• am
  • ru
  • en
Версия для печати
03.12.2012

ՍԻՐԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ. ՀՆԱՐԱՎՈՐ ՍՑԵՆԱՐՆԵՐ

EnglishРуский

   

Գագիկ Հարությունյան
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն


Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայում «արաբական գարնան» համատեքստում ընթացող ռազմաքաղաքական գործողությունները հայրենական տեղեկատվական լրահոսում հիմնականում մեկնաբանվում են հայկական համայնքների անվտանգության տեսանկյունից: Անշուշտ, այդ հարցն այսօր ամենահրատապն է, և համայնքների ապահովությունը մեր ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է։ Այդ առիթով կարելի է արձանագրել, որ ի տարբերություն 2003թ., երբ ԱՄՆ-ի կողմից իրականացված Իրաքի օկուպացիայի հետևանքով տեղի հայկական համայնքը փաստորեն տրոհվեց, այսօրվա Հայաստանը ձգտում է հնարավորինս աջակցել բարդ իրադրության մեջ հայտնված սիրիահայերին. շուրջ 5000 հայրենակիցներ տեղափոխվել են Հայաստան, հնարավորինս ապահովվել են անհրաժեշտ պայմաններով, կազմակերպվել է նաև դպրոցականների ուսուցումը։

Միևնույն ժամանակ, Սիրիայում ընթացող զարգացումներն առնչվում են նաև Հայաստանի անվտանգության խնդիրների հետ։ Հանրությունը երբեմն այդ հանգամանքին անհրաժեշտ ուշադրություն չի դարձնում, ինչը մասամբ պայմանավորված է որոշ լրատվամիջոցների կողմից վարվող քաղաքականությամբ։ Այնպիսի հեռուստակայաններ, ինչպիսիք են CNN-ը, Euronews-ը, BBC-ն, RBC-ն և այլն, որպես կանոն, միակողմանի են նկարագրում իրողությունները, «արաբական գարուն» երևույթը մեկնաբանելով որպես այս կամ այն երկրի բացառապես ներքաղաքական հանգամանքներով պայմանավորված հեղափոխական իրադարձություններ։ Մասնավորապես Սիրիայում տիրող բարդ իրավիճակը ներկայացվում է որպես պարզունակ հակամարտություն կառավարական ուժերի (որոնց մեղադրում են խաղաղ բնակչության դեմ բռնություններ կատարելու մեջ) և «ազատության համար պայքարող» ընդդիմության միջև: Մինչդեռ այդ երկրում ընթացող զարգացումներում ներքաշված են ոչ միայն տարածաշրջանային, այլև խոշոր աշխարհաքաղաքական դերակատարները, որոնք ձգտում են իրագործել իրենց ռազմավարական նպատակները: Այսինքն՝ կարելի է արձանագրել, որ սիրիական թվացյալ լոկալ պատերազմն իրականում գլոբալ հակամարտության կիզակետ է։

Պատերազմի դրդապատճառները

Ներկայիս Մերձավոր Արևելքի կառուցվածքը, ըստ այն ձևավորող աշխարհաքաղաքական ճարտարապետների մտահղացման, ի թիվս այլ հարցերի, պետք է բավարարի մի գլխավոր նախապայման. այդ տարածաշրջանում չպետք է լինեն պետական-քաղաքական կամքի կենտրոններ, որոնք սկզբունքորեն կարող են վտանգել ԱՄՆ և նրա դաշնակից Իսրայելի քաղաքական կամ տնտեսական շահերը1։ Պետք է ամրագրել, որ այդ ծրագիրը հետևողականորեն իրագործվում է. դրա մասին են վկայում, մասնավորապես, Իրաքի և Լիբիայի նախադեպերը, որտեղ վարչախմբերի փոփոխության համար պահանջվեց առավելագույնը մի քանի ամիս։ Սակայն իրագործվող ռազմավարության համատեքստում տարածաշրջանի գլխավոր ընդդիմադիր դերակատարները՝ Իրանը և նրա դաշնակից Սիրիան2, չնայած առաջինի նկատմամբ կիրառվող բազմաթիվ պատժամիջոցներին, իսկ Սիրիային փաստացի հայտարարած պատերազմին, արդեն մոտ 2 տարի կարողանում են պահպանել ինքնիշխանությունը և իրենց հատուկ ազգային-պետական համակարգը։ Անշուշտ, ստեղծված իրավիճակն արդյունք է ոչ միայն այդ երկու երկրների իշխանությունների և հանրությունների կամային հատկանիշների, ռեսուրսների և համակարգված քաղաքականության։ Այստեղ կարևորագույն նշանակություն ունի այն, որ Իրանին և Սիրիային այս հակամարտությունում սատարում են աշխարհաքաղաքական ծանրքաշայիններ Ռուսաստանը և Չինաստանը։ Կարելի է ամրագրել, որ թերևս առաջին անգամ Սառը պատերազմից հետո ընդհանրական Արևմուտքին ցույց է տրվում ինչ-որ չափով համակարգված դիմադրություն։ Անշուշտ, դեռ վաղ է խոսել պայմանական Արևմուտք-Արևելք գլոբալ հակամարտության մասին, սակայն սիրիական պատերազմում ներկայիս միտումների սաստկացման պարագայում նշմարվում են նման սցենարի հնարավորությունները։ Այս համատեքստում չի կարելի անգամ բացառել, որ վիճելի կղզիների շուրջ չին-ճապոնական հարաբերությունների ներկայիս սրացումը նախապես մշակված գործողություն է, որի նպատակն է կաշկանդել Չինաստանին՝ ստեղծելով տարածաշրջանային խնդիրներ և շեղել գերտերության ուշադրությունը մերձավորարևելյան ուղղությունից3։ Ակնհայտ է, որ Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացումը խիստ ակտուալ է. մասնավորապես, բավական է հիշել, որ դեռևս մի քանի տարի առաջ շրջանառվում էր Ասիական ՆԱՏՕ գաղափարը, որի կազմում ենթադրվում էր, որ պետք է լինեին ոչ միայն այդ երկու տերությունները, այլ նաև զույգ Կորեաները։ Սակայն վերադառնանք ներկայիս իրողություններին։

Հակամարտող կողմերը

Սիրիայում ընթացող ռազմական գործողություններում ներգրավված ուժերի, նրանց ռազմական և քաղաքական դրդապատճառների, դավանական և էթնիկ գործոնների նկարագրումն ու վերլուծությունն ավելի լայնածավալ ուսումնասիրության խնդիր են։ Այդ պատճառով փորձենք համառոտակի ներկայացնել իրողությունները՝ հենվելով այսօրվա տեղեկատվական աղբյուրների վրա։

Լրատվամիջոցներում որպես ընդդիմություն ներկայացվող, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ) հիմնականում կազմված է աֆղանական, լիբիական և արաբական այլ երկրներից ու անգամ Ադրբեջանից Սիրիա ներթափանցած վարձկաններից, որոնց մի մասն իսլամական ահաբեկչական կազմակերպությունների անդամներ են։ Բոլոր պարագաներում, համաձայն բազմաթիվ օտարերկրյա փորձագետների և իրենց՝ սիրիացիների գնահատականների, այդ բանակում սիրիական քաղաքացիներն ընդամենը փոքրամասնություն են կազմում4։ Նման խայտաբղետ կազմ ունեցող ՍԱԲ-ը, բնականորեն, հեռու է միասնական կազմակերպություն լինելուց և առայսօր չունի կենտրոնական հրամանատարություն։ Նույնը կարելի է ասել նաև ընդդիմության քաղաքական մարմնի՝ Սիրիական ազգային խորհրդի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, ապակենտրոնացված լինելը վարձկաններին որոշակի մարտավարական առավելություններ է տալիս, քանի որ նրանց գործողությունները դարձնում է առավել անկանխատեսելի։ Ի լրումն՝ ՍԱԲ շարքերում գտնվող իսլամական ծայրահեղականներն իրագործում են նաև ինքնապայթեցումներ. հայտնի է, որ ահաբեկչության այդ ձևի դեմ, մասնավորապես սիրիական պայմաններում, գրեթե անհնարին է արդյունավետ պայքարել։

Զինյալների թվաքանակը տարբեր աղբյուրներ գնահատում են նվազագույնը 30, առավելագույնը՝ մինչև 70 հազար։ Նրանց ֆինանսավորումը և զինամթերքով ապահովումն իրականացվում են գլխավորապես, այսպես կոչված, «վահաբական տանդեմի»՝ Սաուդյան Արաբիայի և Կատարի նյութական միջոցների հաշվին։ Վարձկանները հետախուզական, ռազմական և այլ բնույթի աջակցություն են ստանում նաև ՆԱՏՕ անդամ երկրների (հատկապես ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Թուրքիա և Ֆրանսիա) հատուկ ծառայություններից։

Հակակառավարական ուժերին առանձնապես մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան, որի տարածքում մինչև Սիրիա ներթափանցելը զինվորական պատրաստություն է ստանում վարձկանների մի զգալի մասը։ Թուրքական զինուժը փաստացի մասնակցում է Սիրիայում ընթացող ռազմական գործողություններին, և դա արտահայտվում է ոչ միայն հետախուզական թռիչքներով ու սիրիական տարածքի հրետակոծումներով. բավական է նշել, որ Հալեպում գործող շուրջ 12 հազար վարձկաններին ղեկավարում էին թուրքական սպաները5: Կա թուրքական աղբյուրներով հաստատված տեղեկատվություն, որ Սիրիայում գերեվարվել են թուրք գեներալ ու շուրջ 30 ռազմական խորհրդական6:

Որոշ վերլուծաբաններ հակված են կարծելու, որ Թուրքիան կարող է լայնամասշտաբ ներխուժում կազմակերպել Սիրիա, և այդ կարծիքն ամրապնդվեց թուրքական մեջլիսի կողմից նման պատերազմական գործողությանը հավանություն տալուց հետո։ Սակայն այդ քայլը կապված է միջազգային, ներքաղաքական և, հաշվի առնելով սիրիական բանակի բավական բարձր պատրաստվածությունը, նաև ռազմական բազմաթիվ բարդությունների հետ։ Ներկայում Սիրիայի դեմ վարվող, այսպես կոչված, «հյուծման ռազմավարությունը», անշուշտ, ավելի արդյունավետ է, քան ուղղակի ներխուժումը։ Միևնույն ժամանակ, թուրքական լայնամասշտաբ հարձակումը Սիրիայի վրա լիովին չի կարելի բացառել. այն հնարավոր է ԱՄՆ-ՆԱՏՕ կոլեկտիվ ռազմական գործողությունների համատեքստում7։ Սակայն այս խնդրին դեռ լրացուցիչ կանդրադառնանք։

ՍԱԲ-ին դիմակայող սիրիական բանակը (նախապատերազմական տվյալներով՝ շուրջ 320 հազարանոց) նույնպես միայնակ չի գործում։ Համաձայն բազմաթիվ հաղորդագրությունների, Բաշար Ասադի վարչակազմին ռազմական և նյութական աջակցություն է ցուցաբերում Իրանը։ Ըստ որոշ լրատվամիջոցների՝ այդ երկրի բանակի հատուկ ստորաբաժանումների զինծառայողները (հաճախ տրվում է «Իսլամական հեղափոխության պահապանների» անունը) անմիջաբար մասնակցում են պատերազմական գործողություններին։ Իրանն իրավամբ սիրիական պատերազմում հանդիսանում է հակամարտող կողմ։ Կան նաև չհաստատված լուրեր ռուսաստանյան զինվորական խորհրդատուների ներկայության մասին։ Կառավարական ուժերին ռազմական տեխնիկա և զինամթերք մատակարարում են գլխավորապես Ռուսաստանը, մասամբ՝ Չինաստանը, նշվում է նաև Հյուսիսային Կորեան, որի հետ Ասադի վարչակազմն ավանդական կապեր է պահպանում։ Սիրիան աջակցություն է ստանում նաև որոշ արաբական երկրներից (մասնավորապես՝ Իրաքի շիական կառավարությունից) և շիական կազմակերպություններից։ Ելնելով ստեղծված իրադրությունից՝ տարածաշրջանում և առանձնապես Սիրիայում և Թուրքիայում ակտիվացել են քրդական խմբավորումները։ Սիրիայում, որտեղ բնակվում է մոտ 2 մլն քուրդ, նրանք ձգտում են ինքնավարության, սակայն միևնույն ժամանակ պայքարում են ՍԱԲ-ի դեմ8։ Հաշվի առնելով, որ Թուրքիայում քուրդ զինյալները փաստորեն պատերազմում են թուրքական կանոնավոր բանակի դեմ, պետք է ընդունել, որ գոնե այս փուլում քրդերն օժանդակում են սիրիական կառավարական ուժերին։ Հատկանշական է, որ ամեն մի կոնկրետ իրադրությունում կառավարական ուժերը, որպես կանոն, հասնում են ռազմական առավելության վարձկանների նկատմամբ։ Դա հիմք է տալիս որոշ մեկնաբանների կարծիք հայտնել, որ սիրիական բանակը կարող է հաղթել այս հակամարտությունում9։ Սակայն ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակում սիրիական պետական և սոցիալ-տնտեսական համակարգը հետևողականորեն կազմալուծվում է, երկրի գրեթե բոլոր շրջաններում խախտվել է կյանքի բնականոն ընթացքը, կան տասնյակ հազարավոր զոհեր, իսկ փախստականների թիվն անցնում է երկու հարյուր հազարից։ Ստեղծված իրավիճակում կանխատեսումներ կատարելն ավելի քան բարդ է, սակայն փորձենք խիստ սխեմատիկ դիտարկել հնարավոր զարգացումների մի քանի սցենարներ։

Հնարավոր զարգացումները և սցենարները

Ինչպես հետևում է լրատվական հոսքերից, Իրանը և Ռուսաստանը բանակցային տարբեր ձևաչափերում պարբերաբար հակամարտությունը դադարեցնելու ուղիներ գտնելու փորձեր են կատարում, որոնցում դիտարկվում են անգամ Ասադի պաշտոնանկությունն ու անցումային կառավարության ձևավորումը։ Սակայն Արևմուտքը և տարածաշրջանային դերակատարները համարում են, որ ժամանակն աշխատում է իրենց օգտին, չեն արձագանքում այդ փորձերին և իրենց համար անընդունելի են համարում վերահսկվող իշխանափոխությունը Սիրիայում10։ Նկատենք, որ զուտ ռազմական առումով Սիրիայում ստեղծվել է յուրահատուկ դինամիկ հավասարակշռություն. կառավարական զորքերը, կիրառելով ավիացիա, զրահատեխնիկա և հրետանի, կոնկրետ տեղամասերում կարողանում են ճնշել հակառակորդին, սակայն դրան զուգահեռ՝ երկիր են ներթափանցում արդիական հակաօդային և հակատանկային համալիրներով զինված նորանոր զինյալ խմբավորումներ, որոնք ընդլայնում են հարձակումների աշխարհագրությունը և թիրախները։ Թվում է, որ եթե պահպանվեն ներկայիս միտումները և չծագեն նոր, անսպասելի հանգամանքներ, ապա նման պատերազմը կարող է տևել բավական երկար։

Սակայն «տաք պատերազմին» զուգահեռ՝ Սիրիայի և Իրանի դեմ վարվում է նաև «սառը պատերազմ»՝ տնտեսական պատժամիջոցների ու տեղեկատվական–հոգեբանական գործողությունների (որոնցում խիստ ակտիվ է Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերությունը) տեսքով, որոնց նպատակն է քայքայել այդ երկրների պետական և սոցիալ-տնտեսական հենքը։ Արդյունքում՝ Իրանը և Սիրիան բախվում են լուրջ հիմնախնդիրների հատկապես տնտեսական ոլորտում, սակայն խոսել, մասնավորապես, իրանական բավական ճկուն տնտեսության կազմալուծման մասին՝ դեռ վաղ է։ Այս բոլոր հանգամանքների արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, որը տևում է արդեն մոտ 2 տարի և որը հանգուցալուծման կարիք ունի։

Որպես հնարավոր զարգացումներից մեկի սցենար կարելի է ընդունել վերը դիտարկված՝ ԱՄՆ գլխավորությամբ ՆԱՏՕ ուժերի ինտերվենցիան Սիրիա: Նման գործելաձևը կարող է լուծել զուտ ռազմական խնդիրներ. հրթիռային և օդային հարվածներից հետո կառավարական ուժերը, թերևս, կկորցնեն իրենց առավելությունը վարձկանների հանդեպ, և վերջիններս, հնարավոր է՝ թուրքական բանակի աջակցությամբ, գուցե և գրավեն Դամասկոսը: Նկատենք, սակայն, որ ՄԱԿ որոշումները շրջանցող նման սցենարն ուղղակի մարտահրավեր է Չինաստանին և Ռուսաստանին ու կարող է հրահրել այդ տերությունների ռազմաքաղաքական մերձեցումն «ընդհանուր թշնամու» դեմ: Դա խիստ անցանկալի, բայցևայնպես ռազմավարական ապագայի հեռանկար է: Ներկայում, թերևս, ավելի էական է Իրանի անմիջական արձագանքը, որն ընդունելու է ինտերվենցիան որպես անխուսափելի պատերազմի սկիզբ սեփական երկրի դեմ: Դա կարող է հանգեցնել նրան, որ պայքարը Դամասկոսի հնարավոր նոր իշխանությունների դեմ կարող է տարվել նույն այն դեղատոմսերով, համաձայն որոնց՝ ներկա վարձկանները պայքարում են Ասադի դեմ, իսկ պատերազմական գործողությունները կդելոկալիզացվեն և կտարածվեն ողջ տարածաշրջանում։ Բացառված չէ, որ երկուստեք գործողությունների արդյունքում ձևավորվի մի իրավիճակ (եթե, օրինակ, փակվի Հորմուզի նեղուցը, որով տեղափոխվում է համաշխարհային նավթի մինչև 30-40%-ը), երբ ԱՄՆ/Իսրայել-Իրան «տաք» հակամարտությունը դառնա անխուսափելի։ Նման սցենարը կարող է աղետալի լինել տարածաշրջանի (և ոչ միայն տարածաշրջանի) համար, քանի որ տեսականորեն չի կարելի բացառել, որ պատերազմի ընթացքում կատարվեն միջուկային հարվածներ, և դա կարող է իրագործել ոչ միայն Իսրայելը. ամենևին ֆանտաստիկ չի կարելի համարել նաև այն հնարավորությունը, որ իր միջուկային ծրագրի իրականացման ընթացքում Իրանն արդեն կարողացել է ստեղծել սահմանափակ քանակությամբ միջուկային զենք։

Բոլոր պարագաներում, նման սցենարը լրջագույն մարտահրավեր է Հայաստանի համար, և ոչ միայն միջուկային պատերազմի հետևանքների առումով11։ Ներկայում ընթացող պատերազմական գործողությունները, Սիրիայի և Իրանի համար անբարենպաստ որոշ սցենարային զարգացումների պարագայում, կարող են հանգեցնել տարածաշրջանում ուժերի հավասարակշռության խախտմանը և Թուրքիայի գերիշխանության հաստատմանը։ Կասկած չի հարուցում, որ ԼՂՀ խնդրում անզիջում դիրք գրաված և մեր սահմանների շրջափակումն իրականացնող Թուրքիայի հզորացումն անխուսափելիորեն ավելի կոշտացնելու է Հայաստանի հանդեպ նրա ունեցած դիրքորոշումները։ Հատկանշական է, որ արդեն այսօր թուրքական որոշ գործիչներ կոչ են անում ստեղծել Իսլամական ՆԱՏՕ և Իսլամական խաղաղարար ուժեր՝ այդպիսով վերակենդանացնելով Էրդողանի գաղափարական հայր, նախկին վարչապետ Էրբաքանի ծրագրերը12: Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև այդ երկրի միջուկային ծրագրերը13, որոնց իրագործումը լրջագույն մարտահրավեր է առաջին հերթին Իսրայելի, Հունաստանի և Հայաստանի համար։

Ակնհայտ է, որ անգամ նման տեսական սցենարի հնարավորությունն իր անկանխատեսելի հետևանքներով չի կարող «հրապուրել» ոչ միայն տարածաշրջանի երկրներին, այլև ներկայիս գլխավոր գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողին՝ Միացյալ Նահանգներին։ Ստեղծված իրողությունները թելադրում են փնտրել նաև «խաղաղության» տարբերակներ և սցենարներ։ Թերևս, այս տեսանկյունից պետք է ընկալել ամերիկյան հեղինակավոր Արտաքին հարաբերությունների խորհրդի Foreign Affairs ամսագրում տպագրված Քենեթ Ուոլցի14 հոդվածը, որի հիմնական թեզն այն է, որ եթե Իրանը տիրապետի սահմանափակ քանակությամբ միջուկային զենքի, ապա դա կնպաստի տարածաշրջանում կայունության հաստատմանը։ Նման մտքեր են արտահայտվում նաև Արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ Ռիչարդ Հաասի նույն Foreign Affairs-ում լույս տեսած հոդվածում15։ Նկատենք, որ ավելի վաղ Իրանի հետ «խաղաղ» սցենարներ էին ենթադրվում նաև «STRATFOR» վերլուծական կենտրոնի ղեկավար Ջորջ Ֆրիդմանի կանխատեսումներում16։ Այս ամենի համատեքստում պատահական չպետք է համարել, որ ամերիկյան մամուլում հայտնվեցին տեղեկություններ, թե ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացել են անմիջական բանակցություններ17։ Այդ տեղեկատվությունը երկու կողմերն էլ հերքեցին, սակայն ոչ այնքան համոզիչ կերպով, ինչը թույլ է տալիս կարծել (դատելով նաև այդ թեմային առնչվող այլ տեղեկություններից), որ ընդհանուր եզրեր գտնելու և փոխզիջումներ կատարելու որոշակի փորձեր, այնուամենայնիվ, կատարվում են։

Անշուշտ, բանակցությունները դեռևս խաղաղության երաշխիք չեն. նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հակաօդային և հակահրթիռային զինավարժություններ սկսեցին անցկացնել, իսկ Իրանի զինվորական շրջանակներից հնչեցին կոշտ և անզիջում հայտարարություններ, ինչը, իհարկե, կարելի է մեկնաբանել նաև որպես վարվող բանակցություններում (վերջիններիս առկայության պարագայում) սեփական դիրքերի ամրացում։ Նկատենք նաև, որ Իրան-ԱՄՆ/Իսրայել հարաբերությունների հնարավոր բարելավումը դեռևս բավարար պայման չէ սիրիական պատերազմը խաղաղությամբ ավարտելու համար։ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը ներկա պայմաններում միշտ չէ, որ հակված են հնազանդվելու տարածաշրջանից նահանջող Միացյալ Նահանգների հորդորներին պատերազմական գործողությունները դադարեցնելու մասին (ինչը կոնկրետ պարագայում գուցե և չի հակասում ԱՄՆ շահերին)։

1 Գագիկ Հարությունյան, Նոր Մերձավոր Արևելք, իրողություններ և հեռանկարներ, Գլոբուս, #3(24), էջ 3, 2012։

2 Վերլուծաբանական հանրությունում շրջանառվում է այն գաղափարը, որ եթե հաջողվի լուծել իրանական հիմնախնդիրը, ապա հետո կարող է ակտուալացվել նաև Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի կազմալուծման հարցը։ Հատկապես ակտիվ է քննարկվում Թուրքիայի ապագան, որտեղ հրատապ է դարձել քրդական հարցը, իսկ հանրությունում խորանում է, այսպես կոչված, «ինքնության ճգնաժամը»։ Ի լրումն՝ սրվել են նաև այդ երկրի ներկայիս իսլամական և նախկինում գերիշխող աշխարհիկ զարգացման մոդելների կողմնակիցների միջև քաղաքական հակասությունները: Որոշ վերլուծաբաններ հիմնավորված նշում են, որ վարչապետ Էրդողանի՝ նեոօսմանիզմի գաղափարախոսության վրա հենված ներկայիս ագրեսիվ արտաքին քաղաքականությունը նույնպես զգալի ռիսկեր է պարունակում (տե՛ս, օրինակ, Геворг Миразян, Имам не сдержал азарта, Эксперт, #30-31 (813), с. 69, 2012, Ольга Власова, Геворг Миразян, Большая ошибка Турции, Эксперт, #42 (824), с. 18, 2012.

3 Փորձ է կատարվում սրել նաև Չինաստանի և Վիետնամի հարաբերությունները Յունսին կղզու պատկանելության կապակցությամբ (տե՛ս, օրինակ, http://topwar.ru/16899-kitay-obyavil-spornyy-ostrov-svoim-gorodom.html)։ Հատկանշական է, որ Վիետնամում ազգայնական տրամադրություններն այս խնդրի շուրջ սրվել են վիրտուալ սոցցանցերի միջոցով։

4 Красько В., Год весны, М., Постум, 2011.

5 О дестабилизации обстановки в Сирии, Зарубежное Военное Обозрение, #8, с. 99, 2012.

6 Сирия: хроника событий, Зарубежное Военное Обозрение, #9, с. 103, 2012.

7 Տե՛ս, օրինակ, The killing fields, The Economist, v.405, #8807, p. 15, 2012, Сергей Балмасов, Подготовка интервенции в Сирию, http://rusrand.ru/pubpoll/pubpoll_506.html.

8 Сирийские курды объединились для борьбы с повстанцами, http://lenta.ru/news/2012/11/23/join/

9 Տե՛ս, օրինակ, В сирийском конфликте побеждает Башар Асад – европейский дипломат, http://www.regnum.ru/news/1583305html.

10 Տե՛ս, օրինակ, Глава МИД Турции: "Йеменский сценарий" для Сирии более невозможен. http://www.rbc.ru/rbcfreenews/20121021050011.shtml.

11 Նման սցենարի քննարկումը տե՛ս Гагик Арутюнян, Распад системы и формирование будущего, с. 178, Ереван, 2011.

12 В Турции звучат призывы создать «Исламское НАТО» и «Исламские миротворческие силы», http://www.regnum.ru/news/1551857.html.

13 Гагик Арутюнян, Распад системы и формирование будущего, с. 247, Ереван, 2011, Գագիկ Հարությունյան, Թուրքական միջուկային սպառնալիքը, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6449, Արա Մարջանյան, Միջուկային Թուրքիա, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=6470.

14Кеннет Уолтц, Почему Иран должен получить бомбу (ядерный баланс означал бы стабильность), Россия в глобальной политике, т. 10, #4, с. 138, 2012, Foreign Affairs, # 4, 2012.

15 Richard N. Haass, Time to Test Iran, http://www.cfr.org/iran/time-test-iran/p29300?cid=nlc-public-the_world_this_week-link16-20121019#.

16 Джордж Фридман, Следующие 100 лет, ИД «Коммерсант», «ЭКСМО» 2010, Джордж Фридман, Следующие 10 лет , ИД «Коммерсант», «ЭКСМО» 2011.

17 http://www.gazeta.ru/politics/news/2012/10/21/n_2580417.shtml

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 11, 2012

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր