
ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
«Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն
Միջուկային և ընդհանրապես զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) տարածման խնդիրն այսօր գլոբալ անվտանգության ամենաառաջնային խնդիրն է։ Դեռևս նախորդ դարի երկրորդ կեսին կատարված համալիր հետազոտություններից հետևում է, որ ԶՈԶ լայնածավալ կիրառումը հանգեցնում է մոլորակային մասշտաբի աղետի։ Թվում էր, որ ԱՄՆ - ԽՍՀՄ «սառը» հակամարտության ավարտից հետո նման ապոկալիպտիկ սցենար մարդկությանն այլևս չի սպառնում։ Սակայն իրական պատկերը սկզբունքորեն այլ է։ Սառը պատերազմի կողմերը լուրջ էին մոտենում խնդրին և մշակել էին (հատկապես 1962թ. Կարիբյան ճգնաժամից հետո, երբ մարդկությունը կանգնեց միջուկային պատերազմի եզրին) բազմաթիվ պայմանագրեր ու մեխանիզմներ, որոնք առայսօր կարգավորում են այդ տերությունների «միջուկային» հարաբերություններն ու նվազեցնում ԶՈԶ կիրառման հավանականությունը։ Նկատենք նաև, որ այդ ժամանակաշրջանում ԱՄՆ - ԽՍՀՄ (ՆԱՏՕ - Վարշավյան պայմանագիր) առճակատումն ընթանում էր «զսպման ռազմավարության» և «փոխադարձ երաշխավորված ոչնչացման դոկտրինի» շրջանակներում, ինչը նույնպես նվազեցնում էր միջուկային ռիսկերը։
Այսօր «միջուկային ակումբի» անդամների թիվը բավական մեծ է (ԱՄՆ, ՌԴ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Իսրայել, Հնդկաստան, Պակիստան, Հյուսիսային Կորեա), և այդ թիվն աճելու միտում ունի։ Մինչդեռ այդ ակումբի ասիական երկրների միջև «միջուկային հարաբերությունները» հեռու են կարգավորված լինելուց. նրանք խնդրի շուրջ երկխոսություն չեն վարում, իսկ ԱԷՄԳ (МАГАТЭ) խորհրդատվական գործառույթներն այդ պակասը լրացնելու համար բավարար չեն։
Ռիսկերի գնահատման տեսանկյունից առաջնահերթ կարևորություն ունեն նաև այն դրդապատճառները (մոտիվները), որոնք թելադրում են այս կամ այն պետությանը տիրապետել միջուկային զենքին։ Չանդրադառնալով Հնդկաստանի, Պակիստանի և Հյուսիսային Կորեայի նախադեպերին՝ փորձենք համառոտ քննարկել Հայաստանի (ՀՀ և ԼՂՀ) անվտանգությանն անմիջապես առնչվող և ամենապայթյունավտանգ համարվող տարածաշրջանում՝ Մերձավոր Արևելքում տիրող «միջուկային» իրավիճակը։
Չնայած Իսրայելի իշխանությունները պաշտոնապես դա չեն ընդունում, այդ պետությունը դեռևս նախորդ դարի 70-ականներից միջուկային զենք ունի, որի պաշարները գնահատվում են նվազագույնը 200 միավոր։ Հաշվի առնելով տարածաշրջանային որոշ երկրների ծայրահեղական մոտեցումներն այդ պետության ֆիզիկական գոյության նկատմամբ՝ պետք է ընդունել, որ Իսրայելի ԶՈԶ ունենալու դրդապատճառները հիմնավորված են։ Անշուշտ, այս հարցում կան նրբություններ, սակայն բոլոր պարագաներում ակնհայտ է, որ Իսրայելը գործում է «հակառակորդների զսպման և նրանց անխուսափելի կործանիչ պատասխան հասցնելու» ռազմավարության շրջանակներում։ Միևնույն ժամանակ, տարածաշրջանում Իսրայելը միջուկային սպառազինության առումով առայժմ մենատեր է և, ինչպես ցույց տվեցին 1981-ին Իրաքի, 2007-ին՝ Սիրիայի միջուկային կենտրոններին հասցրած օդային հարվածները, անում է հնարավոր ամեն բան իր այդ դիրքը պահպանելու համար։ Կասկած չի հարուցում, որ Իսրայելը նույն ձևով կվարվեր նաև այսօրվա իր հիմնական հակառակորդ Իրանի հետ, եթե ունենար համապատասխան ռեսուրսներ և վստահություն, որ հետևանքները կործանարար չեն լինի իր համար։ Այս տեսանկյունից փորձենք համառոտ դիտարկել նաև Իրանի միջուկային ծրագրի հիմնախնդիրը։
Եթե որպես հնարավոր աշխատանքային վարկած ընդունենք, որ Իրանն իր միջուկային ծրագրի շրջանակներում ԶՈԶ է մշակում, ապա պետք է փաստել, որ այս պետությունը նույնպես գործում է ինքնիշխանության և իր ժողովրդի կողմից ընտրված կառավարման համակարգի պաշտպանության համատեքստում։ Այլ խոսքերով՝ այսօր մեկուսացված և ծանր տնտեսական պատժամիջոցների ենթարկված այդ պետությունը, որն ունի լարված հարաբերություններ միջուկային մենատեր Իսրայելի հետ, թերևս ստիպված է, որպես ինքնապաշտպանության փաստարկ, մշակել միջուկային զենք։ Դա կարող է տարօրինակ հնչել, սակայն պետք է ընդունել ԶՈԶ խնդրում Իրանի և Իսրայելի մոտիվացիաների նմանությունը։ Հատկանշական է, որ երկու երկրներում էլ (յուրաքանչյուրում՝ իր չափով) կրոնական–հոգևոր և վաղ պատմությունից եկող պատկերացումները որոշակի դերակատարում ունեն քաղաքական որոշումների ընդունման մեխանիզմներում։ Դա ընդունված է համարել որպես փոխադարձ անզիջողականություն պայմանավորող գործոն, սակայն քաղաքակրթական հարուստ անցյալը կարող է և հենք ծառայել, որպեսզի այդ երկրներն ընդհանուր եզրեր գտնեն։ Հաշվի առնելով «արաբական գարնանից» հետո սուննիական գործոնի զգալի ակտիվացումը և հզորացումը՝ նման սցենարն ունի նաև պրագմատիկ հիմնավորում, քանի որ Իսրայել–Իրան հնարավոր երկխոսությունը որոշակիորեն կհավասարակշռի ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում։
Անշուշտ, վերը բերված նկատառումները լիովին չեն բացառում ԱՄՆ, Իսրայել - Իրան հակամարտության հնարավորությունը, սակայն, ըստ մեզ, տարածաշրջանի հիմնական միջուկային սպառնալիքների աղբյուրը ոչ թե Իսրայելը և Իրանն են, այլ այդ երկու երկրների մրցակից Թուրքիան։
Նման վարկածը պայմանավորված է ոչ միայն այն կարևոր հանգամանքով, որ վերջին մի քանի տասնամյակում այդ երկիրը ձգտել և կարողացել է ձևավորել համապատասխան «միջուկային» ենթակառուցվածքներ՝ կառավարման, գիտատեխնիկական, հումքային և այլ ոլորտներում, որոնք թույլ կտան նրան տեսանելի ապագայում ստեղծել միջուկային զենք. հայտնի է, որ նման հնարավորություններ ունեն նաև մի շարք այլ երկրներ։ Թուրքիայից բխող միջուկային սպառնալիքը հենված է այն փաստի վրա, որ այդ երկիրը, չունենալով իր ինքնիշխանությանը կամ ֆիզիկական գոյությանն ուղղված սպառնալիք (ի տարբերություն Իսրայելի և Իրանի), կարող է կիրառել միջուկային զենք ոչ թե ինքնապաշտպանության, այլ զուտ էքսպանսիոնիստական նպատակներով և գաղափարախոսական – ռևանշիստական նկատառումներով։ Նման եզրակացությունը պայմանավորված է հետևյալ օբյեկտիվ հանգամանքներով.
- Արդի Թուրքիայում տարածում գտած և պաշտոնապես քաջալերվող գաղափարախոսությունները (նեոօսմանիզմ, նեոպանթյուրքիզմ, նեոպանիսլամիզմ) ունեն հստակ էքսպանսիոնիստական ուղղվածություն և հենված են ռևանշիստական և ազգայնամոլական դոկտրինների վրա։
- Արդի Թուրքիան, հենվելով վերոնշյալ ագրեսիվ գաղափարախոսություններից բխող հիմնադրույթների վրա, անթաքույց ձգտում է որոշիչ ռազմաքաղաքական դերակատարում ունենալ և իր բաժինը ձեռք բերել տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական վերաբաժանման գործընթացներում։
- Թուրքիան, ի տարբերություն Իսրայելի և Իրանի, ցեղասպանածին (գենոցիդոգենալ) պետություն է. պետական մակարդակով կազմակերպել է հայերի, հույների, քրդերի և ասորիների զանգվածային ոչնչացումը՝ ելնելով էթնիկ պատկանելության հատկանիշներից։
Վերջին հանգամանքը, ինչպես նաև այն, որ արդի Թուրքիան, որպես տարածաշրջանային երկիր, ձևավորվել է ընդամենը միջնադարում, վկայում են այն մասին, որ ի տարբերություն Իսրայելի և Իրանի, այդ պետությունը չունի համապատասխան քաղաքակրթական նախահիմք և ավանդույթ, որը կսահմանափակեր նրա քաղաքական ագրեսիվության արտահայտությունները, այդ թվում նաև միջուկային զենքի կիրառումով։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]