ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Հետխորհրդային տարածքում հայագիտական կենտրոններ գործում են հիմնականում երեք երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում։ Ընդ որում՝ այս երեք երկրներում էլ հայագիտությունն ավանդաբար եղել է զարգացած գիտաճյուղ։ Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունն այս երկրներում պայմանավորված է մի շարք գործոնների ամբողջությամբ, որպիսիք են.
1. Հայկական ստվար համայնքների առկայությունը։ Ռուսաստանը, Ուկրաինան և Վրաստանը հետխորհրդային տարածքի ամենահայահոծ երկրներն են։ Ռուսաստանում հայերի թվաքանակը, ըստ ոչ պաշտոնական տվյալների, կազմում է մոտ 2.5 մլն, իսկ Ուկրաինայում և Վրաստանում՝ մի քանի հարյուր հազար՝ յուրաքանչյուր երկրում։ Ռուսաստանաբնակ հայությունը Սփյուռքի ամենամեծ համայնքն է։
2. Այդ երկրների և Հայաստանի միջև ավանդական գիտական և մշակութային կապերը։ Վրաստանի պարագայում այս հարցում կարևոր դեր է խաղում նաև Հայաստանի հետ այդ երկրի սահմանակցությունը։
3. Մեր տարածաշրջանում այդ երկրների ունեցած շահերը։ Այս հարցն առավելապես վերաբերում է Ռուսաստանին՝ որպես գերտերություն, և Վրաստանին՝ որպես տարածաշրջանի երկիր։
Հետխորհրդային տարածքում հայկական թեմատիկայով «զբաղվում» են նաև Ադրբեջանում գործող մի շարք կառույցներ, սակայն հիմնականում հակահայկական քարոզչության նպատակով: Ուստի, դրանք իրականում հեռու են գիտական կառույցներ լինելուց։ Դրանց գլխավոր առաքելությունը տեղեկատվական հարթությունում Ադրբեջանի արտաքին քաղաքականությանն աջակցությունն է։ Ուստի, դրանք անհրաժեշտ է բնորոշել որպես «կեղծ հայագիտական կենտրոններ» կամ «հակահայագիտական կենտրոններ»։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնները կարելի է բաժանել երեք խմբի.
1. Կենտրոններ, որոնք անվանապես չեն համարվում հայագիտական կենտրոններ, սակայն դրանցում, ի թիվս այլ հետազոտությունների, իրականացվում են նաև հայագիտական (Հայաստանին և հայությանն առնչվող) հետազոտություններ։ Դրանք հումանիտար ոլորտի գիտակրթական և ակադեմիական կառույցներն են։ Ռուսաստանում այդպիսի կառույց է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետը։ Վերջինս 2014թ. սեպտեմբերի 23-25-ը կազմակերպել է միջազգային գիտաժողով՝ «Հայկական ժառանգության գրավոր հետքերը» խորագրով։ Մեկ այլ օրինակ է Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի ինստիտուտը, որտեղ 2012-ից հայոց լեզուն հանդիսանում է պարտադիր դասավանդվող առարկա՝ որպես առաջին արևելյան լեզու, ինչն ինստիտուտի ղեկավարությունը պայմանավորում է ոչ միայն ռուսաստանաբնակ հայերի, այլև ողջ ռուսաստանյան հասարակության շրջանում հայկական մշակույթի բջիջ ձևավորելու անհրաժեշտությամբ1։ Վրաստանում այդպիսի կառույցներ են Գիտությունների ակադեմիայի Պատմության ինստիտուտը, Արևելագիտության ինստիտուտը, Ձեռագրերի ինստիտուտը։ Ուկրաինայում հայագիտական հետազոտություններ իրականացվում են Լվովի և Խարկովի պետական համալսարաններում։
Այս կառույցները չունեն հատուկ հայագիտական ուղղվածություն։ Դրանց հետազոտական ոլորտը՝ պատմություն, արևելագիտություն և այլն, թեմատիկ առումով բավական լայն ու բազմազան է, որն, ի թիվս այլ թեմաների կամ բնագավառների, ընդգրկում է նաև հայագիտական՝ Հայաստանին և հայությանն առնչվող թեմաներ։ Այսպիսի կառույցներում հայագիտական հետազոտությունները պայմանավորված են հայ-ռուսական, հայ-վրացական, հայ-ուկրաինական դարավոր պատմական, գիտական և մշակութային կապերով ու փոխներթափանցմամբ։ Օրինակ՝ «17-18-րդ դարերում ընդլայնվում են հայ-վրացական փիլիսոփայական-մշակութային կապերը, ընդ որում՝ հայերենից վրացերեն են թարգմանվում բազմաթիվ փիլիսոփայական աշխատություններ, որոնք կարևոր դեր են խաղում վրացական փիլիսոփայության զարգացման գործում»2։ Այս պարագայում հայագիտական հետազոտությունները կարևոր արժեք են ձեռք բերում ռուսագիտական, վրացագիտական, ուկրաինագիտական հետազոտությունների համար։
2. Գիտակրթական և ակադեմիական կառույցների շրջանակներում գործող հատուկ հայագիտական կենտրոններ։ Այդպիսի կենտրոններից են, օրինակ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելյան ձեռագրերի ինստիտուտի Հայկական ֆոնդը, որտեղ իրականացվում են հայագիտական հետազոտություններ, Ուրալի դաշնային համալսարանի, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի հայագիտական կենտրոնները։ Վրաստանում այդպիսի կենտրոնները երկուսն են՝ Թբիլիսիի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնը և մանկավարժական ինստիտուտի Հայկական բաժանմունքը։ Ուկրաինայում այդպիսի հայագիտական կենտրոն է համարվում Կիևի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնը, որի հիմնումը կապված է ՀՀ-ում Ուկրաինայի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Ա.Բոժկոյի անվան հետ3։
3. Գիտակրթական և ակադեմիական կառույցներից դուրս գործող հայագիտական կենտրոններ, որոնք կա՛մ առանձին կառույցներ են, կա՛մ էլ հայկական համայնքային կառույցների մաս են կազմում։ Երկու պարագայում էլ այդ հայագիտական կենտրոնները պատկանում են հայ համայնքին։ Այդպիսի կառույցներ են «Հայագիտական կենտրոնը», «Time to analyze» կենտրոնը Ռուսաստանում, Ուկրաինայի հայերի միության Հայագիտական կենտրոնն Ուկրաինայում, Հայկական գիտահետազոտական կենտրոնը Վրաստանում։
Այս խմբին են պատկանում նաև հասարակական կազմակերպությունների կարգավիճակ ունեցող և երկկողմ հիմունքներով ստեղծված հայագիտական կառույցները։ Դրանք առկա են միայն Ռուսաստանում և իրենց անվան մեջ որպես բաղադրիչ կրում են «ռուս-հայկական» արտահայտությունը։ Այդ կենտրոններն են «Ռուս-հայկական բարեկամությունը» (2003թ.), «Ռուս-հայկական հարաբերությունների զարգացմանն աջակցության տարածաշրջանային հասարակական շարժումը» (2010թ.), «Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնություններին աջակցության կենտրոնը» (2012թ.)4։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնների ֆինանսավորման հիմնական աղբյուրներ են հանդիսանում այն գիտակրթական և ակադեմիական կառույցների բյուջեները, որոնց շրջանակում գործում են հայագիտական կենտրոնները, հայ համայնքային կառույցները, Հայաստանի պետական բյուջեն։ Քանի որ Սփյուռքի համազգային կառույցները (ՀԲԸՄ, Համազգային Հայ կրթական և մշակութային միություն և այլն) ակտիվ գործունեություն չեն ծավալում հետխորհրդային երկրներում, ուստի, թերևս, այդ է պատճառը, որ այստեղ նրանց կողմից հայագիտական կենտրոնների ֆինանսավորման փաստեր չունենք։
Հարկ է նշել, որ հայագիտական կենտրոններն աջակցություն են ստանում ոչ միայն իրենց գոյությունն ապահովելու նպատակով ընթացիկ ծախսերը հոգալու, այլև կոնկրետ ծրագրեր իրականացնելու համար։ Օրինակ՝ ինչպես նշում են Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և համաշխարհային պատմության ֆակուլտետի Հայագիտական կենտրոնի ղեկավարները՝ ի պատասխան մեր հարցմանը, «Նիժնի Նովգորոդի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, որ տեղական հայ համայնքի կառույցն է, աջակցում է կենտրոնին գիտաժողովների, սեմինարների կազմակերպման, հրատարակչական հարցերում։ Կամ՝ 2014թ. Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի կազմակերպած «Հայկական ժառանգության գրավոր հուշարձանները» թեմայով գիտաժողովի անցկացմանն իրենց աջակցությունն են ցուցաբերել Սանկտ Պետերբուրգի Հայ Առաքելական եկեղեցին և Սանկտ Պետերբուրգում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունը։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնների ֆինանսավորման որոշ մասն էլ ապահովվում է տարատեսակ դրամաշնորհային ծրագրերով։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնների գործունեության ուղղություններն են՝ գիտահետազոտական աշխատանքը, ուսումնական գործունեությունը, գիտաժողովների, աշխատաժողովների, կլոր սեղանների և այլ գիտական հավաքների կազմակերպումը և հրատարակչական գործունեությունը։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոններն իրականացնում են հայագիտական տարատեսակ գիտական հետազոտություններ, ուսումնասիրություններ, վերլուծություններ, որոնք արտացոլվում են մենագրությունների, գիտավերլուծական հոդվածների, զեկույցների և այլնի մեջ։ Հայագիտական կենտրոնների գիտահետազոտական գործունեության մասին է վկայում հետխորհրդային երկրների գիտակրթական հաստատությունների շրջանակներում գործող հայագիտական կենտրոններում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առկայությունը։ Սա վկայում է այն մասին, որ հայագիտական կենտրոններում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներն ամփոփվում են նաև ատենախոսությունների, մագիստրոսական թեզերի մեջ։
Ուսումնական գործունեությամբ զբաղվում են հատկապես այն հայագիտական կենտրոնները, որոնք հանդիսանում են հետխորհրդային երկրների բուհերի կառուցվածքային բաղադրիչ, ինչպիսիք են, օրինակ, Թբիլիսիի պետական համալսարանի Հայագիտական ամբիոնը, Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնը, Ուրալի դաշնային համալսարանի Հայագիտական կենտրոնը և այլն։
Ուսումնական գործունեությունը բնորոշ է նաև հայ համայնքներին պատկանող, ինչպես նաև հասարակական հիմունքներով ստեղծված՝ երկկողմ պատկանելություն ունեցող հայագիտական կենտրոններին, հատկապես նրանց, որոնք զբաղվում են ժամանակակից կիրառական հետազոտություններով ու վերլուծություններով, այլ կերպ ասած՝ այն հայագիտական կենտրոններին, որոնք նմանվում են «ուղեղային կենտրոնների»։ Այսպիսի կենտրոններն իրենց ուսումնական գործունեությունն իրականացնում են ամառային դպրոցների, հատուկ դասընթացների, դասախոսությունների, աշխատաժողովների միջոցով։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնները զբաղվում են նաև գիտաժողովների և այլ գիտական հավաքների կազմակերպմամբ։ Կազմակերպվում են ինչպես տեղական, այնպես էլ հանրապետական և միջազգային գիտաժողովներ։ Վերն արդեն նշվել է 2014թ. սեպտեմբերի 23-25-ը Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի կազմակերպած «Հայկական ժառանգության գրական հուշարձանները» խորագրով միջազգային գիտաժողովի մասին։ Իսկ Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնը կազմակերպել է երկու միջազգային գիտաժողով հետևյալ թեմաներով՝ «Հայաստանի Հանրապետության և Սփյուռքի արտաքին քաղաքականության խնդիրներն ու հեռանկարները» (2009թ.) և «Հայաստանը քաղաքակրթությունների երկխոսությունում» (2011թ.)։ Իսկ Ռյազանի պետական համալսարանը 2012թ. հոկտեմբերին կազմակերպել է միջազգային գիտագործնական կոնֆերանս՝ «Գիրքը՝ որպես ազգային մշակույթի հիմք. Ռուսաստան-Հայաստան-Եվրոպա» խորագրով5։
Հարկ է նշել, որ հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնները հրատարակում են գրքեր, ժողովածուներ և պարբերականներ։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնները հրատարակում են ինչպես անհատական և կոլեկտիվ մենագրություններ, որոնցում ամփոփված են իրականացված հետազոտությունները, այնպես էլ ուսումնական ձեռնարկներ։ Օրինակ՝ Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնը հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի արտաքին քաղաքականության և Մերձավոր Արևելքի հայ համայնքների վերաբերյալ ունի երեք կոլեկտիվ մենագրություն6 և մեկ անհատական մենագրություն՝ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերյալ7։ Կենտրոնը 2014թ. հրատարակել է «Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ձևավորման գործընթացը» ուսումնամեթոդական ձեռնարկը8։ Որպես ուսումնական ձեռնարկ նշանավոր է նաև Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի հրատարակած «Հայոց լեզուն ԱՊՀ երկրների համար» ուսումնական ձեռնարկը9։
Հայագիտական կենտրոնները հրատարակում են նաև գիտաժողովների զեկույցների ժողովածուներ։ Օրինակ՝ Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնը ժողովածուների տեսքով հրատարակել է իր կազմակերպած վերոհիշյալ երկու միջազգային գիտաժողովների նյութերը10։ 2014թ. սեպտեմբերի 23-25-ը Սանկտ Պետերբուրգի համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի կազմակերպած «Հայկական ժառանգության գրավոր հուշարձանները» գիտաժողովի զեկույցները նույնպես նախատեսվում է հրատարակել ժողովածուի տեսքով։
Ինչ վերաբերում է պարբերական հրատարակություններին, ապա կան հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնների կողմից հրատարակվող տարեգրքեր, ավելի հաճախ լույս տեսնող պարբերական հրատարակություններ և այլն։ Նիժնի Նովգորոդի պետական համալսարանի Հայագիտական կենտրոնը 2004թ. հրատարակում է «Նաիրի» տարեգիրքը՝ Հայաստանի և Սփյուռքի մասին։ Իսկ Ուկրաինայի հայերի միությունը 2013թ. նախատեսում էր հրատարակել «Բանբեր հայագիտության» («Вестник арменистики») պարբերական գիտական հանդեսը՝ նվիրված Ուկրաինայի, Մոլդովայի, Լեհաստանի և Ռուսաստանի հայ համայնքների պատմության և մշակույթի հրատապ խնդիրներին11։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոնների հետաքրքրության ոլորտում են գտնվում հետևյալ թեմատիկ բնագավառները՝ հայոց լեզու, հայ գրականություն, հայոց պատմություն, հայ մշակույթ և քաղաքակրթություն, կրոն, ազգագրություն, հայ և այլ ժողովուրդների պատմական, մշակութային, քաղաքակրթական առնչություններ, Սփյուռք, արդի քաղաքականություն։ Հայկական Սփյուռքի թեմատիկայի շրջանակներում հայագիտական կենտրոնների հետազոտությունները կենտրոնանում են ինչպես առհասարակ Սփյուռքի հիմնախնդիրների, այնպես էլ տվյալ երկրի հայ համայնքի ուսումնասիրությունների վրա, որտեղ գտնվում են այդ հայագիտական կենտրոնները։ Արդի քաղաքականության ասպարեզում հայագիտական կենտրոններին հետաքրքրում են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը, նրա տարածաշրջանային և միջազգային դրությունը, Հայաստանի և այն երկրների միջև հարաբերությունները, որտեղ գտնվում է տվյալ կենտրոնը։
Արդի քաղաքականության թեմատիկայով առավելապես զբաղվում են հայ համայնքային, ինչպես նաև հասարակական հիմունքներով ստեղծված երկկողմ պատկանելություն ունեցող հայագիտական կենտրոնները։ Վերջիններս, նման լինելով «ուղեղային կենտրոնների», առավել մեծ ուշադրություն են դարձնում արդի ժամանակաշրջանում հրատապ համարվող կիրառական ուսումնասիրություններին և վերլուծություններին։
Հետխորհրդային երկրների հայագիտական կենտրոններն ունեն միմյանց, այլ երկրների և Հայաստանի հայագիտական կենտրոնների հետ համագործակցության որոշակի փորձ։ Համագործակցությունն իրականացվում է հրատարակությունների, մասնագետների փոխանակման, դասախոսական և հետազոտական աշխատանքի համար փոխադարձաբար մասնագետներ հրավիրելու, համատեղ գիտաժողովների կազմակերպման, միմյանց գիտաժողովներին մասնակցության և այլ միջոցներով։
Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հետխորհրդային երկրներում հայագիտական կենտրոնների, ինչպես նաև առանձին հայագետների գործունեությունն ընդհանուր առմամբ համակարգված չէ։ Չկան այդ նպատակով ստեղծված կառույցներ։ Ռուսաստանում հայագիտական կենտրոնների, ինչպես նաև առանձին հայագետների գործունեությունը համակարգող կառույցի ստեղծման գաղափարը, չնայած բավական երկար ժամանակ դրված է շրջանառության մեջ, սակայն կոնկրետ գործնական քայլեր կատարելու փորձեր այդ ուղղությամբ արվում են միայն վերջերս։ Փորձ է արվում Եվրոպայում գործող Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության, ԱՄՆ-ում գործող Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցության և Հայկական հետազոտությունների ընկերակցության օրինակով այստեղ նույնպես ստեղծել հայագիտական կառույցների, ինչպես նաև առանձին հայագետների գործունեությունը համակարգող ինստիտուցիոնալ մարմին12։
1 Саядов С., Арменоведение в России: историографический очерк, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Լիագումար նիստի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 75։
2 Զաքարյան Ս., Հայ փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ, Երևան, 2004, էջ 50։
3 В Государственном университете Киева будет открыта кафедра арменоведения, http://www.panarmenian.net/rus/society/news/53666/
4 Саядов С., նշվ. աշխ., էջ 76։
5 Նույն տեղում։
6 Колобов О.А., Корнилов А.А., Симонян А.Г., Российско-армянские отношения. Исторический опыт, стратегические вызовы и перспективы развития, Н. Новгород – Ереван, 2001, 160 с; Асатрян Ю.С., Колобов О.А., Корнилов А.А., Геополитика Армении на Кавказе: генезис, историческая эволюция, перспективы, Н. Новгород-Саров, 2010, 228 с; Егиазарян А.О., Корнилов А.А., Армянские общины в странах Ближнего Востока: история, идентичность, институты, Н.Новгород։ Саров, 2010, 139 с.
7 Григорян Л.С., Армянский Иерусалим. Повествование паломников, Н.Новгород: Кварц, 2013, 160 с.
8 Корнилов А.А., Коротышев А.П., Сорокин А.С., Процесс формирования внешней политики Республики Армения, Практикум, Нижний Новгород, 2014, 69 с.
9 Комарова Р.А. и др., Армянский язык для стран СНГ: учебник, М, 2009.
10 Проблемы и перспективы внешней политики Республики Армении и Спюрка, Материалы международной научной конференции, Нижний Новгород, 2009, 72 с; Армения в диалоге цивилизаций, Материалы международной научной конференции, 28 апреля 2011 года, Нижний Новгород, 2011, 208 с.
11 В Украине готовится к изданию научное периодическое издание «Вестник Арменистики», http://sau.net.ua/content/v-ukraine-gotovitsya-k-izdaniyu-nauchnoe-periodicheskoe-izdanie-vestnik-armenistiki
12 Մոսկվայում ստեղծվում է «Ռուսաստանի հայագետների ընկերությունը», http://hayernaysor.am/մոսկվայում-ստեղծվում-է-ռուսաստանի-հ/
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]