• am
  • ru
  • en
Версия для печати
16.05.2014

ՔԵՍԱԲԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ ԵՐԵՎԱՆԻՑ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

2014թ. մարտի 21-ին Թուրքիայի կողմից զինյալների անակնկալ ներթափանցումը թուրք-սիրիական սահմանին գտնվող հայաբնակ Քեսաբ1 և դրա գրավումը հայկական լրատվամիջոցների, ինչպես նաև գիտա-փորձագիտական հանրության ուշադրությունը կրկին բևեռեց սիրիական ճգնաժամի և այդ համատեքստում՝ սիրիաբնակ հայության անվտանգության խնդիրների վրա։

Իրականացված հարձակման արդյունքում Քեսաբի հայ բնակչությունը գրեթե ամբողջությամբ տարհանվեց Լաթաքիա։ Հարձակման ժամանակ զինյալներն իրենց թիկունքին ունեին նաև թուրքական զինված ուժերի աջակցությունը։ Միայն այն, որ այդ զինյալների դեմ պայքար մղող սիրիական կառավարական ուժերին օդից աջակցող ռազմական ինքնաթիռը խփվեց թուրքական ուժերի կողմից, այդ աջակցության ամենապերճախոս վկայությունն է։

Հայաբնակ Քեսաբի դեմ իրականացված զինված հարձակումն անմիջապես առաջացրեց հայաստանյան և սփյուռքի հանրության հուզական վերաբերմունքը, որի հիմքում ընկած են մի քանի պատճառներ։ Նախկինում նույնպես հայկական բնակավայրերը (մասնավորապես՝ Հալեպի հայաբնակ թաղամասերը) եղել են ռազմական գործողությունների թատերաբեմ։ Այդ բախումներից տուժել են հայեր՝ եղել են մարդկային և գույքային կորուստներ։ Սակայն նախկինում տեղի ունեցած ռազմական գործողություններն ուղղված չեն եղել կոնկրետ սիրիահայ համայնքի կամ նրա մի մասի դեմ։ Հայ համայնքը, գտնվելով ընդհանուր ռազմական գործողությունների միջավայրում, տուժել է այնքան, որքան Սիրիայի մյուս խաղաղ բնակչությունը կամ քաղաքացիները։

Հաջորդ պատճառը Քեսաբի՝ հնագույն, յուրահատուկ և հայկական կոլորիտով հարուստ ենթամշակույթ լինելն է։ Իր առկայությամբ այն հարստացնում է ինչպես հայկական սփյուռքն ընդհանրապես, այնպես էլ Մերձավոր Արևելքի և ավելի կոնկրետ՝ Սիրիայի հայ համայնքը՝ մասնավորապես։ Հետևաբար, Քեսաբի կորուստը մեծ հարված կլինի հայությանը։

Հաջորդ պատճառը Քեսաբում ծավալված ռազմական գործողությունների անակնկալությունն էր։ Սիրիական ճգնաժամի երեք տարիների ընթացքում, շնորհիվ իր ծայրամասային աշխարհագրական դիրքի, Քեսաբը զերծ էր մնացել ռազմական գործողությունների թատերաբեմ լինելուց։ Ավելին, հակամարտության թեժ կետերից հայերը տեղափոխվում և ապաստան էին գտնում Քեսաբում՝ որպես ռազմական գործողություններից հեռու և համեմատաբար ավելի ապահով բնակավայր։

Եվ վերջապես, քեսաբյան իրադարձություները լիովին բացահայտեցին Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը սիրիական հակամարտությանը։ Եթե նախքան այդ, չնայած առկա որոշակի փաստական հիմքերին, այնուամենայնիվ, ենթադրական երանգավորմամբ էր խոսվում Թուրքիայի մասնակցության մասին, ավելի շատ շեշտվում էր նրա ոչ անմիջական՝ անուղղակի մասնակցությունը Սիրիայի ապակայունացմանը, ապա քեսաբյան իրադարձություններից հետո ոչ ոք (համենայնդեպս՝ հայության շրջանում) այլևս կասկած չունի, որ Թուրքիան սիրիական հակամարտության ուղղակի կողմերից մեկն է։ Այս հանգամանքն ապացուցվեց ոչ միայն Քեսաբի դեմ իրականացված հարձակման ժամանակ զինյալների՝ Թուրքիայի սահմանից Քեսաբ ներթափանցմամբ և թուրքական կանոնավոր զինված ուժերի կողմից նրանց ցուցաբերված հրետանային աջակցությամբ, այլև հետագա ռազմական գործողությունների ժամանակ, որոնցում սիրիական բանակը ձգտում է զինյալներից ազատագրել Քեսաբը։ Ինչպես ցույց են տալիս ռազմական գործողությունները, Թուրքիայի ռազմական միջամտությունը դրսևորվում է հետևյալ հիմնական միջոցներով.

  • Թուրքիայի տարածքից զինյալ խմբավորումները ներթափանցում են Քեսաբ՝ համալրելով այստեղ կռվող զինյալների շարքերը, ինչպես նաև զենք ու զինամթերք մատակարարելով վերջիններիս։ Մինչդեռ թուրքական սահմանապահները պարտավոր են կանխել դա։ Ավելին, կարծում ենք, ոչ միայն թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող թուրքական զինված ուժերի թույլտվության շնորհիվ է, որ զինյալները կարողանում են ներթափանցել Քեսաբ, այլև առանց վերջիններիս աջակցության նրանք դա անել չեն կարող։
  • Ռազմական գործողությունների ողջ ընթացքում թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող թուրքական բանակային ստորաբաժանումները հրետանու օգնությամբ աջակցություն են ցուցաբերել Սիրիայի կառավարական զորքերի դեմ մարտնչող զինյալներին։ Առանց այդ աջակցության վերջիններս չէին կարողանա երկարատև դիմադրություն ցույց տալ սիրիական կառավարական ուժերին։
  • Մարտերի ընթացքում վիրավորված զինյալներն արագ տեղափոխվում են Թուրքիայի տարածք և այնտեղի հիվանդանոցներում ստանում բուժում։

Թուրքիայի կողմից զինյալներին ցուցաբերված այս գործուն աջակցության հետևանքով է, որ սիրիական կառավարական ուժերը դեռևս չեն կարողացել ազատագրել Քեսաբը, և այդ նպատակով մարտական գործողությունները շարունակվում են առայսօր։

Հարձակման դրդապատճառները

Ինչո՞վ էր պայմանավորված մարտական գործողությունների անակնկալ տարածումը նաև Քեսաբի վրա։ Քեսաբյան իրադարձությունների հետ կապված գլխավոր հարցը, թերևս, սա է, որի վրա սևեռված է հայ լրագրողների, գիտնականների, փորձագետների, հասարակական և քաղաքական գործիչների ուշադրությունը։ Այս հարցի առնչությամբ տեսակետները բաժանվում են երկու հատվածի՝

1. տեսակետներ, որոնք խնդիրը դիտարկում են Թուրքիայի ավանդական հայահալած (հայատյաց) քաղաքականության շրջանակներում,

2. տեսակետներ, որոնք խնդիրը դիտարկում են սիրիական եռամյա հակամարտության և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։

Առաջին մոտեցման կողմնակիցները Քեսաբի դեմ ուղղված հարձակումը դիտարկում են որպես Թուրքիայի կողմից հերթական հակահայկական միտումնավոր գործողություն կամ թշնամական քայլ։ Այդ հարձակումն անգամ կապվում է Հայոց ցեղասպանության հետ՝ դիտվելով որպես դրա շարունակություն։ Սույն համատեքստում խոսվում է նաև այն մասին, որ Թուրքիան խնդիր ունի ազատվելու Մերձավոր Արևելքի (հատկապես Լիբանանի և Սիրիայի) հայ համայնքներից։ Ըստ այդ տեսակետի՝ Լիբանանի և Սիրիայի հայ համայնքները գլխացավանք են Թուրքիայի համար, քանի որ դրանք, լինելով արևմտահայ մշակույթի և քաղաքակրթության ավելի անաղարտ կրողները, երկար ժամանակ (արդեն մի քանի սերունդ) կարողացել են պահպանել իրենց ազգային ինքնությունը2։ Բացի այդ, նրանք գլխացավանք են Թուրքիայի համար նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, պահանջատիրության հարցի հետևողական և նախանձախնդիր հետապնդման առումով։ Հետևաբար, Թուրքիայի համար հատկապես Լիբանանի և Սիրիայի հայ համայնքների չեզոքացումն ունի կարևոր նշանակություն իր արտաքին քաղաքականության և ընդհանրապես միջազգային դրության տեսանկյունից։ Այս համատեքստում էլ, Քեսաբի դեմ իրականացված հարձակումը և նրա գրավումը դիտվում են որպես Թուրքիայի կողմից սիրիահայ համայնքը թուլացնելուն և հեռանկարում իսպառ ոչնչացնելուն միտված գործողություն։

Որոշ փորձագետների կողմից էլ Քեսաբի դեմ իրականացված հարձակումը կապվում է 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ՝ որպես պայքարի միջոց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի դեմ։

Չժխտելով Թուրքիայի հակահայկական քաղաքականության փաստը, հայկական սփյուռքը թուլացնելու նրա ձգտումը՝ այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ Քեսաբի դեմ իրականացված հարձակման վերոհիշյալ մեկնաբանությունները որոշակիորեն չափազանցված են։ Հատկապես, խոսքը վերաբերում է Մերձավոր Արևելքի հայ համայնքների՝ Թուրքիայի համար գլխացավանք լինելու հարցին։ Չնայած տևական ժամանակահատված (մի քանի սերունդ) իրենց ազգային ինքնությունը պահպանած լինելու փաստին՝ Մերձավոր Արևելքի հայ համայնքները չունեն այն ներուժը, որը կարող էր լուրջ անհանգստություն պատճառել Թուրքիային։ Մասնավորապես՝ մարդկային3, ֆինանսական, տնտեսական և այլ ռեսուրսների առումով Լիբանանի և Սիրիայի հայ համայնքները համեմատելի չեն ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ուկրաինայի, Վրաստանի հայ համայնքների հետ։ Համեմատության կարգով նշենք, որ եթե Լիբանանում բնակվում է մոտ 70-80 հազ. հայ, իսկ Սիրիայում, նախքան սիրիական ներկայիս հակամարտության սկիզբը, բնակվում էր մոտավորապես նույնքան հայ, ապա Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում հայերի թիվը հասնում է համապատասխանաբար՝ մոտ 2.5 մլն, 1.2 մլն և 450 հազ.։ Մերձավոր Արևելքի հայ համայնքները, կապված տարբեր գործոնների հետ, որոնց մեջ կարևորագույնը, ըստ մեզ, տարածաշրջանային փոթորկահույզ դրությունն է՝ դրսևորվող ներքին և արտաքին հակամարտություններով4, ժամանակի ընթացքում աստիճանաբար թուլանում և սպառվում են։ Վկան, օրինակ, Եգիպտոսի հայ համայնքն է, որը ներկայումս գրեթե հասել է սպառման եզրին։ Սիրիական ներկայիս ճգնաժամի հետևանքով երեք տարիների ընթացքում հայ համայնքը կրճատվել է մոտ կիսով չափ։ Հետևաբար, Թուրքիան կարիք չունի Մերձավոր Արևելքի հայ համայնքները թուլացնելու և չեզոքացնելու նպատակով դիմելու հատուկ գործողությունների, քանի որ վերջիններս առանց այդ էլ թուլանում և սպառվում են5։

Բացի այդ, Մերձավոր Արևելքի երկրները, մասնավորապես՝ Սիրիան և Լիբանանը, չունեն միջազգային ասպարեզում այն կշիռն ու ազդեցությունը, որոնցում հայկական հզոր համայնքների առկայությունը կարող էր լուրջ գլխացավանքի պատճառ դառնալ Թուրքիայի համար։ Համենայնդեպս, քաղաքական կշռի և ազդեցության տեսակետից դրանք համեմատելի չեն ԱՄՆ, Ռուսաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ, որտեղ հայկական լոբբիստական կառույցների գործունեությունն իսկական գլխացավանք է Թուրքիայի համար և վերջինիս գրեթե միշտ պահում է տագնապի մեջ։

Մեր կարծիքով՝ հիմնավոր չէ նաև Քեսաբի դեմ իրականացված հարձակումը 2015թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մոտենալով պայմանավորելը, քանի որ թեկուզ զուտ քարոզչական հարթությունում այն լիովին հակառակ ազդեցությունը պետք է ունենա՝ մերկացնելով Թուրքիայի դեմքը։

Քեսաբի դեմ իրականացված հարձակման մեկնաբանությունների մյուս խումբը խնդիրը դիտարկում է սիրիական հակամարտության և աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում։ Այդ մեկնաբանություններից բոլորն էլ, թվում է, հիմնավոր են և պարունակում են ճշմարտության հատիկ։ Նպատակահարմար ենք համարում ստորև համառոտ ներկայացնել այն գործոնները, որոնցով սույն մոտեցմամբ բացատրվում է Քեսաբի դեմի իրականացված հարձակումը.

  • Ալավիների գործոն։ Այս գործոնը բացատրում է Քեսաբի դեմ իրականացված հարձակումն ապստամբների և նրանց աջակցող ուժերի մարտավարության փոփոխությամբ։ Բանն այն է, որ Սիրիայի հյուսիսային Լաթաքիա նահանգը, որի մեջ է մտնում Քեսաբի գավառակը, մեծաթիվ ալավիական բնակչություն ունի և հանդիսանում է Սիրիայի ալավիների «միջնաբերդը»։ Ասադների ընտանիքը նույնպես սերում է Լաթաքիայից։ Ապստամբները, տեսնելով, որ Հալեպում, Դամասկոսում, Հոմսում և այլ շրջաններում եռամյա մարտերի ընթացքում չեն կարողանում հաջողության հասնել, որոշեցին փոխել պայքարի ուղղությունը. հարվածել ալավիների «միջնաբերդը» հանդիսացող Լաթաքիային, գրավել այն և այդ կերպ չեզոքացնել Ասադների վարչակարգի գլխավոր հենասյուներից մեկը։ Իսկ Քեսաբը ռազմավարական նշանակություն ունեցող դիրք ունի։ Տիրելով Քեսաբին՝ ապստամբները կարող են զարգացնել հաջողությունը՝ գրավելով ողջ Լաթաքիայի նահանգը։
  • Զինյալների համար դեպի ծով ելք ապահովելու գործոն։ Ծովային հաղորդակցության ուղիների ստեղծումն էապես կնպաստի Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվող ապստամբների ուժեղացմանը՝ ապահովելով նրանց համար զենքի, զինամթերքի և այլ ռազմական պարագաների մատակարարաման, թվաքանակի համալրման և այլ հնարավորություններ։
  • Թուրքմենական գործոն։ Լաթաքիայի նահանգում Քեսաբի հարևանությամբ առկա է մեծ քանակությամբ թուրքմեն բնակչություն, որոնք, ըստ Գ.Յազըճյանի, բացի իրենց անվանումից, մնացած ոչնչով (լեզու, սովորույթներ և այլն) չեն տարբերվում թուրքերից։ Այնպես որ, Քեսաբի դեմ իրականացված հարձակումը նպատակ է հետապնդում ակտիվացնել այդ թուրքմենական տարրը, ինչպես նաև մեծացնել Թուրքիայի ազդեցությունն այդ տարրի վրա։ Սույն խնդիրը որոշակիորեն կապվում է Ղրիմի իրադարձությունների հետ։ Ղրիմի թաթարներին իր ազդեցության տակ գցելու և ակտիվացնելու գործում կատարյալ ձախողման ենթարկվելով՝ Թուրքիան փորձում է փոխհատուցել այդ ձախողումը Սիրիայի թուրքմենների միջոցով։
  • Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգի գործոն։ Լաթաքիայում տեղակայված են հակաօդային պաշտպանության ռուսական ռադիոտեղորոշիչ կայաններ։ Քեսաբի դեմ իրականացված հարձակման՝ սույն գործոնով մեկնաբանությունը կարևորում է Թուրքիայի կողմից այդ կայանների ոչնչացման ցանկությունը. Քեսաբից հետո զինյալները կներթափանցեն նաև Լաթաքիա և կհարվածեն այդ կայաններին։
  • Միջերկրական ծովում գերիշխանության հասնելու գործոն։ Սույն մեկնաբանությունը նույնպես խնդիրը կապում է Ղրիմի իրադարձությունների հետ։ Ռուսաստանին Ղրիմի միացմամբ ամրապնդվեցին Ռուսաստանի ռազմական դիրքերը Սև ծովում՝ ի հաշիվ Թուրքիայի։ Այդ ձախողումը Թուրքիան փորձում է փոխհատուցել Միջերկրական ծովում իր հնարավոր գերիշխանության հաստատմամբ, որին էլ նպատակաուղղված էր Քեսաբի նկատմամբ իրականացված հարձակումը։
  • Գազային գործոն։ Վերջին շրջանում Միջերկրական ծովի ավազանում՝ արևելյան շրջաններում, հայտնաբերվել են ահռելի քանակությամբ գազի պաշարներ։ Բնականաբար, Թուրքիան չի կարող հավակնություններ չունենալ էներգակիրների այդ հսկայական պաշարների նկատմամբ։ Քեսաբի դեմ իրականացված հարձակումը մեկնաբանվում է նաև այս տեսակետից. Քեսաբի գրավմամբ Թուրքիան ուժեղացնում է դիրքերը Միջերկրական ծովի արևելքում, որպեսզի կարողանա հեշտությամբ տիրել նաև հայտնաբերված գազի պաշարներին։
  • Թուրքիայի ներքաղաքական իրավիճակի գործոն։ Խնդիրը կապված է Թուրքիայում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։ Ընտրությունների նախօրյակին տարատեսակ կոռուպցիոն սկանդալների միջոցով վարկաբեկված Ռ.Էրդողանին իր կուսակցության վարկանիշը բարձրացնելու համար անհրաժեշտ էր արտաքին ճակատում մի փոքրիկ հաղթական պատերազմ։ Քեսաբի դեմ իրականացված հարձակմամբ Ռ.Էրդողանը փորձում էր, խաղալով թուրք հասարակության ազգայնական զգացմունքների հետ, բարձրացնել իր վարկանիշը։

Առավել մեծ կարևորություն տալով հատկապես առաջին գործոնին՝ այնուամենայնիվ, կարծում ենք, որ Քեսաբի նկատմամբ իրականացված հարձակումը պայմանավորված էր թվարկված բոլոր գործոնների կամ դրանց մեծ մասի համադրությամբ։

Հնարավոր զարգացումներ

Քեսաբահայության հետագա ճակատագիրը պայմանավորված է ներկայումս Քեսաբի համար ընթացող մարտերի ելքով։ Եթե սիրիական բանակը կարողանա մոտ ապագայում ազատագրել Քեսաբը, ապա հայերը, չնայած կրած զգալի նյութական կորուստներին (ավերածություններ, թալան), կվերադառնան հարազատ բնակավայր։

Սակայն այս պարագայում էլ քեսաբահայությունը չի կարող հետագայում ապահովագրված լինել նմանատիպ հարձակումներից և իր ներկայիս վիճակի կրկնությունից, հատկապես եթե հաշվի առնենք, որ Քեսաբի դեմ իրականացված հարձակումը պայմանավորող գործոններն ապագայում էլ շարունակելու են դեր խաղալ սիրիական և միջազգային գործընթացներում։ Ուստի, քեսաբահայության վերադարձի պարագայում սիրիական իշխանությունները և միջազգային հանրությունը նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով պետք է ջանքեր գործադրեն նմանատիպ հարձակումները բացառելու համար։ Այդ խնդրի լուծման համար առկա է երկու տարբերակ։ Կամ սիրիական իշխանությունները Քեսաբն ազատագրելուց հետո բանակի միջոցով պետք է էապես ուժեղացնեն թուրք-սիրիական սահմանի այդ հատվածը, որպեսզի հետագայում բացառվեն նմանատիպ հարձակման հնարավորությունները, կամ էլ պետք է իրականացվի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի և ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի բանակցությունների ժամանակ հնչեցված գաղափարը. Քեսաբի շուրջը ստեղծել ապառազմականացված գոտի, որտեղ կբացառվեն ռազմական գործողությունները։

Իսկ եթե սիրիական բանակին չհաջողվի մոտ ապագայում ազատագրել Քեսաբը, ապա, կարծում ենք, որ քեսաբահայության վերադարձը հարազատ բնակավայր խիստ խնդրահարույց կդառնա՝ երկու պատճառով։ Նախ՝ ռազմական գործողությունների տևական շարունակության պարագայում հատկապես ծանր զինտեխնիկայի (հրետանի, ավիացիա) կիրառումը մեծ ավերածություններ կգործի Քեսաբում, որի հետևանքով հետագայում հայերի վերադարձը կդառնա եթե ոչ անհնար, ապա խիստ դժվար։ Եվ երկրորդ՝ ռազմական գործողությունների տևականության պարագայում վտարանդի քեսաբահայությունը կամա թե ակամա կհասցնի հաստատվել այլ վայրերում (նաև Սիրիայի սահմաններից դուրս), ինչի արդյունքում հետագա վերադարձը Քեսաբ նույնպես կդառնա խիստ դժվար։ Սույն հանգամանքներում քեսաբահայության փրկության հարմարագույն տարբերակը նրանց հայրենադարձության կազմակերպումն է դեպի Հայաստան։

1 Քեսաբը Սիրիայի հյուսիսում գտնվող ծովափնյա գյուղաքաղաք է՝ շուրջ 2000 շունչ հայ բնակչությամբ։ Այն ունի նաև հարակից հայկական գյուղեր՝ Սև աղբյուր, Գարադուրան, Տյուզաղաճ և այլն։ Քեսաբը հնագույն հայկական բնակավայրերից մեկն է Մերձավոր Արևելքում։ Հայերն այստեղ բնակություն են հաստատել դեռևս Տիգրան Մեծի (մ.թ.ա. 95-55թթ.) ժամանակաշրջանից։

2 Ի տարբերություն աշխարհի մյուս տարածաշրջանների (Ամերիկա, Եվրոպա, ԱՊՀ կամ հետխորհրդային տարածք) հայ համայնքների, որոնց պարագայում ուծացման գործընթաց-ներն ավելի արագ են ընթանում։

3 Խոսքը վերաբերում է համայնքների թվաքանակին։

4 Բացի այս գործոնից, կարևոր նշանակություն ունեն իսլամական միջավայրը, տնտեսական համեմատաբար վատ պայմանները և այլն։

5 Տե՛ս Վ.Հովյան, Հայկական սփյուռքի տրանսֆորմացիան. մարտահրավերներ և հնարավորություններ, «Գլոբուս» վերլուծական հանդես, 2013թ., թիվ 5, էջ 43-47:

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 4, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր