• am
  • ru
  • en
Версия для печати
05.11.2018

ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Руский

   

«ԳԼՈԲՈՒՍ» ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ, թիվ 8, 2018

Արա Հ. Մարջանյան
«Նորավանք» ԳԿՀ գիտության գծով փոխտնօրեն, էներգետիկայի գծով ՄԱԿ ազգային փորձագետ, տ.գ.թ.

ՆԱԽԱԲԱՆ

Իսրայելի նավթային ոլորտը ամենաանթափանցներից է աշխարհում՝ այս հարցում գերազանցելով նույնիսկ Ադրբեջանին1։ Նավթամատակարարումների սկզբնաղբյուրների և աշխարհագրության մասին վիճակագրական տվյալներն Իսրայելում տասնամյակներ շարունակ հանդիսանում են գաղտնիք և չեն ներկայացվել ու չեն ներկայացվում պաշտոնական հաշվետվություններում: Բաց աղբյուրներում առկա են միայն հում նավթի (crude petroleum) և վերամշակված նավթամթերքների (refined petroleum) տարեկան ներկրումների ծավալների (բնեղեն ու ֆինանսական չափողականությամբ) մասին ընդհանրական տվյալները, որոնց գնումը Իսրայելում իրականացնում է մեկ միասնական պետական ընկերություն: Եվ անգամ այս սակավաթիվ և ոչ ամբողջական տվյալների արժանահավատության հարցը քանիցս բարձրացվել է խնդրով զբաղվող մի շարք մասնագիտական կառույցների կողմից:

Այսօրինակ իրավիճակը, փորձագիտական հանրության կարծիքով, պայմանավորված է երկու գործոնով: Նախ՝ հում նավթի և նավթամթերքների ներկրումների գործարքների շոշափելի մասն Իսրայելն իրականացնում է օֆշորային գոտիների միջոցով, ինչն էականորեն բարձրացնում է դրանց անթափանցությունը: Այսպես, պաշտոնական վիճակագրական հաշվետվություններում նշվում է ավելի քան 150 մասնավոր նավթ ներկրող կազմակերպություն, որոնց ինքնությունը և գործունեության այլ մանրամասներ գաղտնիացված են: Բացի այդ, ներկրումների մի այլ մասն էլ Իսրայելն իրականացնում է տարատեսակ վերաներկրումային սխեմաներով (re-export, реэкспорт) նավթ արդյունաբերող այն երկրներից, որոնք չեն ցանկանում հրապարակայնացնել Իսրայելի հետ իրենց կապերը [1]:

Ստորև օգտագործվել են Իսրայելի Վիճակագրագան բյուրոյի (ԻՎԲ)2, Իսրայելի Արտահանումների և միջազգային համագործակցության ինստիտուտի (ԻԱՄՀԻ, IEICI)3 պաշտոնական հաշվետվությունները, BP ընկերության տարեգրքերը, Տնտեսության բարդության դիտարանի (ՏԲԴ, OEC)4, Էներգետիկ միջազգային գործակալության (ԷՄԳ, IEA), ԱՄՆ Էներգետիկ տեղեկատվության վարչության5 (ԷՏՎ, EIA) և ԱՄՆ ԿՀԳ (US CIA)6 տվյալների առցանց գրադարանները, ինչպես նաև բաց մամուլի որոշ հրապարակումներ: Բոլոր դիտումները՝ առ 2018թ. սեպտեմբեր:

1. ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ՍԵՓԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԸ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՒՄԸ

Իսրայելում հում նավթի արդյունաբերական նշանակության սեփական7 պաշարները, ամենայն հավանականությամբ, բացակայում են։ BP ընկերության վերջին երկու տասնամյակների տարեգրքերն Իսրայելում հում նավթի ապացուցված պաշարների (proved reserves) մասին որևէ տեղեկություն չեն բերում8։ Չի ներկայացվում նաև Իսրայելում հում նավթի սեփական արդյունահանման մասին որևէ տվյալ: Միևնույն ժամանակ, համաձայն IEA տվյալների՝ 2016-ին Իսրայելում արդյունահանվել է մոտ 115 հազ. տ հում նավթ։ Նկար 1-ում ամբողջացնում ենք Իսրայելում հում նավթի և նավթային այլ հումքի (feedstock, сырье) արդյունահանման մասին IEA առցանց գրադարանի բոլոր տվյալները՝ հասանելի 2018թ. սեպտեմբերի դրությամբ։


Ինչպես տեսնում ենք, 1990-2016թթ. Իսրայելում շոշափելի ծավալներով առկա էր միայն նավթայի (naphtha, нафта)9 և հեղուկացված նաթագազի (liquefied petroleum gas, сжиженный нефтегаз)10 սեփական արդյունահանում: 2016-ին դրանց ծավալները կազմել էին մոտ 1.1 մլն տ և 0.354 մլն տ համապատասխանաբար։ Դիտարկվող ժամանակահատվածում նավթայի առավելագույն արդյունահանումն արձանագրվել է 2014-ին՝ 1.27 մլն տ, հեղուկացված նաթագազինը՝ 2011-ին, մոտ 0.57 մլն տ։ 1993-99թթ. առկա էր նաև բնական գազի կոնդենսատային հեղուկի (ԲԳՀ, LNG) չնչին քանակությամբ արդյունահանում։

Թեև հում նավթի սեփական պաշարների որոնմանն ու արդյունահանմանն ուղղված աշխատանքներն Իսրայելում ձեռնարկվել էին դեռ երկրի կազմավորման սկզբից (1948թ.), սակայն նկատելի ծավալներով հում նավթի սեփական արդյունահանումն Իսրայելում մեկնարկում է միայն 2013-ից (63 հազ. տ)՝ 2016-ին հասնելով 115 հազ. տոննայի (տե՛ս Նկ. 1)։ Հավանաբար, այն հիմնականում արդյունահանվել է «Givot olam oil Ltd» ընկերության11 կողմից շահագործվող Մեգեդ նավթադաշտից (Meged oil fied)՝ Մեգեդ-5 հորատման հարթակից: Իսրայելի կենրոնական մարզում, Հորդանան գետի Արևմտյան հատվածի12 սահմանին գտնվող այս նավթադաշտի հում նավթի պաշարները գնահատված են մոտ 200 մլն տ (մոտ 1.5 մլրդ բարել): Համեմատության համար նշենք, որ 2016-ին հում նավթի սպառումն Իսրայելում, համաձայն IEA տվյալների, կազմել էր 10.3 մլն տ (տե՛ս ստորև՝ Նկ. 2-ում): Այսինքն՝ այդ տարի հում նավթի սեփական արդյունահանումը կազմել էր սպառման ընդամենը 0.61%-ը։ Այսպիսի իրադրությունը գրեթե անփոփոխ պահպանվում է դեռ անցած դարի 50-ականներից. հում նավթի սպառման տեսանկյունից Իսրայելը գրեթե ամբողջովին կախված է եղել, մնում է կախված և առաջիկա 3-5 տարիներին կշարունակի մնալ կրիտիկականորեն կախված հում նավթի ներկրումներից:

Տարատեսակ, հիմնականում իսրայելական ծագում ունեցող աղբյուրների և հրապարակումների համաձայն՝ Իսրայելի հում նավթի հեռանկարային պաշարները կազմում են մոտ 4.2 մլրդ բարել (մոտ 560 մլն տ): Ակնկալվում է, որ Միջերկրական ծովի Իսրայելի արդյունաբերական իրավասության հատվածում գտնվող «Լևիաֆան» գազակոնդենսատային դաշտի տակ գտնվում է մոտ 1.5 մլրդ բարել հում նավթի պաշար: Եվս մոտ 1.4 մլրդ բարել կարող է գտնվել Հայֆա նավահանգստից արևմուտք գտնվող «Պելաջիկ» (Pelagic gas and oil field) նավթագազային հանքադաշտում13։ Բացի այդ, Իսրայելի թերթաքարային նավթի (shаlе oil, сланцевая нефть) պաշարները գնահատվում են մոտ 250 մլրդ բարել, ինչը համադրելի է Սաուդյան Արաբիայի հետախուզված նավթի ողջ պաշարների հետ14։ Սակայն կրկնենք. Իսրայելում հում նավթի ապացուցված պաշարների մասին հավաստի տեղեկություններ մինչ օրս չեն հրապարակվել:

2. ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ԵՎ ՍՊԱՌՈՒՄԸ

Համաձայն IEA տվյալների, վերջին 26 տարիների ընթացքում հում նավթի տարեկան ներկրումներն Իսրայել տատանվել են 8.3-12.1 մլն տոննա տիրույթում: Նկար 2-ում ամբողջացրել ենք այդ տվյալները գրաֆիկի տեսքով: 9.0 մլն տ ծավալից քիչ տարեկան ներկրումներ արձանագրվել են 1990, 1991 և 2007թթ., իսկ առավելագույն արժեքները՝ 1993-ին (12.092 մլն տ) և 1998-ին (12.147 մլն տ): Ընդհանուր առմամբ, նկատելի է ներկրումների ծավալների նվազման միտում 1992-2007թթ. ժամանակահատվածի համար (slope = -0.1556) և դրանց աճի միտում՝ 2007-2015թթ. համար (slope = +0.2235): 2016-ին հում նավթի ներկրումները նախորդ տարվա համեմատ նվազել են մոտ 1.4 մլն տոննայով:

Ինչպես տեսնում ենք Նկ. 2-ից, մինչ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի թողարկումը (2006թ. հուլիս) և Կասպիցի Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթադաշտի հիմնական նավթի յուրացման փուլի մեկնարկը, հում նավթի սպառումն Իսրայելում անշեղորեն իջնում էր: Այս միտումը հնարավոր եղավ շրջել միայն Ադրբջանից և Ղազախստանից Իսրայել հում նավթի ներկրումների ծավալուն մեկնարկից հետո:

ԻԱՄՀԻ տվյալներով, հում նավթի և նավթամթերքների ներկրումները գումարային առումով կազմում են երկրի ողջ ներկրումների 17-20%-ը: Ընդ որում, դրանց 60%-ից ավելին բաժին է ընկնում հում նավթի ներկրումներին:

Իսրայելում հում նավթի ռազմավարական պաշարների մասին որևէ հավաստի տվյալի բացակայության հետևանքով ընդունվում է, որ հում նավթի ներկրումների 100%-ը ծախսվում է այդ տարի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայում Իսրայելում գրեթե բացակայում է սեփական հում նավթի արդյունահանումը, կարելի է ընդունել, որ հում նավթի սպառումն Իսրայելում համընկնում է դրա ներկրումների հետ: Այլ խոսքերով, Իսրայելի կախվածությունը հում նավթի ներկրումներից 1990-2015թթ. կազմում էր 100%: Մեծ հավանականությամբ կարելի է պնդել, որ նման իրավիճակը պահպանվում է և ներկայում:


3. ՎԵՐԱՄՇԱԿՈՒՄ

Համաձայն ԱՄՆ ԷՏՎ տվյալների15, Իսրայելում առկա է հում նավթի վերամշակման երկու գործարան, գումարայինը մոտ 300 հազ. բ.օ. հում նավթի մշակման հզորությամբ: Դրանք տեղակայված են Հայֆայում (մոտ 200 հազ. բ.օ.) և Աշդոդում (100 հազ. բ.օ., 2013-ին իրականացված վերակառուցումից հետո): Նկ. 3-ում պատկերված են Իսրայելի 2007-17թթ. նավթամշակման ոլորտի դինամիկան արտացոլող կորերը՝ կառուցված BP 2018 տարեգրքի տվյալների վրա: Ինչպես տեսնում ենք, նավթամշակող տեղակայված հզորությունն Իսրայելում աճել է 2007թ. 272 հազ. բ.օ. ցուցանիշից մինչև 301 հազ. բ.օ. 2017-ին: Միևնույն ժամանակ, վերամշակված նավթամթերքի արտադրությունն աճել է 2007թ. 189 հազ. բ.օ. ցուցանիշից մինչև 224 հազ. բ.օ. 2017-ին (տե՛ս Նկ. 3, ձախ առանցք):

Ընդ որում, հում նավթի վերամշակման տեղակայված հզորությունների օգտագործման գործակիցը (տ.հ.օ.գ., %)16՝ հաշվարկված BP 2018 տվյալների հիման վրա, 2017-ին կազմել է 74.4% (Նկ. 3, աջ առանցք): Իր առավելագույն ցուցանիշներին (78-81%) տ.հ.օ.գ.-ը հասել է 2008-2010թթ., երբ Իսրայելի նավթավերամշակման հզորությունները գործել են իրենց հնարավորությունների գրեթե եզրին: Նկատենք, որ Գազայի հատվածում իսրայելական բանակի «Ձուլածո կապար» գործողությունը17 սկսվեց 2008թ. դեկտեմբերի 27-ին (ցամաքային ռազմուժի ներխուժումը՝ 2009թ. հունվարի 3-ին), իսկ ակտիվ գործողություններն ավարտվեցին 2009թ. հունվարի կեսերին:

Սկսած 2011-ից՝ հում նավթի վերամշակման տ.հ.օ.գ. արժեքը նվազում է մինչև մոտ 74% ու 2011-17թթ. տատանվում այդ արժեքի մոտակայքում՝ կրկին աճելով միայն 2015-ին՝ մինչև 78.4% ցուցանիշ (տե՛ս Նկ 3-ում, աջ առանցք): Հիշեցնենք, որ 2015թ. հունվարից սրվեց Իսրայելի ռազմական առճակատումը Լիբանանի և Սիրիայի տարածքում գտնվող «Հեզբոլլահ» կուսակցության ուժերի հետ: Այդ տարվա ընթացքում Իսրայելի օդուժն իրականացրեց Լիբանանի և Սիրիայի տարածքների առնվազն 6 մասշտաբային հրթիռակոծում:


Ավելին, համաձայն որոշ հրապարակումների, սկսած 2014-ի կեսերից՝ Իսրայելում լրջորեն դիտարկվում էր ցամաքային և այլ ռազմուժերի խոր թափանցման խոշորամասշտաբ ցամաքային գործողություն՝ Լիբանանի հարավային տարածքներում տեղակայված «Հեզբոլլահ» կուսակցության ռազմական ուժերի և ենթակառուցվածքների դեմ [2]: Հետագա գործընթացների արդյունքում այս ծրագիրը չիրագործվեց, և առաջնայնությունը տրվեց այլընտրանքային մարտավարությանը՝ իսրայելական օդուժի կետային հարվածներին: Սիրիայի տարածքում դրանք շարունակվում են մինչ օրս18։

Ներկայիս աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի պայմաններում Իսրայելի հում նավթի վերամշակման պիկային հնարավորությունը կարելի է գնահատել 240-260 հազ.բ.օ. տիրույթում: Հասկանալի է, որ այս գնահատականը կփոփոխվի նոր վերամշակող հզորությունների թողարկման դեպքում:

4. ՀՈՒՄ ՆԱՎԹԻ ՆԵՐԿՐՈՒՄՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ «ԳՈՐՇ ՇՈՒԿԱՆ»

Հիմնվելով ՏԲԴ առցանց գրադարանի տվյալների վրա՝ Աղյուսակ 1-ում ամբողջացնում ենք Իսրայել հում նավթի ներկրումների ֆինանսական ծավալների (մլրդ ԱՄՆ $) ու դրանց սկզբնաղբյուր երկրների մասին բոլոր տվյալները՝ հասանելի 2018թ. սեպտեմբերի դրությամբ: Բոլոր այն դեպքերում, երբ հում նավթի ներկրումների աղբյուրը հայտնի չէ, ՏԲԴ գրադարանում դրանք մատնանշվում են «Areas» (Տարածքներ) վերնագրով: Աղյուսակում մենք այդ ներկրումները գունավորել ենք գորշ գույնով:


Ինչպես տեսնում ենք, 1995-2016թթ. Եգիպտոսից, Նորվեգիայից և Մեքսիկայից հում նավթի ներկրումներն Իսրայել հետզհետե փոխարինվում են ՌԴ-ից, Ադրբեջանից և Ղազախստանից հում նավթի ներկրումներով: Դիտարկվող ժամանակահատվածում ՌԴ-ից հում նավթի ներկրումները կազմել են $3.1 մլրդ, Ղազախստանից՝ $12.7 մլրդ և Ադրբեջանից՝ $14.3 մլրդ համապատասխանաբար: Ընդ որում, 2000-03թթ. ընթացքում, համաձայն ՏԲԴ տվյալների, ՌԴ-ն եղել է Իսրայելի հում նավթի թիվ մեկ մատակարարը, իսկ 2008-ին և 2014-ին թիվ մեկ մատակարարը եղել է Ադրբեջանը: Ուշագրավ է, որ դիտարկվող 22 տարիներից 12-ի համար (1996-98, 2004-07, 2009-13թթ.) Իսրայելի հում նավթի թիվ մեկ մատակարար են եղել անհայտ վայրերից «գորշ մատակարարները»: 1995-2016թթ. Իսրայել հում նավթի «գորշ մատակարարները» կազմել են $38.0 մլրդ կամ ընդհանուրի ($72.25 մլրդ) 53%-ը:

Ընդ որում, այս գնահատականը կոնսերվատիվ է: Ամենայն հավանականությամբ, «գորշ մատակարարներ» են եղել նաև 1999-2003թթ. և 2015թ., ելնելով այն հանգամանքից, որ այդ տարիների հում նավթի ներկրումների գումարային ծավալները, ըստ ՏԲԴ-ի, արտառոց փոքր են ($0.15-0.8 մլրդ, $2.0-8.0 մլրդ-ի համեմատ):

1 Այս առումով Իսրայելի և Ադրբեջանի (ու Թուրքիայի) միջև ուշագրավ նմանությունն առկա է նաև ժողովրդագրական վիճակագրության ոլորտում, մանավանդ՝ բնակչության էթնոլեզվական կառուցվածքի հարցում:

2 ‏הלשכה המרכזית לסטטיסטיקה‏‎, ЦСБ Израиля

3 Israel Export and International Cooperation Institute. https://www.export.gov.il/

4 The Observatory of Economic Complexity, https://atlas.media.mit.edu/en/visualize/tree_map/hs92/import/

5 The U.S. Energy Information Administration, https://www.eia.gov/beta/international/analysis.php?iso=ISR

6 U.S. Central Inteligence Agency, World Factbook.

7 Սեփական պաշարներ ասելով նկատի են առնվում միայն հում նավթի այն պաշարները, որոնք գտնվում են Իսրայելի միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Հետևաբար, ստորև դիտարկումներից դուրս է գտնվում Սինայի թերակղզում, Հոլանի բարձունքներում և Պաղեստինի Արևմտյան հատվածում գտնվող պաշարների դիտարկումը, ինչպես նաև Իրաքյան Քրդստանից և Իրաքի ու Սիրիայի այլ վայրերից հում նավթի մաքսանենգ ներկրումներն Իսրայել: Դրանք կդիտարկվեն Իսրայելի նավթին նվիրված մեր ավելի ծավալուն հոդվածում:

8 BP տարեգրքերի այս բաժնում դիտարկվում են աշխարհի միայն այն երկրները, ուր առկա է 0.5 մլն տ և ավելի ծավալով հում նավթի սեփական արդյունահանում։

9 Նավթային հումք՝ նախատեսված նավթաքիմիայի (էթիլենի կամ արոմատիկ նյութերի արտադրություն) կամ բենզինի արտադրության համար՝ ռիֆորմինգի կամ իզոմերիզացիայի միջոցով։

10 Թեթև հագեցած պարաֆինային ածխաջրածիններ՝ բաղկացած հիմնականում պրոպանից (C3H8) և բուտանից (C4H10)։ Ստացվում է հում նավթի կամ բնական գազի վերամշակումից։

11 http://www.givot.co.il/About.aspx?l=2&id=78

12 Հորդանանից այս տարածքը Իսրայելը զավթել էր 1967թ. 6-օրյա պատերազմի արդյունքներով: 1988-ին Հորդանանը հրաժարվեց դրա նկատմամբ հավակնությունից հօգուտ ապագա Պաղեստինի հանրապետության:

13 https://en.globes.co.il/en/article-1000753681

14 2011-ի մայիսին ռուսական Inter RAO ընկերությունը հայտարարեց, որ ստացել է Նեգևի անապատում թերթաքարային նավթի արդյունահանման արտոնագիր: Պլանավորվում էր նավթարդյունահանող գործարանի և 150 ՄՎտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցում: Արտոնագիրն անվավեր ճանաչվեց 2012թ. ապրիլին՝ արտոնագրային ժամկետի լրացման և այն չնորացնելու հետևանքով, https://www.kommersant.ru/doc/1645750

15 https://www.eia.gov/beta/international/analysis.php?iso=IS

16 Այն արտացոլում է տեղակայված հզորությունների օգտագործման արդյունավետությունը: Դրա 100% արժեքը համարժեք է նրան, որ տվյալ տարում այս հզորություններն օգտագործվել են իրենց ողջ տեղակայված հզորությամբ և ողջ տարվա ընթացքում (8760 ժամ): Համապատասխանաբար, 2017թ. տ.հ.օ.գ. 74.4% ցուցանիշը համարժեք է նրան, որ վերամշակող հզորություններն իրենց ողջ տեղակայված հզորությամբ այդ տարի աշխատել են կամ 6517 ժամ (տարվա 74.4%), կամ դրանք աշխատել են ավելի նվազ հզորությամբ, սակայն ավելի երկար ժամանակ:

17 Операция «Литой свинец», Operation “Cast Lead”:

18 Վերջին այսպիսի հարվածի ժամանակ (2018թ. սեպտեմբերի 24) խոցվեց ՌԴ օդուժի Իլ-20 հետախուզական օդանավը:

Աղբյուրներ և գրականություն

1. Барух, Бен, Израильская нефть, история вопроса. Институт Ближнего Востока, 30 сентября, 2012, http://www.iimes.ru/?p=15695

2. White, Jeffrey, A War Like No Other: Israel vs. Hezbollah in 2015. The Washington Institute. January 29, 2015, https://www.washingtoninstitute.org/policy-analysis/view/a-war-like-no-other-israel-vs.-hezbollah-in-2015.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր