• am
  • ru
  • en
Версия для печати
20.10.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (ներքին իրավիճակ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական

Ներքաղաքական. Ինչպես և սպասվում էր, Ադրբեջանում այս ամիս անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ամբողջությամբ հաստատեց իշխանությունների ներկայացրած բոլոր առաջարկները: ԱՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների համաձայն, հանրաքվեին մասնակցել է ընտրողների 69,7%-ը, իսկ առաջադրված փոփոխությունները ստացել են 83%-92% «աջակցություն»:

ԵԽԽՎ-ի, Եվրոպայի խորհրդարանի, ԵՄ տարածաշրջանային կոմիտեի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՌԴ Դաշնային խորհրդի, Ընտրությունների դիտարկման եվրոպական ակադեմիայի դիտորդական առաքելություններն ընդհանուր առմամբ դրական են գնահատել հանրաքվեի գործընթացը: ԱՄՆ պետքարտուղարությունը նույնպես հայտարարել է հանրաքվեի արդյունքները ճանաչելու մասին:

Չնայած արտերկրյա դրական գնահատականներին, հանրաքվեի գործընթացն աչքի է ընկել բազմաթիվ խախտումներով: Հանրաքվեին նախորդող ժամանակահատվածում առաջարկվող փոփոխությունների դեմ հանրահավաքներ են անցկացրել Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃԿ) և «Մուսավաթ» կուսակցությունները, Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը (ԺՈւԱԽ), որոնց մասնակիցները հայտնվել են ԱՀ իրավապահների ուշադրության կենտրոնում: Միայն սեպտեմբերի 11-ին և 17-ին ԺՈւԱԽ-ի կազմակերպած ցույցի մասնակիցներից ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 185 քաղաքացի: Որպես սահմանադրական փոփոխությունների դեմ բողոքի նշան՝ անժամկետ հացադուլ է հայտարարել Ադրբեջանի Իսլամական կուսակցության ազատազրկման դատապարտված առաջնորդ Մովսում Սամեդովը: Վերոնշյալ ուժերի ներկայացուցիչները հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո կոչ են արել չեղարկել դրանք:

Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների գործընթացի կապակցությամբ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Ք.Սմիթի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ այս հանրաքվեն ԱՀ նախագահին թույլ է տալիս ավելի քիչ հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ, և այն դարձել է անօրինակարգության գործընթացի գագաթնակետը: ԱՀ իշխանությունները, հապշտապ քվեարկության դնելով այս կարևոր փոփոխությունները, ադրբեջանցիներին զրկել են ազատ քննարկումներ անցկացնելու իրավունքից: Հայտարարության մեջ ընդգծվում է նաև, որ փոփոխություններին դեմ հանդես եկող ակտիվիստները, լրագրողները ձերբակալվել են և ենթարկվել իշխանական ճնշումների: Ք.Սմիթը խոր մտահոգություն է հայտնել, որ սույն ոչ օրինակարգ գործընթացը հետ է շպրտում ժողովրդի կողմից սպասվող ժողովրդավարական ապագան:

Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը հայտարարել է, որ ԱՀ ԿԸՀ-ն հանրաքվեի արդյունքներն ընդունել է՝ անտեսելով ակնհայտ կեղծիքները` քվեաթերթիկների զանգվածային լցոնումները, այդ փաստերն արձանագրած և բողոքարկած անձանց ձերբակալությունները: Այդպիսով, ոչ հարգալից վերաբերմունք է ցուցաբերվել ԱՀ քաղաքացիների հիմնարար իրավունքների նկատմամբ: Հայտարարությանն արձագանքել է ԱՀ նախագահը՝ Freedom House-ին անվանելով «հայամետ կազմակերպություն»:

Միջազգային Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմ կազմակերպությունը գտնում է, որ բռնաճնշումները, լցոնումները, բանավեճի բացակայությունը թույլ չեն տվել անցկացնել միջազգային ստանդարտներին և ազգային ընտրական օրենսդրությանը համապատասխան հանրաքվե: Կազմակերպության հայտարարության մեջ նշվում է, որ հանրաքվեն անցել է բազմաթիվ խախտումներով, այդ թվում` կիրառվել են «կարուսելներ», քվեարկել են գրանցում չունեցող անձինք, ուռճացվել է հանրաքվեի մասնակիցների թիվը, իսկ իշխանությունների կիրառած քաղաքական բռնաճնշումները բերել են քաղբանտարկյալների թվի մեծացման Ադրբեջանում:

Ադրբեջանում իրական քաղաքական գործընթացների բացակայության և իշխանությունների կողմից ցանկացած այլախոհության նկատմամբ ցուցաբերված անհանդուրժողականության արդյունքում քաղաքական բնույթի ադրբեջանական կազմակերպություններ են ստեղծվում արտերկրում: Նախկինում անդրադարձել էինք Ամստերդամում Ադրբեջանից արտագաղթած դիվանագետների, քաղաքական և հասարակական գործիչների կողմից ստեղծված «OYAN» («Զարթնիր») ընդդիմադիր տարագիր քաղաքական շարժմանը:

Եվ ահա, Ստրասբուրգում կայացել է ադրբեջանցի քաղաքական էմիգրանտների նոր ստեղծվող կազմակերպության` AND-ի (Azərbaycan naminə demokratiya - Azerbaijan needs democracy) հիմնադիր նիստը, որին մասնակցել են Ադրբեջանը ստիպողաբար լքած քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ, նախկին պետական ծառայողներ և իրավապաշտպաններ: Աշխատանքային նիստին մասնակցել է նաև Ադրբեջանի Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի առաջնորդ Ջ.Հասանլին: AND հիմնադիրները դեռևս չեն հրապարակել իրենց կազմակերպության կառուցվածքի, կազմի, ծրագրի և խնդիրների մասին, սակայն ակնհայտ է, որ այն ընդդիմադիր է լինելու ԱՀ ներկա իշխանությունների նկատմամբ:

Տնտեսական. Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով իշխանությունները բազմիցս հայտարարել են ոչ նավթային ոլորտի զարգացման անհրաժեշտության մասին: Այդպիսի մտադրությունների համատեքստում պետք է դիտարկել նաև ԱՀ նախագահի վերջերս ստորագրած հրամանագիրը` Պիրալլախինի արտադրական պարկի ստեղծման մասին: Բաքվի Պիրալլախինի շրջանում կառուցվելիք պարկը նպատակ ունի ստեղծել նոր տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության մրցունակ և ինովացիոն ոլորտներ, թուլացնել կախվածությունը դեղագործական արտադրանքի ներկրումներից, աջակցել դեղորայքի տեղական արտադրությանը և աշխատատեղեր ստեղծել արդյունաբերության ոլորտում:

Այս պարկի տարածքում է նախատեսվում նաև կառուցել ադրբեջանա-իրանական դեղագործական համատեղ արտադրությունը, որի մասին համաձայնությունը ձեռք է բերվել անցած ամիս: Արտադրական ընկերությունը, որի բաժնեմասերի 49%-ը պատկանելու է իրանական, իսկ մնացածը`ադրբեջանական կողմին, նախատեսվում է ստեղծել $30 մլն-ի ներդրումներով:

Ընդհանրապես, դատելով ԱՀ կառավարության քայլերից՝ կարելի եզրակացնել, որ ամբողջությամբ դեղորայք ներկրող Ադրբեջանը փորձում է բեկել իրավիճակը՝ երկրի տարածքում հիմնելով արտերկրյա ընկերությունների հետ համատեղ ձեռնարկություններ: Բացի վերոնշյալ օրինակից, դրա մասին է վկայում նաև Ճապոնական Nipro Pharma և JGC ընկերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը` Ադրբեջանում դեղագործական գործարանի կառուցման մասին:

Ոչ նավթային ոլորտի զարգացման շրջանակներում են դիտվում նաև գյուղատնտեսության խթանմանն ուղղված քայլերը: ԱՀ իշխանությունները փորձում են գյուղատնտեսական աշխատանքները սուբսիդավորելու և ներկրվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքը բարձրացնելու միջոցով զարկ տալ ոլորտի զարգացմանը: Սակայն այստեղ ԱՀ իշխանությունները բախվել են երկար տարիների թողտվության արդյունքում առաջացած մի իրավիճակի, երբ գյուղատնտեսական նշանակության մեծ հողակտորներ տրամադրվել են օլիգարխների և հարուստ պաշտոնյաների ու մնացել անմշակ: Այժմ մեկնարկել է այդպիսի հողերը ֆերմերներին վերադարձնելու գործընթացը: Հարկ է նշել, որ սահմանադրական վերջին փոփոխությունները պետությանն իրավունք են տալիս հետ վերցնել սեփականատիրոջ կողմից անարդյունավետ օգտագործվող հողը:

Շարունակվում է հայտարարված լայնածավալ սեփականաշնորհման գործընթացը: Ս.թ. հոկտեմբերին նախապատրաստվում է աճուրդի հանել ԱՀ տարբեր քաղաքներում գտնվող ագրոքիմիայի, շինարարության, տրանսպորտի, թռչնաբուծության, արդյունաբերության, վերամշակման և այլ ոլորտների մոտ 85 պետական ընկերություն, մոտ 30 փոքր օբյեկտ (ոչ բնակելի տարածքներ, հասարակական սննդի և առևտրի օբյեկտներ) Բաքվում: ԱՀ պետական ունեցվածքի կոմիտեի ներկայացրած տվյալների համաձայն, աճուրդի կհանվեն նաև ընդհանուր 1,5 մլն մանաթ արժողության պետական ձեռնարկություններ (դրանք գնահատվում են 3 մլն մանաթ, սակայն աճուրդի են հանվում 50% զեղչով):

Բյուջե. ԱՀ կառավարության կողմից Միլի մեջլիս է ուղարկվել 2017թ. պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն՝ հաջորդ տարվա բյուջեն կունենա 16 մլրդ մանաթ ($9,97 մլրդ ներկա փոխարժեքով) եկամտային մաս և 16,6 մլրդ մանաթ ($10,34)` ծախսային, նախատեսվում է 1% տնտեսական աճ: Մանաթով արտահայտված` եկամտային մասը նվազել է 5,2%-ով, իսկ ծախսայինը` 10,2%-ով, բյուջեի պակասորդը կկազմի 645 մլն մանաթ, որը 61,4%-ով պակաս է 2016թ. ցուցանիշից: Սույն նախագիծը նախատեսում է մի շարք ոլորտների հատկացվող գումարների կրճատում. սոցիալական պաշտպանություն` 21,5%-ով, արդյունաբերություն, շինարարություն` 37,8%, առողջապահություն`6,6%, մշակույթ, ֆիզկուլտուրա` 30%, կրթություն` 1,6%, բնակարանային և կոմունալ ծառայություններ՝ 32%, գիտություն՝ 7,3% և այլն: Բյուջեի եկամուտների նվազման արդյունքում 2017թ. պետական բյուջեից դոտացիաներ չի ստանա Ադրբեջանի 33 շրջան (2016թ. այդպիսի շրջանների թիվը 6-ն է):

Պաշտպանությանը և ազգային անվտանգության ապահովմանը 2017թ. բյուջեով նախատեսված է հատկացնել 2,9 մլրդ մանաթ ($1,8 մլրդ), որը 6,9%-ով ավելի է 2016թ. ցուցանիշից: Այն կազմում է բյուջեի 17,4%-ը:

Շարունակվում է բյուջեի կախվածությունը նավթային եկամուտներից: Ներկայացված նախագծի համաձայն, 2017թ. բյուջեում նավթային ոլորտի հատկացումները կկազմեն բյուջեի ընդհանուր եկամուտների 49,2%-ը (7,9 մլրդ մանաթ, 2016թ. այն մոտ 56% էր): 2016թ. համեմատ 1,37 մլրդ մանաթով (15%) նվազել են նավթային ոլորտից ստացվող գումարները:

Հարկ է նշել, որ Ադրբեջանում մինչ մանաթի վերջին երկու փլուզումները (2015թ. փետրվար և դեկտեմբեր) բյուջեի ցուցանիշները հանրությանը ներկայացվում էին ԱՄՆ դոլարով, սակայն հիմա դա արվում է միայն մանաթով` փորձելով քողարկել տնտեսական անկման իրական չափերը:

Նավթային եկամուտների նվազման պատճառով խնդիրներ են առաջացել 2016թ. բյուջեի կատարման առումով: Ս.թ առաջին 7 ամիսների ընթացքում SOCAR-ը1 նախատեսված 4,4 մլրդ-ի փոխարեն բյուջե է փոխանցել 1,8 մլրդ մանաթ (60%-ով պակաս): Փորձագետների կարծիքով, առաջացած ճեղքվածքը փակելու համար ԱՀ իշխանությունները ստիպված կլինեն գնալ մի շարք ֆինանսական ծրագրերի չեղարկմանը:

Ֆինանսական դժվարությունների մասին է վկայում նաև այս ամիս Ադրբեջանի նախագահի ստորագրած հրամանագիրը, որով գործադիր իշխանության մարմիններին և պետության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին արգելվում է արտերկրյա ապրանքների (այդ թվում` ծառայություններ, աշխատանքներ և այլն) գնումը մինչև 2018թ. հունվարի 1-ը:

Մանաթ. Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանի արտարժութային շուկայում կրկին գերիշխում էին խուճապային տրամադրությունները, երբ, որոշ տեղեկատվության համաձայն, արտարժույթի պահանջարկն առաջարկին գերազանցել է 10-12 անգամ, դադարեցվել էին խոշոր առևտրային մի շարք գործարքներ (մասնավորապես, ավտոմեքենաների վաճառքը): ԱՀ ԿԲ հայտարարած փոխարժեքը (1USD/1,6405AZN) մոտ էր ս.թ մարտին գրանցված հակառեկորդին` 1USD/1,6456AZN: Պաշտոնապես հրապարակված փոխարժեքի պայմաններում սև շուկայում մանաթի փոխարժեքը տատանվում էր 1,785-1,87-ի սահմաններում, որի դեմ իշխանությունները փորձում էին պայքարել ոստիկանական ռեյդերի միջոցով:

Մանաթի վրա ճնշումը թուլացնելու և սպառողական ապրանքների գների թռիչքը կանխելու նպատակով Ադրբեջանի Ինքնիշխան հիմնադրամը և Պետական նավթային ընկերությունը (SOCAR) ԿԲ-ի հետ համատեղ շուկա են հանել $1,15 մլրդ: Ընդհանրապես, սեպտեմբերի ներքին շուկայում պետության կողմից վաճառքի է հանվել 6 անգամ ավելի արտարժույթ քան նախատեսվում էր: Սա աննախադեպ ծավալ է ս.թ հունվարից ի վեր, երբ արտարժութային ճգնաժամը հասել էր գագաթնակետին: Նման ինտերվենցիայի արդյունքում շուկայում հայտնված մեծ քանակությամբ արտարժույթը թույլ է տվել բանկերին հանել նախկինում դրա վաճառքի սահմանափակումները:

Միաժամանակ, ԱՀ ֆինանսական շուկաների վերահսկման պալատը դիմել է կոմերցիոն բանկերին և կապի ծառայության ազգային օպերատորներին` արտարժույթի փոխանակման 4% մարժան պահպանելու կոչով:

Մանաթի կայունացմանն ուղղված հսկայական միջոցների տրամադրումը պայմանավորված է հանրաքվեից առաջ ֆինանսական կայունությունն ապահովելու քաղաքական որոշմամբ:

Այսպիսի միջոցներով մանաթի կայունացումը, փորձագետների կարծիքով, կրում է ժամանակավոր բնույթ, քանի որ ձեռնարկված քայլերը զուտ արհեստական են և միտված չեն տնտեսության իրական զարգացմանը: Ըստ նրանց, տարվա վերջին մանաթի նկատմամբ ճնշումը կրկին կաճի: Դա հիմնավորվում է այն հանգամանքով, որ տարվա վերջին բանկերը և պետական ընկերություններն արտաքին պարտավորությունները կատարելու համար կունենան ավելի մեծ քանակի արտարժույթի կարիք:

Մանաթի նկատմամբ վատատեսական կանխատեսումները պայմանավորվում են նաև ոչ նավթային ոլորտի թույլ զարգացածությամբ և արտաքին առևտրի բացասական սալդոյով: Բացի դրանից, մանաթի արժեզրկումն անհրաժեշտ է լինելու նաև իշխանություններին, որպեսզի կարողանան ապահովել մանաթով արտահայտված մեծ ծավալի մուտքեր սոցիալական նպաստները, թոշակները, բյուջետային աշխատողների աշխատավարձերը վճարելու համար:

Մանաթի նկատմամբ անվստահությունը հանգեցրել է նրան, որ մի շարք բանկեր հրաժարվում են վարկային մարումներն ընդունել մանաթով, ինչի արդյունքում հաճախակիացել են բանկային պարտավորությունները չկատարած անձանց ձերբակալությունները: Ի դեպ, Ադրբեջանը Եվրոպայի միակ երկիրն է, որտեղ քաղաքացիները կարող են ձերբակալվել պարտքերի չվճարման համար:

Վիճակագրություն և գնահատականներ. ԱՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, Ադրբեջանի ուղիղ և երաշխավորված արտաքին պարտքը2 2016-ի հուլիսի 1-ի դրությամբ կազմում է $7,6 մլրդ՝ առաջին կիսամյակում աճելով 10%-ով: Ադրբեջանի արտաքին պարտքի 53,2%-ը կազմում են մինչև 10, 41,2%-ը` 10-20, 5,5%-ը` ավելի քան 20 տարի ժամկետներով ներգրավված վարկերը:

ԱՀ ԿԲ հրապարակած տվյալների համաձայն, բանկերի և վարկային կազմակերպությունների ներդրումները երկրի տնտեսության մեջ 2016թ. հունվար-հուլիս ամիսներին կրճատվել են 23,1%-ով՝ կազմելով 713,4 մլն մանաթ:

Միավորված Ազգերի Կազմակերպության արդյունաբերական զարգացման (UNIDO) վերաբերյալ 2016թ. զեկույցի համաձայն, Ադրբեջանը միջինից բարձր եկամուտների մակարդակով ($12475-$4126-ի սահմաններում) երկրների շարքում է: Համեմատության համար նշենք, որ Թուրքիան և Իրանը նույնպես միջինից բարձր, Ռուսաստանը՝ բարձր, իսկ Հայաստանը և Վրաստանը՝ միջինից ցածր եկամուտների մակարդակով ($4125-$1046) երկրների շարքում են:

Համաշխարհային տնտեսական ֆորումի3 պատրաստած զեկույցի համաձայն, 2016-2017թթ. գլոբալ մրցունակության վարկանիշային սանդղակում Ադրբեջանը 138 երկրների շարքում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը՝ լինելով առաջատարն ԱՊՀ երկրների շարքում (ՌԴ-ն 43-րդն է, Ղազախստանը` 53-րդը):

Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության տնօրեն Պ.Գեմբլը հայտարարել է, որ չնայած արտարժութային ճգնաժամն Ադրբեջանում բարդացրել է տնտեսական դրությունը, սակայն իրավիճակը կրիտիկական չէ: Ըստ նրա, ԱՀ տրամադրության տակ գտնվող ակտիվների մեծ ծավալը կարևոր գործոն է երկրի վարկային վարկանիշն ապահովելու համար:

1 Այս տարի նախատեսված է եղել SOCAR-ից ստանալ 10,7 մլրդ մանաթ, որից 7,6 մլրդ-ը՝ բյուջե, իսկ 2,3 մլրդ-ը՝ «Հարավային գազային հոսք» նախագծի ֆինանսավորմանը:

2 Բնակչության մեկ շնչի հաշվարկով արտաքին պարտքը կազմում է $782,6:

3 Շվեյցարական ոչ կառավարական կազմակերպություն է, որը հայտնի է Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումների կազմակերպմամբ:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր