12.2016. 22:08
3 MJ#03/2016, Москва, с. 65.
4 Նույն տեղում, с. 66.
5 Նույն տեղում, с. 86.
6 Նույն տեղում, с. 66.
7 http://www.vmro.bg/американски-конгресмен-предлага-разделяне-на-македония-между-българия-и-албания/07.02.2017.
8 Նույն տեղում։
9 Նույն տեղում։
10 Նույն տեղում։
11 http://www.news.bg/columnists/rorabeykar-si-igrae-s-oganya-koy-shte-go-gasi-posle.html
12 http://www.news.bg/your-voice/no-zashto-da-ya-delim-tazi-pusta-makedoniya-pita-bozhidar-dimitrov.html
13 http://www.eadaily.com/ru/news/2017/02/10/bolgaria-i-kosovo-razdelyat-makedoniyu-kontury-novoy-balkanskoy-politiki-ssha
14 http://www.standartnews.com/svyat-europe/george-ivanov-otkaza-da-vrachi-mandat-na-opozitsiyata-350431.html
15 http://www.news.bg/politics/vmro-zove-makedoniya-da-ne-dopuska-albanskiya-kato-vtori-oficialen-ezik.html
16 Նույն տեղում։
17 http://www.news.bg/politics/vlastite-ni-da-izlyazat-s-yasna-pozitsiya-po-makedoniya-prizova-politologat-dimitar-ganev.html
18 http://www.dnevnik.mk/default.asp 02.03.2017 18:00
19 Նույն տեղում։
20 http://www.utrinski.mk/default.asp 04.03.2017 01:15
21 Велизар Енчев, Аз бях в разузнаването. София, 2014, «Изток-Запад», с. 289.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- «ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԼՎԱՑՔԱՏՈՒՆԸ» ԵՎ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՁԱԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՀԸ[08.12.2017]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՖԻԱՅՈՒՄ՝ ԶԵՆՔԻ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ[03.10.2017]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ[24.01.2017]
- ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ[08.12.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՄՈՒՆԻՑԻՊԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ՀԱՐԱՎԱՅԻՆ ՀՈՍՔ» ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԸ[04.11.2015]
- ՍՈՖԻԱՅԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ[01.10.2015]
- ԴԵՖՈԼՏԸ ԵՎ ՀԱՆՐԱՔՎԵՆ ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ. ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԲԱԼԿԱՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶՈՒ ՄՅՈՒՍ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ[02.09.2015]
- ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ «ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀՈՍՔԻ» ՃԱՆԱՊԱՐՀԻՆ[11.06.2015]
- ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ[03.04.2015]
- ՈՉ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՂԱՆԴՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎՐԱ. ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ՓՈՐՁԸ[27.03.2015]