
ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ. ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ
Ադրբեջան-Ուկրաինա. Հուլիսը Ադրբեջանի արտաքին քաղաքական օրակարգում առանձնացավ Ուկրաինայի հետ սերտ շփումներով: Բաքու ժամանեց Ուկրաինայի նախագահ Պ.Պորոշենկոն, որը հանդիպումներ ունեցավ ԱՀ նախագահ Ի.Ալիևի, վարչապետ Ա.Ռասիզադեի և Միլի մեջլիսի նախագահ Օ.Ասադովի հետ: Ուկրաինայի և Ադրբեջանի նախագահները քննարկել են ռազմատեխնիկական1, ծանր արդյունաբերության, ինքնաթիռաշինության ոլորտներում և Կասպյան տարածաշրջանից դեպի Եվրոպա արտահանվող նավթի հարցում համագործակցության հեռանկարները:2
Ըստ Պ.Պորոշենկոյի, քննարկվել են Ադրբեջանի տարածքում «Ан-178» տրանսպորտային ինքնաթիռների համատեղ արտադրություն հիմնելու հնարավորությունները: Սկզբում նախատեսվում է այդպիսի 10 ինքնաթիռի մատակարարում Ադրբեջանին, որոնցից երկուսի համար Բաքուն արդեն կատարել է կանխավճար: Ուկրաինայի փոխվարչապետ Գ.Զուբկոյի հավաստմամբ, Ուկրաինան ներկայացրել է Ադրբեջանում նախատեսվող գործարանի կառուցվածքի, շինարարության, գործունեության ապահովման նախնական ծրագրերը, ինչի մասին որոշում էր կայացվել երկու երկրների տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստում: 2016թ. հունիսի 7-ին «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ (AZAL) և ուկրաինական պետական «Անտոնով» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նախատեսվող գործարանի թողունակությունը կլինի տարեկան 12-15 ինքնաթիռ:
Համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Ի.Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը և Ուկրաինան շահագրգռված են Օդեսա-Բրոդի խողովակաշարի շահագործմամբ: Հարկ է նշել, որ Օդեսա-Բրոդի խողովակաշարը կառուցվել է 1996-2002թթ. և միացված է դեպի Արևելյան Եվրոպա գնացող «Բարեկամություն» խողովակաշարին: Այն նախատեսված է եղել կասպյան նավթը Եվրոպա արտահանելու համար, սակայն 2002-2004թթ. շահագործումը կասեցվել է, քանի որ Կասպյան տարածաշրջանում աշխատող նավթային ընկերությունները երաշխիքներ չեն տվել խողովակաշարը նավթով ապահովելու համար: 2004թ. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կնքված երկարաժամկետ պայմանագրի համաձայն, Օդեսա-Բրոդի խողովակաշարն օգտագործվում է ռուսական նավթը Միջերկրական ծովի նավահանգիստներ հասցնելու համար: Ի.Ալիևի հայտարարությանը լրացնելու է գալիս «Укртранснефть» ԲԲԸ3 հրապարակած տեղեկատվությունն այն մասին, որ մինչ այս տարվա վերջը Ուկրաինան նախատեսում է դեպի Եվրոպա 2 մլն տոննա նավթի տեղափոխման պայմանագիր կնքել Ադրբեջանի և Ղազախստանի հետ: Միաժամանակ, ընկերությունը խնդրել է Ուկրաինայի կառավարությանը պարզեցնել սահմանափակումներն Օդեսա-Բրոդի խողովակաշարով ադրբեջանական և ղազախական նավթի տեղափոխման համար:
Հայտնի է, որ ԼՂ հակամարտության և Ղրիմի հարցի շուրջ Ադրբեջանին և Ուկրաինային միավորում է ինքնորոշման իրավունքը ստորադասելու մոտեցումը, ինչն արտացոլվել է նաև Բաքվում հնչած հրապարակային ելույթներում: Այսպիսով, Պ.Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան չի ճանաչում ԼՂՀ-ն և ողջունում է Ղրիմի հարցում Ադրբեջանի նմանատիպ դիրքորոշումը: Ըստ նրա, Ադրբեջանը և Ուկրաինան պայմանավորվել են համաձայնեցնել իրենց մոտեցումները և ընդլայնել համագործակցությունը բազմակողմ ձևաչափով՝ հաշվի առնելով ՄԱԿ ԱԽ-ին Ուկրաինայի անդամությունը (2016-2017թթ.): Պ.Պորոշենկոն հայտարարել է, որ երբ Ադրբեջանն է եղել ՄԱԿ ԱԽ անդամ, ակտիվորեն աջակցել է Ուկրաինային, իսկ այժմ Բաքուն կարող է ապավինել Կիևի աջակցությանը:
Ուկրաինան և Ադրբեջանն ակտիվ համագործակցում են նաև տրանսպորտային միջանցքների կազմավորման հարցում: «Մետաքսի ճանապարհ» նախագծի շրջանակներում արդեն իրականացվել է Ուկրաինա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան երթուղով բեռնատար շարժակազմի առաջին փորձնական չվերթը: Այժմ Ուկրաինան նախաձեռնում է «Բալթիկ ծով-Սև ծով-Կասպից ծով» տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների իրականացումը: Ուկրաինայի փոխվարչապետ Գ.Զուբկոյի հավաստմամբ, Ադրբեջանին է փոխանցվել այս միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագրի նախագիծը:
Ադրբեջան-Թուրքիա. Ի.Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև նախկինում կնքված արձանագրությունը, որով Թուրքիայի ԶՈւ օգտագործմանն են հանձնվում ադրբեջանական «Գիզիլ Շերգ» զինվորական ավանի մի քանի շինություններ և Հաջի Զեյնալաբդին ավանի օդանավակայանի տերմինալի մասնաշենքը: Այս փաստը որոշ լրատվամիջոցներում ներկայացվեց որպես Ադրբեջանում թուրքական ռազմական բազայի հիմնում, սակայն ԱՀ ՊՆ-ն հանդես եկավ համապատասխան հերքումով: ԱՀ ՊՆ փոխնախարար Ռ.Թախիրովը նշեց, որ վերոնշյալ օդնավակայանից Թուրքիայի ՌՕՈւ ինքնաթիռներով ԱՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնում են Կոսովո, Աֆղանստան և Իրաք` մասնակցելու խաղաղապահ ծրագրերի, և համապատասխան մասնաշենքը հատկացված է ինքնաթիռների սպասարկող անձնակազմին: Իսկ ինչ վերաբերում է «Գիզիլ Շերգ» ավանի շինություններին, ապա դրանք դեռևս 1990-ականներին վարձակալության են հանձնված Ադրբեջանում Թուրքիայի ռազմական կցորդի գրասենյակին: Ըստ էության, խոսքը վերաբերում է գործնականում իրականացված փաստերի իրավական ամրագրմանը:
Հուլիսին Թուրքիայի արտգործնախարար Մ.Չավուշօղլուն պաշտոնական այցով մեկնել է Բաքու, որտեղ ադրբեջանցի իր գործընկերոջ հետ այլ հարցերի թվում քննարկել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը: Թուրք դիվանագետը, հաշվի առնելով ռուս-թուրքական լարված հարաբերությունների պարպման և կարգավորման ընթացքը, համատեղ մամլո ասուլիսում հնարավոր է համարել Ադրբեջան-Թուրքիա-Ռուսաստան և Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան եռակողմ նոր ձևաչափերով համագործակցության խթանումը: Որպես այդպիսի համագործակցության հիմք Մ.Չավուշօղլուն նշել է տարածաշրջանային խոշոր համատեղ ծրագրերի, մասնավորապես «Նոր մետաքսի ճանապարհ» նախագծի իրագործումը:
Ադրբեջանի և Թուրքիայի մասնակցությամբ զարգացող մեկ այլ ձևաչափի` Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա շրջանակներում այս աշնանը Բաքվում կկայանա նախագահների հերթական հանդիպումը:
Ադրբեջան-Իրան. ԱՀ նախագահ Ի.Ալիևը հաստատել է «Գիզ Գալասի» և «Խուդաֆերին» հիդրոհանգույցների և հէկերի շինարարության շարունակման, շահագործման, ինչպես նաև էներգետիկ և ջրային պաշարների օգտագործման ոլորտներում ԱՀ և ԻԻՀ կառավարությունների համագործակցության և «Ադրբեջանի ու Իրանի երկաթուղիների համակարգման» մասին համաձայնագրերը: Իրանի հետպատժամիջոցային շրջանում այս երկու ուղղություններով է հիմնականում ընթանում Իրանի և Ադրբեջանի տնտեսական համագործակցությունը:
«Հյուսիս-Հարավ» նախագծի շրջանակներում Իրանի Ռեշտ-Աստարա երկաթուղային հատվածի շինարարության ընթացքի և ֆինանսավորման հետ կապված հարցեր են քննարկել ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Ա.Կաշանը և «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ նախագահ Ջ.Ղուրբանովը Բաքվում կայացած հանդիպման ընթացքում:
Բացի երկաթուղային հաղորդակցությունից, կողմերը ձգտում են զարգացնել նաև ավտոտրանսպորտային բեռնափոխադրումները: Այս նպատակին է նվիրված եղել Թեհրանում տեղի ունեցած միջազգային ավտոբեռնափոխադրումների իրանա-ադրբեջանական հանձնաժողովի նիստը: Կողմերը, քննարկելով ընդհանուր խնդիրներ, գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ավտոբեռնափոխադրումների ներկա իրավիճակից:
Իրանի նկատմամբ 2009 թվականից սահմանված միջազգային պատժամիջոցների չեղարկումից հետո ապասառեցվել են Ադրբեջանի Միջազգային բանկում պահվող Իրանի $400 մլն ակտիվները: Դրանք պատկանում էին Իրանի Կենտրոնական բանկին և Naftiran Intertrade Company (NICO) իրանական ընկերությանը:
Իրանի Ուրմիա և Թավրիզ քաղաքներում բողոքի ակցիաներ են անցկացրել տեղի ադրբեջանցիները` կապված Իրանում լույս տեսնող պարսկալեզու «Tərh-i No» պարբերականի մի հրապարակման առնչությամբ: Հոդվածի հեղինակ Աֆշար Տիկաբին մեջբերել է Ֆիրդուսու «Շահնամե» ստեղծագործությունից մի հատված, որտեղ գլխավոր հերոսն անպատվում է թյուրքերին: Մինչ պարբերականի գլխավոր խմբագիր Ամիր Ալիզադեն ներողություն է խնդրել, Ա.Տիկաբին պնդում է, որ ադրբեջանցիները ոչ մի ընդհանուր բան չունեն թյուրքերի և թուրանցիների հետ և հրաժարվում է ներողություն խնդրել: «Ես գրել եմ այս հոդվածը, որպեսզի Արևելյան և Արևմտյան Ադրբեջանի, ինչպես նաև Արդեբիլի ադրբեջանցիները հասկանան, որ մենք դեմ ենք պանթյուրքիզմին»,- ասել է հոդվածագիրը: Բողոքի նշված ակցիաների մասնակիցները, ի թիվս այլ պաստառների, բարձրացրել են նաև «Ես թյուրք եմ» գրությամբ պաստառներ: Հայտնի է, որ որոշակի պարբերականությամբ և ուժգնությամբ Ադրբեջանը և Թուրքիան Իրանի ադրբեջանցիների շրջանում փորձում են սերմանել պանթյուրքիզմի գաղափարախոսությունը՝ այդ կերպ փորձելով ապակայունացնել ԻԻՀ ներքին իրավիճակը և ձեռք բերել լրացուցիչ լծակներ պաշտոնական Թեհրանի նկատմամբ:
Ադրբեջան-Ռուսաստան. Հուլիսին աշխատանքային այցով Բաքվում գտնվող ՌԴ արտգործնախարար Ս.Լավրովը Ադրբեջանը որակել է որպես ՌԴ ռազմավարական կարևոր գործընկեր Հվ.Կովկասում և Կասպյան տարածաշրջանում: Խոսելով օգոստոսին Ադրբեջան նախատեսվող Վ.Պուտինի այցի մասին՝ Ս.Լավրովը նշել է, որ սպասվող բանակցությունները դիտարկվում են ռուս-ադրբեջանական քաղաքական երկխոսության շարունակման համատեքստում: Բաքվում կայանալիք հանդիպումների օրակարգը ներառելու է ինչպես երկկողմանի հրատապ հարցեր, այնպես էլ ԼՂ հակամարտության շուրջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բվերված պայմանավորվածությունները:
ԱՀ և ՌԴ արտգործնախարարները հստակեցրել են նաև ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման ժամկետները: Կողմերը նաև ընդգծել են «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը:
1 Հարկ է նշել, որ «Укроборонпром» կոնցեռնի հրապարակած տվյալների համաձայն, Ադրբեջանը հանդիսանում է ուկրաինական սպառազինության խոշոր ներկրող երկրներից մեկը:
2 2015թ. ապրանքաշրջանառությունը ԱՀ-ի և Ուկրաինայի միջև նվազել է 45,1%-ով և կազմել $349,1 մլն: ԱՀ-ից արտահանումը նվազել է 46,1%-ով՝ հասնելով $318 մլն-ի, ներկրումը` 4.95%-ով՝ կազմելով $30,3 մլն: Ադրբեջանական ներդրումներն Ուկրաինայում մինչ 2016թ. կազմել են $189,6 մլն:
3 «Укртранснефть» ԲԲԸ-ն Ուկրաինայի միակ ազգային օպերատորն է, որն ապահովում է նավթի տեղափոխումն ուկրաինական նավթավերամշակող գործարաններ, ինչպես նաև տարանցիկ մատակարարումները դեպի Արևելյան և Կենտրոնական Եվրոպա:
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2017Թ.[18.06.2018]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[27.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ)[07.12.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (արտաքին հարաբերություններ)[25.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ[08.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[04.11.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)[20.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ներքին իրավիճակ)[05.10.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)[28.09.2016]
- ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (ներքին իրավիճակ)[20.09.2016]