• am
  • ru
  • en
Версия для печати
19.05.2016

ԱԴՐԲԵՋԱՆԸ 2016Թ. ԱՊՐԻԼԻՆ (ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ)

Руский

   

Անուշավան Բարսեղյան
«Նորավանք» ԳԿՀ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ

2016թ. ապրիլին ԼՂՀ-ի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան բխում էր Բաքվի կողմից տարիներ շարունակ իրականացվող ապակառուցողական և ռազմատենչ քաղաքականության ընդհանուր տրամաբանությունից և բացի ռազմական խնդիրներից՝ հետապնդում էր նաև մի շարք քաղաքական նպատակներ։ Պահի ընտրությունը պայմանավորված էր ինչպես պետական եկամուտների կտրուկ նվազման և տնտեսական խորացող ճգնաժամի հետևանքով ուժերի հավասարակշռությունն իր օգտին փոխելու հռչակված քաղաքականության շարունակման անհեռանկարայնությամբ, այնպես էլ տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումներով և Ադրբեջանի արտաքին հարաբերություններում նկատվող միտումներով։

Ադրբեջանի արտաքին հարաբերությունների ապրիլ ամսվա իրավիճակային տեսությունը կներկայացնենք քառօրյա պատերազմի համատեքստում՝ հիմնական ուշադրությունը դարձնելով տարածաշրջանային երկրների և ուժային կենտրոնների պաշտոնական և հանրային արձագանքներին։

Ադրբեջան-Թուրքիա. Թուրքիան, թերևս, միակ պետությունն էր, որը բացահայտ զորակցություն հայտնեց Ադրբեջանին և ողջունեց նրա ագրեսիվ գործողությունները:

Թուրքիայում ներկա և նախկին պաշտոնյաների, քաղաքական և հասարակական գործիչների շրջանում կարծես մրցույթ էր հայտարարված, թե ով ավելի խրոխտ կեցվածք կընդունի և ով ավելի բարձրագոչ բառերով կարտահայտի իր զորակցությունը եղբայրական Ադրբեջանին: Այդ ցանկում իրենց «պատվավոր տեղը» զբաղեցրին Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը, վարչապետ Ա.Դավութօղլուն, նախկին նախագահ Ա.Գյուլը, փոխվարչապետ Թ.Թյուրքեշը, Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և հաղորդակցության նախարար Բ.Յըլդրըմը, Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ) մամլո խոսնակ Օ.Չելիքը, Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դ.Բահչելին, ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Ի.Բաշբուղը, ԱԶԿ կառավարման խորհրդի նախկին անդամ Մ.Բաղլըն, նախկին պատգամավորներ և նախարարներ:

ԼՂ հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Արտաքին կապերի հանձնաժողովը՝ ի դեմս Արդարություն և զարգացում, Ժողովրդահանրապետական (CHP) և Ազգայնական շարժում (MHP) կուսակցությունների պատգամավորների, հանդես եկավ Հայաստանին դատապարտող հայտարարությամբ՝ լիովին արտահայտելով ադրբեջանական պաշտոնական տեսակետները։ Ադրբեջանական լրատվամիջոցները, խեղաթյուրելով իրականությունը, սա ներկայացրին որպես թուրքական խորհրդարանի երեք առաջատար կուսակցությունների ընդունած հայտարարություն այն դեպքում, երբ MHP-ից շատ պատգամավորներ (59-ը 40-ի դիմաց) ունեցող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) անդամները չեն միացել հայտարարությանը։ Ընդհանրապես, HDP-ի՝ Անկարայի պանթյուրքիստական դիրքորոշումից տարբերվող մոտեցումները սվիններով են ընդունվում Թուրքիայում։ Թուրքական «լավագույն ավանդույթների» համաձայն՝ դատական հայց է ներկայացվել HDP համանախագահ Ս.Դեմիրթաշի դեմ, որը ռուսաստանյան այցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղում տեղի ունեցող վերջին զարգացումներին և օգտագործել «Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետություն» ձևակերպումը:

Թուրքիան, ամենաբարձր մակարդակով աջակցություն հայտնելով ադրբեջանական ագրեսիային, որոշակիորեն փոխեց հռետորաբանությունը ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերիի՝ «ԼՂ-ի շուրջ առճակատումը խթանող արտաքին դերակատարներին դատապարտող» համատեղ հայտարարությունից և շփման գծում կրակի դադարեցումից հետո։ Ապրիլի 6-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մ.Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան չի ողջունում ռազմական բախումները (առաջվա պես դրանում մեղադրելով Հայաստանին), և չնայած «եղբայրական Ադրբեջանին անհրաժեշտ պահին օգնության հասնելու պատրաստակամությանը»՝ Անկարան հանդես է գալիս ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին։ Մ.Չավուշօղլուն նաև «սև քարոզչություն» անվանեց իրանական մի շարք լրատվամիջոցների հրապարակումներն այն մասին, որ Ռ.Էրդողանը պատերազմ է հրահրում ԼՂ հակամարտության գոտում։ Պատասխան ուղերձն Իրանին հետևյալն էր. «Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին, և այս իրավիճակում Ադրբեջանին և Թուրքիային մեղադրելն անհամատեղելի է իսլամի հետ»։

Ի պաշտպանություն Ադրբեջանի՝ Թուրքիայի Ստամբուլ և Իգդիր քաղաքներում անցկացվեցին հանրահավաքներ և երթեր, որոնց ընթացքում ծայրահեղականներն այրեցին Հայաստանի դրոշը։ Ոչ պաշտոնական մակարդակներով հնչեցին Թուրքիայի և Ադրբեջանի՝ մեկ պետության մեջ միավորվելու և Ադրբեջանում թուրքական ռազմական բազա տեղակայելու հայտարարություններ, որոնք համապատասխան արձագանք չգտան Ադրբեջանում։

Թուրքիայի նախաձեռնությամբ Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) արտգործնախարարների Ստամբուլում կայացած «Միասնականություն և համերաշխություն հանուն խաղաղության և արդարության» գագաթաժողովը հանդես եկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ընդունված սկզբունքներն անտեսող, միակողմանի և իրականության հետ ոչ մի աղերս չունեցող հայտարարությամբ, որում «դատապարտվում է Հայաստանի դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ»։

Գագաթաժողովի շրջանակներում հատկապես հետաքրքրական էր Ռ.Էրդողանի և Ի.Ալիևի հանդիպումը ՌԴ-ի նկատմամբ թշնամական դիրքորոշմամբ հայտնի «Ղրիմ-թաթարական ժողովրդի մեջլիս» հասարակական միավորման առաջնորդներ Ռ.Չուբարովի և Մ.Ջեմիլևի հետ։ Հարկ է նշել, որ այս հանդիպումից մի քանի օր հետո ՌԴ արդարադատության նախարարությունն արգելեց նշված կազմակերպության գործունեությունը ՌԴ տարածքում։

Ադրբեջան-Ռուսաստան. Ռուսաստանի՝ Հվ.Կովկասում ազդեցության մեծացման ձգտումների, ռուս-թուրքական լարվածության և ընդհանուր տարածաշրջանային աշխարհաքաղաքական միտումների համատեքստում կարծես Ադրբեջանի դերակատարությունը Ռուսաստանի համար ավելի է արժևորվում։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը և կողմերի վրա համեմատաբար առավել մեծ ազդեցություն ունեցող երկիր՝ Ռուսաստանը ստանձնեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով լայնածավալ պատերազմի վերսկսման հնարավորության վերացման միջնորդական առաքելությունը։ Ռազմական գործողությունների ընթացքում Ադրբեջանի կողմից ռուսական արտադրության նորագույն հրթիռահրետանային զինատեսակների կիրառումը ՌԴ-ի նկատմամբ սուր քննադատություններ առաջացրեց Հայաստանի պաշտոնական և հանրային մակարդակներում։

Ամսվա ընթացքում Բաքու ժամանեցին ՌԴ վարչապետ Դ.Մեդվեդևը (Երևանից) և ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը մասնակցելու նպատակով Բաքու ժամանած ՌԴ ԱԳ նախարար Ս.Լավրովը Ի.Ալիևի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է տնտեսական կապերի, տրանսպորտային և էներգետիկ ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։ Վերջինս նշել է, որ Ռուսաստանը նախագահների, վարչապետների, ԱԳՆ-ի, ՊՆ-ի, ԶՈւ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ քայլերը ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման նպատակով և այսուհետ ևս մյուս համանախագահների հետ միասին կզբաղվի հարցի քաղաքական կարգավորմամբ։ Ս.Լավրովը շեշտել է ԵԱՀԿ և Կարմիր խաչի օգնությամբ վստահության մեխանիզմների և քաղաքական գործընթացի շարունակման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման կարևորությունը։

Ադրբեջան-Իրան. ԼՂ հակամարտության ողջ ընթացքում Իրանի վարած հավասարակշռված քաղաքականությունն անփոփոխ մնաց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի և դրան հաջորդած զարգացումների ընթացքում: Ռազմական բախումների օրերին Իրանի ԱԳ նախարար Ջ.Զարիֆը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով՝ միաժամանակ առաջարկելով սեփական միջնորդությունը տարածաշրջանի խաղաղությունը վերականգնելու համար: Լարվածությունը թուլացնելու նպատակով Իրանի նախագահ Հ.Ռոուհանին հեռախոսազրույցներ է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, իսկ ԱԳ նախարարն առաջիններից էր, որ գոհունակություն հայտնեց կրակի դադարեցման առնչությամբ։

Իրանի արտաքին քաղաքականության պատասխանատուների հնչեցրած մի շարք հայտարարություններից կարելի է առանձնացնել երկու ուշագրավ շեշտադրում, որոնք անմիջականորեն առնչվում են Ադրբեջանի հետ հարաբերություններին: Առաջին. չնայած այն հանգամանքին, որ քառօրյա պատերազմն առավել ընդգծեց ադրբեջանա-իսրայելական խոր ռազմական համագործակցությունը, ընդհուպ իսրայելական արտադրության ԱԹՍ-ներն Իսրայելի մասնագետների կողմից օգտագործելու հիմնավոր կասկածները, ԻԻՀ ԱԳ նախարարն իր հայտարարության մեջ Ադրբեջանն անվանեց «մոտ բարեկամ», Հայաստանն՝ ուղղակի «հարևան»: Երկրորդ. ԻԻՀ ԱԳ խոսնակը կոչ արեց Հայաստանին և Ադրբեջանին թույլ չտալ «արտաքին խաղացողներին վտանգավոր ճգնաժամ ստեղծել տարածաշրջանում»: Եթե ավելացնենք նաև, որ միաժամանակ իրանական մամուլում հայտնվեցին ռազմական լարվածությունը խթանելու մեջ Թուրքիային մեղադրող հրապարակումներ, ապա պարզ է դառնում, թե ում էր վերաբերում իրանական ակնարկը:

Չնայած պաշտոնական Թեհրանի զուսպ և հավասարակշիռ դիրքորոշմանը, Իրանի հոգևորական որոշ շրջանակներում հնչեցին ակնհայտ ադրբեջանանպաստ և սադրիչ հայտարարություններ: Իրանի Արդեբիլի շրջանում ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի ներկայացուցիչ Հ.Ամիլին1 հայտարարեց, որ իրանցիները պատրաստ են կռվել Ղարաբաղի համար, ինչն, իր կարծիքով, «իսլամական աշխարհի մի մասն է և պետք է վերադարձվի Ադրբեջանին»: Հ.Ամիլին իր խոսքը հիմնավորեց ԻԻՀ հոգևոր առաջնորդի նախկինում հնչեցրած այն արտահայտությամբ, որ «Ղարաբաղը հանդիսանում է իսլամական աշխարհի մաս, և նրա համար զոհվածները համարվում են շեհիդներ»: Հակահայկական ելույթով հանդես եկավ նաև Աստարա քաղաքի իմամը՝ նշելով, որ «Ղարաբաղը պետք է վերադարձվի Ադրբեջանին»:

Իրանական լրատվամիջոցներում նույնպես անդրադարձ եղավ ԻԻՀ հոգևոր առաջնորդի վերոնշյալ խոսքերին: Ա.Խամենեիի խոսքերը համատեքստից դուրս ներկայացնելը գնահատվեց որպես Իրանի ադրբեջանցիներին Հայաստանի դեմ տրամադրելու նպատակով ադրբեջանական քարոզչության կողմից արված քայլ՝ պարզաբանելով, որ իրականում ԻԻՀ հոգևոր առաջնորդը «Ղարաբաղի մուսուլմանների նկատմամբ հայերի ճնշումները քննադատել է Խոջալուի դեպքերի հետ կապված ելույթի ժամանակ»: Ըստ www.iran.ru կայքի2, «Ադրբեջանական և ղարաբաղյան բանակների շփման գծում լարվածության աճի ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն փորձում է օգտագործել պանթյուրքիստական անջատողական աղբյուրները հակահայկական տրամադրություններ քարոզելու համար: Իրանի մեջլիսի ադրբեջանցի մի շարք անդամներ կոչ են անում միջոցներ ձեռք առնել Հայաստանի դեմ»: Ինչպես նշում է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Վ.Ոսկանյանը, նախագահ Մ.Ահմադինեժադի ժամանակաշրջանից սկսած՝ Իրանում շիականության կողքին զգալի քարոզչական կարևորություն է ստանում նաև իրանական պետականության երկրորդ կարևոր հիմնասյունը՝ ազգայնականությունը: Իրանի ներսում օտար պետության շահերի սպասարկմանն ուղղված գործունեությունն այս դեպքում կրում է ակնհայտ պանթյուրքիստական ենթատեքստ և հակահայկականության հետ մեկտեղ ունի նաև հակաիրանական բնույթ:

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն այս ամսվա ընթացքում հանդիպեցին երկու եռակողմ ձևաչափերով` Իրան-Ադրբեջան-Թուրքիա և Իրան-Ադրբեջան-Ռուսաստան:

Դեռևս չէին դադարեցվել ռազմական գործողությունները, երբ ԱՀ ԱԳ նախարարը մեկնեց Իրան` հանդիպելու իր թուրք և իրանցի գործընկերներին: Մինչ այդ կայացած երկկողմանի հանդիպման ընթացքում Ջ.Զարիֆը և Է.Մամեդյարովը քննարկել էին ԼՂ հակամարտությունը: Ջ.Զարիֆը կրկին ընդգծել է ներկա պայմաններում տարածաշրջանում նոր ճգնաժամ թույլ չտալու համար բոլոր ջանքերը ներդնելու, ռազմական բախումները դադարեցնելու և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը:

Իրանի Ռամսար քաղաքում կայացած չորրորդ եռակողմ հանդիպման ընթացքում ստորագրվել է համագործակցության մասին երկու փաստաթուղթ: Առաջինն ընդհանուր սկզբունքների մասին հռչակագիր է, որով կողմերն ընդգծում են եռակողմ համագործակցությունը, իսկ երկրորդը` հետագա երկու տարիների համար գործողությունների համատեղ պլան, որում նշված է, թե կողմերը որ ոլորտներում և ինչպես են համագործակցելու: Ըստ Ջ.Զարիֆի՝ այդ ոլորտներն են տարանցումը, էներգետիկան, զբոսաշրջությունը և մշակութային հարցերը: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանի խաղաղության և անվտանգության մասին համաձայնագրի ընդունման հնարավորությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխարտգործնախարարների մասնակցությամբ ստեղծել գործադիր կոմիտե, որը կզբաղվի ընդունված որոշումների կատարման գործընթացով:

Ադրբեջանի և Իրանի տնտեսական կապերի զարգացման տեսանկյունից բավական հագեցած էր Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մ.Վաեզիի այցը Բաքու: Մինչ Ադրբեջան ժամանելը Մ.Վաեզին ԱՀ էկոնոմիկայի նախարար Շ.Մուսթաֆաևի3 հետ ներկա է գտնվել Աստարաչայ գետի վրա կառուցվելիք կամրջի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Համատեղ ուժերով կառուցվելիք կամուրջը պետք է իրար միացնի Ադրբեջանի և Իրանի երկաթուղիները, որի համար անհրաժեշտ է ավարտել նաև Կազվին-Ռեշտ-Աստարա (գտնվում է Իրանի տարածքում) և Աստարա (Իրան) - Աստարա (ԱՀ) երկաթուղային հատվածների շինարարությունը4: Իրանի և Ադրբեջանի ոլորտի պատասխանատուները քննարկել են նաև Նախիջևան-Ջուլֆա-Թավրիզ և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային գծերի միավորման հնարավորությունը:

Մ.Վաեզիի այցի շրջանակներում իրանական Darou Pakhsh (խոշորագույն դեղագործական ընկերություն), Iran Khodro (խոշորագույն ավտոմոբիլաշինական ընկերություն) և ադրբեջանական Սումգայիթի քիմիական արդյունաբերական պարկ, Ադրբեջանի ներդրումային ընկերություն, Azersun Holding5 ընկերությունների միջև ստորագրվել է դեղերի արտադրության և ավտոմոբիլաշինության ոլորտներում համագործակցության վերաբերյալ 4 փաստաթուղթ:

ԱՀ կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռ.Գուլուզադեի հետ Մ.Վաեզին քննարկել է սահմանամերձ տարածքներում ռադիոհաճախությունների կարգավորման, կիբեռանվտանգության, բջջային կապի, փոստային ծառայությունների և այլ հարցերի շուրջ համագործակցության զարգացման հեռանկարները:

Մ.Վաեզին հայտարարել է, թե Իրանը վերջին երկու ամսում արագացրել է Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանի շահագործմանն ուղղված աշխատանքները և գործնականում ավարտել է Արաքս գետի վրա ամբարտակի կառուցումը։ Նախարարի խոսքով՝ Խուդաֆերինի նախագծի իրագործումը բազում տարիներ բախվել է ձգձգումների՝ կապված քաղաքական ու տեխնիկական խնդիրների հետ, սակայն Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի Թեհրան կատարած այցից ու համաձայնագրի ստորագրումից հետո Իրանն արագացրել է այդ ուղղությամբ աշխատանքները: «Ներկայումս նախագծի իրագործման համար չկա որևէ խոչընդոտ։ Իրանը կավարտի նախագիծը, և դրանից հետո Ադրբեջանը կանի անհրաժեշտ ներդրումների իր մասը»,- ասել է նա։

Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունների զարգացման գործում հատուկ ներդրման համար Ի.Ալիևը «Dostluq» (Բարեկամություն) շքանշանով է պարգևատրել Մ.Վաեզիին:

Ադրբեջան-ԱՄՆ. ԱՄՆ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր լինելով, Բաքվի ագրեսիայի հետևանքով առաջացած լարված իրավիճակում դիվանագիտական խողովակներով մշտական կապի մեջ է գտնվել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ և վերահաստատել ԼՂ հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած` ուժի կիրառման բացառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման միջազգայնորեն ընդունված սկզբունքները: Հեռախոսակապի միջոցով ՀՀ և ԱՀ նախագահների հետ հակամարտությունը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Բայդենը՝ կարևորելով խնդրի համընդհանուր կարգավորումը:

Դատապարտելով շփման գծի երկայնքով կիրառված ցանկացած բռնություն՝ ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Մ.Թոները կոչ է արել հակամարտության կողմերին աշխատել խաղաղ համաձայնագրի վրա: Ե՛վ Մ.Թոները, և՛ ԱՀ-ում ԱՄՆ դեսպան Ռ.Սեկուտան նշել են, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում:

Միջուկային անվտանգության գագաթաժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող Ի.Ալիևը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջ.Բայդենի, ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերիի, ԱՄՆ առևտրի նախարար Փ.Փրիցկերի, Նյու Հեմփշիրի նախկին նահանգապետ, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի աշխատակազմի ղեկավար Ջորջ Սունունուի, ԱՄՆ մի շարք կոնգրեսականների, «General Electric»6 և «Armitage International»7 ընկերությունների, Քարնեգի հիմնադրամի8, «Export-Import»9 բանկի ղեկավարների հետ:

Ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, Վաշինգտոնում Ջ.Քերիի հետ հանդիպելու և առավել բարենպաստ մթնոլորտ ապահովելու համար աշխատել է «Podesta Group» լոբբիստական ընկերությունը: Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ վաշինգտոնյան այցի ընթացքում Ի.Ալիևը ԱՄՆ պաշտոնյաների կողմից խիստ քննադատության չի արժանացել երկրում մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումների համար: Բաքուն օգտվել է լոբբիստական խմբերի ծառայություններից, որոնց համառ ջանքերի գնով է հնարավոր դարձել Ջ.Քերի հետ հանդիպումը: ԱՄՆ-ում ԱՀ դեսպանատան և «Podesta Group»-ի միջև կնքված պայմանագրով նշված լոբբիստական խումբը ամսական $50.000 վարձատրության դիմաց պետք է ապահովի Ադրբեջանի իշխանությունների շփումները Վաշինգտոնի ազդեցիկ դեմքերի հետ: Ի.Ալիևի այցից հետո կնքված պայմանագիրը վերանայվել է՝ սահմանելով արդեն $70.000 գումար մեկ ամսվա համար, ներառելով նաև խմբի կողմից լրացուցիչ ծառայությունների մատուցման պարտավորություն, որոնք պետք է մատուցվեն ս.թ ապրիլի 6-ից մինչև 2016թ. վերջ: Չնայած այն հանգամանքին, որ «Podesta Group»-ի ղեկավարները10 հրաժարվել են մեկնաբանել սույն տեղեկությունները, լրատվամիջոցներում հայտնվեցին գործարքը հաստատող փաստաթղթերի լուսանկարներ11:

Ի.Ալիևի վաշինգտոնյան օրակարգից կարելի է առանձնացնել հրեական խոշորագույն` «Հանրային կապերի ամերիկա-իսրայելական հանձնախումբ» (AIPAC)12, «Եվրասիայի հրեաների աջակցության ազգային կոալիցիա» (NCSEJ)13, «Ամերիկյան հիմնական հրեական կազմակերպությունների նախագահների գիտաժողով» (CPMAJO)14 լոբբիստական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպումը:

Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ համագործակցությունը կարծես փորձ է արվում զարգացնել լոբբիստական մակարդակում ևս՝ նպաստելով ԱՄՆ-ում ադրբեջանական շահերի սպասարկմանը: Վերջին մեկ ամսվա ընթացքում հրեական «Jewish Journal» պորտալը հրապարակել է ԱՄՆ հրեական համայնքի որոշ ներկայացուցիչների՝ Ադրբեջանին սատարելու կոչեր: Ընդհանրապես, ԱՄՆ-ում ադրբեջանական լոբբիստական խմբի` «Ադրբեջանա-ամերիկյան ալյանսի» տապալումից և գործունեության դադարեցումից հետո Բաքուն փորձում է գտնել այլ ուղիներ Ադրբեջանի դրական կերպարի ձևավորման և Վաշինգտոնի հետ կայուն կապերի հաստատման նպատակով:

Ադրբեջան-Վրաստան. Ադրբեջանական ագրեսիայի պատճառով ստեղծված լարված իրավիճակը բազմաթիվ հարցեր առաջացրեց իր հարևանների նկատմամբ Վրաստանի դիրքավորման տեսանկյունից։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցությունը, Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, իր տարածքում խոշոր՝ ադրբեջանական և հայկական համայնքների առկայությունը պաշտոնական Թբիլիսիի համար կենսական նշանակություն են հաղորդում ԼՂ հակամարտության գոտում հրահրված ռազմական բախումներին։ Ստեղծված իրավիճակում Վրաստանը փորձեց ամեն կերպ չեզոքություն պահպանել կողմերի նկատմամբ։

Վրաստանի ԱԳ նախարար Մ.Ջանելիձեն հեռախոսակապի միջոցով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերներին մտահոգություն հայտնեց Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ՝ շեշտելով ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։ Մ.Ջանելիձեն անգամ հետաձգեց նախօրոք ծրագրած այցը Լեհաստան։ Կողմերի հետ մշտական կապ էր պահպանում նաև Վրաստանի պաշտպանության նախարար Թ.Խիդաշելին։

Վրաստանի փորձագիտական շրջանակներն ընդհանուր առմամբ նույնպես հանդես եկան չեզոք դիրքերից՝ հիմնականում ռազմական բախումների հետևում տեսնելով Ռուսաստանի դերակատարումը։

Քննարկվեցին նաև լայնածավալ պատերազմի դեպքում Վրաստանի տարածքով Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարման համար անհրաժեշտ ցամաքային միջանցքի հարցում Վրաստանի դիրքորոշման հնարավոր տարբերակները։ Վրաստանի մշակույթի նախկին նախարար, «Իվերիա» հասարակական շարժման նախագահ Ն.Ռուրուայի կարծիքով, Վրաստանը, հաշվի առնելով Ադրբեջանի և Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները, պարտավոր է չեզոքություն պահպանել և չթույլատրել Ռուսաստանին իր տարածքով Հայաստան զենքի հնարավոր առաքումը, քանի որ դա կդիտվի որպես աջակցություն կողմերից մեկին։ Հետաքրքրական է, որ նույն համատեքստում հասարակական-քաղաքական շրջանակները լռություն պահպանեցին նույն Վրաստանի տարածքով Թուրքիայից Ադրբեջան ռազմամթերքի հնարավոր առաքումների նկատմամբ պաշտոնական Թբիլիսիի դիրքորոշման հարցի վերաբերյալ։

Միևնույն ժամանակ, սադրիչ հայտարարություններով հանդես եկան Վրաստանի ադրբեջանական համայնքի ղեկավարությունը և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Ազեր Սուլեյմանովը։ Ադրբեջանական համայնքի ղեկավարությունը հայտարարեց իր կողմից իբր ցուցակագրված 1000-ից ավելի կամավորների մասին, որոնք պատրաստ են «Ադրբեջանին սպառնացող վտանգի դեպքում կամ գերագույն գլխավոր հրամանատար Ի.Ալիևի հրամանով անմիջապես մեկնել ճակատ»։ Արժե նաև նշել, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս իր քաղաքացիներին ծառայել այլ պետությունների ԶՈւ-ում։

Իսկ Մ.Սաակաշվիլու հիմնադրած կուսակցության անդամ Ա.Սուլեյմանովը հայտարարեց 2008թ. վրաց-ռուսական պատերազմի ընթացքում իր ղեկավարության տակ ռազմական գործողություններին իբր մասնակցած գումարտակը վերականգնելու և Ադրբեջան մեկնելու մտադրության մասին։

Ինքը՝ Մ.Սաակաշվիլին, Ադրբեջանին իր զորակցությունը հայտնեց յուրօրինակ ձևով՝ ֆեյսբուքյան էջում տեղադրելով 2012թ. ԱՀ Միլի մեջլիսում իր ելույթը և ադրբեջաներենով ավելացնելով 1918թ. Ադրբեջանի Ազգային ժողովի նախագահ Մ.Ռասուլզադեի խոսքերը. «Bir kərə yüksələn bayraq bir daha enməz!», ինչը թարգմանաբար նշանակում է «Բարձրացված դրոշը այլևս չի իջեցվի»։

Մ.Սաակաշվիլու կողմնակիցներից կազմավորված և Դոնբասի մարտական գործողություններին մասնակցող «Վրացական լեգեոնի» հրամանատար Մ.Մամուլաշվիլին նույնպես հայտարարեց ԼՂ հակամարտության գոտի մեկնելու պատրաստակամության մասին։

Վրաստանը և Ադրբեջանը շարունակում են զարգացնել համագործակցությունը տրանսպորտային, հատկապես երկաթուղային հաղորդակցության ոլորտում։

Բաքվում կայացած Միջազգային տրանսկասպիական տրանսպորտային երթուղու օպերատորների հանդիպման ընթացքում համաձայնագիր է ստորագրվել Միջազգային տրանսկասպիական կոնսորցիումի ստեղծման մասին։ Կոնսորցիումի անդամներ են դարձել ADY Express և ACSC Logistics ընկերություններն Ադրբեջանից, Trans Caucasus Terminals-ը՝ Վրաստանից, АО KTZ Express-ը՝ Ղազախստանից։

Իսկ Ռումինիայի Կոնստանցա քաղաքում Ադրբեջանի, Վրաստանի, Ռումինիայի և Մոլդովայի երկաթուղային պատասխանատուները ստորագրել են տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր։

1 Հատկանշական է, որ նույն Հ.Ամելին ուրբաթօրյա աղոթքներից մեկի ժամանակ խստորեն քննադատել էր Ադրբեջանի իշխանություններին Նարդարանի դեպքերի հետ կապված՝ հայտարարելով, որ Ադրբեջանը վահաբականների դեմ պայքարելու փոխարեն հետապնդում է շիաներին:

2 http://www.iran.ru/news/politics/100545/Azerbaydzhan_ispolzuet_dlya_propagandy_imya_Verhovnogo_Lidera

3 Մ.Վաեզին և Շ.Մուսթաֆաևը Իրանի և Ադրբեջանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար համագործակցության միջպետական հանձնաժողովի համանախագահներն են:

4 Կամրջի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս, իսկ նշված երկաթուղային հատվածը` 2017թ.:

5 Ադրբեջանի խոշորագույն ոչ նավթային հոլդինգն է, հիմնադրվել է 1991թ., նրա կազմում գործում են 20-ից ավելի գործարաններ, որոնք մասնագիտացված են սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում:

6 Ամերիկյան կազմակերպություն է, որը զբաղվում է լոկոմոտիվների, էներգետիկ կայանների, գազային տուրբինների, ավիացիոն շարժիչների, կենցաղային և լուսավորող տեխնիկայի, բժշկական սարքավորումների, պլաստմասսայի և այլնի արտադրությամբ:

7 Հիմնադրվել է 2005թ. ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Ռիչարդ Արմիթաժի կողմից, ծառայություններ է մատուցում միջազգային բիզնեսի և ռազմավարական պլանավորման ոլորտներում:

8 Մասնավոր, ոչ առևտրային կազմակերպություն է, որպես հիմնական նպատակ է հռչակել աջակցությունը աշխարհի երկրների միջև համագործակցությանը: Հիմնադրվել է 1910թ., միջազգային հարաբերությունների ոլորտի ԱՄՆ ամենահին փորձագիտական-վերլուծական կենտրոնն է:

9 Export–Import Bank of the United States (Ex-Im Bank). ԱՄՆ պետական հաստատություն է, որի նպատակը ԱՄՆ ազգային արտահանողների աջակցությունն է:

10 «Podesta Group» լոբբիստական խմբի ղեկավարներն են Թոնի և Ջոն Պոդեստ եղբայրները: Թ.Պոդեստը մասնակցել է Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին, իսկ Ջ.Պոդեստը Բ.Օբամայի նախկին խորհրդականն է և Հ.Քլինթոնի նախընտրական քարոզարշավի նախկին ղեկավարը:

11 http://www.contact.az/docs/2016/Politics/041400152907ru.htm#.VzBv2tKLTcu

12 AIPAC-ը համարվում է հրեական ամենաազդեցիկ լոբբիստական կազմակերպություններից մեկը: Ստեղծվելով 1954թ.՝ այն մինչ օրս ծառայում է իր հիմնական նպատակին, այն է՝ տնտեսական, քաղաքական և ռազմական ոլորտներում ամերիկա-իսրայելական կապերի սերտացումը: Նրա ազդեցությունն այնքան մեծ է Վաշինգտոնի վրա, որ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Ջ.Միրշեյմերը և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Ս.Ոլթն իրենց «Իսրայելական լոբբին և ԱՄՆ արտաքին քաղաքականությունը» գրքում AIPAC-ը համարում են հրեամետ լոբբիի «առավել հզոր և հայտնի բաղադրիչ», որն աղավաղում է ԱՄՆ արտաքին քաղաքականության ուղղությունը:

13 NCSEJ-ը հիմնադրվել է 1971թ. խորհրդային հրեաների պաշտպանության նպատակով, ներառում է 50 ազգային կազմակերպություն և 300-ից ավելի տեղական հրեական ֆեդերացիաներ և համայնքներ: Ներկայումս NCSEJ-ը Եվրասիայում և Արևելյան Եվրոպայում հրեական շահերը ներկայացնող առաջատար կազմակերպություն է, համագործակցում է տարածաշրջանային երկրների և ԱՄՆ ղեկավարության հետ:

14 CPMAJO-ն միավորում է հրեական ազգային 50 կազմակերպություն:


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր