• am
  • ru
  • en
Версия для печати
08.11.2016

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ-խորհրդական

Ադրբեջանի արտաքին քաղաքականությունում էական դերակատարում է ստանում արտերկրյա գործընկերների հետ ռազմական համագործակցությունը, որը, սեփական ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված քայլերին զուգահեռ, նպատակ ունի բարձրացնել ԱՀ ԶՈւ պատրաստվածության մակարդակը և ապահովել տեխնիկական հագեցվածությունը։ Ռազմական համագործակցությունը նպաստում է գործընկեր երկրների հետ քաղաքական հարաբերությունների ամրապնդմանը, ինչպես նաև ծառայեցվում է ներքին և արտաքին քարոզչական նպատակներին։ Նման կապերի բովանդակությունը և նշանակությունը երբեմն ուռճացնելով՝ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել սեփական ժողովրդի մարտական ոգին, մյուս կողմից` հոգեբանական ազդեցություն ունենալ ՀՀ-ի վրա:

Ս.թ. սեպտեմբերի 27-30-ը Բաքվում անցկացված ADEX-2016 միջազգային պաշտպանական ցուցահանդեսն ամբողջությամբ ներառում էր վերը թվարկված նպատակները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ միջոցառումը հաջորդում էր ՀՀ Անկախության օրվա կապակցությամբ Երևանում անցկացված զորահանդեսին, Ադրբեջանի ղեկավարությունը փորձում էր ամեն կերպ բարձրացնել «սեփական» արտադրության զինատեսակների նշանակությունը և նսեմացնել ՀՀ ԶՈւ-ի կողմից ցուցադրված սպառազինությունը:

Այս ամենը նկատի ունենալով հանդերձ, պետք է փաստել, որ ADEX-2016 միջազգային պաշտպանական ցուցահանդեսին հաջողվել էր ապահովել բավական մեծ ներկայացվածություն. մասնակցել են 34 երկրի 216 ընկերություն և 25 պաշտոնական պատվիրակություն: Ամենաշատ ընկերություններ ներկայացրել են Թուրքիան (42), Իսրայելը (14) և Ռուսաստանը (14): Միջոցառման շրջանակներում կնքվել են մի քանի միջպետական համաձայնագրեր։

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը (ՊԱՆ) ներկայացրել էր 260 ցուցանմուշ, իսկ ՊԱՆ նախարար Յ.Ջամալովը հայտարարել է, որ ԱՀ-ը իրականացնում է պաշտպանական նշանակության 125 տեսակի արտադրանքի փորձարարական-կոնստրուկտորային մշակումներ: Ըստ նրա, Ադրբեջանը մտադիր է փոքր հեռահարության (280 կմ) բալիստիկ հրթիռների արտադրության տեխնոլոգիաներ գնել և այդ նպատակով բանակցում է աշխարհի առաջատար ընկերությունների հետ:

Այս հայտարարությունը որոշակի կասկածներ է առաջացրել փորձագետների շրջանում, քանզի բալիստիկ հրթիռների արտադրության հիմնումը ենթադրում է հսկայական ներդրումներ, որն անհավանական է ԱՀ ԶՈւ ներկա բյուջեի պայմաններում: Բացի ֆինանսական կողմից, սույն ծրագրի իրականացումը ենթադրում է նաև ենթակառուցվածքների և կադրերի առկայություն:

Ցուցահանդեսին Ադրբեջանը հատկապես մեծ շուքով ներկայացրել է «սեփական» արտադրության ԱԹՍ-ները: ՀՀ ՊԱՆ Şərq արտադրական միավորման AZAD Sistemlər ձեռնարկությունում հավաքվող կամիկաձե տիպի Zərbə («Հարված») հարվածային ԱԹՍ-ի շնորհանդեսին ներկա է եղել նաև ԱՀ նախագահը։ ԱՀ ՊՆ նախարար Զ.Հասանովի և ԱՀ ՊԱՆ նախարար Յ.Ջամալովի միջև կնքվել է պայմանագիր ԱՀ ԶՈւ-ին այդպիսի հարյուրավոր ԱԹՍ-ների մատակարարման մասին։

Հարկ է նշել, որ 2009թ. պաշտոնական Բաքվի և իսրայելական Aeronautics Defense Systems-ի միջև կնքված պայմանագրով Ադրբեջանում 2011թ. գարնանը շահագործման է հանձնվել հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքերի գործարան, որի սեփականատեր է հանդիսանում ադրբեջանական Azad Systems ընկերությունը։ Բացի դրանից, Իսրայելն Ադրբեջանին է փոխանցել նորագույն ԱԹՍ-ների լիցենզավորված արտադրության իրավունքը։

Ադրբեջանական տաղավարում ցուցադրվել են հետևյալ ԱԹՍ-ները.

Orbiter-2M. այն դժվար է հայտնաբերել իր փոքր չափերի և անաղմուկ էլեկտրական շարժիչի պատճառով։ Օգտագործվում է հետախուզության և հրետանու կրակի ճշգրտման համար։ Թռիչքի տևողությունը՝ 4 ժամ, հեռավորությունը 50 կմ, առավելագույն բարձրությունը՝ 5500 մ։ Ադրբեջանական լրատվակայքերը, կիրառելով այս հանգամանքը որպես քարոզչական միջոց, ներկայացնում են Orbiter-2M ԱԹՍ-ն որպես սեփական արտադրություն, մինչդեռ Ադրբեջանն իրականում ձեռք է բերել դրա արտադրման արտոնագիրն Aeronautics Defense Systems ընկերությունից։

Orbiter-3. հատուկ սարքավորում է, որն արդեն օգտագործվում է ԱՀ ԶՈւ-ի կողմից։ Նախատեսված է 2G, 3G և 4G բջջային ցանցերում խոսակցությունները և հաղորդագրությունները վերահսկելու համար։ Հնարավորություն ունի օպերատորին հաղորդել ազդանշանի աղբյուրի կոորդինատները։ Օգտագործվում է ներքին անվտանգության և հետախուզության նպատակներով։ Թռիչքի տևողությունը՝ 5 ժամ, հեռավորությունը՝ 80 կմ, աշխատանքային բարձրությունը՝ 3 կմ, կարող է որսալ միաժամանակ 4 զանգ, ծածկում է 5 կմ2 տարածք։

Orbiter-4. իսրայելական նորագույն ԱԹՍ է, որն օգտագործվում է համազորային հետախուզության և թիրախանշման համար, բացի օպտիկական և լազերային դիտարկման սարքավորումներից, հագեցած է նաև վերգետնյա թիրախներին հետևելու համար նախատեսված ռադարներով։ Թռիչքի տևողությունը՝ 24 ժամ, հեռավորությունը՝ 150 կմ, առավելագույն բարձրությունը՝ 6 կմ:

Orbiter-1K. հարվածային ԱԹՍ է MMCAV (Multi Mission Combat Armored Vehicle) զրահապատ ավտոմեքենայի հիմքի վրա։ Հեռահարությունը՝ 50 կմ, կարող է կրել 2.6 կգ պայթուցիկ նյութ։ Սարքավորման ոչ այնքան մեծ արժեքն այն դարձնում է արդյունավետ միջոց հակառակորդի թեթև տեխնիկայի, կառավարման կետերի և կապի միջոցների դեմ օգտագործելու տեսանկյունից։

Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը փորձում է այս նմուշը ներկայացնել որպես սեփական արտադրություն, իսրայելական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն, Aeronautics LTD-ն դեռևս անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի ձեռնամուխ լինի Ադրբեջանի ՊԱՆ-ի հետ համատեղ Orbiter 1K-ի արտադրությանը:

Aerostar ԱԹՍ-ն օգտագործվում է խորքային հետախուզության և թիրախանշման համար։ Թռիչքի տևողությունը՝ 12 ժամ, հեռավորությունը՝ 250 կմ, առավելագույն բարձրությունը՝ 6 կմ։

ԱՀ-ի կողմից առաջին անգամ ցուցադրվել են զրահապատ տրանսպորտային միջոցների վերանորոգման և սպասարկման մոբիլ կենտրոնի նախագիծը, նոր սերնդի տարբեր տրամաչափի ավիացիոն ռումբեր (ռազմական փորձագետների կարծիքով՝ ներկայացված 7 տեսակի ավիառումբերն անվանվում են իբր նորագույն, բայց իրականում դրանք ՌԴ-ում արտադրված սովորական տիպի արկեր են), հրաձգային զենքերի ամբողջությամբ տեղական արտադրանքի նոր նմուշներ, տեխնիկայի այլ տեսակներ և սպառազինություն։

Ներկայացվել են նաև QFAB-100SAB բեկորա-ֆուգասային ավիառումբը, ադրբեջանա-կանադական AZCAN ընկերության արտադրության զրահապատ տրանսպորտային միջոցը, որը պետք է արտադրվի Ադրբեջանում և արտահանվի, տեղական արտադրության 14.5 մմ տրամաչափի N-ST ինքնաձիգը, արդիականացված БРДМ-2-ի հիմքի վրա հակատանկային հրթիռային համալիրը, որը զինված է թուրքական արտադրության OMTAS (հեռահարությունը՝ 4000 մ) և UMTAS (հեռահարությունը՝ 8000 մ) հրթիռներով: Այս համալիրը հնարավորություն ունի կրակ վարել թաքստոցից, թիրախի մասին տվյալները ճշգրտել և արդյունավետ կրակի վարման գնահատական տալ։

ՌԴ-ի կողմից միջազգային ցուցահանդեսին մասնակցել են Вертолеты России, Уралвагонзавод, Сплав, Вымпел, Высокоточные комплексы և Техмаш ընկերությունները:

Ռուսական Рособоронэкспорт ընկերության գլխավորությամբ ցուցահանդեսին ներկայացվել են Тигр հատուկ զրահապատ մեքենան, Тор-М2КМ զենիթահրթիռային համալիրը, Т-90С տանկը, Метис-М1 ժամանակակից հակատանկային համակարգը, բարձր ճշգրտության Краснополь-М2 հրանոթային համակարգը, բարձր ճշգրտության Грань ականանետային համակարգը, հրթիռներ ЗРПК Панцирь-С1-ի համար, АГС-30 նռնականետը և այլն:

Ցուցահանդեսի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ռուսական Вертолеты России և ադրբեջանական Silk Way Helicopter Services ընկերությունները Ադրբեջանի տարածքում կհիմնեն համատեղ ընկերություն քաղաքացիական Ми-8/17 ուղղաթիռների վերանորոգման համար: Ռուսական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Ի.Չեչիկովը նշել է, որ կողմերը ծրագրում են հետագայում ընդլայնել ստեղծվող կենտրոնի հնարավորությունները ռազմական ուղղաթիռների վերանորոգում իրականացնելու համար:

ADEX 2016 պաշտպանական միջազգային ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռել ամրապնդել ռազմական համագործակցությունն ավանդական գործընկերների հետ:

Թուրքիա. ԱՀ ՊՆ նախարար Զ.Հասանովը հանդիպել է ADEX-2016 ցուցահանդեսի մասնակցության նպատակով Բաքու ժամանած Թուրքիայի Ազգային պաշտպանության նախարար Ֆիքրի Իշըքի գլխավորած պատվիրակության հետ: Քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում և ռազմական կրթության բնագավառում համագործակցության էլ ավելի ընդլայնման, ինչպես նաև մասնագետների համատեղ պատրաստման, փորձի փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Թուրքիայի հետ ռազմական համագործակցության զարգացման մասին է վկայում նաև թուրքական Roketsan ընկերության նախագահ Մ.Է. Ալպմանի հայտարարությունն այն մասին, որ իրենք ԱՀ ԶՈւ-ին մատակարարում են կառավարվող հրթիռներ: Մինչ այժմ ԱՀ ԶՈւ-ին մատակարարվել են 107 մմ և 102 մմ տրամաչափի հրթիռներ, Т-300 Kasirga հրթիռային համակարգեր և դրանց ռազմամթերքը: Սակայն հիմա Ադրբեջանին մատակարարվում է 40 կմ հեռահարությամբ 122 մմ-անոց և 90-110 կմ հեռահարությամբ Т-300 կառավարվող հրթիռներ, այս տարի ավարտվել են Т-300 Kasirga-ի մատակարարումներն Ադրբեջանին:

Իսրայել. ԱՀ ՊԱՆ նախարար Յ.Ջամալովի և ԱՀ-ում Իսրայելի դեսպան Դան Սթավի հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր:

Ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել Իսրայելի Յոկնեամ քաղաքի փոխքաղաքապետ Ռ.Պերեսը: Ըստ նրա, քաղաքում գործող իսրայելական պաշտպանական ոլորտի խոշորագույն մասնավոր ընկերություն հանդիսացող Elbit Systems-ը Ադրբեջանում կառուցում է պաշտպանական արդյունաբերության օբյեկտներ: Հարկ է նշել, որ նշված ընկերությունը զբաղվում է տարբեր տեսակի զինատեսակների, այդ թվում՝ ԱԹՍ-ների, ռադիոլոկացիոն, հրետանային և հրթիռային կրակի ուղղորդման տեխնիկայի համակարգերի մշակումներով և արդիականացմամբ: Ադրբեջանը գնում է նաև նշված ընկերության արտադրած Soltam Spear Mk2 ավտոմատ նռնականետները:

Պակիստան. Սեպտեմբերի 25-ին Ի.Ալիևն ընդունել է Բաքու ժամանած Պակիստանի պաշտպանական արդյունաբերության դաշնային նախարար Ռ.Թ. Հուսեյնին: ԱՀ ՊԱՆ նախարար Յ.Ջամալովի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում ադրբեջանա-պակիստանյան համագործակցության ընդլայնման, առաջիկա խնդիրների, երկու երկրներում անցկացվող ցուցահանդեսներին մասնակցության ապահովման, փորձի փոխանակման, գիտական համագործակցության, փոխադարձ այցերի կազմակերպման հետ կապված հարցեր: Ռ.Թ. Հուսեյնը վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սատարման Պակիստանի դիրքորոշումը և պատրաստակամություն հայտնել ԱՀ ԶՈւ-ին մատակարարել պակիստանյան արտադրության արդիականացված սպառազինություն: Հարկ է նշել, որ ներկայումս Պակիստանի ռազմարդյունաբերական համալիրի նորագույն արտադրանք է համարվում Չինաստանի հետ համատեղ արտադրված JF-17 Thunder կործանիչը:

Ռուսաստան. ADEX-2016 ցուցահանդեսի շրջանակներում ԱՀ ՊԱՆ Шарг արտադրական միավորման և ՌԴ տակտիկական հրթիռային զինատեսակների կորպորացիայի միջև ստորագրվել է հուշագիր, որը նախատեսում է «օդ-օդ» և «օդ-երկիր» հրթիռների համատեղ արտադրություն:

Հանդիպում է կայացել նաև ԱՀ ՊՆ նախարար Զ.Հասանովի և ՌԴ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Վ.Բոնդարևի ղեկավարած պատվիրակության միջև: Քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Тракторные заводы կոնցեռնի գլխավոր տնօրենի տեղակալ Ա.Լոսևի հայտարարության համաձայն, ռուսական արտադրության БМП-3 հետևակի ռազմական մեքենաների մատակարարումն Ադրբեջանին ֆինանսական խնդիրների պատճառով հետաձգվում է մինչև 2017թ. վերջ կամ 2018թ. սկիզբ: Նախապես ծրագրվում էր այն ավարտել 2016թ.:

Բելառուս. ԱՀ նախագահն ընդունել է ADEX-2016 պաշտպանական ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Բաքու ժամանած Բելառուսի ՊՆ նախարար Ա.Ռավկովին: Կողմերը գոհունակություն են հայտնել երկար տարիներ ընթացող երկկողմանի ռազմական հաջող համագործակցության կապակցությամբ: Ի.Ալիևն ընդգծել է, որ վերջին տարիներին Բելառուսից գնված զինտեխնիկան բավարարում է ամենաբարձր չափանիշներին:

ԱՀ ՊՆ նախարար Զ.Հասանովը և Բելառուսի ՊՆ նախարար Ա.Ռավկովը ստորագրել են 2017թ. ԱՀ և Բելառուսի ԶՈւ-երի միջև համագործակցության պլանը:

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 22-ին, երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելու հեռանկարներն են քննարկվել Զ.Հասանովը և Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ս.Զուևը հանդիպման ընթացքում, իսկ ս.թ. հուլիսին Բաքու էր ժամանել Բելառուսի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ, ՊՆ փոխնախարար Օ.Բելոկոնևը:

Աֆղանստան. ԱՀ նախագահ Ի.Ալիևը հաստատել է Ադրբեջանի և Աֆղանստանի միջև ս.թ. հուլիսի 15-ին ստորագրված ռազմական օգնության մասին պայմանագիրը:

ԱՄՆ. Այս համատեքստում ուշագրավ է, որ ԱՄՆ-ը մերժել է Աֆղանստանից դուրս բերված Cougar և HMMWV զինվորական տրանսպորտային միջոցները գնելու Ադրբեջանի առաջարկը, չնայած այն հանգամանքին, որ Աֆղանստանից դուրս բերվող ռազմական տեխնիկայի վաճառքում նախատեսվում էր առաջնահերթություն տալ խաղաղապահ գործողություններին մասնակցած երկրներին: Ամերիկյան որոշումը հիմնավորվել է հակամարտային գոտիներում գտնվող երկրներին զենք վաճառելու վրա պաշտոնական Վաշինգտոնի սահմանած արգելանքով: Ադրբեջանական լրատվամիջոցները փաստում են, որ չնայած նշված սահմանափակումներին, ԱՄՆ-ը վերջին տասը տարվա ընթացքում Վրաստանին անհատույց տրամադրել է 10-ից ավելի Cougar թեթև զրահապատ մեքենա և մոտ 100 HMMWV ամենագնաց:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր