• am
  • ru
  • en
Версия для печати
19.09.2013

ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Լիբանանի հայ համայնքն ավանդաբար առանցքային տեղ է զբաղեցրել Մերձավոր Արևելքի հայկական գաղթօջախների շարքում։ Այդ տեղն արդի փուլում էլ ավելի է ընդգծվում՝ կապված մերձավորարևելյան անհանգիստ տարածաշրջանի այլ երկրների (Սիրիայի, Իրաքի, Եգիպտոսի և այլն) հայ համայնքներին վերջին շրջանում հասցված հարվածների հետ։

Լիբանանի հայ համայնքի առաջնային դերը Մերձավոր Արևելքի հայ համայնքների շարքում պայմանավորված է մարդկային և կազմակերպական գործոններով։ Մարդկային գործոնի առումով, թեև Լիբանանի հայ համայնքը նույնպես զերծ չմնաց 20-րդ դարի կեսերից Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներում սկսված արտագաղթի ալիքից, որը մեծ չափերի հասավ հատկապես 1975-90թթ. քաղաքացիական պատերազմի տարիներին, սակայն այն ընդհանուր առմամբ պահպանեց իր ծանրակշիռ թվաքանակը։ Ներկայումս Լիբանանի հայ համայնքի թվաքանակը կազմում է 70-80 հազ. Մարդ1։ Այն հանգամանքը, որ Լիբանանը տարածքով զգալիորեն զիջում է մերձավորարևելյան մյուս հայահոծ երկրներին (Լիբանանի տարածքը մոտ 10 հազ. քառակուսի կմ է), տեղի հայ համայնքին տալիս է համեմատաբար համախումբ բնակվող ընդհանրության կարգավիճակ։

Կազմակերպական գործոնն առնչվում է հայ համայնքի կառույցների հետ։ Վերջիններս աչքի են ընկնում ոչ միայն առատությամբ և տեսակային բազմազանությամբ (եկեղեցական, կրթական, մշակութային, տեղեկատվական և այլն), այլև իրենց գործունեության նշանակությամբ։ Դրանց մեջ կան այնպիսիք, որոնց գործունեությունը դուրս է գալիս նեղ համայնքի շրջանակներից և ձեռք է բերում տարածաշրջանային (գործունեությունը տարածվում է Մերձավոր և Միջին Արևելքի մյուս հայ համայնքների վրա ևս) ու համազգային բնույթ։

Այս տեսակետից հիշատակման արժանի են մասնավորապես հոգևոր-եկեղեցական կառույցները.

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը (Անթիլիաս), որը համազգային կառույց է, քանի որ, լինելով Հայ Առաքելական եկեղեցու չորս նվիրապետություններից մեկը, Սփյուռքի առաքելական հայերի մի մեծ հատվածի հոգևոր կենտրոնն է։

Հայ Կաթողիկե պատրիարքարանը (Զմմառ), որը նույնպես համազգային կառույց է, քանի որ ողջ կաթողիկե հայության հոգևոր կենտրոնն է։

Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միությունը (Բեյրութ), որը ներառում է տարածաշրջանի 6 երկրների՝ Թուրքիայի, Իրանի, Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, ինչպես նաև Հունաստանի և Ավստրալիայի հայ ավետարանական համայնքները։

Քանի որ Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներն ավելի շատ բնորոշվում են որպես կրոնական ընդհանրություններ և ղեկավարվում են եկեղեցիների կողմից, ապա կարելի է ասել, որ այդ տարածաշրջանի հայ համայնքների կենտրոնական ղեկավար կառույցները, ի դեմս վերոհիշյալ հաստատությունների, գտնվում են Լիբանանում։ Խոսքն ակնհայտորեն վերաբերում է Մերձավոր և Միջին Արևելքի հայության բոլոր երեք դավանանքային շերտերին՝ հայ առաքելականներին, կաթողիկեներին և ավետարանականներին։

Լիբանանի հայ համայնքն արդի փուլում նույնպես կանգնած է այն մարտահրավերների առջև, որոնք ընդհանրապես բնորոշ են հայկական սփյուռքին։ Ազգային ինքնությանը սպառնացող վտանգներին դիմակայելուց զատ, Լիբանանի հայ համայնքը ստիպված է դիմագրավել նաև մերձավորարևելյան փոթորկահույզ տարածաշրջանի իրադարձություններից բխող վտանգներին։ Այլ կերպ ասած՝ արտերկրի հայ համայնքների մեծ մասին բնորոշ հայապահպանության խնդիրը լիբանանահայության պարագայում ընդլայնվել է և (ինչպես Մերձավոր և Միջին Արևելքի մյուս երկրների հայ համայնքներում) վերածվել հայ համայնքի անվտանգության, անգամ գոյապահպանության խնդրի։ Ազգային ինքնության բաղադրիչների (լեզու, մշակույթ, ազգային ինքնագիտակցություն) պահպանման խնդիրներին այստեղ գումարվել են համայնքի ֆիզիկական անվտանգության ապահովման և արտագաղթի խնդիրները։ Ընդհանուր առմամբ Լիբանանի հայ համայնքի առջև ծառացած արդի խնդիրները կարելի է բաժանել երկու մեծ խմբի՝ հայապահպանական և անվտանգության։

Չնայած անբարենպաստ պայմաններին և համայնքի ներուժի նվազմանը, այնուամենայնիվ, լիբանանահայ կառույցները շարունակում են հետևողական ջանքեր գործադրել հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներին դիմագրավելու համար։ Ավանդական ուղիներին այս հարցերում ավելանում են նորերը, քանի որ իրադրության փոփոխությունը, նոր մարտահրավերների ի հայտ գալը ենթադրում են նոր մոտեցումներ։

Հայապահպանություն

Հայապահպանության առումով Լիբանանի հայ համայնքի առջև ծառացած մարտահրավերներն առնչվում են ազգային ինքնության ատրիբուտներին, հատկապես լեզվի կորստին։ Պակաս սուր չէ խառնամուսնությունների խնդիրը։

Թեև Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում գերակշռող իսլամական միջավայրը որոշակիորեն առանձնացնում է հայ համայնքներին տեղի հասարակություններից՝ այդ կերպ նպաստելով հայապահպանությանը, այնուամենայնիվ, ինչպես նշում են հիմնահարցով զբաղվող մասնագետները, վերջին շրջանում Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքներում նկատվում են հայերեն լեզվին տիրապետողների քանակի նվազում և խառնամուսնությունների աճ։

Ուծացման դեմ պայքարում լիբանանահայ համայնքն իր կազմակերպական կառույցների (եկեղեցիներ, կրթական ու մշակութային հաստատություններ և այլն) ակտիվ և կանոնավոր գործունեությամբ շարունակում է շեշտը դնել համայնքային կյանքի աշխուժության ապահովման վրա։ Համայնքում կազմակերպվում են դասախոսություններ, մրցույթներ, մշակութային միջոցառումներ, մրցանակաբաշխություններ և այլն։

Ինչ վերաբերում է հայապահպանության նոր ուղիներին, ապա լիբանանահայ համայնքում այս առումով կարևորում են երկու հանգամանք.

Երիտասարդության ակտիվ ներգրավումն ազգային խնդիրների լուծման գործում։ Սա կարևոր է ոչ միայն ազգայինի հետ երիտասարդության հաղորդակցությունն ապահովելու, այլև ազգային կառույցների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից։

Ազգային արժեքների համադրումը համամարդկային արժեքների հետ։ Ժամանակակից գլոբալացվող աշխարհում հնարավոր չէ սահմանափակումներ դնել հատկապես երիտասարդության առջև՝ զրկելով նրան այլ քաղաքակրթությունների նվաճումների հետ հաղորդակցվելու հնարավորությունից։ Նման փորձերն անգամ պարունակում են համայնքային կառույցների և երիտասարդության միջև առճակատում առաջացնելու վտանգ։ Հետևաբար, արդի ժամանակաշրջանում ազգային ինքնության պահպանման լավագույն միջոցը ոչ թե ազգայինի և համամարդկայինի հակադրությունն է, այլ դրանց զուգակցումը2։

Անվտանգության խնդիրներ

Ինչպես Մերձավոր և Միջին Արևելքի մյուս երկրների, այնպես էլ Լիբանանի հայ համայնքի առջև սուր կերպով ծառացած են նաև ֆիզիկական անվտանգության և արտագաղթի մարտահրավերները, որոնց հիմնական պատճառ են ներքին և արտաքին ցնցումները։

Լիբանանն աչքի է ընկնում բնակչության էթնիկ և կրոնադավանական բազմազանությամբ։ Մասնավորապես, հարթ չեն բնակչության հիմնական կրոնադավանական խմբերը կազմող սուննի և շիա մուսուլմանների հարաբերությունները3։ Այդ հարաբերությունների սրումը երկիրը ներքաշեց 15-ամյա արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ (1975-90թթ.)։ Քաղաքացիական պատերազմի ավարտից հետո էլ պարբերաբար սրվում են սուննիների և շիաների հարաբերությունները, ինչը դրսևորվում է բռնություններով։

Ներկա փուլում, պայմանավորված սիրիական ներքին հակամարտությամբ, Լիբանանում կրկին մեծացել է ներքին ճգնաժամի ռիսկը, քանի որ 2011թ. սկիզբ առած «արաբական գարնան» բնորոշ գծերից մեկն էլ դեպի հարևան երկրներ տարածվելու հատկությունն է։ Լիբանանում տեղի ունեցած վերջին ընդհարումները, մասնագետների կարծիքով, իրենց վրա կրում են սիրիական դեպքերի ազդեցությունը և ցույց են տալիս, որ հեղափոխական ալիքը Սիրիայից կարող է «արտահանվել» Լիբանան։

Իսկ արտաքին ցնցումները կապված են արաբա-իսրայելական հակամարտության հետ, որի մեջ ներքաշված է նաև Լիբանանը և որը նույնպես դրսևորվում է պարբերական սրացումներով։

Ներքին և արտաքին ցնցումները լիբանանյան ողջ հասարակության հետ մեկտեղ հարված են հասցնում նաև հայ համայնքին՝ սպառնալով նրա անվտանգությանը։ Վերջինս կրում է ոչ միայն մարդկային (զոհեր և վիրավորներ), այլև գույքային վնասներ։ Խոսքը վերաբերում է ինչպես անհատական (բնակարան, ավտոմեքենա, խանութ և այլն), այնպես էլ համայնքային (եկեղեցիներ, դպրոցներ, հուշարձաններ և այլն) գույքին։

Անվտանգության երաշխիքների բացակայությունը լուրջ խթան է Լիբանանից հայերի արտագաղթի համար։ Բացի անվտանգությանն առնչվող վտանգներից, լիբանանահայության արտագաղթի պատճառ են հանդիսանում նաև սոցիալ-տնտեսական պայմանները։

Լիբանանի հայ համայնքի առջև ծառացած մարտահրավեր է նաև Սիրիայի հայ համայնքի թուլացումը՝ կապված այդ երկրի ներքին հակամարտության հետ։ Բանն այն է, որ «սուրիահայութիւնը ո՛չ միայն պատմական ու կազմակերպուած համայնք է, այլ նաև իր կարևոր տեղը և դերը ունի սփիւռքի հայ կեանքի մշակութային, կրթական, մարզական, տնտեսական ու պահանջատիրական մարզերուն մէջ»4։ Ընդհանրապես, Սիրիայի և Լիբանանի հայ համայնքների մերձավորությունը, փոխկապվածությունը և համանմանությունն այնքան խորն են, որ դրանք կարելի է դիտել որպես մեկ ընդհանուր մեծ համայնքի երկու հատվածներ։ Սիրիահայ համայնքի թուլացումը կամ սպառումն էապես կթուլացնի նաև լիբանանահայ համայնքը։ Այս հանգամանքներում, առավել ևս, ակնհայտ է, որ լիբանանահայությունը չի կարող անտարբեր մնալ իր սիրիահայ ազգակիցների ճակատագրի նկատմամբ։

Ակնհայտ է, որ Լիբանանի հայ համայնքը մեծ հնարավորություններ չունի ազդելու մերձավորարևելյան անհանգիստ տարածաշրջանի իրադարձությունների վրա։ Ավելին, միջամտությունն այդ իրադարձություններին կարող է ավելի վտանգել հայ համայնքների կյանքը։

Հետևաբար, լիբանանահայությունն իր սահմանափակ հնարավորությունները փորձում է գործադրել սեփական, ինչպես նաև տարածաշրջանի մյուս հայ համայնքների անվտանգությունն ապահովելու համար։ Այս հարցում կարևորվում է ինչպես քրիստոնեական եկեղեցիների հետ համագործակցությունը, այնպես էլ միջկրոնական երկխոսությունն ու շփումները քրիստոնեության և իսլամի միջև, որոնք «չեն միտիր աստուածաբանական հարցերու մասին քննարկումներ կատարելու, այլ` կը միտին փոխադարձ հասկացողութիւն և տեղեկութիւններու ու փորձառութեանց փոխանակման` կարենալ հաշտ ապրելու համար նոյն ընկերութեան մէջ»5։

Ինչ վերաբերում է սիրիահայ համայնքի պահպանման խնդրին, որով մեծապես շահագրգիռ է լիբանանահայությունը, ապա վերջինս այդ հարցին փորձում է նպաստել առավելապես հանգանակությունների միջոցով նյութական աջակցություն ցուցաբերելու ձևով6։

Որպես ամփոփում՝ հոդվածում ընդգրկված թեզերը ներկայացնենք հետևյալ կետերով.

• Լիբանանի հայ համայնքը՝ որպես Մերձավոր և Միջին Արևելքի հայության ղեկավար կենտրոն, առանցքային դեր ունի տարածաշրջանի հայ համայնքների մեջ։

• Սփյուռքի մյուս գաղթօջախների նման նրան նույնպես բնորոշ են հայապահպանության և անվտանգության խնդիրները։

• Հայապահպանության ասպարեզում լիբանանահայ համայնքն, ավանդական միջոցներին զուգահեռ, ներկա փուլում կարևորում է նաև երիտասարդության ակտիվ ներգրավումն ազգային կառույցների գործունեության մեջ, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների համադրումը։

• Անվտագության բնագավառում լիբանանահայությունը կարևորում է քրիստոնեական եկեղեցիների հետ համագործակցությունը, ինչպես նաև միջկրոնական երկխոսությունն իսլամական աշխարհի հետ։

• Լիբանանահայության կողմից սիրիահայությանը ցուցաբերվող աջակցության հիմքում, բացի ազգասիրությունից՝ վտանգի մեջ հայտնված հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու անկեղծ մղումից, ընկած է նաև սեփական անվտանգության հանդեպ ունեցած մտահոգությունը։

1 «Հայ սփյուռք» հանրագիտարան, Եր., Հայկ. հանրագիտարան. հրատ., 2003, էջ 290:

2 Տե՛ս Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողովը Սկսաւ Իր Աշխատանքներուն http://www.aztagdaily.com/archives/125077; Ազգային Ընդհանուր Ժողովի Աշխատանքներու Աւարտին Արամ Ա. Հայրապետ Հաստատեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Հեղինակութիւնը Ծառայութեան Մէջ Կը Կայանայ», http://www.aztagdaily.com/archives/125701

3 Սուննի-շիա հակամարտությունն ընդհանրապես ներիսլամական գլխավոր խնդիրներից մեկն է։

4 Յայտարարութիւն. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողով (12-15 Յունիս, 2013). Սուրիահայութեան Զօրակցութիւնը Համազգային Առաջնահերթութիւն Է http://www.aztagdaily.com/archives/127006

5 Ազգային Ընդհանուր Ժողովի Աշխատանքներու Աւարտին Արամ Ա. Հայրապետ Հաստատեց. «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Հեղինակութիւնը Ծառայութեան Մէջ Կը Կայանայ» http://www.aztagdaily.com/archives/125701

6 Տե՛ս Յայտարարութիւն. Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Ազգային Ընդհանուր Ժողով (12-15 Յունիս, 2013). Սուրիահայութեան Զօրակցութիւնը Համազգային Առաջնահերթութիւն Է http://www.aztagdaily.com/archives/127006; Հաղորդագրութիւն http://www.aztagdaily.com/archives/127589

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2013

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր