• am
  • ru
  • en
Версия для печати
28.03.2018

ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ

Руский

   

Գագիկ Հարությունյան, «Նորավանք» ԳԿՀ գործադիր տնօրեն

Հայտնի է, որ դեռևս բոլորովին վերջերս աշխարհում տիրող միաբևեռ աշխարհակարգի պայմաններում ամեն ինչ ենթարկվում էր մեկ կենտրոնի, որն էլ թելադրում էր խաղի կանոնները՝ իր գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական պատկերացումներին համապատասխան։ Բնականաբար, նման իրադրությունում գրեթե լիովին անտեսվում էին այլ երկրների շահերը, ինչը հանգեցնում էր ծանր հետևանքների։ Հետևաբար, որոշ այլախոհ վերլուծաբաններ անթաքույց անհամբերությամբ սպասում էին այն ժամանակներին, երբ աշխարհը վերջապես կդառնա բազմաբևեռ և ժողովուրդները կսկսեն զարգանալ ըստ իրենց քաղաքակրթական և գաղափարախոսական ավանդույթների1։ Մինչդեռ երկար սպասված բազմաբևեռ կարգի հաստատմամբ գլոբալ քաղաքական հարթությունում զարգացումներն սկսեցին ընթանալ տուրբուլիզացված, անկանոն ռեժիմով, որոնց հետևանքներն էապես ցրեցին «լուսավոր ապագայի» հույսերը։ Սկզբում թվում էր, թե տեղի ունեցողն «անցումային շրջանի» հետևանք է, բայց այդ գործընթացը խիստ ձգձգվեց, և շատ բան վկայում է այն մասին, որ ներկա քաղաքական բարքերը դեռևս բավական երկար են գերիշխելու։ Միևնույն ժամանակ, արդի իրողությունների բարդությունը նկատելիորեն դժվարացնում է այն հասարակարգի հիմնական բնութագրերը կանխատեսելը, որը հաստատվելու է աշխարհում ներկայիս տուրբուլիզացիայից հետո։ Մեր կարծիքով, որպեսզի նմանատիպ պրպտումները գոնե ինչ-որ բանական արդյունք տան, հարկ է փորձել ոչ միայն ադեկվատ ընկալել տեղի ունեցող իրողությունները, այլև, կոնկրետ դեպքերում, նորից վերիմաստավորել ինչպես որոշ «քարացած» տերմիններ, այնպես էլ հասկացություններ։

«Քիքբոքսինգի մրցասպարեզ» կամ «Մինչվեստֆալյան աշխարհ». Հնարավոր է, որ փոքր-ինչ պարզունակ է հնչում պնդումը, որ այսօր աշխարհում ընթանում է պերմանենտ և կոշտ առճակատում։ Բնավ պատահական չէ, որ առաջատար մի շարք «ուղեղային կենտրոններ» արդարացիորեն կարծում են, որ ներկայիս՝ արդեն Երկրորդ սառը պատերազմն արդի պայմաններում շատ ավելի դաժան ռեժիմով է ընթանում, քան Առաջինը։ Ներկայիս դիմակայությունն անվանում են նաև «հիբրիդային» կամ էլ «հինգերորդ սերնդի», իսկ երբեմն էլ՝ այլ կերպ, կախված մեկնաբանի ճաշակից։ Նման առճակատման գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանում գրեթե ջնջված են բոլոր սահմանները, ըստ էության, պատերազմի և խաղաղության միջև2։ Միանգամայն բնական է, որ նման պայմաններում վերջնականապես արժեզրկվում է միջազգային իրավունքը։ Որոշ վերլուծաբաններ ստեղծված իրավիճակը բնութագրում են որպես «պայքար բոլորը բոլորի դեմ», և սրանում ճշմարտություն կա։ Այս նույն համատեքստում նշենք, որ աշխարհն այսօր ասոցացվում է արդեն ոչ թե «մեծ շախմատի տախտակի», այլ, ավելի շուտ, «քիքբոքսինգի մրցասպարեզի» հետ։ Ակնհայտ է, որ այս ռեժիմով քաղաքականություն վարելու համար նույնպես կպահանջվեն զգալի մտավոր և այլ ռեսուրսներ, բայց և, միևնույն ժամանակ, կպահանջվեն փոքր-ինչ այլ կարողություններ և մտածելակերպ, քան շախմատիստներինն է։

Ստեղծված իրադրությունը շատ բանով կանխորոշվում է նոր տեղեկատվական-թվային տեխնոլոգիաների ստեղծմամբ, որոնք հաճախ թույլ են տալիս հաջողությամբ փոխարինել այն, ինչը կոչվում էր «մտքի փայլատակում»։ Միևնույն ժամանակ, այս համատեքստում երբեմն տպավորություն է ստեղծվում, որ եթե նախկինում տեխնոլոգիաների գլխավոր դերը մարդկանց սպասարկելն էր, ապա այսօր մարդկանց վարքը հաճախ թելադրվում է հենց տեխնոլոգիաներով։ Ակնհայտ է, որ նման երկվատությունը միշտ չէ, որ նպաստում է ճիշտ որոշումների կայացմանը, և սա վերաբերում է ոչ միայն քաղաքական գործիչներին։

Իսկ եթե փորձենք գտնել պատմական անալոգներ և քաղաքական տերմիններով ձևակերպել ներկա աշխարհակարգը, ապա տեղին է զուգահեռ անցկացնել Երեսնամյա պատերազմի ժամանակների մինչվեստֆալյան Եվրոպայի հետ, երբ բոլորը գործում էին ad hoc, այսինքն՝ հատուկ դեպքի ռեժիմով, ելնելով կոնկրետ իրավիճակից։ Իսկ 17-րդ դարի Եվրոպայի հետ անալոգիան արդիականացնում է ներքաղաքակրթական ֆրագմենտավորման (հատվածայնացման) հարցերը, և այստեղ տեղին է սկսել հենց Արևմուտքից, որտեղ այդ գործընթացներն այսօր ընթանում են։

«Գործընթացն սկսվել է». Գլոբալ տեղեկատվական հարթությունում լայնորեն ընդունված «Արևմուտք» հասկացությունը մինչև վերջերս ասոցացվում էր միասնական գաղափարախոսական, քաղաքական և տնտեսական համակարգի հետ, որի հիմքը կազմում էին ԱՄՆ-ը և ԵՄ-ը։ Սակայն երկու շրջադարձային իրադարձություն՝ Մեծ Բրիտանիայի դուրս գալը ԵՄ-ից և Դ.Թրամփի նախագահ ընտրվելը (ինչն արդարացիորեն կնքել են որպես «Բրեքսիթ-2»), նկատելիորեն փոխել են նման ընկալումը։ Պարզվեց, որ բրիտանացիները բնավ չեն պատրաստվում իրենց եվրոպացի դաշնակիցների հետ կիսել գաղափարախոսական և միգրացիոն ճգնաժամի (որը, ըստ կանխատեսումների, տեսանելի ապագայում կարող է հանգեցնել մայրցամաքային Եվրոպայի կրոնաէթնիկական, հետևաբար և քաղաքական կերպարի փոփոխության3) հետևանքները։ Բրիտանիայից հետո նոր իրողություններին արձագանքեցին նաև ամերիկացիները։ Հատկապես ակտիվ էր գործում ամերիկյան իսթեբլիշմենթի այն հատվածը, որը միշտ այս կամ այն կերպ պայքարում էր ամերիկակենտրոն, երբեմն՝ մեկուսացման հասնող քաղաքականության համար։ Արդյունքում՝ նախագահ ընտրվեց Դոնալդ Թրամփը, որը, հաղթահարելով (երբեմն՝ ոչ այնքան հաջող) բազմաթիվ ընդդիմախոսների համառ դիմադրությունը, իր քաղաքական գիծն է իրականացնում4։ Ի թիվս այս ամենի, Թրամփն իր քաղաքականության մեջ տոտալիտար-լիբերալ ռեժիմից հեռանում է դեպի կառավարման ավելի ավտորիտար ձևը5։ Կարելի է փաստել, որ անգլոսաքսոնական հանրությունն ընդհանուր առմամբ հերթական անգամ բավական ընկալունակ է դարձել աշխարհում ի հայտ եկած նոր մարտահրավերների և միտումների հանդեպ։

Սրա հետ մեկտեղ, մայրցամաքային եվրոպացիների շրջանում աճել է թերահավատությունն անգլոսաքսերի և, մասնավորապես, ԱՄՆ վարած գլոբալ ռազմավարության նկատմամբ։ Չէ՞ որ Մերձավոր Արևելքում6 այսպես կոչված «կառավարելի քաոսի» ստեղծման հետևանքով է, որ ԵՄ-ում առաջ եկավ միգրացիոն խնդիրը, որը Եվրոպայում (որտեղ առայժմ գերիշխում են ուլտրալիբերալ դոգմաները) առաջ բերեց դիմակայություն տարբեր կողմնորոշումներ ունեցող քաղաքական և հասարակական ուժերի միջև։ Իսկ այդ նույն ամերիկացիների կողմից Ուկրաինայի վերածումը «սև խոռոչի», ի թիվս այլ գործոնների, հետապնդում էր նաև ԵՄ-ի և Ռուսաստանի միջև հավելյալ պատնեշ ձևավորելու ոչ այնքան քողարկված նպատակ։ Այսօր այս բոլոր զարգացումներն ուղեկցվում են ԱՄՆ-ի կողմից հնչող կշտամբանքներով՝ ՆԱՏՕ-ում եվրոպացիների ֆինանսական համեստ մուծումների առումով և խորանում են Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների քաղաքականությամբ, որոնք բումերանգի պես հարվածում են նաև եվրոպացիների շահերին։ Հայտնի է նաև, որ պատժամիջոցներով տարված ամերիկացիներն այսօր առևտրային պատերազմ են սկսել եվրոպացիների հետ՝ զգալիորեն բարձրացնելով ԵՄ-ից մատակարարվող պողպատի և ալյումինիումի հարկերը։

Բնականաբար, այս բոլոր գործողությունները չեն առաջացնում եվրոպական ընտրանու ներկայացուցիչների հիացմունքը։ Չէ՞ որ դեռևս 2003թ. նրանք դժգոհություն էին հայտնում ԱՄՆ իրաքյան քաղաքականությունից, ինչը հիմք էր տվել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին հրապարակավ խոստանալ «պատժել Ֆրանսիային և անտեսել Գերմանիային...»։ Սակայն դժգոհության նման դրսևորումներն անցյալում իրական քաղաքական ուրվագծեր չէին ստանում։ Իսկ այսօր, թերևս առաջին անգամ դը Գոլի ժամանակներից ի վեր, ի հայտ են եկել ոչ թե թույլ ընդվզումներ, այլ միանգամայն իրական տարաձայնություններ եվրոպացիների ու անգլոսաքսոնական հանրության միջև։ Այդ տարակարծությունն անթաքույց ձևով դրսևորվում է, օրինակ, Իրանի նկատմամբ քաղաքականությունում և մի փոքր ավելի «պոլիտկոռեկտ» ձևով՝ մի ամբողջ շարք այլ հարցերում։ Այլ խոսքերով՝ արևմտյան հանրությունն արդեն բոլորովին էլ միահամուռ չէ, ինչպես նախկինում էր, և քաղաքական-տնտեսական անտագոնիզմը նրա առանձին հատվածների միջև ձեռք է բերում միանգամայն շոշափելի բնույթ։ Այս համատեքստում հարկ է նաև հաշվի առնել, որ բուն Եվրոպայում հասունանում են անջատողական տրամադրություններ (Կատալոնիա, Կորսիկա և անգամ Իտալիայի մարզերը)։ Տեղի է ունենում նաև սահմանազատում Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների միջև։ Ուստի, զարմանալի չէ, որ գերմանացի ռազմական փորձագետներն այսօր լրջորեն դիտարկում են ԵՄ փլուզման տարբեր սցենարներ, որոնցից մի քանիսն անգամ փոքր-ինչ աղետալի են թվում7։ Այս բոլոր միտումներն իրենց ամբողջության մեջ թույլ են տալիս ենթադրել, որ ֆրագմենտացման «մինչվեստֆալյան» ախտանիշի դրսևորումները չեն շրջանցել Եվրոպան և, ինչպես ժամանակին ասում էր համակարգերի փլուզման գծով խոշոր մասնագետ պրն Գորբաչովը, այդ «գործընթացն սկսվել է» (процесс пошел) ...

Միևնույն ժամանակ, նշենք, որ վերը բերված փաստերը և նկատառումները մատնանշում են լոկ որոշ միտումներ, որոնք ոչ մի կերպ չի կարելի ընկալել որպես ՆԱՏՕ անդամների (որոնց ընդհանուր ռազմական ծախսերը կազմում են համաշխարհային ծավալի մոտավորապես 70%-ը) միջև դաշնակցային հարաբերությունների որակական վատթարացում։ Նշենք, որ առայժմ վաղ է ՆԱՏՕ-ն դիտարկել որպես մի ինչ-որ վերազգային կազմակերպություն, և շատ եվրոպացիներ դաշինքն ընկալում են որպես իրենց անվտանգության երաշխավոր։ Այս համատեքստում օգտակար է դիմել 2016թ. «Տարվա վերջը» (End of the Year)8 նախագծի շրջանակներում Gallup International-ի անցկացրած հարցման արդյունքներին, որի ընթացքում աշխարհի տարբեր երկրներում հարցման ենթարկվածներին տրվել է հետևյալ հարցը. «Ամենամեծ ռազմական պոտենցիալ ունեցող վեց երկրներից՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան, ո՞րը կնախընտրեիք որպես դաշնակից Ձեր երկիր ռազմական ներխուժման պարագայում»։ Ինչպես հետևում է ստացված արդյունքներից, 22 երկրներում հարցման ենթարկվածների 20%-ը նախընտրել է ԱՄՆ-ը, և այդ երկրներից 9-ը ՆԱՏՕ անդամ է (ավելի մանրամասն տե՛ս նաև [1])։

Միևնույն ժամանակ, ֆրագմենտացման գործընթացն ընդգրկել է նաև այլ հանրություններ և տարածաշրջաններ, և այս հարցերին մենք դեռ կանդրադառնանք։

1 Տե՛ս, օրինակ, Г. Тер-Арутюнянц, «Холодная война – 2» с геоидеологической перспективой, Голос Армении, 04.12.2003, Г. Тер-Арутюнянц, Многополярная и ассиметричная Холодная война, Вестник Академии военных наук, М., #4(21), с. 23. 2007.

2 Ջ.Օրուելի «պատերազմը խաղաղություն է» հիանալի արտահայտությանն այսօր տեղին է հավելել նաև «խաղաղությունը պատերազմ է» բառերը (տե՛ս [1])։

3 Տե՛ս, օրինակ, http://forum.syntone.ru/index.php?showtopic=14159, http://rusplt.ru/fact/facts_8512.html, https://pravoslavie.fm/science/uchyonye-k-2050-godu-evropa-mozhet-stat-celi/. Այս հարցի առնչությամբ նկատենք, որ երբեմն գեղարվեստական երևակայությունը նկատելիորեն առաջ է անցնում փորձագետների գիտականորեն հիմնավորված կանխատեսումներից, և նման երևույթի օրինակ է հանդիսանում Ելենա Չուդինովայի «Փարիզի Աստվածամոր մզկիթը» (Մ., Յաուզա, էքսմո, Լեպտա-Պրես, 2005) հիանալի ստեղծագործությունը։

4 Տե՛ս, օրինակ, Barry R. Posen, The Rise of Illiberal Hegemony (Trump’s Surprising Grand Strategy). https://www.foreignaffairs.com/articles/2018-02-13/rise-illiberal-hegemony.

5 Գուցե այստեղ տեղին է զուգահեռներ անցկացնել ներկայիս ամերիկյան նախագահի և խորհրդային առաջնորդ Ն.Ս. Խրուշչովի միջև, որը ժամանակին վերակառուցեց տոտալիտար ստալինյան ռեժիմը՝ այն վերածելով ավտորիտարի։ Հետաքրքիր է, որ այս քաղաքական գործիչների հոգեբանական կերտվածքում ևս, թերևս, որոշակի նմանություն կա, ինչը թույլ է տա-լիս որոշ վերլուծաբանների ԱՄՆ նախագահին անվանել Նիկիտա Սերգեևիչ Թրամփ։

6 Арутюнян Г., Мультиполярные реалии, Ближний Восток и геноцид в режиме «бегущей строки», http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=12307&sphrase_id=47943.

7 Տե՛ս, օրինակ, С.Дебрер, Бундесвер: Евросоюз — не жилец, США идут к упадку, https://svpressa.ru/politic/article/185646/.

8 http://gallup-international.bg/en/Publications/2015/254-WIN-Gallup-International%E2%80%99s-annual-gl...

Գրականություն

1. Арутюнян Г., Марджанян А., Духовно-технологические ресурсы и вопросы союзничества в гибридных войнах // 21-й Век, 4 (45), 2017.



դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր