FREEDOM HOUSE. «ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԱՆԻՇՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ» 2011Թ.
Երկու խոսք կազմակերպության մասին
«Freedom House»-ն անկախ, մասնավոր կազմակերպություն է, որի առաքելությունն աշխարհով մեկ ազատության տարածումն ու ամրապնդումն է։ Ստեղծվել է 1941թ. Միացյալ Նահանգներում, ունի Հոգաբարձուների խորհուրդ, որտեղ ներգրավված են ԱՄՆ թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական կոնգրեսականներ, թե՛ անկուսակցականներ։ «Freedom House» կազմակերպությունը ֆինանսավորվում է ինչպես մասնավոր հիմնադրամների և անհատների կողմից (նվիրատվություններ), այնպես էլ ԱՄՆ, ԵՄ կառավարություններից ստացվող դրամաշնորհներով։ Հատկանշական է, որ վերջին տարիներին կազմակերպությունը դրամաշնորհներ է ստանում ԱՄՆ Զարգացման միջազգային կազմակերպությունից և Պետդեպարտամենտի կողմից՝ տարբեր նախագծերի իրականացման նպատակով։
Մեթոդաբանական հարցեր
Կազմակերպության կողմից ներկայացվող «Ազատության վարկանիշն աշխարհում» 2011թ. տարեկան զեկույցում, ինչպես և նախորդ զեկույցներում, պահպանվել են վարկանիշային հետազոտության մեթոդաբանության հիմունքները։ Այսպես, առանձնացված երկրներում ազատության վարկանիշի սահմանման համար կիրառվում են հիմնական երկու ամփոփիչ ցուցիչներ՝ քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություն։ Նշված երկու ամփոփիչ ցուցիչները ձևավորվում են 7 ենթացուցիչների հանրագումարի հաշվարկի հիման վրա, որոնցից երեքը դասվում են քաղաքական իրավունքների, մնացածը՝ քաղաքացիական ազատության ցուցիչների ներքո.
Քաղաքական իրավունքներ
- ընտրական գործընթաց
- քաղաքական պլյուրալիզմ և մասնակցություն
- կառավարության գործառնություն
Քաղաքացիական ազատություն
- ինքնարտահայտման և հավատքի ազատություն
- հաղորդակցական և կազմակերպչական իրավունքներ
- օրենքի ուժ
- անձնական ինքնակառավարում և անհատական իրավունքներ/personal autonomy and individual rights.
Յուրաքանչյուր ցուցիչ և ենթացուցիչ ենթադրում է թվային միավոր 1-7 թվերի սահմանում, որտեղ 1 ցուցանիշը բնորոշում է տվյալ պետության քաղաքացիական ազատության կամ քաղաքական իրավունքների ազատության բարձրագույն, 7-ը՝ ամենացածր վարկանիշը։ Իսկ ենթացուցիչների պարագայում, ընդհակառակը, ինչքան բարձր են թվերը, այնքան ազատության ավելի բարձր սանդղակ կունենան հիմնական ամփոփիչ ցուցիչները։
Քաղաքական իրավունքներ և քաղաքացիական ազատություն ցուցիչների համադրումը տալիս է տվյալ երկրի ազատության վարկանիշային կարգավիճակը, որը ենթադրում է 3 կատեգորիա՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ։ Մասնավորապես 1-2.5-ը համարվում է ազատ, 3.0-5.0-ը՝ մասամբ ազատ, իսկ 5.5-7.0-ը՝ ոչ ազատ պետություն։
ՀՀ վարկանիշը
Ինչպես պատկերված է ստորև տրված աղյուսակում, ԱՊՀ անդամ պետությունների շարքում ՀՀ-ն ազատության վարկանիշով հայտնվել է մասամբ ազատ երկրների աստիճանակարգում՝ արձանագրելով քաղաքական իրավունքի 6 և քաղաքացիական ազատության 4 միավոր։ ԱՊՀ անդամ պետություններից ՀՀ-ին իրենց վարկանիշերով գերազանցում են Ուկրաինան և Մոլդովան, որոնք հայտնվել են կրկին մասամբ ազատ երկրների ցուցակում։ Այդ ցուցակում է նաև Ղրղզստանը։ ԱՊՀ մնացյալ բոլոր պետությունները, ըստ զեկույցի փորձագիտական գնահատականների, գտնվում են ոչ ազատ երկրների աստիճանակարգում։ Մասամբ ազատ երկրներ են համարվում նաև ՀՀ հարևան պետությունները՝ Թուրքիան և Վրաստանը։
Նշենք նաև, որ կազմակերպության 2010թ. զեկույցի համադրությամբ ՀՀ վարկանիշը՝ իր երկու ենթացուցիչներով հանդերձ, պահպանել է նախորդ արդյունքները։ Անփոփոխ է մնացել նաև Ադրբեջանի ցուցանիշը, որն իր վարկանիշով 2010թ. զեկույցում կրկին դասվում էր անազատ պետությունների շարքին։ Ինչ վերաբերում է հարավկովկասյան մյուս պետությանը, ապա 2010թ. համեմատ Վրաստանը բարելավել է իր ցուցանիշը միայն քաղաքացիական ազատության ենթացուցչով՝ 4 միավորի փոխարեն արձանագրելով 3 միավոր։ Այնուհանդերձ, Վրաստանը, ըստ զեկույցի գնահատականների, շարունակում է հանդիսանալ մասամբ ազատ երկիր։

- «ԵՐԱՇԽԻՔՆԵՐ ՉԿԱՆ, ՈՐ ՄԻ ՕՐ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՓՈՐՁԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՅՈՒՂԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՀՐԹԻՌԱԿՈԾԵԼ. ՆԱԽԱՊԵՍ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏՎԵԼ». ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[13.11.2018]
- ՍԱՀՄԱՆԱԽԱԽՏՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԿԱՆՈՆԱՎՈՐ ԴԱՐՁՆԵԼՈՎ՝ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՊԱՏԱԿ ՈՒՆԻ ՀՀ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՑԵԼԻ ԴԱՐՁՆԵԼ. Կ.ՎԵՐԱՆՅԱՆ[18.10.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԵՐՋԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ[15.10.2018]
- ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԽՈՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԳՐԱՎԻՉ ԼԻՆԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՀԱՄԱՐ. ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ[10.10.2018]
- ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՈՐՈՇ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՇՈՒՐՋ[04.10.2018]
