• am
  • ru
  • en
Версия для печати
24.12.2012

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ

2011-2012թթ. Հայաստանում ինտերնետ-օգտատերերի թիվը կտրուկ աճել է, ինչի պատճառով բնակչության կեսից ավելին այսօր օգտվում է համացանցից: Նրանց մեծ մասը սոցիալական ցանցերի այցելուներ են:

Ըստ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների, լայնաշերտ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թիվը 2011թ. կազմել է 378159, իսկ ընդհանուր առմամբ ինտերնետ ծառայությունների բաժանորդների թիվը 2011թ. դեկտեմբերի 31-ին կազմել է 1 835 002 (Նկար 1

Սոցիալական ցանցերի այցելությունների կտրուկ աճը Հայաստանում 2009-2010թթ. ընթանում էր ինտերնետ-օգտատերերի աճին զուգահեռ: Անմիջապես առաջատար դիրքեր գրավեց ռուսաստանյան Odnoklassniki սոցիալական ցանցը, որն առայսօր հանդիսանում է թիվ մեկ ցանցն ըստ այցելությունների: Այս հարթակի այցելուների ամսական թիվը գրեթե հասնում է 700 հազարի, այսինքն՝ ինտերնետ-օգտատերերի մոտ 40%-ը, և երկրի բնակչության մոտ քառորդ մասը (Նկար 2

Չնայած հարկ է նշել, որ 2012թ. ընթացքում նկատվում է տվյալ հարթակի լսարանի հագեցում և աճ այլևս չի նկատվում: Ըստ Mail.RuGroup-ի (որը տնօրինում է Odnoklassniki հարթակը) «Սոցիալական կայքեր» բիզնես ստորաբաժանման մարքեթինգի և ռազմավարական հաղորդակցությունների տնօրեն Ալեքսանդր Իզրյադնովի, բջջային հեռախոսի միջոցով կայքից օգտվում է շուրջ 272 հազար մարդ: Լսարանի հիմնական միջուկը 18-24 տարեկան երիտասարդներ են, ընդ որում՝ տղամարդկանց թիվը, ներկայացված վիճակագրության համաձայն, գերազանցում է կանանց թիվը (60% ընդդեմ 40%-ի)1:

Նկար 1
Հայաստանում ինտերնետ-օգտատերերի տոկոսի աճը 1998-2011թթ. ընթացքում, ըստ Համաշխարհային բանկի և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տվյալների


Նկար 2
Odnoklassniki սոցիալական ցանցի Հայաստանից այցելուների ամսական լսարանը 2010-2012թթ., տվյալները՝ ըստ Liveinternet.ru համակարգի


Նկար 3
Facebook.com սոցիալական ցանցի հայաստանյան լսարանի աճը 2012թ. հունիս-դեկտեմբեր ամիսների ընթացում, տվյալները՝ ըստ Socialbakers.com համակարգի


Նկար 4
Facebook.com սոցիալական ցանցի հայաստանյան լսարանի աճն ըստ տարիքային հատվածների, 1, 2 և 3 ամիսների ընթացքում, տվյալները՝ 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում, տվյալները՝ ըստ Socialbakers.com համակարգի


Նկար 5
Facebook.com սոցիալական ցանցի հայաստանյան լսարանի բաշխումն ըստ տարիքային հատվածների, տվյալները՝ 2012թ. դեկտեմբերի դրությամբ, տվյալները՝ ըստ Socialbakers.com համակարգի


Հայաստանում այցելուների թվով երկրորդը Facebook սոցիալական ցանցն է։ Տվյալ հարթակում 2012թ. դեկտեմբերի սկզբին ակտիվ օգտատերերի թիվը հասնում էր 356 հազարի (երկրի բնակչության մոտ 12%-ը) (Նկար 3

Այստեղ այցելուների ամենաարագ աճող հատվածն են կազմում 18-34 տարեկան երիտասարդները (Նկար 4)։ Այս խումբը կազմում է Facebook սոցցանցի 65%-ը (Նկար 5

Մի շարք այլ սոցիալական ցանցեր նույնպես Հայաստանի ինտերնետ-օգտատերերի համար ակտիվ հարթակներ են։ Ըստ Alexa.com վիճակագրության, ռուսաստանյան VKontakte սոցիալական ցանցը Հայաստանից այցելվող կայքերից 10-րդն է2։ Չնայած հստակ բաց վիճակագրություն այս հարթակի մասին չկա, սակայն հայտնի է, որ 2012թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանից գրանցված օգտատերերի թիվը գերազանցում է 310 հազարը3։

Twitter-ը դեռևս շարունակում է պասիվ հարթակ մնալ Հայաստանում, այստեղ օգտատերերի թիվը չի գերազանցում մի քանի հազարը։

Առանձնահատուկ աճ է ցույց տալիս Youtube հարթակը, որը սոցիալական ցանցի տարրեր է պարունակում և, բացի այդ, լուրջ ազդեցություն ունի հայաստանյան հասարակական-քաղաքական և լրատվական դաշտի վրա։ Չնայած այստեղ էլ բաց վիճակագրություն չկա օգտատերերի թվի վերաբերյալ, սակայն Հայաստանից տեսանյութերի ներբեռնումներն ընդհանուր համաշխարհային թվաքանակի համեմատ վերջին տարիներին աճել են մոտ տասն անգամ (Նկար 6

Այսպիսով, ակնհայտ է, որ Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում դիտվում է իներնետ-օգտատերերի և սոցիալական ցանցերի օգտատերերի կտրուկ, նույնիսկ պայթյունային աճ։ Փաստացի, այսօր երկրի բնակչության կեսից ավելին ինտերնետ-օգտատերեր են, ինչը բերում է ընդհանուր տեղեկատվական հոսքերի վերաբաշխման։

Նկար 6
Հայաստանում Youtube-ից տեսանյութերի ներբեռնումները 2009-2012թթ. ընդհանուր համաշխարհային թվաքանակի համեմատ։ Տվյալները՝ ըստ Google Transparency Report-ի


1 Օդնոկլասնիկի սոցցանցն այսուհետ հասանելի է հայերեն լեզվով, Երևան, Մեդիամաքս, 22 հունիս, http://www.mediamax.am/am/news/society/5281/

2 Top Sites in Armenia, http://www.alexa.com/topsites/countries/AM

3 VKontakte ներքին վիճակագրությունը, որը տրամադրվում է գովազդատուներին։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 12, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր