• am
  • ru
  • en
Версия для печати
07.10.2013

ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄՏԱՎՈՐ ՌԵՍՈՒՐՍ

EnglishРуский

   

Արեստակես Սիմավորյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Ազգային ներուժի բացահայտման և համախմբման խնդիրը յուրահատուկ բնույթ ունի սփյուռք ունեցող երկրների համար։ Այդպիսի պետություններում, բացի ներքին ռեսուրսներից, կարևորվում է նաև արտաքինը՝ ի դեմս սփյուռքյան համայնքների։ Վերջիններս ցանկացած երկրի համար կարևոր ներուժ են՝ մարդկային, տնտեսական, քաղաքական (որպես լոբբիստական գործունեության միջոց) և այլ առումներով։

Սփյուռքի հնարավորություններն օգտագործելու խնդիրը չպետք է դիտարկվի պարզունակ՝ արտերկրի համայնքներից միակողմանի օգնություն ստանալու ձևով, որի հիմքում ընկած են ազգային զգացմունքները, այն է՝ սեփական երկրից հեռու բնակվող մարդկանց՝ հայրենիքին և հայրենակիցներին օգնելու անկեղծ մղումը։ Սփյուռքի հետ համագործակցությունն արդյունավետ է այն ժամանակ, երբ խարսխվում է համազգային նպատակներին ծառայող փոխշահավետ գործողությունների վրա։ Պատահական չէ, որ վերջին շրջանում աշխարհի շատ երկրներում մեծապես աճել է գիտավերլուծական հանրության հետաքրքրությունը սփյուռքագիտական հետազոտությունների նկատմամբ։

Քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներից բացի, կարևոր նշանակություն ունի նաև հայրենիք-սփյուռք գործակցությունը գիտության և ընդհանրապես մտավոր գործունեության ոլորտում, քանի որ հատկապես ժամանակակից աշխարհում դժվար է գերագնահատել մտավոր ներուժի դերն ազգերի և պետությունների հաջողություններում։ Սույն հանգամանքը Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պատկան մարմինների համար հրամայական է դարձնում Սփյուռքի մտավոր ռեսուրսների բացահայտման, համախմբման, համագործակցության ուղիների մշակման հարցը։

Այս ուղղությամբ որոշակի քայլեր արդեն իրականացվել են։ Հատկանշական են ՀՀ սփյուռքի նախարարության կազմակերպած առանձին մասնագիտությունների գծով (բժիշկներ, ճարտարապետներ, իրավաբաններ և այլն) համահայկական համաժողովները։ Այս համատեքստում կարևորություն ունի նաև ՀՀ սփյուռքի նախարարության, ԵՊՀ-ի և «Նորավանք» ԳԿՀ-ի կողմից 2012թ. նոյեմբերին Երևանում հրավիրված Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողովը1։

ՀՀ սփյուռքի նախարարության և «Նորավանք» ԳԿՀ համագործակցությամբ վերջին տարիներին իրականացվել են նաև ազգային մտավոր ներուժի բացահայտմանը միտված մի շարք հետազոտական ծրագրեր։ Այդպիսիք են՝ «Հայությունն Իսրայելում. որոշ խնդիրներ» (Երևան, 2009)2, «Հայկական տեղեկատվական համայնքային ռեսուրսները հետխորհրդային երկրներում» (Երևան, 2009)3, «Հետխորհրդային երկրների հայկական համայնքների ինքնության խնդիրները և տեղեկատվական ռեսուրսները» (Երևան, 2010)4, «Հայկական համայնքների ինքնակազմակերպման խնդիրները Հարավային Ռուսաստանում» (Երևան, 2010)5, «Հայ համայնքն ԱՄՆ-ում» (Երևան, 2010)6, «Արևելյան Եվրոպայի հայ համայնքների խնդիրները» (Երևան, 2011)7 ծրագրերը։

Ներկայումս իրականացվում են «Սփյուռքի գիտավերլուծական հանրությունը. կազմակերպչական խնդիրներ և համագործակցության հեռանկարներ» և «Հայագիտական կենտրոնները սփյուռքում. ներուժի գնահատում» հետազոտական ծրագրերը։

Առաջին ծրագրի նպատակն է արտերկրի «ուղեղային կենտրոններում» և ակադեմիական կառույցների հումանիտար ոլորտի ազգությամբ հայ մասնագետների հայտնաբերումը, հաշվառումը, նրանց միջև, ինչպես նաև հայաստանյան գիտավերլուծական հանրության հետ համագործակցության ուղիների մշակումը։ Երկրորդ ծրագիրը նվիրված է հայագիտության բնագավառում Սփյուռքի մտավոր ներուժի բացահայտմանը և առավել նպատակային օգտագործմանը։

Մտավոր կառույցների կամ հաստատությունների (ինստիտուտների) մակարդակով ազգային մտավոր ներուժի բացահայտումն ու հաշվառումն առավել կարևոր են հատկապես այն առումով, որ համակարգային խնդիրներ լուծելիս խմբային աշխատանքն ակնհայտորեն ավելի արդյունավետ է, քան անհատականը։ Որպես Սփյուռքի մտավոր գործունեության բնագավառում գործող ինստիտուտներ հիմնականում հանդես են գալիս հայագիտական կենտրոնները, որոնց թիվը ներկայումս հաշվվում է տասնյակներով (Զորյան ինստիտուտ8, Հայկազյան համալսարան9, Վենետիկի Մխիթարյան միաբանություն և այլն)։ Վերջիններս, միասին վերցրած, կազմում են արտերկրում հայագիտության հիմնական հայկական մտավոր ներուժը։

Սփյուռքի հայագիտական կենտրոնները, ունենալով ընդհանուր հայագիտական թեմատիկ ուղղվածություն, այլ հատկանիշներով տարբերվում են միմյանցից։ Օրինակ, ըստ գործունեության ձևի՝ դրանք կարող են ունենալ գիտակրթական, հետազոտական, վերլուծական և այլ բնույթ, կամ տարբեր կարող են լինել դրանց ֆինանսավորման աղբյուրները։

Ինչ վերաբերում է թեմատիկ ուղղվածությանը, ապա հարկ է նշել, որ հայագիտությունը լայն գիտական բնագավառ է և ունի իր ներքին ուղղություններն ու ճյուղավորումները։ Հետևաբար, ընդհանուր հայագիտական ուղղվածությունը բնավ չի նշանակում միօրինակություն հայագիտական կենտրոնների գործունեության թեմատիկայում։ Որոշ կենտրոններ ունեն քաղաքական թեմատիկ ուղղվածություն, մյուսները՝ ազգագրական, սփյուռքագիտական և այլն։

Առայսօր իրականացվել են առանձին հայագիտական կենտրոնների վերաբերյալ հետազոտություններ։ Սակայն հայագիտական կենտրոնների ամբողջական հետազոտություն՝ նրանց ներուժի բացահայտման և գնահատման նպատակով, դեռևս իրականացված չէ, ինչը կարևոր նշանակություն ունի նրանց գործունեությունն առավել արդյունավետ և նպատակային հունով տանելու, համագործակցության ուղիներ մշակելու, հայաստանյան գիտական կենտրոնների հետ կապերն ամրապնդելու և այլ առումներով։

Սփյուռքի հայագիտական կենտրոնների հետազոտությունը գիտական տեսանկյունից լուծում է երկու առանցքային խնդիր՝ տեսական և գործնական, որոնք էլ, իրենց հերթին, բաժանվում են ենթախնդիրների։

Տեսական առումով հայագիտական կենտրոնների հետազոտությունը կրում է հիմնականում ճանաչողական բնույթ՝ մեծ հաշվով հանգելով դրանց ներուժի բացահայտմանը և գնահատմանը: Այս համատեքստում կարևորվում են հետևյալ հիմնական խնդիրների առաջադրումն ու լուծումը.

  • Սփյուռքի հայագիտական կենտրոնների ցանկի կազմում, որի հիմնական ճանապարհը համացանցային որոնումներն են։
  • Այդ կենտրոնների վերաբերյալ տվյալների շտեմարանի ձևավորում, որի գլխավոր ուղին համացանցից և այլ աղբյուրներից (մամուլ, գրքեր, տեղեկագրեր) դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվության հավաքումն ու համակարգումն է։
  • Հավաքված տեղեկատվության վերլուծություն համեմատության, համադրության և այլ մեթոդներով։
  • Հայագիտական կենտրոնների ներուժի գնահատման հստակ մեթոդաբանության մշակում՝ գնահատման չափորոշիչների և չափանիշների որոշում։
  • Ըստ մշակված մեթոդաբանության՝ Հայագիտական կենտրոնների ներուժի գնահատում։

Գործնական նշանակության առումով Սփյուռքի հայագիտական կենտրոնների հետազոտությունը հանգում է դրանց բացահայտված և գնահատված ներուժն առավել արդյունավետությամբ ՀՀ, Արցախի Հանրապետության և հայության շահերին համադասելուն։ Այն ենթադրում է.

  • Ըստ ներուժի՝ հայագիտական կենտրոնների համար նպատակային գործունեության ոլորտների, մակարդակների և խնդիրների նախանշում։
  • Հայագիտական կենտրոնների ներուժի բարձրացման եղանակների մշակում։
  • Համագործակցության ընդհանուր ոլորտների, նպատակների և մեխանիզմների վերհանում։

Չնայած Սփյուռքի հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացման խիստ գործնական հարցը ենթադրում է լուրջ գիտական հետազոտություններ ու մանրամասն վերլուծություններ, սակայն այս պահին արդեն իսկ կարելի է անել մի շարք դատողություններ, որոնք կարող են ուղենիշ դառնալ հետագա ուսումնասիրությունների համար։

Խոսքը վերաբերում է հայագիտական կենտրոնների իրականացրած հետազոտությունների ոլորտներին։ Այդ հետազոտություններն իրենց բնույթով և նշանակությամբ կարելի է բաժանել երեք մասի՝ ճանաչողական, քարոզչական և կիրառական։

Ճանաչողական բնույթի հետազոտությունները կենտրոնանում են հիմնականում հայոց պատմության, հայ բանասիրության, հայկական մշակույթի, ազգագրության և այլ գիտական ուղղությունների տարաբնույթ խնդիրների վրա։

Քարոզչական բնույթի հետազոտությունները հիմնականում գտնվում են ցեղասպանագիտության ոլորտում։ Դրանց նպատակն է ինչպես Հայությանը, այնպես էլ համաշխարհային հանրությանը ծանոթացնել Մեծ եղեռնի արհավիրքներին։ Քարոզչական բնույթի հետազոտությունների մեջ, բացի ցեղասպանագիտական հետազոտություններից, որոշակի տեղ ունեն նաև Հայ դատի այլ խնդիրներին նվիրված ուսումնասիրությունները։

Կիրառական բնույթի հետազոտությունները միտված են ազդեցություն ունենալու գործնական քաղաքականության վրա՝ նպաստելով գործնական հարթությունում համազգային խնդիրների լուծմանը։

Ճանաչողական և քարոզչական բնույթի հետազոտությունները, չնայած անմիջականորեն մեծ ազդեցություն չեն գործում գործնական քաղաքականության վրա, այնուամենայնիվ, լիովին զուրկ չեն կիրառականությունից։ Ճանաչողական բնույթի հետազոտությունների պարագայում կիրառականությունը Սփյուռքում հայ ինքնության, ազգային ինքնագիտակցության ու մշակույթի պահպանման և զարգացման մեջ է։ Քարոզչական բնույթի հետազոտությունների կիրառականությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, ինչպես նաև Հայ դատի հիմնախնդիրների լուծման ասպարեզում հնարավորինս բարենպաստ հասարակական կարծիքի ձևավորումն է։

Կարևորելով ճանաչողական և քարոզչական բնույթի հետազոտությունների նշանակությունը, որոնք գերակշռում են Սփյուռքի հայագիտական կենտրոնների գործունեության մեջ, պետք է նշել, որ պակաս կարևոր չեն նաև կիրառական բնույթի հետազոտությունները, որոնց առայժմ բավարար տեղ չի տրվում։

Կարծում ենք, որ կիրառական բնույթի հետազոտությունները նպատակահարմար է կենտրոնացնել այն հրատապ հիմնահարցերի վրա, որոնք ներկայումս ծառացած են ինչպես Հայության, այնպես էլ ՀՀ և ԼՂՀ առջև։ Այդ հետազոտությունների կիրառականությունը կլինի Հայության, ինչպես նաև ՀՀ և ԼՂՀ առջև ծառացած ժամանակակից հրատապ հիմնախնդիրների լուծման գործնական ուղիների մշակումը՝ նախապես վերհանելով այդ խնդիրների առաջացման պատճառներն ու հանգամանքները։

Որպես Հայության առջև ծառացած հիմնահարցեր՝ անհրաժեշտ ենք համարում կենտրոնանալ հետևյալ հիմնական խնդիրների վրա.

  • Հայ դատ։ Այս ոլորտում հետազոտությունները նպատակահարմար է կենտրոնացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, պատճառված վնասի վերականգնման10, փոխհատուցման և այլ խնդիրների լուծման համար նպաստավոր քաղաքական, իրավական և այլ ուղիների մշակման վրա։
  • Հայաստանի ապաշրջափակում։ Այս հարցում նպատակահարմար է հետազոտությունների առարկա դարձնել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ և ԼՂՀ շրջափակման վերացման պայքարում արդյունավետ ռազմավարության ու մարտավարության մշակման, համարժեք մեթոդների ընտրության հարցերը։
  • Արցախյան հիմնահարցի հայանպաստ լուծում։ Այս ոլորտում խնդիրները նույնպես ընդգրկում են լայն շրջանակ՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականության զսպումից մինչև Արցախի անկախության իրավական ճանաչում։
  • ՀՀ և ԼՂՀ զարգացման ծրագրեր11։ Խոսքը հայկական երկու հանրապետությունների սոցիալ-տնտեսական, գիտամշակութային, կրթական, ռազմական, ժողովրդագրական զարգացման, ինչպես նաև նրանց խոր ինտեգրման12 մասին է։ Այս ոլորտը նույնպես ունի ռազմավարական նշանակություն, քանի որ առանց համապարփակ զարգացման և ինտեգրման՝ մեր ժամանակներում լուրջ սպառնալիքի տակ կդրվի ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը։

Առաջին երեք հիմնախնդիրների ուղղությամբ հայագիտական կենտրոնները համագործակցության մեծ դաշտ ունեն Սփյուռքի լոբբիստական կառույցների հետ։ Մինչև այժմ վերջինները Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման, Հայաստանի ապաշրջափակման, Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ կարգավորման համար պայքարում հիմնականում չեն օգտվել հայագիտական կենտրոնների գիտական աջակցությունից։ Մինչդեռ այդ աջակցությունը կարող է էապես նպաստել նրանց պայքարի արդյունավետության բարձրացմանը։ Լոբբիստական կառույցների և հայագիտական կենտրոնների համագործակցության արդյունքում վերջիններս կարող են վերածվել Սփյուռքի յուրահատուկ «ուղեղային կենտրոնների»՝ գիտականորեն սպասարկելով լոբբիստական կառույցների գործունեությանը։

Ինչ վերաբերում է ՀՀ և ԼՂՀ զարգացման ծրագրերին, ապա այս հարցում համագործակցության մեծ տեղ կա վերջիններիս իշխանությունների, քաղաքական ուժերի, ինչպես նաև գիտական և վերլուծական կառույցների հետ։

1 Տե՛ս, օրինակ, http://tert.am/am/news/2012/11/19/21-dari-martahraver-hamajoghov/

2 http://www.noravank.am/upload/pdf/3.book.pdf

3 http://www.noravank.am/upload/pdf/1.book.pdf

4 http://www.noravank.am/upload/pdf/Hetkhorhrdayin Yerkrner.pdf

5 http://www.noravank.am/upload/pdf/Haykakan hamainqner.pdf

6 http://www.noravank.am/upload/pdf/USA_book.pdf

7 http://www.noravank.am/upload/book.pdf

8 http://www.zoryaninstitute.org/

9 http://www.haigazian.edu.lb/Default.aspx

10 Օրինակ, բռնագրավված եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը։ Մանրամասն տե՛ս Հովյան Վ., Եկեղեցական գույքի վերադարձման խնդիրը Թուրքիայում, Գլոբուս, 2013, թիվ 1 (34), էջ 37-43:

11 ՀՀ և ԼՂՀ զարգացման հիմնախնդիրներին անդրադարձ կատարելիս չպետք է մոռացության մատնվի նաև Ջավախքը, որը Հայության աշխարհընկալումներում չպետք է տարբերվի Հայաստանի տարածաշրջաններից (Լոռի, Կոտայք, Գեղարքունիք և այլն)։

12 Խոր ինտեգրման վերջնանպատակը ՀՀ և ԼՂՀ միավորումն է մեկ պետական համակարգում, ինչին էլ պետք է միտված լինի մշակվող ծրագրերի տրամաբանությունը։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 9, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր