• am
  • ru
  • en
Версия для печати
27.06.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՄԱՅԻՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

Ադրբեջանի արտաքին հարաբերություններում հետզհետե ավելանում է ռազմական համագործակցության բաղադրիչը, ինչը հատկապես նշանակալի է դառնում ԱՀ ավանդական գործընկեր երկրների հետ կապերում։ Սեփական ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ՝ ԱՀ-ը փորձում է ռազմական համագործակցության, այդ թվում համատեղ զինավարժությունների, կրթական ծրագրերի և սպառազինությունների գնման միջոցով բարձրացնել ԱՀ ԶՈւ պատրաստվածության մակարդակը և ապահովել տեխնիկական հագեցածությունը։ Ռազմական համագործակցությունը նպաստում է նաև գործընկեր երկրների հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը։

Ռազմական համագործակցություն. Մայիսի կեսերին ԱՀ Գաբալա քաղաքում կայացել է Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը, որի ընթացքում կողմերը շեշտել են տարածաշրջանում կայունության պահպանման ուղղությամբ, ինչպես նաև ռազմական կրթության և կիբեռանվտանգության բնագավառներում եռակողմ համագործակցության կարևորությունը: Համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպման անցկացման վերաբերյալ, որը կկայանա այս տարվա հուլիսին Վրաստանի Բաթում քաղաքում։

Վրացական կողմը համագործակցություն է առաջարկել կողմերին այն նախագծերում, որոնք իրականացվում են Վրաստանում ՆԱՏՕ օգնությամբ, իսկ ավելի ուշ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ Վ.Կապանաձեն հաստատել է 2017թ. ամռանը Վրաստանի տարածքում Ադրբեջանի և Թուրքիայի հետ համատեղ զորավարժության անցկացման մասին ձեռք բերված համաձայնությունը։

Վրաստանի իշխանությունները հակված են այն կարծիքին, որ ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների սերտացման, հետագայում նաև անդամակցության համար անհրաժեշտ է մեծացնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը։ Այս համատեքստում Թուրքիայի դերակատարությունը շեշտելու նպատակով Վրաստանի պաշտպանության նախարար Թ.Խիդաշելին հայտարարել է, թե «Թուրքիան ՆԱՏՕ անդամ երկրներից միակն է, որն անվերապահորեն կողմ է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի ինտեգրմանը»: Հաշվի առնելով նաև Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունները, Վրաստանի և Ադրբեջանի ռազմավարական գործընկերությունը՝ նշված երեք երկրների միջև ուրվագծվում են ռազմական սերտ եռակողմ համագործակցության կայուն հիմքեր, ինչին նպաստում են նաև այլ երկրների կողմից տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազեցման ուղղությամբ գործադրված ջանքերը։

Թուրքիայի հետ զարգացող ռազմական համագործակցության համատեքստում կարելի է դիտել Իզմիր քաղաքում մայիսի 15-ից մինչև հունիսի 1-ն անցկացված EFES-2016 միջազգային զորավարժություններին Ադրբեջանի ԶՈւ մասնակցությունն ԱՄՆ, Գերմանիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի ԶՈւ ներկայացուցիչների հետ։ Ըստ Սաուդյան Արաբիայի ԶՈւ գնդապետ Ա.Մ.ալ-Շախրիի, զորավարժությունների նպատակը միջազգային անվտանգության և կայունության ապահովումն է, մասնակից երկրների համերաշխության ամրապնդումը և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի պատրաստվածության բարձրացումը:

Հայկական քաղաքական, հասարակական և փորձագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում է գտնվում Ադրբեջան-ՌԴ ռազմական համագործակցությունը։ Մայիսին կրկին Բաքու էր ժամանել ՌԴ փոխվարչապետ, ռուս-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Դ.Ռոգոզինը, որը ռուսական կողմի պատասխանատուն է ԱՀ-ի հետ ռազմական համագործակցության իրականացման առումով։ Նրան ընդունել է նաև Ի.Ալիևը։

Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին, հայտնում են ՌԴ-ից մատակարարվող զինտեխնիկայի նոր խմբաքանակների մասին: Մասնավորապես, ԱՀ-ին են փոխանցվում 120 մմ-անոց ինքնագնաց հրետանային «Вена» հրանոթներ, ռուս մասնագետների մասնակցությամբ իրականացվում են զինտեխնիկայի տեխնիկական աջակցության ապահովման, ըստ նշանակության օգտագործման, ինչպես նաև անձնակազմի ուսուցմանն ուղղված աշխատանքներ: Նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ ընթանում է օգտագործվող սպառազինության և զինտեխնիկայի փուլային արդիականացում:

Մայիսին ԱՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ն.Սադիկովը հանդիպել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող՝ Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Ֆ.Բեն Հոջեսի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի, ռազմական կրթության, փորձի փոխանակման և հնարավոր համատեղ զորավարժությունների հետ կապված հարցեր: Ֆ.Բեն Հոջեսը նշել է, որ համապատասխան առաջարկի դեպքում ԱՄՆ զինծառայողները կարող են ժամանել ԱՀ, մասնակցություն ունենալ համատեղ զինավարժություններում և ձեռք բերել տարածաշրջանին բնորոշ փորձ:

Իրանի հետ բազմաբնույթ կապերին զուգընթաց՝ կարծես ուրվագծվում են նաև ռազմական համագործակցության որոշակի տարրեր։ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար Գ.Բիլկամի հայտարարության համաձայն՝ Իրանը և Ադրբեջանն ունեն սերտ հարաբերություններ և այժմ աշխատում են Կասպից ծովում կասպիական տարածաշրջանի երկրների մասնակցությամբ համատեղ զորավարժությունների անցկացման համաձայնագրի վրա։ Հարկ է նշել, որ մոտ մեկ տարի առաջ ԱՀ պաշտպանության նախարար Զ.Հասանովի թեհրանյան այցի ընթացքում Իրանը և Ադրբեջանը որոշում են ընդունել համատեղ պաշտպանական հանձնաժողովի ստեղծման մասին։

Մայիսին Ադրբեջանի արտաքին հարաբերությունների առավել ուշագրավ այլ զարգացումները կապված են Իրանի, Վրաստանի և Եվրոպայի հետ:

Ադրբեջան-Իրան. Իրանական միջուկային թնջուկի հանգուցալուծման արդյունքում պատժամիջոցների չեղարկումն ակտիվացրեց Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը, որտեղ կարևոր դերակատարում ունի նաև տրանսպորտի ոլորտը։ Ադրբեջանի և Իրանի երկաթուղիների միացման մասին կնքված համաձայնագիրն այս առումով նոր հնարավորություններ է ստեղծում։ Աշխատանքներ են տարվում Իրանի և Հվ.Կովկասի (Ադրբեջան, Վրաստան) երկրների տարածքով դեպի ԵՄ գնացող տարանցիկ երթուղու ստեղծման ուղղությամբ, ինչի մասին հայտարարել է «Իրանական երկաթուղիներ» ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Հ.Աշուրին։ Երթուղին ներառելու է ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային ճանապարհները և ծառայելու է դեպի ԵՄ ապրանքների հատուկ տարանցման համար՝ շրջանցելով Թուրքիան։ Ծրագրի իրականացման արդյունքում տարանցման ժամանակահատվածը նախատեսվում է կրճատել 22 օրով (23 օր՝ 45-ի փոխարեն)։ Ըստ իրանցի պաշտոնյայի, այս հարցի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջանի և Վրաստանի հետ, ծրագրվում է նաև Ռուսաստանի և Ֆինլանդիայի մասնակցությունը։

Չնայած Ադրբեջանի և Իրանի միջև վերըթնաց զարգացող քաղաքական, տնտեսական և ռազմական կապերին, երկու երկրների միջև առկա են որոշակի տարաձայնություններ մի շարք խնդիրների շուրջ։ Մասնավորապես, դրանք վերաբերում են երկու երկրների համար կարևոր նշանակություն ունեցող Կասպից ծովի բաժանման հարցին։ Իրանական լրատվամիջոցներում այս հարցի շուրջ պարզաբանումներ է տվել միջազգային ծովային իրավունքի փորձագետ Բ.Դիբան՝ ներկայացնելով այս հարցում Իրանի գլխավոր պահանջները. չի կարող լինել Կասպից ծովի ոչ մի իրավական ռեժիմ առանց Իրանի համաձայնության, Իրանը դեմ է մոդիֆիկացված միջնագծի սկզբունքին (MML), քանի որ այն Իրանի բաժինը դարձնում է ամենափոքրը, Թեհրանը դեմ է Կասպից ծովի հատակով նավթատարների, գազատարների անցկացմանը և կասպիական հարցերում ոչ տարածաշրջանային երկրների մասնակցությանը։ Ի դեպ, Կասպից ծովի հատակով խողովակաշարերի կառուցման դեմ է արտահայտվել նաև ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ի.Բրատչիկովը՝ ընդգծելով այդ ուղղությամբ իրականացվող միակողմանի գործողությունների անթույլատրելիությունը։

Ադրբեջանի անկախացումից ի վեր Իրանի նկատմամբ Բաքվի տարածքային նկրտումները քողարկված բացասական հետք են թողնում երկու երկրների փոխհարաբերություններում։ Տարբեր ուժերի կողմից այսպես կոչված «Հվ.Ադրբեջանի» թեման մերթընդմերթ ասպարեզ է բերվում հիմնականում Իրանում անկայունություն և միջէթնիկ լարվածություն առաջացնելու նպատակով։ Այս տեսանկյունից կարելի է դիտարկել մայիսի 23-24-ին Ստամբուլում Հումանիտար հարցերի համաշխարհային գագաթաժողովի1 շրջանակներում անցկացված «Թյուրքական աշխարհի ոսկե կամուրջ. Հարավային Ադրբեջան» գիտաժողովը, որը կազմակերպվել էր «Հվ.Ադրբեջանի ազգային վերածննդի շարժման» և «Ülkü Ocakları»2 («Իդեալիստական օջախներ») ուլտրաազգայնական կազմավորման կողմից։ Գիտաժողովի ընթացքում բանախոսները տեղեկատվություն են հաղորդել «Հվ.Ադրբեջանի» մասին և ընդգծել հարցի կարևորությունը, ցուցադրվել է վերոնշյալ շարժման առաջնորդ, «Հվ.Ադրբեջանի անկախության համար պայքարող» Մահմուդալի Չեհրեգանիի 15 րոպեանոց տեսաուղերձը։ Մասնակիցներն ընդգծել են «Հվ.Ադրբեջանի» վրա ԱՀ ազդեցության մեծացման անհրաժեշտությունը և «Միացյալ Ադրբեջանի» ստեղծումը կարևորել որպես դեպի «Թուրան» տանող ճանապարհ։

Տեղեկանք. «Հարավային Ադրբեջանի ազգային վերածննդի շարժումը» (ՀԱԱՎՇ) ստեղծվել է Իրանում 1990թ., Թավրիզի համալսարանի պրոֆեսոր Մահմուդալի Չեհրեգանիի կողմից, սակայն առավել հայտնի է դարձել 1996-ից: Սկզբնական շրջանում Մ.Չեհրեգանին հանդես էր գալիս ադրբեջաներենի ուսուցման և դասավանդման օգտին, սակայն 1996թ. խորհրդարանական ընտրություններում կրած անհաջողությունից հետո կարծրացրեց իր դիրքորոշումը՝ առաջարկելով ստեղծել «Հարավային Ադրբեջանի խորհրդարան», ինչը նշանակում էր Իրանը դարձնել դաշնային պետություն: 1999թ. Իրանից արտաքսվելուց հետո Մ.Չեհրեգանին մեկնեց նախ Ադրբեջան, այնուհետև ԱՄՆ՝ հետագայում տարբեր երկրներում, հատկապես Իրանում ակտիվացնելով ՀԱԱՎՇ գործունեությունը։ Մ.Չեհրեգանին 2003թ. ԱՄՆ-ում ստեղծում է «Իրանի ժողովուրդների ազգությունների բարձրագույն խորհուրդը», որի կազմի մեջ, բացի «հարավային ադրբեջանցիներից», մտնում են նաև թուրքմենների, բելուջիների, քրդերի և արաբների առաջնորդները: ՀԱԱՎՇ-ը վերաճում է խոշոր կառույցի, որը մասնաճյուղեր է հիմնում մի շարք առաջատար երկրներում և ակտիվորեն քարոզում իր գաղափարները: 2005-ից Թուրքիայի աջակցությամբ բացվում է ՀԱԱՎՇ գաղափարները տարածող հեռուստաընկերություն, որը 2006թ., քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, փակվում է Թուրքիայի կողմից։

Ամիսն ուշագրավ էր նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովի հակաիրանական հայտարարությամբ՝ արված Իսրայելի Կնեսետի արտաքին գործերի և պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Ց.Անեգբիի հետ հանդիպման ժամանակ։ Ա.Ազիմովը փաստացի մեղադրանք է հնչեցրել Թեհրանի հասցեին՝ պնդելով, որ «Իրանը չի հրաժարվել իր միջուկային ծրագիրը զարգացնելուց, այլ հետաձգել է այդ ծրագրի որոշ հատվածների իրականացումը»:

Իրանական լրատվամիջոցներն անդրադարձել են Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Բ.Հուսեյնովի նախկին գործունեությանը։ Ըստ այդ հրապարակումների, վերջինս համակարգել է ԱՀ նախկին ԱԱՆ հակաիրանական գործունեությունը և 2009-2015թթ. ճնշումներ գործադրել Բաքվում գործունեություն ծավալող իրանցի գործարարների և ուսանողների նկատմամբ, խոչընդոտներ է ստեղծել իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչների և մշակութային գործիչների համար, հող է նախապատրաստել իմամ Խոմեյնիի անվան բարեգործական կոմիտեի գործունեության կասեցման համար։

Ադրբեջան-Վրաստան. Բաքու-Սուփսա նավթախողովակի3 20-ամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու նպատակով Թբիլիսի ժամանած ԱՀ վարչապետ Ա.Ռասիզադեին ընդունել են Վրաստանի նախագահ Գ.Մարգվելաշվիլին և վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին։ Հանդիպումների ընթացքում երկուստեք ընդգծվել է արևելքից արևմուտք ձգվող էներգետիկ միջանցքի կարևորությունը, որը հիմք է դարձել երկու երկրների հետագա ռազմավարական համագործակցության համար, քննարկվել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման հետ կապված հարցեր։

Տեղեկանք. 1999թ. շահագործման հանձնված Բաքու-Սուփսա խողովակաշարի միջոցով սևծովյան նավահանգիստ հասած նավթը, լցանավերով անցնելով Դարդանելի նեղուցը, արտահանվում է Եվրոպա։ Վրաստանի իշխանությունները հույս ունեին, որ այս երթուղին կդառնար հիմնականը կասպիական նավթը Եվրոպա տեղափոխելու համար, սակայն դրան ամեն կերպ ընդդիմանում էր Թուրքիան՝ մերթընդմերթ սպառնալով փակել Դարդանելի նեղուցը լցանավերի համար: Թե՛ Թուրքիան, թե՛ ԱՄՆ վարչակազմը ակտիվորեն առաջ էին մղում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան տարբերակը, որը, կողմերի խորին համոզմամբ, ավելի ամուր միմյանց կկապեր Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան: Այս տարբերակին էր հակված նաև Ադրբեջանը, որը ձգտում էր ամրացնել կապերը եղբայրական Թուրքիայի հետ: Ի վերջո, 1999թ. ԵԱՀԿ ստամբուլյան խորհրդաժողովի ընթացքում Վրաստանի նախագահը Թուրքիայի և Ադրբեջանի իր գործընկերների հետ ստորագրեց Բաքու-Ջեյհան խողովակաշարի շինարարության մեկնարկի մասին համաձայնագիրը, ինչը երկրորդ պլան մղեց Բաքու-Սուփսա նավթախողովակը:

Ադրբեջանի և Վրաստանի մասնակցությամբ իրականացվող համատեղ մյուս նախագիծը, որը նույնպես նպաստում է համագործակցության ընդլայնմանը, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին4 է, որի շինարարական աշխատանքների ավարտման և երկաթուղու շահագործման վերջնաժամկետը, մի քանի անգամ հետաձգելուց հետո, սահմանվել է 2016թ. տարեվերջը։ Ըստ «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջ.Գուրբանովի, գրեթե պատրաստ է Վրաստանում երկաթուղու 183 կիլոմետրանոց հատվածը5, սակայն շինարարական աշխատանքները դանդաղում են թուրքական հատվածում։ Վրացական հատվածում առկա որոշակի դժվարությունները կասկածի տակ են դնում Ջ.Գուրբանովի հավաստիացումներն առ այն, որ այդ մասում շինարարությունը կավարտվի 2016թ. վերջին։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է դեռևս չկառուցված 32 ուղի երկաթուղային ռելսերին (յուրաքանչյուրը՝ 3 կմ), եվրոպական ուղու անցումային գծերի վայրում և աշխատուժի վճարման հետ կապված խնդիրներին (վերջին 4 ամսվա աշխատավարձը չի տրվել)։

Ադրբեջան-Եվրոպա. Մայիսի 17-ին ԵՄ-ի կողմից Տրանսադրիատիկ գազատարի (TAP)6 շինարարության մեկնարկի մասին է հայտարարել Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մ.Սխինասը7: Ըստ նրա, Եվրոպան նախատեսում է այս գազատարով 2019-2020թթ. սկսած՝ ստանալ տարեկան 10 մլրդ մ3 գազ, ինչը, տարբեր գնահատականների համաձայն, կազմում է Եվրոպայի ընդհանուր պահանջարկի մոտ 10%-ը: Այս գազատարը հանդիսանում է Հարավային գազային միջանցքի բաղկացուցիչ մասը, որով նախատեսվում է Եվրոպա արտահանել ադրբեջանական գազը 1.2 տրլն հաստատված գազի պաշարներ ունեցող «Շահ դենիզ» հանքավայրից: Ադրբեջանական գազը Եվրոպայում հիմնականում մրցակցելու է ռուսականի հետ։ 2015թ. ՌԴ-ն Եվրոպային (այդ թվում Թուրքիային) մատակարարել է 158.6 մլրդ մ3 գազ, որը կազմել է Եվրոպայի պահանջարկի մոտ 31%-ը: Միաժամանակ, Գազպրոմը մինչև 2019թ. ավարտը նախատեսում է 55 մլրդ մ3 թողունակությամբ գազատարի կառուցումը Բալթիկ ծովի հատակով դեպի Գերմանիա, ինչպես նաև «Պոսեյդոն» նախագծի իրականացումը, որով Սև ծովով Հունաստան կհասցնի տարեկան 12 մլրդ մ3 գազ:

Չնայած ռուս-ադրբեջանական մրցակցությանը Եվրոպայում, Ադրբեջանը 2015թ. սեպտեմբերից գազ է գնում ՌԴ-ից (տարեկան 2 մլրդ մ3)։ SOCAR-ի ղեկավար Ռ.Աբդուլաևի հայտարարության համաձայն, ԱՀ-ն նույնիսկ դիմել է «Գազպրոմին» տարեկան ծավալները մինչև 3-5 մլրդ մ3 հասցնելու առաջարկով։

Հարավային գազային միջանցքով Եվրոպա գազ արտահանելու համար Ադրբեջանը ներկայում բանակցություններ է վարում Թուրքմենստանի հետ։ Այս մասին հայտարարել է ԱՀ էներգետիկայի նախարար Ն.Ալիևը:

Ադրբեջանը շարունակում է արտերկրյա գիտական և փորձագիտական շրջանակները քարոզչական նպատակներով օգտագործելու իր քաղաքականությունը8։

Օքսֆորդի համալսարանի Նիզամի Գյանջևի գիտական կենտրոնի ղեկավար Նարգիզ Փաշաևան (Մեհրիբան Ալիևի քույրն է) ԵԽԽՎ-ում Ադրբեջանի համազեկուցող, բրիտանացի լորդ Մալքոլմ Բրյուսի հետ համատեղ Լոնդոնում հիմնել է The British Foundation for the study of Azerbaijan and the Caucasus (Ադրբեջանի և Կովկասի հետազոտության բրիտանական հիմնադրամ) կազմակերպությունը: Հիմնադիրներ են նաև Մ.Բրիտանիայի կողմից Ն.Գյանջևի կենտրոնի ղեկավար, Նյու Յորքի համալսարանի Հին պատմության ինստիտուտի պրոֆեսոր Ռոբերտ Հոյլանդը և Անգլիա-Ադրբեջան ընկերակցության համանախագահ, Լորդերի պալատի անդամ Մայքլ Գերմանը:

Նորաստեղծ հիմնադրամի աշխատանքներում ներգրավված կլինեն նաև Շոտլանդիայի Սենտ Էնդրյու համալսարանի պրոֆեսոր Էնդրյու Պիկոկը և Էկսետերի համալսարանի պրոֆեսոր, շիականության պատմության հետազոտող Ռոբերտ Գլիվը: Նշված գիտնականներն այսուհետև հանդիսանալու են կազմակերպության հոգաբարձուների խորհրդի անդամներ, որի նախագահ է ընտրվել Ն.Փաշաևան: Հիմնադրամը նպատակ ունի ամրապնդել ԱՀ և Մ.Բրիտանիայի միջև կապերը գիտության, կրթության և մշակույթի ոլորտներում, համագործակցություն հաստատել Մ.Բրիտանիայի քաղաքական կազմակերպությունների և ԶԼՄ-ի հետ, ակտիվացնել աշխատանքները Մ.Բրիտանիայում ադրբեջանական համայնքի և ադրբեջանցի ուսանողների հետ:

1 Գագաթաժողովին մասնակցել է նաև ԱՀ նախագահ Ի.Ալիևը:

2 Կարսի դատարանը մայիսի 25-ին 6 ամսվա ազատազրկման է դատապարտել «Ուլքու օջաքլար» («Իդեալիստական օջախներ») ուլտրաազգայնական կազմավորման (առավել հայտնի է որպես «Գորշ գայլեր») Կարսի մասնաճյուղի ղեկավար Թոլգա Ադըգուզելին` «ժողովրդի որոշակի հատվածի նկատմամբ ատելություն սերմանելու» համար: Նրա դեմ դատական հայցը ներկայացրել էր Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատիա քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։

3 Բաքու-Սուփսա նավթախողովակի շինարարությունը մեկնարկել է 20 տարի առաջ ստորագրված համաձայնագրի համաձայն, այն պաշտոնապես բացվել է 1999թ. ապրիլի 17-ին, այս երթուղով մինչ օրս տեղափոխվել է 76.3 մլն տոննա նավթ։

4 Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կառուցվում է վրաց-ադրբեջանա-թուրքական միջպետական համաձայնագրի հիման վրա: Ադրբեջանը վրացական հատվածի շինարարության համար Թբիլիսիին հատկացրել է $775 մլն վարկ:

5 Նշենք, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու նախագիծը սկսվել է 2007թ. և ապահովում է Վրաստանի տարածքում Մարաբդա-Ախալքալաք 178 կիլոմետրանոց գծի վերականգնողական վերակառուցումը, Ախալքալաք կայարանից մինչև Կարսի կայարան նոր երկաթուղային գծի շինարարությունը, ընդհանուր 98 կմ երկարությամբ: Այս տարածքից Վրաստանի ուղղությամբ գտնվում է 30 կիլոմետր երկարությամբ Ախալքալաք- Կարծախ (Թուրքիայի սահման) երկաթուղային մայրուղին, իսկ Թուրքիայի կողմից` Կարծախ-Կարս 68 կիլոմետրանոց հատվածը:

6 TAP-ը թուրք-հունական սահմանից անցնում է Հունաստան, Ալբանիա և Իտալիայի հարավ, կազմում է 878 կմ, որի 105 կմ-անոց հատվածն անցնում է Ադրիատիկ ծովով. ընդհանուր արժեքը՝ $6 մլրդ:

7 Հատուկ ուղերձով TAP նախագծին իր անվերապահ աջակցությունն է հայտնել նաև ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերին:

8 Արտերկրում ստեղծված կառույցների, ինչպես նաև օտարերկրյա հետազոտական կենտրոնների ֆինանսավորման, համագործակցության ձևերի, նպատակների և համատեղ գործունեության մասին առավել մանրամասն տե՛ս Ա.Բարսեղյան, «Ադրբեջանական քաղաքականությունը փորձագիտական տիրույթում», «21-րդ ԴԱՐ», #6, 2015թ.:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր