• am
  • ru
  • en
Версия для печати
 
 
ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ 08.05.2018

ԻՆՏԵՐՆԵՏ ՕԳՏԱՏԵՐԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 3, 2018


Արա Մարջանյան

«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրենի տեղակալ, տ.գ.թ.

Սույն հոդվածը մեր նախորդ հրապարակումների [1-4] շարունակությունն է՝ նվիրված Հայաստանում ինֆորմացիոն և կապի տեխնոլոգիաների (ԻԿՏ, ICT) ոլորտի ցուցանիշների ներկայացմանը և վելուծությանը, համահունչ «Նորավանք» ԳԿՀ «Հայաստան-Ադրբեջան. կրիտիկական ենթակառուցվածքներ» թեմայի մոտեցումներին: Ստորև դիտարկվում են Հայաստանում և տարածաշրջանում «ինտերնետի օգտատերեր» (ի.օ.) ցուցանիշները:

1. ԻԿՏ զարգացումը և «թվային խզումը»

Մինչ բուն նյութին անցնելը, կանգ առնենք, այսպես կոչված, «թվային խզման» (digital devide) երևույթի վրա: Այս եզրույթը, որն այնքան տարածված էր մի քանի տարի առաջ, շրջանառության մեջ դրվեց XX դարի 90-ականների վերջին, ԽՍՀՄ փլուզումից հետո և ԻԿՏ ոլորտի զարգացմանը համընթաց: Գծապատկեր 1-ում ներկայացված են 1990-2008թթ. տպված անգլերեն և ռուսերեն գրքերում «digital devide» և «цифровой разрыв» բառակապակցությունների օգտագործման հաճախության գրաֆիկներն ըստ Google N-grams անգլերեն և ռուսերեն կորպուսների1։

Այն կոչված էր արտահայտելու զարգացած և զարգացող տարածաշրջանների երկրների միջև «թվային անհավասարության» փաստը: Խոսքն այն մասին է, որ այս տարածաշրջանների երկրների միջև ընդհանուր տնտեսական անհավասարության մեջ ի հայտ է եկել նոր չափողականություն՝ պայմանավորված ԻԿՏ զարգացմամբ: Առաջարկվեցին տարատեսակ տեխնոլոգիական ցուցանիշներ, որոնք կոչված են լրացնելու տեսակարար ՀՆԱ ցուցանիշի հիման վրա ստացվող պատկերը: Սկզբնական փուլում դրանք զուտ քանակական էին՝ բնակչության մեկ շնչին ընկնող համակարգիչներ, ֆիքսված գծով կապի բաժանորդների թիվ և այլն: Սակայն բավական արագ պարզ դարձավ, որ զուտ քանակական այս ցուցանիշները բավարար չեն իրական պատկերը նկարագրելու համար:

Իրոք, եթե 2001-ին զարգացած և զարգացող երկրների միջև ֆիքսված լայնաշերտ կապի (ՖԼԿ) բաժանորդների թվի հարաբերությունը կազմում էր 7:1՝ հօգուտ զարգացած երկրների, ապա 2010-ին այն արդեն 3.5:1 էր: Եվ սա տեղի ունեցավ հիմնականում զարգացող երկրներում ՖԼԿ բաժանորդների թվի էական աճի հետևանքով, մինչդեռ զարգացած երկրներում աճը դանդաղ էր («հագեցման էֆեկտ»): Այսինքն՝ իրականում տեղի էր ունեցել «թվային խզման» նվազում, թեև «թվային անհավասարությունը» պահպանվել էր: Այսպիսով, բաժանորդների թվի առումով, այսինքն՝ երևույթի այսպես ասած «0-ական մակարդակում», այլևս տեղին չէ խոսել «թվային խզման» մասին: Բայց պատկերը միանգամայն այլ է, եթե դիտարկումը հիմնենք այս ցուցանիշի ոչ թե քանակական (թիվ), այլ որակական որևէ ասպեկտի վրա, օրինակ՝ ՖԼԿ տեղակայված տեսակարար հզորության (ՏՏՀ, կբ.վ/մարդ) դիտարկման վրա:

Եվ դա հենց այն էր, ինչն արվեց Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ, ITU) 2012թ. տարեկան հաշվետվությունում [6]: Համաձայն այդ ուսումնասիրության, 2000-2010թթ. ընթացքում զարգացած և զարգացող երկրների միջև ՖԼԿ ՏՏՀ ցուցանիշով տարբերությունը ոչ թե նվազել էր կամ պահպանվել, այլ աճել էր: Այն էլ՝ 117 անգամ։ Նույնն էր պատկերը նաև մոբիլ կապի (ՄԿ) ՏՏՀ դեպքում, աճը՝ մոտ 22 անգամ ([6], Ch.5): 2012թ. այս կարևոր ուսումնասիրությունից հետո, խոսելով «թվային խզման» մասին, առաջին հերթին նկատի են ունենում զարգացած և զարգացող երկրների միջև խզումն ըստ ՖԼԿ ՏՏՀ-ի: Այսպիսի դիտարկում Հայաստանի և տարածաշրջանի համար կատարել էինք [2]-ում։


2. Ինտերնետ օգտատերեր

ԻԿՏ ոլորտում խզման «առաջին ածանցյալի» երևույթին են պատկանում նաև «ինտերնետ օգտատերեր» (ի.օ.)2 պարամետրի վրա հիմնված դիտարկումները: Առաջին հայացքից լինելով զուտ քանակական՝ ի.օ. ցուցիչն իրականում որակական է և ինտեգրալ, քանի որ ցանցային տեխնոլոգիաների հասունության մակարդակի հետ մեկտեղ ներառում է թե՛ տվյալ երկրում ինտերնետի հասանելիության (availability) ու հանրային վարկի սոցիալ-քաղաքական բաղադրիչները, թե՛ դրա մատչելիության (afordability) տնտեսական ասպեկտը: Այս ցուցանիշը ֆիքսվում է ՀՄՄ տվյալների գրադարաններում և երկրների ու տարածաշրջանների համեմատական վերլուծությունների համար ունի կենտրոնական դերակատարում3։


Գծապատկեր 2-ում ներկայացվում են մեր տարածաշրջանի 6 երկրների, ինչպես նաև Էստոնիայի և Իսրայելի ի.օ. ցուցիչների ժամանակային շարքերը 2000-16թթ. համար: Ինչպես տեսնում ենք, Էստոնիան ի.օ. 50% արժեքը գրանցել էր 2003-ի ավարտին, Իսրայելը՝ 2007-ին, ՌԴ-ն և Ադրբեջանը՝ 2011-ին, իսկ Հայաստանը՝ միայն 2014-ին։ 2016-ին Հայաստանն իր «ի.օ.» ցուցիչով (64.2%)4 զիջում էր Ադրբեջանին (78.2%) և ՌԴ-ին (76.4%), բայց առաջ էր Իրանից (53.2%), Թուրքիայից (58.4%) և Վրաստանից (50.0%): Ադրբեջանի 2016թ. ցուցանիշը գրեթե հավասար է միջին եվրոպական ցուցանիշին՝ 79.1%5։ Համեմատության համար նշենք, որ ըստ ՀՄՄ-ի՝ 2016-ին ի.օ. միջին արժեքն աշխարհի համար կազմել էր 47.1%, զարգացած և զարգացող երկրների համար՝ 81.0% և 40.1% համապատասխանաբար։ Այսպիսով, ի.օ. ցուցիչով առաջատարներից Հայաստանի ուշացումը (լագը) կազմում է մոտ 10 տարի: Հիշեցնենք, որ Հայաստանում ՖԼԿ ներթափանցման ուշացումն առաջատար երկրներից նույնպես կազմում էր 10-12 տարի (տե՛ս [1], Գծապատկեր 3):

Ուշագրավ է, որ անդրկովկասյան երեք հանրապետությունների ի.օ. ցուցանիշները սկսում են էականորեն աճել վրաց-օսական քառօրյա պատերազմի թվականից՝ 2008-ից։ Վարք, որը բնորոշ է ԻԿՏ նաև այլ ցուցանիշներին [1, 2]։ Հայաստանի «ի.օ.» կորին բնորոշ է ավելի զուսպ կտրուկությունը (slope), քան Ադրբեջանի կորին։ Այն ավելի նմանվում է Վրաստանի աճի տեմպերին, սակայն կտրուկ առաջ է անցնում վերջինից 2014-ից (տե՛ս Գծապատկեր 2):

Ցավալին այն է, որ համացանցի զարգացման առումով 2000-ականներին Հայաստանի շոշափելի առավելությունն իր բոլոր հարևանների հանդեպ՝ փաստված ՀՄՄ հրապարակումներում և ՀՄՄ տվյալների գրադարանում, գրեթե զրոյացվեց հետագայում։

1 Google N-grams գործիքի և Google անգլերեն ու ռուսերեն կորպուսների մասին տե՛ս [5]:

2 Որպես % տվյալ երկրի բնակչությունից:

3 ՖԼԿ ՏՏՀ ցուցանիշի հետ մեկտեղ, տե՛ս [2]:

4 Ըստ ՀՄՄ 2018թ. փետրվարին ճշգրտված տվյալների: ՀՄՄ համացանցային գրադարանում Հայաստանի 2016թ. «ի.օ.» ցուցանիշի համար շարունակում է բերվել 2016-17թթ. 62% գնահատականը, որը կրկնում ենք Գծապատկեր 2-ում: Հայաստանի ԻԿՏ ցուցանիշների բարելավ-ման մասին տե՛ս [7]։

5ԻԿՏ ոլորտում Ադրբեջանի ցուցանիշների պետական զեղծարարությունների մասին տե՛ս [1, 2]:

Աղբյուրներ և գրականություն

1. Մարջանյան, Ա.Հ., Ֆիքսված լայնաշերտ կապը Հայատանում և տարածաշրջանում. փաստեր, «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7 (86), 2017։

2. Մարջանյան, Ա.Հ., Ֆիքսված լայնաշերտ կապի հզորությունը և արագությունը Հայատանում և տարածաշրջանում. փաստեր: «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 8 (87), 2017։

3. Մարջանյան, Ա.Հ., Ադրբեջանի տիեզերական տեխնոլոգիական սեգմենտը, «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1 (90), 2018։

4. Մարջանյան, Ա.Հ., Ադրբեջանի կոսմիկական ծրագրի հետախուզական բաղադրիչը, «Նորավանք» ԳԿՀ «Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 2 (91), 2018։

5. Մարջանյան, Ա.Հ., Բառերի տիեզերք. հաճախակիության բառարանները և Google N-grams գործիքը, «Նորավանք» ԳԿՀ, «21-րդ ԴԱՐ» տեղեկատվական-վերլուծական հանդես, թիվ 4 (74), 2017, էջ 60-81։

6. International Telecommunication Union. ICT Facts and Figures 2012. UN ITU, Geneva, 2012.

7. «Կառավարությունը նախատեսում է կոնկրետ գործողություններ իրականացնել միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավման և առաջընթացի ապահովման համար», ՀՀ կառավարություն, հինգշաբթի, 15-ը փետրվարի, 2018թ., http://www.gov.am/am/news/item/13451/։



Возврат к списку



 
Ուղարկել ընկերոջը
email

text

Выбрать дату в календаре