
ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՔԵՐՆԵՐԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ ԵՆ ՀԱՅ ՕԳՏԱՏԵՐԵՐԻՆ

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական հաքերային համայնքի հիմնական թիրախներից են Հայաստանը և հայերը՝ անկախ բնակության վայրից։ Հաքերային ամենամեծ ու ակտիվ խմբավորումն անգամ, որն արդեն 5 տարի գործում է, կոչվում է Anti-Armenia Team, որն էլ կազմակերպված հակահայկական հաքերային հարձակումների հիմնական պատասխանատուն է։ Թեև ասպարեզում պարբերաբար գործում են նաև նրանց հետ համագործակցող թուրքական խմբավորումներ1։
Ադրբեջանական հաքերներն աշխատել և աշխատում են հայկական կայքերը «կոտրելու» ուղղությամբ, ինչպես նաև պարբերաբար իրականացնում են DDoS հարձակումներ2։ Սակայն վերջին տարվա ընթացքում նկատվում է ադրբեջանական հաքերների հարձակումների որակի փոփոխություն։ Դեռ ապրիլյան պատերազմական գործողությունների ժամանակ նկատվեց, որ արդեն որպես թիրախ սկսում են հանդիսանալ ոչ միայն կայքերը, ներքին ցանցերը, այլև առանձին հայ օգտատերերը։
Այսօր Հայաստանում ինտերնետ կապից օգտվողների թիվը հասնում է բնակչության մոտ երկու երրորդին։ Հիմնական երկու սոցցանցերի օգտատերերի թիվը գերազանցում է մեկ միլիոնը3։ Եվ հենց հիմնականում սոցցանցերի օգտատերերն են դառնում հարձակումների թիրախ։
Այսպես, 2016թ. հունիսին հայտնաբերվել էր ֆիշինգային4 փորձ, որն իրականացվում էր Ադրբեջանի տարածքից հայկական էլեկտրոնային փոստից օգտվողների դեմ։ Օգտվողները ստանում էին հետևյալ բովանդակությամբ նամակ, որն իբր զգուշացում էր կանոնների խախտման վերաբերյալ և առաջարկ՝ հղումով գնալ և հաստատել սեփական անձը՝ էլեկտրոնային փոստը պահպանելու համար։
Hello example@mail.ru,
We have processed suspension of your email. due to mail violation and policy abuse noticed. Click HERE to confirm ownership and verify example@mail.ru NOTE: Failure to oblige will lead to mail malfunction, loss of files and final De-activation of mail box. Best Regards, Mail Team ------------------------- mail sent to: iskakan@mail.ru | (C) 2016 Mail. All rights reserved. NMLSR ID 399801
Հղումը սեղմողը հայտնվում է կեղծված էլեկտրոնային փոստի էջում, ուր իրեն առաջարկվում էր մուտքագրել իր մուտքանունը և գաղտնաբառը (տե՛ս Նկար 1)։ Նման գործողություններ կատարողն ինքը փաստացի հանձնում էր գաղտնաբառը հաքերներին։
Տվյալ էջի ուսումնասիրությունը թույլ էր տալիս հասկանալ, որ այն ստեղծվել և կառավարվում է Ադրբեջանից (տե՛ս Նկար 2).
2017թ. ադրբեջանցի հաքերները հայտարարեցին, որ իրենց հաջողվել է կոտրել հարյուրավոր հայկական ֆեյսբուքյան օգտատերերի էջեր5։ Այդ օգտատերերի մուտքանունն ու գաղտնաբառերն էին հրապարակվել։ Հետագայում անընդհատ հարձակումները հայկական օգտատերերի դեմ շարունակվում էին։
Այս անգամ նույնպես որպես հարձակման հնարք օգտագործվել էր ֆիշինգը։ Հաքերները տարածում էին հղում ֆեյսբուքյան հավելվածի (application) վրա, ուր նորից առաջարկվում էր ներմուծել մուտքանունը և գաղտնաբառը (տե՛ս Նկար 3).
Եթե մինչև վերջերս օգտատերերի վրա հարձակումը հիմնականում հոգեբանական ճնշման միջոց էր, ապա վերջին զարգացումները ցույց են տալիս, որ դրանք օգտագործվում են նաև ապատեղեկատվություն տարածելու համար, որպես տեղեկատվական պատերազմի բաղադրիչ։ Այսպես, փետրվարի 25-ի ադրբեջանական ձախողված դիվերսիոն գործողությունից հետո կոտրված ֆեյսբուքյան հաշիվներն օգտագործվում էին իբրև հայերի անունից հայկական կողմի կորուստների վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու համար6 (տե՛ս Նկար 4).
Նկատի ունենալով այն, որ ընդհանուր համակարգչային գրագիտությունը Հայաստանում բավական ցածր մակարդակի վրա է7, ադրբեջանական հաքերների (և ոչ միայն նրանց) համար հանրապետության բնակչության բավական լուրջ տոկոսը շարունակում է հանդիսանալ հեշտ թիրախ հարձակումների համար։
1 Հայ-ադրբեջանական ապրիլյան պատերազմին ուղեկցող կիբեռհարձակումները, Սամվել Մարտիրոսյան, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=14732&sphrase_id=59206
2 DDoS հարձակումները Հայաստանի վրա դառնում են մտահոգիչ, Սամվել Մարտիրոսյան, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=12704
3 Հայաստանի հասարակությունը և կիբեռանվտանգությունը․ իրավիճակը 2016թ., Սամվել Մարտիրոսյան, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15344&sphrase_id=59206
4 Phishing, https://en.wikipedia.org/wiki/Phishing
5 Facebook-ի էջերի ցանկ է ներկայացվել. ըստ ադրբեջանցի հաքերների, դրանք կոտրված են, http://newsarmenia.am/am/news/armenia/facebook-i-ejeri-cank-e-nerkayacvel-/
6 Ադրբեջանի ՊՆ-ն խոստովանել է 5 զինծառայողի կորուստ, http://razm.info/97043
7 Հայաստանում ինտերնետի միջին օգտատերը շարունակում է խոցելի մնալ հարձակումներից, Սամվել Մարտիրոսյան, http://www.noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=15209&sphrase_id=59206
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԸՍՏ ՕՐԻՆԱԳԾԻ «ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ» ՀԱՆԳԻՍՏ ԿԱՐՈՂ Է ԴԻՏԱՐԿՎԵԼ ՈՐՊԵՍ ԱՆԱՆՈՒՆ ՀՂՈՒՄ. Սամվել Մարտիրոսյան[20.10.2021]
- ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՆԵՐԸ[27.09.2018]
- ՈՒՂԻՂ ԵԹԵՐՆԵՐԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ (ինչպես ձևափոխվեց տեղեկատվական դաշտը)[08.06.2018]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄ ՀԱՔԵՐԱՅԻՆ ՀԱՐՁԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ[05.04.2018]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄԵԴԻԱՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ (2017Թ.)[07.12.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ[06.10.2017]
- ՀԱՄԱՑԱՆՑԻ ԵՎ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆԵՐԹԱՓԱՆՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 2016Թ.[26.07.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԸ[31.05.2017]
- ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀՈՍՔԵՐԻ ՍՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԽՆԴԻՐ[10.05.2017]
- ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԻԲԵՌԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ․ ԻՐԱՎԻՃԱԿԸ 2016Թ.[30.01.2017]